Changes
/* Չար ոգիներ */
Այժմ քննենք սրանց ըստ իրենց պես֊պես անունների ու տեսքի։
===Թուխեր և խաժեր===
Առաջինը, թվում է, զրադաշտական կրոնում հիշատակված բազմաթիվ դևերից մեկն է կամ մի տեսակը, որ կոչվում է տուխս։ Հայերեն անունը, մյուսի հետ հիշվելով, գույներով զանազանվող տեսակներ է կարծել տալիս և ոչ միայն խոր խավարի բնակիչ, այլև լույսից բոլորովին զրկված կամ կույր։ Սրա նման է և երկրորդը, ինչը ենթադրում ենք շատ անգամ հիշված աղոթքի խոսքերից․ «Ակն Խաժիցն ճաքեսցին (ճաթեն ― Ղ․Ա․), և ոչ տեսողաց Թխիցն՝ պատառեսցին, և սոցունց համաքատակ Չարացն սիրտ և կամք՝ սուզեալ բեւեռմամբ՝ յանդունդս ընկճեսցի, ընդ սկզբնաչար Չարին Բելիարայ»։ Խաժակն (կապուտաչ) դևին տեսնող համարելով՝ խնդրում է, որ աչքը ճաքի, իսկ մյուսին չտեսնող է համարում, բայց և այնպես ուզում է, որ կույր աչքն էլ պատռվի։
===Դրուժներ===
Պարսից կամ մոգերի կրոնում հիշատակվում են դրուխսը և տերուճը։ Մեր լեզվում դրուժ֊ը և դրուժան֊ը հասարակ բառեր են, բայց սրանք կարգվել են դևերի դասում։ Հին բառգիրքը դրուժ֊ը մեկնաբանում է «Դեւ Վնասին»․ մեկ այլ գրվածքի մեջ էլ ասված է․ «Ո՜վ Չարադեւ Դրուժան այր, թշնամի արդարութեան»։ Հայտնի է, որ դրժել, դրժանք նշանակում են «խաբեություն ու մատնություն» որով և դրուժ֊ը համանիշ է դևերի կամ սատանայի խաբեբա կոչմանը։ Թերևս այդ անունը բարդված է դիր և ույժ արմատներից։ Վերջինիս իմաստը հայտնի է, իսկ առաջին անվամբ ա (դիր) մի դև հիշատակվում է պարսից աղանդում։ Մեր լեզվում ևս տիր֊ը նշանակում է «մեծ ուժ և բռնություն»։ Քերականի հին մեկնիչը թարգմանում է «վնասակար»։ Օտար լեզուներում այս հնչմանը զուգորդվում են նաև իմաստները․ լատիներեն Dirus, ֆրանսերեն Dur՝ «դժնյա, խիստ», Tirannus՝ «բռնակալ», տրե֊ն, ըստ տիբեթցիների, նշանակում է չար ոգի։
Դևերի երկու անուններն էլ (խաժեր և դրուժներ) կարող են այլ արմատից համարվել՝ սովորաբար անկարգ բանի և մարդկանց մասին ասվող խուժ֊ից և դուժ֊ից, որոնցից էլ մյուս հասարակ բառերն են (խուժան, դրուժան, դժնե, դժնիկ, դժնդակ և այլն)։ Այս բառերը և խաժ և թուխ չարաչք դևերի մասին նախորդիվ ասվածները հիշեցնում են Երվանդ բռնակալ թագավորի մասին վիպասանների հմայական զրույցը, որը Խորենացին այսպես է ամփոփում (Բ․ ԽԲ․)․ «Ասեն զԵրուանդայ՝ ըստ հմայից դժնեայ գոլով ական հայեցուածով․ վասն որոյ ընդ այգանալ աչալրջացն՝ սովորութիւն ունել սպասաւորացն արքունի՝ վէմս որձաքարեայս ունել դնդդէմ Երուանդայ, և ի հայեցուածոցն դժնեութենէ ասեն պայթել որձաքար վիմացն։ Բայց այս կամ եղիցի սուտ և առասպել, և կամ դիւական ինչ առ իւր ունել զօրութիւնս, զի այսպէս հայեցուածոցն անուամբ(՞) վնասեսցէ զորս կամի»։
