Changes
/* ՆՈՎԵԼ ԱՌԱՋԻՆ */
Ո՛վ սիրելի դամաներ, ինչ գործ էլ որ մարդ ձեռ զարնելու լինի, պարտավոր է սկսելուց առաջ դառնալ ու հիշել սքանչելի ու սուրբ անունը նրա, ով արարիչն եղավ ամենայն գոյության: Ուստի և ես, որին վիճակվեց առաջինն սկսել մեր զրույցները, ցանկանում եմ պատմել նրա հրաշագործություններից մեկը, որպեսզի այդ լսելուց հետո նրա վրա դրած մեր հույսը հաստատվի, ինչպես ամուր հողի վրա, և անունը նրա մենք փառաբանած լինենք այժմ և միշտ: Հայտնի է, որ ժամանակի մեջ գոյություն ունեցող ամենայն ինչ անցավոր է ու մահկանացու, ներքուստ ու արտաքուստ լեցուն վշտով, տրտմությամբ ու տառապանքով, և մենք, որ ապրում ենք ժամանակի հոլովման մեջ և նրա մի մասնիկն ենք կազմում, չէինք դիմանա դրանց և չէինք կարողանա խուսափել դրանցից, եթե Տերն իր հատուկ ողորմածությամբ մեզ տված չլիներ ուժ ու կանխատեսություն: Եվ չպիտի կարծել, թե այդ ողորմածությունը մեզ վրա իջնում և մեր մեև հարատևում է մեր արժանիքների համար, այլ՝ որ դա տրվում է նրա սեփական բարությամբ և շնորհիվ նրանց աղոթքների, ովքեր մի ժամանակ մեզ նման մահկանացու են եղել, սակայն իրենց կենդանության օրոք հետևած լինելով Նրա պատվիրաններին՝ այժմ Նրա հետ միասին հավիտենական են ու երանելի: Եվ հենց նրանց, որ փորձով գիտեն մեր թուլությունը, մենք դիմում ենք որպես միջնորդների՝ աղերս ուղղելով մեր կարիքների մասին, թերևս չհամարձակվելով մեր աղոթքները վերառաքել այնպիսի մի դատավորի, ինչպիսին է Նա ինքը: Եվ մենք նրա բարությունը ճանաչում ենք առավել ևս այն բանով, որ անկարող լինելով մահկանացուի աչքով թափանցելու աստվածային խորհուրդների մեջ, և մարդկանց ասածներից մոլորված, հաճախ նրա մեծության առաջ մեզ համար մի այնպիսի միջնորդ ենք գտնում, որը նրա կողմից դատապարտված է հավիտենապես. և սակայն չնայած դրան՝ Նա, որի համար չկա ոչ մի գաղտնիք, ավելի շուտ ուշադրություն դարձնելով աղոթողի անկեղծության, քան նրա տգիտության կամ նրա միջնորդի պախարակության վրա, այնպես է ունկնդրում աղոթողներին, որ կարծես նրանց կողմից աղերսողը փրկության է արժանացած: Այդ ամենը պարզ կդառնա այն նովելից, որ ես ցանկանում եմ ձեզ պատմել. ես ասում եմ «պարզ» - մարդկային հասկացության և ոչ թե աստվածային նախախնամությունն ըմբռնելու տեսակետից: Պատմում են, որ երբ հարուստ ու անվանի վաճառական Մուշյատո Ֆրանցեզին վաճառականությունը թողեց ու ասպետ դարձավ և պատրաստվում էր Տոսկանա ուղևորվել Կարլոս Անհողի՝ ֆրանսիացոց թագավորի եղբոր հետ, որին դրա համար կանչել ու հորդորել էր Բոնիֆացիոս պապը,- նա տեսավ, որ, ինչպես հաճախ է պատահում վաճառականներին, իր գործերը զանազան վայրերում խիստ խճճված վիճակի մեջ են, և որ դրանք կարգավորելը այնքան էլ դյուրին ու կարճատև բան չէ, ուստի որոշեց դրանց