Changes
Բոլորը նայեցին այդ տխմարին, որի ջանասիրությունը հոժարականների դպրոցում իդեոտիզմի էր հասնում։ Նա իր հոժար կամքով գնացել էր պատերազմ և առաջին իսկ հարմար առիթին, երբ հոժարականների դպրոցի պետը ծանոթանալիս էր եղել իր աշակերտների ընտանեկան վիճակին, հայտարարել էր, թե իր նախնիները անցյալում ստորագրում էին «Բյուգլեր Ֆոն Լեյտհոլդ» և թե նրանց գերբի վրա նկարված է եղել արագիլի թև ու ձկան պոչ։
Այդ օրվանից կադետի անունը գրել էին «արագիլի թև ու ձկան պոչ»։ Բիգլերին Բյուգլերին հենց սկզբից չէին սիրում և անգթորեն ձեռք էին առնում, մանավանդ որ այդ գերբը բոլորովին չէր սազում նրա հոր ֆիրմային, որը ճագարի մորթիկների առևտրով էր զբաղվում։ Նշանակություն չուներ այն հանգամանքը, որ այդ ռոմանտիկ էնտուզիաստը ազնվորեն ու ջանասիրաբար ձգտում էր լիովին յուրացնել ռազմագիտությունը, աչքի էր ընկնում իր ջանասիրությամբ և գիտեր ավելին, քան նրան սովորեցնում էին։ Քանի գնում, այնքան ավելի էր նա իր գլուխը բթացնում ռազմական արվեստին ու պատերազմների պատմությանը նվիրված աշխատություններ ուսումնասիրելով։ Նա շարունակ խոսք էր բաց անում այդ թեմաների մասին, մինչև որ նրան չէին ընդհատում և իր տեղը նստեցնում։ Սպայական շրջանում նա իրեն բարձրաստիճան սպաներին հավասար մարդ էր համարում։
— Sie, Kadett!<ref>Լսեցեք, կադետ (գերմ․)։</ref>— ասաց կապիտան Սագները։— Քանի դեռ թույլ չեմ տվել խոսել, բարեհաճեցեք լռել։ Մեջ մի ընկեք։ Խոսք չունեմ, խելացի զինվոր եք։ Ես ձեզ հույժ գաղտնի ինֆորմացիաներ եմ հաղորդում, իսկ դուք դրանք գրի եք առնում ձեր ծոցատետրում։ Այդ ծոցատետրը կորչելու դեպքում դուք ռազմադաշտային դատարանի առաջ կկանգնեք։