Changes
/* Ի․ գլուխ */
Երբ մութ գիշերով Լոնդոն էի վերադառնում և քամին մղում էր ինձ, մի անվանելի հիշատակի պես մտքերիս միջով այն էր անցնում, թե Ագնեսը բախտավոր չէ։ Ես ինքս էլ բախտավոր չէի, բայց գոնե ինձ հաջողվել էր մի կնիք դնել անցյալիս վրա․ անցյալն արդեն ետ չէր գա։ Ագնեսի դեպի վեր ուղղած ձեռքերը հիշելով, մտածում էի այն խորհրդավոր երկնքի մասին, ուր մի օր արժանի կլինեմ երկրիս վրա անծանոթ սիրով սիրել նրան և պատմել, թե որքան եմ մաքառել սրտիս հետ, մինչ այս աշխարհումն էի սիրում նրան։
==ԻԱ․ գլուխ==
Երկու երևելի զղջացողներ
Առժամանակ․․․ համենայն դեպս, մինչև գրքիս ավարտելը, որի համար դեռ մի քանի ամիս կպահանջվեր․․․ ես տատիս մոտ Դուվրում բնակվեցի և այնտեղ՝ պատուհանի առջև նստած, որից երբեմն մտիկ էի անում ծովի մեջ փայլող լուսնի ցոլքին, հանգիստ֊հանգիստ առաջ էի տանում իմ գործը։
Հավատարիմ մնալով որոշմանս՝ այն ժամանակ միայն իմ սեփական երկերը հիշատակել, երբ որ նրանք կյանքի զանազան դեպքերի հետ որևէ կապ ունենա, ― չպիտի խոսեմ գրական ձգտումներիս, բերկրանքներիս, տագնապներիս ու հաղթանակներիս մասին։ Արդեն ասել եմ, որ հոգուս ամբողջ զորությամբ և ամենամեծ լրջությամբ նվիրվել էի գրականությանը։ Եթե շարադրած գրքերս գեթ փոքր֊ինչ արժեք ունեն, իրենք կխոսեն իրենց մասին, իսկ եթե չունեն, ասել է թե զուր են գրված, և մնացածը ոչ ոքի համար հետաքրքիր չի։
Երբեմն Լոնդոն էի գնում՝ կյանքի շարժման մեջ ինքս ինձ մոռանալու և կամ թե Տրեդլսի հետ գործերիս մասին խորհրդակցելու։ Բացակայությանս տարիներին դրամական գործերս նա լավ էր կարգավորել և նրա շնորհիվ դրանք շատ բարգավաճ դրության մեջ էին։ Երբ համբավս աճեց և ինձ անծանոթ անձերից կսկեցին վրաս նամակներ տեղալ, ― ըստ մեծի մասին այնպես դատարկ, որ շատ դժվար էր պատասխանել, ― ես Տրեդլսին խնդրեցի, որ իմ անունն էլ իր գրասենյակի վրա նշանակի։ Ժիր թղթաբերն այնտեղ էր թողնում իմ հասցեին եկած նամակները․ ես էլ պարբերաբար այնտեղ էի տանջվում նրանց կարդալով, ինչպես մի ներքին գործոց նախարար, սակայն առանց թոշակի։
Նամակների մեջ երբեմն շատ սիրալիր առաջարկներ էին երևան գալիս Համայնքի շուրջը թափառող այլևայլ անհատներից՝ իմ անվան տակ դատ վարելու, արդյունքից այսինչ տոկոս ինձ վճարելու պայմանով, եթե միայն հանձն առնեի պրոկտրի պաշտոն ճարել նրանց համար։ Ես մերժում էի այդ առաջարկները, որովհետև առանց այն էլ Համայնքն անկոչ ու կեղծ միջնորդներով վխտում էր և հարկ չկար, որ ես էլ այդ կողմից նրա վիճակի ապականելուն նպաստեի։
Երբ անունս Տրեդլսի դռան վրա լույս տեսավ, աղջիկներն արդեն հեռացել էին, սրաչյա սպասավորն այնպես էր ձևանում, իբր թե լսած չկա Սոֆիի մասին, որը սակայն հետևի սենյակը քաշված՝ կարում կամ գործում էր, մեկ ներքևի ծխոտած պարտեզին մտիկ անելով, մեկ նրա միջի ջրհանին։ Բայց ես միշտ գտնում էի, որ նա զվարթ տանտիկին է և սիրում է երգել, երբ մանավանդ սանդուղքի կողմից մի եկվորի ձայն չէր լսվում։
Սկզբում զարմանում էի, որ Սոֆին հաճախ մի բան է գրում, որ ներս մտնելուս պես սեղանի մեջ էր թաքցնում։ Սակայն գաղտնիքը բացվեց։ Մի ձյունաբեր խոնավ օր Տրեդլսը, դատարանից տուն գալով, գրակալից մի թուղթ հանեց ու հարցրեց ինձ, թե ի՞նչ կասեմ ձեռագրի մասին։
― Ա՜յ, Թոմ, այդ ի՞նչ ես անում, ― գոչեց Սոֆին, որ մարդու հողաթափները վառարանի առջև տաքացնելու վրա էր։
