Changes
Օրենսդրությունը վախեցավ այդ հեղաշրջումից։ Նա դեռ կանգնած չէր քաղաքակրթության այն բարձրության վրա, երբ «Wealth of the Nation»-ը [«ազգային հարստությունը»], այսինքն՝ կապիտալի ստեղծումն ու ժողովրդական մասսայի անխնա շահագործումն ու պաուպերացումը պետական ամեն մի իմաստության ultima Thule-ն [վերջին խոսքն] է համարվում։ Բեկոնը Հենրիխ VII-ի իր պատմության մեզ ասում է. «Այդ ժամանակի մոտերքը (1489 թ.) շատացան գանգատներն այն մասին, թե վարելահողերը դարձնում են արոտավայրեր (ոչխարների և այլ անասունների համար), որոնք մի այն սակավաթիվ հովիվների հսկողություն են պահանջում. ցմահ կամ միամյա վարձակալության տրվող հողերը («yeomen»-ի [ազատ հողագործների] մեծ մասն ապրում էր տարեկան վարձակալությամբ) վերածվեցին կալվածատիրական կայքերի... Այդ առաջ բերեց ժողովրդի անկում, հետևապես, և քաղաքների, եկեղեցիների, տասանորդների անկում... Թագավորն ու պառլամենտը զարմանքի արժանի իմաստությամբ ձգտում էին բուժել այդ չարիքը... Նրանք միջոցներ ձեռք առան համայնական հողերի՝ բնակչությանը բնաջնջող այդ զավթումների (depopulating inclosures-ի) դեմ, դրան կրնկակոխ հետևողի բնակչությանը բնաջնջող արոտատնտեսության (depopulating pasturage-ի) դեմ»։ Հենրիխ Vll-ի օրենքը, 1849, հոդ. 19, արգելում է քանդել այն գյուղացիական տները, որոնց առնվազն 20 ակր հող է պատկանում։ Հենրիխ VIII-ի 25 ակտը վերանորոգում է այդ օրենքը։ Այնտեղ ասված է, ի միջի այլոց, թե «զգալի թվով վարձակալական հողեր և անասունների մեծ հոտեր, մանավանդ ոչխարների հոտեր, կուտակվում են փոքրաթիվ ձեռքերում, որի հետևանքով հողային ռենտաները շատ են աճել, իսկ հողի մշակումը (tillage) մեծ չափով ընկել է, եկեղեցիներն ու տները քանդվել են, և մարդկանց ապշեցուցիչ չափերով մեծ մասսաներ զրկվել են իրենց ու իրենց ընտանիքներին պահելու հնարավորությունից»։ Այդ պատճառով օրենքը կարգադրում է վերականգնել լքյալ գյուղացիական աները, վարելահողի ու արոտավայրի միջև որոշ հարաբերություն է սահմանում և այլն։ 1533 թվականի մի օրենք ցավում է, որ շատ սեփականատերեր մինչև 24 000 ոչխար ունեն, և թույլատրելի թիվը սահմանափակում է 2 000-ով<ref>Թոմաս Մորը իր «Ուտոպիա»-ի մեջ խոսում է այն զարմանալի երկրի մ ասին, որտեղ «ոչխարները լափում են մարդկանց» («Utopia» թարգմ., Robinson, հրատ. Arber. London 1869, էջ 41)։ [Թոմաս Մոր. «Ոսկե գիրք՝ նույնքան օգտակար, որքան և հետաքրքիր պետության ամենալավ կառուցվածքի և Ուտոպիա նոր կղզու մասին», հրատ. Academia 1935 թ., էջ 59։]<br>193a Բեկոնը պարզարանում է այն կապը, որ գոյություն ունի ունևոր ազատ գյուղացիության և լավ հետևակազորի միջև։ «Թագավորության մեջ հզորությունն ու բարքերը պահպանելու համար վերին աստիճանի կարևոր է պահպանել վարձակալության բավարար չափերը՝ առողջ, ընդունակ մարդկանց անկարոտ գոյությունն ապահովելու համար, և թագավորության հողի մեծ մասը թողնել yeomanry-ի, այսինքն՝ ա՛յն մարդկանց տիրապետության տակ, որոնք միջին վիճակն ունեն ազնվականների և կոտտեջաբնակների (cottagers) ու բատրակների միջև... Որովհետև ռազմական գործին ամենաիրազեկ մարդիկ համաձայն են միմյանց հետ այն բանում,... որ բանակի գլխավոր ուժն ինֆանտերիան է կամ հետևակը։ Բայց լավ հետևակազոր կազմելու համար հարկավոր են այնպիսի մարդիկ, որոնք մեծացել են ոչ թե ստրկական նվաստացման կամ աղքատության մեջ, այլ ազատ կյանքով ու մի որոշ բարօրության մեջ։ Ուստի, եթե պետության մեջ գլխավոր նշանակություն ունեն ազնվականներն ու բարձր հասարակությունը իսկ նրա գյուղական բնակչությունն ու հողագործները բաղկացած են լոկ բանվորներից կամ բատրակներից, ինչպես նաև կոտտերներից, այսինքն՝ խրճիթ ունեցող մուրացկաններից, ապա այդպիսի պայմաններում գուցե և կարելի է լավ հեծելազոր ունենալ, բայց ոչ երբեք լավ ու դիմացկուն հետևակազոր... Մենք այդ տեսնում ենք Ֆրանսիայում ու Իտալիայում և արտասահմանյան մի քանի այլ երկրներում, որտեղ իրոք ամբողջ բնակչությունը բաղկացած է ազնվականությունից ու աղքատ գյուղացիներից... այն աստիճան աղքատ, որ նրանք իրենց հետևակային գումարտակների համար ստիպված են շվեյցարացիներից և ուրիշներից բաղկացած վարձկան խմբեր կիրառելու, որտեղից էլ բխում է այն, որ այդ ազգերը մեծ թվով բնակչություն ունեն, բայց քիչ զինվոր» («The Reign of Henry VII etc. Verbatim Reprint from Kennet’s England», հրատ. 1713, London 1870, էջ 308)։</ref>։ Հավասարապես անպտուղ էին նաև Հենրիխ VII-ի ժամանակվանից սկսած 150 տարի շարունակվող ժողովրդական գանգատներն ու հրատարակվող օրենքները մանր ֆերմերների ու գյուղացիների սեփականազրկման դեմ։ նրանց ապարդյունության գաղտնիքը մեզ մատնում է Բեկսնը հակառակ իր դիտավորության. «Հենրիխ VII-ի օրենքում,— ասում է նա իր «Essay, civil and moral» աշխատության մեջ, գլուխ 29 [Հմմտ. Бэкон, Собр. соч.5, մ. II, ՍՊԲ. 1874, էջ 410],— խորիմաստն ու զարմանքի արժանին այն է, որ նա որոշ նորմալ մեծության հողագործական տնտեսություններ ու ագարակատներ ստեղծեց, այսինքն՝ նրանց հատկացրեց հողի մի այնպիսի տարածություն, որով դրանք կարող էին բավականաչափ ապահովված, ստրկական կախումով չնվաստացված հպատակներ տալ, և, մյուս կողմից, մաճը բռնում էր սեփականատիրոջ և ոչ թե վարձվորի ձեռքը» («to keep the plough in the hand of the owners and not hirelings») ['' Տես 193a ծանոթ.'']։ Բայց կապիտալիստական արտադրությունը պահանջում էր, ընդհակառակը, հենց ժողովրդական մասսաների ստրկական դրություն, հենց նրանց փոխարկումը վարձկանների և նրանց աշխատանքի միջոցների փոխարկումը կապիտալի։ Այդ անցման ժամանակաշրջանում օրենսդրությունն աշխատում էր նաև հողագործական վարձու բանվորի ամեն մի կոտտեջի կցել առնվազն 4 ակր հող և նրան արգելում էր տնվոր ընդունել իր կոտտեջը։ Դեռևս 1627 թվականին, Հակոբ I-ի ժամանակ, Ֆրոնտ-Միլլի հողատեր Ռոջեր Կրոկերը դատապարտվեց այն բանի համար, որ իր Ֆրոնտ-Միլլի կալվածում մի կոտտեջ էր շինել և 4 ակր հող չէր հատկացրել նրան, դեռ 1638 թվականին, Կարլ I-ի ժամանակ, թագավորական մի հանձնաժողով նշանակվեց հետևելու համար հին օրենքների կատարմանը, հատկապես 4 ակր հողի վերաբերյալ օրենքի կատարմանը, դեռևս Կրոմվելն արգելեց Լոնդոնից 4 մղոնից պակաս հեռավորության վրա տներ շինել, որոնք 4 ակր հող չունենան։ Դեռևս XVIII դարի առաջին կեսում գյուղատնտեսական բանվորը գանգատ էր տալիս դատարան, եթե նրա կոտտեջին 1-ից մինչև 2 ակր հող չէր հատկացվում։ Իսկ հիմա նա երջանիկ է, եթե իր կոտտեջի առաջ մի փոքրիկ պարտեզ կա կամ եթե նրան մոտիկ կարող է մի երկու քառակուսի սաժեն հող վարձել։ «Հողատերերն ու վարձակալները,— ասում է դ-ր Հանտերը,— այստեղ գործում են ձեռք-ձեռքի տված։ Կոտտեջին կից մի քանի ակր հողը բանվորներին չափազանց անկախ կդաբձներ»<ref>Դ-ր Հանտերը «Public Health. 7th Report 1864»ում։ London 1S65, էջ 134։ «Հողի այն քանակը, որ թույլատրված է (հին օրենքներով), հիմա բանվորների համար անչափ շատ է նկատվում, որ նրանց կարող է մանր ֆերմերներ դարձներ (George Roberts: «The Social History of the People of the Southern Counties of England in Past Centuries». London 1856, էջ 184, 185)։</ref>։
Ժողովրդական մասսաների բռնի սեփականազրկումը մի նոր ահռելի զարկ ստացավ XVI դարում ռեֆորմացիայի և նրան ուղեկցող՝ եկեղեցական կալվածների վիթխարի հափշտակության շնորհիվ։ Ռեֆորմացիայի նախօրյակին կաթոլիկ եկեղեցին անգլիական հողի մի զգալի մասի ֆեոդալական սեփականատերն էր։ Վանքերի և այլ հիմնարկների ոչնչացումը նրանց բնակիչներին դարձրեց պրոլետարներ։ Բուն եկեղեցական կալվածների մի խոշոր մասը տրվեց թագավորական գիշատիչ ֆավորիտներին կամ չնչին գնով ծախվեց սպեկուլյանտներին, ֆերմերներին ու քաղաքացիներին, որոնք հին ժառանգական վարձակալներին մասսայորեն վտարում էին այդ կալվածներից և նրանց տնտեսությունները միացնում էին։ Եկեղեցական տասանորդի մի մասի նկատմամբ աղքատացած հողագործների սեփականության իրավունքը, որ երաշխավորված էր օրենքով, սուսուփուս վերացվեց<ref>«Եկեղեցական տասանորդի նկատմամբ աղքատների իրավունքը սահմանված է ուղղակի հին ստատուտներով» (J. D. Tucket: «A History of the Past and Present State of the Labouring Population». London 1846, հ. II, էջ 804, 805)։</ref>։ «Pauper ubique jacet» [«ամենուրե՜ք աղքատներ»],— բացականչեց Եղիսաբեթ թագուհին Անգլիայում կատարած մի ճանապարհորդությունից հետո։ Նրա թագավորության 43-րդ տարում կառավարությանը։ վերջիվերջո, ստիպված եղավ պաշտոնապես ընդունելու պաուպերիզմը՝ աղքատների օգտին հարկ մտցնելով։ «Այդ օրենքը նախաձեռնողներն ամաչում էին հրապարակով հայտարարել նրա շարժառիթները, ուստի և, բոլոր սովորությունների հակառակ, նրանք օրենքը լույս աշխարհ հանեցին առանց որևէ «preamble» [բացատրական առաջաբանի]»<ref>William Cobbett: «A History of the Protestant Reformation», § 471.