— Վերջապե՜ս,— թեթևացած շունչ քաշեց պորուչիկ Լուկաշը։
— Հա, խոսքս չմոռանամ,— հանկարծ հիշեց Շվեյկը,— այնպիսի դասախոսություններ, որ մեզ համար կարդում էր պարոն օբեր-լեյտենանտ Բուխանեկը, երբ զինվորները ռազմերթի ժամանակ հոգնածությունից արդեն վայր էին ընկնում. ահա այդպիսի դասախոսություններ, իմ կարծիքով, հարկավոր էր կարդալ, ինչպես նա էր անում, բոլոր զինվորների համար։ Նա դադար էր հայտարարում, մեզ բոլորիս հավաքում, ինչպես թուխսը ճտերին, և սկսում այսպես․ «Դուք, սրիկանե՛ր, չեք կարողանում գնահատել այն, որ երթաքայլում եք երկրագնդի վրա, չեք կարողանում, որովհետև այնպիսի անկուլտուրական մի ավազակախումբ եք, որ նայելիս մարդու սիրտ է խառնում։ Լավ կլիներ ձեզ ստիպեին քայլել արեգակի վրա, որտեղ մարդը, որ մեր խղճուկ մոլորակի վրա վաթսուն կիլո քաշ ունի, հազար յոթհարյուր կիլոյից ավելի է կշռում։ Դուք հո կսատկեիք։ Հետաքրքիր է, թե ինչպե՞ս պետք է երթաքայլեիք, եթե ձեր պայուսակը կշռեր երկուհարյուր ութսուն կիլոգրամ, համարյա երեք ցենտներ, իսկ հրացանը՝ մոտ մեկ և կես ցենտներ։ Կսկսեիք ախ ու վախ անել, լեզուներդ կկախեիք հալածահար շների պես»։ Մեր մեջ մի թշվառ ուսուցիչ կար, որը նույնպես համարձակվեց խոսք վերցնել, «Կներեք, պարոն օբեր-լեյտենանտ, վաթսուն կիլոգրամ քաշ ունեցող մարդը Լուսնի վրա կշռում է ընդամենը տասներեք կիլոգրամ։ Լուսնի վրա մենք ավելի հեշտ կերթաքայլեինք, քանի որ այնտեղ պայուսակը կկշռեր ընդամենը չորս կիլոգրամ։ Լուսնի վրա մենք ոչ թե կքայլեինք, այլ օդի մեջ կճախրեինք»։— «Դա սոսկալի է,— ասաց հանգուցյալ պարոն օբեր-լեյտենանտ Բուխանեկը։— Սրիկա՛, սիրտդ ապտակ է ուզում։ Ուրախ եղիր, որ ես քեզ սովորական երկրային ապտակ կտամ։ Եթե լուսնային ապտակ տայի, ապա թեթևությանդ պատճառով կթռչեիր ու կընկնեիր Ալպյան լեռների վրա և քեզնից միայն մի թաց տեղ մնար… կմնար… Եթե ես քեզ արեգակնային ծանր ապտակ տայի, ապա մունդիրդ շիլա կդառնար, իսկ գլուխդ կթռչեր Աֆրիկա»։ Տվեց նա նրան, ուրեմն, սովորական երկրային ապտակ։ Այդ դուրսպրծուկ ուսուցիչն սկսեց զռալ, իսկ մենք շարունակեցինք մեր ճանապարհը։ Ռազմերթի ամբողջ ճանապարհին նա զռում էր և ինչ-որ մարդկային արժանապատվության մասին խոսում, պարոն օբեր-լեյտենանտ։ Թե իբր իրեն անբան անասունի տեղ էն են դրել։ Հետո պարոն օբեր-լեյտենանտ Բուխանեկը նրան զեկույցի ուղարկեց, և խեղճին տասնչորս օր նստեցրին։ Դրանից հետո այդ զինվորը վեց շաբաթ էլ պետք է ծառայեր, բայց մինչև վերջ չծառայեց, ճողվածք ուներ, իսկ զորանոցում ստիպում էին տուրնիկի վրա պտտվել, մարդը չդիմացավ և հոսպիտալում մեռավ որպես սիմուլյանտ։
