Changes
/* 3. Դաշանց թուղթը */
Հիրավի Տրդատի և Կոստանդինոսի , Սեղբեսարոսի և Լուսավորչի հանդիպումը հայերի ինքնասիրությունը շոյող մի լեգենդ էր, որի մասին անգամ Ալիշանը գրում էր թե՝ «Որչափ ինչ որ աւանդված է նկատմամբ խնդրոյս՝ ոմանց բաւական չերևիր ի ստուգութիւն. սակայն եթե ստոյգ այլ չըլլար, այնքան յարմար և վայելուչ էր, որ զրեթէ անկարելի այլ կըրնար ըսուիլ չըլլալն»։ Պատմությունը և առասպելը հաշտեցնելու բարեպաշտ այս եղանակը զավեշտական է գրեթե<ref>Ալիշան, Արշալոյս քրիստոնէութեանն հայոց, Վենետիկ, 1901, էջ 196։</ref>։
Տրդատի և Կոստանդինոսի դաշինքի մասին վկայում են արդեն հին հեղինակները։ Պիտի կարծել, թե դաշինքի պատմությունն այլ ինչ չէր, քան քրիստոնեացրած մի զրույց հանդիսավոր այն ընդունելության մասին, որին մեր թվականության առաջին դարում արժանացել էր հեթանոս Տրդատ 1-ը, քրիստոնեահալած Ներոն կայսրի կողմից։ Հայտնի է, որ այս Տրդատն էր հենց, որ հռոմեական կայսրի ձեռից ստացավ արքայական իր պատվանշանները։ Հռոմեական հեղինակները հաղորդում են նաև, որ դեպի Հռոմ կատարած տասնամսյա ճանապարհորդության ժամանակ նրան ուղեկցում էր մեծ շքախումբ և երեք հազարանոց '''պարթևական''' մի ջոկատ<ref> К. В. Тревер, Надпись о построении армянской крепости в Гарни, Ленинград, 1919, стр. 25 и др.</ref>։ Ըստ երևույթին այն Տրդատի օրոք, որն իսկապես եղել է Հռոմում, Արշակունի ծագում ունեցող դինաստիան տակավին այնքան քիչ վստա-հություն վստահություն ուներ դեպի իր երկրի ժողովուրդը, որ անձնական պաշտպանության համար կարիք էր զգում ոչ թե հայ, այլ '''պարթև''' թիկնապահների։ Նոր մի փաստ, թե որքան էին հեռանում հետագա զրույցները պատմական իրադարձերից<ref> Քրիստոնյա Տրդատին հայ ժողովրդական բանահյուսությունը վերագրում է հատկություններ, որոնք գալիս են դարձյալ հեթանոս տրդատից։ Այսպես՝ Բուլանըխում պատմվում էր, թե «Ծրդատ (Տրդատ) մեծ թագավորը 40 գոմեշի ուժ ուներ և '''պալեր''' (վեմ քար) կշրջեր» (Ազգագրական հանդես, VII, էջ 30)։</ref>։
Սակայն «Դաշանց թուղթը» գերազանցում է Տրդատի մասին պատմվող մյուս զրույցներից։ Այստեղ գործ ունենք ոչ միայն ժողովրդական լեգենդների, այլև մի կեղծիքի հետ, որի վրա դժվար չէ նշմարել ուշ ժամանակների եկեղեցաքաղաքական տենդենցը։ Կոստանդինոսյան հանրահայտ «կեղծ նվիրագրի» հետ մրցող «սիրո և միաբանության» այս թուղթը կառուցված է «աստուածընտիր ժողովրդի», ներկա դեպքում Հռոմի՝ գերիշխանության, նրա տիեզերական եկեղեցապետության գաղափարի վրա։ Աշխարհիկ-քաղաքական իշխանությունը ստորադրված է հոգևոր-եկեղեցական իշխանության։ «Աստուածընտիր ժողովրդի» և հպատակ ժողովրդի հակադրումը հետևողականորեն սրված է մանավանդ՝ քրիստոնյաների և ոչ քրիստոնյաների հակադրման մեջ։ Ազատագրվելիք Հայաստանում սահմանվելու է մի իրավակարգ, որը լոկ շրջումն է լինելու մուսումանական օրենքի. քրիստոնյաների փոխարեն գլխահարկ են վճարելու մուսուլմանները. ասել է մուսուլման նվաճողների սահմանած անհավասարության տեղը բռնելու է հայերի սահմանելիք անհավասարությունը։ Արդեն իսկ այս մանրամասնությունը փոխադրում է մեզ Տրդատի և Կոստանդինոսի ժամանակներից խաչակիր ֆեոդալների և նրանց դաշնակիցների «ազատագրված» աշխարհը։ Խաչակիր այդ պետությունների մեջ նվաճվածները դրված են բանող գրաստի և խոսուն գործիքի վիճակում։ Աշխատավոր գյուղացիները—մուսուլման արաբներ կամ քրիստոնյա հույներ և սիրիացիներ— դատապարտված էին ճորտ-պառիկոսների դրության։ Նույն դրությունը իշխում էր նաև Կիլիկիայում։ Հայերն այդտեղ տիրող տարր էին՝ ոչ միայն պառիկոսների վիճակում գտնված մուսուլմանների, այլև քրիստոնյա հույների, սիրիացիների և անգամ ֆրանկների հանդեպ, որոնք դուրս էին մնում էքստերիտորիալ իրավունքների շրջանակից<ref>Վերջիններիս մասին տե՛ս՝ Լanglois, V. Լa Trésor des Chartes d‘Arménie Venise, 1863, p. 33.