Changes

Յոթերորդ Բաժին: Կապիտալի Կուտակման Պրոցեսը

Ավելացվել է 73 097 բայտ, 16:37, 19 Օգոստոսի 2014
====6. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԻ ԾԱԳՈՒՄԸ====
Արդյունաբերական<ref>«Արդյունաբերականը» այստեղ գործ է ածված որպես «հողագործականի» հակադրություն։ Տնտեսական «կատեգորիայի» իմ աստով ֆերմերը նույնպիսի արդյունաբերական կապիտալիստ է, ինչպես և գործարանատերը։</ref> կապիտալիստի ծագումը աչքի չէր ընկնում այն աստիճանականությամբ, որով բնորոշվում է ֆերմերի ծագումը։ Անկասկած, որոշ թվով համքարական մանր վարպետներ և է՛լ ավելի մեծ թվով մանր ինքնուրույն արհեստավորներ ու նույնիսկ վարձու բանվորներ սկզբում դարձել են սաղմնային կապիտալիստներ, իսկ հետո, աստիճանաբար ընդարձակելով վարձու աշխատանքի շահագործումը և համապատասխանորեն ուժեղացնելով կապիտալի կուտակումը, դարձել են կապիտալիստներ sans phrase [առանց վերապահումների]։ Կապիտալիստական արտադրության մանկության ժամանակաշրջանում, ճիշտ այնպես, ինչպես և միջնադարյան քաղաքային կյանքի մանկության ժամանակաշրջանnuf, այն հարցը, թե փախած ճորտերից ո՛վ պետք է տեր լինի և ո՛վ՝ ծառա, սովորաբար վճռվում էր՝ նայած, թե նրանցից ով էր շուտ փախել իր տիրոջից։ Բայց այդ մեթոդի արտասովոր դանդաղ ընթացքն ամենևին չէր համապատասխանում XV դարի վերջերի մեծ գյուտերի ստեղծած համաշխարհային նոր շուկայի առևտրական պահանջներին։ Միջին դարերը ժառանգություն էին թողել կապիտալի երկու տարբեր ձևեր, որոնք հասունանում են հասարակական-տնտեսական ամենատարբեր ֆորմացիաներում և արտադրության կապիտալիստական եղանակի դարաշրջանն սկսվելուց առաջ համարվում են կապիտալ որպես այդպիսին՝ վաշխառուական կապիտալ և վաճառականական կապիտալ։ «Ներկայումս հասարակական ամբողջ հարստությունը նախ ընկնում է կապիտալիստի ձեռքը... նա ռենտա է վճարում հողի սեփականատիրոջը, աշխատավարձ՝ բանվորին, հարկեր ու տասանորդ կառավարական հարկահավաքին և իր օգտին է պահում աշխատանքի տարեկան արդյունքի մի մեծ, նույնիսկ գերակշռող, այն էլ անընդհատ աճող մասը։ Կապիտալիստին հիմա կարելի է դիտել որպես սեփականատիրոջ, որի ձեռքն է ընկնում ամբողջ հասարակական հարստությունն ամենից առաջ, թեև չկա մի այնպիսի օրենք, որն ապահովեր նրա իրավունքն այդ սեփականության նկատմամբ... Այդ հեղաշրջումը սեփականության ոլորտում տեղի ունեցավ կապիտալի տոկոս գանձելու շնորհիվ... և պակաս նշանակալից չէ, որ ամբողջ Եվրոպայի օրենսդիրները ձգտում էին այդ բանը խափանել վաշխառության դեմ ուղղված օրենքներով... Կապիտալիստների իշխանության հաստատումը երկրի ամբողջ հարստության վրա՝ սեփականության իրավունքի մեջ մի լիակատար ռևոլյուցիա է առաջ բերում. ո՞ր օրենքի կամ ո՞ր մի շարք օրենքների հիման վրա կատարվեց այդ ռևոլյուցիան»<ref>«The Natural and Artificial Right of Property Contrasted». London 1832, էջ 98, 99։ Այս անանուն աշխատության հեղինակը Թ. Հոդսկինն է։</ref>։ Հեղինակը չպետք է աչքաթող աներ, որ ընդհանրապես ռևոլյուցիաները երբեք օրենքների հիման վրա չեն կատարվում։ Վաշխառության ու առևտրի միջոցով ստեղծված փողային կապիտալի՝ արդյունաբերական կապիտալի փոխարկվելուն խանգարում էին ֆեոդալական կարգերը գյուղում և համքարական կարգերը քաղաքում<ref>Դեռ 1794 թվականին Լիդսի մանր մահուդագործ վարպետները պատգամավորություն են ուղարկում պառլամենտ՝ մի պետիցիայով այն մասին, որ օրենք հրատարակվի, որով արգելվի վաճառականների գործարանատեր դառնալը (Dr. Aikin: «Description of the Country from thirty to forty miles round Manchester», London 1795)։</ref>։ Այդ սահմանափակումները չքացան, երբ ֆեոդալական զինախմբերը լուծվեցին, երբ գյուղական բնակչությունը սեփականազրկվեց և մասամբ էլ վտարվեց։ Նոր մանուֆակտուրան ծագեց ծովային արտահանման նավահանգիստներում կամ երկրի գյուղական մասի այնպիսի կետերում, որոնք հին քաղաքային կյանքի ու նրա համքարական կարգերի վերահսկությունից դուրս էին գտնվում։ Ահա ինչու անգլիական corporate town-ները [համքարական կորպորատիվ կարգեր ունեցող հին քաղաքները] կատաղի պայքար էին մղում արդյունաբերության այդ նոր բուծարանների դեմ։ Ոսկու և արծաթի հանքավայրերի հայտնադործումն Ամերիկայում, բնիկների բնաջնջումը, ստրկացումն ու ողջ-ողջ թաղումը հանքերում, Արևելյան Հնդկաստանը նվաճելու ու կողոպտելու առաջին քայլերը, Աֆրիկան սևամորթներին որսալու արգելադաշտ դարձնելը — ահա արտադրության կապիտալիստական դարագլխի արշալույսը։ Այդ իդիլիական պրոցեսները նախասկզբնական կուտակման գլխավոր մոմենտներն են կազմում։ Սրանց հետևում է եվրոպական ազգերի առևտրական պատերազմը, որի ասպարեզ է ծառայում ամբողջ երկրագունդը։ Այդ պատերազմն սկսվում է Նիդեռլանդիայի անջատումով Իսպանիայից, հսկայական չափեր է ընդունում անգլիական հակայակոբինյան պատերազմում և դեռ հիմա էլ շարունակվում է այնպիսի կողոպտչական արշավանքների ձևով, ինչպես օպիումի համար Չինաստանի դեմ մղվող պատերազմը և այլն։ Նախասկզբնական կուտակման տարբեր մոմենտները պատմական որոշ հաջորդականությամբ բաշխվում են զանազան երկրների միջև, այն է՝ Իսպանիայի, Պորտուգալիայի, Հոլանդիայի, Ֆրանսիայի և Անգլիայի միջև։ XVII դարի վերջերին այդ մոմենտներն Անգլիայում սիստեմատիկորեն միանում են գաղութային սիստեմի մեջ, պետական փոխառությունների սիստեմի, արդի հարկային սիստեմի և հովանավորման սիստեմի մեջ։ Այդ մեթոդներն զգալի չափով խարսխվում են ամենակոպիտ բռնության վրա, ինչպես, օրինակ, գաղութային սիստեմը։ Բայց նրանք բոլորն էլ օգտագործում են պետական իշխանությունը, այսինքն՝ համակենտրոնացված ու կազմակերպված հասարակական բռնությունը արտադրության ֆեոդալական եղանակը կապիտալիստականի փոխարկվելու պրոցեսն արագացնելու և նրա անցման ստադիաները կրճատելու համար։ Բռնությունը մանկաբարձուհին է ամեն մի հին հասարակության, երբ վերջինս հղի է նորով։ Ինքը՝ բռնությունը մի տնտեսական պոտենցիա է։ Վ. Հաուիտը, քրիստոնեությունն իր մասնագիտությունը դարձրած այդ մարդը, քրիստոնեական գաղութայինն սիստեմի մասին ասում է. «Այսպես կոչված քրիստոնեական ռասաների կատարած բարբարոսություններն ու անպատկառ դաժանություններն աշխարհի բոլոր մասերում այն բոլոր ժողովուրդների դեմ, որոնց նրանք կարողացել են ստրկացնել, գերազանցում են այն բոլոր սարսափները, որոնք պատմական որևէ դարաշրջանում կատարել է մարդկային որևէ ռասա, չբացառելով ամենավայրենի ու անկիրթ, ամենաանգութ ու անամոթ ռասաները»<ref>William Howitt: «Colonization and Christianity. A Populär History of the Treatment of the Natives by the Europeans in all their Colonies». London 1838, էջ 9։ Ստրուկների հետ վարվելու մասին տվյալների լավ ամփոփագիր կա Charles Comte-ի հետևյալ աշխատության մեջ. «Traité de Législation», 3-րդ հրատ., Bruxelles 1837։ Պետք է այս աշխատությունը մանրամասն ուսումնասիրել՝ տեսնելու համար, թե բուրժուան ինչի է փոխարկվում ինքը և ինչ է դարձնում իր բանվորներին այնտեղ, որտեղ նա կարող է, առանց քաշվելու, աշխարհը կերպարանափոխել ըստ իր պատկերի ու նմանության։</ref>։ Հոլանդական գաղութային տնտեսության պատմությունը — իսկ Հոլանդիան XVII դարի կապիտալիստական օրինակելի երկիր էր — ծավալում է դավաճանությունների, կաշառումների, մարդասպանությունների ու ստորությունների մի չտեսնված պատկեր<ref>Thomas Stamford Rafflies, Ճավա կղզու նախկին լեյտենանտ-նահանգապետ, «The History of Java». London 1817 [հ. II, հավելվածը, էջ CXC—CXCI]։</ref>։ Չկա ավելի բնորոշ մի բան, քան հոլանդացիների կիրառած մարդագողության սիստեմը Ցելեբեսում՝ Ճավա կղզու ստրուկների կադրերը համալրելու նպատակով։ Հատուկ մարդագողեր էին պատրաստվում այդ նպատակով։ Գողը, թարգմանն ու վաճառողը այդ առևտրի գլխավոր գործակալներն էին, բնիկ իշխանները՝ գլխավոր վաճառողները։ Գողացված երիտասարդությունը նետվում էր Ցելեբեսի գաղտնի բանտերը, մինչև որ հասնում էր այն տարիքին, որը նրան ընդունակ էր դարձնում ստրուկներ բարձած նավերով ուղարկվելու համար։ Մի պաշտոնական հաշվետվություն ասում է, «Օրինակ, միայն այս Մակասսար քաղաքը լիքն է գաղտնի բանտերով՝ մեկը մյուսից զարհուրելի, որոնք լեփ-լեցուն են ընչաքաղցության ու բռնակալության դժբախտ զոհերով, որոնք իրենց ընտանիքներից բռնությամբ պոկված՝ շղթայի են զարկված»։ Մալակկային տիրելու համար հոլանդացիները կաշառեցին փորթոլգալական նահանգապետին։ Նա 1641 թվականին նրանց ներս թողեց քաղաք։ Նրանք անմիջապես շտապեցին նահանգապետի տունը և սպանեցին նրան, որպեսզի հնարավորություն ունենան «խուսափելու» կաշառման պայմանավորված 21 875 ֆունտ ստ. գումարը վճարելուց։ Որտեղ նրանք ոտք էին դնում, նրանց հետևից ընթանում էր ամայացումն ու բնակիչների բնաջնջումը։ Բանյուվանգին, Ճավայի մի նահանգը, 1750 թվականին 80 000 բնակիչ ուներ, 1811 թվականին՝ ընդամենը 8 000։ Ահա այս է, որ կոչվում է doux commerce [հաջող առևտուր]։ Անգլիական-արևելահնդկական ընկերությունը, ինչպես հայտնի է, բացի Արևելյան Հնդկաստանի քաղաքական իշխանությունից, ձեռք բերեց թեյի առևտրի և ընդհանրապես Չինաստանի հետ կատարվող առևտրի բացառիկ մոնոպոլիա և, բացի դրանից, նրա ձեռքում էր կենտրոնացված Եվրոպայից ստացվող և Եվրոպա ուղարկվող ապրանքների փոխադրության մոնոպոլիան։ Բայց Հնդկաստանի առափնյա և կղզիների միջև տեղի ունեցող նավագնացությունը, ինչպես և Հնդկաստանի ներսում կատարվող առևտուրը, դարձան ընկերության բարձրաստիճան պաշտոնյաների մոնոպոլիան։ Աղի, օպիումի, թմբուլի և այլ ապրանքների մոնոպոլիաները դարձան հարստության անսպառ աղբյուրներ։ Պաշտոնատար անձինք իրենք էին սահմանում գները և կամայականորեն պլոկում էին դժբախտ հնդիկներին։ Գեներալ-նահանգապետը մասնակցում էր այդ մասնավոր առևտրին։ Նրա սիրեցյալները պայմանագրեր էին ստանում այնպիսի պայմաններով, որոնցով նրանք, ավելի հաջող ձևով, քան ալքիմիկոսները, ոսկի էին շինում ոչնչից։ Խոշոր կարողությունները անձրևից հետո աճող սունկերի նման բուսնում էին, և նախասկզբնական կուտակումն իրագործվում էր առանց թեկուզ մի շիլլինգ ծախսելու։ Ուորրեն Հեյստինգսի դատական պրոցեսը լիքն է այդպիսի օրինակներով։ Ահա նրանցից մեկը։ Օպիումի մատակարարման մի պայմանագիր է շնորհվում մի ոմն Սալլիվենի այն պահին, երբ նա պաշտոնական հանձնարարությամբ մեկնում էր Հնդկաստանի այն մասը, որը հեռու էր գտնվում օպիումի արտադրության շրջանից։ Սալլիվենն իր պայմանագիրը 40 000 ֆ. ստեռլինգով վաճառում է ինչ-որ Բիննի, իսկ Բիննը նույն օրը այն վերավաճառում է 60 000 ֆունտ ստեռլինգով։ Վերջին գնորդն ու պայմանագիրը կատարողը հայտարարում է, թե ինքն էլ դեռ հսկայական օգուտ է ստացել ղրանից։ Պառլամենտին ներկայացված մի փաստաթղթի համաձայն, հիշյալ ընկերությունն ու նրա պաշտոնյաները 1757—1766 թվականներին հնդիկներին ստիպել են նրանց 6 միլիոն ֆ. ստ. նվիրելու։ 1769—1770 թվականներին անգլիացիները արհեստական սով սարքեցին՝ ամբողջ բրինձը գնելով և հրաժարվելով այն այլ կերպ վաճառել, բայց եթե առասպելական բարձր գներով<ref>1866 թվականին միայն Օրիսա նահանգում մեկ միլիոնից ավելի հնդիկներ սովամահ եղան։ Այնուամենայնիվ, բոլոր հանքերը գործ էին դրվում Հնդկաստանի պետական գանձարկղը հարստացնելու՝ սովյալներին բարձր գներով կենսամիջոցներ վաճառելու միջոցով։<br>243a Վիլյամ Կոբբետը նկատում է, որ Անգլիայում բոլոր հասարակական հիմնարկները կոչվում են «թագավորական», բայց դրա փոխարեն այնտեղ պարտքը լինում է «ազգային» (national debt)։<br>243b «Եթե թաթարները Եվրոպան գերեին մեր օրերում, ապա շատ դժվար կլիներ նրանց բացատրել այն նշանակությունը, որ ֆինանսիստն ունի մեր մեջ» (Montesquieu: «Esprit des lois», հրատ. Londres 1769, հ. IV, էջ 33)։ [Мотескье: «О духе законов», ռուս. թարգմ. Կովալևսկու խմբ., ՍՊԲ. 1900 թ., էջ 607։]</ref>։ Բնիկների հետ, իհարկե, ամենից ավելի սարսափելի վարվում էին այն պլանտացիաներում, որոնք, ինչպես, օրին., Արևմտյան Հնդկաստանում, հատկացված էին բացառապես արտահանման առևտրի համար, ինչպես նաև կողոպուտի ու ավերածության մատնված այնպիսի հարուստ ու խտաբնակ երկրներում, ինչպես Մեքսիկան և Արևելյան Հնդկաստանը։ Սակայն իսկական գաղութներում էլ նախասկզբնական կուտակման քրիստոնեական բնույթը շուտով երևան եկավ։ Նոր-Անգլիայի պուրիտանները — զգաստ բողոքականության այդ վիրտուոզները — 1703 թվականին իրենց Assembly-ում [օրենսդրական ժողովում] որոշեցին 40 ֆ. ստ. մրցանակ տալ հնդկացու ամեն մի գանգամաշկի և ամեն մի կարմրամորթ գերու համար. 