Changes

Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց

Ավելացվել է 58 492 բայտ, 15:29, 12 Մարտի 2015
/* Ծանոթագրություններ */
Այս ավելյաց օրերին մոգերը տանիքների վրա քաջքերին հաց ու կերակուր էին նվիրաբերում։ Բազմատեսակ խտրական օրերից մեկն էլ ամիսների 14֊րդ օրն էր՝ սիրխուրը, որի անունը նշանակում է «սխտորակեր», և որը վնասակար դևերի դեմ է։ Թե՛ ամիսների և թե՛ ամսվա օրերի նոր անունները դրվում են Հազկերտի տոմարի նորոգության ժամանակ պահլավերեն կամ ֆարսի լեզվով։ Այստեղ կարգում ենք ամիսների յուրաքանչյուր օրվա պահապանների հին ու նոր անունները՝ նրանց պահպանած կամ խնամած բաների նշանակությամբ, նաև հաջող (հ․) և ձախորդ (ձ․) օրերի խտրությամբ։
 
* հ․ Որմիզդ․ Անհումա ― հաջողություն, նոր շինություններ
* հ․ Բահման, Վահուման ― մարդկանց, ձիերի, այծերի աճում
* ձ․ Արտիպեհեշտ, Անդավիշդ ― կրակ
* հ․ Շահրիվար, Շադնավին ― լեռներ, բովեր
* ձ․ Սբանդարմատ, Սաբանտոմոտ ― կենդանիներ
* հ․ Խուրտատ, Խունտատ ― ջրեր, բույսեր
* ձ․ Ամարտատ, Ամանտատ ― ծառեր և մարգեր
* ձ․ Տեբատար (Տինի Բավան ատան) ― վաճառք, շինություններ, կերակուր
* ձ․ Ատար, Ադուն ― կրակի պաշտամունք
* հ․ Ապան, Ավան ― ջուր, մշակություն
* հ․ Խուրշիտ, Խուր կամ Խունտատ ― արեգակ
* հ․ Մահա կամ Մահ ― ունեցվածք, զոբսանք
* հ․ Տիր ― ամպեր, անձրևներ
* հ․ Գոշ ― անասուններ
* հ․ Տեբմիեհեր Տինի, Բավանմադուն ― լեզուներ (72), բարի գործեր
* ձ․ Սերոշ, Սարուշ ― ուսում, արդարների հոգիների պահապան
* հ․ Ռաշնե, Ռաշուն, Ռաշնե֊րաստ ― իրավունք և արդարություն
* հ․ Ֆերվարտին ― արքայություն, դենի համար հոգացող մարդկանց հոգիներ
* հ․ Վահրամ, Պեհրամ, Վառահրամ ― ուղևորներ
* հ․ Ռամ ― բախտ
* հ․ Կուվատ, Վատ ― հողմեր
* ձ․ Տեբտին, Տինի բավանտին ― աստված ի՞նքը
* հ․ Տին ― մազդեզական կրոն
* ձ․ Աշասանկ, Արտ, Արսասանգ ― մուրացիկներ, կրոնավորներ
* հ․ Ասդատ ― երկրի սերմեր
* հ․ Ասման ― երկինք
* ձ․ Ձափատ ― պտղաբեր ծառեր
* հ․ Մահրասֆանտ Մանսաբասբանտ ― արքայություն
* հ․ Անիրան ― հարսանիք
 
Այս օրապահ ազատներից զատ՝ մոգերի գրքերում հիշատակվում են նաև ուրիշներն էլ, ոմանք՝ պահպանության կամ ինչ֊որ հատկության նշանակությամբ, ոմանք՝ ոչ, կամ մեզ են անծանոթ, որոնց մեջ երևելիներից մեկը Վանանդը կամ Վենանդն է, որի անունը հիշեցնում է մեր Գողթն գավառի մասը։ Այսպես էր կոչվում նաև հարավի պահապան մի աստղ։ Ասենք նաև, որ Վանանդըդժոխքի շահապետն ու դատավորն էր։ Ազատներից են նաև՝ Հում կամ Հաում՝ աճելիության և ծովի խնամող․ Պարզի (Պե՞րճ), որ համարվում է Հոմի ընկերակից կամ համհարզ․ Նիրյուշենկ, Նարուշանկ․ Ռաղտեսդ, Ռաղատասդ․ Դահան, Տահաման՝ հոգեհան հրեշտակ․ Հաբդուրենկ՝ Սայլի յոթ աստղերի պահապան․ Աղարերաս (՞)․ Ղուպարի, Ղարպարի․ Խեշասպատ․ Հարուտ և Մարուտ (Հարաոդ, Մարաոդ), որոնք ապստամբել են Որմիզդի դեմ և պատժվելով գլխիվայր կախվել Բաբելոնում․Ֆյուրիհունտա, Ֆուրաոհունտա․ Պատրան՝ հողմերի շարժիչ․ Պեշդեր կամ Դաշտեր՝ մարդկանց սննդատու․ Ռևանպախշ՝ հոգետու՝ հոգեհան Դահմանի հակառակ/ Ղերուդաման, Ղարաոդաման՝ մարդկանց գործերի խնամակալ․ Պեհրամ՝ կրակի տեսուչ․ Արտվիսուրա, Անահիդա՝ երկնային ջրերի և աղբյուրների պահապան, որ համարվում է իգական, ինչպես և Մանրեսբանտը՝ խելամտության ներշնչողը․ Ռուշնի, Ռեշնևասդ՝ մեկ բյուր ընկերներով ճիշտ վարքը հսկող․ Հոնվետ, Օշդվետ, Ֆոհուխեշեթրե (այս երեքն էլ ուրհիներ են, այսինքն՝ իգական ազատներ)։
 
Սրանցից ոմանք համարվում են հրեշտակապետերի օգնական և կոչվում են նրանց <i>համքյար</i>։ Երևելի բոլոր արարածներին էլ հատուկ խնամող կամ հսկող ոգիներ կային․ ինչպես՝ արեգակին՝ Խուրշիտը, լուսինին՝ Մաոնհան, երկրին՝ Սպանդարմատը, ջրին՝ Ավան, օդին՝ Կովատը, անձրևներին՝ Դեշտար Տիրը, և այլն, և այլն։
 
Հիշեցինք, որ բոլոր աստվածազան ոգիներից գերագույնն էր Միհրը, և նրան նվիրված ամիսը, օրը և վեցօրյա տոները միհրական էին․ դրանց ժամանակ ներելի էր անգամ պարսից թագավորի (ըստ հույների) մինչև գինովությունը խմելն ու հրապարակավ պարելը, ինչպես բարեկենդանին։ Եվ քանի որ այսպիսի օրերը ախորժելի են մարդկանց բազմությանը, բավական է, որ դրանց առիթը՝ Միհրն էլ շատ սիրելի լիներ, նաև ավելի, քան ինքը՝ Որմիզդը, և ոչ միայն Պարսկաստանում և սահմանակից աշխարհներում, այլև արևմուտքում, որտեղ մինչև իսկ հյուսիսային կողմերում գտնվում էին Mithriaques կոչված միհրական պատկերներ, որ (ինչպես հիշատակել ենք) կերպարանավորում են փռյուգիացու կամ հայի գդակով և զգեստով մի երիտասարդի ծունկը դրած մի ցուլի վրա, որին մորթում է․ մոտը նույն հագուստով մեկ կամ երկու անձինք են՝ բռնած մեկական ջահ՝ մեկի ծայրը վեր, մյուսինը վար, որ նշանակում են գիշերն ու ցերեկը։ Ցուլի մոտ և ներքևում եղած շունը, օձը, կրիան, կարիճը տարվա եղանակների նշաններն են․ երբեմն էլ պատկերվում են երկնքի կենդանակամարի նշաններ, արև ու լուսնի մահիկ։
 