— Իսկապես զարմանալի է, Շվեյկ,– ասաց պորուչիկ Լուկաշը,— դուք սովորություն ունեք, ինչպես շատ անգամ ձեզ ասել եմ, մի առանձին ձևով սպայությանը նսեմացնելու։
— Ես այդպիսի սովորություն չունեմ,— անկեղծորեն խոստովանեց Շվեյկը։— Ես միայն այն էի ուզում պատմել, պարոն օբեր-լեյտենանտ, թե ինչպես առաջ զինվորական ծառայության մեջ մարդիկ իրենք էին իրենց փորձանքի մեջ գցում։ Այդ մարդը կարծում էր, թե ինքը պարոն օբեր-լեյտենանտից ավելի կրթված է, և ուզում էր Լուսնով զինվորների առաջ նրան նսեմացնել։ Իսկ երբ երկրային ապտակ ստացավ, բոլորը թեթևացած շունչ քաշեցին, ոչ ոքի համար դա անհաճելի չեղավ, դեռ ընդհակառակը, բոլորին դուր եկավ, որ օբեր-լեյտենանտը իր այդ երկրային ապտակով այդպես սրամտեց։ Դա կոչվում է դրությունը փրկել։ Հարկավոր է անմիջապես, տեղնուտեղը, մի բան գտնել, և ամեն ինչ պատրաստ է։ Պրագայում, Կարմելիտի վանքի դիմաց, պարոն օբեր-լեյտենանտ, մի քանի տարի սրանից առաջ պան Ենոմը խանութ ուներ, որտեղ ճագարներ և այլ թռչուններ էր վաճառում։ Այդ պան Ենոմը սկսել էր սիրահետել կազմարար Բիլեկի աղջկան։ Պան Բիլեկին դա դուր չէր պալիս, և նա պանդոկում հրապարակորեն հայտարարեց, որ եթե պան Ենոմը գա իր աղջկա ձեռքը խնդրելու՝ նրան աստիճաններից այնպես կգլորի, որ եկած ճանապարհը մոռանա։ Պան Ենոմը, այնուամենայնիվ, մի լավ խմեց, ու գնաց Բիլեկի մոտ, որը նախասենյակում նրան դիմավորեց գրքեր եզրահատելու մեծ դանակը ձեռքին, որ նման էր այն դանակին, որով գորտեր են հերձում։ Նա պան Ենոմի վրա գոռաց, թե իր տանն ի՞նչ գործ ունի։ Այդ ժամանակ շատ սիրելի պան Ենոմը այնպես խլացուցիչ զռթացրեց, որ պատի ժամացույցի ճոճանակը կանգ առավ։ Պան Բիլեկը քահ-քահ ծիաղեցծիծաղեց, սեղմեց պան Ենոմի ձեռքն ու ասաց. «Համեցեք, ներս մտեք, պան Ենոմ, խնդրեմ նստեցեք. հուսամ, որ ձեր շալվարի մեջ չեք կեղտոտել։ Ախր ես այնքան էլ չար մարդ չեմ։ Ճիշտ է, ուզում էի ձեզ դուրս շպրտել, բայց հիմա տեսնում եմ, որ դուք շատ հաճելի և մազալու մարդ եք։ Ես կազմարար եմ, վեպեր ու պատմվածքներ շատ եմ կարդացել, բայց ոչ մի գրքում չեմ տեսել, որ փեսացուն այդպես ներկայանա»։ Նա ծիծաղեց հալից ընկնելու չափ, հետո ասաց, թե իրեն թվում է, որ իրենք ծնված օրից իրար ծանոթ են, կարծես հարազատ եղբայրներ լինեն։ Ապա հյուրին սիգար առաջարկեց, մարդ ուղարկեց գարեջուր ու սարդելկա բերելու, կնոջը կանչեց ու ներկայացրեց պան Ենոմին, ամենայն մանրամասնությամբ պատմեց նրա այցելության մասին։ Կինը թքեց ու թողեց հեռացավ։ Հետո պան Բիլեկը կանչեց աղջկան ու ասաց. «Այս պարոնը այսպիսի և այսպիսի հանգամանքներում եկել էր քո ձեռքը խնդրելու»։ Այդ լսելուն պես աղջիկը լաց եղավ և ասաց, թե այդպիսի մարդու երեսը տեսնել չի ուզում։ Այնպես որ նրանց մնում էր ոչ այլ ինչ, եթե ոչ խմել-վերջացնել գարեջուրը, սարդելկաներն ուտել և իրարից բաժանվել։ Դրանից հետո այն պանդոկում, ուր հաճախում էր պան Բիլեկը, պան Ենոմը խայտառակ եղավ, և ամեն տեղ, ամբողջ թաղամասում, նրան անվանում էին ոչ այլ կերպ, քան «տռան Ենոմ»։ Եվ բոլորն իրար պատմում էին, թե նա ինչպես էր ցանկացել դրությունը փրկել։ Մարդկային կյանքն առհասարակ այնպես բարդ է, որ առանձին մարդու կյանքը ոչ մի արժեք չունի։ Դեռևս պատերազմից առաջ Բոիշչեում մեր «Թասի մոտ» պանդոկն էին այցելում մի ոստիկան՝ ավագ վախմիստր պան Հուբիչկան, և մի ռեպորտյոր, որը ջարդված ոտքեր, խեղդամահ եղած մարդիկ ու ինքնասպաններ էր որոնում և թերթերի մեջ գցում։ Դա այնքան ուրախ մարդ էր, որ ավելի հաճախ ոստիկանատան օրապահի սենյակում էր լինում, քան իր խմբագրությունում։ Մի անգամ նա ավագ վախմիստր Հուբիչկային հարբեցնում և խոհանոցում նրա զգեստը փոխում իր զգեստի հետ, այնպես որ ավագ վախմիստրը դառնում է քաղաքացի, իսկ պան ռեպորտյորը՝ ոստիկանության ավագ վախմիստր։ Հետո նա ծածկում է ատրճանակի համարը և գնում Պրագա՝ հսկողական շրջագայություն կատարելու։ Ռեսլովի փողոցի անկյունում, նախկին Սվատովացլավյան բանտի հետևում, ուշ գիշերին հանդիպում է մի ցիլինդրավոր տարեց պարոնի, որը թևանցուկ քայլելիս է լինում մորթե մանտո հագած մի տարեց կնոջ հետ։ Երկուսն էլ, առանց մի բառ փոխանակելու, տուն են շտապելիս լինում։ Նա վազելով հասնում է նրանց և այն պարոնի ականջի տակ գոռում. «Այդպես մի՛ բղավեք, ապա թե ոչ ձեզ քարշ կտամ ոստիկանատուն»։ Պատկերացրեք, պարոն օբեր-լեյտենանտ, նրանց վախը։ Իզուր է պարոնը նրան բացատրում, թե ըստ երևույթին դա թյուրիմացության է։ Թե իրենք վերադառնում են պարոն փոխարքայի տանը կայացած բանկետից։ Թե կառքն իրենց հասցրել է մինչև Ազգային թատրոնը, իսկ հիմա ուզում են մի քիչ մաքուր օդ շնչել։ Թե այստեղ մոտիկ են ապրում, Մորանի փողոցում։ Թե նա ինքը փոխարքայի գրասենյակի ավագ խորհրդական է, իսկ սա էլ իր կինն է։— «Դուք ինձ հիմարի տեղ մի դնեք,— շարունակում է նրանց վրա գոռալ զգեստափոխված ռեպորտյորը։— Դուք ավելի պետք է ամաչեք, եթե, ինչպես ասում եք, փոխարքայի խորհրդական եք և, չնայած դրան, ձեզ լակոտի պես եք պահում։ Ես արդեն վաղուց ձեզ հետևում եմ և տեսա, թե ինչպես ձեռնափայտով ծեծում էիք ճանապարհին հանդիպած բոլոր խանութների երկաթե փեղկերը, իսկ այդ ժամանակ ձեր, ինչպես դուք ասում եք, կինը ձեզ օգնում էր»։ «Բայց չէ՞ որ, ինչպես տեսնում եք, ես ձեռքիս ոչ մի ձեռնափայտ չունեմ։ Երևի մեզնից առաջ անցած մի ուրիշն է