</ref>։ Հայ շինականներն այդտեղ տակավին գամված չէին հողին. նրանք ունեին մի վիճակ, որ հիշեցնում է արևմտյան կոլոնների վիճակը<ref>Հմմտ. Langlois V, Essai historique et critique sur la constitution socials et politique de l‘Arménie sous les rois de la Dynastie Roupénienne, S. Petersbourg, 860, էջ 46։</ref>։ Վարդան պատմիչը Լևոն II-ի մասին գրում էր՝ «և էր ճոխ և հաղթազգաց և հարկադիր և լծատանջ ամենայն շրջակա ազգացն»<ref>Վարդան,նույն տեղում, էջ 182։</ref>։ Այս վիճակը պատերազմական իրավունքի պարզ հետևություններից էր. «Եւ գիտել պարտ է,— գրում էր Սմբատի «Դատաստանագիրքը»,— որ այլ հալալ կումաշ չկա և մուտք՝ քան զայն, որ մարդ իր թրովն շահի յանօրինաց<ref>Josef Karst. Sempadischer Kodex aus dem 13 Jahrhundert. Strassburg, 1905, էջ 164։</ref>։ Ցայտուն կերպով շեշտված է մուսուլման հպատակների ստորադաս վիճակը այն փաստի մեջ, որ նրանց արյան գինը նշանակված էր 100 դահեկան, մինչդեռ քրիստոնյաներինը՝ 300 դահեկան<ref>Նույն տեղում, էջ 19։</ref>։
Ավելի մեծ բարիք է խոստանում «Դաշանց թուղթը» հայ եկեղեցականներին։ Այստեղ կարևոր չէ այն հանգամանքը, որ սրանք ազատ էին հայտարարվում դիմոսական կամ արքունի տուրքերից։ Հայ եկեղեցականները վայելում էին այդ ազատությունը նաև առանց «Դաշանց թղթի»։ Նորություն էր, սակայն, արտոնված այն դրությունը, որ խոստանում էր «Դաշանց թուղթը» հայ եկեղեցուն՝ արևելյան մյուս եկեղեցիների համեմատությամբ։
Հայտնի է, որ հայ եկեղեցին սկզբնապես ենթարկվում էր Կեսարիայի եպիսկոպոսապետին և անչափ հեռու էր արտոնված այն դիրքից, որ իբրև թե հատկացրած են եղել նրան Կոստանդինոսն ու Սեղբեստրոսը։ Միայն կեղծ, խաբուսիկ ու միտումնավոր մի թուղթ կարող էր շաղկապել հայ եկեղեցու սկզբնավորման պատմությունը Հռոմի հետ, ընդ սմին տիեզերական եկեղեցու մեջ վերագրելով հայ եկեղեցուն այնպիսի դիրք, որպիսին նա ունեցած չէ երբեք։ Հայ կաթողիկոսությունը ոչ միայն գերիշխող, այլ նույնիսկ հավասարազոր չի ճանաչվել երբևէ Երուսաղեմի, Անտիոքի կամ Ալեքսանդրիայի պատրիարքությունների հանդեպ։ Բայց այս մեծարանքի ժամանակ իսկ «Դաշանց թղթի» խմբագրողը պարզում է ստախոս իր լեզուն։ հայտնի է, որ չորրորդ դարի սկզբում, բացի Հռոմի պապից և Անտիոքի ու Ալեքսանդրիայի պատրիարքություններից, գոյություն ուներ նաև նրանց հավասարազոր Եփեսոսի պատրիարքությունը, որի իրավունքները մի քանի տասնամյակ հետո անցան Կ. Պոլսի պատրիարքությանը։ «Դաշանց թուղթը» լռում է թե՛ Եփեսոսի և թե՛ նրան հաջորդած Կ. Պոլսի պատրիարքության մասին։ Այս լռությունը մեզ փոխադրում է չորրորդ դարից խաչակրաց չորրորդ արշավանքի ժամանակները , երբ գրավելով Պոլիսը՝ խաչակիրները ենթարկեցին նրա պատրիարքությունը պապի գերիշխանությանը, փաստապես ի չիք դարձնելով պատրիարքական իշխանությունը։ Պատահական չէ, որ Պոլսի պատրիարքության փոխարեն «Դաշանց թղթի» հեղինակները նպատակահարմար են համարում հիշատակել խաչակրաց արշավանքների դարաշրջանում կարևորություն ստացած Երուսաղեմի պատրիարքությունը և միաժամանակ հավաստիացումներ անել արևելյան մյուս աթոռների նկատմամբ հայոց կաթողիկոսության վայելած գահերեցության մասին։ Բնորոշ է նաև, երբ «Դաշանց թուղթը» տուրքերից ազատ էր հայտարարում աղքատներին և օտարներին։ Օտարներին խոստացվող իմունիտետը ցույց է տալիս արևմտյան ներշնչումների առկայությունը, առանց որոնց անհնարին էր «Դաշանց թղթի» առաջացումը։ Ինչ վերաբերում է աղքատների հիշատակման, այս ձրի մի խոստում էր, որով «Դաշանց թղթի» հեղինակները ձգտում էին կարթել հայ ժողովրդական մասսաների համակրանքը։
