Changes

Դրվագներ հայ ազատագրության մտքի պատմության, գիրք առաջին

Ավելացվել է 39 857 բայտ, 14:27, 27 Օգոստոսի 2014
/* 3. Դաշանց թուղթը */
== 3. Դաշանց թուղթը ==
 
''Կիլիկիան և խաչակիրները: Գրական արձագանքներ: Տրդատի և Լուսավորչի լեգենդը «Դաշանց թղթի» մեջ: «Դաշանց թղթի» խմբագրման ժամանակը: Ազատագրական լեգենդի ներթափանցումը «Դաշանց թղթի» աղբյուրները և նրա ներգործության շառավիղը։''
 
<hr/>
 
Բյուզանդական ագրեսիայի և սելջուկների արշավանքների ճնշման տակ հայ ժողովրդի և ֆեոդալների մի մասը XI դարի ընթացքում գաղթեց հայրենի երկրից և համակենտրոնանալով հյուսիսային Միջագետքում, Սիրիայում և Կիլիկիայում՝ հաստատեց այդ երկրներում ֆեոդալական մասնավոր իշխանություններ։ Տասերկուերորդ դարի ընթացքում կարևորություն ստացավ հատկապես հայ ֆեոդալական դիանստի աներից մեկի՝ Ռուբինյանների՝ Կիլիկիայում կազմակերպած իշխանությունը։ Օգտագործելով սելջուկների և հույների հակամարտը, Ռուբինյանները սկզբնապես ամրացան լեռնային Կիլիկիայում, իսկ հետագայում տարածեցին իրենց իշխանությունը ամբողջ Կիլիկիայի վրա, որի բնակչության խոշոր մի մասը բաղկացած էր դարձյալ նորագաղթ հայերից։ հայկական այս իշխանության համար միառժամանակ նպաստավոր եղավ խաչակրաց առաջին արշավանքը, որը հետ մղելով սելջուկներին Փոքր Ասիայի և Սիրիայի ծովամերձ շրջաններից՝ հնարավորություն տվեց Լեռնային Կլիկիայում իշխող Ռուբինյաններին նվաճելու բյուզանդացիների և սելջուկների տիրապետության տակ գտնված դաշտային Կիլիկիայի տիրույթները։ Սակայն խաչակիրներին Կիլիկիային հասցրած տևական վնասն ավելի մեծ եղավ, քան նրանց տված ժամանակավոր օգուտը։ Նրանց «բարեկամությունը» մեկուսացնում էր Ռուբինյանների պետությունը՝ թշնամանքի վիհ փորում նրա և հարևան պետությունների միջև և ի վերջո հարձակման անցած մուսուլման ֆեոդալների կատաղության զոհ դարձնում խաչակիրների քրիստոնյա «դաշնակիցներին», դրանց թվում նաև հայերին։ Անկախ սրանից, հաճախ խաչակիր ֆեոդալներն իսկ հանդես էին գալիս արևելյան քրիստոնյաներին ճնշողների ու կեղեքողների դերում։ Հայտնի է, օրինակ, այն պայքարը, որ տանում էին հույների դեմ Եդեսիայի խաչակիրները։ Նրանք են դարձյալ, որ ոչնչացրին ու հողմացրիվ արին Միջագետքի և Սիրիայի հայ իշխանությունները։ Հազվադեպ չէին սուր բախումները նաև խաչակիրների և կիլիկեցիների միջև։
 
Կարող էր թվալ, թե Կիլիկիայի հետ խաչակիր Եվրոպայի կնքած առևտրական դաշնագրերը պիտի զարկ տային տեղական առևտրին ու արդյունագործությանը, նպաստեին կիլիկյան քաղաքների զարգացմանը։ Սակայն խաչակիր առևտրականները նույնքան քիչ էին շահագրգռված դրանց մեջ, որքան և նրանց հետագա ժառանգորդները՝ կապիտալիստական Արևմուտքի գաղութարարները։
 
Ուշագրավ հանգամանք է, որ, հակառակ բուրժուական պատմագիրների հավաստիացման, միջազգային առևտրի մեջ Կիլիկիայի Այաս նավահանգիստը խոշոր նշանակություն ստացավ ոչ թե խաչակիր թագավորությունների կամ լատինական իմպերիայի ժամանակ, այլ ղրանց անկումից հետո։ Դաշնագրերի մեջ Այասի անունը առաջին անգամ հիշատակվում է լատինական կայսրության անկման տարում՝ 1261 թվականին։ Նրա նշանակությունը սկսում է բարձրանալ Ակկայի անկումից հետո՝ հասնելով իր ազդեցության գագաթնակետին XIV դարի սկզբներին<ref>Հմմտ. Г. Микаелян, История Киликийского армянского государства, Ереван, 1953, էջ 372 և հետ.։</ref>։
 