արել»։ — «Իսկ ինչպե՞ս կարող էր ձեր ձեռքին ձեռնափայտը լինել,— պատասխանում է զգեստափոխված ռեպորտյորը,— երբ դուք, ա՛յ, այն անկյունում, ինչպես ես աչքովս տեսա, ձեռնափայտը ջարդուփշուր արիք այն պառավի գլխին, որը տապակած կարտոֆիլ ու շագանակ է տանում պանդոկները»։ Տիկինը ի վիճակի չի լինում նույնիսկ լաց լինելու, իսկ պարոն խորհրդականն այնպես է գազազում, որ սկսում է նրան կոպտության մեջ մեղադրել, որից հետո ձերբակալվում է և հանձնվում Սալմովի փողոցում գտնվող ոստիկանական կոմիսարիատի ամենամոտիկ պարեկին։ Զգեստափոխված ռեպորտյորը պատվիրում է այդ զույգին տանել կոմիսարիատ, պարեկին ասելով, թե իբր ինքը գնում է Սուրբ Ինջրիխ և Վինոդրագի էր եկել պաշտոնական գործով։ Թե նրանք երկուսն էլ խախտել են գիշերային լռությունն ու հանգիստը և մասնակցել գիշերային տուրուդմփոցի և, բացի դրանից, ոստիկանությանը վիրավորանք հասցրել։ Թե ինքը շտապում է, Սուրբ Ինջրիխի կոմիսարիատում գործ ունի, իսկ մի ժամից կվերադառնա Սալմով փողոցի կոմիսարիատը։
Այդպիսով, պարեկը երկուսին էլ քարշ է տալիս-տանում։ Նրանք նստում են մինչև առավոտ, սպասելով սարսափելի վախմիստրին, որն այդ միջոցին շրջանց ճանապարհով հասնում է Բոիշչեի «Թասի մոտ» պանդոկը, արթնացնում ավագ վախմիստր Հուբիչկային, անուշի կապելով նրան ամեն ինչ պատմում և գլխի գցում, որ եթե նա լեզուն իրեն չքաշի՝ կարող է մեծ գործ բացվել։
— Պատերազմից հետո այստեղ լավ բերք կլինի,— փոքր-ինչ լռելուց հետո ասաց Շվեյկը։— Ոսկրալյուր գնելու կարիք չի զգացվի։ Գյուղացիների համար շատ ձեռնտու է, որ նրանց դաշտերում փտի մի ամբողջ գունդ։ Կարճ ասած, դա նրանց համար հաց է։ Ինձ միայն այն է անհանգստացնում, որ չլինի թե այդ գյուղացիները խաբվեն և զինվորների այս ոսկորները մուֆթա ծախեն շաքարի գործարանին՝ ոսկրածուխ պատրաստելու համար։ Կառլինի զորանոցներում Գոլուբ ազգանունով մի օբեր-լեյտենանտ կար։ Այնքան ուսյալ մարդ էր, որ վաշտում նրան հիմար էին համարում, որովհետև իր ուսյալության պատճառով զինվորներին հայհոյել չսովորեց և ամեն ինչի մասին դատում էր գիտական տեսակետից։ Մի անգամ զինվորները նրան զեկուցեցին, թե տրված հացը ուտել չի լինի։ Այդ հանդգնությունը մի ուրիշ սպայի կզայրացներ, իսկ նա՝ չէ, իրեն հանգիստ պահեց, ոչ ոքի նույնիսկ խոզ կամ, ասենք, կեղտոտ խոզ չանվանեց, ոչ ոքի ռեխին չհասցրեց։ Միայն հավաքեց բոլոր զինվորներին և իր դուրեկան ձայնով ասաց․ «Զինվորնե՛ր, դուք ամենից առաջ պետք է գիտակցեք, որ զորանոցը գաստրոնոմիական խանութ չէ, որտեղ կարող եք ձեզ համար թթու դրած օձաձուկ, սարդիններ ու բուտերբրոդներ ընտրել։ Յուրաքանչյուր զինվոր այնքան խելք