― Ի՞նչ կա որ, սիրելիս, ― ասաց Թոմը ժպտալով։ ― Ի՞նչ կասես, Կոպպերֆիլդ։
― Հիանալի ձեռագիր է, վերին աստիճանի սիրուն ու պարզ։ Օրումս չեմ տեսել սրանից ավելի հաստատ ձեռք։
― Կնոջ ձեռքի նման հո չէ՞, ― ասաց Տրեդլսը։
― Կնո՞ջ, ― կրկնեցի ես։ ― Կմնա որ սագի թաթի ասեիր։
Տրեդլսը սրտանց ծիծաղեց և հայտնեց, թե թուղթը Սոֆիի գրածն է․ թե Սոֆին վճռել է իր մարդու մոտ գրագրի պաշտոն կատարել․ թե նա այդ ձեռագիրը մի ընտիր օրինակից յուրացրել է և թե մի ժամում էլ չեմ հիշում քանի մեծագիր թերթեր կարող է արտագրել։ Սոֆին շատ շփոթվեց, երբ մարդն այդ բաներն ինձ պատմեց, և ասաց, որ եթե «Թոմը» դատավոր անգամ դարձած լիներ, չէր շտապի այդ մասին այնպես արագ լուր տարածել, ինչպես որ շտապում է նրա ձեռագիրը հռչակել։ «Թոմը», սակայն, հերքեց այդ, ասելով թե համենայն դեպս, իր կնոջ ձեռագրով պիտի պարծենա։
― Ի՜նչ պատվական, շնորհալի կին է, սիրելի Տրեդլս, ― ասացի ես, երբ որ Սոֆին ծիծաղելով դուրս գնաց։
― Այո՛, Կոպպերֆիլդ, առանց բացառության աշխարհիս առաջին աղջիկն է, ― պատասխանեց Տրեդլսը։ ― Մեկ տեսնեիր՝ ինչպես է կառավարում այս տունը, ինչպես հմուտ է տնտեսության գործերին, որքան խնայող է, կարգապահ, որքան զվարթ է, Կոպպերֆիլդ։
― Արդարև իրավունք ունես նրան գովելու, ― ասացի ես։ ― Երջանիկ մարդ ես, ա՛յ տղա։ Հավաստի եմ, որ դուք իրար հետ աշխարհիս գերերջանիկ մարդիկն եք։
― Վստահ եմ, որ մենք իրոք երջանիկ ենք, ― հաստատեց ընկերս։ ― Պատիվս վկա, երբ տեսնում եմ, թե ինչպես լուսադեմին վեր է կենում, ամեն բան հավաքում, գրագիրների գալուց էլ առաջ վատ ու լավ եղանակին շուկա գնում, հասարակ մթերքներից անգամ համեղ ճաշեր պատրաստում, պուդինգներ ու գաթաներ շինում, ամեն բան մաքուր պահում, ինքն էլ երեկոները, որքան էլ երկար աշխատեմ, կոկիկ ու սիրուն կողքիս նստում և զվարթ դեմքով հոգի ու սիրտ ներշնչում ինձ․․․ Դժվարանում եմ հավատալ, Կոպպերֆիլդ, որ այդ բոլորը ինձ համար է։
Տրեդլսը պատրաստ էր մինչև անգամ կնոջ տաքացրած հողաթափներով ոգևորվել, երբ նրանք հագնելով, ոտքերը հաճությամբ վառարանի վանդակի վրա տարածեց։
― Իրավ որ անհավատալի է, ― կրկնեց Տրեդլսը։ ― Հապա մեր զվարճությունները։ Որքա՜ն էժան են, բայց և որքա՜ն ախորժելի։ Երբ երեկոները տանն ենք մնում, դուռը գոցում և այս վարագույրները, որ ինքն է շինել, ցած ենք թողնում․ որտե՞ղ կգտնես մեր բնից ավելի դուրեկան բույն։ Երբ երեկոյան, լավ եղանակին, զբոսնելու ենք դուրս գալիս, հազար տեսակ հաճույք ենք գտնում փողոցներում։ Մտիկ ենք նաում գոհարավաճառ խանութների պատուհանին, և ես ասում եմ Սոֆիին, թե ո՞ր ականակուռ ապարանջանը նրա համար կգնեի, եթե միջոց ունենայի․ իսկ Սոֆին ցույց է տալիս, թե ո՞ր ոսկե ժամացույցը շղթայով ու զարդերով ինձ կընծայեր, եթե միջոց ունենար։ Հետո ընտրում ենք, թե՞ որ արծաթե գդալները, դանակներն ու պատառաքաղները, կարագի ու մրգի սրիկները, շաքարի ունելիները կառնեինք, եթե մեր գրպանը հաստ լիներ, և հեռանում, ասես թե այդ բոլորն արդեն գնած լինեինք։ Երբեմն՝ մեծ փողոցներում ման գալիս՝ տեսնում ենք մի վարձու տուն և իրար ասում, թե վատ չի լինի վարձել այն, երբ որ ես դատավոր դառնամ, և իսկույն սենյակները բաժանում՝ որը մեզ համար կլինի, որը մեր քույրերի համար և այլն․ ապա այն վճռին գալիս, թե վարձելը կամ չվարձելը հանգամանքներից կախված կլինի։ Երբեմն էլ գնում նստում ենք թատրոնի էժան տեղերը, ուր օդը անգամ ինչ ասես արժի, և հոգեպես զվարճանում։ Բեմից հնչող ամեն մի խոսքին Սոֆին սրտանց հավատում է․ նույնպես էլ ես։ Վերադարձին կարկանդակ և կամ թե խեցգետին ենք առնում և տանը փառավոր ընթրիք անում, մեր տեսած բաների մասին զրուցելով։ Դե, հավատա, Կոպպերֆիլդ, որ եթե ես լորդ կանցլեր էլ լինեի, մեզ չէր հաջովի այս բոլորը անել։