</ref>։ Կարլ I-ի 16, 4 ակտը այդ օրենքը հայտարարեց մնայուն և միայն 1834 թվականին նրան մի նոր, ավելի խիստ ձև տրվեց<ref>Թե ինչպես էր արտահայտվում այդ ժամանակ բողոքական «ոգին», երևում է, ի միջի այլոց, հետևյալից. Հարավային Անգլիայի մի քանի հողատերեր և ունևոր ֆերմերներ, հավաքվելով և խելք-խելքի տալով, մշակեցին տասը հարց այն մասին, թե ինչպես պետք է ամենաճիշտ ձևով մեկնաբանել Եղիսաբեթի՝ աղքատներին վերաբերող օրենքը։ Նրանք այդ հարցերը հանձնեցին, եզրակացություն տալու համար այն ժամանակվա հռչակավոր իրավաբան սերժանտ Սնիգգիին (հետագայում՝ Հակոբ I-ի ժամանակ, դատավոր)։ Իններորդ հարցն ասում է, «Ծխական համայնքի մի քանի հարուստ ֆերմերներ մի խելոք պլան են մտածել, որով կարող էին վերացվել օրենքը գործադրելու հետ կապված բոլոր շփոթությունները։ Նրանք առաջարկում են ծխական համայնքում մի բանտ շինել։ Ամեն մի աղքատի։ որը չի համաձայնի այդ բանտում բանտարկվել, պետք է մերժվի օգնությունը։ Այնուհետև, հարևան գյուղերին պետք է ծանուցում արվի, որ եթե այնտեղ որևէ անձ տրամադիր է այդ ծխական համայնքի աղքատներին վարձելու, ապա թող նա կնքված ծրարով խնդրագիր ուղարկի մի որոշ օր, նշելով այն ամենացածր գինը, որով նա համաձայն է վերցնել և պահել մեր աղքատներին։ Այս պլանի հեղինակները կարծում են5 որ հարևան կոմսություններում կան անձեր, որոնք չեն ուզում աշխատել և բավականաչափ կարողություն կամ վարկ չունեն, որ հող կամ նավ վարձակալեն և այդպիսով ապրեն առանց աշխատելու («so as to live without labour»)։ Այսպիսի անձինք, հավանորեն, հակված կլինեն շատ օգտավետ առաջարկություններ անելու ծխական համայնքին։ Եթե պատահի էլ երբեմն, որ այդպիսի վարձողի խնամքին հանձնված աղքատները ոչնչանան, ապա մեղքը նրա վզին կլինի, որովհետև ծխական համայնքը կատարել է այդ աղքատների նկատմամբ իր պարտքը։ Սակայն մենք վախենում ենք, որ ներկա օրենքը նման իմաստուն ձեռնարկումներ (prifdential measure) թույլ չի տալիս. բայց դուք պետք է իմանաք, որ մեր և հարևան կոմսությունների մնացած բոլռր freeholder-ները [ազատ մանր հողատերերը] կհարեն մեզ և ստորին պալատի իրենց ներկայացուցիչներին կդրդեն մի այնպիսի օրինագիծ մտցնելու, որը թույլ տա աղքատներին բանտարկության ու պարտադիր աշխատանքի ենթարկել, այնպես որ ամեն մի անձ, որը համաձայն չէ բանտարկվելու, նպաստ ստանալու իրավունք չունենա։ Այս, հույս ունենք, կվերացնի աղքատության մեջ ընկած անձերի նպաստ խնդրելու ցանկությունը» («will prevent persons in distress from wanting relief») (R. Blakey: «The History of Political Literature from the Earfiest Times». London 1855, հ. II, էջ 84, 85)։ — Շոտլանդիայում Ճորտատիրությունը մի քանի դար ավելի ուշ ոչնչացվեց. քան Անգլիայում։ Դեռևս 1698 թվականին Սալունի ներկայացուցիչ Ֆլետչերը հայտարարեց շոտլանդական պառլամենտում. «Մուրացկանների թիվը Շոտլանդիայում 200 000ից 000-ից պակաս չէ։ Միակ միջոցը դրա դեմ, որ կարող եմ առաջարկել ես, որպես սկզբունքով ռեսպուբլիկայի կողմնակից, ճորտատիրության վերականգնումն է և ստրուկ դարձնելը բոլոր նրանց, ովքեր անընդունակ են իրենց գոյությունն ինքնուրույն կերպով ապահովելու»։ Այսպես, Իդենը «The State of the Poor»-ում, հ. I, գլ. I, էջ 60, 61, ասում է. «Ճորտատիրական հարաբերությունների սահմանափակումը, ըստ երևույթին, իր հետ անխուսափելիորեն պաուպերիզմ է բերում... Մանուֆակտուրաներն ու առևտուրը — ահա մեր, աղքատների իսկական ծնողները»։ Իդենը, ինչպես և վերը բերված ցիտատի «սկզբունքով ռեսպուբլիկայի կողմնակից» շոտլանդացի հեղինակը սխալվում են լոկ մի բանում. հողագործը պրորետար կամ պաուպեր դարձավ ոչ թե այն պատճառով, որ ճորտատիրությունը ոչնչացվեց, այլ որովհետև ոչնչացվեց նրա հողային սեփականությունը։ — Ֆրանսիայում, որտեղ սեփականազրկումն այլ եղանակով կատարվեց, աղքատների վերաբերյալ անգլիական օրենքին համապատասխանում է 1571 թվականի Մուլենսյան օրդոնանսը և 1656 թվականի էդիկտը։</ref>։ Ռեֆորմացիայի այդ անմիջական հետևանքները, սակայն, նրա ամենակարևոր արդյունքը չէին։ Եկեղեցական գույքերը հողային սեփականության տրադիցիոն հարաբերությունների կրոնական ամրոցն էին կազմում։ Այդ ամրոցի անկումից հետո այլևս չէին կարող կանգուն մնալ նաև այդ հարաբերությունները<ref>Պ-ն Ռոջերսը, չնայած որ այն ժամանակ քաղաքատնտեսության պրոֆեսոր էր Օքսֆորդի համալսարանում, բողոքական ուղղափառության այդ կենտրոնում, «History of Agriculture» աշխատության իր առաջաբանում ընդգծում է ժողովրդական մասսաների պաուպերացումը ռեֆորմացիայի հետևանքով։</ref>։
Դեռևս 17-րդ դարի վերջին տասնամյակներում yeomanry-ն անկախ գյուղացիությունը, ավելի բազմաթիվ էր, քան վարձակալների դասակարգը։ Նա Կրոմվելի գլխավոր ուժն էր և, հենց Մակոլեյի խոստովանությամբ, նպաստավոր հակադրություն էր կազմում խրախճանասեր-ազնվականների ու նրանց սպասավորների, գյուղական տերտերների համեմատությամբ, որոնց պարտականությունն էր աղաների պաշտոնաթող «սիրուհիների» մեղքերր ամուսնական թագ ու պսակով ծածկել։ Նույնիսկ վարձու հողագործական բանվորները համայնական հողի տիրակիցներն էին դեռ։ Մոտավորապես 1750 թվականին չքանում է yeomanry-ն<ref>«A Letter tօ Sir T. C. Bunbury, Brt.: Օո the High Price of Provisions. By a Suffolk Gentleman». Ipswich 1795, էջ 4։ Նույնիսկ խոշոր ֆերմերության մոլեռանդ պաշտպան «Inquiry into the Connection Between the Present Price of Provisions and the Size of Farms etc.». London 1773 գրվածքի հեղինակը — էջ 139 ասում է. «Ես ամենից ավելի վշտանում եմ... մեր yeomanry-ի [յոմենների], այսինքն՝ այն մարդկանց չքանալու վրա, որոնք իրոք պահում էին մեր ազգի անկախությունը, ինձ համար ցավալի է տեսնել, որ նրանց հողերը հիմա գտնվում են մոնոպոլիստ-լորդերի ձեռքին և վարձակալվում են մանր ֆերմերների կողմից, որոնք իրենց հողամասերն ստանում են գրեթե նույնքան ծանր պայմաններով, ինչպես վասալները, և հենց առաջին իսկ չարաբաստիկ դեպքում կարող են վռնդվել»։</ref> իսկ XVIII դարի վերջին տասնամյակներում հողագործների համայնական սեփականության վերջին հետքերն էլ են չքանում։ Մենք այստեղ մի կողմ ենք Թողնում ագրարային ռևոլյուցիայի զուտ տնտեսական զսպանակները։ Մեզ հետաքրքրում են նրա բռնի լծակները։
Եկեղեցական գույքերի կողոպտումը, պետական հողերի խաբեբայական օտարումը, համայնական գույքերի հափշտակումը, որ կատարվում է ուզուրպացիայի և անողոք տեռորիզմի միջոցով, ֆեոդալական սեփականության ու կլանների սեփականության փոխարկումը արդի մասնավոր սեփականության,— սրանք են նախասկզբնական կուտակման բազմազան իդիլիական մեթոդները։ Այդ ձևով հաջողվեց նվաճել դաշտը կապիտալիստական հողագործության համար, հողը հանձնել կապիտալի իշխանությանը և օրենքից դուրս հայտարարված պրոլետարիատի անհրաժեշտ հոսանք ստեղծել քաղաքային արդյունաբերության համար։
====3. ՍԵՓԱԿԱՆԱԶՐԿՎԱԾՆԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԱՐՅՈՒՆԱԼԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍԿՍԱԾ XV ԴԱՐԻ ՎԵՐՋԵՐԻՑ։ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՆ ԻՋԵՑՆԵԼՈՒ ՕՐԵՆՔՆԵՐ====
Ֆեոդալական զինախմբերի ցրման հետևանքով վտարված և ցնցումներով իրագործվող բռնի սեփականազրկման միջոցով հողից պոկված մարդիկ, օրենքից դուրս հայտարարված այդ պրոլետարիատը, ամենևին նույնպիսի արագությամբ չէր կլանվում զարգացող մանուֆակտուրայի կողմից, ինչպես արագ լույս աշխարհ էր գալիս։ Մյուս կողմից, իրենց սովորական կենսաշավղից հանկարծակի դուրս քաշված մարդիկ չէին կարող նույնքան էլ հանկարծակի հարմարվել իրենց նոր կացության կարգապահությանը։ Նրանք մասսայորեն դառնում էին մուրացիկներ, ավազակներ, թափառաշրջիկներ — մասամբ՝ հոժարակամ, մեծ մասամբ՝ անհրաժեշտությունից ստիպված։ Այդ պատճառով XV դարի վերջում և ամբողջ XVI դարում Արևմտյան Եվրոպայի բոլոր երկրներում արյունալի օրենքներ են հրատարակվում թափառաշրջիկության դեմ։ Այժմյան բանվոր դասակարգի հայրերն ամենից առաջ պատժվեցին այն բանի համար, որ նրանց զոռով թափառաշրջիկներ ու մուրացկաններ էին դարձրել։ Օրենսդրությունը նրանց համարում էր «հոժարակամ» հանցագործներ, ելնելով այն ենթադրությունից, թե նրանք, ցանկանալու դեպքում, կարող էին շարունակել աշխատել հին, այլևս գոյություն չունեցող պայմաններում։
