Changes
/* Մոգություն․ մազդեզական աղանդ */
=Մոգություն․ մազդեզական աղանդ=
Մեր հին հեղինակները և օտար գրիչները մեզ հայտնի են դարձնում այն, ինչը հայերս չաստվածների անուններով պաշտում էինք Քրիստոսից մի քնաի դար առաջ ու հետո։ Բայց է՛լ ավելի առաջ մեր քիչ֊շատ ընդունած երկու սկզբունքները (բարի և չարի) և կրակի աստվածության պաշտամունքը չեն բացատրել․ հավանաբար այն ծավալվել էր նաև Հայաստանում, թեև ավելի նվազ չափով, քան Պարսկաստանում ու Մարաստանում, և հույների դիքերի ու պատամունքների փայլատակումից մարել կամ մթագնել էր։ Այդպես էր և պարսիկների մոտ պարթևների թագավորության ժամանակաշրջանում և վերստին բոցկլտացել էր Սասանյանների օրոք 3֊րդ դարում։ Վերջիններս կամեցան այն արծածել նաև Հայաստանում, մինչդեռ մեր աղգակիցները քիչ ժամանակ անց, ամեն սուտ կրոն ու պաշտամունք թողնելով, դարձան քրիստոնեության։ Եվ երբ մեկ ու կես դար անց Հազկերտն ու նրա նմանները ամենայն հնարքներով ջանացին հայոց կողմերում ատրուշաններ բորբոքել, իմացան, որ այնուհետ այնտեղ մեկ այլ, աներևույթ կրակ (Քրիստոսի հավատի և սիրո) ոչնչացնելու էր իրենց խավարաբորբ խարույկը։
Բնապաշտության առումով հիշեցնենք կրակի պաշտամունքը և Ագաթանգեղոսի՝ հին հայերին <i>մոխրապաշտ</i> կոչելը։ Սակայն դրանով իմացանք նրանց՝ պարզապես բնության մեծամեծ երևույթների ու տարերքների պես կրակն էլ պաշտելը։ Իսկ այստեղ հիշված կրկաը աստվածության կամ գերագույն Աստծու էական պատկերն էր՝ բազմապատիկ հավատքներով ու ավանդություններով հանդերձ, որոնց բովանդակած կրոնները կոչվել են պես֊պես անուններով․ ամենից ավելի ընդհանուր կրոն լինելով Պարսկաստանում՝ <i>պարսկական դեն</i> կրոնը հնարողի կամ ծավալողի անվամբ՝ <i>զրադաշտական աղանդ,</i> և իր պաշտամունքավարների առումով՝ <i>մոգերի աղանդ</i> կամ <i>մոգության օրենք</i>, ինչպես ասվում է մեր նախնիների գրքերում։ Վերջինս պետք չէ շփոթել <i>մոգ</i> և <i>մոգություն</i> կոչվածի հետ, որով իմացվում է որևէ աղթարական և կախարդական հնարք։" Այս պարսից կրոնը առանձնահատուկ կերպով կոչվում է <i>դենիմազդեզն՝ մազդեզական դեն</i>, որովհետև <i>մազտա֊յազնա</i> նշանակում է «որմզդապաշտ» կամ «աստվածապաշտ», ինչպես <i>տավա֊յազնա</i>՝ «դիվապաշտ»։
Այս լայնածավալ կրոնը, որը հայերիս մեջ ջնջվեց քրիստոնեությամբ, մի հակառակ կերպով էլ իսլամական կրոնով ջնջվեց ուրիշ աշխարհներում, և այժմ մնում են սակավ և իրենց նախնիների ոչ կատարյալ ավանդություններով հետևողներ պարսից սահմաններում, ինչպես և Հայաստանին մերձակա Բաքվում, որտեղ կան կրակի ինքնավառ աղբյուրներ։ Դրանք կան նաև Հնդկաստանում և կոչվում են Փարսիք և Կեպր։