XI—XII դարերում Ռուբինյանները կարողացան ապահովել իրենց պետության անկախություն՝ պայքարելով ոչ միայն Ռումի սուլթանների, այլև Անտիոքի ֆրանկների դեմ։ Առավել չափով այս քաղաքականությունը հաջողեց Կիլիկիայի հայ թագավորության հիմնադիր Լևոն II-ին։ «Լևոն II-ի գործունեությունը,— իրավացիորեն գրում էր Կիլիկյան Հայաստանի պատմության սովետահայ հետազոտող պրոֆ. Գ. Միքայելյանը,— ինչպես հայտնի է, տեղի ուներ միջազգային բարդ իրադրության մեջ։ Նա գործ ուներ Սալահ-ադ-դինի, Ֆրիդրիխ Բարբարոսայի, Ինոկենտիոս Ill-ի և Փոքր Ասիայի սելջուկյանների հետ, ընդ սմին դրսևորելով դիվանագիտական արտակարգ ընդունակություններ։ Նա տարավ մի շարք հաղթանակներ, որոնց հետևանքով զգալապես բարձրացավ կիլիկյան հայ պետության ռազմաքաղաքական պրեստիժը»<ref>Նույն տեղում էջ 172։</ref>։ Դժբախտաբար Լևոնի հաջորդները արծարծեցին միայն նրա քաղաքականության նվազ արդյունավոր կողմը՝ նրա մերձեցումը խաչակիրներին ու պապական Հռոմին։
 
Հռոմին արած ձևական խոստումների և խաչակիրներին հատկացրած մի քանի արտոնությունների գնով Լևոն Il-ը ջանում էր պաշտպանվել իսլամ Արևելքից ու քրիստոնյա Բյուզանդիայից և ամրացնում ոչ միայն իր իշխանությունը, այլև հայադավան եկեղեցին։ Հիշենք հունասեր Լամբրոնացուն ուղղած նրա կշտամբանքը, հայ վանքերին հատկացրած նրա նվերները, նրա պայքարը Տաճարականների դեմ և մանավանդ նրա դիմադրությունը Ինոկենտիոս III պապին։ Սակայն տարբեր եղավ Լևոնին հաջորդած Հեթումի և հեթումյանների ընթացքը։ Հռոմին ու Արևմուտքին արած իրենց զիջումներով սրանք հաճախ ոչ թե դիմադրում, այլ օժանդակում էին խաչակիր գաղութարարներին ու ճորտատերերին։
Կիլիկիայում հաստատված ֆրանկ մարտնչող օրդենները՝ «Քրիստոնյա ենիչերիները», ինչպես նրանց անվանել է Մարքսը, ընդարձակ կալվածներ ստանալով հայ իշխողներից, մտահոգված էին ոչ այնքան սրանց պետության ընթացիկ պաշտպանության, որքան նրանց հոգիների հանդերձյալ փրկության մասին։ Ռուբինյանների հետ խնամեացած Կիպրոսի, Անտիոքի և մյուս պետությունների խաչակիր բախտախնդիրները կանգ չառան անգամ նրանց ամրոցները հափշտակելու և Բարբարոսայի ժառանգներից նրանց ստացած արքայական թագը գողանալու առաջ։ Հաջորդ դարերի ընթացքում ֆրանկները կիլիկեցիներից պահանջում էին ոչ միայն կրոնական, այլև կուլտուրական հպատակություն, «ֆրանկացում» ոչ միայն դավանությամբ, այլև՝ լեզվով։ Իրենց գործունեությամբ նրանք միայն նպաստում էին Կիլիկիայի հայ պետականության տկարացմանը և ի վերջո՝ նրա էթնիկական դիմակազրկմանն ու քաղաքական կազմալուծմանը։
 