Անգլիայում այդ օրենսդրությունն սկսվեց Հենրիխ VII-ի ժամանակ։
Հենրիխ VIII-ի 1530 թվականի օրենքի համաձայն՝ ծեր ու անաշխատունակ մուրացկանները ողորմություն հավաքելու թույլտվություն են ստանում։ Բայց աշխատունակ թափառաշրջիկներին մտրակահարություն ու բանտարկություն է սպառնում։ Օրենքը հրամայում է նրանց կապել սայլակի հետևից և մտրակել, մինչև որ արյունը շռշռար նրանց մարմնից, իսկ հետո երդում առնել նրանցից, որ կվերադառնան իրենց ծննդավայրը կամ այնտեղ, որտեղ անց են կացրել վերջին երեք տարին, և «աշխատանքի կկպչեն» (to put himself to lebour)։ Ինչպիսի դաժան հեգնանք։ Հենրիխ VIII-ի 27 ակտը հաստատում է այդ օրենքը և նրա պատիժներն ուժեղացնում է նոր հավելումներով։ Թափառաշրջիկության մեջ երկրորդ անգամ բռնվելիս մտրակահարումը կրկնվում է և, բացի դրանից, ականջի կեսը կտրվում. իսկ եթե թափառաշրջիկը երրորդ անգամ է բռնվում, ապա մահապատժի է ենթարկվում որպես ծանր ոճրագործ և հասարակության թշնամի։
Էդվարդ VI-ը իր թագավորության առաջին իսկ տարում, 1547 թվականին, հրատարակում է մի օրենք, որի համաձայն աշխատելուց խուսափող ամեն ոք ստրկության է տրվում այն անձին, ով տեղեկություն կհաղորդի նրա՝ որպես դատարկաշրջիկի մասին։ Տերը պետք է իր ստրուկին հաց ու ջրով կերակրի, թույլ ըմպելիք ու մսի այնպիսի թափթփուկներ տա, որ ինքը հարմար կդատի։ Նա իրավունք ունի մտրակահարությամբ ու շղթայի զարկերով ստրուկին կատարել տալու ամեն մի աշխատանք, որքան էլ զզվելի լինի այդ աշխատանքը։ Եթե ստրուկը ինքնագլուխ 2 շաբաթ բացակայում է, ապա դատապարտվում է ցմահ ստրկության, և նրա ճակատին կամ այտին դնում են «S» խարանը. եթե նա փախչում է երրորդ անգամ, նրան մահապատժի են ենթարկում որպես պետական հանցագործի։ Տերը նրան կարող է վաճառել, ժառանգաբար կտակել, որպես ստրուկի վարձով տալ, ինչպես ամեն մի շարժական գույք կամ անասուն։ Եթե ստրուկները մտածեն իրենց տերերի դեմ որևէ դավ սարքել, ապա նույնպես ենթակա են մահապատժի։ Հաշտարար դատավորները տերերի հայտարարության հիման վրա պարտավոր են որոնելու փախած ստրուկներին։ Եթե պարզվի, որ փախստական թափառաշրջիկը երեք օր պարապ-սարապ թրև է եկել, ապա նրան ուղարկում են իր ծննդավայրը, կրծքի վրա հրաշեկ երկաթով խարանում են «V» նշանը և, շղթայակապ անելով, բանեցնում են ճանապարհների վրա կամ ուրիշ աշխատանքներում։ Եթե թափառաշրջիկն իր ծննդավայրը սխալ ցույց տա, դրա համար, որպես պատիժ, պետք է համապատասխան գյուղի, նրա բնակիչների կամ կորպորացիայի ցմահ ստրուկը դառնա և խարանադրոշմվի «S» նշանով։ Ամեն մարդ իրավունք ունի թափառաշրջիկից խլելու նրա երեխաներին և նրանց որպես աշկերտ պահելու — տղաներին՝ մինչև 24 տարեկան, աղջիկներին՝ մինչև 20 տարեկան դառնալը։ Եթե նրանք փախչում են, ապա մինչև մատնանշված տարիքին հասնելը դառնում են իրենց դաստիարակող-տերերի ստրուկը, որոնք իրավունք են ստանում նրանց շղթայելու, մտրակահարելու և այլն, ինչպես ուզեն։ Տերը կարող է երկաթյա օղ անցկացնել իր ստրուկի վիզը, ոտը կամ ձեռը, որպեսզի նրան ավելի հեշտությամբ տարրերի ուրիշներից և դժվարացնի նրա համար փախչելու հնարավորությունը<ref>«Essay on Trade etc.» աշխատության հեղինակը նկատում է, «Էդվարդ VI-ի թագավորության ժամանակ անգլիացիները, ինչպես երևում է, կատարյալ լրջությամբ ձեռնարկեն են մանուֆակտուրաները խրախուսելուն ու աղքատներին գործ տալուն։ Այդ երևում է մի ուշագրավ օրենքից, որի մեջ ասված է, թե բոլոր թափառաշրջիկների վրա պետք է խարան դրվի» և այլն («An Essay on Trade and Commerce». London 1770, էջ 5)։<br>221a Թոմաս Մորը իր «Ուտոպիա»-ի մեջ ասում է. «Այսպես էլ հենց պատահում է, որ ագահ ու անհագ շատակերը, որ մի իսկական ժանտախտ է իր ծննդավայրի համար, հազարավոր ակր հող է հավաքում իր ձեռքը և շրջափակում է փա չտա պատնեշով կամ ցանկապատով, կամ իր բռնություններով ու ճնշումներով տերերին այնտեղ է հասցնում, որ նրանք ստիպված են լինում իրենց ամբողջ ունեցածը ծախելու։ Այս կամ այն միջոցով, այս ձևով չլինի՝ մի ուրիշ ձևով հուսահատության դուռն է հասցնում նրանց, և նրանք, վերջապես, ստիպված են լինում հեռանալ — այդ աղքա՜տ, պարզամի՜տ, դժբա՜խտ մարդիկ։ Տղամարդիկ ու կանայք, մարդ ու կին, որբեր և այրիներ, հուսահատ մայրեր իրենց ծծկեր երեխաներով, բոլոր տնեցիք, ապրուստի միջոցներով աղքատ, բայց մեծաթիվ, որովհետև հողագործությունը բանող շատ ձեռքեր էր պահանջում։ Նրանք քարշ գալով հեռանում են, ասում եմ ես, իրենց սովորական հարազատ վայրերից և ոչ մի տեղ ապաստան չեն գտնում։ Տնային ամբողջ կահկարասիի վաճառումը, չնայած մեծ արժեք չունենալուն, այլ հանգամանքներում կարող էր որոշ չափով օգնել նրանց. բայց հանկարծակի փողոց շպրտվելով՝ նրանք ստիպված են ունեցածը չնչին գներով ծախծխելու։ Եվ երբ այդ դժբախտ աստանդականները ծախսում են վերջին կոպեկը, ի սե՜ր աստծու, ասացեք, նրանք, բացի գողանալուց, էլ ի՞նչ կարող են անել։ Բայց այդ ժամանակ նրանց կախում են օրենքի ամբողջ ձևականության համաձայն։ Կամ ողորմությո՞ւն խնդրեն։ Բայց այդ դեպքում էլ նրանց բանտ են նետում իբրև թափառաշրջիկների, այն բանի համար, որ նրանք թրև են գալիս առանց աշխատելու. նրանց մեղադրում են անբանության մեջ, նրանց, որոնց ոչ մի մարդ չի ուզում գործ տալ, որքան էլ նրանք եռանդագին դիմելիս լինեն»։ [Հմմտ. Թոմաս Մոր. «Ոսկե գիրք՝ նույնքան օգտակար, որքան և հետաքրքիր պետության լավագույն կառուցվածքի և Ուտոպիա նոր կղզու մասին», հրատ, Academia, 1935 թ., էջ 60]։ «Այդ աղքատ վտարանդիներից, որոնց, ինչպես Թոմաս Մորն է ասում, ուղղակի ստիպում էին գողություն անելու, Հենրիխ ութերորդի կառավարման ժամանակ 72 000 հոգի խոշոր ու մանր գողեր գլխատվեցին» (Holinshed: «Deseription of England», հ. I, էջ 186)։ Եղիսաբեթի ժամանակներում «թափառաշրջիկներին կախում էին ամբողջ շարքերով, և տարի չէր լինում, որ այստեղ կամ այնտեղ 300 կամ 400 հոգի չկախեին» (Strype: «Annals of the Reformation and Establishment of Religion, and other Various Occurrences in the Church of England during Queen Elisabeths Happy Reign», 2-րդ հրատ., 1725, հ, II)։ Նույն Ստրայպի ասելով՝ Սոմերսետշիրռւմ միայն մի տարում 40 մարդ գլխատվել է, 35-ը՝ խարանադրոշմվել, 37-ը մտրակահարվել և 183 «անուղղելի անպիտաններ» ազատ են արձակվել։ Այնուամենայնիվ,— ասում է մարդկության այդ բարեկամը,— «մեղադրյալների այդ զգալի թիվը պատժի ենթակա բոլոր հանցագործների նույնիսկ <math>^1/_5</math>-ն էլ չի կազմում հաշտարար դատավորների թողտվության և ժողովրդի անմիտ կարեկցության շնորհիվ»։ Նա ավելացնում է. «Անգլիայի մյուս կոմսությունները Uոմերսետշիրից ավելի լավ դրության մեջ չէին, շատերը նույնիսկ անհամեմատ ավելի վատ դրության մեջ էին»։</ref>։ Այս օրենքի վերջին մասը նախատեսում է այն դեպքերը, երբ աղքատները պետք է աշխատեն այն շրջանի կամ անհատների համար, որոնք հանձն են առնում նրանց ուտեցնել, խմեցնել և աշխատանք տալ։ Այդ տեսակ ստրուկները — ծխական համայնքի ստրուկները — Անգլիայում պահպանվեցին ընդհուպ մինչև XIX դարը roudsmen (ծխապատկան) անունով։
Եղիսաբեթի 1572 թվականի օրենքը, ողորմություն հավաքելու թույլտվություն չունեցող 14 տարեկանից մեծ մուրացկանները սաստիկ մտրակահարվում են, ձախ ականջին խարան է դրոշմվում, եթե ոչ ոք չի ուզում երկու տարով ծառայության վերցնել նրանց. մուրացկանությունը կրկնվելու դեպքում 18 տարեկանից մեծ մուրացկանները մահապատժի են ենթարկվում, եթե ոչ ոք չի ուզում նրանց ծառայության ընդունել երկու տարով, իսկ երրորդ անգամ կրկնվելիս նրանց առանց խնայելու մահապատժի են են թարկում որպես պետական հանցագործների։ Նման որոշումներ պարունակում են Եղիսաբեթի 18-րդ օրենքի 13 հոդ. և 1597 թվականի օրենքը [''Տես 221a ծանոթ.'']։
Համաձայն Հակոբ I-ի օրենքի՝ դատարկաշրջիկն ու ողորմություն խնդրողը համարվում են թափառական։ Pretty Session-ում [դատարանի նիստում երկու կամ մի քանի հաշտարար դատավորների մասնակցությամբ] հաշտարար դատավորները լիազորված՝ են այսպիսի թափառաշրջիկներին հրապարակով մտրակահարման ենթարկելու և բանտարկելու առաջին անգամ բռնվելիս՝ 6 ամիս, երկրորդ անգամ՝ 2 տարի ժամանակով։ Բանտարկության միջոցին նրանք այնքան հաճախ ու այնքան խիստ են մտրակահարվում, որքան հաճո կլինի հաշտարար դատավորների... Անուղղելի ու վտանգավոր թափառաշրջիկներին պատվիրվում է խարանել՝ ձախ ուսի վրա R տառը դնելով, և պարտադիր աշխատանքների վրա բանեցնեի իսկ եթե նորից են բռնվում մուրալիս, նրանց անխնա մահապատժի են ենթարկում։ Օրենքի այդ կարգադրությունները գործում էին մինչև XVIII դարի սկիզբները և վերացվեցին միայն Աննայի 12 օրենքով, հոդ. 23։