1720 թվականին մի գանգամաշկի համար նշանակված մրցանակը բարձրացվեց մինչև 100 ֆ. ստ., 1744 թվականին, երբ Մասսաչուզետս Բեյը մի ցեղի խռովարար ցեղ հայտարարեց, նշանակվեցին հետևյալ գները. 12 տարեկան ու ավելի մեծ տղամարդու գանգամաշկի համար՝ 100 ֆ. ստ. փողի նոր կուրսով, արական սեռի գերու համար՝ 105 ֆ. ստ., գերի կնոջ կամ երեխայի համար՝ 55 ֆ. ստ., կնոջ կամ երեխայի գանգամաշկի համար՝ 50 ֆ. ստեռլինգ։ Մի քանի տասնամյակ հետո գաղութային սիստեմն իր վրեժը հանեց այդ բարեպաշտ piligrim father-ների [ուխտագնաց հայրերի] հետնորդներից, որոնք, իրենց հերթին, խռովարարներ էին դարձել։ Անգլիացիների դրդումով ու կաշառումներով նրանք tomahawked եղան [տոմահավկներով սպանվեցին]։ Բրիտանական պառլամենտը արյունռուշտ շներին ու գանգամաշկումը հայտարարեց «աստծուց և բնությունից իրեն շնորհված միջոցներ»։ Գաղութային սիստեմը նպաստում էր առևտրի ու նավագնացության արագընթաց աճմանը։ «Gesellschaften Monopolia»-ները [«մոնոպոլիա-ընկերությունները»] (Լութեր) կապիտալի համակենտրոնացման հզոր լծակներն էին։ Գաղութները արագ առաջացող մանուֆակտուրաների համար ապահովում էին վաճառահանման շուկան, իսկ այդ շուկայի մոնոպոլ տիրապետումը ապահովում էր արագացած կուտակումը։ Եվրոպայի սահմաններից դուրս կողոպուտի, բնիկների ստրկացման, սպանությունների միջոցով ձեռք բերված գանձերը հոսում էին դեպի մայր երկիրը և այնտեղ էլ դառնում էին կապիտալ։ Հոլանդիան, որտեղ առաջին անգամ լիովին զարգացավ գաղութային սիստեմը, 1648 թվականին արդեն իր առևտրական հզորության գագաթնակետին էր հասել։ «Նրա համարյա անբաժան տիրապետության տակ էին գտնվում արևելահնդկական առևտուրը և եվրոպական հարավ-արևմուտքի ու հյուսիս-արևելքի միջև եղած առևտրական հարաբերությունները։ Նրա ձկնորսարանները, նավագնացությունը, մանուֆակտուրաները իրենց հավասարը չունեին ոչ մի այլ երկրում։ Այդ ռեսպուբլիկայի կապիտալները գուցե ավելի մեծ էին, քան մնացած ամբողջ Եվրոպայի բոլոր կապիտալները միասին»։ [Q. Gülich: «Geschichtliche Darstellung etc.». Jena 1830, հ. I, էջ 371։] Այս տողերի հեղինակ Գյուլիխը մոռանում է ավելացնել` Հոլանդիայի ժողովրդական մասսաներն արդեն 1648 թվականին ավելի էին տառապում ուժից վեր աշխատանքից, ավելի աղքատ էին և ավելի դաժան ճնշում էին կրում, քան մնացած ամբողջ Եվրոպսյյի ժողովրդական մասսաները։ Ներկայումս արդյունաբերական գերիշխանությունն իր հետևից բերում է առևտրական գերիշխանություն։ Բուն մանուֆակտուրային ժամանակաշրջանում, ընդհակառակը, առևտրական գերիշխանության միջոցով է ապահովվում արդյունաբերական գերիշխանությունը։ Դրանից էլ առաջ էր գալիս այն աչքի ընկնող դերը, որ գաղութային սիստեմը խաղում էր այն ժամանակ։ Գաղութային սիստեմն այն «անծանոթ աստվածն» էր, որը բազմեց եկեղեցու սեղանի վրա Եվրոպայի հին աստվածների կողքին և մի գեղեցիկ օր նրանց բոլորին մի հարվածով դուրս շպրտեց սրբարանից։ Նա հարստացումը մարդկության վերջին ու միակ նպատակը հռչակեց։ Հասարակական վարկի, այսինքն պետական պարտքերի սիստեմը, որի սաղմնավորությունները մենք հայտնագործում ենք Ճենովայում ու Վենետիկում դեռևս միջին դարերում, մանուֆակտուրային ժամանակաշրջանի ընթացքում տարածվեց ամբողջ Եվրոպայում։ Գաղութային սիստեմն իր ծովային առևտրով ու առևտրական պատերազմներով որպես ջերմոց ծառայեց այդ սիստեմի համար։ Այդպես, նա ամենից առաջ արմատներ գցեց Հոլանդիայում։ Պետական պարտքը, այսինքն՝ պետության օտարումը — անկախ այն բանից՝ բռնապետական, կոնստիտուցիոն թե ռեսպուբլիկական է այդ պետությունը — իր կնիքն է դնում կապիտալիստական դարաշրջանի վրա։ Այսպես կոչված՝ ազգային հարստության միակ մասը, որն իրոք արդի Ժողովուրդների ընդհանուր սեփականությունն է կազմում, նրանց պետական պարտքերն են [''Տես 243a ծանոթ.'']։ Ուստի միանգամայն հետևողական է արդի այն ուսմունքը, թե մի ժողովուրդ այնքան ավելի հարուստ է, որքան ավելի շատ է նրա պարտքը։ Պետական վարկը դառնում է կապիտալի հավատո հանգանակը։ Եվ պետական պարտքի ծագման հետ մահացու մեղքը, որի համար ոչ մի ներում չկա, արդեն ոչ թե սուրբ հոգու անարգումն է, այլ վստահության խախտումը պետական պարտքի նկատմամբ։ Պետական պարտքը դառնում է նախասկզբնական կուտակման ամենազորեղ լծակներից մեկը։ Կարծես կախարդական գավազանի հպումով նա անարտադրողական փողը օժտում է ստեղծագործական ուժով և այդպիսով այն դարձնում է կապիտալ, ավելորդ դարձնելով փողի ենթարկումը այն վտանգներին ու դժվարություններին, որոնք անխզելի կերպով կապված են կապիտալը արդյունաբերության մեջ զետեղելու հետ, կապված են նույնիսկ մասնավոր վաշխառուական գործառնությունների հետ։ Պետական վարկատուներն իրապես ոչինչ չեն տալիս, որովհետև նրանց կողմից վարկատրված գումարները դառնում են հեշտությամբ շրջանառող պետական պարտագրեր, որոնք նրանց ձեռքում գործում են ճիշտ այնպես, ինչպես և կանխիկ փողը։ Բայց, բացի այդպիսով ստեղծված դատարկապորտ ռանտյեների դասակարգից և կառավարության ու ազգի միջև որպես միջնորդ հանդես եկող ֆինանսիստների հանկարծաստեղծ հարստությունից, բացի հարկերի կապալառուներից, վաճառականներից ու մասնավոր գործարանատերերից, որոնց ձեռքն է ընկնում ամեն մի պետական փոխառության զգալի մասը՝ որպես երկնքից ընկած կապիտալ,— բացի այդ բոլորից, պետական պարտքն ստեղծել է ակցիոներական ընկերություններ, ամեն տեսակ արժեթղթերի առևտուր, աժիոտաժ, մի խոսքով՝ բորսային խաղն ու արդի բանկոկրատիան։ Իրենց ծնունդ առնելու իսկ օրից խոշոր բանկերը, ամրապնդված ազգային տիտղոսներով, լոկ մասնավոր սպեկուլյանտների ընկերություններ էին, որոնք աջակցություն էին ցույց տալիս կառավարություններին և, ստացած արտոնությունների շնորհիվ, կարող էին փող վարկատրել նրանց։ Ուստի պետական պարտքի կուտակման ամենաանսխալական չափանիշը այդ բանկերի ակցիաների կուրսի պրոգրեսիվ բարձրացումն է, ընդ որում նրանց փթթումն սկսվում է Անգլիական բանկի հիմնադրման պահից (1694 թ.)