Հույներն էլ ծանոթ և նրանց մեջ ընդունված էին միհրական տոնն ու պաշտամունքը, որ տեսանք, թե ինչպես էր նկարագրում Գրիգոր Աստվածաբանի ճառերի մեկնիչ Նոննոսը։ Մեկ ուրիշ մեկնիչ էլ գրում է․ "Հեթանոսք՝ զայնոսիկ որ զՄիթրոսի տանջանսն կրէր՝ գրէին զնա որդի մեծին Արամազդայ, ոչ բնութեան՝ այլ կոչմամբ"։
 
Միհրից հետո մոգերի համար մեծապատիվ ազատ էր Տիրը, որի պաշտամունքն էլ հայերիս մեջ հիշատակել ենք, ինչպես նաև քիչ վերը հիշատակեցինք նրան նվիրված ամիսը, օրերը և տոնը։
 
Ըստ մոգերի՝ բարերար ոգիներին կամ ազատներին ներհակ՝ կային նաև չար ոգիներ կամ դևեր, ինչպես Որմիզդին՝ Ահրիմանը։ Սա կոչվում է նաև Տարուպի և Կանամինո, որը նշանակում է "չարաճճի"։ Վեց Ամշասփենտներին էլ հակառակներն են՝ Աքումի՝ կռվարար, Անտև կամ Անտար՝ մեղսառիթ, Կավել կամ Սավան՝ բռնաբարող, Դարմատ, Խեռ, Թարիզ կամ Թարիք՝ նախանձոտ, Զարաչ կամ Զարիչ՝ հափշտակող։ Ազատներից ամեն մեկին հակառակողն էլ կար, որոնցից հիշատակեք մի քանիսին՝ Աշմուղ կամ Աշեմաողո՝ ստության և աղանդների դև․ Ղանճեսդա֊Ղանամինու՝ Ահրիմանի համհարզ․ Ասֆունճակեր՝ բքաբեր, ամպրոպահույզ․ Ասքսնեշ և Ասքանեշ՝ Ժանգահար․ Տուշայիմ՝ երեխաներին մոլորեցնող, Բեդիյարահ՝ վշտացնող, Ահարիման՝ երկրի բերքի ապակիչ․ Հիշիմտիվ՝ մահաբեր, Սերոշի հակառակորդ․ Միհր֊Տերուճ՝ ուխտադրուժ և վեց մեծ մեղք․ Լաֆիս՝ աղոթողներին շփոթեցնող․ Նիազ (նաև հայերեն)՝ ագահություն․ Ռասակ՝ նախանձ․ Խազամ (հայարեն՝ <i>խազմ</i>)՝ կռիվ․ Վարուն՝ արհամարհանք, հպարտություն․ Պադմուճ՝ գանգատ․ Պաս՝ համառություն չարիքի մեջ․ Դիր՝ թուլություն, հիվանդություն․ Նազուշ՝ ճանճիկ դևը, որ հյուսիսային կողմից․ Վիզար կամ Վիզարեսո՝ հոգեկապ դև, և այլն։ Գլխավոր դևերը, ըստ մեր բառի, կոչվում են <i>տաևա, տիվ</i> ուրիշները՝ <i>տերու</i>, ըստ մեզ՝ <i>դրուժան</i>, և <i>տուխս</i>, որ թերևս լինեն մեր <i>թուխերը</i>։ Եզնիկը հիշատակում է նաև Մահմի կամ Մահմե մի դևի, որը գիտեր լույսի ստեղծման գաղտնիքը, և "որում՝ ցայժմ պաշտօնեայք այնր քէշի՝ երիցս յամի զոհս մատուցանեն"։
 
Մոգերի աղանդի հոգեղեն էակների կամ պատկերների մի զարմանալի կամ դժվարիմանալի տեսակ են ֆրավաշիսները, որոնց հետո անվանել են <i>ֆրաուրվա, ֆերուհեր,</i> որ համարվում են էակների ու հոգիների նախասկիզբ գաղափարներ կամ Աստշու իմացության մտավոր պատկերներ կամ հոգիների հայելիներ՝ նման Պլատոնի կարծած նախաստեղծ հոգիներին, որոնք ժամանակի մի պահի միավորում են մարմինների հետ։ Աքեմենյան թագավորների քանդակների վրա (Պերսեպոլիսում) կերպարանավորված են ֆերուհերներ՝ որպես մինչև մեջքի կեսը թագավորի պատկերներ՝ երկու թևերով մի շրջանակի մեջ<ref>Միթե՞ Վանի կողմերում գտնված պղնձե փոքր թռնաձև ձուլածոներն էլ ֆերուհերների մի տեսակ չեն, որոնց կարելի լիներ կոչել <i>հրավեր</i></ref>։
 