Նման օրենքներ կային նաև Ֆրանսիայում, որտեղ XVII դարի կեսերին Փարիզի թափառաշրջիկները, այսպես կոչված, «թափառաշրջիկների թագավորություն» (royaume des truands) էին հիմնել։ Դեռևս Լյուդովիկոս XVI-ի թագավորության սկզբի շրջանում հրատարակվեց (1777 թ. հուլիսի 13) մի օրդոնանս, որը պատվիրում էր 16-ից մինչև 60 տարեկան ամեն մի առողջ մարդու, եթե գոյության միջոցներ և որոշակի պրոֆեսիա չուներ, թիապարտության դատապարտել։ Նույնպիսի միջոցներ են պարտադրում Կարլ V-ի (1537 թ. հոկտեմբերի) օրենքը Նիդեռլանդիայի համար, Հոլանդիայի նահանգների ու քաղաքների 1614 թ. մարտի 10-ի առաջին էդիկտը, Միացյալ գավառների 1649 թվականի հունիսի 25-ի պլակատը և այլն։
Հողից բռնի սեփականազրկված, վտարված և լայն չափերով թափառաշրջիկ դարձած գյուղական բնակչությանը, այդ հրեշավոր ահաբեկիչ օրենքների վրա հենվելով, մտրակով, խարաններով ու խոշտանգումներով աշխատում էին ընտելացնել վարձու աշխատանքի կարգապահության։
Բավական չէ, որ մի բևեռում հանդես են գալիս աշխատանքի պայմանները որպես կապիտալ, մյուս բևեռում՝ մարդիկ, որոնք բացի իրենց սեփական աշխատուժից ուրիշ ոչինչ չունեն վաճառելու։ Բավական չէ նաև այդ մարդկանց հարկադրել իրենց կամովին վաճառելու։ Կապիտալիստական արտադրության հետագա աճման հետ զարգանում է բանվոր դասակարգը, որը — ըստ իր դաստիարակության, տրադիցիաների, սովորությունների — արտադրության կապիտալիստական եղանակի պայմաններն ընդունում է որպես ինքնըստինքյան ակնհայտ բնական օրենքներ։ Արտադրության զարգացած կապիտալիստական պրոցեսին հատուկ կազմակերպությունը ընկճում է ամեն մի դիմադրություն. հարաբերական գերբնակչության մշտական ստեղծումը կապիտալի ինքնաճման պահանջմունքներին համապատասխանող սահմանների մեջ է պահում աշխատանքի առաջարկի ու պահանջարկի օրենքը և, հետևապես, աշխատավարձը. տնտեսական հարաբերությունների կույր ճնշումն ամրապնդում է կապիտալիստների իշխանությունը բանվորների վրա։ Արտատնտեսական, անմիջական բռնությունը, ճիշտ է, դեռ շարունակում է կիրառվել, բայց որպես բացառություն միայն։ Իրերի սովորական ընթացքի դեպքում բանվորին կարելի է հանձնել «արտադրության բնական օրենքների» իշխանությանը, այսինքն՝ կապիտալից ունեցած նրա կախմանը, որը հենց արտադրության պայմաններն են ստեղծում, երաշխավորում և հավերժացնում։ Այլ բան ենք տեսնում մենք կապիտալիստական արտադրության դեռ միայն նոր ծագելու դարաշրջանում։ Նոր ծնվող բուրժուազիան կարիք ունի պետական իշխանության, և նա իրոք կիրառում է պետական իշխանությունը, որպեսզի աշխատավարձը «կարգավորի», այսինքն՝ բռնությամբ պահի այն սահմաններում, որոնք նպաստում են հավելյալ արժեք կորզելուն, աշխատանքային օրը երկարացնի և այդպիսով բանվորին էլ նորմալ կախման մեջ պահի կապիտալից։ Դա, այսպես կոչված, նախասկզբնական կուտակման էական մոմենտն է։
Վարձու բանվորների դասակարգը, որ առաջ եկավ XIV դարի երկրորդ կեսում, այն ժամանակ և հաջորդ դարում կազմում էր ժողովրդի մի չնչին մասը, նրա դրությունն ուժեղ հենարան էր գտնում գյուղի ինքնուրույն գյուղացիական տնտեսության և քաղաքների համքարային կազմակերպության
սոցիալապես մոտ էին իրար։ Աշխատանքի ենթարկումը կապիտալին միայն ձևական էր, այսինքն՝ արտադրության բուն եղանակը դեռ առանձնահատուկ կապիտալիստական բնույթ չուներ։ Կապիտալի փոփոխուն տարրը խիստ գերակշռում էր նրա հաստատուն տարրից։ Այդ պատճառով էլ վարձու աշխատանքի պահանջարկն արագ աճում էր կապիտալի յուրաքանչյուր կուտակման դեպքում, մինչդեռ վարձու աշխատանքի առաջարկը միայն դանդաղ էր հետևում պահանջարկին։ Ազգային արդյունքի մի զգալի մասը, որը հետագայում վերածվեց կապիտալի կուտակման ֆոնդի, այն ժամանակ դեռ բանվորի սպառման ֆոնդի մեջ էր մտնում։
Վարձու աշխատանքի վերաբերյալ օրենսդրությունը, որը հենց սկզբից նկատի ուներ բանվորի շահագործումը և իր զարգացման ընթացքում միշտ էլ թշնամաբար է վերաբերվում բանվոր դասակարգին<ref>«Ամեն անգամ, երբ օրենսդրությունը փորձում էր կարգավորել գործատերերի ու նրանց բանվորների միջև ծագած վեճերը, նրա խորհրդականները գործատերերն են եղել»,— ասում է Ա. Սմիթը։ «L’esprit des lois, c’est la propriété» [«Սեփականություն — ահա օրենքների ոգին»] — ասում է Լենգեն։</ref>, Անգլիայում սկսվում է Էդվարդ III-ի 1349 թվականին հրատարակած Statute of Labourers-ով [Բանվորներին վերաբերող ստատուտով]։ Ֆրանսիայում նրան համապատասխանում է 1350 թվականի օրդոնանսը, որ հրատարակվեց Ժան թագավորի անունից։ Անգլիական ու ֆրանսիական օրենսդրությունները զուգահեռ են զարգանում և իրենց բովանդակությամբ նույնն են։ Որչափով բանվորական ստատուտները աշխատում են աշխատանքային օրը երկարացնել, ես չեմ անդրադառնա նրանց, որովհետև այդ կետը վերևում (ութերորդ գլուխ, 5) քննված է արդեն։
Statute of Labourers-ը [Բանվորներին վերաբերող ստատուտը] հրատարակվեց համայնքների պալատի համառ գանգատների հետևանքով։ «Առաջ,— միամտորեն նկատում է մի տորի,— աղքատները այնքան բարձր աշխատավարձ էին պահանջում, որ այդ սպառնում էր արդյունաբերությանն ու հարստությանը։ Հիմա նրանց աշխատավարձն այնքան ցածր է, որ այդ դարձյալ մի սպառնալիք է արդյունաբերությանն ու հարստությանը, թեև ուրիշ և գուցե ավելի վտանգավոր սպառնալիք, քան այն ժամանակ»<ref>«Sophisms of Free Trade. By a Barrister». London 1850, էջ 235։ Նա նենգորեն ավելացնում է. «Մենք միշտ պատրաստ ենք եղել միջամտելու ձեռնարկատերերի օգտին. մի՞թե մենք ոչինչ չենք կարող անել բանվորների օգտին» [էջ 236]։</ref>։ Օրենքով աշխատավարձի տարիֆ է սահմանվում քաղաքի ու գյուղի համար, գործավարձային ու գործավարձային աշխատանքի համար։ Գյուղական բանվորները պետք է վարձվեն տարով, իսկ քաղաքայինները՝ ուզած ժամկետով, «ազատ շուկայում»։ Բանտարկության պատժի սպառնալիքով արգելվում է ստատուտներում մատնանշվածից ավելի բարձր վարձ վճարելը, ընդ որում ավելի բարձր վարձ ստացող անձինք ավելի խիստ են պատժվում, քան այն վճարողները։ Այսպես> օրինակ, դեռևս Եղիսաբեթի այն ստատուտում, որը վերաբերում էր աշկերտներին, 18 և 19 հոդվածները սահմանում են տասնօրյա բանտարկություն այն մարդու համար, ով նորմայից բարձր վարձ է տվել, իսկ երեք շաբաթվա բանտարկություն այն մարդու համար, ով այդ վարձն ընդունել է։ 1360 թվականի օրենքն է՛լ ավելի անողոք պատիժներ էր նշանակում և նույնիսկ գործատերերին լիազորում էր ֆիզիկական հարկադրանքով ստիպել բանվորներին աշխատելու օրենքով սահմանված տարիֆով։ Բոլոր միությունները, պայմանագրերը, երդումները և այլն, որոնցով որմնադիրներն ու ատաղձագործները փոխադարձորեն պարտավորեցնում էին միմյանց, անվավեր հայտարարվեցին։ Բանվորների կոալիցիաները ծանր հանցագործություն էին համարվում XIV դարից ընդհուպ մինչև 1825 թվականը, երբ վերացվեցին կոալիցիաների դեմ ուղղված օրենքները։ 1349 թվականի՝ Բանվորներին վերաբերող ստատուտի և հետագա բոլոր օրենքների ոգին ցայտուն կերպով երևում է նրանից, որ պետությունը միայն աշխատավարձի մաքսիմումն է սահմանում, բայց ոչ երբեք նրա մինիմումը։
XVI դարում, ինչպես հայտնի է, բանվորների դրությունը շատ վատացավ։ Փողավարձը բարձրացավ, բայց ամենևին ոչ այն աստիճան, որով փողի գինն էր ընկել և ապրանքի գներն էին բարձրացել։ Հետևապես, փաստորեն աշխատավարձն ընկավ։ Չնայած դրան, աշխատավարձն իջեցնելու նպատակ հետապնդող օրենքները շարունակում էին գործել. անշեղորեն կտրում էին ականջները և խարանում նրանց, «որոնց ոչ ոք չէր համաձայնում ծառայության վերցնել»։ Եղիսաբեթի 5-րդ տարվա՝ աշկերտներին վերաբերող օրենքի 3 հոդվածը հաշտարար դատավորներին լիազորում է որոշ աշխատավարձեր սահմանելու և դրանք տարվա եղանակների ու ապրանքի գների համեմատ փոփոխելու։ Հակոբ I-ը աշխատանքի այդ կարգավորումը տարածեց ջուլհակների, մանողների և բանվորների ամեն տեսակ այլ կատեգորիաների վրա<ref>Հակոբ I-ի 2-րդ ստատուտի 6-րդ հոդվածի մեկ կետից երեում է, որ մի քանի մահուդագործներ, որոնք միաժամանակ հաշտարար դատավորներ էին, իրենց թույլ էին տալիս պաշտոնապես աշխատավարձի տարիֆ սահմանել իրենց սեփական արհեստանոցներում։ Գերմանիայում, հատկապես Երեսնամյա պատերազմից հետո, շատ հաճախ աշխատավարձն իջեցնելու ստատուտներ էին հրատարակվում։ «Կալվածատերերն ամայացած վայրերում շատ էին նեղվում ծառաների ու բանվորների պակասությունից։ Բոլոր գյուղական բնակիչներին արգելված էր սենյակներ վարձով տալ ամուրի տղամարդկանց