Այս խոսքերը կարող են պարզել մեր աղոթողի խնդիրքը ևս։
===Շիդարներ===
Սրանք ոչ աչքերը, այլ միտքը կուրացնող դևեր էին, այսինքն՝ խելագարեցնող, խենթացնող էին, ինչպես հիշատակեցինք Արտավազդի վերաբերյալ։ Խելագարն էլ այս անունով կոչվում է շիդար, ինչպես այդ թագավորի մասին ասում է Վանական վարդապետը Խորենացու վերոհիշյալ պատմածի փոխարեն․ «Ի մանկութենէ բախած, զոր Շիդար կոչէին»։ Շիդարը «Հայսմավուք»֊ի մեջ դարձել է հատուկ անուն։ Գրիգոր Մագիստրոսը, նկատի ունենալով ափեղցփեղ մտածողի, խոսողի ու գործողի, բառախաղությամբ ասում է․ «Շուայտական Շիդարացն շարս Շամանդաղեալ՝ շոհանեն ի վերայ մեր»։
===Ճիվաղներ===
Սրանց հիշատակեցինք հրեշների կարգում։ Հիշատակեցինք նաև, որ այս անունով կոչվում են նաև ոգեղեն էակներ կամ դևերի մի դաս, որոնք երազում կամ արթնության մեջ այլանդակ կերպարանքներով վախեցնողներ էին։ Այս իմաստով՝ հասարակ խոսքում ճիվաղ են անվանում վայրի կենդանիներին ու վայրենի մարդակնց, նաև անպիտաններին ու անարգներին։ Այս պես֊պես իմաստներով գրել են տարբեր հեղինակներ։ Գրիգոր Մագիստրոսը գրում է․ «Որպես Ճուաղանցն է ճարակ ճռուողել ի գիշերի յանկողինսն»։ Սարգիս վարդապետը գրում է («Մեկնութիւն Հակոբայ», Ե)․ «Դիւացն ճիւաղաց ճարակողաց զիս ախտիւք»․ մեկ այլ տեղում էլ՝ «Ճիւաղ, փցուն, շահասէր վաճառական»։ Նիհար, տկար անձը ռամկորեն կոչվում է ճվճվեղ։ Հիշատակեցինք նաև մեր աղթողի խնդիրքը․ «Մաղթեմք ի քէն բանականքս, մի՛ ի Ճիւաղեացն իշխել»։ Սրանց մեջ նշանակալի է Գրիգոր Մագիստրոսի ասածը, որ երազային երևույթ է հայտնում, և մեկ այլ տեղում ասում է ավելի պարզ․ «Որ առ երազօքն է Ճուաղանցն»։ Հին բառագիրքը ճիվաղ֊ը բացատրում է որպես «դև նյութական»։
===Թղպա կամ թեպղա կամ թեպղ===
[[Պատկեր:Թպղա.png]]
Նորալուր և հայ ականջի համար խորթ անուն է (եթե այսպիսի դիվական և դյութական հնարքների մեջ ամեն բան էլ խորթ չէ)։ Թեև չեմ կարծում, թե նույն ծագումն ունի, բայց տառադարձությամբ նման է հույների иупвпхлз անվանը, որ, ըստ բառի իմաստի, նշանակում է «աստվածակամք», իսկ ըստ առասպելի՝ հեթեստոսի սիրելին էր և Մյուրտիլոսի մայրը։ Մեր աղթարական գրվածքների մեջ թպղան հիշատակվում է միայն հաջորդ չար և ահարկու ոգու հետ, որ Ալը կամ Ալքն է։
===Ալ կամ Ալք===
Որպես հասարակ բառ՝ ալք֊ը նշանակում է «անդունդների նման խոր տեղեր» և հնչմամբ նման է գոթերի, գերմանացիների ու նրանց համալեզուների Hell բառին, որ նշանակում է «դժոխք»։Հյուսիսցիների դժոխքի դիցուհին էլ էր կոչվում Հել՝ համապատասխան ալերի բնակության վայրերին․ ալերը ապրում էին խոնավ տեղերում և առավելապես վնասում էին կանանց ծննդաբերությանը ու զավակներին՝ կարծես դառնալով վերջիններիս բարեկամ հավերժահարսերի հակառակորդները։ Գրիգոր Տաթևացին բարոյախառն ոճով ասում է, թե այնպիսի ոգիներ են, «որք ի ջուրդ և ի ծնունդ կանանցն՝ Ալք կոչեցան․ զի գէջ ախտիւն՝ զհոգիս կորուսանեն, և ի ծնունդս՝ զմարմինս և զհոգիս»։