։ Անգլիական բանկն իր գործունեությունն սկսեց կառավարությանը 8%-ով փող վարկատրելուց. միաժամանակ նա լիազորվեց պառլամենտի կողմից՝ փող կտրել նույն կապիտալից, որը բանկը կրկին վարկատրում էր հասարակությանը բանկային տոմսերի ձևով։ Բանկը կարող էր այդ բանկային տոմսերով մուրհակներ զեղջել, ապրանքների գրավադրությամբ փոխատվություններ տալ, ազնիվ մետաղներ գնել։ Կարճ ժամանակ անցավ, և ահա հենց բանկի կողմից պատրաստվող այդ վարկային փողն սկսեց գործել որպես հնչուն դրամ. Անգլիական բանկը բանկային տոմսերով էր փոխառություն տալիս պետությանը, բանկային տոմսերով էր պետության հաշվին պետական փոխառությունների տոկոսները վճարում։ Մի ձեռքով տալով, բանկը մյուս ձեռքով անհամեմատ ավելի շատ էր ստանում. բայց այդ դեռ քիչ էր. երբ նա նույնիսկ ստանում էր, նա ազգի հավիտենական վարկատուն էր մնում մինչև իր տված գումարի վերջին կոպեկը։ Աստիճանաբար նա դարձավ երկրի մետաղի պաշարի անփոփոխ պահպանողը և ամբողջ առևտրական վարկի ձգողության կենտրոնը։ Նույն այն ժամանակ, երբ անգլիացիները դադարեցին վհուկներին խարույկի վրա այրելուց, նրանք սկսեցին կախել բանկային տոմսեր կեղծողներին։ Թե ժամանակակիցների վրա ի՛նչ տպավորություն գործեց բանկոկրատների, ֆինանսիստների, ռանտյեների, մակլերների, սպեկուլյանտների ու բորսային գայլերի այդ ոհմակի հանկարծակի բարձրացումը, ցույց են տալիս այն ժամանակվա աշխատությունները, թեկուզ, օրինակ, Բոլինբրոկի գրվածքները [''Տես 243b ծանոթ.'']։ Պետական պարտքերի հետ առաջ եկավ միջազգային վարկի սիստեմը, որը հաճախ նախասկզբնական կուտակման սքողված աղբյուրներից մեկն է այս կամ այն ժողովրդի համար։ Այսպես, կողոպտելու վենետիկյան սիստեմի այլանդակությունները կապիտալիստական հարստության այդպիսի սքողված հիմքը կազմեցին Հոլանդիայի համար, որին փողի խոշոր գումարներ էր փոխ տալիս անկման վիճակի հասած Վենետիկը։ Նույնպիսի հարաբերություն է եղել Հոլանդիայի և Անգլիայի միջև։ XVIII դարի սկզբին արդեն Հոլանդիայի մանուֆակտուրաներին շատ էին գերազանցել անգլիականները, և հոլանդացիները դադարել էին առևտրական ու արդյունաբերական տիրող ազգ լինելուց։ Ուստի 1701—1776 թվականներն ընգգրկող ժամանակաշրջանում հոլանդացիների գլխավոր ձեռնարկումներից մեկը դառնում է վիթխարի կապիտալների փոխատվությունը, հատկապես նրանց հզոր մրցակից Անգլիային։ Ներկայումս նման հարաբերություններ են ստեղծվել Անգլիայի ու Միացյալ Նահանգների միջև։ Միացյալ Նահանգներում գործում են շատ կապիտալներ, որոնք իրենց ազգակցությունը չեն հիշում և ներկայացնում են լոկ երեխաների արյունը, որը երեկ կապիտալացված է Անգլիայում։ Որովհետև պետական պարտքերը հենվում են պետական եկամուտների վրա, որոնց հաշվին պետք է ծածկվեն տարեկան տոկոսները և այլ վճարումներ, ուստի արդի հարկային սիստեմը դարձավ ազգային վարկի սիստեմի անհրաժեշտ լրացումը։ Փոխառությունները կառավարությանը թույլ են տալիս արտակարգ ծախսերն այնպես ծածկել, որ հարկատուն միանգամից չի զգում նրանց ամբողջ ծանրությունը, բայց նույն այդ փոխառությունները, վերջիվերջո, պահանջում են հարկերի բարձրացում։ Մյուս կողմից, հարկերի բարձրացումը, որպես հետևանք միմյանց հետևից կնքված փոխառությունների, կառավարությանն ստիպում է յուրաքանչյուր նոր արտակարգ ծախսի դեպքում շարունակ նորանոր փոխառությունների դիմել։ Այսպիսով, արդի գանձահասութային սիստեմը, որի առանցքը կազմում է ամենաանհրաժեշտ կենսամիջոցների հարկումը (և, հետևապես, նրանց թանկացումը), հենց իր մեջ կրում է հարկերի ավտոմատիկ աճման սաղմը։ Չափից դուրս հարկումը ո՛չ թե մի պատահական շեղումն է այդ սիստեմից, այլ ավելի շուտ հենց նրա սկզբունքը։ Հոլանդիայում, որտեղ այդ սիստեմն ամենից առաջ է ամրապնդվել, մեծ հայրենասեր դը Վիտտը իր «Մաքսիմներ»-ում այն փառաբանում է որպես լավագույն եղանակը՝ վարձու բանվորի մեջ հնազանդություն, չափավորություն, ջանասիրություն և... ուժից վեր աշխատանքը տանելու պատրաստակամություն զարգացնելու համար։ Սակայն մեզ այստեղ հետաքրքրում է ոչ այնքան այն կործանարար ազդեցությունը, որ արդի գանձահասութային սիստեմը գործում է վարձու բանվորների դրության վրա, որքան գյուղացիների, արհեստավորների, մի խոսքով՝ մանր բուրժուազիայի բոլոր բաղկացուցիչ մասերի բռնի սեփականազրկումը, որ պայմանավորված է այդ սիստեմով։ Այս մասին երկու կարծիք չկա, նույնիսկ բուրժուական տնտեսագետների շարքերում։ Գանձահասութային սիստեմի սեփականազրկող ներգործությունն է՛լ ավելի է սաստկանում հովանավորման սիստեմի շնորհիվ, որն ինքը գանձահասութային սիստեմի անբաժան բաղկացուցիչ մասերից մեկն է։ Այն մեծ դերը, որ պետական պարտքերն ու արդի գանձահասութային սիստեմը խաղում են հասարակական հարստությունը կապիտալի փոխարկելու պրոցեսում, մասսաների սեփականազրկման և վարձու բանվորներին ճնշելու գործում, մոլորեցրել է մի շարք հեղինակների, ինչպես Կոբբետը, Գաբլդեյր և ուրիշներ, որոնք այստեղ տեսել են արդի ժողովրդական աղքատության գլխավոր պատճառը։ Հովանավորման սիստեմը մի արհեստական միջոց էր գործարանատերեր պատրաստելու և անկախ բանվորներին սեփականազրկելու համար, արտադրության ազգային միջոցներն ու կենսամիջոցները կապիտալի փոխարկելու և արտադրության հին եղանակից արդի եղանակին անցնելու պրոցեսը բռնի կերպով