― Ինչ էլ լինեիր, ազնիվ Տրեդլս, ― մտածում էի ես, ― սրտիդ միշտ սիրելի ու բարի բան կլիներ։ ― Այժմ հարկավ էլ կմախքներ չես նկարում, ― ասացի ես բարձրաձայն։
― Ի՞նչ ասեմ, Կոպպերֆիլդ, ― պատասխանեց նա ծիծաղելով ու կարմրելով, ― չէ ասել չեմ կարող։ Դեռ անցյալ օրը, մինչ գրիչը ձեռքիս նստած էի քրեական ատյանի դահլիճում, խելքիս փչեց մեկ փորձլ՝ դեռ որքա՞ն եմ հմուտ այդ արվեստին։ Եվ կարծեմ սեղանիս վրա մի կմախքի պատկեր մնաց․․․ կեղծամով։
Երկուսս էլ ծիծաղեցինք, և Տրեդլսը մր․ Կրիկլին հիշեց։
― Մեկ տեսնեիր, թե ինչպես է ծերացել, ― ասաց նա բարեհամբյուր ժպիտով։
― Մի նամակ եմ ստացել այդ սրիկայից, ― ասացի ես։
Ոչ մի ժամանակ այդ սրիկային ներելու այնքան դեմ չէի, որքան այժմ, երբ նրանից անվերջ ծեծված Տրեդլսը գրեթե պատրաստ էր գթալ նրան։
― Մր․ Կրիկլի՞ց, մեր տեսչի՞ց, ― գոչեց Տրեդլսը։ ― Դա ի՞նչ հրաշք է։
― Նա էլ այն անձերից մեկն է, ― ասացի ես, նամակներս քրքրելով, ― որոնք հռչակիս շնորհիվ դիմում են ինձ և այն գյուտը հաղորդում, թե ամեն ժամանակ անչափ սիրել են ինձ։ Կրիկլն այժմ տեսուչ չէ։ Նա վարժարանը թողել է և պաշտոնյա է դարձել Մեդիլսեքսում։
Կարծում էի, թե Տրեդլսը կզարմանա, բայց ամենևին չզարմացավ։
― Ի՞նչ ես կարծում՝ ի՞նչ հնարով է Միդլսեքսի պաշտոնյա դարձել, ― հարցրի ես։
― Ո՞վ գիտե, ― ասաց Տրեդլսը։ ― Գուցե մի քվե տված լինի մեկի օգտին, կամ թե մեկին փող պարտք տված, կամ թե մեկից մի բան գնած, կամ թե մեկին մի ուրիշ բանով պարտավորած և կամ թե մի գործ արած մեկի համար, որ մի ծանոթի միջնորդությամբ կարող էր կուսակալին խնդրել, որ նրան մի պաշտոն տան գավառական ատյանում։
― Համենայն դեպս, նա ատյանի անդամ է, ― նկատեցի ես։ ― Եվ ինձ գրում է, թե կփափագեր գործադրության մեջ ցույց տալ ինձ բանտային կարգապահության այն միակ ազդու եղանակը, այն անվրեպ եղանակը, որով կարելի է մի անկեղծ ու հարատև զղջանքի բերել կալանավորներին, և այդ եղանակը, ինչպես գիտես՝ առանձնակի արգելման դրություն է։ Ի՞նչ կասես։
― Այդ գրությա՞ն մասին, ― հարցրեց Տրեդլսը լրջորեն։
Ո՛չ, այլ թե արդյոք հրավերն ընդունե՞մ և քեզ էլ ինձ հետ այնտեղ տանեմ։
― Հակառակ չեմ, ― ասաց Տրեդլսը։
― Ուրեմն կգրեմ նրան։ Դու հո կհիշե՞ս, թե ինչպես այդ իսկ Կրիկլը իր որդուն տանից վռնդեց և ինչ կյանք էր վարել տալիս կնոջն ու աղջկան․ էլ չեմ ասում ինչպես էր տանջում բոլորիս։
― Շատ լավ, ― ասաց Տրեդլսը։
― Սակայն, եթե նրա գրությունը կարդաս, կտեսնես, որ աշխարհիս երեսին չարագործ չկա, ավազակ չկա, որին այդ մարդը չգթար, թեև նրա գութը կարծեմ ուրիշ արարածների վրա չի տարածվում։
Տրեդլսը ուսերը թոթվեց և ամենևին չզարմացավ։ Որոշեցինք, թե երբ գնանք և ըստ այնմ ես նամակ գրեցի մր․ Կրիկլին։
Որոշված օրը, և կարծեմ հենց հետևյալ առավոտյան, Տրեդլսը ու ես այն բանտը գնացինք, որ լիազոր մր․ Կրիկլի տեսչությանն էր հանձնված։ Բանտը մի ամրակուռ, վիթխարի տուն էր՝ ահագին ծախսով շինված։ Դրա դարբասին մոտենալիս մտածում էի, թե մեր երկրում ինչ աղմուկ կհանեին, եթե մի միամիտ մարդ հանդգներ ասել, թե ավելի լավ կլիներ, եթե այդ շենքի կես գնով մի արհեստագիտական ուսումնարան և կամ ծերերի պատսպարան հիմնեին։