5֊րդ դարի կեսին Հայոց աշխարհում պարսիկների վերջին փորձը ոչ միայն մեր բարեպաշտների սիրտը բորբոքեց սիրո գերագույն հրով, այլև սրեց գիտունների գրիչը՝ հերքելու և խայտառակելու մոգերի բարբաջանքը։ Մեր ամենաընտիր հեղինակները՝ Եզնիկը, Եղիշեն, Մովեսեը, Ղազարը, ու փոքր֊ինչ էլ ուրիշ ոմանք մինչև իսկ այսօրվա վարժարանների աշակերտներին մասամբ են ճանաչելի դարձնում այս՝ քննության կարոտ թողնելով մյուս մասերը, որոնք արժանի համարեցինք ըստ կարելիության բովանդակել կամ համառոտել հետևյալ ծանոթությամբ՝ այլոց թողնելով պակասն ու սխալը լրացնելը կամ ընդարձակ ճառողների գրքերը փնտրելը, որ եթե մեզ համար մեր հին հայերի հավատքի պատճառով է հետաքրքրական, օտարենրի համար էլ հետաքրքրական է եղել կրոնի՝ «Զանդ֊Ավեստա» կամ «Ավեստա» և «Զանդ» կոչված գրքերում եղած ընդարձակ վարդապետությունների պատճառով և նույնիսկ <i>մոգ</i> անվան պատճառով։
Անծանոթ է այս անվան ծագումը, որ, այսպես կարճ ու միավանկ, մի խոր հնություն է ցույց տալիս հայոց ուպարսից լեզուներում, որոնք գրում են <i>մոկ</i> կամ <i>մյոսկ</i>, նաև <i>մավ</i> և <i>մյուղ</i>, նրանց գլխավոր մոգպետի անունն էլ, ըստ մեր հին գրիչների, գրում են <i>մյուպետ</i> կամ <i>մովպետ</i>։ Արաբները մոգին կոչում են <i>մաճյուս</i>։
Ըստ որոշ գիտնականների՝ <i>մոգ</i> բառը ծագել է քաղդեերենից և նշանակում է «մտածող, նկատող»։ Ըստ Փիլիսոփաների («Ապոլոնիոս Տիանացու վարքը»)՝ հին պարսիկները <i>մոգ</i> էին անավանում իրենց չաստվածներին, հետո անունն անցավ նրանց պաշտամունքավարներին։ <i>Մոգ</i> անունը <i>մ</i> և <i>բ</i> կամ <i>պ</i> տառերի լծորդությամբ նույնանում է սկյութական և սլավոնական լեզուների <i>բոգ</i> և <i>բագ</i> աստվածային անունների հետ։ Ոմանք էլ ստուգաբանում են ըստ <i>մակա</i> կամ <i>մահա</i> բառի, որ նշանակում է «մեծ», ինչպես լատիներեն majus֊ը։ Մոգ անվամբ հատուկ անձ, կարծում եմ, չի հիշատակվում, իսկ տեղանքի ու ազգի առնչությամբ նախ գտնում ենք մեր երկրում մի աշխարհ կամ նահանգ՝ երեք համանուն առանձին գավառներով, որ կորդվաց ու քաղդեացվոց սահմանակից Մոկաց աշխարհը և Առանձնակ Մոկքն է։ Մինչ այժմ էլ կա մի վիճակ՝ Մոկս կամ Մեքս անվամբ, որով կոչվում է նաև գլխավոր ավանը։ Հերոդոտոսը հիշատակում է մարերի երկրի Մոգ կամ Մագ գավառը, բայց գիտնականները այն համարում են ոչ թե տեղ, այլ մոգերի ու քահանաների դաս։ Ըստ տեղանքի դիրքի՝ ոմանք (և ավելի՝ մեր հ․ Ղուկաս Ինճիճյան հնախոսը) մոգության բուն սկզբնատեղի համարում են Մոկաց աշխարհը և նույնիսկ Քրիստոսի ծննդյանժամանակ արևելքից եկած մոգերին համարում են այս կողմից։ Դրա համավստիքը չկա՝ բացի տեղանքի հարմարությունից (այդ տեղանքի հնագույն հիշատակողներ են հույն պատմիչներ Հեկատեոսն ու Հերոդոտոսը (III, 93. VII, 68), որոնք այն կոչում են Մուկ)։ Ս․ Բարդուղիմեոս առաքյալի վկայաբանության մեջ մոգերի մի երկիր էլ հիշատակվում է Պարսկաստանում, ինչը երկբայելի է։ իսկ աղթարքների մեջ հիշատակված մոգերի ազգը կոչվում է նաև <i>խթայեցի</i>, երկիրը՝ Խութայու երկիր, ինչը պատմիչների մոտ կոչվում է Խաթայի, որը Չինաստանին սահմանակից թուրք կամ թաթար ցեղ է։