կրճատելու համար։ Եվրոպական պետությունները կռվտում էին այդ գյուտի արտոնագրի առաջնության համար և, մի անգամ արդեն ծառայության մտնելով շահույթի ասպետների մոտ, արդեն չէին բավարարվում նրանով, որ այղ. նպատակով իրենց սեփական ժողովուրդներին հարկում էին, անուղղակի կերպով հովանավորական մաքսերով, ուղղակի֊ կերպով էքսպորտային պրեմիաներով և այլն։ Իրենցից կախում ունեցող երկրորդական երկրներում նրանք բռնությամբ արմատախիլ էին անում ամեն մի արդյունաբերություն, ինչպես, օրինակ, անգլիացիներն արմատախիլ արին Իռլանդիայի բրդեղենի մանուֆակտուրան։ Կոլբերի շնորհիվ Եվրոպայի մայր-ցամաքում այդ պրոցեսն է՛լ ավելի պարզեցվեց։ Նախասակզբնական կապիտալն այստեղ դեպի արդյունաբերողներն է հոսում զգալի չափով ուղղակի պետական գանձարանից։ «Ինչո՞ւ,— բացականչում է Միրաբոն,— յոթնամյա պատերազմից առաջ Սաքսոնիայում տեղի ունեցած մանուֆակտուրային ծաղկման պատճառը այնքան հեռու փնտրել։ Բավական է ուշադրություն դարձնել 180 միլիոն պետական պարտքի վրա»<ref>Mirabeau: «De la Monarchie Prussienne». Londres 1788, հ. VI, էջ 101։</ref>։ Գաղութային սիստեմ, պետական պարտքեր, հարկերի ճնշում, հովանավորման սիստեմ, առևտրական պատերազմներ և այլն,— բուն մանուֆակտուրային ժամանակաշրջանի այս ընձյուղները վիթխարի չափերով աճում-տարածվում են խոշոր արդյունաբերության մանկական շրջանում։ Խոշոր արդյունաբերության ծնունդը նշանավորված է մանուկների հերովդեսյան վիթխարի կոտորածով։ Ինչպես թագավորական նավատորմն իր նավաստիներին, այնպես էլ գործարանները բռնությամբ են հավաքագրում իրենց բանվորներին։ Մենք տեսանք, թե ինչպիսի անտարբերությամբ է նայում սըր Ֆ. Մ. Իդենը այն սարսափներին, որոնք ուղեկցում էին գյուղական ժողովրդի սեփականազրկմանը հողից, սկսած XV դարի վերջին երրորդից ընդհուպ մինչև իր ժամանակը, XVIII դարի վերջը, մենք տեսանք, թե նա ինչպիսի ինքնագոհությամբ է ողջունում այդ պրոցեսը, որն «անհրաժեշտ էր» կապիտալիստական հողագործություն ստեղծելու և «վարելահողի ու արոտավայրի միջև ճիշտ հարաբերակցություն սահմանելու» համար. բայց նույնիսկ սըր Իդենը այնքան հեռու չի գնում, որ սառնասրտությամբ ընդունի, թե տնտեսապես անհրաժեշտ է երեխաներին հափշտակելն ու ստրկացնելր՝ մանուֆակտուրային արտադրությունը գործարանային արտադրության փոխարկելու և կապիտալի ու աշխատուժի միջև ճիշտ հարաբերության սահմանելու համար։ Նա ասում է. «Գուցե հասարակության ուշադրությանն արժանի է հետևյալ հարցը։ Արդյունաբերությանը, որը կարող է հաջողակ գործել միայն հափշտակելով կոտտեջներից ու աշխատատներից աղքատ երեխաներին, որոնք խումբ-խումբ հերթափոխվելով պետք է գիշերվա մեծ մասը աշխատեն, չիմանալով ինչ է հանգիստը. արդյունաբերությունը, որը, բացի դրանից, երկու սեռի և տարբեր տարիքների ու հակումների անձերին խառնում է իրար հետ, մի բան, որի անհրաժեշտ հետևանքը պետք է լինի երիտասարդության փչացումն ու անառակացումը՝ շնորհիվ վարակիչ վատ օրինակների,— արդյոք այդպիսի արդյունաբերությունը կարո՞ղ է ազգային ու անհատական երջանկության գումարը մեծացնել»<ref>Eden: «The State of the Poor», գիրք II, գլ. I, էջ 421։</ref>։ «Դերբիշիրում, Նոտտինգհեմշիրում և մանավանդ Լանկաշիրում,— գրում է Ֆիլդենը,— վերջերս հնարված մեքենաներ կիրառվեցին խոշոր գործարաններում՝ կառուցված վտակների մոտ, որոնք կարող են ջրանիվը պտտեցնել։ Այդ տեղերի համար, որոնք քաղաքներից հեռու են գտնվում, հազարավոր բանվոր ձեռքեր պահանջվեցին հանկարծակի. և հատկապես Լանկաշիրում, որն անպտղաբեր է և մինչև այժմ էլ նոսր է բնակեցված, բնակչությունն ավելացնելու այդ պահանջը լուրջ կերպով զգացվեց։ Հատկապես մեծ էր երեխաների փոքրիկ ու արագաշարժ մատների պահանջարկը։ Անմիջապես սովորություն դարձավ Լոնդոնի, Բիրմինհամի ու այլ ծխական աշխատատներից աշկերտներ (!) հավաքագրելը։ Հազարավոր ու հազարավոր այդպիսի փոքրիկ անօգնական արարածներ, 7.ից մինչև 13 կամ 14 տարեկան, այն ժամանակ ուղարկվեցին դեպի հյուսիս։ Գործատերերը (այսինքն՝ երեխաներին հափշտակողները) սովորություն դարձրին իրենց աշկերտներին հագցնել, կերակրել ու տեղավորել գործարանին մոտիկ գտնվող տներում։ Նրանց աշխատանքին հսկելու համար վերակացուներ վարձվեցին։ Ստրուկների այդ վերակացուների շահը պահանջում էր, որ երեխաներին ստիպեն որքան հնարավոր է շատ աշխատելու, որովհետև վերակացուների վճարը կախված էր յուրաքանչյուր երեխայից քամած արդյունքի քանակից։ Դրա բնական հետևանքը եղավ անգթությունը։ Գործարանային շատ շրջաններում, մանավանդ Լանկաշիրի շրջանում, ամենասարսափելի տանջանքների ենթարկվեցին այդ անմեղ, անպաշտպան արարածները, որոնք գործարանատերերի իրավունքին էին հանձնված։ Նրանց մահամերձ էին անում չափից դուրս աշխատանքով... ծեծում էին, շղթայակապ էին անում, ենթարկում էին ամենանրբահնար ու ամենադաժան տանջանքների. քաղցից ծայրահեղ աստիճան հյուծված ու կմախք դարձած այդ երեխաներին հաճախ մտրակով էին ստիպում աշխատելու... Երբեմն ինքնասպանության էին հասցնում նրանց։ Դերբիշիրի, Նոտտինգհեմշիրի ու Լանկաշիրի գեղեցիկ ու ռոմանտիկ հովիտները, ամեն մի հասարակական վերահսկողությունից թաքնված, դարձան խոշտանգումների և հաճախ սպանությունների մռայլ վայրեր... Գործարանատերերի շահույթները վիթխարի էին։ Այդ լոկ սաստկացնում էր նրանց հատուկ՝ գայլի ագահությունը։ Նրանք սկսեցին գիշերային աշխատանքի պրակտիկան կիրառել, այսինքն՝ գիշերը վրա հասնելիս, երբ ցերեկվա աշխատանքից ուժասպառ բանվորների մի խումբը գնում էր քնելու, նրա փոխարեն գործարանում աշխատանքի էր անցնում բանվորների մի ուրիշ խումբ, ցերեկվա խումբը գնում էր մտնելու այն անկողինները, որ գիշերային խումբը հենց նոր էր թողել և vice versa [ընդհակառակը]։ Լանկաշիրի մի ժողովրդական ավանդություն ասում է, թե անկողինները երբեք չէին սառչում»<ref>John Fielden: «The Curse of the Factory System». London 1836, էջ 5, 6։ Գործարաններում սկզբնական շրջանում տիրող այլանդակությունների մասին հմմտ. Dr. Aikin: «Description of the Country from thirty to forty miles round Manchester», London 1795, էջ 219, և Gisborne: «Inquiry into the Duties of Men», 1795, Հ. II։ — Երբ շոգեմեքենան գործարանները գյուղական առանձնացած ջրվեժներից փոխադրեց քաղաքների կենտրոնները, մանկական բանվորական տարրը «ժուժկալության» տրամադիր կապիտալիստի ձեռքի տակ դրվեց, և աշխատատներից բռնությամբ ստրուկներ փոխադրելը ավելորդ դարձավ։ — Երբ սըր Ռոբերտ Պիլը («Plausibilität [«բարեվայելչության»] մինիստրի» հայրը) 1815 թվականին երեխաների պաշտպանության վերաբերյալ բիլլը մտցրեց, Ֆրենսիս Հորները (Bullion-Committee-ի [Ձույլերի կոմիտեի] լուսատուն և Ռիկարդոյի մտերիմ բարեկամը) ստորին պալատում հայտարարեց. «Անկասկածելիորեն հաստատված է, որ մի սնանկի ունեցածի հետ, իբրև նրա գույքի մասը, աճուրդով հրապարակորեն վաճառելու են նշանակել և իսկապես վաճառել են գործարանային երեխաների մի խումբ, եթե թույլատրելի է՝ մի այսպիսի արտահայտություն գործածել։ Երկու տարի առաջ (1813 թ.) մի վրդովեցուցիչ դեպք քննվում էր King’s Bench-ի [թագավորական բարձրագույն դատական ատյանի] առջև։ Հարցը վերաբերում էր մի խումբ երեխաների։ Լոնդոնի մի ծխական համայնք նրանց տվել էր մի գործարանատիրոջ, որը, իր հերթին, նրանց զիջել էր մի ուրիշի։ Վերջիվերջո, մի քանի մարդասերներ երեխաներին գտան բացարձակ սովահարության (absolute famine) վիճակում։ Մի ուրիշ, է՛լ ավելի զզվելի դեպքի էր ծանոթացել նա որպես պառլամենտական հետազոտիչ հանձնաժողովի անդամ։ Մի քանի տարի առաջ Լոնդոնի մի ծխական համայնք Լանկաշիրի մի գործարանատիրոջ հետ պայմանագիր էր կնքել, ընդ որում գործարանատերը պարտավորվել էր իր գնած ամեն մի 20 առողջ երեխայի հետ մի ապուշ երեխա ընդունել»։</ref>։ Մանուֆակտուրային ժամանակաշրջանում, կապիտալիստական արտադրության զարգացման հետ Եվրոպայի հասարակական կարծիքը կորցրել էր ամոթի ու խղճի վերջին մնացորդները։ Ազգերը ցինիկորեն պարծենում էին ամեն մի ստորությամբ, եթե այն կապիտալի կուտակման միջոց էր։ Կարդացե՛ք, օրինակ, ֆիլիստեր Ա. Անդերսոնի կազմած առևտրի միամիտ տարեգրությունը։ Այնտեղ, որպես անգլիական պետական իմաստության ամենաբարձր հաղթանակ, մեծարվում է այն փաստը, որ Անգլիան Ուտրեխտի հաշտությունը կնքելիս իսպանացիներից asiento [ստրկավաճառության] պայմանագրով արտոնություն կորզեց, որը նրան թույլ էր տալիս Աֆրիկայում գնած նեգրերին վաճառել Ամերիկայի իսպանական տիրապետություններում, մինչդեռ մինչև այժմ նեգրերի առևտուրը թույլատրվում էր միայն Աֆրիկայի և անգլիական Արևմտյան Հնդկաստանի միջև։ Անգլիան իրավունք ստացավ մինչև 1743 թվականն իսպանական Ամերիկային մատակարարելու տարեկան 4 800 նեգր։ Դրանով միաժամանակ պաշտոնական քողարկում ստեղծվեց բրիտանական մաքսանենգության համար։ Լիվերպուլն աճեց ստրկավաճառության հողի վրա։ Ստրկավաճառությունը նախասկզբնական կուտակման նրա մեթոդն է։ Եվ մինչև մեր օրերն էլ Լիվերպուլի բարձր հասարակությունը մնացել է որպես ստրկավաճառության Պինդարոս, ստրկավաճառության, որը — հմմտ. դ-ր Էյկինի 1795 թվականին լույս տեսած աշխատությունը, որից ցիտատներ բերինք վերևում,— «առևտրական նախաձեռնության ոգին դարձնում է կիրք, փառապանծ ծովագնացներ է ստեղծում և հսկայական փողեր է բերում»։ 1730 թվականին ստրկավաճառությամբ էին զբաղվում լիվերպուլյան 15 նավ, 1751 թվականին՝ 53 նավ, 1760 թվականին՝ 74 նավ, 1770 թվականին՝ 96 և 1792 թվականին՝ 132 նավ։ Բամբակեղենի արդյունաբերությունը, Անգլիայում մանուկների ստրկություն մտցնելով, միաժամանակ զարկ տվեց այն բանին, որ Միացյալ Նահանգների մինչ այդ ավելի կամ պակաս չափով նահապետական ստրկատնտեսությունը փոխարկվի առևտրական հիմունքներով կազմակերպված շահագործման սիստեմի։ Ընդհանրապես Եվրոպայում վարձու բանվորների սքողված ստրկության համար որպես պատվանդան հարկավոր էր անսքող ստրկությունը Նոր Աշխարհում<ref>1790 թվականին անգլիական Արևմտյան Հնդկաստանում 10 ստրուկ էր ընկնում 1 ազատ մարդուն, ֆրանսիականում՝ 14-ը մեկին. Հոլանդականում՝ 23-ը մեկին (Henry Brougham: «An Inquiry into the Colonial Policy of the European Powers». Edinburgh 1803, հ. II, էջ 74)։</ref>։ Tantae molis erat [այդպիսի ջանքեր պահանջվեցին] արտադրության կապիտալիստական եղանակի «հավիտենական բնական օրենքների] ազատ դրսևորման պայմաններ ստեղծելու, բանվորներին նրանց աշխատանքի միջոցներից անջատելու պրոցեսը կատարելու, մի բևեռում արտադրության հասարակական միջոցներն ու կենսամիջոցները կապիտալի փոխարկելու, հակառակ բևեռում ժողովրդական մասսային վարձու բանվորներ, ազատ «աշխատող չքավորներ» — արդի պատմության այդ գլուխ-գործոցը — դարձնելու համար<ref>«Labouring poor» [«աշխատող չքավռր»] արտահայտությունն անգլիական օրենսդրության մեջ հանդիպում է այն վայրկյանից, երբ վարձու բանվորների դասակարգը նկատելի չափեր է ընդունում։ «Labouring poor»-ը [«աշխատող չքավորը] հակադրվում է, մի կողմիդ, «idle poor»-ին [«ծույլ չքավորներին»], մուրացկաններին և այլն, մյուս կողմից այն բանվորներին, որոնք դեռ բոլորովին չեն ազատագրված սեփականությունից, դեռ իրենց աշխատամիջոցների տերերն են։ «Աշխատող չքավոր» արտահայտությունը օրենսդրությունից անցավ քաղաքատնտեսության մեջ, որտեղ գործ է ածվում՝ սկսած Կելպեպերից, Դ. Չայլդից և ուրիշներից մինչև Ա. Սմիթն ու Իդենը։ Դրա համեմատ էլ կարելի է դատել «execrable politlcal Cantmonger» [«քաղաքական գարշելի կեղծավորության փերեզակ»] Էդմունդ Բերկի bonne foi-ի [բարեխղճության] մասին, երբ նա «աշխատող չքավոր» արտահայտությունը անվանում է «execrable political cant» [«քաղաքական գարշելի կեղծավորություն»]։ Այս սիկոֆանտը, որ անգլիական օլիգարխիայի հաշվին է ապրում, ռոմանտիկի դեր էր խաղում ֆրանսիական ռևոլյուցիայի նկատմամբ, իսկ ամերիկյան խռովությունների ժամանակ հյուսիս-ամերիկյան գաղութներից վարձ ստանալով, նույնպիսի հաջողությամբ լիբերալի դերում էր հանդես գալիս անգլիական օլիգարխիայի դեմ. իսկ փաստորեն նա մի ամենասովորական բուրժուա էր. «Առևտրի օրենքները բնության օրենքներ են հետևաբար, աստծու օրենքներ» (E. Burke: «Thoughts and Details on Scarcity», հրատ. London 1800, էջ 31, 32)։ Զարմանալու ոչինչ չկա, որ նա, աստծու ու բնության օրենքներին հավատարիմ, միշտ վաճառե՜լ է իրեն ամենաձեռնտու շուկայում։ Այդ Էդմունդ Բերկի՝ լիբերալություն անելու շրջանի լավ բնութագիրը կարելի է գտնել Տեկկերի գրվածքներում։ Տեկկերը տերտեր ու տորի էր, բայց մնացած բաներում կարգին մարդ էր ու լավ տնտեսագետ։ Նկատի ունենալով այն խայտառակ անսկզբունքայնությունը, որն իշխում է մեր օրերի քաղաքատնտեսության մեջ և անխախտ բարեպաշտությամբ ամրապնդում է հավատը «առևտրի օրենքների» նկատմամբ, անհրաժեշտ է կրկին ու կրկին նշավակել Բերկերին, որոնք իրենց հետևորդներից լոկ մի բանով են տարբերվում — տաղանդով։</ref>։ Եթե փողը, Օժյեի ասելով, «աշխարհ է գալիս մի այտի վրա արյան բնական բծով»<ref>Marie Auger: «Du Crédit Public».</ref>, ապա նորածին կապիտալի բոլոր ծակոտիներից, ոտից մինչև գլուխ, արյուն ու կեղտ է հոսում<ref>«Կապիտալը,— ասում է «Quarterly Reviewer»-ը,— խուսափում է աղմուկից ու կռվից և երկչոտ բնավորություն ունի։ Այդ ճիշտ է, բայց այդ դեռ ամբողջ ճշմարտությունը չէ։ Կապիտալը վախենում է շահույթի բացակայությունից կամ շատ փոքր շահույթից, ինչպես բնությունը վախենում է դատարկությունից։ Բայց երբ առկա է բավականաչափ շահույթը, կապիտալը համարձակ է դառնում։ Տասը տոկոսն ապահովեցեք, և կապիտալը համաձայն է ամեն մի կիրառման. 20 տոկոսի դեպքում նա աշխուժանում է, 50 տոկոսի դեպքում նա դրականապես պատրաստ է ամեն մի հանդգնության, 100 տոկոսի դեպքում նա ոտնատակ է տալիս մարդկային բոլոր օրենքները, 300 տոկոսի դեպքում չկա մի ոճիր, որը գործելու ռիսկ չանի նա, թեկուզ նրան կախաղանի վտանգ սպառնալիս լինի։ Եթե աղմուկն ու կռիվը շահույթ են բերում, կապիտալը կսկսի նպաստել թե՛ մեկին, թե՛ մյուսին։ Ապացույց՝ մաքսանենգությունը և ստրկավաճառությունը» (T. J. Dunning: «Trades’ Unions and Strikes». London 1860, էջ 35, 36)։</ref>։ ====7. ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՏԱԿՄԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՆԴԵՆՑԸ==== Այսպես ուրեմն, ինչի՞ է հանգում կապիտալի նախասկզբնական կուտակումը, այսինքն՝ նրա պատմական ծագումը։ Որչափով նա ստրուկների ու ճորտերի անմիջական փոխարկումը չէ վարձու բանվորների, և, հետևապես, ձևի հասարակ հաջորդափոխում չէ, նա նշանակում է միայն անմիջական արտադրողների սեփականազրկում, այսինքն՝ սեփական աշխատանքի վրա հիմնված մասնավոր սեփականության քայքայում։ Մասնավոր սեփականությունը, որպես հասարակական, կոլեկտիվ սեփականության հակադրություն, գոյություն ունի միայն այնտեղ, որտեղ աշխատանքի միջոցներն ու աշխատանքի արտաքին պայմանները մասնավոր մարդկանց են պատկանում։ Եվ, նայած թե այդ մասնավոր մարդիկ բանվորներ են թե ոչ-բանվորներ, դրա համեմատ էլ փոխվում է իր իսկ՝ մասնավոր սեփականության բնույթը։ Մասնավոր սեփականության անթիվ երանգները, որոնք ներկայանում են մեր հայացքին, արտացոլում են լոկ այն միջակա կացությունները, որոնք ընկած են այդ երկու բևեռների միջև։ Արտադրության միջոցների նկատմամբ աշխատողի մասնավոր սեփականությունը մանր արտադրության հիմքն է, իսկ մանր արտադրությունը մի անհրաժեշտ պայման է հասարակական արտադրության և բուն իսկ աշխատողի ազատ անհատականության զարգացման համար։ Ճիշտ է, արտադրության այդ եղանակը հանդիպում է թե՛ ստրկության, թե՛ ճորտության և թե՛ անձնական կախման այլ ձևերի ժամանակ։ Սակայն նա լիակատար ծաղկման է հասնում, իր ամբողջ եռանդը դրսևորում, իրեն համապատասխան կլասիկ ձևը ստանում է միայն այնտեղ, որտեղ աշխատողը աշխատանքի իր գործածած պայմանների ազատ մասնավոր սեփականատերն է, որտեղ գյուղացին տերն է այն դաշտի, որ նա մշակում է, արհեստավորը՝ այն գործիքների, որոնց նա տիրապետում է իբրև վիրտուոզ։ Արտադրության այդ եղանակը հողի ու արտադրության մնացած միջոցների մանրատում է ենթադրում։ Նա բացառում է ինչպես այդ վերջինների համակենտրոնացումը, այնպես էլ նրանց կոոպերացիան, բացառում է աշխատանքի բաժանումը արտադրական միևնույն պրոցեսի ներսում, հասարակական իշխանությունը բնության վրա ու բնության հասարակական կարգավորումը, հասարակական արտադրողական ուժերի ազատ զարգացումը։ Այն համատեղելի է արտադրության ու հասարակության միայն նեղ տրադիցիոն սահմանների հետ։ Արտադրության այդ եղանակի հավերժացման ձգտումը, ինչպես Պեկերն է իրավամբ ասում, հավասարազոր է «ընդհանուր միջակությունը դեկրետագրելուն»։ Բայց զարգացման որոշ մակարդակի վրա արտադրության հիշյալ եղանակը ինքն է ստեղծում իր սեփական ոչնչացման նյութական միջոցները։ Այդ վայրկյանից սկսած՝ հասարակության ընդերքում շարժվել են սկսում այն ուժերն ու կրքերը, որոնք իրենց շղթայված են զգում արտադրության այդ եղանակի կողմից։ Վերջինը պետք է ոչնչացվի, և նա ոչնչացվում է։ Նրա ոչնչացումը, արտադրության անհատական ու փոշիացած միջոցները հասարակականորեն համակենտրոնացված արտադրության միջոցներ դարձնելը, հետևապես, շատերի գաճաճային սեփականությունը քչերի վիթխարի սեփականության փոխարկելը ժողովրդական լայն մասսաների սեփականազրկումը հողից, կենսամիջոցներից ու աշխատանքի գործիքներից,— ժողովրդական մասսայի այդ զարհուրելի ու դժվարին սեփականազրկումը կապիտալի պատմության նախաբանն է կազմում։ Նա պարունակում է մի ամբողջ շարք բռնի մեթոդներ, որոնցից մենք վերը քննարկեցինք միայն ամենակարևոր, դարագլուխ կազմող մեթոդները, ինչպես նախասկզբնական կուտակման մեթոդները։ Անմիջական արտադրողների սեփականազրկումը կատարվում է ամենաանխնա վանդալիզմով և ամենաստոր, ամենակեղտոտ, ամենամանր ու ամենակատաղի