Որքան որ մոգերի սկզբնական կրոնը և պաշտածը միաստվածություն էր և բարիի պաշտամունք, սրա հակառակ իմաստը՝ չարը, այնքան զատեց ֊հեռացրեց այդ երկու գաղափարները, որ ամենայն չարը հարավեց դիվական, ամենայն բարին էլ՝ աստվածային։ Ըստ այսմ՝ տարրերը, մանավանդ գլխավորները՝ հողը, ջուրը, հուրը և հողմը, սրբազան և պատվելի եղան։ Երկիրը այնքան սրբազան էր համարվում, որ անվայել էր մահացածներին նրա մեջ թաղելը, այդ պատճառով նրանց գցում էին ծառերի վրա կամ բաց կամ շրջափակված մի տեղ, մինչև որ գազաններն ու թռչունները ուտեին մարմինները, ապա ոսկորները ժողովում էին դախմաներում՝ գերեզմանատեղերում առանց թաղելու։ Եվ եթե սխալմամբ թաղված լիներ, այդ տեղը 50 տարի թողնվում էր անգործ ու անմշակ։ Ջրի սրբության պատճառով էլ չէին համարձակվում նրանով լվացվել, այլ լվացվում էին գումիզով (կովի մեզով)։ Այս էր Հազկերտի կամ Միհրներսեհի հրամանով հայերին տրված պատվերը․ "Ձեռք՝ առանց կովմիզոյ՝ մի՛ լուասցին"։ Ասում են, որ Ներոն կայսեր մոտ գնալու համար Տիրիթ Պարթևը այն պատճառով բռնեց ցամաքային երկար ճանապարհը, որ նավագնացությամբ ծովը չպղծի։ Իսկ հրի սրբությունը և պաշտամունքը շատ անգամ հիշվեց և հայտնի է մինչ հիմա։ Քանդակների մեջ էլ է երևում, ինչ որ նկարագրել են տեսնողները և պատմիչները․ ատրուշանի կամ կրակավառ բագինների մոտ կանգնած են երկու պաշտամունքնավար՝ մոգ կամ մուպետ՝ ծնոտները կապած բերանակապ լաչակով կամ կապերտակով (որ շունչները կամ թուքն ու լորձունքը կրակին չդիպչի), որը կոչվում են <i>փանամ կամ փանդամ, պանամ, պադան, փագանք</i>Այսպես է գրում Ոսկեբերանի՝ Եսայու մեկնության մեր թարգմանիչը․ "Այժմէն իսկ ի տօնսն Կապերտակս իմն զերեսօքն պատեն և Փագանս ի բերան, առ մոլութեանն"։</i>, կամ գլուխներին դրած խույրի փեշերով են ծածկում բերանները, որ անընդհատ աղոթքներ են մրմնջում, իսկ ձեռքներին բռնում են նռնենու կամ հոսու մանր ճյուղերի (թվով 22 կամ 35) տրցակներ, որ կոչվում են <i>պերսամ</i>, իսկ մեր գրքերում՝ <i>բարսմունք</i>, որ, ըստ սմանց, նույնն է, ինչ վարսաման բույսը (Tymus Seryllum), որի ճյուղերն էլ սովորաբար բռնում էին կրակապաշտները։ Ինչպես գրված է ս․ Հիզտիբուզտի վկայաբանության մեջ, մոգերի գլխավորը կամ նրանցից մեկն էլ ձեռքոււմ ուներ "ուռն, որով հրամայէր", որ մի փայտե գավազան էր՝ իշխանության նշանակ՝ կոչված <i>իսամ</i> կամ <i>էսման</i><ref>Եղիշեի պատմության մեջ կարդում ենք, որ պարսից սպարապետը, իր զորքերին քաջության հորդորելով, հիշեցնում էր թագավորից պսակներ և ուռենի ընդունելը։</ref>։ Սույն վկայաբանության մեջ կրակի մոտ մոգերի կանգնելու կերպը կոչվում է <i>յառակի կալ</i>, որը թերևս նշանակում է "բերանը կապած կանգնել"։ Հազկերտը հրամայում էր, որ հայերը այս բերանակապը կրեին նաև խմոր թխելու ժամանակ․ "Հայսք՝ առանց փանամի մի՛ զանգցին"։ Դարձյալ ի պատիվ կրակի՝ հրամայվում էր "Ծիրտք և քակորք ի կրակ մի՛ եկեսցեն"։ Այրված֊մաշված կրակի մնացորդն անգամ՝ մոխիրը, սրբազանացված էր․ պետք էր ժողովել ու լցնել մոխրանոցներում, որոնք յոթ մեծամեծ ատրուշանների կամ կրակատների մեջ էին<ref>Այս յոթ կրակատները կոչվում էին Ազեր֊Միհր, Ազեր֊Նուշ, Ազերպիյն, Ազեր֊Խերիյն կամ Ազեր֊Խյուրտատ (Շիրազում), Ազեր֊պերզիյն, որ նշանակում է "հուր՝ թամբի վրա" ի հիշատակ Քեյ Խյուսրևի՝ ձիուց ընկնելու և այդտեղ ատրուշան շինվելու, և Ազեր֊Զերտեհյուշտ։ Հայտնի է, որ այն ամբողջ մեծ նահանգը, որ Հայոց ու Մարաց երկրների միջասահմանն է, կոչվում էր և կոչվում է Ազերպեկյան, Ատրպատական, նրա Դավրեժ մայրաքաղաքն էլ՝ Ազյուրապատ։ Մեր գրքերում հիշատակվում են նաև վռամական կրակը (Աթեշ Պեհրամ), որը նռնաքարի գույնով նշանակում է "կարմիր", ու ասում են, թե այնտեղ 1001 տեսակի կրակ կար։ Որմզդական հուրն էլ հիշատակված է իբրև աստվածային կրակ։</ref>, և պաշտամունքավարներից ճշտությամբ պահանջում էին մոխրի քանակը․ սա էր Եղիշեի գրքում հիշատակված մոխրաչափ կարգը։ Նույն հրամաններում հիշատակվում է նաև կապճաթիվ կարգ, որ մի որոշված չափով մանր ճիճուներ, մրջյուններ, գորտեր և այլն ժողովելն էր իբրև Ահրիմանի կողմից ստեղծված պիղծ (<i>խարֆասդար</i>) կենդանիներ, և դրանց ջնջելը կամ մոգպետին ուղարկելը, որ ապահով լինի, թե կրակի մեջ չեն գցվել։
 
Կրակի պաշտամունքի հանդիսավոր ժամերը օրվա հինգ պահերն էին՝ ըստ պարսիկների՝ <i>կյահ</i>։ Իսկ կրակի ազնվագույն նվերն էր հոման, ըստ հնդիկների՝ սոման, որ, ըստ ոմանց, <i>համհամ</i> կամ <i>համիմ</i> անուշահոտ ողկույզներ է բերում և հյութ։ Այս հյութից հունցված կտորներ նետում են կրակի մեջ։ Ըստ բուսաբանների՝ բույսի հատուկ անունն է Sarcostema viminalis։ Կրակին կենդանիների զոհաբերություն չէր լինում, բայց բոլոր ուտելի կենդանիներն էլ հարկ էր նախ նվիրել նրան՝ իբր սրբագործելու համար և ապա մորթել և ուտել։ Այս է «յազել» կոչվածը (Եղիշեի գրքում) և պատվիրվածը․ "Պատրուճակք մի մեռցին անյազ, եթէ յօդեաց իցէ և եթէ յայծեաց և եթէ յարջառոց, և եթէ ի հաւուց և եթէ ի խոզաց"։ Զոհաբերված և նվիրաբերված միսը կոչվում էր <i>միյարտա</i> (մկո՞ւրտ)։ Մի սովորական նվեր էլ բաղարջ հացի մանր նկանակն էր, որը կոչվում էր <i>տարուն</i> կամ <i>տարանոնո</i>։ Վերոհիշյալ ս․ Աստվածատուրի (Հիզտիբուզտի) վկայաբանության մեջ հիշատակվում է նաև կրակին աղտեզ զոհեր մատուցելը, որը ինչ է նշանակում՝ չգիտեմ։ Զոհելը և աղոթելը, ըստ մազդեզականների, միանշանակ կոչվում էր <i>յազ</i> և <i>յազել</i>։
 