Գրիգոր Աստվածաբանի գրքի մեկնիչը (Նոննոսը) ասում է․ «Մոգքն՝ ազգաւ ի Գամրաց են, ուստի և Լերդահմայութիւնն լինի»․ գամիրքցիները (Հաբթեթյան Գոմերից) Առաջին Հայքի և Կապադովկիայի հին բնակիչներն են․ սրանց մոգությունն էլ համարվում է «մակակոչութիւն բարեգործ դիւաց, առ ի բարւոյ իմիք հաստատութիւն»։ Ընդհակառակը, պարսից մոգությունը չար դևերի մակակոչություն է, որ կախարդություն է։ Այս երկրում (Գամիրքում) կար Մոկիսոն անվամբ մի քաղաք (որ թվում է ներկայիս Գրշեհիրը), որը Հուստինիանոս կայսրը կարգեց Կապադովկիայի մայրաքաղաք, և որը հավանաբար մեր երկրի նման կոչվում էր Մոկս և հույների կողմից կոչվեց Մոգիսոս։ Սրանք շատ հին ու մութ հիշատակումներ են։
Մենք հիշեցինք պարսկադեն մոգության ծանոթագույն հեղինակին, որը սովորաբար համարվել է Զրադաշտը։ Այս հռչակավոր անձը ճանաչվել է Քրիստոիսց վեց դար առաջ, բայց ներկայիս հնախույզները ընդունում են մի շատ ավելի հին Զրադաշտի, որն ապրել է Փրկչի թվականից 25 կամ 26, մինչև իսկ 30 դար առաջ։ Իսկ հին պատմիչները, ըստ Պլինիոսի (XXX, 1), այդ թիվը կրկնապատկելով, դարձնում են 6000 տարի, ինչը մեր սովորական ժամանակագրությամբ անցնում է նաև Ադամի թվականից։ Բայց ոմանք համարում են, թե սա Նոյ կամ Սեմ նահապետն է։ Մեր պատմիչներն էլ հիշատակում են Շամիրամին և Արայի ժամանակակից մի Զրադաշտի՝ Փրկչի թվականից մոտ 2000 տարի առաջ (ըստ Սվիդասի՝ Տրոյական պատերազմից 500 տարի առաջ)՝ իբր բակտրիացիների թագավորի, որը, ասորեստանցիներին ու բաբելանցիներին հակառակ, հանրեց մի աղանդ՝ Զրվանին կոչելով աստվածների հայր։ Բայց այսպիսի զրույցները շատ անստույգ բաներ են, որքան էլ հավանական լինի, թե մի հին աղանդապետ եղել է մոգության վարդապետը, կամ այդպիսին են եղել այլևայլ անձինք, որոնց անուններն ու գործերը միավորվել են այդ Զրադաշտի մեջ, և շատ դարեր անց գրով ու խոսքով նման աղանդ է հրապարակ բելեր նոր և մեծ Զրադաշտը։
Արդ, սա ամենահավանական հաշվարկով ծնվել է փրկչական թվականից 600 տարի առաջ և մահացել է 522 թ․ Ուրմիա քաղաքում։ Մեր պատմիչներն այս վայրը հիշելիս գրեթե միշտ ավելացնում են «քաղաք Հայոց», որ նշանակում է՝ աղանդապետն էլ կարող էր լինել ինչպես հայ, այնպես էլ պարսիկ, մար կամ ասորի, ինչպես ասում են այլևայլ գրողներ։ Բայց պարսիկները նրան համարում են ոչ միայն իրենց համազգի, այլև իրենց Աքեմենյան արքունի ցեղից Հրուդեն կամ Ֆերիտուն դյուցազնի զավակներից և Արասպի որդու՝ Բուրուշասպի կամ Բյուրշասպի որդին, մորն էլ անվանում են Դուղդա (Dughda)։ Անունը Ավեստայի լեզվով, որոնվ նա գրեց իր վարդապետությունը, Զարադուշթրա, Զերաթոշդ, Զարադուշտ էր, որից՝ նոր պարսկերեն Զերտյուշտ, ըստ մեզ՝ Զրադաշտ, ըստ արևմտյանների՝ Զորոաստր (Zoroastre), որը, ըստ բառի, ստուգաբանվում է որպես «ոսկի աստղ», ըստ ոմանց՝ հատկապես Շնիկ աստղ։ Իր դենի գրքերում շատ անգամ կրում է Սպիտաման, այսինքն՝ «ընտիր, գերազանց», մականունը։