Իրենց դաժանություններով ու կողոպուտներով հայ ստրկավաճառների հետ միացած ֆրանկ զավթիչները ավելի լավ չէին թուրք այն իշխողներից, որոնց ձեռքից եկել էին «փրկելու» քրիստոնյա Արևելքը։ 1149 թվականին գրած իր հիշատակարանում Գրիգոր Մարաշեցին, պատմելով Անտիոք արշաված Թուրգմանի (Խլիճո-Ասլան I-ի որդու) մասին, հաղորդում է՝ «անպատրաստ գտաւ զերկիրն և անաւգնական, առ և եբեր ի Մարաշ անասուն բազում, մարդ ՌՇ(=1500) և տղայք, զոր ի վեց քարտէզ ծախէին, և ապա երկու դահեկան, և զայլն տարան։ Իսկ սուտ քրիստոնեայք՝ հայեր և ֆրանկիս՝ սկիզբն արարին աւերման երկրիս, գային այրէին զոր շինեցին տառապեալքն և զիւրեանք մերկ և բոկ արարին, վարէին և անբնակ արարին (ի) մարդոյ և (յ)անասնոյ։ Զտղայս ոտիցս ունէին և գլխիվայր ձեռօքս ի շուրջ ածէին թէ՝ գնեցէք»<ref>Ք. Պ. Նշխարք մատենագրութեան հայոց, ՍՊԲ, 1884, էջ 70։ Հմմտ. Գ. Յովսեփեան, Յիշատակարանք ձեռագրաց, I, էջ 360։</ref>։ Մարկոս ճգնավորը, Մարաշի մոտերքից խաչակրաց առաջին արշավանքի արդյունքները տեսնելուց հետո, զուր չէր մարգարեանում ֆրանկների անկումը։ «Յաճախեն չարիք մարդկան և աւերի աշխարհ յայլազգեաց, և փակին դրունք եկեղեցաց, և զԵրուսաղէմ դարձեալ առնու թուրքն»<ref>Վարդան, նույն տեղում, էջ 151, հմմտ. Ուռհայեցի, նույն տեղում, էջ 300 և հետ.։</ref>։
 
Հասկանալի է, թե ինչու Կիլիկիայի քաղաքական դիմազրկումը պսակող հայ «միաբանողական» եկեղեցաժողովները առաջ էին բերում կիլիկահայ մասսաների բուռն զայրույթը, հասնելով երբեմն ակտիվ դիմադրության։
 
Հարկավ Միներվայի բուն գիշերն է դուրս թռչում, և գալիքի տխուր հեռապատկերները միշտ չէ, որ նշմարում են արթուն ժամանակակիցները։ Մի պահ հայերը տարված էին այն պատրանքով, թե «տիրոջ» գերեզմանի ազատագրման և արևելյան քրիստոնյաների փրկության համար է, որ սուր են վերցրել և խաչ բարձրացրել Արևմուտքի կաթոլիկ ասպետները։ «Իւրաքանչիւր զօրօքն գային յօգնութիւն քրիստոնէից և առ փրկել յայլազգեաց զսուրբ քաղաքն Երուսաղէմ և ազատել ի Տաճկաց զսուրբ գերեզմանն աստուածընկալ, արք փառաւորք և թագաւորազունք, հաւատով և ամենայն աստուածապաշտութեամբ զարդարեալք և էին սնեալք ի գործս բարութեան» — գրում էր առաջին խաչակիրների մասին Ուռհայեցին»<ref>Ուռհայեցի, նույն տեղում, էջ 254։</ref>։ «Հռոմեացիք ելին ընդ Թիրակ ի կոմանս Ասիացւոց խնդրել զքէն վրիժուց տառապանաց քրիստոնէից ի Սկիւթացւոց և ի Պարսից՝ հանդերձ Տաճկաստանու», ձայնակցում է նրան հաջորդ երկու արշավանքների ժամանակակից Սամուել Անեցին»<ref>Ս. Անեցի, նույն տեղում, էջ 120, հմմտ. էջ 134։</ref>։ Այսպես էին ըմբռնում խաչակիրների նպատակները նաև շատ ուրիշները։ Ողբալով խաչակիրների գրաված Եդեսիայի անկումը, Շնորհալին ուզում էր հուսալ, թե պիտի ուժեղանան նորից հռոմայեցիները և նրանց հաղթական բանակները «իբրև ըզծովու՝ ալեաց կուտակ», պիտի հասնեն մինչև Խորասան, Բաբելոն և Մեքքա, պիտի լինի ընդհանուր խաղաղություն, վտարանդի ժողովուրդը պիտի դառնա կրկին հայրենիք ու ապրի երջանիկ։
 
Իր պոեմում Շնորհալին նկարագրում է խաչակիր «մեծատանց գնդերի» դաժան այն պատերազմը, որով հաստատվելու է երազած այս խաղաղությունը.
 
<pre>
Մաքրեն զաշխարհըս բովանդակ,
Յանհաւատից առնեն դատարկ,
Զմահմետական՝ ազգ հասարակ,
Առնուն յաւար և յասպատակ...
Այսպէս ջընջին նոքա իսպառ,
Ի սուր սուսեր՝ ի տէգ նիզակ
Ել զայլն առնեն՝ փախըստական,
Վարեն մինչ յայնկոյս անբընակ...
Տիրեն ամեն երկրի ծագաց,
Ել ընդհանուր կող աշխարհաց Քրիստոնէից՝ հանուր ազգաց
Փրկիչ լինին՝ յանօրինաց։
Յեկեղեցիսըն խաւարած
Յայնժամ վառի՝ լոյս կանթեղաց։
Ել որ ծառայքն էին չարաց,
Խառնին ի գունդսըն մեծատանց.
Գան ժողովին՝ յամէն կողմանց
Ուր հալածեալ են և ցըրուած
Լինի աշխարհ քրիստոնէից
Անչափ ’ւ անբաւ՝ բարէօք լըցած.
Լինի առատ ՝ պըտուղ բազմաց,
Սերմաց ’ւ ամեն՝ պըտղաբերաց,
Մարդիկ ցընծան զուարճացած,
Յուտել յըմպելըն պարարած...
</pre>
— գրում է նա՝ վկայաբերելով Ներսես Պարթևի տեսիլքը<ref>Տե՛ս Ներսես Շնորհալի, «Ողբ Եդեսիոյ», Տփխիս, 1829, էջ 99 և հետ.։</ref>։
 