Այսքանը բավական համարենք՝ որպես ծանոթություն Զրադաշտի և մոգերի կրոնին, որ դեռ շատ ու շատ ավանդություններ և վարդապետություններ ուներ՝ իրարից տարբեր և շատ կամ քիչ։ Մեր Եղիշե վարդապետը իր ժամանակ՝ 5֊րդ դարում, ասում է․ «Հինգ կեշտք են՝ որ գրաւեալ ունին զամենայն օրէնս մոգութեան», և դրանք են նախ՝ ընդհանուր զրադաշտական կրոնը, ապա ամպարտքաշը, բոզպայիտը, պալհավիկն ու պարսկադենը<ref>Սրանց վերաբերյալ մի հմուտ գրվածք է հրատարակվել այս տարի «Բազմավեպ»֊ում։</ref>։ Հայտնի է, որ վերջիններս ավելի նոր ժամանակների աղանդներ էին՝ մեկը՝ պարթևների, մյուսը Սասանյանների տերության օրոք ընդունված, որոնց զանազանությունը և հավելվածը մեզ շատ ծանոթ չեն ու մեր նպատակին անհրաժեշտ չեն։ Եղիշեն ավելացնում է, թե այս հինգից զատ՝ «է՛ միւս եւս այլ վեցերորդ, զոր Պետմոգն [կամ Մոգպետն] կոչեն», և ով որ այս բոլոր աղանդների կամ մասերի հավատին հմուտ էր, կոչվում էր <i>համակդեն</i> , այսինքն՝ <i>ամենահավատ</i>։ Այսպիսին էր այն մոգպետը, որին բանտարգելության և փորձությունների հանձնվեցին ս․ Ղևոնդյանները, որոնց շնորհիվ նա ընդունեց քրիստոնեությունը և կատարյալ հավատացող ու սրբերին պսակակից դարձավ նրանցից առաջ։ Բառից հայտնի է, որ <i>մոգպետ</i> կամ <i>մյուպետ</i> նշանակում է «մոգերի գլխավոր», ինչը 5֊րդ դարում համապատասխանում էր մեր եպիսկոպոսին։ Բայց հետզհետե այդ անվան կարևորությունը պակասում է, և այն այժմ նշանակում է «քահանա», որը 5֊րդ դարում կոչվում էր <i>մոգ</i>։
 
Դիտելի է, որ «Ավեստա»֊ում քահանային կոչում են <i>աթարվան</i> և ոչ երբեք <i>մոգ</i>։ Այս գրքում վարդապետին անվանում են <i>աեթրաբաիդի</i>, որից էլ կրճատվելով դարձել է <i>հերպատ</i>՝ «վարդապետ»։ Այժմ հերպատները կազմում են քահանաներից ու մովպետներից ստորակարգ մի դաս։ Գերագույն մոգպետը կոչվում էր <i>տեսդուրի տեսդուրան</i>, որ բառացի նշանակում է «հզոր ձեռքով (ձեռներեց)», որից էլ թվում է մեր <i>դաստիարակ</i> բառը։ Եղիշեի դարում ասվում էր <i>մոգպետաց մոգպետ</i>, ինչպես մեր նախնիների գրքերում գրվում է <i>մովպետան մովպետ</i>։ Այս կոչման հետ Եղիշեի գրքում գրված է նաև <i>ռատ</i>, ինչը ոմանք մարդու հատուկ անուն են կարծել, մինչդեռ նշանակում է «տեր, գիտուն, մեծ»։
 
Մոգերի զգեստը լիովին սպիտակ պատմուճան է և կոչվում է <i>սադրա</i>։ Մեջքերին չորս հանգույցով գոտի է (քուստի), գլուխներին՝ հայկական կամ փռյուգիական խույր կամ գդակ՝ երկար ականջակալներով կամ փեշերով՝ բերանը դրանցով ծածկելու համար։ Մոգպետների խույրն ավելի ուղիղ է, իսկ ձեռքներին բռնածը՝ ուռենին և բարսմունքը, արդեն հիշատակեցինք։
 
Հարևանցի մի խոս էլ ասենք նաև մարդկանց ու արարչության վերաբերյալ մոգերի կարծիքի մասին, ինչը գուցե մեր հին հայերին էլ ինչ֊որ ժամանակ ընդունելի եղած լինի, թեև շատ արտառոց է։ Ամշասբանդներից հետո և բոլոր այլ արարածներից առաջ եղել է, կամ Որմիզդը ստեղծել է Ապուտատ կոչված մի ցուլ, որին սպանել է նախանձող Ահրիմանը։ Բայց Որմիզդը նրա ավիշից գոյացնում է բույսերն ու կենդանիներին, նաև առաջին մարդուն՝ անվանված Քեյումորդս կամ Քեյյումերս․ սրան էլ է չարը սպանում։ Իսկ Որմիզդը նրանից էլ ստեղծում է մի այր ու մի կին՝ Մեշիա ու Մեշիանա, ինչպես Ադամ ու Եվա, որոնք դառնում են մարդկության նախածնողները։ Այսպիսի ծագման պատճառով ցուլը, մանավանդ սպիտակը մեծ պատիվ ունի մոգերի ու նաև հայերիս մեջ, ինչը հայտնի են դարձնում ՏՐդատի և նրա հոր՝ Խոսրովի արած զոհաբերությունները և նվիրաբերությունները իրենց չաստվածներին։ Եվ գիտուններին թվում է, թե Նինվեի նորագյուտ ավերակների մեջ գտնված մեծամեծ քարեղեն ցուլ֊առյուծի և մարդու միացյալ արձանները այս նախաստեղծ ցուլ կենդանուն վերաբերող ավանդության պատճառով են կանգնած արքունիքի դռների և պարիսպների մոտ։
 
Մարդու վախճանի մասին ավելի ճիշտ կարծիք ունեին մոգերը՝ ընդունելով հանդերձյալ մի կյանք՝ բարիներինը՝ արքայություն, չարերինը՝ դժոխք, որ կոչվում է Տուզախ։ Այս երկուսի միջև կա Չինևատ կոչված մի կամուրջ, որով պիտի անցնեն արքայություն գնացողները։ Եվ որպեսզի Ահրիմանը նրանց վրա չհարձակվի, այնտեղ պահապան է կանգնում մի մեծ և ահավոր շուն՝ Ցռիակ֊Կուաշ անունով (թերևս, ըստ հայերեն <i>ցռուկ</i> բառի, «շան դուն»չ նշանակությամբ)։ Արքայությունը կոչվում է Ահուվահիսդա, այսինքն՝ «ազնիվ բնակարան»։ Այն երեք կարգ կամ աստիճան է՝ իբրև երկնքի երկինքներ։ Առաջինը՝ Համիստան֊պեհիշդը, բարձրանում է երկրից մինչև աստղերը․ երկրորդը՝ Մահ֊բիա֊պեհիշդը՝ աստղերից մինչև արեգակը, երրորդը պահլավերեն կոչվում է Կարո֊տմանա, որ նշանակում է «երգերի տուն», նոր պարսկերեն՝ Քարազման։ Բուն արքահարանը Որմիզդի բնակարանն է; նա բազմում է Վեհեշդեմ գահին՝ Հարա֊Պերեզայիդի սրբազան և բարձր լեռան գագաթին, որից՝ կովկասյան ու պարսկական Էլբրուս լեռան այժմ ծանոթ անունը։
 