ու կանանց. հրամայված էր իշխանությանը հայտնել բոլոր այդպիսի կենվորների մասին, և նրանք, եթե չկամենային ծառայության մտնել, պետք է բանտ նետվեին, թեկուզ հենց որևէ ուրիշ զբաղմունքով իրենց գլուխը պահելիս լինեին, գյուղացիների մոտ օրավարձով աշխատեին կամ մինչև անգամ փողի ու հացի առուծախով զբաղվեին» («Kaiserliche Privilegien und Sanctionen für Schlesien», I, 125)։ Մի ամբողջ հարյուրամյակի ընթացքում թագավորների հրամաններում չեն դադարում դառը գանգատները փչացած ու այլասերված ծառաների մասին, որոնք չեն հպատակվում խիստ ռեժիմին, չեն բավարարվում օրենքով սահմանված վարձով, արգելվում էր, որ առանձին կալվածատերը ամբոծջ շրջանի համար մշակված սակացույցով սահմանվածից ավելի վճար տար։ Եվ այնուամենայնիվ, պատերազմից հետո ծառայելու պայմանները երբեմն ավելի լավ էին, քան 100 տարի հետո. Սիլեզիայում ծառաները դեռ 1652 թվականին շաբաթը երկու անգամ միս էին ստանում, այնինչ ներկա դարում նույն Սիլեզիայում կան վայրեր, որտեղ ծառաները միս են ստանում տարվա մեջ միայն երեք անգամ։ Աշխատավարձն էլ պատերազմից հետո ավելի բարձր էր, քան հաջորդ դարերում» (G. Freitag: [«Neue Bilder aus dem Leben des deutschen Volkes». Leipzig 1862, էջ 34, 35])։</ref>։ Գևորգ II-ը բանվորական կոալիցիաների դեմ ուղղված օրենքները տարածեց բոլոր մանուֆակտուրաների վրա։
Բուն մանուֆակտուրային ժամանակաշրջանում արտադրության կապիտալիստական եղանակը բավականաչափ ուժեղացավ, այնպես որ կարող էր աշխատավարձի օրենսդրական կարգավորումը և՛ անիրագործելի, և՛ ավելորդ դարձնել, բայց, չնայած դրան, այնուամենայնիվ ուզում էին համենայն դեպս պահել հին զինարանի այդ զենքը։ Դեռևս Գևորգ II-ի 8 ակտը արգելում էր դերձակ ենթավարպետներին Լոնդոնում ու շրջակայքում 2 շիլ. 7½ պենսից ավելի օրավարձ տալ, բացի համաժողովրդական սգի դեպքերից. դեռևս Գևորգ III-ի 13 ակտի 68-րդ հոդվածը հաշտարար դատավորներին էր վերապահում մետաքսագործների աշխատավարձի կարգավորումը. դեռևս 1796 թվականին բարձրագույն դատական հիմնարկների երկու վճռի կարիք եղավ որոշելու համար, թե արդյոք հաշտարար դատավորների կարգագրությամբ սահմանված աշխատավարձի նորմաները տարածվո՞ւմ են ոչ-հողագործական բանվորների վրա. դեռևս 1799 թվականին պառլամենտական ակտով հաստատվեց, որ Շոտլանդիայի հանքագործ բանվորների վարձը կարգավորվում է Եղիսաբեթի ստատուտով և 1661 ու 1671 թվականների շոտլանդական երկու ակտով։ Թե այդ ժամանակները հարաբերությունները որքան արմատապես փոխվել էին, ցույց է տալիս անգլիական ստորին պալատում տեղի ունեցած մի անլուր դեպք։ Այստեղ, որտեղ 400 տարվա ընթացքում օրենքներ էին պատրաստվում, որոնցով սահմանվում էր բացառապես այն մաքսիմումը, որն ամենևին չպետք է գերազանցեր աշխատավարձը, 1796 թվականին Ուիտբրեդը առաջարկեց օրենքով վարձի մինիմում սահմանել գյուղատնտեսական բանվորների համար։ Պիտտը հակառակեց դրան, համաձայնելով, սակայն, որ «աղքատների դրությունը սարսափելի է (cruel)»։ Վերջապես, 1813 թվականին վերացվեցին աշխատավարձի կարգավորման օրենքները։ Դրանք արդեն մի ծիծաղելի անոմալիա էին դարձել այն ժամանակաշրջանում, երբ կապիտալիստն իր գործարանում աշխատանքը կարգավորում էր իր անձնական օրենսդրությամբ և աղքատների օգտին սահմանված հարկի միջոցով լրացնում էր գյուղատնտեսական բանվորների վարձի անհրաժեշտ մինիմումը։ Բայց մինչև այժմ էլ կատարյալ անձեռնմխելիությամբ պահպանվել են աշխատանքի օրենքների այն կարգադրությունները, որոնք վերաբերում են գործատիրոջ ու բանվորների միջև կնքվող պայմանագրերին, նախազգուշացման ժամկետներին և այլն,— կարգադրություններ, համաձայն որոնց պայմանագիրը խախտած գործատիրոջ դեմ միայն քաղաքացիական հայց կարող է հարուցվել, այնինչ պայմանազանց բանվորը քրեական պատասխանատվության է ենթակա։
Կոալիցիաների դեմ ուղղված դաժան օրենքներն ընկան 1825 թվականին, երբ պրոլետարիատի վարքագիծը սպառնալի դարձավ։ Բայց և այնպես նրանք լոկ մասամբ ընկան։ Հին ստատուտների մի քանի սիրուն մնացորդներ չքացան միայն 1859 թվականին։ Վերջապես, 1871 թ. հունիսի 29-ին հրատարակվեց մի պառլամենտական ակտ, որը, ըստ երևույթին, նպատակ ուներ այդ դասակարգային օրենսդրության վերջին հետքերը վերացնել տրեդյունիոնների օրինական ճանաչման միջոցով։ Բայց հենց նույն օրը հրատարակված պառլամենտական մի ուրիշ ակտ (an act to amend the criminal law relating to violence, threats and molestation), փաստորեն վերականգնեց նախկին դրությունը նոր ձևով։ Այդպիսի պառլամենտական ձեռնածությամբ այն բոլոր միջոցները, որոնցից բանվորները կարող էին օգտվել գործադուլի կամ լոկաուտի ժամանակ (լոկաուտ — միավորված գործարանատերերի գործադուլ, որոնք) դիմում են իրենց գործարանները միաժամանակ փակելու միջոցին), հանվեցին ընդհանուր օրենսդրության իրավասությունից և ենթարկվեցին բացառիկ քրեական օրենքին, որի մեկնաբանությունը ամբողջովին կախված էր հաշտարար դատավորներից, այսինքն՝ գործարանատերերից։ Երկու տարի առաջ հենց նույն ստորին պալատում և նույն պարոն Գլադստոնը որոշ ազնվասրտությամբ օրինագիծ մտցրեց բանվոր դասակարգի դեմ ուղղված բոլոր բացառիկ օրենքները վերացնելու մասին։ Բայց բանը այդ օրինագծի երկրորդ, ընթերցումից այն կողմը չանցավ, նախագիծը ներքնակի տակ դրվեց, մինչև որ, վերջապես, «լիբերալ մեծ պարտիան», տորիների հետ միանալով, համարձակություն ստացավ վճռականորեն հանդես գալու նույն այն պրոլետարիատի դեմ, որը նրան իշխանության գլուխ էր կարգել։ Այդ դավաճանությամբ չբավականանալով՝ «լիբերալ մեծ պարտիան» թույլատրեց անգլիական դատավորներին, որոնք միշտ սողում էին իշխող դասակարգերի առաջ, լույս աշխարհ հանել «կոնսպիրացիաների» [դավադրությունների] դեմ ուղղված հին օրենքը և այդ կիրառել բանվորական կոալիցիաների դեմ։ Ինչպես տեսնում ենք, անգլիական պառլամենտը միայն ակամա, միայն մասսաների ճնշման տակ հրաժարվեց գործադուլների ու տրեդ-յունիոնների դեմ ուղղված օրենքներից, այն բանից հետո, երբ ինքը՝ այդ պառլամենտը ցինիկ անպատկառությամբ հինգ հարյուր տարի շարունակ կապիտալիստների մշտական տրեդ-յունիոնն էր բանվորների դեմ։
Ճիշտ նույն ձևով էլ ռևոլյուցիոն փոթորկի հենց սկզբում ֆրանսիական բուրժուազիան խիզախեց բանվորներից խլելու ասոցիացիաների հենց նոր նվաճած իրավունքը։ 1791 թ. հունիսի 14-ի դեկրետով բուրժուազիան հայտարարեց, թե բանվորական կոալիցիաները «ազատության և մարդու իրավունքների դեկլարացիայի դեմ ուղղված հանցանք են», որ պատժելի է 500 լիվր տուգանքով և ակտիվ քաղաքացու իրավունքներից միամյա զրկումով<ref>Այս օրենքի առաջին հոդվածն ասում է. «Քանի որ միևնույն կացության կամ միևնույն պրոֆեսիայի անձերի ամեն տեսակ կորպորացիաների ոչնչացումը կազմում է ֆրանսիական կոնստիտուցիայի արմատական հիմունքներից մեկը, ուստի արգելվում է վերականգնել այդպիսի կորպորացիաները որևէ պատրվակով և որևէ ձևով»։ IV հոդվածը հայտարարում է. «Եթե միևնույն պրոֆեսիայով, արվեստով կամ արհեստով զբաղված քաղաքացիները պայմանավորվեն իրար հետ կամ համաձայնություն կնքեն այն նպատակով, որ միասին հրաժարվեն կամ չհամաձայնվեն որոշ վարձատրությունից ցածր ծառայություններ մատուցել իրենց արդյունաբերական գործունեությամբ ու իրենց աշխատանքներով, ապա վերոհիշյալ պայմանադրություններն ու համաձայնությունները պետք է հայտարարվեն... հակակոնստիտուցիոն, հանցագործություն ազատության դեմ և մարդու իրավունքների դեկլարացիայի դեմ և այլն», այսինքն՝ պետական հանցանք, ճիշտ այնպես, ինչպես ասված էր բանվորական հին ստատուտներում («Révolutions de Paris». Paris 1791, հ. III, էջ 523)։</ref>։ Այս օրենքը, որը կապիտալի ու աշխատանքի միջև մղվող կոնկուրենցիան պետական-ոստիկանական ձեռնարկումներով խցկում է կապիտալի համար հարմար շրջանակների մեջ, բոլոր ռևnլյուցիաներից ու դինաստիաների հաջորդափոխումներից երկար ապրեց։ Նույնիսկ տեռորի կառավարությունը անձեռնմխելի թողեց այդ օրենքը։ Միայն բոլորովին նորերս այդ օրենքը ջնջվեց Code Pénal-ից [Քրեական օրենսգրքից]։ Վերին աստիճանի բնորոշ է բուրժուական այդ պետական հեղաշրջման պատճառաբանությունը։ «Թեև ցանկալի է,— ասում էր զեկուցող Շապելյեն,— աշխատավարձի բարձրացումը այժմյան մակարդակից վեր, որպեսզի նա, ով այդ վարձն ստանում է, ազատվի այն բացարձակ, համարյա ստրկական կախումից, որը պայմանավորված է անհրաժեշտ կենսամիջոցների բացակայությամբ», բայց և այնպես բանվորները չպետք է միաբանեն իրենց շահերի համար, չպետք է համատեղ գործեն մեղմացնելու համար իրենց «բացարձակ, գրեթե ստրկական կախումը», որովհետև դրանով «նրանք կխախտեին իրենց նախկին տերերի, այժմյան ձեռնարկատերերի ազատությունը» (բանվորներին ստրկության մեջ պահելու ազատությունը), և որովհետև նախկին համքարային գործատերերի բռնապետության դեմ ուղղված կոալիցիան — ի՞նչ եք կարծում — վերականգնում է ֆրանսիական կոնստիտուցիայով վերացված համքարությունները<ref>Buchez et Roux: «Histoire Parlementaire», հ. X, էջ 193—195, տարբեր տեղերում։</ref>։