Երկրորդ խաչակրաց արշավանքին մասնակցած ժամանակագիր Օտտո Ֆրեյզինգը պատմում է Եդեսիայի անկումից հետո Եվգենիոս III պապի մոտ ուղարկված մի պատգամավորության մասին, որը նոր խաչակրաց արշավանք կազմակերպելու խնդիր էր դնում Արևմուտքում։ Այս կապակցությամբ, հարում է պատմիչը, հրապարակվեց Լուի VII թագավորին վերաբերող մի մարգարեություն. ոմանք մատնանշում էին դրա սիբիլյան ծագումը, ուրիշները համարում էին գա հայազգի հայտնություն<ref>Otto v. Freising, Die Weltchronik, հրատ.Teubner-ի, գիրք VII, գլ. 33։</ref>։ Կասկած չկա, որ այդ պատգամավորության մեջ մասնակցություն ունեին նաև հայ պատվիրակներ, քանի որ, ինչպես հավաստիացնում է Ֆրեյզինգը, Լուի Vll-ը և գերմանական Կոնրադ III կայսրը, որոնք գլուխ էին անցնելու երկրորդ արշավանքին՝ ենթադրում էին գրավել Դամասկոսը և ձեռք մեկնել Հայաստանի և Եդեսիայի իրենց բարեկամներին։ Սակայն, թագակիր խաչակիրների ջանքերը զուր անցան, ուժ տալով նրանց բարեկամների տրտունջներին։
Գրիգոր երեցը 1160 թվականին մոտ ժամանակներում հույների ու ֆրանկների պարտությունները պատմելիս վերհիշում է դարձյալ Պարթև հայրապետի կանխատեսությունները— հույն կայսրների թուլությունը և կրելիք պարտությունը<ref>Ուռհայեցի, նույն տեղում, էջ 423։</ref>։ Հարկավ այս վկայակոչությունը հակասում էր գուշակությունների ժամանակաբանական հաջորդականությանը։ Սակայն դժվար է հաջորդականության ու ստուգության պահանջ դնել, երբ գործ ես ունենում այս կարգի վկայակոչումների հետ։
 
Խաչակրաց երկրորդ արշավանքի առաջ բերած հուսախաբությունները տևական չեղան։ Հայտնի են այն հատկանշումները, որ հաջորդ, երրորդ արշավանքի կապակցությամբ, լծորդում էր խաչակիր Բարբարոսայի անվան հետ Լամբրոնացին, հռչակելով նրան «ազատիչ», «այս աշխարհի փրկիչ» <ref>Ալիշան, Հայապատում, էջ 417, հմմտ. նույն տեղում, էջ 433։</ref>։ Բարբարոսայի մասին էր գրում նաև Վարդան պատմիչը, թե «գայր ի գոյժ սգոյ սուրբ գերեզմանին և ամենայն քրիստոնէից»<ref>Վարդան, նույն տեղում, էջ 177։</ref>։ Արդեն դիտենք այն արձագանքի մասին, որ գտան այս սպասումները նաև ազատագրական լեգենդի խմբագրությունների մեջ, ծագման պատմական անցագիրը կորցրած «արմանք» տերմինն այս պահին վերածվում էր «ալամանք»-ի՝ հարկավ՝ առանց «հնչյունաբանական հոլովույթի» միջամտության... Բարբարոսայի մահը և «ալամանների» կրած չարաչար կորուստները վհատություն չբերին Կիլիկիայի ֆրանկասերներին։ Հովհաննես Արքայեղբայրը փրկության հույսեր էր կապում ֆրանսիական Փիլիպ II Ավգուստ և անգլիական Ռիչարդ Առյուծասիրտ «խաչընկալ» թագավորների հետ։
 
<pre>
Այլ խաչընգալքն փութով գան
յ Երուսաղէմն վերնական
և նոցին եղբարքն, որ աստ մնան
զմարտն դրդել ոչ ձանձրացան։
Հռոմայ արքայն, որ Ալաման
բիւրուք ի յայսկոյսս մեռան
սակայն մնացեալքն ոչ կասեցան
եւս բազում ընդ ծովն գան։
Այժմ փռանգաց Փիլիպ արքայն
եւ ընգլիզացն նմին նման
լծեալ ի գործ տեառն հասան,
եկին առ մեզ ի չորրորդս ամ։
Սոքաւք սպասեմըք վւրկութեան
և Աստուծոյ մեր աւգնութեան,
զի զմարգարէիցս դարձին զբան
վայելելոյ գտցուք արժան</pre><ref>Գ. Յովսեփեան, Յիշատակարանք ձեռագրաց, I, էջ 570։</ref>։
 