Քննելով Ագաթոնի գուշակությունները՝ ուշադրություն դարձրինք Լուսավորչի տոհմի կաթողիկոսությունը վերականգնելու շուրջը արծարծվող մտայնության վրա և մատնանշեցինք այն ակնկալությունները, որ կապվում էին այդ առիթով քաղկեդոնական Բյուզանդիոնի և Հռոմի հետ։ Ներսես Շնորհալի կաթողիկոսը (1166—1173), որի արևմտյան կողմնորոշումը ծանոթ է մեզ արդեն, հպարտորեն վերագրում էր իրեն Պահլավունի֊Արշակունի ծագում։
<pre>
«Ի յիշատակ բարեաց հոգւոյ
Բարեպարիշտ ծնօղաց մերոյ,
Յազգէն գոլով Պահլաւունոյ,
Համատոհմից Արշակnւնւոյս»</pre><ref>Կլայեցի (Ն. Շնորհալի), Բանք չափաւ, Վենետիկ, 1830, էջ 226։</ref>։
Շնորհալու եղբայր Գրիգոր Փոքր կոչված կաթողիկոսի (1113— 1166) մասին Գանձակեցին ասում է, թե Երուսաղեմի ֆրանկներն ու նրանց պատրիարքը «առաւել սէր հաստատեցին ընդ ազգիս մերում վասն նորա..., զհին դաշինս Տրդատայ և սրբոյն Գրիգորի և Կոստանդիանոսի ՝ կայսեր և Սեղբեստրոսի հայրապետին վերստին հաստատեցին և նորոգեցին առ սովաւ»<ref> Կիրակոս Գանձակեցի, նույն տեղում, էջ 109 և հետ.։</ref>։ Գրիգոր Տղա Պահլավունի կաթողիկոսի (1173—1193) մասին միջնադարյան անանուն մի ժամանակագրության մեջ կարդում ենք. «Որդի էր սա Պահլաւունոյն հզօր սպարապետին Վասիլին ունելով ի ձեռին ըզգունդն Արշակունին, զոր և մեծն Սահակ ետես դատարկացեալ։ Զսա պատւեալ պապն Հռոմա և զազգն իւր և գրեաց Երուսաղէմ և Անտիոք ունել գնա որպես զանձն իւր»<ref>«Պատմութիւն սուրբ հարցն», գրչագիր, գրված 1409 թ., հայկական ՍՍՌ Մատենադարան, ձեռ. № 7620, թերթ 24։</ref>։ Նույն այս Գրիգոր Տղայի մասին Վարդան պատմիչը գրում է. «Առաքէր և նոյն պատրիարգն եպիսկոպոս մի՝ Գրիգոր անուն, ի պապն Հռոմա վասն վտանգին որ ի Յունաց կրէին Հայք և զի խնդրեսցեն աղօթս և աւրհնութիւնս՝ որպես և առաջինքն, զոր կարի մեծարեաց պապն և ետ պատարագ առնել և հաղորդեցաւ, և հագոյց նմա զիւր քահանայական իշխանութեան հանդերձն։ Եւ հաւաքեաց առ ինքն զամենայն պատուաւորս.— զկայսրն Ալամանաց և զթագաւորն Անգլիզաց և զթագաւորն Փռանցիսաց իւրանցանովքն, և զպատրիարգն Ալամանաց, որ ունի քսան և հինգ հազար ձիաւորէ և զարհի եպիսկոպոսն Սպանիոյ, որ ունի քսան հազար ձիաւոր և զարքեպիսկոպոսն սուրբ Ցակոբայ, որ տիրէ հինգ հազար ձիաւորաց, և յայսմ կողմ անէ զպատրիարգն Երուսաղէմի։ Եւ ի խորհուրդ մտեալ նոքօք գրեաց գիր (var. «գրեցին գիր») հրամանաւ սուրբ առաքելոցն ի նոցա երեսաց.— «Եթէ հայոց պաարիարգն յայնկոյս ծովու իշխանութիւն կալցի՝ ի վերայ Հայոց և Ցունաց և ամենայն ազգաց քրիստոնէից, որպես մեք յայսմ կողմանէ երկնաւոր և երկրաւոր բանալեօք։ Եւ վասն զի երկայն ճանապարհ ի մէջ իմ և եղբօր իմոյ՝ Հայոց պատրիարգին, առաքեցի նմա զիմ պատրիարգական վակասըն և զպսակն և զկօշիկն, զի զայն զգեցեալ պատրիարգեսցէ մատանեաւ հանդերձ»։ Եւ ասէ ցեպիսկոպոսն Գրիգոր «Տար և զգեցո պատրիարգին, և յայնմ հետ է նմա լիցի պատիւ իշխանութեան յավիտեանս յավիտենից»<ref>Վարդան, նույն տեղում, էջ 175 և հետ.։</ref>։
XIII դարի և ավելի ուշ ժամանակների այս և նման ապոկրիֆների մեջ տեսնում ենք արդեն «Դաշանց թղթի» և նրա հիմք ծառայած շրջուն լեգենդների ներգործությունը։