Ասումեն, որ Զրադաշտը 30 տարեկանում դուրս եկավ հայրենիքից և գնաց արևելք՝ Պարսկաստանի ու Հնդկաստանի սահմանների մոտ, որտեղ 10 տարի առանձնացավ մի քարայրում, և այնտեղ Որմիզդի ներշնչանքով հին բակտրիական լեզվով գրեց իր հռչակավոր գիրքը՝ «Ավեստա»֊ն, որ նմանահունչ հայերեն բառով թարգմանում են «հավաստի բան»։ Որոշ ժամանակ անց սրա վրա ավելացան «Զանդ» անվանումով մեկնություններ ու ծանոթություններ, որի պատճառով անվանվեց «Ավեստա» և «Զանդ»։ <i>Զանդ</i> անունը տրվում է նաև պահլավերեն թարգմանությանը՝ իբրև բնագրի մեկնություն, որից էլ՝ «Զանդ֊Ավեստա» անվանումը, որ ճիշտ է, եթե սրանով իմացվի միայն պահլավերեն թարգմանությունը։
Արդ, ըստ արևմուտքի հեղինակների, «Ավեստան» պարունակում էր 2000000 տող։ Այսժմ կլինի 200000 տող՝ բաժանված 21 նասքի (գրքի)։ «Ավեստա»֊ի այն մասը, որ թվում է ավելի հին, քան մյուսները, կոչվում է «Գաթա», ինչը թարգմանվում է «երգ, աղոթք»։ Այս գրքի մեծ մասը կրոնական և խրատական է, բարոյաբանական ու աղոթական։ Բովանդակում էր նաև աստղերին, բժշկությանը, հմայությանն ու այլ բաների վերաբերող ճառեր, ինչպես նաև նրա վարքը և այս գիրքը բաների Որմիզդից ընդունելու պատմությունը։ Բայց այս բոլոր գրվածքները կորել են կամ Ալեքսանդր Մակեդոնացու ատելությամբ կրակը ձգվելով՝ ոչնչացվել։ Մնացել է միայն Արտաշիր Սասանյանի Ժամանակ Թանսար մոգպետի ձեռքով և հատուկ լեզվով գրածը, որ հույժ նման է հին պարսկերենին՝ «Վենտիտատ» կամ «Վանտիտատ», հնում՝ «ՎԻտայեվոտադեմ», ինչը նշանակում է «տրված ընդդեմ դևերի», պահլավերեն՝ <i>Ճավիտ֊շետա֊տատ</i>։ Գրքին տված «Յասնա» կամ «Իզաշնե» անվանումը նշանակում է «պաշտամունքների գիրք», իսկ <i>յաշդ</i>֊երը այլևայլ դիքերի համար ասվող շարականներ կամ օրհներգություններ են։
Մի նաքսի նասն էլ «Վիսբերետ»֊ն է։ «Վենտիտատա յասնա»֊ն և «Վիսբերետը»֊ը միասին անվանվում են «Վենտիտատ֊Սատե»։ Սրանք մեկնությամբ հանդերձ հնուց թարգմանված են պահլավերեն։ Կորսված մի նասքի պարունակությունն էլ ամփոփված է թվում «Պունտահիշ» անունով մատյանի մեջ, որում խոսվում է արարչագործության մասին։ Մեկնաբանություններ կան նաև ֆրասի լեզվով, որ կոչվում են «Բազենետ», որոնցից մեկն էլ կոչվում է «Մինոխրետ»։ Թարգմանություններ են եղել նաև նոր պարսկերենով, ինչպես՝ «Զերտյուշթ֊Նամե»֊ն, որ Զրադաշտի տաղաչափված (չափածո) վարքն ու օրենքն է՝ շարադրված 1227 թ․։ Նշանավոր է նաև Ներիոզենկ անունով մեկի կատարած սանսկրիտ թարգմանությունը։ Այս կրոնի վերաբերյալ կան նաև հնդիկնեչրի Կյուճարադ նահանգի լեզվովայլ գրվածքներ, որոնք եվրոպացի գիտնականների մոտ շատ հարգի են։ Մեկ այլ նշանավոր գիրք է «Խուրտաե֊ավասդա» կոչվածը, որը աշխարհիկների համար ծառայում է իբրև «Մաշտոց» կամ աղոթագիրք և փոքր է կոչվում բուն «Ավեստա»֊ի համեմատությամբ․ հորինված է համարվում Արտաշիրի որդու՝ Շապուհի ժամանակներում։