Պեյմեն հրեշտակապետը արդարների հոգիներին առաջնորդում և անվտանգ հասցնում է արքայություն․ ընդհակառակը, մեղավորները, այդ կամուրջի վրա տատանվելով, գլորվում են ներքև՝ դժոխքի մեջ։ Իսկ միջին հոգիները, որոնց բարին ու չարը հավասար են, մնում են վերոհիշյալ Համիստան֊պեհիշդ կայանում։ Մեռյալների հոգիների համար սահմանված են աղոթք ու աղոքթի չափ և աղաչանք Դահման հոգեհան հրեշտակին, որի անունով էլ կոչվում են ննջեցյալներին վերաբերող աղոթքները։ Սովորական աղոթքն է աֆրինը, իսկ գովաբանականաը՝ նյայիշը։ Մեծամեծ մեղքերը կոչվում են <i>դանաֆուր</i>։ Մեղքերի քավության գլխավոր ապաշխարանքը վնասակար ճիճուներ ու զեռուններ սպանել֊ջնջելն է։ Աշխարհի վերջը պիտի լինի երրորդ հազմարայակից հետո, այսինքն՝ Զրադաշտից 3000 տարի անց, երբ պիտի երևան Հոշետերպամի և Հոշետերմահի (ինչպես Ենովք և Եղիա) հրաշագործները՝ մարդկանց բարի վարք քարոզելու համար։ Նրանցից հետո Իրան երկրից՝ Գանսեից (Գանձա՞կ), պիտի գա Սերխոշը՝ Զրադաշտի քաջ հետևորդը, և հաղթելով Ահրիմանին՝ 4֊րդ հազարամյակը պիտի սկսի մեռյալների հարությամբ։ Ինչպես պիտի լինի ֆրաշաքարդը (հրաշակե՞րտ)՝ հարությունը՝ Զրադաշտն ինքն է հարցրել Որմիզդին, և սա պատասխանել է․ «Ինչպես ցորենի հատը, որ ընկնում է հողի մեջ, բուսնում և աճում է, այնպես էլ երկիրս նորոգված պիտի դուրս բերի ոսկորները, արյունը և կյանքը, ինչպես որ էին առաջ»։ Սերխոշը պիտի մարդկանց դատի․ անմաքուրներին՝ համառոտ, բայց սաստիկ կերպով պիտի մաքրի֊քավի, մեծ մեղավորներին, որոնք կոչվում են <i>դարվատ</i> կամ <i>դարվանտ</i>, պիտի դատապարտի։ Արդարների և մեղավորների՝ մեծ լացով և կոծով բաժանումից հետո երեք օր ու երեք գիշեր ահավոր հրդեհ պիտի լինի, որ քարերն ու մետաղներն էլ հալեցնի, մեղավորներն ու դևերին էլ։ Այդ օրերից հետո երկիրը պիտի երևա մաքրված, նորոգված։ Մաքուր մարդիկ էլ պայծառացած պիտի ապրեն 3000 տարի՝ կերակուրի կարոտ չլինելով, խմելով միայն կենսատու հոմ ծառի հյութը կամ Հետյավեշ ցուլից բխածը։ Այդքան տարիներից հետո պիտի լրանա աշխարհիս 10000֊ամյա ժամանակը։ Ի՞նչ պիտի լինի դրանից հետո։ Կարծում եմ՝ այժմ մոգերն էլ չգիտեն։ Բայց հին հույն հեղինակ Թեոպոմպոսը, որ մանրամասն գրել էր Զրադաշտի վարքն ու վարդապետությունը (ներկայումս կորած, բայց Պլուտարքոսի կողմից փոքր֊ինչ ծանուցված), ասում է, թե դարձրայլ 2000 կամ 12000 պիտի հանգչեն Որմիզդի հետ։ Եվ հետո, թվում է, աշխարհը և ժամանակի շրջանը պիտի վերստին նորոգվեն՝ այսպես կտրատելով մոգերի կարճամտության հավիտենականությունը։
 
Այսպիսի խառնիխուռն հավատ ունեի՞ն և մեր հին հայերը։ Հավանական է՝ ունեին, թեև ոչ բոլոր հայերը։ Դիվական պաշտամունքների հորդորող կամ նորոգող Արտաշես Բ֊ն ուներ մի տանեցի (Խորենացի, Բ․ ԽԸ)՝ «աշակերտ մոգի ուրումն երազահանի, որ յայն սակս Մոգպաշտէ անուն կարդային»<ref>Աղթարական այլևայլ խոսքերից բացի ասվում է, թե Զրադաշտի գրքի յոթ մասերը (Նոսքաները) երազահան բաներ էին։</ref>, որին Երվանդի եղբոր՝ Երվազի փոխարեն քրմապետ կարգեց։ Սրանից գուշակվում է մոգերի աղանդի՝ հայերի մեջ ընդունված լինելը։ <i>Մոգպաշտե</i><ref>Թվում է, թե հունաերն <i>Մեգաբիս</i> գրված անունն էլ այդ է նշանակում, որովհետև նրանց Եփեսոսի Արտեմիսի մեհյանի ներքինի քուրմերն էլ էին այսպես կոչվում (Մորի, III, 157)</ref> բառն էլ հասկացվում է որպես մոգերի վարդապետությանը հետևող և պարսկերեն <i>մողբաշդի</i> է։ Պատմությունը վկայում է, ինչպես առաջ հիշատակեցինք, որ երբ Արտաշիր Սասանյանը նվաճեց Հայաստանը, կրակապաշտությունը մտցերց ոչ իբրև նոր կրոն, այլ «զՀուրն Որմիզդական որ ի վերայ բագնին որ ի Բագաւան՝ անշէջ հրամայէ լուցանել»։
 
Բայց թվում է, թե երբ Տրդատը հաղթողաբար վերադարձավ Հայաստան, պարսիկների հետ վռնդեց նաև նրանց պաշտամունքը, գոնե իր սեփական արքունիքի սահմաններից, քանզի նրա հրովարտակների մեջ (եթե համարենք վավերական) ո՛չ կրակի հիշատակություն կա, ո՛չ էլ լուսատուների պաշտամունքի։
 
=Հմայություն․ գուշակություններ, հարցուկներ, կախարդանք=
 
Ինչ հավատք որ օտար է կրոնի հին և նոր օրենքներին, մոլար և սուտ է, ինչպես տեսանք հավատի և պաշտամունքի արժանացված մինչ հիմա հիշատակված տեսակ֊տեսակ առարկաների օրինակով։ Դրանք առաջացել էին սկզբնական աստվածածանոթության գաղափարի քիչ կամ շատ խառնակվելուց ու ավերվելուց։ Թեև այդ ծագումից առաջ գալը և պաշտելիների երևելի ու ահավոր կերպարանքները կարող էին պաշտողների համար լինել մոլորության մի պատրվակ և խաբվելու մի դյուրություն, սակայն այդ նույն կերպարանքները, մեծ մասամբ ակնհայտորեն թանձր նյութերից լինելով, շատ էլ մեծացնում են մարդկանց մոլորությունը։ Բայց ինձ ավելի մեծ են թվում մոլորությունները չնչին բաների մեջ, որ շատ անգամ իսկական բանից էլ չեմ ծագում, այլ սոսկ երևակայություն են, կարծիք ու ստություն կամ էլ երևացած և պատահած մի բանից մտքով ու կամքով ուրիշ բան հետևեցնելուց են և ոչ իրական, քանի որ ստույգ չկա այն, ինչ իր է կոչվում, այլ ամենաշատը մի երևույթ է, այն էլ խաբեական։ Այսպիսի մտային և կամային կամ գործնական մոլորությունները՝ կա՛մ խաբվելով, կա՛մ խաբելով, մեր մինչև հիմա հիշատակած դիքերի, ոգիների, պաշտելիների ու հավատալիքների շատությունից էլ ավելի շատ են և ընդհանուր, այսինքն՝ կան բոլոր ազգերի մեջ և երկրներում, և դժբախտաբար և մեծ ամոթով ասենք, որ նաև մինչև հիմա ավելի կամ պակաս, այս կամ այն կերպ մնացել ու շարունակվել են նաև քրիստոնյա ազգերի կամ անձերի մեջ։
 