Երուսաղեմը Սալահ-ադ-Դինի կողմից առնվելու կապակցությամբ Գրիգոր Տղա կաթողիկոսի «Ողբ»-ում արտահայտվում էր այն հավատը, թե Երուսաղեմը պիտի նվաճվի նորից խաչակիրների ձեռքով։ Բանաստեղծը այս առիթով վրեժի կոչ էր ուղղում քրիստոնյաներին և միաժամանակ գովերգում Լևոն իշխանի հաղթանակը «հագարացիների» վրա<ref>Տե՛ս Dulaurier E. Recueil des histoire de Croisades, Paris, 1869, I, էջ 284, 293, 300։</ref>։ Կասկած չկա, որ Տղան վառ ակնկալություններ ուներ երրորդ խաչակրաց արշավանքը կազմակերպողներից։ Նշենք նաև այն, ինչ պատմվում էր նրա և Կիլիկիայի Լևոն իշխանի մասին՝ այս վերջինիս թագավորական տիտղոս շնորհվելու կապակցությամբ։ Պատմելով Ֆր. Բարբարոսայի մասին, Լամբրոնացին գրում է. «Եւ զի խոստումն էր ինքնակալին ոսկի կնքեալ գրով՝ հայոց թագաւոր դնել պահանջեաց ի նմանէ՝ կաթողիկոսն սուրբ (իմա՝ Տղան Ա. Հ) զլրումն խոստմանն և ինձ հրաման ետ զսոյն թարգմանել»<ref>Ալիշան, Հայապատում, էջ 431։</ref>։ Վարդանը հաղորդում է մեզ այդ նամակի տպավորությունը Բարբարոսայի վրա։ «Եւ թագաւորն ժողովեալ զամենայն մեծամեծս իւր՝ ետ կարդալ, և ի խնդութենէն լացին. և գրեաց պատասխանի». «Ահա ունիմ թագ և զգեստ, զի օծցես թագաւոր Հայոց զոր որ ընտրես»։ Եւ ասէր ի լսելիս ամենեցուն. « Մինչ ոչ տեսանեմ... պատրիարքն Գրիգոր, ոչ ասեմ ինչ կա ի սրտի իմում»<ref>Վարդան, նույն տեղում, էջ 179 և հետ.։</ref>։
Uրտի իր գաղտնիքը Բարբարոսան թաղեց Սելեֆ գետի հատակում։ 1193 թվականին անանուն հայ մի պատմիչ, ավելի սառնարյուն և ճշմարտախոս, քան նախընթացները, հայտնում էր այդ մասին. «Եւ ապա շարժեալ մի ոմն ի թագաւորացն Հռոմայեցւոց ալաման կոչեցեալ գա մինչև ի սահմանս Կիլիկեցւոց և ոչինչ արիութիւն ցուցեալ կատարի մահուամբ գետասոյզ եղեալ զօրքն ցրուեալ բաժանեցան»<ref>Ջալալեան Սարգիս, եպ. Ճանապարհորդութիւն ի մեծն Հայաստան, Տփխիս, 1858, հ. I, էջ 464։</ref>։
Բարբարոսայի վախճանին հաջորդում է Գրիգոր Տղայի մահը։ Սակայն երկուսի կամքը կատարում են հին և նոր Հռոմի կայսրները՝ Հայնրիխ Հոհենշտաուֆենը և Ալեքսիոս III Անգելը։ «Ի լրումն թուիս ՈԽԷ (1198)... գրում է Լամբրոնացին,— վերապատուեցաւ թագաւոր Հայոց Լևոն՝ որ յՌուբինեանց, բարեպաշտ և յաղթող Աստուծով. որոյ հռչակ արութեանն շարժեաց զմեծ ինքնակալն հին Հռոմայ զՀեռի, նոր հռոմայ զԱլեքս, որք պսակեցին զնա քարամբ պատուականաւ եկեղեցի Տարսոնի՝ որ իմ անարժանութեամբս հովուի»<ref>Ալիշան, Հայապատում, էջ 427։</ref>։ ։ Անցքի նշանակությունը դրվատում էին այդ նույն տարում գրված ուրիշ հիշատակարաններ. ՈԽէ (1198) թվականին դրանցից մեկը գրում է Լևոնի մասին. «Ընկալավ օծումն որպէս զմեծն Տրդատ, կապակցութեամբ արիական ազգին Յունաց»<ref>Նույն տեղում, էջ 422։</ref>։ Մի ուրիշը արձանագրում էր. «օծին զԼևոն թագաւոր Հայոց, ի հնազանդութիւն եկեղեցւոյ Հռոմայ և ըմբրուրին Ալամանաց. և եղև ուրախութիւն մեծ ազգիս Հայոց, զի տեսին վերստին կանգնեալ և նորոգեալ զտէրութիւն իւրեանց յերեսս Լևոնի բարեբարոյ և աստուածասէր արքայի»<ref>Նույն տեղում, էջ 437, հմմտ. Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, Փարիզ, 1859, էջ 109։</ref>...
Տղային հաջորդած Գրիգոր Ապիրատ կաթողիկոսը, Պահլավունիներից վերջին գահակալը, այդ նույն տարում տեղեկացնելով Ինոկենտիոս պապին Լևոնի թագադրության մասին, միաժամանակ օգնություն է խնդրում նրանից մուսուլմանների դեմ։
Գրիգոր Ապիրատի մտայնությանը հասու լինելու համար նշենք, որ սա նույն անձնավորությունն է, որի խնդրանոք ժամանակին Շնորհալին գրել էր նոր խաչակրության գաղափարով համակված «Ողբ Եդեսիոյ» նշանավոր պոեմը։ Պոեմի վերջում հեղինակը գրում էր նրա մասին՝
<pre>
Մանուկ տղայ՝ գոլով տիոց,
և կատարեալ՝ յիմաստ ոգւոց.
