Changes
/* Չար ոգիներ */
==Չար ոգիներ==
Հեթանոսական ամենամեծ վնասը Աստծու հանդեպ սեր չունենալն էր և է։ Դրա տեղը բռնել էր վախը և գերում էր միտքն ու սիրտը։ Տեսանք նրանցից ճանաչված կերպ֊կերպ պաշտելի նյութեր և էակներ, որոնցից ավելի և հատուկ են կարծեցյալ ոգեղեն կամ խառը էակները, դրանցից բարիներին նույնպես տեսանք՝ չարությունից ոչ անխառն։ Իսկ բուն <i>չար</i> կոչվածներն ավելի շատ են․ արժանի պատուհաս աստվածուրաց կամ աստվածանգետ մարդկանց, որոնք իրենց մոլության ու անառակության պատիժը իրենց խոտորնակ խղճով են ծնել ու սնուցել։
Չարիքի նախասկզբի խնդիրը թողնելով փիլիսոփաներին ու աստվածաբաններին՝ նախ ասենք, որ <i>չար</i> կոչումը ոչ միայն վատի նշանակ է՝ իբրև ածական, այլև իբրև գոյական ու էական՝ մեր լեզվով <i>չար</i> են կոչում բորիին հակառակ ոգիները, որոնցից գլխավորը և շատ չարիքների առիթն ու գրգռիչն է սատանան։ հայտնի է, որ այս բառը հրեերեն է և հին հայերին հավանորեն անծանոթ։ Բայց եթե ոչ անունից, ապա իմաստից հավանական է, որ եթե պարսիկների պես <i>հարաման</i> կամ <i>ահրեման</i> կամ մեկ այլ կերպ չէին կոչում, թվում է, թե հատկապես <i>չար</i> էին կոչում՝ իբրև սկզբնապատճառ ամենայն չարիքի, ինչպես հիմա էլ է կոչվում քրիստոնեական հին և նոր գրվածքներում։ Վերոհիշյալ աղոթքի մեջ ճիվաղների ու դրանց նմանների հետ գրված է նաև հոգնակի՝ <i>չարք</i>, աղոթողն ասում է․ «Որք ներաբնակ ունին յինքեանս զմուտ չարութեան»<ref>Ավելի որպես խարդախ և բարին ապականող ու ավերող ոգի է հայտնվում չարը իր գործերով, ինչպես մեր Տեր Քրիստոսի առակների մեջ է․ երբ սերմնացանը արքայության սերմերն է ցանում, «գայ Չարն և յափտակէ զսերմանեալն ի սիրտ»։ Մեկ այլ անգամ, երբ ագարակում բարի սերմ է ցանում, գալիս է էշնամին «և ցանեաց ի վերայ որոմն ի մէջ ցորենոյն և գնաց․․․ և Որոմն որդիք Չարին են» (Մատթեոս, ԺԳ, 19,25,38)։ Թեև ծիծաղելի է, բայց այս բացատրությանը հարմար է Վանական վարդապետի զրույցը՝ իբր իր օրերում պատահածը․ «Եղեւ ի վանք ի Խլաթայ ծովուն եզերն, ուր արագիլ թխսեաց և ձագ եհան․ արուն՝ ետես և խռովեցաւ․ գնաց և եբեր 200 սպիտակ արագիլ և մին սեւ․ և որպէս զդատաւոր նստան զշուրջն երեք օր․ և սեւն ի բոյնն զձագն յաւուրն միանգամ ի վեր ունէր կտցովն և ցուցանէր, որպէս թէ ասել, Զայ ինչ ես արարեալ․ ապա ի վերայ եկեալ սպանին, և ծայր ծայր ցրուեցին զինքն և զբոյն իւր, և զարուն առեալ գնացին»։ Վարդապետն ասում է, որ եթե թռչուններին էլ հարություն լիներ, չարի խարդախության պատճառով այս անպարտ մեռածն էլ վարձք կառներ։</ref>։