Այսպիսի մեծ վնասի դեմ աղթարքները գրել են այլևայլ հմայական ու պահպանական աղոթքներ և այն նկարագրել են հետևյալ կերպ․ «Սուրբն Սիսիանոս գայր ի լեռնէ ի վայր, և տեսաւ Պեղծ մի չար․ և ունէր աչք հրեղէն, և ի ձեռին երկաթի կտրոց, և հանդիպեցաւ ի տեղի աւազոյ․ ասէ Ս․ Սիսիանոս․ Ո՞ւր երթաս, նզոված պեղծ․ ― պատասխանի ետ նմա և ասէ․ Երթամ զմանկունս կանանցն թառամեցուցանեմ, զկաթն պակասեցուցանեմ, զաչսն խաւարեցուցանեմ․ զըղեղն ծծեմ, և համր առնեմ, և առնեմ զտղայն անժամանակ յորովայնին» և այլն։ Մեկ ուրիշն էլ, «Ալն չար և Դժնիկ կենդանին» կոչելով, սրա բերանով ասում է․ «Ես եմ Ալն չար, որ կորուսանեմ զմանուկն ի յորովայնի մօրն»։ Մեկ ուրիշը պատմում է ավելին․ «Առին զձայն երեխային․ գնացին և տեսին զԱլն ի չարութեան․ բռնեցին կալան և կապեցին զԱլն ի յԱլին վէմն(՞)․ եկեալ մայրն Ալին և ասէ․ Այս ի՞նչ իցէ, այս ինչ։ Ասեն․ այս է որ մտանէք ի մօրն յորովայնի․ զերեխային զմիսն ուտէք, զարիւնն խմէք, զլոյս աչացն խաւար դարձուցանեք։ Ասէ մայրն Ալին․ թողէք զանդրանիկ որդին իմ․ յոր տուն որ ձեր անուանքն լինի՝ անդ ոչ մերձանամք ի ծառայն Աստուծոյ» և այլն։ Մեկ ուրիշը նկարագրում է ալին․ «Այր մի նստեալ ի վերայ աւազու, և մազն նորա իբրեւ զօձի, և ըղունկն նորա պղնձի, և ատամունքն նորա երկաթի, և ժանիքն նորա որպէս վարազ խոզի․ (որ և ասում է―Ղ․Ա․)․ Նստիմ ի վերայ տղացկանի, զականջն խորովեցուցանեմ, զղասապն (լյարդը―Ղ․Ա․) քարշեմ, և խեղդեմ զմայր և զմանուկն․ մեր կերակուրքն մօրն տղայոցն միս է և տղացկանի ղասապն, և եօթն ամսոյ մանուկն գողանամք ի մօրէն, խուլ և մունճ տանիմք առ թագաւորն մեր յանդունդս։ Եւ մեր բնակութիւն յանկիւնս տանն է և յախոռունս անասնոց․․․ Եւ Սուրբքն հանին զհրեղէն սուրն և կամեցան սպանենել զՊեղծն», բայց նրա աղաչանքներին անսալով՝ խնայեցին՝ երդվեցնելով, որ այն տներում, ուր իրենց անուոնվ կաղոթեն, որևէ մեկին չեն վնասի։ Վերը գրվածի մեջ նշանակալի է ալի՝ մայր և իրեն պաշտպան ունենալը։ Տաթևացու քեռորդին՝ Սյունյաց Առաքել եպիսկոպոսը, ալը պարզապես դևերի դաս է համարում․

Զզանազան դէմք նոցա յայտնին,

Որպէս առ մեզ այժմ անուանին՝

Դեւք, Սատանայ, Քաջք և Ալին․

Որոնց յահէն հոգիք հալին»։

Ալի մասին մի ավանդություն ունեն գերմանացիները, որոնք կարծում են, թե իրենց հին Հոլտա դիցուհին հափշտակում է անկնունք մեռած երեխաներին, և երբ ամյրերը լսում են ցուրտ գիշերվա քամու ձայնը, կարծում են՝ իրենց զավակների ճիչն է, և խանդաղատում են։
== Ծանոթագրություններ ==
<references>