Ներհըմտացեալ՝ յարհեստ զինուց,
ըստ հրահանգին հոովմայեցւոց,
Գոլ յաջողակ՝ ի նուս ձիոց,
որպէս աւրէն է վարժելոց»</pre><ref>Ներսես Շնորհալի, ողբ Եդեսիոյ, էջ 89։</ref>։
Պապին ուղղված դիմումը հաջորդ տարում կրկնում էր Լևոնը։ Բաղձանք հայտնելով եկեղեցիների միավորման մասին՝ խնդրում էր «ամենաքրիստոնէական օգնութիւն» Կիլիկիան թշնամիներից պաշտպանելու համար<ref>Ալիշան, Սիսուան, Վենետիկ, 1885, էջ 477 և հետ.։</ref>։ Պատասխանի մի շարք թղթերով Ինոկենտիոսը հորդորում է թագավորին՝ ամուր կանգնել կաթոլիկ եկեղեցու դիրքերի վրա, խոստանում էր խաչակրաց արշավանք կազմակերպել, իսկ առայժմ որպես հոգևոր մխիթարություն՝ ուղարկում նրան... ս. Պետրոսի դրոշը։ 1202 թվականին Սսի Հովհաննես արքեպիսկոպոսը, կաթողիկոսից հետո երկրորդ ազդեցիկ եկեղեցականը Կիլիկիայում, խնդրում է պապից... եպիսկոպոսական հանդերձանք իր համար և... ինդուլգենցիաներ՝ անհավատների դեմ կռվող հայ զինվորության համար։ Պապը խոստանում է կատարել համեստ այդ աղերսանքը։ Իսկ մինչ այդ, պապից խրախուսված Լևոնը, հատուկ հրովարտակներով, խաչակիրների ձեոքն էր հանձնում մի շարք ամրոցներ ու կալվածներ<ref>Langlois V. Essai etc. Էջ 21 և հետ., Ալիշան, Սիսուան, էջ 477 և հետ.։</ref>։
Այս կարգի փաստերը բավականաչափ բնորոշում են «Դաշանց թղթի» ծագումը պարուրող պատմական մթնոլորտը։ Հին տեսիլներն ու դաշինքները հարկավորվում էին նոր այն իրադրությունը նվիրագործելու համար, որի պատկերն այնքան ֆանտաստիկ կերպարանք էր ստանալու Վարդան պատմիչի մոտ. վերջինիս աղբյուրը ներկա դեպքում տարածված մի լեգենդ էր, անշուշտ։
«Դաշանց թուղթ» կոչված հերյուրանքը գալիս էր «հիմնավորելու» և «վավերացնելու» հայ-հռոմեական կողմնորոշման հետ լծորդված պահանջներն ու սպասումները։
IV դարի գրական հետնա խորքի վրա «Դաշանց թղթի» անհայտ հեղինակը փաստապես արծարծում էր XII—XIII դարերի պատմական սահմանագծի վրա հուզված թեոկրատական իդեաներն ու ակնկալությունները։ «Դաշանց թղթի» Լուսավորիչ կամ Տրդատ, Սեղբեստրոս կամ Կոստանդինոս անունները անհայտ հեղինակի համար ժամանակակից Գրիգոր Ապիրատի և Լևոն Ռուբինյանի, Ինոկենտիոս պապի և «ալաման» կայսրի կեղծանուններն էին պարզապես։
Միջնադարյան մանրանկարների մեջ Տրդատը և Լուսավորիչը պատկերվում էին ծաղկողին ժամանակակից տարազով ու շրջադրությամբ։ «Դաշանց թղթի» մեջ նրանց հռոմեական ուղևորությունը նկարագրվում էր նույն կերպ՝ XII—XIII դարերի մտայնության ու նպատակադրումների համեմատ։
Հյուսիսային կողմանց վարդապետներին ուղղած իր գրության մեջ Գրիգոր Տղան, Լուսավրրչի մասին խոսելով, համամիտ էր նույն այն գաղափարին, որը թև էր տալիս նաև «Դաշանց թղթի» հերյուրողներին. «Միթէ,— հարցնում էր նա,— ամբարտաւանեաց այսու ամենայնիւ և բաւական համարեցաւ յանձին իւրում զայս ի պատիւ աստիճանի, և կամ թէ ոչ խոնարհ սրտիւ և աներկբայ մտօք էառ յանձն գնալ ի Կեսարիա, և դարձեալ ի Հռոմ և առնուլ ձեռնադրութիւն ի սրբոյն Սեղբեստրոսի և կամ թէ իւրքն ամենայն ոչ կացին ի նոյն միաբանութեան սէր»<ref>Գրիգոր Տղա, նամականի, Վենետիկ, 1865, էջ 73։</ref>։
Գրիգոր Տղային հաջորդած Գրիգոր Ապիրատը Ինոկենտիոս III-ին ուղղած թղթով հպատակություն հայտնեց Հռոմին։ Ընդառաջելով Լևոնի ցանկությանը՝ նա համաձայնեց նույնիսկ ծիսական որոշ զիջումներ անել լատին եկեղեցուն։ Պետք էր հիմնավորել Կիլիկյան կաթողիկոսների հպատակությունը Հռոմի եկեղեցուն և միաժամանակ վավերացնել կիլիկյան թագավորների վասալական կախումը դրախտի բանալիին տիրացած Պետրոսի գահաժառանգին։ Այդ նպատակին էլ ծառայելու էր հենց «Դաշանց թուղթը», որ փորձում էր նվիրագործել Պահլավունի վերջին կաթողիկոսի ապիրատությունը նրա քաղաքականության երևակայական կանխողի — Լուսավորչի — անունով։