պիտի ունենա, որ անտրտունջ ուտի ինչ տալիս են, և այնքան կարգապահ պիտի լինի, որ երկար-բարակ չմտածի այն ամենի որակի մասին, որ նրան տալիս են ուտելու։ Պատկերացրեք, որ պատերազմ է։ Այն հողի համար, որի մեջ մեզ թաղում են կռվից հետո, բոլորովին նշանակություն չունի, թե դուք կռվից առաջ ինչպիսի հաց եք կերել։ Նա, մայր հողը, ձեզ կքայքայի և կխժռի ձեր կոշիկներով հանդերձ։ Տիեզերքում ոչինչ չի կորչում։ Զեզնից, զինվորնե՛ր, հաց կաճի, որով նոր զինվորներ կկերակրեն։ Իսկ նրանք էլ, թերևս, ձեզ պես միշտ դժգոհ կլինեն, կգանգատվեն և մի այնպիսի պետի ձեռք կընկնեն, որը, քանի որ իրավունք ունի, նրանց կձերբակալի և այնպիսի ծակ կխոթի, որ փոշման մնան։ Այսպիսով, ես ձեզ, զինվորնե՛ր, ամեն ինչ լավ բացատրեցի և այլևս չեմ կրկնի։ Սրանից հետո ով որ գանգատվի, այնպես կփոշմանի, որ նույնիսկ երկրորդ անգամ աշխարհ գալիս ասածս չի մոռանա»։— «Գոնե մի անգամ մեզ հայհոյեր»,— ասում էին զինվորները, որովհետև պարոն օբեր-լեյտենանտի դասախոսությունների նրբանկատությունները նրանց զահլան տարել էր։ Մի անգամ ամբողջ վաշտի կողմից ինձ ներկայացուցիչ ընտրեցին։ Ես նրան պիտի ասեի, թե բոլորը նրան սիրում են, բայց զինվորական ծառայությունը ծառայություն չէ, եթե մարդու չեն հայհոյում։ Գնացի նրա բնակարանը և խնդրեցի, որ նա չքաշվի․ զինվորական ծառայությունը, ասացի, դաժան բան է, զինվորները սովորել են, որ ամեն օր նրանց հիշեցնեն, թե նրանք խոզեր ու շներ են, այլապես նրանք կկորցնեն պետերի նատմամբ ունեցած հարգանքը։ Սկզբում նա չեմուչում արեց, ինչ-որ բան ասաց իր ինտելիգենտության մասին, ասաց, թե հիմա այլևս չի կարելի ծառայել մահակի ահից դրդված։ Վերջապես ես նրան համոզեցի։ Նա ինձ մի ապտակ հասցրեց և, իր հեղինակությունը բարձրացնելու համար, դռնից դուրս շպրտեց։ Երբ ես բանակցություններիս արդյունքները հաղորդեցի, բոլորը շատ ուրախացան, բայց նա հենց հաջորդ օրը նրանց ուրախությունը հարամ արեց. մոտեցավ ինձ և բոլորի ներկայությամբ ասաց․ «Շվեյկ, երեկ ես ձեզ հետ անմիտ վարվեցի. ահա ձեզ մի գուլդեն, տարեք և խմեցեք իմ կենացը։ Զինվորների հետ պետք է վարվել իմանալ»։
Շվ եյկը Շվեյկը շուրջը նայեց։
— Ինձ թվում է, մենք ճիշտ չենք գնում։ Ախր պարոն օբեր-լեյտենանտը մեզ այնպես լավ բացատրեց։ Մենք պետք է բարձրանանք, իջնենք, հետո գնանք դեպի աջ և դեպի ձախ, հետո նորից դեպի աջ, հետո՝ դեպի ձախ, իսկ մենք շարունակ ուղիղ ենք գնում։ Կամ գուցե մենք այդ բոլորն արել ենք, բայց խոսակցությամբ տարված չենք նկատել․․․ Ես իմ առաջ պարզորոշ տեսնում եմ Ֆելդշտայն տանող երկու ճանապարհ։ Ես կառաջարկեի հիմա գնալ ահա այս ճանապարհով, դեպի ձախ։