Գիրքը կարգավորելուց հետո Զրադաշտը այն տանում է Բակտրիայի Պահլ մայրաքաղաքը՝ Դարեհի հոր՝ Վշտասպ թագավորի մոտ, և բացատրելով ընդունել է տալիս նախ արքունիքում, ապա՝ հպատակների մեջ։ Կանգնեցնում են բազում ատրուշաններ կամ հրատներ, ինչպես անվանում են մեր հեղինակները․ դրանք քարեղեն սեղաններ կամ բագիններ են՝ վրան փոքրիկ փոս, որի մեջ վառում ու միշտ վառ էին պահում կրակը։ Պարսիկները դրանք կոչել են <i>ազերկյահ</i> կամ <i>աթաշկյահ</i> կամ <i>աթեշկետե</i> կրակարան։ Դրանք դրվում էին բացօթյա, երբեմն չորս կողմը պատով փակված, բայց առանց ձեղունի, ինչպես պատշաճ էր միշտ ծուխ ու մուխ արձակող բագինին, մանավանդ որ հին ժամանակներում բոլոր ազգերի պաշտամունքի վայրերն էլ բաց և բարձր տեղերում էին։ Կային շարժական, նաև արծաթե բագիններ, որ պատերազմի ու հանդսությունների ժամանակ տանում էին զորքի կամ մարդկանց բազմության հետ։
Զրադաշտի աղանդը շատ և շուտ տարածվեց արևելքում՝ մինչև Հնդակաստան ու Չինաստան։ Բայց այս երկու մեծ երկրներում գրեթե միևնույն ժամանակ հանդես էին եկել մեկական մեծ աղանդապետներ ևս՝ Կոնֆուցիոսը և Բրահման, ու քարոզել էին նոր կրոններ, որոնց հետևողները շատ ընդդիմացան Զրադաշտին։ Աղանդը առավել անարգել մտավ արևմուտք, որը նվաճել էին պարսիկները։ Սակայն աղանդապետը այս հաջողությունը տեսնել չկարողացավ,քանի որ մոտավորապես Դարեհի գահակալության տարում մեռավ կամ սպանվեց Վշատսպի հետ սկյութների ու թուրանցիների դեմ պատերազմելիս։
Հավանաբար այս ժամանակներում՝ Տիգրանի ու Կյուրոսի մահից հետո, երբ երկիրը նվաճվեց պարսիկների կողմից, Զրադաշտի աղանդը մտել է նաև Հայաստան կամ նորոգվել է։ Բայց արժանի է հիշելու, որ ըստ հույների՝ այս ժամանակներում էր ապրել մի անվանի հայ մոգ, որին հիշատակեցինք Արայի ու առլեզների առիթով։ Շատերն են հիշատակում այս մոգին, բայց այլևայլ անձնավորությամբ ու ժամանակով։ Ոմանք նույն են համարում Արմենիոս կոչվածին և Պամփյուլացուն, ոմանք՝ սրանցից էլ տարբեր, Կտեսիաստեոսի հիշատակածից էլ։ Առնոբիոսը հայ Զրադաշտին անվանում է Ոստանի (Վստամի՞) թոռ։ Պլինիուսը այս անունով, որը, թվում է, ունր վարդապետական կամ սրբազան մի նշանակություն, նաև ուրիշներին է հիշատակում։ Պլինիուսը այսպիսի մեկին հիշատակում է որպես Քսերքսեսի ժամանակակից ու Զրադաշտի գրքերի մեկնիչ, մեկ այլ Ոստանեսի էլ՝ որպես Ալեքսանդրի ուղեկից։ Սույն հեղինակը (Պլինիուսը) հիշատակում է նաև հայկական անվանն ու ազգին մերձավոր յալ մոգերի, ինչպես՝ Զարատին և Ապուսկորին (՞)՝ ազգությամբ մար, Մարմար և Արաբանդիփո՞կ (Երվա՞նդ) Բաբելացիներին, Տարմենդ Ասորեստանցուն և անվանի Զրադաշտից հին և նրա ուսուցիչ ումն Ազոնակի կամ Ազոնակսի, որին բանասերներից ոմանք համարում են Սեմի կամ Եբերի աշակերտ։ Մեկն էլ բուն անունը համարում է Նոյակ։ Կարո՞ղ էր արդյոք մեկն էլ Ասքանազ ասել, որ Հաբեթի թոռն է։ Բայս այս քիչ կամ շատ ենթադրական բաները թողնելով՝ մի փոքր էլ քննենք Զրադաշտի կամ մոգերի հավատքը՝ առանց քրքրելու նույնիսկ պարսից նոր մոգերի անիմաբան կարծիքները։