Բաբելոնյան աշտարակի գետնահարկը լինելու արժանի ամրաշեն գրասենյակում մեզ ներկայացրին մեր նախկին մանկավարժին, որ երկու֊երեք արթուն օգնականներով և մի քանի նորեկ այցելուներով շրջապատված էր։ Նա չընդունեց ինձ իբրև մի մարդ, որ երբեմն միտքս կրթել էր և քնքուշ սիրով ինձ սիրել։ Տրեդլսին տեսնելով, մր․ Կրիկլն ավելի պակաս եռանդով ասաց, թե նրան էլ է կրթել, դաստիարակել և մտերիմ ընկերը եղել։ Արդեն բավական ծերացել էր մեր գերագահ տեսուչն և հարկավ չէր գեցեցկացել։ Դեմքը դարձյալ դաժան էր, իսկ փոքրիկ աչքերը ավելի էին խորն ընկել։ Գլխի առաջվա նոսր ու գորշ մազերից մի հետք անգամ չէր մնացել, և ճաղատ գանգի երակներն ավելի բարետեսիլ չէին դարձել։
Այդ ջենտլմենների բավական երկար խոսակցությունից հետո, ― որից պետք էր հետևություն անել, թե աշխարհիս երեսին ոչ մի բան այնքան լուրջ ուշադրության արժանի չէ, որքան կալանավորների գերագույն օգուտը, և թե բանտից դուրս՝ երկրիս վրա էլ հոգալու բան չկա, ― սկսեցինք շրջել ։ Ճաշի ժամն արդեն հասել էր, նախ մեծ խոհանոցը մտանք, որ յուրաքանչյուր կալանավորի բաժինը ջոկ֊ջոկ որոշվում էր, որպեսզի խցիկում տրվի նրան ժամացույցի ճշտությամբ։ Ես կամաց նկատեցի Տրեդլսին, թե արդյոք զարմանալի չէ՞ այդ առատ ու լավ կերակուրների տարբերությունը այն առօրյա սննդից, որ ստանում են՝ էլ չասենք մեր աղքատները, այլ զինվորները, նավաստիները, մշակները, մեր ազնիվ բանվորների մեծ մասը, որոնց հինգ հարյուրից հազիվ թե հինգ հոգի այդպիսի ընտիր ճաշ վայելեն։ Սակայն իմացա, որ «դրությունը» ամեն տարակույս փարատող է և ամեն կասկածի վերջ դնող․ մտածել անգամ չէի ուզում, թե կարող է լինել և մի ուրիշ դրություն կամ սիստեմ, որի մասին արժեր խոսել։
Երբ անցնում էինք հոյակապ նրբանցի միջով, ես կամեցա մր․ Կրիկլից ու նրա ընկերներից իմանալ, թե ո՞րն է հատկապես այդ գերազանց ու միակ դրության արժեքը, և լսեցի, թե արժեքն այն էր, որ կալանավոր անհատները բոլորովին անջատ են պահվում․․․ այնպես որ ոչ մեկը մյուսի մասին բան չիմանա և հետզհետե այն փրկարար վիճակին հասնի, ուր սրտի անկեղծ ապաշավն ու զղջումն է սկսվում։
Այդ բանն ինձ փոքր֊ինչ տարօրինակ թվաց, երբ որ սկսեցինք անհատներին իրենց խցերում աչքի անցկացնել, նրբանցքներում պտույտներ անել, խցերի լուսամուտներին նայելով, և իմացանք, թե ինչպե՞ս են անհատները մատուռ տարվում և այլն։ Անկարելի էր չենթադրել, որ նրանք իրար բավական լավ են ճանաչում և իրար հետ բանակցելու գրեթե ազատ միջոց ունեն։ Այդ հանգամանքը փոքր֊ինչ հետո կարծեմ լիովին հաստատվեց, բայց որովհետև մեր այցելության միջոցին անգամ մի թեթև կասկած հայտնելը հայհոյելուն հավասար կլիներ, ես լռեցի ու գոհացա զղջացողներին դիտելով։
Այնտեղ էլ մի մեծ տարակույս ծագեց մտքիս մեջ։ Զղջման տեսակները այնքան միակերպ թվացին ինձ, որքան զգեստավաճառի կրպակների բաճկոններն ու վարտիքներն են միակերպ։ Լսեցի անթիվ մեղայականներ, որոնք իրարից շատ սակավ էին զանազանվում և գրեթե միևնույն բառերով արտահայտվում, որ վերին աստիճանի կասկածելի երևույթ էր։ Տեսա բազմաթիվ աղվեսներ, որոնք պարսավելով պարսավում էին անմատչելի խաղողով լի այգիները, բայց և ոչ մի աղվես չտեսա, որին կարելի լիներ գեթ մի ողկույզ հավատալ։ Նկատելի էր մանավանդ, որ ամենից շատ խոստովանող անհատներն ամենից ավելի են ուշադրություն գրավում, և որ նրանց ինքանհաճ սնապարծությունը և մարդ խաբելու, շլացնելու կարիքը (որ ոմանց մեջ անչափ մեծ էր, ինչպես որ հենց իրենց պատմությունից էլ երևում էր), նրանց դրդում էր ավելի երկարաբան մեղաներ ասել ու մինչև անգամ հաճույք գտնել այդ բանում։