Այս տեսակ֊տեսակ կարծելիքներն ու հավատալիքները, որ տեսանելի մի առարկա չունեն, իրարից զանազանելը անկարելի կամ դժվար է, և կամենում ենք դրանք անվանել ընդարձակ և շատ տեսակներ բովանդակող բառով՝ <i>հմայք</i> ու <i>հմայություն</i>։ Իսկ եթե ջանանք վերածել մի քանի ընդհանրական տեսակի ու բացատրել, պիտի ասենք՝ <i>կախարդություն, գուշակություն և հարցուկ</i>, թեև համոզված չենք, որ այդպիսի բաժանում կատարելով՝ կհաջողենք, առավել ևս եթե կարողանանք հիշել գոնե մեր ազգի ու լեզվի մեջ ծանոթ՝ ասված տեսակները և բոլոր անունները։ Եվ շատ դժգոհ չեմ չիմացածիս ու չասածներիս համար, որովհետև ոչ միայն ստություն են, այլև ռամկական և երբեմն չար խելագարություն, խելացնորություն, խելացնդություն։ Գրելս իսկ անհաճո ու ցավալի է այն պատճառով, որ այսպիսի աղճատանքն ու ստությունները հայերի մեջ մտել են ոչ որպես օտարների դիք ու կուռք, այլ շատը իրենց հնարածն է (ինչպես ուրիշ ազգերն էլ իրենք իրենցն են հնարել), և օտարներից էլ վկայված են հայկական հմայությունները (ինչպես պիտի հիշատակենք հետո)։ Եվ չարագույնն է, որ մեծ եռանդով ու համառությամբ են պահված, թեև մեր շատ հայրեր ու վարդապետներ հակառակվել և մեղադրել են՝ սկսած Լուսավորիչից, Եզնիկից, Խորենացուց ու Մանդակունուց, որը վշտացած գրել է․ «Ոչ դիւական հմայից են պատժողք և ոչ Յուռթացն պահանջողք»․ և եթե ինքն ու իրենից հետո շատերն էլ պատժել ու խրատել են, էլի չեն ջնջվել։ Եվ ավելի ցավալի է ասելը, որ անջնջելի էլ թվում են։ Բայց և ըստ մեր Հիսուսի՝ «Այս ազգ [չարի] ոչ իւիք ելանէ, եթէ ոչ պահօք և աղօթիւք»։
 
Արդ, նախ ասենք, թե <i>հմայություն</i> անվամբ ընդհանրապես և մասնավորապես ինչ ենք հասկանում։ Ընդհանրապես ՝ ըստ վերը գրածիս, ամենայն սուտ, բայց հավատալի բան, որ պարզորեն հետևեցնելով է լինում տեսնված կամ չտեսնված մի բանից, դիպվածից, երազից, ձևից, շարվածքից կամ գրվածքից կա՛մ խոսքով, կա՛մ գրով, կա՛մ տեսակ֊տեսակ նյութերով, դեղերով, կենդանիներով, շարժումներով ու շոշափումով և այլն։ Իսկ մասնավորապես <i>հմայք</i> կամ <i>հմայություն</i> բառի հատուկ նշանակությունը սնոտի ջանքերն ու գործերն են՝ իմանալու իբր կրոնական սկզբով մի բան, մանավանդ շատերի չգիտեցածը։ Ըստ այդմ՝ ուրիշներից առավել իմացողը դառնում է <i>գետ</i> ու <i>հմուտ</i>, և այս բառի արմատը, ըստ մեր լեզվի, կարող է լինել նաև <i>հմայություն</i> բառի արմատը, և հմայքը՝ հմուտի գործ։ Օտարների մեջ էլ նման անուն փնտրելիս նախ հիշատակվում է Ավեստայի լեզվով <i>հոմայն</i>֊ը, ու նրա հետ՝ պարսկերեն <i>հոմն</i>֊ը, որ Ճեմշիտ թագավորի ժամանակ համարվում էր նրանց մի մարգարեն, որ մոգույթան վարդապետություններ գրեց։ Զանդիկների ու հնդիկների հոմային ու սոմային մերձավոր անունով՝ բուդդայականներն էլ <i>մայա</i> են կոչում մեզանում <i>հրապույր</i> ասվածը, որ մոլորության շարժառիթ է։
 
Հայոց հին հմայության կամ հմայասիրության վկայություն է հռոմեացի քերթողի կողմից (Յուվենալիս, «Սատիրաներ», VI, 550) դրա մի տեսակին (հետո հիշատակելի) Armenius vel Comagenus Aruspex անվանելը։ Բարդածան աղանդավորը, 3֊րդ դարի սկզբում (Խորենացի, Բ․ ԿԶ) գալով Հայաստան, քննեց մեր մեհենական պատմություններն ու պաշտամունքը և «արար բազում ասացուածս ընդդէմ Բաշխից և կռոց պաշտաման՝ որ յաշխարհիս մերում»։ Ս․ Սեղբեստրոսի և Կոստանդիանոսի վիճաբանության պատմության մեջ հիշվում է, որ մինչև Քրիստոսին հավատալը կայսերը, իր հիվանդությանը ճար փնտրելով, Տրդատից՝ որպես մերձավորից, խնդրեց, որ իրեն Հնդկաստանի ու Պարսկաստանի կողմերից դյութեր ուղարկի, որոնք, թերևս, կային նաև Հայաստանում, թեպետ այս պատմությունը շատ երկբայելի է։
 
Հովհան Մանդակունին, իր ժամանակի և նախորդների հմայությունների դեմ գնալով (ճառ ԻԶ), հիշատակում է այս տեսակները՝ <i>դյութություն, թովչություն, հատահարցություն, հավահմայություն, մաղաբախություն, քվահարցություն, հեղահարություն, հմայություն, միջագիտություն, գրարարություն, աստղագիտություն, դիվահարցություն, օրահմայք, լուսանախտիրք, շեղջախտիրք, ոզոտնահմայք, գետահմայք, սննիկոնք, հուռութք, բախտ, ճակատագիր, պահարանի գիր, շարժմակք բժժանաց։</i> Սրանց կարող են ավելացվել ուրիշների կողմից հիշատակված այլևայլ հմայություններ։
 
Վանական վարդապետը, հեթանոսության և հմայության ծագման մասին խոսելով, համարում է, թե «յաւուրս Աբրահամու՝ Դիւթութիւնք գտան․ քաղդէացիքն՝ Աստղագիտութեամբ առնէին, և Մոգքն՝ Զենականօք, և այլք Վհկաւ՝ զմեռեալսն ածելով․ Փռիւգացիք՝ Լերդահմայութեամբ՝ զչորքոտանեաց շրջմունս, զձայն թռչնոց, զփայտի և զքարի։ Նախ Նինուէ սկսաւ զԿախարդութիւն, վասն որոյ ասթ [Ս․ Գիրք] Նինուէ՝ գլուխ կախարդաց։ Ոմանք արմատովք առնեն զկախարդութիւնն․ ամանս թաղելով ի հող, և երեք կենդանւոյ ձայն տան ածել, ձկան, թռչնոյ և մարդոյ»։
 
Մանդակունին սրանց կարգում չի հիշատակում սովորաբար նշվող <i>կախարդություն</i>֊ը, որովհետև համարում է մոլորությունների ընդհանուր անուն կամ <i>հմայություն</i> անվամբ նույնն է հասկանում, ինչպես և <i>դյութություն</i> անվամբ, որը դրել է բոլոր տեսակներից առաջ։ Եվ այժմ էլ այս երեք անունները համարվում են ավել ընդհանրական ու համանիշ։ <i>Կախարդ</i> բառի ստուգաբանությունը ինձ անհայտ է, և հարկ է, որ ի սկզբանե հատուկ մի բան նշանակված լինի՝ մյուս երկու անուններից տարբեր։ Ս․ գրքի թարգմանության մեջ միշտ չէ, որ հունարեն բնագիր բառին փոխարինում է նույն հայերեն բառը, որն ավելի շատ «աչք խաբող», «աճպարար» նշանակող է համարվում։ Մեր ոչ շատ հին վարդապետներից մեկը գրում է․ «Կախարդն՝ որ անօթ ինչ թաղէ ի հող, կապս կամ մոմ կամ երկաթ․ և պէս֊պէս բժժանօք յարմարեն զարուեստն»։ Նույնը գրված է նաև փոքր֊ինչ այլ կերպ․ «Կախարդք ասեն՝ որ անօթս թաղեն ի գետնի, բժժանօք ինչ պէսպէս ըստ արուեստին»։ Իսկ Թովմա Մեծոփեցին ասում է․ «Կախարդք՝ որ յարմատս ծառոց և ի ձայնս թռչնոց դիւթէին»։
 
Կախարդը իր արվեստով կամ նաև գործիքներով հանդերձ կոչվում է <i>կախարդասար</i>, որը Վարդան վարդապետը «Խրատներ»֊ում անվանում է <i>ուրացության տուն</i>։ Մեկ այլ խրատիչ հիշատակում է <i>կախարդամարտ դեղատվությունը</i>։ Հովհան Մամիկոնյանը որպես նախատական խոսք ասում է․ «Կախարդատեարք դուք»։
 
Հմայողների մասին էլ մեկը գրում է․ «Հմայն՝ որ ի տեսա աչաց զաճառուց և զդրան, կամ աքիստ տեսեալ, կամ րէճ, կամ մուճակ ևայլ ինչ այսպիսի»։ Այսպես, քանի որ <i>հմայություն</i> անվանումը ավելի ընդհանուր է, այլևայլ կերպարը բացատրվում են հետը կցած բառերով, ինչպես՝ <i>լերդահմայություն</i>, որ մորթված կամ զոհաբերված կենդանիների լյարդը և շարժմունքը զննելը և, ըստ այնմ, գուշակություններ անելն է։ Այս լերդահման է հռոմեացիների և նրանց վերոհիշյալ քերթողի Aruspex կամ Haruspex կոչված հայ և կոմագենացի հմայողը։ Նույն քերթողը մեկ այլ տեղում էլ հիշատակում է հայերի այս այլանդակ հմայությունը՝ անմեղուկ աղավնիների հետ աղտեղի շների աղիքները քննելը։ Սալյուստիուսը ևս իր հատուկտոր պատմության մեջ հիշատակել է աշխարհակալ Տիգրանի՝ նախ երազագետներին, հետո լերդահմաներին և ապա հավահմաներին հարցուփորձ անելը։ Այս վերջին տեսակը այնքան էր տարածվել հռոմեացիների մոտ, որ <i>հավահմա</i> անվանումը (Augures. բառի սկիզբը նույնն է, ինչ <i>հավ</i> բառինը) արևմտյան ազգերի մոտ մինչև հիմա գործածվում է բարի մաղթանքի փոխարեն (ֆրանսերեն Augure, augurer). հմայողների տեղն էլ կոչում էին Auguraculum։ Թե՛ բառից և թե՛ բառաբարդումներից գուշակվում է, որ հայերի համար էլ լերդահմայության պես սովորական էր և սա, որ կոչվում է նաև <i>հավահարցություն</i>՝ հայտնի դարձնելով, որ կատարվում էր ոչ միայն աղիքները, այլև թռիչքը ու կռինչքը, այսինքն՝ ձայները, քննելով, ինչի պատճառով կոչվում է նաև <i>հավակառիչք</i>։ Այլ տեսակի հմայողների հետ մի վարդապետ (Ծաղկազարդի ճառում) նրանց այս անունով է հիշատակվում։ Նրանից հին՝ Ալավկի որդի Դավիթ վարդապետն էլ (12֊րդ դար) հիշատակվում է ուրիշ շատ տեսակ հմայողների հետ և իր ժամանակակից ազգակիցների մասին ասում է․ «Առ երեկս՝ թէ հաւ խօսի՝ հմայեն․ և ի մարեաց թէ ածէ ձայն աքաղաղի՝ հատանեն զգլուխն»։ Էտրուսկները (որոնց՝ արևելքից և, ըստ ոմանց, հայերից ծագելը հիշատակել ենք) այս հմայությունները մտցրին հռոմեացիների մեջ։ Իսկ առաջին գտնող շատ անհարմար ձևով Հաբեթին է համարում Վարդան պատմիչը՝ ուրիշին հետևելով։ Լերդահմայության մասին էլ Նոննոսը ասում է (հիշատակել ենք նաև սա)․ «Մոգքն ի Գամրաց են (որ Ա․ Հայքն է ― Ղ․Ա․), ուստի և Լերդահմայութիւնն լինի»։ Իսկ Տատիանոս հնագույն գրիչը այս գյուտը վերագրում է հայերի ազգակից փռյուգիացիներին։ Կենդանիներով հմայելու մի տեսակ էլ օձակոչն է։ Բայց մեր ազգի մեջ այսպիսին չի հիշատակվում, այլ բառը՝ Ղազար Փարպեցու մոտ։
 