Հույների մեջ առաջինը նրանց պատմահայր Հերոդոտոսն է փոքր֊ինչ գրել պարսկական այս կրոնի մասին։ Ավելի երկար գրել է Թեոպոմպոսը, բայց նրա գրածը կորել է։ Իսկ մեր վերոհիշյալ դաստիր գրողները (Եզնիկ, Եղիշե և այլք), ավելի մոտ լինելով Զրադաշտի նորոգված աղանդին հետևողներին, Սասանյանների օրոք բավական ստուգությամբ են այն ծանուցում։ Իբր աշխարհի արարչությունից առաջ կար իբրև թե անձնավոր մեկը՝ Զարվանա֊Աքարանան (<i>անսահման ժամանակը</i>), որ, ըստ մեր ազգակիցների, Զրվանն է։ Եվ փափագում էր մի որդի ունենալ ու դրա համար հազար տարի հաշտ էր առնում, այսինքն նվերներ էր պատարագ անում կամ ընծայում։ Ո՞ւմ և ի՞նչ, ինչպես ծաղրելով հարցնում են Եզնիկը և մեր ու օտար ուրիշ հայրեր։ Վերջապես Զրվանը խեղեփներ (երկվորյակներ) է հղանում մեկին՝ իր փափագների համար, մեկին էլ՝ իր տարակուսանքների․ և առաջինը սա է լույս աշխարհ գալիս (ինչպե՞ս)՝ գարշահոտ, տգեղ, դժգույն մեկը, որ «Ավեստա»֊ի լեզվով կոչվում է Ահըրոմայինու, որից նոր պարսկերենում կոչվում է Ահարեմեն, Հարաման, Ահրիմեն, Հարիման, Խարաման և այլն։ Իբրև այսպես կոչվելու պատճառ՝ Եզնիկն ասում է․ «ԶԽարամանի անուն յանձին կրելոյ՝ [վասն] առ ի յարեւէ զարեգակնատենչիկսն արկանելոյ, ուստի և զանունն իսկ զԽարամանոյ առ․ նոյնպէս և Սատանայ անուն՝ ոչ բնութեան ինչ անուն՝ այլ բարուց»։ Քիչ անց ծնվում է լուսավոր և անուշահոտ որդին՝ Որմիզդը<ref>«Ավեստա»֊ում՝ Ահուրա֊Մազդա, որ թարգմանվում է «ամենաիմաստ ոգի», Դարեհի արձանագրության մեջ՝ Ավրամազդա, ըստ հայերի՝ Արամազդ, ըստ հին հելլենների՝ Oromazdes, ըստ սասանյան պարսիկների՝ Հորմիզդ, ըստ 5֊րդ դարի հայ գրիչների՝ Որմիզդ, նոր պարսկերեն՝ Հյուրմյուզտ, Հյուրմյուզ։</ref>, որ ստեղծում է երկինքն ու երկիրը և ինչ որ այնտեղ կա։ Նրան նախանձելով Ահիրմանը, ընդհակառակը, ստեղծում է չար էակներ, ինչպես՝ հրեշտակների դեմ՝ դևեր, ընտանի կենդանիների դեմ՝ գազաններ, լույսի դեմ՝ խավար, առողջության դեմ՝ հիվանդություն, կյանքի փոխարեն՝ մահ, և այլն, և այլն։
Այսպես տարբեր անձերից կամ սկզբունքներից է ծագում հավատքի երկարմատ, այսինքն՝ բարիի և չարի հակառակության սկզբունքը, ինչը երևացել է նաև այլ կրոններում։ Բայց Զրադաշտի կրոնում Որմիզդը համարվում է մեծ և պաշտելի աստված, Ահրիմանը՝ մի պարզ հակառակություն, որին հետագայում զանդիկներն ու մանիքեականները հռչակեցին հավասարազոր հակառակորդ, ինչի պատճառով ատելի դարձան զարդաշտականներին, ինչպես Եզնիկն էլ ասում է․ «Ընդէ՞ր ատիցեն մոգք զԶանդիկս»։ «Զգոն» գրքի հեղինակն էլ հարցնում է․ «Ո՞ տացէ զհատուցումն վարձուց մանկան Խաւարի՝ Զնադիկ աղանդին՝ որք են Մանիքեցիքն»։ Մոգերի ու մազդեզականների մեծ ջանքն էր՝ ատել Ահրիմանին և պնդել, թե իրենք միաստվածական են՝ միայն Որմիզդին ճանաչելով իբրև մեծ աստված։
Ճիշտ է, որ «Ավեստա»֊ի մեջ բազմաստվածության որոշակի նշան չկա, որը չկա նաև նրա մեկնիչների մոտ։ Սակայն գոնե նրանց հաջորդները կամ նորերը ցույց են տալիս աստվածակերպ էակներ կամ զորություններ, որոնց գլխավոր կարող է համարվել Հոնավարը կամ Հունավարը, Հոնովերը, Ահունավարը և, ըստ «Ավեստա»֊ի, Ահունա֊վայրիան, որ աստվածային (խոսք) էր և եթե ոչ անձնավոր, ապա գոնե դիմավոր՝ տարորոշված աստվածային խոսքից, որ կոչվում էր Մաթրա։ Այս Հոնավար արարաչագործ խոսքով Որմիզդը հերքել է Ահրիմանին։ Ոմանք սա համարում են Որմիզդի մի պարզ մակդիրը<ref>Մեր ազգի անձանց հատուկ անունների մեջ 11֊րդ դարում և դրանից հետո հանդիպում է <i>Հոնավար</i>֊ը</ref>։ Բայց Սասանյանների օրոք Միհրի աստվածությունը անտարակույս է, ինչպես տեսանք, նաև հայերի մեջ․ նույնը վերաբերում է նաև նրանց Անահիտին։