Անարձագանք չի մնացել Կիլիկիայում նույնիսկ խաչակրաց չորրորդ արշավանքը, որ կազմակերպեցին վենետիկցիներն ու ջենովացիները, արշավանք, որ փաստորեն հանգեց բյուգանդական կայսրության ավարառման ու տևական օկուպացման։
 
1204 թ. Գրիգոր դպիրը Հռոմկլայում գրած իր հիշատակարանում նշելով Կ. Պոլսի ավարառումը, չի կամենում, այնուամենայնիվ, երես դարձնել խաչակիր զավթիչներից։
«Եւ մեր այսոցիկ տեղեկացեալ՝ յառաջին տրտմութեանցն սակաւիկ մի սթափեալ ուրախացաք,- գրում է նա,— և ըստ նախագուշակ մարգարէութեան սրբոյն Ներսէսի սպասեմք փրկութեան սուրբ և աստուածակոխ քաղաքին Երուսաղէմի, նաև ամենայն աշխարհիս»<ref>Գ. Յովսեփեան, Յիշատակարանք ձեռագրաց, I, էջ 693։</ref>։
Սակայն ավելի հեռահաս արձագանք են գտել այս ակնկալությունները խաչակիրների երրորդ և չորրորդ արշավանքների ժամանակ խմբագրված անվավեր այն գրվածքում, որը մուտք գործելով Ագաթանգեղոսի պատմութեան ձեռագիր օրինակների մեջ, հայտնի դարձավ «Դաշանց թուղթ» անունով<ref>Տե՛ս Ագանթանգեղոս, գիրք վիպասանութեան, Կ. Պոլիս, 1799, էջ 399 և հետ.։</ref>։
 
«Սիրո և միաբանության» այդ «Դաշինքը», որ իբր թե գրել ու կնքել են Կոստանդինոս կայսրն ու Սեղբեստրոս պապը մի կողմից, և Տրդատ թագավորն ու Գրիգոր Լուսավորիչը մյուս կողմից, շարադրում Տրդատի և Լուսավորչի Հռոմ գնալու առասպելը, հրամցնելով այդ որպես եղելություն։ Պապը որակավորվում է այդտեղ որպես «աթոռակալ գլխաւորաց առաքելոցն՝ Պետրոսի և Պօղոսի որ երկրաւոր և երկնաւոր բանալեօք ունի իշխանութիւն յարևմտից մինչև յարևելս ի վերայ ամենայն ազգաց քրիստոսադաւանից, կապօղ և արձակօղ ի յերկինս և ի յերկրի և հրամանահան հզօր յընթանուր յեկեղեցիս Քրիստոսի»<ref>Նույն տեղում, էջ 400։</ref>։ Պապի և մյուս հայրապետների հանդեպ հլու վասալի դերի մեջ է անգամ Հռոմի կայսրը. սա հայտարարում է իր իսկ բերանով թե՝ «Արդ յայսմ հետէ հնազանդեմք հօրս մերոյ հոգևորի և դնեմք զթագ թագաւորութեանս մերոյ ընդ ոտիւք հայրապետացս սրբոց. և մեք կամք ի ներքոյ ձեռին սոցա՝ կամակատար ծառայ աստուածոյն և աստուածարեալ սրբոցս»<ref>Նույն տեղում, էջ 413։</ref>։ Ովքե՞ր են գերազոր այդ հայրապետներն ու սրբերը։ Կոստանդինոս կայսրի անունից հայտարարվում է. «Հալատամք ճշտութեամբ թէ եօթն սւն են յաշխարհի ի մերում ժամանակի. սուրբն Սեղբեստրո՝ճ յարևմուտս, և սուրբն Գրիգոր՝ յարևելս։ Ել սուրբն Անտոն՝ ի հարաւ։ Ել սուրբն Նիկողայոս՝ ի հիւսիս։ Եւ սուրբն Մակար՝ յԵրուսաղէմ։ Եւ սուրբն Յակոբ ի Մծբին։ Եւ սուրբն Եփրեմ ի յՈւրհայ»<ref>Նույն տեղում։</ref>։
 