Կիլիկիայում արծարծված միաբանողական և խաչակրական պրոպագանդի շիկացած մթնոլորտում խմբագրված ապոկրիֆի մեջ մեծապես կեղեքված են երկրում շրջող հին ու նոր լեգենդները։ Կոստանդինոսի տեսիլքը հանդիպում ենք դեռ Սուկավետի լեռան հետ կապված վրացերեն թարգմանված մի վկայության մեջ, որի ծագումն իջնում է մինչև VII—VIII դարերը<ref>Н. Марр, Из поездки на Афон, 1899, էջ 33 և հմմտ. «Սոփերք հայկականք», Լ. Ա., էջ 17</ref>, երբ արաբների դեմ պայքարելիս, հայերը օգնություն էին սպասում Բյուզանդիայից։ Ագաթոնի մոտ հանդիպում ենք «Դաշանց թղթի» ակնարկն այն մասին, թե Արևմուտքի օգնությունը լինելու է Սուքիասեանց նշխարների Քոշից լեռան վրա (Կաղզվանից արևելք գտնված Քյոսե դաղում) հայտնվելու ժամանակ։ Ինչպես հավատացնում էր Հայսմավուրքը, այս լինելու էր «ի վերջին աւուրս, մերձ ի կատարումն աշխարհիս»<ref>Ալիշան, Այրարատ, Վենետիկ, 1890, էջ 537։</ref>։ Ավելի հետաքրքրական է այն, որ առանց որևէ աղճատման «արմենք» ձևով «Դաշանց թղթում» հանդիպում ենք նույն այն «արմաններին» կամ «որմաններին», որոնց հետ գործ ունեցանք Ագաթոնի և Ներսեսի անունների հետ կապված կանխատեսությունները քննելիս։ «Դաշանց թուղթը» ևս տոգորվում է «հռոմայեցի» ազատարարներին հայացնելու մտայնությամբ։ Այս և այլ զուգադիպությունները առաջացել են անշուշտ նրանից, որ սրանք բոլորն էլ արձագանքում են տարածուն ու արմատացած միևնույն հայացքներին ու տրամադրություններին։ Նույն կերպ պիտի բացատրել նաև այն հանգամանքը, որ և՛ «Դաշանց թղթում», և՛ Ագաթոնի գուշակությունների մեջ կրկնված էր հիմնականում Լուսավորչի և Տրդատի հռոմեական ուղևորության հնավանդ առասպելը։ «Դաշանց թղթից» '''առաջ''' գրված ու վերախմբագրված Ագաթոնի մոտ նույնպես հանդիպում ենք ակնարկված հայերի և հռոմեացիների միջև կնքված «մեծագահ նամակ քաջ և ռամիկ ազատաց» կոչված դաշնադրության մասին։ Կա սակայն մի այլ հին աղբյուր։ Տարոնի Առաքելոց վանքում պահված «Դաշինք Տրդատայ և Կոստանդինոսի և թեմ Առաքելոց վանաց Տարօնի» վերնագրով մի գրություն՝ իբրև թե թարգմանված 1080 թվականին Չորտուանել Թոռնիկյանի հրամանով հունարեն բնագրից։ Այդտեղ Գրիգոր Լուսավորչի անունից պատմվում էր նրա և Տրդատի ուղևորությունը Հռոմ «հանդերձ բազում ազատագունդ զօրօք հայոց, ութ (sic) հազարաւ»։ Նույն թղթում հաղորդվում է նաև Կոստանդինոսի և Սեղբեստրոսի սիրո և միաբանության դաշինքի մասին՝ գրված ու կնքված «Քրիստոսի արեամբն», «զի անգրելի լիցի ուխտ և միաբանութիւն հայոց և ֆրանկաց, մինչև ի կատարած աշխարհի»։ 1080 թվականին գրված թղթում «ֆրանկ» անվան հիշատակումը կասկածելի է դարձնում թարգմանության հարազատությունը։ Ալիշանն իսկ ստիպված էր նկատել — «այլ ըստ կանխելոյ համրաւու արիական ազգին ֆրանկաց, զայս անուն փոխանակ հռոմայեցւոց մուծեալ է թարգմանն ի բանիդ»<ref>Ալիշան, Հայապատում, 98 և Այրարատ, էջ 387 և Արշալույս քրիստոնեության հայոց, էջ 202 և հետ.։</ref>։ Բոլոր պարագաներում ակներև է, որ հին լեգենդ էր այս, որ ընդելուզվելով մի այլ դաշնագրի՝ «Դաշանց թղթի» մեջ՝ դառնալու էր պապական եկեղեցու ունիվերսալ հավակնությունները և հայ-հռոմեական եկեղեցական միությունը հիմնավորող ագիտացիոն միջոցներից մեկը։