Սակայն մեր այցելության ժամանակ ես այնքան գովասանք լսեցի մի ինչ֊որ Քսանյոթ համարի մասին, որը վարչության ասելով մի օրինակելի կալանավոր էր, որ պետք համարեցի բանտի մասին մի վերջնական կարծիք չհայտնել, մինչև որ անձամբ այդ Քսանյոթ համարը չտեսնեմ։ Քսանյոթ համարն էլ, ասացին ինձ, մի պայծառ աստղ է բանտի մեջ, միայն թե դժբախտ այն բանից, որ Իր փայլը փոքր֊ինչ նվազ է Քսանութի արտասովոր շողերից։ Այն Քսանյոթ համարը, նրա բարեպաշտիկ հորդորակները և իր մորը գրած սքանչելի նամակները (որոնցով կարծես հրավիրում էր նրան կորստյան ճամփուց ետ կանգնել) այնքան գովեցին, որ ես արդեն նրան տեսնելու փափագ էի զգում։
Պետք եղավ սակայն, անհամբերությունս փոքր֊ինչ զսպել, որովհետև Քսանյոթ համարը պահված էր՝ մեր վրա վերջին ազդեցությունն անելու համար։ Վերջապես հասանք նրա խցի դռան, և մր․ Կրիկլը, մի փոքրիկ լուսամուտից ներս նայելուն պես, մեծ հիացումով մեզ հայտնեց, թե Քսանյոթ համարը սաղմոս է կարդում։
Նույն վայրկյանին վեց֊յոթ գլուխ միասին խցի լուսամուտը պաշարեցին՝ տեսնելու, թե ինչպե՞ս է Սաղմոս կարդում Քսանյոթ համարը, այնպես որ փոքրիկ ծակը բոլորովին փակվեց։ Այդ անհարմարության առաջն առնելու և մաքրափայլ Քսանյոթի հետ հեշտ խոսակցելու համար՝ մր․ Կրիկլը հրամայեց խցի դուռը բանալ և Քսանյոթին հրավիրել, որ դուրս գա։ Այդպես էլ արին, և որքան մեծ եղավ Տրեդլսի ու իմ զարմանքը, երբ տեսանք, որ այդ զղջացած, այդ փառավոր Քսանյոթ համարը ուրիշ մարդ չէ, բայց եթե ինքը Ուրիաս Հիպը։
Նա մեզ իսկույն ճանաչեց ու դուրս գալուն պես օրորվելով ասաց․
― Ինչպե՞ս եք, մր․ Կոպպերֆիլդ։ Բարով ձեզ, մր․ Տրեդլս։
Այդ ողջյունը բոլորին շվարեցրեց․ մարդիկ կարծես ապշեցին, որ Քսանյոթ համարը զիջանում է մեզ ուշադրություն շնորհելու։
― Դե, Քսանյոթ, ― ասաց մր․ Կրիկլը վշտագին հիացումով, ― ինչպե՞ս եք այսօր։
― Շատ խոնարհ, սըր, ― պատասխանեց Ուրիաս Հիպը։
― Դուք միշտ խոնարհ եք, Քսանյոթ, ― ասաց մր․ Կրիկլը։
Այդ միջոցին մի ուրիշ ջենտլմեն ջերմ հետաքրքրությամբ հարցրեց․
― Արդյոք հանգի՞ստ եք։
― Շնորհակալ եմ, սըր, հանգիստ եմ, ― պատասխանեց Ուրիաս Հիպը, ջենտլմենի կողմը նայելով։ ― Շատ ավելի հանգիստ եմ այստեղ, քան որևէ ուրիշ տեղ։ Ես այժմ եմ մոլորություններս տեսնում, սըր։ Եվ սա է, որ կացությունս այս բանտում հեշտացնում է։
Այցելուներից մի քանիսը շատ հուզվեցին, և երրորդ ջենտլմենը, մի քայլ առաջ անցնելով, կարեկցաբար հարցրեց․
― Ինչպե՞ս եք հավանում բիֆշտեքսը։
― Շնորհակալ եմ, սըր, ― ասաց Ուրիասը նոր ձայնի կողմը նայելով։ ― Երեկ բիֆշտեքսը իմ սիրածից ավելի կոշտ էր, սակայն իմ պարտքն է համբերել։ Մոլություններս անթիվ էին, պարոնայք, ― շարունակեց Ուրիասը, ժպտերես շուրջը նայելով, ― ուստի հետևանքն էլ անտրտունջ պիտի կրեմ։
Հանդիսականների մեջ մասամբ գոհության շշունջ լսվեց Քսանյոթի հոգու այդ երկնային վիճակի առթիվ, մասամբ էլ ցասման՝ անտեսի դեմ, որ գանգատի առիթ էր տվել Քսանյոթին (որ և մր․ Կրիկլն իսկույն ևեթ իր տետրում նշանակեց)։ Իսկ ինքը՝ Քսանյոթը այնպես էր կանգնած մեր առջև, որ կասեիր մի մեծարժեք թանգարանի ամենագլխավոր առարկան է։ Հրաման տրվեց, ― մեր տհաս միտքը միանգամայն լուսո հոսանքով շլացնելու համար, ― որ Քսանութ համարն էլ դուրս բերվի։