կրքերի ազդեցության տակ։ Սեփականատիրոջ աշխատանքով ձեռք բերված մասնավոր սեփականությունը, որը հիմնված է, այսպես ասած, առանձին անկախ աշխատավորի սերտաճելու վրա իր աշխատանքի գործիքների ու միջոցն երի հետ, դուրս է մղվում կապիտալիստական մասնավոր սեփականության կողմից, որը խարսխված է ուրիշի աշխատուժի, բայց ձևականորեն ազատ աշխատուժի շահագործման վրա<ref>«Մենք ոտք ենք դրել մի բոլորովին նոր հասարակակարգ... մենք ձգտում ենք սեփականության ամեն մի տեսակ անջատել աշխատանքի ամեն մի տեսակից» (Sismondi: «Nouveaux Principes d’Économie Politique», հ. II, էջ 434)։</ref>։ Երբ փոխարկման այդ պրոցեսը խորությամբ ու լայնությամբ բավարար չափով քայքայել է հին հասարակությունը, երբ բանվորներն արդեն դարձել են պրոլետարներ, իսկ նրանց աշխատանքի պայմանները՝ կապիտալ, երբ արտադրության կապիտալիստական եղանակը սեփական ոտքերի վրա է կանգնում, այն ժամանակ աշխատանքի հետագա հանրայնացումը, հողի ու արտադրության մյուս միջոցների փոխարկումը հասարակականորեն օգտագործելի հողի ու միջոցների և, հետևապես, ղրանց փոխարկումն ընղհանուր արտադրության միջոցների և դրա հետ կապված՝ մասնավոր սեփականատերերի հետագա սեփականազրկումը նոր ձև է ընդունում։ Այժմ սեփականազրկման ենթակա է արդեն ո՛չ թե ինքնուրույն տնտեսություն վարող բանվորը, այլ շատ բանվորներ շահագործող կապիտալիստը։ Այդ սեփականազրկումը կատարվում է բուն կապիտալիստական արտադրության ներհատուկ օրենքների խաղով, կապիտալների կենտրոնացման միջոցով։ Մեկ կապիտալիստը տապալում է շատ կապիտալիստների։ Այդ կենտրոնացման կամ բազմաթիվ կապիտալիստների՝ սակավաթիվ կապիտալիստների կողմից սեփականազրկվելու հետ ձեռք-ձեռքի զարգանում է աշխատանքի պրոցեսի կոոպերատիվ ձևը ավելի ու ավելի լայն, խոշոր չափերով, զարգանում է գիտության գիտակցական տեխնիկական կիրառումը, հողի պլանաչափ շահագործումը, աշխատանքի միջոցների փոխարկումը աշխատանքի այնպիսի միջոցների, որոնք միայն կոլեկտիվ կիրառում են թույլ տալիս, արտադրության բոլոր միջոցների էկոնոմացումն այն բանի հետևանքով, որ նրանք գործադրվում են որպես կոմբինացված հասարակական աշխատանքի արտադրամիջոցներ, բոլոր ժողովուրդների ներհյուսումը համաշխարհային շուկայի ցանցի մեջ, իսկ դրա հետ էլ կապիտալիստական ռեժիմի միջազգային բնույթը։ Կապիտալի մագնատների շարունակ նվազող թվի հետ, որոնք հափշտակում են և մոնոպոլիա դարձնում փոխարկման այդ պրոցեսի բոլոր օգուտները, աճում է աղքատության, ճնշման, ստրկացման, այլասերման, շահագործման մասսան, բայց դրա հետ միասին աճում է նաև բանվոր դասակարգի վրդովմունքը, որը վարժվում, միավորվում ու կազմակերպվում է հենց արտադրության կապիտալիստական պրոցեսի մեխանիզմի միջոցով։ Կապիտալի մոնոպոլիան կապանք է դառնում արտադրության այն եղանակի համար, որն աճել է նրա հետ ու նրա հովանու տակ։ Արտադրության միջոցների կենտրոնացումն ու աշխատանքի հանրայնացումը հասնում են այն կետին, երբ նրանք անհամատեղելի են դառնում իրենց կապիտալիստական պատյանի հետ։ Վերջինը պայթում է։ Հնչում է կապիտալիստական մասնավոր սեփականության ժամը։ Սեփականազրկողներին սեփականազրկում են։ Արտադրության կապիտալիստական եղանակից բխող յուրացման կապիտալիստական եղանակը, հետևապես, նաև կապիտալիստական մասնավոր սեփականությունը սեփական աշխատանքի վրա հիմնված անհատական սեփականության առաջին բացասումն է։ Կապիտալիստական արտադրությունը բնապատմական պրոցեսի անհրաժեշտությամբ հենց ինքն է կատարում իր սեփական բացասումը։ Սա բացասման բացասումն է։ Նա կրկին ստեղծում է անհատական սեփականություն, բայց կապիտալիստական դարաշրջանի նվաճումների հիմքի վրա, այսինքն՝ ազատ աշխատողների կոոպերացիայի և հողին ու այդ աշխատողների ձեռքով արտադրված արտադրամիջոցներին հանրորեն տիրելու հիմքի վրա։ Առանձին անհատների սեփական աշխատանքի վրա հիմնված և մանրատված մասնավոր սեփականության փոխարկումը կապիտալիստական մասնավոր սեփականության, իհարկե, մի անհամեմատ ավելի երկարատև, դժվարին ու ծանր պրոցես է, քան փաստորեն արդեն արտադրության հասարակական պրոցեսի վրա հիմնված կապիտալիստական մասնավոր սեփականության փոխարկումը հասարակական սեփականության։ Այնտեղ բանը վերաբերում է ժողովրդական մասսայի սեփականազրկմանը սակավաթիվ հափշտակիչների ձեռքով, այստեղ ժողովրդական մասսան պետք է սեփականազրկի սակավաթիվ հափշտակիչներին<ref>«Արդյունաբերության պրոգրեսը, որի ակամա կրողը հանդիսանում է բուրժուազիան, որն անզոր է նրան դիմադրելու, բանվորների կոնկուրենցիայից առաջացած բաժանվածության տեղը դնում է նրանց ռևոլյուցիոն միավորումն ասոցիացիայի միջոցով։ Այսպիսով, խոշոր արդյունաբերության զարգացման հետ բուրժուազիայի ոտքի տակից խլվում է հենց այն հիմքը, որի վրա նա արտադրում է և յուրացնում արդյունքները։ Նա արտադրում է ամենից առաջ իր սեփական գերեզմանափորներին։ Նրա կործանումն ու պրոլետարիատի հաղթանակը հավասարապես անխուսափելի են... Այժմ բուրժուազիայի դեմ կանգնած բոլոր դասակարգերից միայն պրոլետարիատն է իսկապես ռևոլյուցիոն դասակարգ ներկայացնում։ Մյուս բոլոր դասակարգերը խոշոր արդյունաբերության զարգացմամբ հասնում են անկման և ոչնչանում են, իսկ պրոլետարիատը այդ զարգացման սեփական արդյունքն է։ Միջին դասերը՝ մանր արդյունաբերողը, մանր առևտրականը, արհեստավորն ու գյուղացին, դրանք բոլորն էլ բուրժուազիայի դեմ կռվում են նրա համար, որպեսզի կործանումից փրկեն իրենց գոյությունը որպես միջին դասերի։ Նրանք, հետևաբար, ոչ թե ռևոլյուցիոն են, այլ կոնսերվատիվ։ Դեռ ավելին. նրանք ռեակցիոն են, նրանք ձգտում են ետ դարձնել պատմության անիվը»։ (K. Marx und F. Engels: «Manifest der Kommunistischen Partei». London 1848, էջ 11, 9)։ [Հմմտ. Կ. Մարքս և Ֆ. Էնգելս. «[[Կոմունիստական պարտիայի մանիֆեստը]]»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. V, էջ 494—495, 493։]</ref>։
<references>
Վստահելի
1396
edits