Եթե ոչ աստված, ապա աստվածազան կամ գերագույն ոգիները մոգերի գրվածքներում նշված են իբրև Ոմիզդի մերձավորներ ու պաշտոնատարներ՝ կոչված Ամշասբանդ կամ Էմշասփենտ, Էմհուսփենտ, «Ավեստա»֊ի լեզվով՝ Ամեշա֊Սբենդա, որ թարգմանվում է «անմահ֊բարերարներ», որոնք վեցին էին։ Որմիզդին էլ մեկտեղ առած՝ ասվում են յոթը և համապատասխանում են հրեաների և քրիստոնյաների հրեշտակապետերին։
1. Բահման կամ Պեհմեն, հին ձևով՝ Վոհու֊Մանո, որ թարգմանվում է «բարի միտք», ամեն բանի խնամակալ, հոգիներ վերբերող է։ Սրան էին նվիրված մայիս ամիսը, ամիսների 2֊րդ օրը և շուշան ծաղիկը։
2. Արտապահիշդ, Աշավահիշդա, որ նշանակում է «սուրբ կամ վեհագույն, աշխարհի լույս, բարի օրենք» և այլն։ Սրան էին նվիրված օգոստոս ամիսը, կրակի պահպանությունը, ամսի 9֊րդ օրը, մերզենգյուշ ծաղիկը (Mayorana, մշտիկ)։
3. Շահրիվար, Շեհրիյվեր, ըստ հների՝ Խշադրա֊Վայրիյա, որ մեծ թագավոր է, աշխարհի մեծությունների՝ բովերի, լեռների տեսուչ։ Նրան էին նվիրված 10֊րդ (դեկտեմբեր) ամիսը, ամիսների 4֊րդ օրը, ռեհան ծաղիկը։
4. Սբենդարմատ կամ Իսֆենտարմատ (տե՛ս Սպանդարամետ), Սբանդա֊Արմաիդի, որ նշանակում է «սրտի ազնվություն, սրտեր քաղցրացնող»․ Անասունների խնամակալ է։ Նրան էին նվիրված 5-րդ ամիսը (հունիս), ամիսների 5֊րդ օրը, ուռենի ծառը․ սա միայն հրեշտակուհի էր համարվում՝ իբրև Որմիզդի դուստր։
5. Խորտատ կամ Հաուրվադատ, որ կենսատու է, ժամանակի վարիչ, երկրի բույսերի և ջրերի խնամակալ։ Նրան էին նվիրված 7֊րդ ամիսը (սեպտեմբեր), ամիսների 6֊րդ օրը և շուշան ծաղիկը։
6. Ամերտատ կամ Ամարտատ, որը անմահատուր է կամ մահը դյուրացնող, ծաղիկներ ու պտուղներ խնամող։ Նրան էին նվիրված ամսի 7֊րդ օրը և ջամբա (՞) ծաղիկը։
Այս գերագույն ոգիներից կամ հրեշտակապետերից վար, իհարկե, պիտի լիներ նաև հրեշտակների (<i>ֆերիշդե</i>) մի դաս, որոնք սովորաբար կոչվում են <i>իզետ</i> («ազատ») և, ըստ «Ավեստա»֊ի, <i>Յազադա</i>, որ նշանակում է «աստվածային, զոհաբերությամբ պատվելի»։ <i>Յաշդ</i> են կոչվում նաև զոհարարության սպասքը, որից է և մեր լեզվում <i>հաշտ</i>֊ը․ սանսկրիտում <i>յաճատ</i> և <i>յաշդավիա</i> նշանակում են այն, ինչ֊որ մեզանում, ըստ պարսկերենի, <i>հաշտ</i>֊ը՝ «զոհ»։ Հիշատակվում ենավելի քան 40 ազատներ և 24 կամ 28 գլխավորները, որոնք համարվում են խնամոլ կամ ամսվա օրերի պահապան, ոմանք՝ երկու օրերի, ինչպես մի քանի օրերի պահապան էին էմշասբենտները։
Այստեղ կարգենք ամիսների անունները և դրանց ընթացքում կատարված տոները, ապա՝ այդ ամսվա օրերի պահապանների անունները։
1․ Ազուր, որը, ըստ մեզ, արեգն է՝ մարտը․ 9֊րդ օրը կատարվում էր կրակի ու ատրուշանների տոն և կոչվում էր <i>ազուրական</i>։