Մեր լեզվում չարերի առավել հատուկ և հանրածանոթ անունը <i>դև</i>֊ն է, որ թեև խոսքում նույն է համարվում, ինչ սատանան, բայց սա նրանց՝ իբրև իր պաշտոնատարների գլխավորն է ու կոչվում է <i>դևերի իշխան</i>։ Մեր Քրիստոս Տերն էլ որոշարկելով ասաց․ «Սատանայի և հրեշտակաց նորա», որինհրեաները կոչում էին Բեհեղզեբուղ՝ փղշտացիների չաստվածի անունով՝ իբրև աղտեղությունների տեր։ Աղթարքները գրում են <i>Բիեղզեբուղան։</i> Մենք Ս․ գրքից գիտենք, թե սատանան ու դևերը ինչ են և որտեղից, իսկ մեր հին հայրերը գործածո՞ւմ էին այս վերջին բառը և որտեղից էին կարծում դևերի ծագումը՝ չգիտենք։ Հայտնին այս է, որ մեզանում և ծանոթ ազգերի մեջ էլ այդ չար ոգիների անունների սկզբնատառը նույնն է՝ դ, д, ж, Demon, Diabolus, Diabble, գերմաներեն՝ Teufel, պարսկերեն՝ <i>տիվ</i>, Ավեստայի լեզվում՝ <i>դաիվա՝</i> նման մեզանում եղած անվանը, որով գուշակվում է նաև նույն հավատը։ Զարմանալին այն է, որ միևնույն անունը շատ ազգերի մեջ «բոլորովին հակառակ» նշանակությունն է ունեցել՝ իբրև «երկու դիմադեմ խմբի բաժանված, իրար ատող»։ Մեր և պարսիկների մեջ <i>դև</i> կոչվածը հնդիկների, հույների, հռոմեացիների գերագույն աստվածն է՝ Տևաս, Զևս, Թեոս, Deus կոչմամբ։ Գուցե սրան հակառակ՝ պարսից Ահուրա գերագույն անունն էլ, հնդիկների մոտ <i>Ասուրահ</i>֊ի փոխվելով, նշանակում է «այս», որ օդեղեն կամ քամու դև է։ Մեր հեթանոսները Ս․ գրքի և քրիստոնեության ցուցադրած նախասկզբին մոտենում են՝ հրեշտակին ու դևին համարելով էությամբ նման, երբ երկուսի մասին էլ ասում են՝ բարի և չար։ Պարսից աղանդում հիշտակավում են դևերի այլևայլ անուններ։ Հավանաբար մեր ունեցածի մեջ էլ կար զանազանություն, և ամեն մեկը մի տեսակ չարիքի պատճառ էր համարվում, ընդ որում ոչ միայն մեծ պատահարների, ցավերի ու վնասների, այլև մինչև իսկ հորանջելու, ճմլկոտելու և հոգոց հանելու, ինչպես ասում է Եզնիկը։ Տարրապաշտության մեջ հիշեցինք Պաշատի և Նղրկու դևերին, բայց համարեցինք, որ վերջինս, ըստ մեր սրբազան Թլկուրանցի գուսանի՝
<br>«Ի՞նչ ընտալ(՞) կու տաս՝ Թուրկուրանցի խեւ․
<br>Խելացդ ես թեթեւ քան զՂղըրկու թեւ»,
<br> թռչելու թև պիտի լիներ, այլ ոչ թե մի չար ոգի։ Մեր մատյաններում չարն ու դևը, իրար միացած, կոչվել են նաև <i>չարադև</i>, ինչպես Եղիշեն է ասում․ «Իբրեւ զՉարադեւ մի ոչ դադարէր յուզել և շարժել զբուք ձմերայնոյ»։ Նա նման է ասում նաև մեր քաղցրախոս Շնորհալին․ «Ասատեա և իմ Չարադեւին, որպէս եւ յայնժամ ըզնոսին»։ Մեր ժամասերները հիշում են նրա երկու տողն էլ Ճաշի (6֊րդ ժամի) աղոթքի մեջ․ «Հերքեա ի մէնջ ըզծանրութիւն շրջող դիւին միջօրէի»։ Հետևելով իր և մեր հնագույն հայրերի՝ նույն (6֊րդ)ժամի աղոթքին, այդ ժամի քարոզը խնդրում է ազատություն «յամենայն հրեղէն նետից սատանայի՝ որ թռչի ի տուէ»՝ աղոթողն էլ մաղթում է ազատվել «ի գայթակղութենէ դիւին ի հասարակ աւուր»։ Ամենքն էլ թելադրված են նույն ժամի համար սահմանված (Խ) սաղմոսից․ «Ոչ երկիցես դու յերկիւղէ գիշերի, և ոչ ի Նետէ որ թռչի ի տուէ»։ Ըստ այդմ՝ ենթադրվում է, թե կար մի հատուկ դև, որ, կեսօրին շրջելով և թռչելով, փորձում էր մարդկանց և նույն ժամի տաքւոյթան համեմատ՝ հրեղեն նետերով խոցում։ Այսպիսի նետահարությունը օտար չէր և պարառու դևին, որին հիշատակում է վերոհիշյալ Վանական վարդապետը, և նրա հետ նույնն է համարում բահաղը և մողոքը, մովաբացիների հռեմփան և