Հռոմում պապը կաթողիկոս է ձեռնադրում Լուսավորչին և հռչակում նրան «համապատիւ մեր հզօր աթոռոյս Երուսաղէմին, և Անտիոքին և Աղեքսանդրին»։ Կաթողիկոսները պիտի ձեռնադրվեն հայ թագավորների առաջարկությամբ՝ եպիսկոպոսների ձեռքով։ Հայաստանի կաթողիկոսը ձեռնադրում է վրաց և Աղվանից կաթողիկոսներին։ Երուսաղեմի, Անտիոքի և Աղեքսանդրիայի պատրիարքները պիտի ձեռնադրվեն հայ կաթողիկոսի կամքով և ընտրությամբ, և խոստովանեն նրան իրենց հավատի դավանությունը որպես պապի «գլխափոխանորդի» և ասիական միջնաշխարհի «հրամանատարի»<ref>Տե՛ս Ագանթանգեղոս, գիրք վիպասանութեան, Կ. Պոլիս, 1709, էջ 415 և հետ.։</ref>։
 
Իր հերթին կայսրը թագադրում է Տրդատին, հատկացնում նրան այլևայլ իրավունքներ ու պարգևներ, շնորհում նրան Քրիստոսի ծննդավայր Բեթղեհեմի իշխանությունը, բաժին հանում նրան խաչափայտից, օժտում նրան «ծովային օդաթռիչ երիվարօք, ոսկեսարօք հաւելենօք<ref>Ըստ Մատենադարանի № 516 գրչագրի, թ. 15, ուղղելի «սուսերօք, հաւհալենօք»։</ref> և նիզակօք վիշապամխօք»<ref>Ագանթանգեղոս, նույն տեղում, էջ 406։</ref>։ Իր կողմից Տրդատը տրամադրում է Կոստանդինոսին առաջամարտ զինվորներ։ Կոստանդինոսի անունից արձանագրված է. «Խնդրեցի յարքայէն Տրդատայ արս ԳՃ (=300) հասակաւ և արիութեամբ հոյակապք, զորս և '''արմենք''' անուանեցի, և կարգեցի ի սպասաւորութիւն արքունական գահոյից իմոց, զօրեղ հսկիչք ի տուէ և ի գիշերի, և առաջապահեստքի պատերազմի։ Ժամ է այսուհետև գալ ինձ ի տեսիլս, և յայտնութիւնս՝ զոր տէր եցոյց ինձ. յետ բազում ամաց իշխանքն հայոց տարագրեն զտունն Տրդատայ... և ինքեանք անկանին ընդ լծով ծառայութեան այլազգեաց ամս բազումս... տառապանօք տառապի ազգն հայոց մինչև յելս հոգւոց իւրեանց, որոց փրկութիւն ի տեառնէ եղիցի և յօգնութիւն յազգատոհմէ իմմէ. բայց այս եղիցի ի ժամանակս յետինս՝ յորժամ յայտնեսցին նշխարք սրբոց Սուքիասանց քօշիցն, զոր ես ամփոփեցի առաջնորդութեամբ հրեշտակի տեառն ի Զարևանդ (պիտի լիներ՝ Զարեհավան. Ա. Հ.) գաւառի<ref>Նույն տեղում։</ref>։ Այսպիսով մարգարեական շունչ առած Կոստանդինոսը ևս գուշակում է Արշակունիների անկումը և հայերի գերումը, խոստանալով միաժամանակ նրանց ազատումը իր հաջորդների, հռոմեական կայսրների ձեռքով<ref>Նույն տեղում։</ref>։
 
Կնքված դաշինքը սահմանում է նաև այն սկզբունքները, որոնց վրա հանգչելու է Հայաստանի հանրակարգը. «Արդ եկեղեցի և եկեղեցականք ամենայն գոյիւք իւրեանց ազատ և անհարկ լիցին ամենայն դիմոսական հաբկաց արքունի։ Նաև որք ունին զնշան կուսութեան և պարկեշտութեան արք և կանայք չուխազգեստք և պարեգօտահանդերձք ամենեքեան ազատ լիցեն և արքունուստ զգեցցին և կերակրեսցին... իսկ համօրէն մարդիկք սեփհական ազգաց դաղմատացւոց (ըստ ձեռագիր օրինակների՝ «և հայոց») ամենևին անգլխահարկ լիցին, յամենայն վաստակոց իւրեանց հնգեակ տացեն ի դրունս արքունի. և այլ դիմոս մի երթիցէ ի դրունս նոցա։ Իսկ այլ ազգ և լեզուք՝ զորս մեծաւ պատերազմաւ հնազանդեցուցաք մեք և հայք՝ նոքա պարտին մեզ զգինս գլխոց իւրեանց բաց ի հնգեկէն։ Ել տան մեզ ոսկի և արծաթ ըստ կարի ի տարին երեք անգամ. գարունն ի զլխէ, և յամառն յանասնէ. և աշունն յարդեանց մտէ։ Իսկ աղքատքն և օտարքն ընդ այսոսիկ մի յիշեսցին։ Բայց վաճառականք որ շրջեն անահ և շահեն ի մեր աշխարհիս յամենայն իշխանութեան մերում և ոսկեհանք և արծաթահանք բաժինս հանցեն մեզ»<ref>Նույն տեղում, էջ 413 և հետ.։</ref>։
 
