Changes

Հոբիտ կամ գնալն ու գալը

Ավելացվել է 10 790 բայտ, 16:07, 27 Հունվարի 2013
   ― Ճիշտ է, դեղին,― հաստատեց Վիլյամը։
 
  ― Բա էլ ի՞նչ ես ասում՝ մոխարգույն,― վրդովվեց Բերտը։
 
  ― Ես չեմ ասել։ Դա Թոմն ասաց։
 
  ― Ես ի՞նչ գործ ունեմ,― գառաց Թոմը։― Դու ինքդ ասացիր։
 
  ― Մեկը երկուսին վեճում չի հաղթի, ձայնդ կտրիր,― հրամայեց Բերտը։
 
  ― Դու էդ ո՞ւմ ես ասում,― ճչաց Վիլյամը։
 
  ― Դե բավական է,― ասացին Թոմն ու Բերտը միասին։― Գիշերը վերջանում է, շուտով կլուսանա։ Գործի անցեք։
 
  ― Այգին իր լույսը կբանա, ամեն ինչ քար կդառնա․․․― ասաց ձայնը, որ նման էր Վիլյամի ձայնին։ Բայց խոսողը Վիլյամը չէր։ Այդ նույն պահին արշալույսը ծագեց, և ծառերի մեջ սկսվեց թռչունների ժխորը։ Վիլյամն արդեն ոչինչ ասել չէր կարող, քանի որ, կռանալով Տորինի վրա, քարի վերածվեց, իսկ Բերտն ու Թոմը աչքերը հառեցին նրան և նույնպես քարացան։ Այդպես էլ կանգնած են նրանք մինչև այսօր, բոլորովին մենակ, եթե երբեմն թռչուններ չեն նստում նրանց վրա։ Գուցե ձեզ հայտնի է, որ տրոլները պարտավոր են ժամանակին թաքնվել գետնի տակ, որպեսզի լույսը նրանց վրա չծագի, հակառակ դեպքում նրանք կդառնան ժայռեր, լեռնային ապարներ, որից սերում են, և հավիտյան կանշարժանան։ Հենց դա էլ պատահեց Բերտին, Թոմին և Վիլյամին։
 
  ― Հիանալի է,― խոսեց Հենդալֆը ծառերի ետևից դուրս գալով և օգնելով Բիլբոյին, որ պոկվի փոշոտ ծակծկող թփուտից։ Եվ այստեղ Բիլբոն ամեն ինչ հասկացավ։ Հրաշագործ է Հենդալֆը․․․ Ահա թե ում ձայնն էր ստիպում տրոլներին այդքան երկար հակճառել իրար, մինչև լույսը բացվեց ու նրանց վերջը տվեց։ Հենդալֆն ու Բիլբոն քանդեցին պարկերի կապերը և ազատեցին թզուկներին։ Սրանք քիչ էր մնում խեղդվեին և ծայրահեղ գրգռված վիճակում էին։ Հարկավ։ Հաճելի՞ է միթե պառկել ու ականջ դնել, ինչպես են տրոլները քննարկում՝ քեզ խորովե՞ն, ճզմե՞ն, թե՞ կտրատեն։
 
  ― Գրպան մտնելու ժամանակ գտավ, երբ մեզ համար գլխավորը կրակ և սնունդ ճարելն է,― մրթմրթաց Բոմբուրը։
 
  ― Ինչ-ինչ, բայց դա, միևնույն է, նրանցից առանց կռվի չես ստանա, ― ասաց Հենդալֆը։― Բայց այսպես թե այնպես հիմա դուք ժամանակ եք կորցնում։ Պարզ է, որ տրոլները պետք է ինչ-որ տեղ հոր կամ անձավ ունենան, որտեղ թաքնվում են արևից։ Լավ կլիներ գտնեինք այդ տեղը․․․
 
  Նրանք փնտրեցին-փնտրեցին և շուտով քարե սապոգների հետքեր գտան, որոնք անտառ էին տանում։ Այդ հետքերով գնացին սարալանջով դեպի վեր, մինչև հասան թփուտներում թաքնված մի քարե դռան, որ քարանձավի մուտքի դուռ էր։ Բայց ինչքան էլ բոլորը միասին հրեցին, ինչքան էլ Հենդալֆը տեսակ-տեսակ կախարդական խոսքեր ասաց, դուռը բացել չկարողացան։
 
  ― Գուցե սա՞ կբացի,― հարցերց Բիլբոն, երբ նրանք բոլորովին հալից ընկել էին ու կատաղել։― Ես սա գտել եմ այնտեղ, ուր տրոլները կռվում էին։
Եվ նա մեկնեց մի շատ մեծ բանալի, որը Վիլյամին, երևի, պստլիկ ու աննշան էր թվում։ Բանալին, նրանց բախտից, հավանաբար, Վիլյամի գրպանից ընկել էր նախքան նրա քար դառնալը։
 
  ― Ինչո՞ւ մինչև հիմա ձայն չէիր հանում,― գոռացին բոլորը միասին։ Հենդալֆը Բիլբոյի ձեռքից խլեց բանալին ու մտցրեց փականքի անցքը։ Խումբը ողջ հզորությամբ համերաշխ հրեց․ քարե դուռը բացվեց, և նրանք ներս մտան։ Գետնին ոսկորներ էին թափված, քարանձավում զզվելի գարշահոտ էր տիրում, բայց անկարգորեն իրար վրա թափված ամեն տեսակ ավարից բացի (սկսած պղնձե կոճակներից մինչև անկյուններում դրված ոսկեդրամներով բերնեբերան լի կճուճները) թարքերին ու գետնին ճամփորդները պարենամթերքի կույտեր գտան։ Պատերին կախված էին մեծ թվով զանազան հագուստներ, որոնք տրոլների վրայով հաստատ փոքր էին, և կարծում եմ, նրանց զոհերին են պատկանել։ Այնտեղ թրեր էլ կային՝ տարբեր որակի, ձևի ու երկարության։ Դրանցից երկուսն իսկույն աչք էին ծակում իրենց գեղեցիկ պատյանների ու թանկարժեք քարերով զարդարված երախակալների շնորհիվ։
 
  Հենդալֆն ու Տորինը այդ երկու թուրը վերցրին իրենց, իսկ Բիլբոն վերցրեց կաշվե պատյանով դաշույնը։ Ըրոլի համար այդ դաշույնը գրպանի փոքրիկ դանակի տեղ կանցներ, իսկ հոբիտին որպես թուր կծառայեր։
 
  ― Իսկույն երևում է, հիանալի շեղբեր են,― ասաց հրաշագործը՝ թուրը կիսով չափ պատյանից հանելով և հետաքրքրությամբ զննելով։― Սրանք ոչ տրոլներն են կռել, ոչ էլ այս կողմերի մարդիկ, և ոչ էլ մեր ժամանակներում են շինված։ Երբ սեպագրերը վերծանենք, ավելի շատ բան կիմանանք սրանց մասին։
 
  ― Շուտ հեռանանք այստեղից, զզվելի հոտ է գալիս,― թախանձեց Ֆիլին։
 
  Նրանք դուրս տարան ոսկով լի կճուճները և այն մթերքը, որ ուտելու համար պիտանի էր երևում։ Նաև միլիքը տակառիկ էյլ։ Նրանք արդեն բնավ էլ դեմ չէին նախաճաշելուն և չարհամարհեցին տրոլների ամբարած սննդամթերքը։ Ախր նրանց ուտելեղեն շատ քիչ էր մնացել։ Թզուկները կուշտ հաց ու պանիր կերան, ուզածի չափ էյլ խմեցին և խանձողների վրա խոզի ապխտած միս խորովեցին։ Հետո պարկեցին քնելու։ Ինչպես ինքներդ էլ հասկանում եք, այդպիսի գիշերից հետո քնելը մեղք չէ։ Համարյա մինչև երեկո հանգստանալուց հետո բերեցին պոնիներին, բարձեցին ոսկու կճուճները, տեղափոխեցին ու գետի երկայնքով գնացող արահետից ոչ հեռու հորեցին։ Նրանք տեղը տեղին կախարդեցին այդ վայրը և համայական խոսքեր արտասանեցին, հույս ունենալով, որ ոսկու համար կվերադառնան այստեղ։ Այս գործը վերջացնելով, հեծան պոնիները և նորից դանդաղ, մանրավարգ գնացին արևելք տանող ճանապարհով։
 
  ― Այդ ո՞ւր էիք կորել, եթե գաղտնիք չէ,― ճանապարհին հարցրեց Տորինը Հենդալֆից։
 
  ― Հետախուզում էի, թե առջևում ինչ կա,― պատասխանեց նա։
 
  ― Իսկ ձեզ ի՞նչն ստիպեց այդպես ժամանակին վերադառնալ։
 
  ― Ետ նայելու սովորությունը։
 
  ― Իսկապես,― մրմնջաց Տորինը։― Իսկ ավելիպարզ չի՞ կարելի։
 
  ― Ես առաջ անցա մեր ուղին հետազոտելու։ Նկատի ունեցեք, ճանապարհը շատ շուտով վտանգավոր ու դժվարին է դառնալու։ Ինձ անհանգստացնում էր նաև մեր աղքատիկ մթերապաշարը լրացնելու հոգսը։ Հենց մի քիչ հեռացա, ռիվենդելցի երկու ծանոթ հանդիպեցին։
 
  ― Ռիվենդելը որտե՞ղ է,― մեջ ընկավ Բիլբոն։
 
  ― Մի՛ ընդհատիր,― կտրեց Հենդալֆը։― Եթե մեր բախտը բերի, ինքդ շուտով այնտեղ կընկնես և անձամբ ամեն ինչ կիմանաս։ Ինչպես արդեն ասացի, հանդիպեցի ռիվենդելցի երկու մարդկանց։ Նրանք էլ ինձ պատմեցին, որ երեք տրոլ իջել են լեռները, հիմնավորվել մեծ ճանապարհի մոտակա անտառներում, ահաբեկել են շրջակայքի բոլոր բնակիչներին և դարանակալում են ճանապարհորդներին։ Իսկույն մտածեցի, որ այնտեղ, ետևում, իմ կարիքը զգում են։ Ետ նայելով՝ հեռվում խարույկ տեսա և գնացի ուղիղ դեպի կրակը։ Դե, հիմա դուք ամեն ինչ գիտեք։ Խնդրում եմ, մյուս անգամ զգույշ լինեք, թե չէ մենք ոչ մի տեղ էլ չենք հասնի․․․
 
  ― Մենք ձեզ շատ ենք պարտական,― ասաց Տորինը։