ակկարոնի ճանճիկը կամ ճանճկուլը՝ այլևայլ կերպարանքներով։ Աղթարքների մեջ հիշշատակվում են մի քանի անուններով դևեր, բայց հի՞ն ավանդություն է, թե՞ գրողներն են հնարել՝ հայտնի չէ։ Դրանք են՝ Վշտիկ՝ դահիճ դև, որին Սողոմոնը 50 օր բռնել֊կապել է, «Սիրադեւ, որ նստի ի տակ անկեալ», «Գիշերակի դեւ, որ լինիս ի կերպս ճանճից և նստիս ի վերայ բդանցն<ref>Գուցե պետք է լիներ <i>բրդանց</i>՝ «բրդերի»։ Հիշատակված է նաև <i>Բուդ քար</i>։</ref> և դարձուացնես սեւ»։ Այլ պահպանակների մեջ էլ հիշատակվում են ավելի օտար անուններով՝ <i>կենդար, նոփիազ, իդասեդ</i> և այլն։
Մեր լեզվում <i>չար</i> բառի համանիշն է <i>վատ</i> բառը, որ գոյական իմաստով ևս նշանակում է մի տեսակ չար ոգի, որի անունը առանձին գրված է վերոհիշյալ աղոթքի մեջ։ <i>Վատ</i>֊ը կամ <i>Կուվատ</i>֊ը պարսից դենի մեջ հատուկ անունն է մի դևի, նաև մի հրեշտակի, որը ամիսների մեկ օրվա պահապանն է։ Երկուսն էլ քամիներին իշխող են․ մեկը՝ բարուն, մյուսը՝ չարին։ Նույն չարը պարզպաես քամու անվամբ մեզանում էլ է ճանաչվել, ինչպես վերոհիշյալ սուտ պատմության մեջ ասվածը․ «Չէ դեւ, այլ Հողմն դիպաւ քեզ»։ Ըստ գրքերի՝ այդ հողմը և նրա չար փչողը կոչվում են <i>այս</i>, իսկ հողմից զարկվողն էլ՝ <i>այսհար</i>, որ գրեթե նույնն է, ինչ <i>դիվահար</i>֊ը, ինչպես վկայում է Եզնիկը․ «Ի մեր լեզու Այսհար ասեմք, որպէս ի խտրանաց հարցն մերոց առաջնոց՝ ըստ սովորութեան ի մեզ կարգելոյ․ այլ գիտեմք՝ եթէ Այսն հողմ է, հողմն՝ ոգի․․․ յորժամ ասեմք թէ սիք շնչէ, Ասորնեայք ասեն՝ թէ Այս շնչէ»։
Մեկ այլ տեղում էլ, հիշելով ռամիկների սնոտի կարծիքները, ասում է․ «Փնչելն և լեզուին կծել, և ունկանն հարկանել, և ըմբանին կծել, ոչ եթէ յԱյսոյ իմեքէ լինի, այլ ի բնական ազդեցութենէ անտի՝ զոր տնկեալ է Արարչին յանդամասն»։ Ըստ անվան ու իմաստի՝ այսերը համապատասխանում են հնդիկների <i>ասուրաս</i> կոչվածներին, որոնք արեգակին հակառակ օդեղեն ու շոգեղեն այսեր են։ Բարի հողմերը նրանք կոչում են <i>մարուտ</i>, որը մոտ է մեր <i>մրրիկ</i> բառին։
Դևին ու սատանային հարմարեցված <i>բանսարկու</i>, <i>բելիար</i> և այլ անունները համարելով քրիստոնեական գաղափարների արգասիք՝ բաց ենք թողնում։ Հիշենք միայն մի նորանշան անուն, որով Վանական վարդապետն ու նրա աշակերտ Վարդանը և Հովհաննես Երզնակցին կոչում են սատանային։ Այդ անունն է <i>սուռնափա</i>, որ թուրքերենում նշանակում է <i>ընձուղտ</i>։ Ինչ և որ ազգի ու լեզվի ավանդույթներից առաջ եկած լինելը ինձ հայտնի չէ, և մեր մատենագիրների մոտ գտնելով՝ ենթադրելով կարող ենք համարել եթե ոչ ազգային, ապա մեր ազգակիցների կողմից ընդունված և սպասում ենք գիտուններից տեղեկանալուն։ Միայն ավելի վաղ հիշածներիս, այսինքն՝ դևերի կերպկերպ երևալուն անհարիր չէ, որ այս մեծ և անճոռնի կենդանու կերպարանքով էլ հայտնված կարծվի այդ չարադևը կամ դևերի գլխավորը։
Այժմ քննենք սրանց ըստ իրենց պես֊պես անունների ու տեսքի։
== Ծանոթագրություններ ==
<references>