«Արիական լատինացոց» (= դաղմատացոց) և «անհաղթելի թորգոմացոց» (=հայոց) միջև կնքած «սիրո և միաբանութեան» այս դաշինքի զորությունը վավերացնող կողմերը տարածում են մինչև «ի կատարած աշխարհի»։ Փաստապես թղթի անվավերականությունը վաղուց արդեն նշված է ու մերկացված<ref> Տակավին XVII դարում էր ասվում, թե՝ „Outre qu’il y a plusieurs choses dans cet Acte qui. paroissent fabuleuses, il y a de l’apparence qui cette prince a esté fabriquée pour la grand parte dans les siecles suivans, principaleme t au temps du pare Innocent III lorsque I’Eglise arménienne a voulu se reunir avec l’Eglise Romaine: car I’ont y trouve maniers le parier fouchant la souverainité des papas, qui n’estoient pas en usage dans ces temps-la (Տե՛ս Histoire critique de la creance et des coutumes des naiions du Levant, publiée par le Sr. De Moni, Francfort, 1634», p. 134։ Քննադատական վերաբերմունք ուներ դեպի «Դաշանց թուղթը» նաև XVIII դարի սկզբներում ապրած Վարդան Բաղիշեցի վարդապետը, «Պատմագիրք հայոց» ձեռագիր ցուցակի հեղինակը։ Նշելով Ագաթանգեղոսի պատմության գիրքը, վերջինս հարում է. «Բայց Դաշանցն սիրոյ և միաբանութեան զգոյշ պարտէ լինել, զի ի հին օրինակսն ոչ ուրեք գտանի, այլ ի նորագոյնսն ախթարմայից բազում ինչ ըստ իւրեանց ախորժակացն շարադրեալ խորամանկութեամբ երևի». (ՀՍՍՌ Մատենադարան, № 2271, թ. 213ա) XIX դարում «Դաշանց թղթի» ժամանակավրիպումների հերքումով զբաղվեց մանավանդ Ե. Շահնազարյանը (տե՛ս նրա «Դաշանց թղթի քննությունն ու հերքումը», Պարիզ, 1862, էջ 55 և հետ.)։</ref>։
 
Հիրավի Տրդատի և Կոստանդինոսի , Սեղբեսարոսի և Լուսավորչի հանդիպումը հայերի ինքնասիրությունը շոյող մի լեգենդ էր, որի մասին անգամ Ալիշանը գրում էր թե՝ «Որչափ ինչ որ աւանդված է նկատմամբ խնդրոյս՝ ոմանց բաւական չերևիր ի ստուգութիւն. սակայն եթե ստոյգ այլ չըլլար, այնքան յարմար և վայելուչ էր, որ զրեթէ անկարելի այլ կըրնար ըսուիլ չըլլալն»։ Պատմությունը և առասպելը հաշտեցնելու բարեպաշտ այս եղանակը զավեշտական է գրեթե<ref>Ալիշան, Արշալոյս քրիստոնէութեանն հայոց, Վենետիկ, 1901, էջ 196։</ref>։
 
Տրդատի և Կոստանդինոսի դաշինքի մասին վկայում են արդեն հին հեղինակները։ Պիտի կարծել, թե դաշինքի պատմությունն այլ ինչ չէր, քան քրիստոնեացրած մի զրույց հանդիսավոր այն ընդունելության մասին, որին մեր թվականության առաջին դարում արժանացել էր հեթանոս Տրդատ 1-ը, քրիստոնեահալած Ներոն կայսրի կողմից։ Հայտնի է, որ այս Տրդատն էր հենց, որ հռոմեական կայսրի ձեռից ստացավ արքայական իր պատվանշանները։ Հռոմեական հեղինակները հաղորդում են նաև, որ դեպի Հռոմ կատարած տասնամսյա ճանապարհորդության ժամանակ նրան ուղեկցում էր մեծ շքախումբ և երեք հազարանոց '''պարթևական''' մի ջոկատ<ref> К. В. Тревер, Надпись о построении армянской крепости в Гарни, Ленинград, 1919, стр. 25 и др.</ref>։ Ըստ երևույթին այն Տրդատի օրոք, որն իսկապես եղել է Հռոմում, Արշակունի ծագում ունեցող դինաստիան տակավին այնքան քիչ վստա-հություն ուներ դեպի իր երկրի ժողովուրդը, որ անձնական պաշտպանության համար կարիք էր զգում ոչ թե հայ, այլ '''պարթև''' թիկնապահների։ Նոր մի փաստ, թե որքան էին հեռանում հետագա զրույցները պատմական իրադարձերից<ref> Քրիստոնյա Տրդատին հայ ժողովրդական բանահյուսությունը վերագրում է հատկություններ, որոնք գալիս են դարձյալ հեթանոս տրդատից։ Այսպես՝ Բուլանըխում պատմվում էր, թե «Ծրդատ (Տրդատ) մեծ թագավորը 40 գոմեշի ուժ ուներ և '''պալեր''' (վեմ քար) կշրջեր» (Ազգագրական հանդես, VII, էջ 30)։</ref>։
 