«Դաշանց թղթի» մեջ օգտագործվում էին նաև '''բանավոր''' աղբյուրներ։ Այս ակներև է Վարդանի պատմության գրքից. այդտեղ լեգենդար դաշնագրությունը շարադրված է '''բանավոր պատումի''' հիման վրա։ «Եդին երկու արքայքն և երկու պապքն,— գրում է Վարդանը, — Գրիգորիոս և Սեղբեստրոսն դաշն և ուխտի կեալ և մեռանել ի միմիանց վերա. գգիր ուխտին '''ասեն''' (sic) ի գրելն թացին յահաւոր խորհուրդն»<ref>Վարդան, նույն տեղում, էջ 58։</ref>։ Ըստ երևույթին բանավոր պատումների հիման վրա էր Շնորհալին «Սակս Հայկազեան սեռի և Արշակունեաց զարմի» վիպասանության մեջ անում Տրդատի և Կոստանդինոսի դաշինքի նկարագրությունը, ուր խոսք կա դարձյալ հայոց թագավորի և Լուսավորչի 70-հազարանոց բանակով Հռոմ ուխտի գնալու, դաշինք կնքելու և
<pre>
Յոսկիապատ կառս ամբարձեալ
Արքունատուր ձըրիւք լըցեալ
</pre>
հայրենիք վերադառնալու մասին<ref>Ն. Շնորհալի, «Բանք չափաւ», էջ 524։</ref>։ Որ «Դաշանց թղթի» մասին հետագայում ևս կուտակվում էին նորանոր լեգենդներ, դրան ապացույց կարող է լինել XV դարի առաջին քառորդում Հայաստան այցելած բավարացի Հանս Շիլդբերգերի ճամբորդական նոթերը, ուր Տրդատի և Լուսավորչի Հռոմ ուղևորվելու մասին հեղինակը պատմում է բանավոր աղբյուրներից առած մանրամասնություններ, որոնք բացակայում են «Դաշանց թղթում»<ref>«Հանս Շիլդբերգերի կյանքի և ճանապարհորդության մասին» տե՛ս «Հանդես գրականական և պատմական», երրորդ գիրք, Մոսկվա, 1890, էջ 154 և հետ. Վ. Սուրենյանի հոդվածը։ </ref>։
Այդպիսի մի լեգենդ էր, անշուշտ նաև «Դաշանց թղթի» մեջ մտած «հավհալենի թրի» պատմությունը։ Հայ ժողվրդական պատկերացումների մեջ հավհալենի—հավհալնի—հավլունի խաչանիշ թուրը, մարդկանցից անտես, փայլում է Սեպուհ լեռան գլխին՝ օդի մեջ։ Իբրև թե՝ Լուսավորիչն էր խաչի ձև տվել դրան, օծել և «կախել» լեռնագագաթից վեր<ref> Տե՛ս «Մանր ժամանակագրություններ, XIII-XVIII դդ.» (կազմեց Վ. Ա. Հակոբյան), Երևան, 1956, II, էջ 551։</ref>։ Այլ վարիանտով՝ Լուսավորչի հետ միասին ճգնելու համար Սեպուհ լեռը բարձրացած Տրդատ թագավորը պատյանից հանել ու դուրս էր նետել իր թուրը, որը գետին չընկնելով՝ ցցվել էր օդի մեջ՝ Լուսավորչի «անչվան» կանթեղից ճառագված<ref> Սրվանձտյան, Թորոս Աղրար, Բ. 55 և հետ.։ «Սոս և Վարդիթեր»—ի ծանոթագրություններից մեկում Արագածի հետ կապելով «անպարան կանթեղի» ավանդությունը, Պ. Պռոշյանը հաղորդում է, որ Արագածոտն գավառին ասում են Ապարան։ Հայտնի են Մ. Նալբանդյանի առարկությունները ժողովրդական այս ստուգաբանության դեմ։ Պիտի կարձել, սակայն, որ ոչ թե Ապարան անունն էր ծագել «անպարան կանթեղից», այլ «անպարան» և «Ապարան» անունների պատահական համահնչյունությունն է առիթ տվել Արագածի գլուխը փոխադրելու Սեպուհ լեռան մասին պատմվող լեգենդը։ «Ապարան» անվան ստուգաբանության մասին տե՛ս նաև Ալ. Սահինյանի Քասախի բազիլիկայի ճարտարապետությունը, Երևան, 1955, էջ 42 և հետ.։</ref>։
Հավլհալենի թրի պատմության մի այլ վարիանտը, հայ ազատագրական լեգենդի հետ միախառնված, հաղորդում է մեզ նաև Վարդանի XIV դարի կեսերից ոչ վաղ գրված «Աշխարհագրությունը». «Աստվածաբնակ լեռն Սեպուհ,— գրում է այդ հեղինակը,— ուր հանգեաւ սուրբ Լուսաւորիչն և անդ կա հաւհալանի թուրն Տրդատա, զոր ետ նմա Կոստանդինոս թագաւորն, է յորժամ խնդիր արար Տրդատ թագաւոր Լուսավորչին, և գնացեալ եգիտ (զնա) ի Սեպուհ և նա ասաց նմա զջնջումն ազգին Արշակունեաց, և առեալ զթուրն օծեաց որպես զխաչ և եդ յօդն բանիւն