Այլևայլ նյութերի կամ իրերի զննությունը նրանց անվանումներով <i>հմայություն</i> կոչելը հիշատակեցինք, իսկ սրանք իրարից զատելով՝ հետևություններ անելը մեր լեզվով կոչվում է <i>խտրել</i>, որից եղածն էլ՝ <i>խտրիք</i>, և տեսակն էլ կցված է սրան, ինչպես՝ <i>խտրադիմա՝</i> դեմքը զննելով հմայելը կամ անձի էության ու բարքի մասին հարմար֊անհարմար բաներ ասելը, որոնք երկարորեն գրված կան նաև հայերեն․ այլ տեսակի բաների խտրողը կոչվել է նաև <i>խտրադյութ</i>։ Ասվածից հայտնի է դառնում, որ խտրությունն այլ բան չէ, քան այլևայլ հմայությունների մասը, որոնց շատ տեսակները հիշատակում է վերոհիշյալ Ալավկի որդին՝ Դավիթ վարդապետը․ «Ի ծննդեան [տղայոց] բազում հմայութիւնս առնեն․ բազում և յորժամ զմեռեալն հանեն ի տանէն․ նաև ի հարսանիսն․ բազում հմայք և ի ճանապարհի․ յորժամ առաջի աւագաց երթայցեն․ ― և ի Հնձանս և ի Կարասի, ի վաճառել և ի դնել, և զՀանդերձս ի կտրելն, ի Զենուլ, յԻւղարարութիւն․ ի հանելն յամանէն․ ի վերայ որսոց․ ի Նախօրտաներկութիւնս, յՈստայնանկութիւնս, այլ և յամենայն օրինակ արուեստից։ Եւ ի խնդրել ումեք ջուր ի գիշերի՝ անցուցեալ ընդ նա դանակ երեքբեւեռի, և այնպէս տան ըմպել։ Այլ և արգելուն ընդ երեկս տալ մաղ խնդրողաց՝ և կրակ․ նոյնպէս և յաւուրս Աւելեացն հինգ՝ տալ բան խնդրողաց։ Եւ ի գալ Նորոյ տարւոյն՝ ընկերնուն երկաթ ի կուժ, և քարշեն ծիր զերդբնակովն (տան չորս կողմը ― Ղ․Ա․)․ և յառաւօտուն յղեն զաղջկունսն՝ շրջել քարինս ի բացեայ, և հայել ի ներքոյ նորա․ թէ գտանի մազ սպիտակ, ասեն՝ թէ բախտի հասաւ, հարսանացուցանեն զնա առն ալեւորի․ և թէ գտանիցեն սեաւ, ասեն՝ թէ բախտի հասաւ՝ տալ զօրիորդն երիտասարդի։ Եւ ամենայն արուեստաւորք ի մուտս տարւոյն յարուեստն իւր հմայեն․ դարբին՝ կռանաւ մի հարկանէ զսալ․ ոստայնանկն՝ թել մի քարշէ ի կկոցէ, և բիճաւն երիցս հարկանէ․ մանոցն՝ թել մի ձգէ, և տայ զայլն զիլկաւ։ ― Նա և ի տարեկան տօնս և յեկեղեցական նուէրս՝ խառնեն բազում հմայութիւնս։ Այլ և ի հարկանել ժամահարին՝ զժամանակն հմայեն։ Եւ ի յելանելն իւրեանց կամ օտարաց ընդ դուրս տանն՝ հմայեն։ ― Այլ և ի լուսանալ զհանդերձ կամ զգլուխ արանց կամ կանանց՝ հմայեն»։
 
Այս հիշատակվածների մեջ (հպանցիկ ասենք) մեզ համար հետաքննական է ժամահարը՝ որպես գործողության արհեստական ու ճարտար հնար, որովհետև եկեղեցի հրավիրելու համար տախտակով կամ այլ բանով հարվածող մի ժամկոչ մարդ չեմ ենթադրում, այլ զարկող կամ հնչող արվեստագործ ժամացույց։ Կային նաև ժամանակի ու ժամանակաչափ լուսատուների հմայություններ, ինչպես՝ ըստ Վարդանի՝ «Լուսնահմայ, որ զօրն չար և բարի ասէ Լուսնով»։ Աղթարական գրքերում էլ մանրամասն գրված է լուսնի փոփոխությունների մասին։ Տոմարներում նշված է նաև <i>ամպահմայք</i>, ինչպես, օրինակ․ «Սեպտեմբերի 16․ այսօր յԱմպն հայել՝ առողջութիւն է մարդոյ»։ Ասվում է նաև <i>օրահմայք</i> կամ շաբաթվա օրերից չորեքշաբթին կամ շաբաթը չար համարելը, ինչպես հայտնում է մանդակունին, թեև հիմա ուրբաթն է այդպիսին համարվում։ Խտրանքի կամ օրահմայության մի տեսակ է ծննդաբաշխությունը, որ մանուկներին ծննդյան օրվա կենդանակերպից ու աստղերի դիրքից գուշակելն էր, թե այս կամ այն օրվա ծնվածը ինչ բախտ պիտի ունենա։ Եվ այսպես՝ իբր կանխավ մարդկանց բաժանում էին նրանց վիճակները։ Այդ պատճառով նման տեսակի խտրությունները կոչվում էին <i>բաշխեր</i>․ դրանց շատ հետամուտ եղած են երևում հայերը, և նրանց քուրմերն ու մոգերը այսպիսի սնոտիքների վերաբերյալ շատ բան են գրել, որոնք նրանց մեհյանների մեջ գտել ու կարդացել է Բարդածան Ասորին։ Խտրության մի գործ էլ ամիսների այսինչ և այնինչ օրերին այս և այն բաներն անել սահմանելն է․ օրինակ՝ նավասարդի 21֊ին (օգոստոսի 31֊ին) հարմար է ատամը հեռացնել։ Կան նաև օդերևույթների ձևերին ու ձայներին վերաբերող մանրամասն գրված հմայություններ․ անգետները դրանց հեղինակ են համարում Դանիել մարգարեին, իսկ ավելի զգույշները՝ մեկ այլ Դանիելի՝ «յասորոց գրոց ասացեալ» և հայերեն թարգմանված։
 
Այսպես դիտելով տարերքները կամ դիպվածական դիրքերը և շարժումները՝ հմայողներ են կամ պետք է համարվեն <i>նշանագետ</i> կամ <i>նշանադետ</i> կամ սոսկ <i>գետ</i> (<i>գիտուն</i>) կոչվածները, նաև ըստ իրենց խոսքի ու արած հետևության՝ <i>գուշակ</i> են, որի իմաստը հայտնի է։ Բայց մեր մեկնիչներից մեկը կամ ոմանք նշանադետին համարում են մեռելահարցուկ կամ մեռելահմա (բայց այս վերջին բառին գրքերում չեմ հանդիպել)։ Մեկն ասում է․ «Նշանադէտ [է] որ մեռելովք նշանաւոր առնէ»։ Մեկ ուրիշը ասում է․ «Նշանագէտն որ ի գերեզմանս ննջէ և մարդ կերպարանէ, որպէս զՍամուէլ Սաւուղայ երեւեցոյց Հարցուկ կինն»։ Այս կերպ հմայողը պես֊պես խաբեական գործերով ու խոսքերով կարծել էր տալիս, թե կանչում է մեկի ուզած մեռելին, խոսում և հարցնում է ուզած բանի վերաբերյալ։ Եվ եթե մեռելահարցուկը շատ ճարտար է, ցույց է տալի նաև մեռյալին կամ ստվերակերպ մի բան տեսնել է կարծեցնում, որ մեզանում սովորաբար կոչվում է <i>ուրվական</i>։ Այդպիսի հանգամանքներում խնդրողները նաև վախով են պաշարված և իերնց իրոք չտեսածն էլ կարծում են տեսած և հավատում են։ Այսպիսի բան էր վերոհիշյալ Սավուղի ուզածն էլ հարցուկ կնոջ միջոցով, թեև ըստ Ս․ գրքի մեկնիչների՝ Աստված, ի հանդիմանություն Սավուղի, ստուգիվ երևացրեց կամ լսեցրեց նրան՝ ստությամբ ու մոլորությամբ ուզածը՝ Սամուելի ահավոր և մահավճիռ ձայնը։
== Ծանոթագրություններ ==
<references>