====4. ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ====
Մենք քննեցինք այն բռնությունները, որոնց օգնությամբ ստեղծվեցին օրենքից դուրս հայտարարված պրոլետարները, այն արյունալի ռեժիմը, որը նրանց դարձրեց վարձու բանվորներ, այն կեղտոտ բարձր-պետական միջոցառումները, որոնք, աշխատանքի շահագործման աստիճանը սաստկացնելով, ոստիկանական միջոցներով բարձրացնում էին կապիտալի կուտակումը։ Հարց է ծագում, թե սկզբնապես որտեղի՞ց առաջ եկան կապիտալիստները։ Չէ՞ որ գյուղական բնակչության սեփականազրկումը անմիջաբար լոկ խոշոր հողային սեփականատերեր է ստեղծում։ Ինչ վերաբերում է ֆերմերների ծագմանը, ապա մենք կարող ենք քայլ առ քայլ հետաքննել այն, որովհետև այդ մի դանդաղ, բազմաթիվ դարեր տևող պրոցես է։ Չխոսելով արդեն ճորտերի կողքին գոյություն ունեցող ազատ մանր հողային սեփականատերերի մասին, իրենց իսկ՝ ճորտերի գույքային հարաբերությունները շատ տարբեր էին, ուստի և նրանց ազատագրումը կատարվում էր տնտեսական շատ տարբեր պայմաններում։
Անգլիայում ֆերմերի առաջին ձևը bailiff-ն էր [կալվածատիրոջ կալվածքի կառավարիչը], որը ինքն էլ ճորտ էր։ Իր դրությամբ նա հիշեցնում է հին-հռոմեական villicus-ին, բայց գործունեության ավելի նեղ շրջանակով։ XIV դարի երկրորդ կեսում bailiff-ին փոխարինում է ֆերմերը, որին լենդլորդը սերմացու, անասուններ ու գյուղատնտեսական գործիքներ է մատակարարում։ Նրա վիճակը համարյա չի տարբերվում գյուղացու վիճակից։ Միայն թե նա ավելի շատ վարձու աշխատանք է շահագործում։ Շուտով նա դառնում է «métayer», կիսրար-վարձակալ։ Հողագործության համար անհրաժեշտ կապիտալի մի մասը նա է հայթայթում, մյուս մասը՝ լենդլորդը։ Ընդհանուր արդյունքը բաժանվում է նրանը միջև պայմանագրով որոշված համամասնությամբ։ Վարձակալության այդ ձևն Անգլիայում արագ չքանում է՝ իր տեղը զիջելով իսկական իմաստով ֆերմերին, որն իր սեփական կապիտալն է ներդնում գործի մեջ, տնտեսությունը վարում է վարձու բանվորների միջոցով և հավելյալ արդյունքի մի մասը փողով կամ բնանյութով հանձնում է լենդլորդին որպես հողային ռենտա։
XV դարի ընթացքում, քանի դեռ աշխատանքն անկախ գյուղացիների ու գյուղատնտեսական բանվորների մոտ, որոնք վարձու աշխատանքի հետ միաժամանակ պարապում էին նաև ինքնուրույն տնտեսությամբ, քանի դեռ նրանց աշխատանքն իրենց սեփական օգտին էր գնում, ֆերմերի կենսամակարդակը նույնքան աննշան էր, որքան և նրա արտադրության ոլորտը։ XV դարի վերջին երրորդում սկսված հողագործական ռևոլյուցիան, որը շարունակվում էր գրեթե ամբողջ XVI դարում (ճիշտ է, բացառությամբ նրա վերջին տասնամյակների), ֆերմերին հարստացնում էր նույնքան արագ, որքան արագ քայքայում էր գյուղական բնակչությանը<ref>«Ֆերմերներր,— ասում է Հարրիսոնր իր «Description of England» աշխատության մեջ,— որոնց համար առաջ դժվար էր 4 ֆունտ ստ. ռենտա վճարելը, հիմա վճարում են 40, 50, 100 ֆունտ ստ. և այնուամենայնիվ իրենց գործառնությունը անշահավետ են համարում, եթե վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալուց հետո իրենց ձեռքին 6—7 տարվա ռենտա չմնա»։</ref>։ Համայնական արոտավայրերի և այլ գույքերի զավթումը ֆերմերին թույլ է տալիս, համարյա առանց ծախսերի, զգալի չափով ավելացնելու իր անասունների թիվը, ընդ որում անասունները առատ պարարտանյութ են տալիս նրա հողի համար։
XVI դարում դրան ավելանում է ևս մի վճռականորեն կարևոր մոմենտ։ Այն ժամանակ վարձակալական պայմանագրերը երկար ժամկետներով էին կնքվում, հաճախ 99 տարով։ Ազնիվ մետաղների, հետևապես, նաև փողի արժեքի անընդհատ անկումը շատ ձեռնտու էր ֆերմերների համար։ Այդ անկումը, չխոսելով արդեն վերը քննված մյուս հանգամանքների մասին, գցում էր աշխատավարձը, որի անկումից գոյացող գումարի մի մասը ֆերմերի համար փոխարկվում էր շահույթի։ Հացի, բրդի, մսի, մի խոսքով՝ հողագործական բոլոր արդյունքների գների անընդհատ բարձրացումը ավելացնում էր ֆերմերի փողային կապիտալը, առանց նրա կողմից որևէ աջակցության, այնինչ հողային ռենտան նա պետք է վճարեր փողի առաջվա արժեքի հիման վրա կնքված հին պայմանագրերսվ<ref>Այն ներգործության մասին, որ XVI դարում փողի արժեքազրկումն ունեցել է հասարակության տարբեր դասակարգերի վրա, տե՛ս «A Compendious or Briefe Examination of Certayne Ordinary Complaints of Diverse of our Countrymen in these our Days. By W. S., Genteleman» (London 1851)։ Այս գրվածքի դիալոգային ձևը նպաստում էր այն բանին, որ այն երկար ժամանակ վերագրում էին Շեքսպիրին, և դեռ 1751 թվականին գրվածքը նրա անունով լույս տեսավ։ Նրա հեղինակը Վիլիամ Ստաֆֆորդն է։ Մի հատվածում ասպետը (knight) այսպես է դատում.<br>Ասպետ. «Դուք, իմ հարևան, հողագո՛րծ, դուք, պարո՛ն առևտրական, և դուք, իմ բարի պղնձագո՛րծ, դուք, ինչպես և. մյուս արհեստավորները, կարող եք համեմատաբար հեշտությամբ պաշտպանել ձեր շահերը։ Որովհետև որքան ավելի շատ բարձրանա բոլոր առարկաների գինն այն գնի համեմատությամբ։ որ նրանք առաջ արժեին, այնքան ավելի շատ կբարձրացնեք դուք ձեր ապրանքների ու ձեր աշխատանքի այն արդյունքների գները, որ դուք վաճառում եք։ Բայց մենք ոչ մի այնպիսի բան չունենք, որ կարողանայինք բարձրացրած գնով վաճառել և այդպիսով հավասարակշռել այն վնասը, որ կրում ենք՝ արդյունքներ գնելով»։ Մի ուրիշ հատվածում ասպետը հարցնում է բժշկից. «Ասացե՛ք, խնդրեմ, ո՞ւմ նկատի ունեք դուք։ Եվ ամենից առաջ ո՞վ, ձեր կարծիքով, այդ դեպքում ոչ մի կորուստ չի ունենում»։ — Բժիշկ. «Ես նկատի ունեմ նրանց, ովքեր ապրում են առուծախով և եթե թանկ են գնում, ապա նույնքան էլ թանկ են վաճառում»։ — Ասպետ. «Իսկ ումի՞ց է բաղկացած մարդկանց այն կատեգորիան, որը, ձեր ասելով, շահվում է դրանից»։ — Բժիշկ. «Դե՛հ, իհարկե, դրանք բոլոր վարձակալները կամ ֆերմերներն են, որոնք իրենց մշակած հողի համար հին ռենտան են վճարում, որովհետև նրանք վճարում են հին նորմայով, իսկ ծախում են նոր նորմայով, այսինքն՝ իրենց հողի համար շատ էժան են վճարում, իսկ այն ամենը, ինչ այդ հողի վրա բուսնում է, թանկ գնով են վաճառում...»։ ...Ասպետ. «Է՜հ, իսկ ովքե՞ր են նրանք, որոնք, ձեր ասելով, դրանից ավելի շատ կորուստ են ունենում, քան շահում են այդ մարդիկ»։ — Բժիշկ. «Այդ բոլոր ազնվականներն են, ջենտլմեններն ու ընդհանրապես այն բոլոր մարդիկ, ովքեր ապրում են կայունորեն սահմանված ռենտայով կամ ռոճիկով, կամ իրենք չեն մշակում իրենց հողը, կամ առևտրով չեն զբաղվում»։</ref>։ Այսպիսով, ֆերմերը հարստանում էր միաժամանակ թե՛ իր վարձու բանվորների և թե՛ իր լենդլորդի հաշվին։ Ուստի ոչ մի զարմանալու բան չկա, որ Անգլիայում XVI դարի վերջերին առաջ եկավ այն ժամանակվա համար հարուստ «կապիտալիստական ֆերմերների» դասակարգը<ref>Ֆրանսիայում régisseur-ը որը միջին դարերի սկզբներում ֆեոդալի մոտ կառավարիչ էր ու ֆեոդալական պարհակներն էր հավաքում ֆեոդալի օգտին, շուտով դառնում է homme d’affaires [գործարար մարդ], որը կեղեքումների, խաբեբայության և այլ միջոցներով ուռճանում՝ դառնում է կապիտալիստ։ Այս régisseur-ները երբեմն իրենք էլ ազնվական դասին էին պատկանում։ Օրինակ. «Այս հաշվետվությունը ներկայացնում է Ժակ դը Թորեսը, Բեզանսոնի բերդակալ ասպետը, իր պատրոնին, որը Դիժոնում հաշվետու էր Բուրգոնի պարոն դքսի ու կոմսի առաջ այն ռենտաների համար, որոնք հասնում էին հիշյալ բերդակալությունից 1359 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 1360 թվականի դեկտեմբերի 28-ը» (Alexis Monteil: «Traité des Matériaux Manuscrits etc.», էջ 234)։ Այստեղ արդեն երևում է, որ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում առյուծի բաժինը միջնորդների ձեռքն է ընկնում։ Այսպես, օրինակ, տնտեսական ասպարեզում ձեռնարկությունների սերուցքը քաշում են ֆինանսիստները, բորսայականները, վաճառականները, կրպակատերերը. քաղաքացիական իրավունքի բնագավառում փաստաբանը կլպում է դատ վարող կողմերին. քաղաքականության մեջ դեպուտատն ավելի նշանակություն ունի, քան նրան ընտրողը, մինիստրը՝ ավելի, քան թագավորը. կրոնի մեջ աստված հետին պլանն է մղվում «սուրբ բարեխոսների» կողմից, իսկ այս վերջինները՝ տերտերների կողմից, որոնք, իրենց հերթին, անխուսափելի միջնորդներ են «բարի հովվի» ու նրա հոտի միջև։ Ֆրանսիայում, ինչպես և Անգլիայում, ֆեոդալական խոշոր տերիտորիաները բաժանված էին անհամար թվով մանր տնտեսությունների, բայց գյուղական բնակչության համար անհամեմատ ավելի աննպաստ պայմաններ էին ներկայացնում։ XIV դարի ընթացքում խիստ զարգացան վարձակալությունները, ֆերմաները կամ, այսպես կոչված, terrier-ները։ Նրանց թիվը շարունակ աճում էր և զգալիորեն անցավ 100 000-ից։ Նրանք արդյունքի <math>^1/_{12}</math>-ից մինչև <math>^1/_5</math>-ը վճարում են իբրև հողային ռենտա՝ փողով կամ բնանյութով։ Terrier-ները կոչվում էին ավատներ, ենթավատներ (fiefs, arrière-fiefs) և այլն, նայած տարածության մեծությանը, որը երբեմն ընդամենը միայն մի քանի արպան էր չինում։ Այ՜դ terrier-ների բոլոր տերերը այս կամ այն չափով դատական իշխանություն էին վայելում Իրենց հողամասերի բնակչության նկատմամբ։ Այդպիսի չորս աստիճան կար։ Դժվար չէ պատկերացնել, թե գյուղական բնակչության վրա ինչպիսի ծանր բեռ էր այդ անհամար թվով բոլոր մանր բռնակալների իշխանությունը։ Մոնտեյլն ասում է, թե այդ ժամանակ Ֆրանսիայում 160 000 դատարան կար, այնտեղ, որտեղ այժմ ընդամենը 4 000 դատական հիմնարկ կա (հաշտարար դատարաններն էլ ներառյալ)։</ref>։
====5. ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ։ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՄԱՐ====
Գյուղական բնակչության՝ ցնցումներով իրագործվող, շարունակ վերսկսվող սեփականազրկումն ու նրա վտարումը հողից, ինչպես տեսանք, քաղաքային արդյունաբերությանը պրոլետարների շարունակ նորանոր մասսաներ էին մատակարարում, որոնք ամեն տեսակ համքարային հարաբերություններից դուրս էին գտնվում,— մի հանգամանք, որն ստիպեց ծերունի Ա. Անդերսոնին (չշփոթել Ջեմս Անդերսոնի հետ) իր գրած առևտրի պատմության մեջ հավատալու նախախնամության ուղղակի միջամտությանը։ Մենք պետք է դեռ մի վայրկյան կանգ առնենք նախասկզբնական կուտակման այդ կողմի վրա։ Ինքնուրույն կերպով տնտեսություն վարող և անկախ գյուղական բնակչության նոսրացմանը համապատասխանում էր ո՛չ միայն արդյունաբերական պրոլետարիատի խտացումը, ինչպես որ, ըստ Ժոֆֆրուա Սենտ-Հիլերի, տիեզերանյութի խտացումը մի տեղում բացատրվում է նրա նոսրացումով մի ուրիշ տեղում<ref>Տե՛ս նրա «Notions de Philosophie Naturelle». Paris 1838։</ref>։ Չնայած իր մշակողների թվի նվազելուն, հողը հիմա նույնքան կամ մինչև անգամ ավելի արդյունք էր բերում, քան առաջ, որովհետև հողային սեփականության հարաբերությունների ռևոլյուցիային ուղեկցում էին մշակման մեթոդների բարելավումը, կոոպերացիայի ընդլայնումը, արտադրության միջոցների համակենտրոնացումը և այլն և որովհետև, մի կողմից՝ գյուղատնտեսական վարձու բանվորներն ավելի ինտենսիվ աշխատանքի էին հարկադրվում<ref>Այս կետը ընդգծում է սըր Ջեմս Ստյուարտը։<br>* Բնագրում անթարգմանելի բառախաղ է, «Bauern, die... alle Flachs, wenn auch keine Seide spannen» — «գյուղացիներ, որոնք... բոլորն էլ վուշ, թեկուզ և ոչ մետաքս, մանելով էին զբաղվում», «keine Seide spinnen» տառացի նշանակում է «մետաքս չմանել», փոխաբերական իմաստով՝ «փայլուն կերպով չապրել»։ '''Խմբ.։'''</ref>, մյուս կողմից՝ ավելի ու ավելի էր կրճատվում արտադրության այն բնագավառը, որտեղ նրանք աշխատում էին իրենց համար։ Այդպիսով, գյուղական բնակչության մի մասի ազատվելու հետ ազատվում էին նաև նրա գոյության նախկին միջոցները, որոնք հիմա դառնում են փոփոխուն կապիտալի իրային տարրերը։ Երկնքի ու երկրի միջև մնացած գյուղացին պետք է այդ միջոցների արժեքը իր նոր տիրոջ, արդյունաբերական կապիտալիստի մոտ վաստակի աշխատավարձի ձևով։ Արդյունաբերության համար գյուղատնտեսության մատակարարած հայրենական հում նյութն էլ այն ճակատագիրն ունեցավ, ինչպես և կենսամիջոցները։ Այդ հում նյութը դարձավ հաստատուն կապիտալի մի տարր։
Ենթադրենք, օրինակ, թե վեստֆալյան գյուղացիների մի մասը, որոնք բոլորը Ֆրիդրիխ II-ի ժամանակ վուշ* [''Տես 231 ծան. հետո''] էին մանում, բռնի սեփականազրկվել են և վտարվել հողից, այնինչ մնացած մասը խոշոր ֆերմերների բատրակ է դարձել։ Միաժամանակ աճում են խոշոր վուշամանարաններն ու մանածագործարանները, որտեղ հողից «ազատվածները» աշխատանք են գտնում որպես վարձու բանվորներ։ Վուշն արտաքուստ ճիշտ նույնն է, ինչպես և առաջ։ նրա ոչ մի թելիկը չի փոխվել, բայց հիմա նրա մարմնի մեջ նոր սոցիալական հողի է մտել։ Հիմա վուշը կազմում է մանուֆակտուրայի տիրոջ հաստատուն կապիտալի մի մասը։ Եթե նա առաջներում բաշխված էր մեծ թվով մանր արտադրողների միջև, որոնք իրենք էին մշակում այն և մանր բաժիններով մանում էին՝ իրենց ընտանիքների հետ աշխատելով, ապա հիմա նա կենտրոնացված է մի կապիտալիստի ձեռքում, որն ուրիշներին ստիպում է մանել ու գործել իր համար։ Վուշամանարանում ծախսվող լրացուցիչ աշխատանքն առաջ իրացվում էր գյուղացիական անթիվ ընտանիքների լրացուցիչ եկամտի ձևով, ինչպես նաև — Ֆրիդրիխ ll-ի ժամանակ — որպես հարկեր pour le roi de Prusse [բառացի — «Պրուսական թագավորի համար», փոխաբերական իմաստով «զուր տեղը»]։ Հիմա այդ աշխատանքը իրացվում է սակավաթիվ կապիտալիստների շահույթի ձևով։ Այն իլիկներն ու ջուլհակահաստոցները, որոնք առաջ ցրված էին գյուղերում, այժմ կենտրոնացվում են աշխատանքի սակավաթիվ խոշոր կազարմաներում այնպես, ինչպես իրենք՝ բանվորները և հում նյութը։ Թե՛ իլիկները, թե՛ ջուլհակահաստոցները և թե հում նյութը մանուլների ու ջուլհակների անկախ գոյությունն ապահովող միջոցներից դառնում են մանողների ու ջուլհակների գլխին հրամանատարությունն ապահովող<ref>«Ես ձեզ վերապահում եմ ինձ ծառայելու պատիվը,— ասում է կապիտալիստը,— այն պայմանով, որ դուք տաք ինձ այն մի քիչ բանը, որ դեռ ունեք, որպես վարձատրություն ձեր նկատմամբ այն հրամանատարության նեղության համար, որ ես հանձն եմ առնում» (J. J. Rousseau: «Discours sur l’Économie Politique» [Geneve 1756, էջ 70])։</ref> և նրանցից անվճար աշխատանքի կորզումն ապահովող միջոցներ։ Խոշոր մանուֆակտուրաների, ինչպես և խոշոր ֆերմաների տեսքից երբեք չի կարելի եզրակացնել, թե նրանք գոյացել են բազմաթիվ մանր արտադրական միավորների միացումից՝ բազմաթիվ մանր անկախ արտադրողների սեփականազրկմամբ։ Սակայն անաչառ դիտողին չի կարող խաբել այդ արտաքին տեսքը։ Միրաբոյի — ռևոլյուցիայի այդ առյուծի— ժամանակները խոշոր մանուֆակտուրաները դեռ կոչվում էին manufactures réunies, միավորված արհեստանոցներ, այնպես, ինչպես մենք հիմա խոսում ենք միավորված դաշտերի մասին։ «Ուշադրություն են դարձնում,— ասում է Միրաբոն,-— միայն խոշոր մանուֆակտուրաների վրա, որոնց մեջ հարյուրավոր մարդիկ աշխատում են մի դիրեկտորի հսկողության տակ և որոնց սովորաբար միացյալ մանուֆակտուրաներ (manufactures réunies) են անվանում։ Ընդհակառակը, այն արհեստանոցները, որոնց մեջ բաժան-բաժան մեծ թվով բանվորներ են աշխատում, ամեն մեկն իր սեփական ռիսկով ու հաշվով, մի հայացքի էլ չեն արժանացնում։ Այդ վերջինները բոլորովին հետին պլանն են մղվում։ Եվ այդ մի մեծ սխալ է, որովհետև միայն նրանք են կազմում ժողովրդական հարստության իսկապես կարևոր բաղկացուցիչ մասը... Միացյալ գործարանը (fabrique réunie) կարող է չափազանց մեծ չափով հարստացնել մի կամ երկու ձեռնարկատիրոջ, բայց բանվորներն ավելի բարձր կամ ավելի ցածր վարձատրվող օրաբանվորներ են միայն և համենայն դեպս չեն մասնակցում ձեռնարկատիրոջ բարեկեցությանը։ Անջատ գործարանը (fabrique séparée)» ընդհակառակը, ոչ ոքի չի հարստացնում, բայց դրա փոխարեն պահպանում է մեծ թվով բանվորների բարեկեցությունը... Աշխատասեր տնտեսարար բանվորների թիվը կաճի, որովհետև ողջամիտ կենսաձևն ու աշխատասիրությունը նրանք համարում են իրենց դրությունն էապես բարելավելու միջոց, փոխանակ ձգտելու աշխատավարձի փոքրիկ բարձրացման, որը երբեք չի կարող ապագայի համար կարևոր հետևանքներ ունենալ, և ամենաբարեհաջող դեպքում հնարավորություն է տալիս բանվորներին մի քիչ ավելի լավ ապրելու տվյալ պահին։ Անհատական առանձին մանուֆակտուրաները, որոնք սովորաբար կապված են՝ մանր գյուղատնտեսության հետ, ապահովում են ազատությունը»<ref>Mirabeau: «De la Monarchie Prussienne». Londres 1788, հ. III, էջ 20—109, տարբեր տեղերում։ Եթե Միրաբոն անջատված արհեստանոցները ավելի շահավետ ու ավելի արտադրողական է համարում, քան «միացյալ» արհեստանոցները, և վերջինները կառավարությունների խնամքով աճեցված ջերմոցային արհեստական բույսեր է համարում, ապա այդ բացատրվում է մայր-ցամաքային մանուֆակտուրաների մեծ մասի այն ժամանակվա վիճակով։</ref>։ Գյուղական բնակչության մի մասի սեփականազրկումն ու վտարումը գյուղից ո՛չ միայն ազատում է արդյունաբերական կապիտալի համար բանվորներ, նրանց կենսամիջոցներն ու նրանց աշխատանքի նյութը, այլև ներքին շուկա ստեղծում։