2․ Տայ կամ խոռեմ, խյուրրեմ (ահեկան, ապրիլ), որ նշանակում է «զվարթություն»․ 8֊րդ օրը՝ խյուրեմ֊րուզ, տոնական էր։
3․ Բահման, պեհմեն (մարերի, մայիս)․ 2-րդ օրը պեհմանրուզն էր՝ ուտելիքի, մսի, պտղի տոն։
4․ Սպանդարմատ (մարգաց, հունիս)․ 17֊րդ օրը վնասակար բաները (կարիճներին և այլն) ջնջելու տոն էր։
5․ Ֆերվերտիյն, որին նմանահունչ է նաև հայոց հրորտից ամիսը, ինչպես գրվում է հին օրինակներում, իսկ նորերում՝ հրոտից (հուլիս)․ 19֊րդ օրը նոր զգեստ կտրելու, ոչխարները մաքրելու և այլ գործերի տոն էր։
6․ Էրտիպիհեշտ (նավասարդ, օգոստոս)․ 3֊րդ օրը կրակին, թագավորներին պատիվ մատուցելու տոն էր։
7․ Խուրտատ (սեպտեմբեր). սրան նման է ամսի հայերեն անունը՝ հոռի՝ առանց <i>տատ</i> հավելվածի, որ կարող էր նշանակել «տուրք», իբրև <i>հոռետուր</i> կամ <i>արևատուր</i>․ 6֊րդ օրը Աստծուց խնդրանքների և հաջող ամուսնության տոն էր։
8. Տիր (սահմի, հոկտեմբեր)․ 13֊րդ օրը՝ տիրական, Մինչուչեհրի և էֆրանսիապայի հաշտության տոն և հիշատակ էր, ըստ ոմանց՝ նաև ապրիյզեկյան՝ ջրերի տոն։
9. Մուրտատ (տրե, նոյեմբեր). 17֊րդ օրը նունուֆար ծաղիկ քաղելու տոն էր՝ չեմի֊նիլուֆեր։
10. Շահրիար կամ Շեհրիյվեր (քաղոց, դեկտեմբեր). 4֊րդ օրը՝ շեհրիվարական, Դարեհի ծննդյան հիշատակի օրն էր, 8֊րդ օրը՝ խեզան («աշուն»)։
11. Միհր (արաց, հունվար)․ 15֊րդ կամ 20֊րդ օրը՝ միհրեկյան կամ մեհիրկյան, բարեկամության, ֆերիտունի (Խորենացու Հրութենը) հաղթությունների հիշատակի և Արտաշիր Սասանյանի թագավորության տոնն էր։
12.Ապան (մեհեկան, փետրվար). 10֊րդ օրը Զավի ձեռքով Էֆրասիապայի գահընկեցության հիշատակի օրն էր։
Ավելյաց 5 օրերը «Զերտյուշթնամե» գրքում կոչվում են ֆարվարտեկան։ Ուրեմն այլ կարգավորությամբ էր տարվա ամիսների հաջորդականությունը, որ վերջանում էր ֆերվերտին (հրորտից, հուլիս) ամսով, և համաձայն հայոց տոմարի՝ տարեմուտը սկսվում էր նավասարդով։ Մեկ անունով <i>փենճի֊մազտիյազնան</i> էին կոչվում օրերը, այսինքն՝ «հինգ սրբազաններ», կամ <i>փնեճի խուահարան</i> «հինգ քույրեր»։ Սրանցից հուրաքանչյուրը հին ու նոր հատուկ անուններով կոչվում էր՝
* Ահունավատ = Աֆերիյն,
* Ասդավատ = Ֆերրուխ («երջանիկ»),
* Էսֆինդամատ = Ֆերրուզ («հաղթական»),
* Վահուխշադրի = Ռամիշդ («վեհ»),
* Վեհիշդուշ կամ Վիհիշդոյիշդ = Տյուրյուտ («ո՛ղջ մնա, մնաս բարով»)։
Այս ավելյաց օրերին մոգերը տանիքների վրա քաջքերին հաց ու կերակուր էին նվիրաբերում։ Բազմատեսակ խտրական օրերից մեկն էլ ամիսների 14֊րդ օրն էր՝ սիրխուրը, որի անունը նշանակում է «սխտորակեր», և որը վնասակար դևերի դեմ է։ Թե՛ ամիսների և թե՛ ամսվա օրերի նոր անունները դրվում են Հազկերտի տոմարի նորոգության ժամանակ պահլավերեն կամ ֆարսի լեզվով։ Այստեղ կարգում ենք ամիսների յուրաքանչյուր օրվա պահապանների հին ու նոր անունները՝ նրանց պահպանած կամ խնամած բաների նշանակությամբ, նաև հաջող (հ․) և ձախորդ (ձ․) օրերի խտրությամբ։
== Ծանոթագրություններ ==
<references>