Աստուծոյ. և ասաց թէ ելանելն արիական ազգին որ են փռանկք երևի նշանս այս, զոր առեալ շրջեցուցանեն ընդ ինքեանս»<ref>Տaiոt-Martiո, Mémoires historigues et géographiques sur l’Arménie, Paris, 1819, t. II, 432, Վարդանը նշում է, որ նույն այդ թուրն էր աչքի առաջ ունեցել Հովհաննես Պլուզ (Երզնկացի) վարդապետը՝ Լուսավորչին նվիրած «Անձինք» շարականում իր «ի զեն արքայական սպանման գորձի» բառերով</ref>։ Ուշագրավ է, որ, հիշատակելով ալամանների մասին, «Աշխարհագրությունը» նրանցից է սերում տեսիլների «արման»-ներին, հաղորդելով թե նրանք սերված են «յազգէն Արշակունեաց յարիական ազգէն Տրդատայ , զոր խնդրեաց Կոստանդինոս և Տրդատ ետ նմա չորս հարիւր այր» <ref>Տaiոt-Martiո, նույն տեղում, t. II, էջ 450։</ref>։ Սրանք Բարբարոսայի արշավանքից հետո առաջացած պատումներ են, որ Վարդանին ժամանակակից Դարդելը պատմելով Տրդատի տրամադրած զորականների մասին, որոնց բնակության համար որպես թե հատկացված է եղել ստորին Գերմանիան, հարում է՝ «Եւ յասմանէ կարծիք են առ բազումս թէ գերմանացիք սերեալք իցեն ի Հայոց»<ref>Հովհաննես Դարդելի, Ժամանակագրութիւն հայոց, ՍՊԲ, 1891, էջ 70։</ref>։ Այս բացատրությունը, ինչպես տեսանք, մուտք է գործել նաև Ագաթոնի որոշ վարիանտների մեջ։
Այնուամենայնիվ «Դաշանց թուղթը» չէր ընդունել իր մեջ բացառապես միայն ազատագրական լեգենդի շրջուն վերսիաները։ «Դաշանց թուղթը» ներծծել էր իր մեջ այդ վերսիաները, սակայն նրա գաղափարական առանցքը կազմում են միսիոներական-թեոկրատական այն իդեաները, որոնց բուն ջերմոցը Ինոկենտիոս III-ի Հռոմն էր։ «Դաշանց թղթի» հեղինակը ունեցել էր ձեռքի տակ նաև այդ իդեաները սնող հայերեն գրավոր աղբյուրներ։ Այսպես, Ագաթոնի մոտ «որմանները» հայերի փրկության համար աղերսանքով դիմում են սուրբ երրորդությանը, Պետրոս և Պողոս առաքյալներին, Տիրամորը, Հովհաննես Մկրտչին, Ստեփանոս Նախավկային, Թադեոս առաքյալին և Լուսավորչին։ Նույնը հանդիպում ենք նաև «Դաշանց թղթում»։ Այս զուգադիպությունը վկայում է արդեն այն մասին, որ կամ վերջինիս հեղինակը ձեռքի տակ ունեցել է Ագաթոնի բնագիրը, կամ որ երկուսն էլ ցայտել են գրավոր ընդհանուր աղբյուրից։
«Դաշանց թուղթը» ունեցել է գրական ներգործության լայն շառավիղ։ Անգամ XVII դարում նրա ակներև ազդեցության տակ էր գրի առնում հայոց դարձի պատմությունը վրաց պատմագիր Փարսադան Գորգիջանիձեն, որը ծագումով գորեցի հայ էր<ref>Տե՛ս Մելիքսեթ-Բեկ, Վրաց աղբյուրնեը, II, էջ 82 և հետ.։</ref>։
«Դաշանց թղթին» որոշ տուրք էր տվել նաև XVIII դարի առաջին կեսի վրաց գրող՝ Լիմ անապատի միաբան Գեորգ վարդապետ Կակաբենցը, որը նույնպես գորեցի հայ էր ծագումով։ Վերջինս ներբողյաններ էր նվիրում Սեղբեստրոս պապին և Գր. Լուսավորչին, մի կողմից և Կոստանդին մեծին և Աբգար թագավորին՝ մյուս կողմից<ref> Տե՛ս պրոֆ. Լ. Մելիքսեթ-Բեկի հոդվածը Վրաստանի պետական թանգարանի «Տեղեկագիր», հ. 10, 1840, էջ 104 և հետ.։</ref>։
Մեծ տարածում ստացավ անվավեր այդ թուղթը նույն դարի միսիոներների ձեռքում։ 1683 թ. Վենետիկում լույս տեսավ «Դաշանց թղթի» հայերեն տեքստը և նրա իտալերեն թարգմանությունը, 1690 թվականին նույնը տպվեց Պադուայում, հինգ տարի անց, 1695 թվականին՝ դարձյալ Վենետիկում և նորից Վենետիկում՝ 1700 թվականին։
Մենք դեռ առիթ պիտի ունենանք նշելու այն դերը, որ կատարելու էր «Դաշանց թուղթը» հետագայում հայ-եվրոպական բանակցությունների ժամանակ։
== 4. Լեգենդի արձագանքները ուշ միջնադարում ==