Եվ իսկապես, այն իրադարձությունները, որոնք մեր գյուղացիներին վարձու բանվորներ են դարձնում, իսկ կենսամիջոցներն ու աշխատանքի միջոցները՝ արդյունաբերական կապիտալի իրային տարրեր, միևնույն ժամանակ այդ կապիտալի համար ներքին շուկա են ստեղծում։ Առաջ գյուղացիական ընտանիքն ինքն էր արտադրում ու վերամշակում այն կենսամիջոցներն ու հումքը, որ մեծ մասամբ հենց ինքն էլ սպառում էր։ Այդ հումքն ու կենսամիջոցները հիմա դարձել են ապրանքներ։ Խոշոր ֆերմերը վաճառում է դրանք. մանուֆակտուրաները նրա շուկան են։ Մանվածքը, կտավը, բրդեղեն կոշտ կտորները — իրեր, որոնց հումքը կար ամեն մի գյուղացիական ընտանիքի տրամադրության տակ, մանվում էին ու գործվում նրա ձեռքով սեփական գործածության համար,— հիմա փոխարկվել են մանուֆակտուրային արտադրանքների, որոնց վաճառահանման շուկան հենց գյուղական շրջաններն են կազմում։ Բազմաթիվ ցաքուցրիվ սպառողները, որոնց մինչև հիմա սպասարկում էին սեփական ռիսկով աշխատող բազմաթիվ մանր արտադրողները այժմ համակենտրոնանալով կազմում են մի խոշոր ամբողջություն, մի մեծ շուկա, որ մատակարարվում է արդյունաբերական կապիտալիստի կողմից<ref>«Եթե քսան ֆունտ բուրդը կամաց-կամաց, մի տարվա ընթացքում, բանվորի ընտանիքի համար հագուստ է դառնում այդ ընտանիքի սեփական աշխատանքով, նրա մյուս աշխատանքների միջև, ապա այստեղ ամեն ինչ շատ պարզ բնույթ ունի։ Բայց այդ բուրգը հանեցեք շուկա, ուղարկեցեք գործարանատիրոջը, հետո էլ գործարանատիրոջ արդյունքը՝ միջնորդին, ապա վաճառականին,— և դուք կստանաք մի խոշոր առևտրական գործառնություն, ընդ որում նրա համար անհրաժեշտ անվանական կապիտալն այդ բրդի արժեքից քսան անգամ ավելի կլինի։ Այսպիսով, բանվոր դասակարգը շահագործվում է՝ պահպանելու համար խղճուկ արդյունաբերական բնակչությանը, խանութպանների մակաբույծ դասակարգին և ֆիկտիվ առևտրական, փողային ու ֆինանսական սիստեմը» (David Urquhart: «Familiar Words». London 1855, էջ 120)։</ref>։
Այսպես, առաջներում ինքնուրույն գյուղացիության սեփականազրկման ու նրա բաժանման հետ արտադրության միջոցներից՝ ձեռք-ձեռքի է ընթանում գյուղական օժանդակ արդյունաբերության ոչնչացումը, մանուֆակտուրայի և հողագործության անջատման պրոցեսը։ Եվ միայն գյուղական տնային արտադրության ոչնչացումը կարող է տվյալ երկրի ներքին շուկային տալ այն չափերն ու կայունությունը, որոնց կարիքն ունի արտադրության կապիտալիստական եղանակը։
Սակայն բառի բուն իմաստով մանուֆակտուրաների ժամանակաշրջանը դեռ արմատական վերափոխման չի հասցնում։ Հիշեցնենք, որ մանուֆակտուրան միայն շատ աստիճանաբար է տիրանում ազգային արտադրությանը, շարունակ հիմնվելով քաղաքային արհեստի և գյուղական տնային օժանդակ զբաղմունքների վրա, որոնք նրա լայն պատվանդանն [Hintergrund] են։ Մանուֆակտուրան, ոչնչացնելով այդ կողմնակի արհեստագործության ու քաղաքային արհեստի մի ձևը, արդյունաբերության որոշ ճյուղերում, որոշ կետերում, կրկին կյանքի է կոչում նրանց այլ կետերում, որովհետև նա մինչև մի որոշ աստիճան նրանց կարիքն ունի իր հում նյութը մշակելու համար։ Այդ պատճառով էլ մանուֆակտուրան ստեղծում է մանր հողագործների մի նոր դասակարգ, որոնց համար հողի մշակումը միայն մի օժանդակ ճյուղ է, իսկ նրանց գլխավոր զբաղմունքը արդյունաբերական աշխատանքն է, այնպիսի արդյունքների պատրաստումը, որոնք ուղղակի կամ վաճառականի միջնորդությամբ, վաճառվում են մանուֆակտուրային։ Սա մեկն է — թեև ոչ ամենակարևորը — այն հանգամանքներից, որոնք ամենից առաջ կարող են Անգլիայի պատմությունն ուսումնասիրողին մոլորեցնել։ Սկսած XV դարի վերջին երրորդից՝ մենք անընդհատ, միայն երբեմն լռող, գանգատների ենք հանդիպում այն մասին, թե գյուղում աճում է կապիտալիստական տնտեսությունը և գյուղացիությունը պրոգրեսիվ կերպով ոչնչանում է։ Բայց, մյուս կողմից, ուսումնասիրողը տեսնում է, որ գյուղացիությունը շարունակ գոյություն ունի, ճիշտ է՝ նվազած թվով և ավելի ու ավելի վատթարացող պայմաններում<ref>Բացառություն է կազմում Կրոմվելի ժամանակը։ Քանի դեռ պահպանվում էր ռեսպուբլիկան, անգլիական ժողովրդական մասսայի բոլոր խավերը ուշքի էին գալիս անկման այն վիճակից, որի զոհն էին դարձել Թյուդորնհրի օրով։</ref>։ Դրա գլխավոր պատճառը հետևյալն է. Անգլիայում հերթով մերթ հացահատիկային կուլտուրան է գերակշռում, մերթ անասնապահությունը, և դրա համեմատ էլ տատանվում են գյուղացիական արտադրության չափերը։ Միայն խոշոր արդյունաբերությունն է, որ իր մեքենաների միջոցով հաստատուն պատվանդան է ընձեռում կապիտալիստական հողագործության համար, արմատապես սեփականազրկում է գյուղական բնակչության ճնշող մեծամասնությանը և ավարտում է հողագործության ու տնային գյուղական արդյունաբերության անջատումը, ոչնչացնելով այդ արդյունաբերության արմատները — մանագործությունն ու ջուլհակությունը<ref>Տեկկետը գիտե, nր բառի բուն իմաստով մանուֆակտուրայից և գյուղական կամ տնային մանուֆակտուրաների քայքայման արդյունքներից ծագել է բրդեղենի խոշոր արդյունաբերությունը մեքենաների ներմուծման հետ միասին (Tuckett: «A History of the Past and Present State of the Labouring Population». London 1848, հ. I, էջ 144)։ «Արորը, լուծը աստվածների գյուտն էին և հերոսների զբաղմունքը — մի՞թե ջուլհակահաստոցը, իլիկն ու ճախարակը պակաս ազնիվ ծագում ունեն։ Դուք անջատում եք ճախարակն արորից, իլիկը էծից և ստանում եք գործարաններ ու աշխատատներ, վարկ ու ճգնաժամեր, երկու թշնամի ազգ — գյուղական ու արդյունաբերական» (David Urquhart: «Familiar Words». London 1855, էջ 122)։ Բայց ահա գալիս է Քերին և մեղադրում է Անգլիային, իհարկե ոչ առանց հիմքի, թե նա ձգտում է դառնալ համաշխարհային գործարանատեր, մնացած բոլոր երկրները դարձնելով բացառապես հողագործական։ Նա պնդում է, թե այդ կերպով քայքայվել է Թյուրքիան, որովհետև, այնտեղ «հողատերերին ու հողագործներին (Անգլիան) երբեք չէր թույլ տալիս ամրապնդելու իրենց դրությունը գութանի ու ջուլհակահաստոցի, տափանի ու մուրճի բնական դաշինքի միջոցով» («The Slave Trade», էջ 125)։ Նրա կարծիքով, հենց ինքը՝ Ուրկարտը Թյուրքիայի քայքայման գլխավոր պատճառներից մեկն է, որտեղ նա Անգլիայի շահերի համար պրոպագանդա էր մղում ազատ առևտրի իդեայի օգտին։ Բայց ամենից լավն այն էր, որ Քերին — ի միջի այլոց, Ռուսաստանի այդ մեծ ծառան — ուզում է խափանել անջատման այդ պրոցեսը հովանավորական սիստեմի միջոցով, որը փաստորեն արագացնում է այդ պրոցեսը։</ref>։ Հետևաբար, միայն խոշոր արդյունաբերությունն է, որ ամբողջ ներքին շուկան նվաճում է արդյունաբերական կապիտալի համար<ref>Անգլիական ֆիլանտրոպիկ տնտեսագետները, ինչպես Միլլը, Ռոջերսը, Գոլդվին Սմիթը, Ֆաուսետտը և այլն, և լիբերալ գործարանատերերը, ինչպես Ջոն Բրայտն ու Ընկ., հարցնում են անգլիական հողային արիստոկրատներից, ինչպես աստված էր Կայենից հարցնում նրա եղբայր Աբելի մասին.— ի՞նչ եղան մեր հազարավոր ազատ գյուղացիները։ — Իսկ դուք ինքներդ որտեղի՞ց առաջ եկաք։ — Այդ գյուղացիների ոչնչացումից։ Եվ ինչո՞ւ դուք չեք հարցնում, թե անկախ ջուլհակները, մտնողները, արհեստավորներն ի՞նչ եղան։</ref>։
====6. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԻ ԾԱԳՈՒՄԸ====
Արդյունաբերական<ref>«Արդյունաբերականը» այստեղ գործ է ածված որպես «հողագործականի» հակադրություն։ Տնտեսական «կատեգորիայի» իմ աստով ֆերմերը նույնպիսի արդյունաբերական կապիտալիստ է, ինչպես և գործարանատերը։</ref> կապիտալիստի ծագումը աչքի չէր ընկնում այն աստիճանականությամբ, որով բնորոշվում է ֆերմերի ծագումը։ Անկասկած, որոշ թվով համքարական մանր վարպետներ և է՛լ ավելի մեծ թվով մանր ինքնուրույն արհեստավորներ ու նույնիսկ վարձու բանվորներ սկզբում դարձել են սաղմնային կապիտալիստներ, իսկ հետո, աստիճանաբար ընդարձակելով վարձու աշխատանքի շահագործումը և համապատասխանորեն ուժեղացնելով կապիտալի կուտակումը, դարձել են կապիտալիստներ sans phrase [առանց վերապահումների]։ Կապիտալիստական արտադրության մանկության ժամանակաշրջանում, ճիշտ այնպես, ինչպես և միջնադարյան քաղաքային կյանքի մանկության ժամանակաշրջանnuf, այն հարցը, թե փախած ճորտերից ո՛վ պետք է տեր լինի և ո՛վ՝ ծառա, սովորաբար վճռվում էր՝ նայած, թե նրանցից
<references>