Սակայն «Դաշանց թուղթը» գերազանցում է Տրդատի մասին պատմվող մյուս զրույցներից։ Այստեղ գործ ունենք ոչ միայն ժողովրդական լեգենդների, այլև մի կեղծիքի հետ, որի վրա դժվար չէ նշմարել ուշ ժամանակների եկեղեցաքաղաքական տենդենցը։ Կոստանդինոսյան հանրահայտ «կեղծ նվիրագրի» հետ մրցող «սիրո և միաբանության» այս թուղթը կառուցված է «աստուածընտիր ժողովրդի», ներկա դեպքում Հռոմի՝ գերիշխանության, նրա տիեզերական եկեղեցապետության գաղափարի վրա։ Աշխարհիկ-քաղաքական իշխանությունը ստորադրված է հոգևոր-եկեղեցական իշխանության։ «Աստուածընտիր ժողովրդի» և հպատակ ժողովրդի հակադրումը հետևողականորեն սրված է մանավանդ՝ քրիստոնյաների և ոչ քրիստոնյաների հակադրման մեջ։ Ազատագրվելիք Հայաստանում սահմանվելու է մի իրավակարգ, որը լոկ շրջումն է լինելու մուսումանական օրենքի. քրիստոնյաների փոխարեն գլխահարկ են վճարելու մուսուլմանները. ասել է մուսուլման նվաճողների սահմանած անհավասարության տեղը բռնելու է հայերի սահմանելիք անհավասարությունը։ Արդեն իսկ այս մանրամասնությունը փոխադրում է մեզ Տրդատի և Կոստանդինոսի ժամանակներից խաչակիր ֆեոդալների և նրանց դաշնակիցների «ազատագրված» աշխարհը։ Խաչակիր այդ պետությունների մեջ նվաճվածները դրված են բանող գրաստի և խոսուն գործիքի վիճակում։ Աշխատավոր գյուղացիները—մուսուլման արաբներ կամ քրիստոնյա հույներ և սիրիացիներ— դատապարտված էին ճորտ-պառիկոսների դրության։ Նույն դրությունը իշխում էր նաև Կիլիկիայում։ Հայերն այդտեղ տիրող տարր էին՝ ոչ միայն պառիկոսների վիճակում գտնված մուսուլմանների, այլև քրիստոնյա հույների, սիրիացիների և անգամ ֆրանկների հանդեպ, որոնք դուրս էին մնում էքստերիտորիալ իրավունքների շրջանակից<ref>Վերջիններիս մասին տե՛ս՝ Լanglois, V. Լa Trésor des Chartes d‘Arménie Venise, 1863, p. 33.</ref>։ Հայ շինականներն այդտեղ տակավին գամված չէին հողին. նրանք ունեին մի վիճակ, որ հիշեցնում է արևմտյան կոլոնների վիճակը<ref>Հմմտ. Langlois V, Essai historique et critique sur la constitution socials et politique de l‘Arménie sous les rois de la Dynastie Roupénienne, S. Petersbourg, 860, էջ 46։</ref>։ Վարդան պատմիչը Լևոն II-ի մասին գրում էր՝ «և էր ճոխ և հաղթազգաց և հարկադիր և լծատանջ ամենայն շրջակա ազգացն»<ref>Վարդան,նույն տեղում, էջ 182։</ref>։ Այս վիճակը պատերազմական իրավունքի պարզ հետևություններից էր. «Եւ գիտել պարտ է,— գրում էր Սմբատի «Դատաստանագիրքը»,— որ այլ հալալ կումաշ չկա և մուտք՝ քան զայն, որ մարդ իր թրովն շահի յանօրինաց<ref>Josef Karst. Sempadischer Kodex aus dem 13 Jahrhundert. Strassburg, 1905, էջ 164։</ref>։ Ցայտուն կերպով շեշտված է մուսուլման հպատակների ստորադաս վիճակը այն փաստի մեջ, որ նրանց արյան գինը նշանակված էր 100 դահեկան, մինչդեռ քրիստոնյաներինը՝ 300 դահեկան<ref>Նույն տեղում, էջ 19</ref>։
 
== 4. Լեգենդի արձագանքները ուշ միջնադարում ==
Վստահելի
199
edits