Ես արդեն այնքան ապշած էի, որ այլևս զարմանալու կարողություն չունեի, երբ մր․ Լիտտիմերը դուրս եկավ, մի հոգեշահ գիրք կարդալով։
― Քսանութ, ― ասաց մի ակնոցավոր ջենտլմեն, որ մինչև այժմ չէր խոսել, ― բարեկամ, անցյալ շաբաթ դուք գանգատավոր էիք կակաոյից։ Այժմ ինչպե՞ս է կակաոն։
― Շնորհակալ եմ, սըր, ― ասաց մր․ Լիտտիմերը, ― այժմ ավելի լավ է պատրաստվում։ Սակայն եթե համարձակություն տաք ասելու, կասեմ, որ կակաոյի կաթը շատ անարատ չէ։ Բայց ո՞վ չգիտի, սըր, որ Լոնդոնում կաթը խարդախում են և անխառը կաթ գտնելը դժվար է։
Ես նկատեցի, որ ակնոցավոր ջենտլմենը ուզում է իր Քսանութով պարծենալ մր․ Կրիկլի Քսանյոթի դեմ․ յուրաքանչյուրն ուզում էր իր մարդուն փայլեցնել։
― Ինչպե՞ս է ձեդ հոգու տրամադրությունը, Քսանութ, ― հարցրեց ակնոցավորը։
― Շնորհակալ եմ, սըր, ― պատասխանեց մր․ Լիտտիմերը։ ― Մոլություններս այժմ տեսնում եմ, սըր։ Սիրտս բացվում է, երբ հիշում եմ, նախկին ընկերներիս մեղքերը, սըր․ բայց հուսով եմ, որ թողություն կգտնեն։
― Ինքներդ, սակայն երջանի՞կ եք, ― հարցրեց միևնույն ջենտլմենը քաջալերիչ եղանակով։
― Լիովին, սըր, ― ասաց Լիտտիմերը։
― Չունե՞ք արդյոք մի որևէ ասելու բան, Քսանութ։ Եթե ունեք, ասացեք։
― Սըր, ― ասաց մր․ Լիտտիմերն առանց աչքերը բարձրացնելու, ― եթե աչքերս ինձ չեն խաբում, այստեղ ներկա է մի ջենտլմեն, որ մի ժամանակ ինձ ճանաչել է։ Գուցե այդ ջենտլմենին օգտակար լինի իմանալ, սըր, որ ես անցած հանցանքներս այն բանին եմ վերագրում, որ երիտասարդ պարոններին ծառայելիս շատ անմիտ կյանք էի վարել և նրանցից այնպիսի ախտերով վարակվել, որոնց չէի կարող դիմադրել։ Հուսով եմ, սըր, որ ջենտլմենն իմ ազդարարությունից կզգաստանա և համարձակությանս վրա չի նեղանա։ Խոսքերս իր օգտի համար են։ Հին մոլություններս քաջ գիտեմ ու հավաստի եմ, որ նա էլ այն չարություններն ու մեղքերը կապաշավի, որտեղ ինքը մասնակից էր։
Տեսա, որ պարոններից ոմնաք մի ձեռքով իրենց աչքերը ծածկեցին, ասես թե նոր մտան եկեղեցի։
― Այդ ձեզ պատիվ է բերում, Քսանութ, ― նկատեց հարցնողը։ ― Ես ուրիշ բան չէի էլ սպասում ձեզնից։
― Սըր, ― ասաց մր․ Լիտտիմերը, ոչ թե աչքերը, այլ միայն հոնքերը բարձրացնելով, ― ես ճանաչում էի մի նորատի կին, որ անառակության մեջ էր ընկել․ զուր փորձեցի փրկել նրան։ Այժմ խնդրում եմ ջենտլմենին, որ բարեհաճի, եթե հնար լինի, հայտնել այն ջահել կնկան, թե ես նրա վատ վարմունքը դեպի ինձ ներում եմ և հրավիրում, որ զղջա։
― Աներկբա եմ, Քսանութ, ― ասաց հարցնողը, ― որ ձեր ակնարկած ջենտլմենը․․․ ինչպես և մենք․․․ ձեր վայելուչ բացատրության իմաստը խորապես կզգանք։ Չենք ուզում այլևս նեղացնել ձեզ։
― Շնորհակալ եմ, սըր, ― ասաց մր․ Լիտտիմերը։ ― Պարոններ, մնաք բարով։ Հուսով եմ, որ բոլորդ էլ, թե՛ անձամբ, թե՛ ընտանիքով, կուզենաք մեղքերդ զգալ և քավել։
Ասաց ու հեռացավ Քսանութը՝ Ուրիասի վրա մի այնպիսի հայացք նետելով, որից կարելի էր պարզ տեսնել, թե նրանք իրար անծանոթ չեն և իրար հետ բանակցելու հնար գտել են։ Դուռը նրա հետևից փակվելուն պես հանդիսականների խմբի միջով մի ընդհանուր շշունջ անցավ, թե Քսանութ համարը մի շատ արգո անհատ է և գեղեցիկ օրինակ։
― Դե, Քսանյոթ, ― ասաց մր․ Կրիկլը, նորից դիմելով իր մարդուն, ― եթե մի որևէ կարիք ունեք, հայտնեցեք։
― Խոնարհաբար ձեզ կխնդրեի, սըր, ― ասաց Ուրիասը, իր անարգ գլուխը հակելով, ― որ դարձյալ ինձ թույլ տայիք նամակ գրել մայրիկիս։
― Անպատճառ թույլ կտրվի, ― ասաց մր․ Կրիկլը։
― Շնորհակալ եմ, սըր։ Անհանգիստ եմ մորս մասին։ Կարծում եմ, որ նրա գործն ապահով չէ։
Մեկն անզգուշաբար հարցրեց, թե ի՞նչ վտանգ է սպառնում մորը, սակայն իսկույն «Սո՛ւս, սո՛ւս» ձայներ լսվեցին։
― Ապահով չէ նրա հանդերձյալ փրկությունը, սըր, ― ասաց Ուրիասը, դեպի հարցական ձայնը կծկվելով։ ― Կցանկանայի, որ մայրս էլ իմ հոգեկան վիճակը վայելեր։ Ես երբեք այս վիճակին չէի հասնի, եթե այս բանտը չբերվեի։ Եվ անշուշտ ամեն մարդու համար լավ կլիներ, եթե բռնվեր և այստեղ բերվեր։
Այս վճիռը պարոններին շատ դուր եկավ, իբր թե մինչև այժմ մի ախորժելի բան իրենց օրում չէին լսել։
― Այս բանտը բերվելուցս առաջ, ― ասաց Ուրիասը, մեր վրա այնպես նայելով, որ կասեիր, թե պատրաստ է, եթե միայն ձեռքից գա, ամբողջ աշխարհը, որին մենք պատկանում էինք՝ կործանել, ― ես մոլորություններով շաղախված էի, բայց այժմ ճանաչել եմ նրան։ Դրսի աշխարհը մեղքերով լի է։ Մայրս էլ բավական մեղքեր ոնի։ Մեղքը տիրում է ամենուրեք, բացի միայն այստեղից։
― Ուրեմն լիովին փոխվե՞լ եք, ― ասաց մր․ Կրիկլը։
― Օ՜հ, այո՛, սըր, փոխվել, ― գոչեց ապաշով հանցավորը։
― Նորից մեղքի մեջ չե՞ք ընկնի, եթե արձակվեք, ― հարցրեց մեկը։
― Հարկավ ոչ, սըր։
― Լավ ուրեմն, ― ասաց մր․ Կրիկլը։ ― Այս բոլորը շատ գոհացուցիչ է ու հաճելի։ Դուք, Քսանյոթ, դիմել էիք մր․ Կոպպերֆիլդին։ Կցանկանա՞ք արդյոք այլևս մի բան հարցնել նրան։
― Դուք ինձ ճանաչել եք շատ առաջ, քան իմ այստեղ գալն ու փոխվելը, մր․ Կոպպերֆիլդ, ― ասաց Ուրիասը, չարաչար վրաս նայելով։ ― Ճանաչել եք ինձ, երբ չնայելով մոլություններիս, ես հպարտների հետ խոնարհ էի, իսկ գոռոզների հետ՝ հեզաբարո։ Դուք ինձ հետ խրոխտ էիք վարվում, մր․ Կոպպերֆիլդ։ Մի օր ինձ ապտակ տվիք, հիշո՞ւմ եք։
Ընդհանուր ցավակցություն։ Մի քանի զայրագին հայացք դեպի ինձ։
― Սակայն ներում եմ ձեզ, մր․ Կոպպերֆիլդ, ― շարունակեց Ուրիասը, իր անհիշաչար բնությունը մի այնպիսի հայհոյական ու անբարիշտ համեմատության նյութ անելով, որ չեմ կարող երկրորդել։ ― Ես ամենքին ներում եմ։ Որևէ մեկի դեմ ոխ զգալն ինձ անվայել կլիներ։ Ձեզ էլ հոժար սրտով ներում եմ և հուսով եմ, որ ապագայում ձեր կրքերը կսանձեք։ Հուսով եմ, նույնպես, որ թե՛ մր․ Ո֊ն, թե՛ միո Ո֊ն և թե՛ այդ բոլոր մեղսաթաթավ ամբոխը մի օր, անշուշտ, կապաշխարհի։ Ձեզ մի ծանր վիշտ է հասել, և դա հարկավ ձեզ համար անօգուտ չի անցնի․ սակայն լավ կանեիք, եթե այս բանտն ընկնեիք։ Մր․ Ո֊ն էլ լավ կաներ, եթե այս բանտն ընկներ, նմանապես և միս Ո֊ն։ Չեմ կարող ձեզ մի ավելի լավ բան մաղթել, մր․ Կոպպերֆիլդ, և ձեզ բոլորիդ, պարոնայք, բայց եթե այս, որ բոլորդ էլ բռնվեք, բոլորդ էլ այստեղ բերվեք։ Անցյալ մեղքերս հիշելով և հոգուս այժմյան վիճակը տեսնելով, հավաստի եմ, որ ձեզ համար դրանից ավելի փրկարար բան չէր լինի։ Վա՜յ նրանց, որոնք այս բանտը չեն բերված։
Ուրիասն իր խուցը սողաց, և նրա հետևից գովասանքներ թնդացին։ Տրեդլսն ու ես մեծ թեթևություն զգացինք, երբ դուռը փակեցին։
Այդ ամբողջ «մեղայի» բնորոշ հատկությունը նկատելով, քիչ էր մնում հարցնեի, թե հատկապես այդ երկուսը ի՞նչ են արել, որ արժանի են դատվել բանտարկության։ Պարոնները հարկավ փափագ չէին զգա պատասխանելու այն հարցին։ Դիմեցի երկու պահապան սպասավորներին, որոնց երեսից երևում էր, որ ամբողջ խաղի արժեքը նրանց լավ հայտնի է։
― Արդյոք չգիտե՞ք, ― հարցրի մեկին, երբ անցնում էինք նրբանցքով, ― թե ի՞նչ էր Քսանյոթի վերջին ոճիրը, որ նա «մոլություն» է անվանում։
Պատասխանն այս եղավ, թե դա մի բանկային դեպք էր։
― Մի խարդավա՞նք անգլիական բանկի դեմ, ― հարցրի ես։
― Այո, սըր։ Խարդավանք, դավ ու նենգություն։ Նա մենակ չէր, բայց ինքն էր խմբի առաջնորդը։ Դավադրության նպատակն էր մի ահագին գումար թռցնել․ դատավճիռն է՝ ցմահ աքսոր։ Ամենից ճարպիկը խմբի մեջ Քսանյոթն էր․ քիչ էր մնում մաքուր դուրս գար․ բայց հաջողություն չունեցավ։ Վերջապես բանկը նրա պոչից բռնեց։
― Իսկ Քսանութի հանցանքն ի՞նչ էր։
― Քսանութը, ― կամացուկ ասաց պահապանը, շարունակելով ետ նայել, որպեսզի Կրիկլն ու մյուսները իր անպատկառ խոսքերն այդ անբիծ զոհերի մասին չլսեն, ― նմանապես դատապարտված է աքսորի։ Նա մտել էր մի երիտասարդ պարոնի մոտ ծառայելու և այդ պարոնի ճանապարհ ընկնելու նախօրեին երկու հարյուր հիսուն ստեռլինգ գողացել նրանից։ Այդ դեպքը լավ եմ հիշում, որովհետև գողին բռնողը մի թզուկ էր։
― Թզո՞ւկ։
― Մի գաճաճ կին։ Անունը մոռացել եմ։
― Մաուչր չէ՞ր։
― Իսկ և իսկ։ Հետամուտ ոստիկանների որոնումից Քսանութն արդեն պրծել և մի սպիտակ կեղծամ ու շինծու մորուք հագնելով, այնպես, որ սատանան էլ նրան չէր ճանաչի, պատրաստվել էր Ամերիկա փախչել․ բայց Սաութ֊հեմփտնի ծովափին այն փոքրիկ կինը նրան տեսնում է, իր սուր աչքերով մի վայրկյանում նրան ճանաչում, իսկույն ոտքերի տակ ընկնում, որ վայր ձգի․․․ և սրունքին կպած մնում մահվան պես։
― Ապրի պատվական միս Մաուչրը, ― գոչեցի ես։
― Այո՛, անպատճառ այդպես կասեիք, եթե դատաստանի ժամանակ ինձ նման տեսնեիք նրան վկաների բաժնում՝ մի աթոռի վրա կանգնած։ Քսանութը գետնին ընկնելիս բռունցքով ջարդել էր նրա երեսը, չարաչար ծեծել էր խեղճին, բայց թզուկը չէր ուզեցել պոկ գալ նրանից, մինչև որ նրան չձերբակալեն։ Եվ թզուկն այնպես ամուր է կպած լինում նրա մարմնին, որ ստիպվում են երկուսին էլ միասին վերցնել։ Նրա ցուցմունքն այնքան զվարճալի էր, այնքան պարզ էր, որ ատյանը նրան շնորհակալություն հայտնեց, և ժողովուրդը հանդիսաբար տուն տարավ։ Թզուկն ասաց դատավորի առջև, որ գիտենալով այդ սրիկայի ինչ պտուղ լինելը, նա՝ թզուկը, եթե մի ձեռք անգամ ունենար, իսկ սրիկան Սամսոնի ուժ, դարձյալ նրան կբռներ։ Ես կարծում եմ, որ իրոք այդպես կաներ։
Ես էլ այդպես կարծեցի, և սկսեցի ավելի հարգել միս Մաուչրին։
Ինչ որ արժանի էր բանտում տեսնել, արդեն տեսանք։ Զուր կլիներ մր․ Կրիկլի պես մի պաշտելի մարդու առջև բացատրել, թե Քսանյոթն ու Քսանութը մի մազի չափ չեն փոխվել, այլ դարձյալ նույնն են, ինչ որ էին, այսինքն՝ այդպիսի տեղում հրապարակավ մեղա ասելու ընդունակությամբ հատուկ օժտված կեղծավոր ու նենգ սրիկաներ, որոնք, եթե աքսորվեն էլ կամ արձակվեն, դարձյալ պիտի շարունակեն կեղծել ու խաբել, ― մի խոսքով՝ թե այդ բոլորը մի ուրիշ բան չէ, բայց միայն անշահ, դատարկ ու փտած գործ։ Մենք թողինք այդ «դրությունն» ու դրա արբանյակներին և դժգոհ սրտով վերադարձանք դեպի տուն։
― Գուցե և լավ է, Տրեդլս, այդ բոլորը, ― ասացի ես։ ― Քանի շատ առաջ քշեն մի անպետք ձի, այնքան նա շուտ կսատկի։
― Անտարակույս, ― ասաց Տրեդլսը։