տնօրինությունը հանձնել մի քանի անձանց: Այս կերպ նա կարողացավ կարգի բերել իր բոլոր գործերը, և ուներ միայն մի տարակուսանք, թե որտեղից գտնի այնպիսի մի մարդ, որը կարող լինի իր բուրգոնդցի պարտապաններից հավաքել իրեն հասանելիք գումարը: Տարակուսանքի պատճառն այն էր, որ նա բուրգոնդցիներին ճանաչում էր որպես կռվասեր, անպիտան ու խոստմնազանց մարդկանց և չէր կարծում, թե կգտնվեր այնպիսի նենգամիտ մի մարդ, որին ինքը կարողանար վստահորեն հանել ընդդեմ նրանց նենգամտության: Շատ խորհեց նա այդ մասին մինչև որ վերջապես միտն ընկավ մի ոմն սըր Չեպարելլո, Պրատո քաղաքի բնակիչ, որը Փարիզում հաճախ էր գնում-գալիս իր մոտ: Այդ Չեպարելլոն կարճահասակ մարդ էր, միշտ մաքուր հագնված, և քանի որ ֆրանսիացիները չէին հասկանում, թե ինչ ասել է Չեպարելլո, ապա կարծում էին, որ դա նունն է, ինչ իրենց լեզվով chapel-ը, այսինքն՝ պսակը, ուստի նրան կոչում էին ոչ թե capello, այլ Ciappelletto, որովհետև ինչպես արդեն ասացինք, կարճահասակ էր: Եվ այսպես, ամենուրեք նրան ճանաչում էին որպես Չապելետո, և միայն քչերն էին նրան սըր Չեպարելլո անվանում: Այդ Չապելետոն այսպիսի կյանք էր վարում. զբաղմունքով նոտար էր, և նա իր համար մեծ անպատվություն կհամարեր, եթե որևէ վավերագիր կեղծված չլիներ (թեև վավերագրեր էլ շատ չուներ): Նա պատրաստ էր այդպիսի թղթեր կազմել առաջին իսկ պահանջով, և դրանք ձրիաբար սարքում էր ավելի մեծ սիրով, քան թե մեկ ուրիշը կաներ մեծ վարձատրությամբ: Մեծ բավականությամբ սուտ վկայություն էր տալիս, անկախ այն բանից՝ կանչվա՞ծ էր այդ գործով, թե ոչ: Այն ժամանակ Ֆրանսիայում մեծ հավատ էին ընծայում երդմանը,իսկ նրա համար սուտ երդում տալը ոչինչ բան էր, և նա խարդախությամբ շահում էր այն բոլոր գործերը, որոնց համար դիմում էին նրա վկայությանը և պահանջում խղճի մտոք ասել ճշմարտությունը: Նրա բավականությունն ու հոգսը բարեկամների, ազգականների և ամեն տեսակ մարդկանց միջև խռովություն, թշնամանք և տուրուդմփոցի առիթներ սերմանելն էր, և որքան շատ դժբախտություններ էին ծագում դրանից, այնքան մեծ էր լինում նրա հաճույքը: Եթե նրան հրավիրում էին մասնակցել մարդասպանության կամ մի ուրիշ վատ գործի, համաձայնում էր սիրով, երբեք չմերժելով հրավերը, և հաճախ, այն էլ մեծ բավականությամբ խեղում ու սպանում էր իր ձեռքով: Ամեն փուչ բանի համար նա զարհուրելի սրբապղծում էր Աստծուն ու սրբերին, քանզի նմանը չունեցող բարկացկոտ էր. եկեղեցի չէր գնում, անպարկեշտ խոսքերով ծաղրում էր նրա սուրբ ծեսերը իբրև անարժեք բաներ և ընդհակառակը՝ հաճույքով լինում էր գինետներում և հաճախում էր այլ անպարկեշտ վայրեր: Կանանց սիրում էր նույնքան, որքան շունը կսիրե դագանակը հակառակ՝ մոլության մեջ ավելի մեծ բավականություն էր գտնում, քան որևէ այլ անառակ: