Changes
/* Գլուխ ինը․ «Սիգարշավող Պոնի» */
===Գլուխ ինը․ «Սիգարշավող Պոնի»===
Արդեն մթնել էր ու երկնքում հայտնվել էին աստղերը, երբ Ֆրոդոն ու նրա ուղեկիցներն անցան մամռոտ ճամփաբաժանը և դեմ առան փակ Արևմտյան Դարպասին:Ի դեպ, Դարպասի հետևում պահակախուց կար և պահակախղում մարդ կար նստած: Նա զարմացած վեր թռավ ու լապտերը ձեռքին շտապեց դիմավորելու: — Ո՞վ եք, որտեղի՞ց եք գալիս,— անբարեհամբույր հարցրեց նա: — Ուզում ենք օթևանել ձեր պանդոկում,— պատասխանեց Ֆրոդոն: — Գնում ենք արևելք, իսկ առայժմ այստեղ ենք եկել: — Հոբիթնե՜ր: Այն էլ չորս հոբիթ... Ձեր խոսելուց երևում է, որ բուն Հոբիթստանից եք, ա՛յ քեզ բան,— քրթմնջաց դռնապանը: Հետո նա անշտապ բաց արեց դարպասը և ներս թողեց ճամփորդներին: — Մեզ մոտ հազվադեպ են գիշերը հյուր գալիս Հոբիթստանից,— շարունակեց նա, երբ ճամփորդները ներս մտան դարպասից: — Իսկ, ներեցեք, ձեր ինչի՞ն է պետք գնալ արևելք, և դեռ Լեռնամոտից էլ այն կողմ: Ու ինչպե՞ս կհրամայեք ձեզ մեծարել, հետաքրքրասիրություն չհամարեք... — Թե մեզ ոնց են մեծարում և թե ի՞նչ գործ ունենք՝ հիմա այստեղ այդ մասին խոսելու տեղը չէ,— կտրեց Ֆրոդոն: Նրան դուր չեկավ չափազանց հետաքրքրասեր դռնապանը: — Չէ որ ինձնից հարցնելու են, թե ում եմ ներս թողել գիշերով,— սկսեց արդարանալ վերջինս: — Մենք Բրենդիդուիմքի հոբիթներ ենք, ամեն մեկս իր գործն ունի, դե ահա հասել ենք այստեղ,— ասաց Մերին: — Ես, օրինակ, Բրենդիզայքն եմ: Էլ ինչ ասեմ: Իսկ մեզ ասել են, որ Լեռնամոտցիները միշտ ուրախ են հյուր ընդունելու համար: — Այո, ուրախ ենք, ոնց չէ, ինչի ուրախ չենք որ,— հավատացրեց նրանց դռնապանը: — Ես դեռ ոչ մի էնպես բան չեմ ասել, իսկ դուք սպասեք, թե ձեզ ո՜նց հարցախեղդ կանեն: Էլ ո՜նց կլիներ, ծեր Գորրին հետեքրքրվեց մի քիչ... Ով ասես հիմա չի գալիս մեզ մոտ: Կմտնեք «Պոնի», ինքներդ կզարմանաք: Դռնապանը բարի գիշեր մաղթեց, նրանք գլխով արեցին և անցան, սակայն Ֆրոդոն նկատեց, որ նա բարձրացրեց լապտերն ու նայեց իրենց հետևից: Դարպասի դռները ճռռացին. թեպետ լավ է՝ փակում են: Ինչու՞ է դռնապանը այդքան հետաքրքրվում հոբիթստանցի հոբիթներով: Գուցե Գանդալֆն է իրենց մասին հարցրել: Շատ պարզ է. իրենք եկել են անտառով ու գերեզմանոցներով, իսկ նա արդեն այստեղ է... Միևնույնն է, ինչ-որ կասկածելի էր նայում դռնապանն ու տհաճ էր խոսում: Իսկ դռնապանը հոբիթների հետևից նայեց-նայեց ու գնաց իր պահակախուցը: Բայց հազիվ էր մեջքով շրջվել դեպի դարպասը, երբ ինչ-որ մարդ անցավ դարպասն ու իսկույն անհետացավ փողոցի մթության մեջ: Հոբիթները գնում էին փողոցով ու զարմանքով նայում անսովոր մեծ տներին: Երբ Սամը տեսավ երեքհարկանի, բազմաթիվ պատուհաններով պանդոկը, նրա սիրտը նույնիսկ մարեց. ծառերից բարձր հսկաներ ու այլ հրաշքներ՝ լսել էինք, իսկ այստեղ չորսկողմը մարդ հսկաներ են ու վիթխարի տներ՝ ազնիվ խոսք, բավական է, այսօր էլ չեմ դիմանում: Գուցե սև թամբած ձիերը կանգնա՞ծ են պանդոկի բակում, իսկ Սև Հեծյալները պատուհաններից նայում են մոտեցողների՞ն: — Մի՞թե, տեր իմ, հենց այստեղ էլ կանգ կառնենք,— հարցրեց նա Ֆրոդոյին: — Լավ կլիներ հարձուփորձ անեինք, գուցե մի ուրիշ բան կլինի մեզ՝ հոբիթներիս հարմար: — Իսկ պանդոկն ինչո՞վ դուրդ չի գալիս,— արձագանքեց Ֆրոդոն: —Թոմ Բոմբանդիլն էլ մեզ ասաց, որ այստեղ գանք: Համբերիր, թերևս ներսն ավելի հարմարավետ է: Պանդոկը, ուշադիր նայելիս, կանգնած էր Ուղուն շատ մոտիկ, երկու թևը հենվում էին բլրի լանջին, այնպես որ երկրորդ հարկի պատուհանները պետք է որ գետնի հետ հավասար լինեին: Լայն դարպասը տանում էր բակ. մուտքը ձախից էր, վեց լայն աստիճանների վերևում: Դուռև զարդարում էր հպարտ ցուցանակը. «ՍԻԳԱՐՇԱՎՈՂ ՊՈՆԻ: ՏԵՐՆ Է ԼԱՎՐ ՆԱՐԿԻՍԸ» Առաջին հարկի պատուհանների հաստ վարագույրների հետևից աղոտ լույս էր թափանցում: Նրանք բակում թողեցին պոնիներին, առանց թամբերը հանելու, և աստիճաններով բարձրացան: Ֆրոդոն առաջինը մտավ ներս և քիչ էր մնում ընդհարվեր ճաղատ, կարմիր դեպքով ու սպիտակ գոգնոցով մի գիրուկ մարդու հետ: Նա գարեջրի փրփրագլուխ գավաթներով սկուտեղը պահած՝ հանդիպակած ուղղությամբ մի դռնից մյուսն էր վազում: — Ձոզ մոտ կարելի՞ է... — սկսեց Ֆրոդոն: — Էս վայրկյանիս, էս վայրկյանիս... — գոռաց նա ուսի վրայից և սուզվեց ծխաղոտի ծխի ու ձայների ժխորի մեջ: Իսկապես Ֆրոդոն չհասցրեց ուշքի գալ, երբ նա նորից կանգնած էր իր դիմաց: — Բարի երեկո, փոքրիկ տեր իմ,— ասաց նա: — Ի՞նչ եք կամենում: — Չորս անկողին և մարագ հինգ պոնիի համար: Իսկ դուք պարոն Նարկի՞սն եք: — Հենց ինքը,— ուրախացավ գիրուկը: — Իսկ անունս է Լավր: Լավր Նարկիսն ինչո՞վ կարող է ծառայել: Հոբիթստանի՞ց եք,— հարցրեց նա և հանկարծ ձեռքի ափով խփեց ճակատին, ասես ինչ-որ բան հիշելով: — Հոբիթնե՜ր... — բացականչեց նա: — Ախ, այո, ախր հոբիթներ... Ձեր անունիկը շնորհ արեք: — Պարոն Ճագարակ, պարոն Բրենդիզայք,— ճամփորդներին ներկայացրեց Ֆրոդոն: — Իսկ սա Սամ Համեստուկն է: Անձամբ ես՝ Զառիթափցի: — Ինչ կարող եմ անել, հը՞,— բացականչեց Լավր Նարկիսը, մատները ճտճտացնելով: