Changes
/* Գլուխ իններորդ. Փլատակներ */
=== Գլուխ իններորդ. Փլատակներ ===
Գենդալֆն ու Թագավորը թիկնապահների հետ գնացին շրջանցելու Իզենգարդի ավերակները: Ջիմլին, Արագորնը և Լեգոլասը մնացին հոբիթների հետ: Խասուֆելին ու Արոդին թողեցին արածելու, իսկ իրենք նստեցին քարերի վրա՝ հոբիթների կողքին: –Դե ինչ, հետապնդումը վերջացավ, աղավնյակներս, և մենք կրկին հանդիպեցինք, բայց թե ինչպես եք դուք այստեղ հայտնվել, ինձ համար անհայտ է: –Այո,– շարունակեց Լեգոլասը,– մինչդեռ աշխարհի մեծամեծները քննարկում են մեծ գործերը, վատ չէր լինի, որ մենք՝ որսորդներս, ստանայինք մեզ հուզող հարցերի պատասխանը: Մենք ձեր հետքով մինչև Ֆենգորնի անտառ վազել ենք, բայց բաներ կան, որ մինչև հիմա մեզ համար հանելուկ են, և մենք կուզենայինք իմանալ, թե ինչ է եղել իրականում: –Մեզ էլ չէր խանգարի որոշ հարցեր ճշտել,– ասաց Մերին: –Ճիշտ է Ծառմորուսը որոշ բաներ մեզ պատմել է, բայց դա բավական չէ: Հիմա ձեր հերթն է: –Մեր հե՞րթն է,– վրդովվեց Լեգոլասը: –Ո՞վ էր ում հետապնդում: Մենք ձե՛զ: այնպես որ դու՛ք էլ սկսեք առաջինը պատմել: –Առաջինը, բայց հետո,– առարկեց Ջիմլին: –Ուտելուց հետո պատմությունն ավելի լավ կընթանա: Գլուխս ցավում է սովից, դե, իսկ արևն էլ արդեն թեքվել է արևմուտք: Դուք կարող եք քավել ձեր մեղքը, անբաննե՛ր: Դե, ո՞ւր է ձեր ավարը: Գլու՛խ էիք գովում: Հյուրասիրությունը ձեր պարտքի մի մասը կհատուցի: –Հիմա մենք քեզ կառույգացնենք,– խոստացավ Փինը: –Ուզում եք այստե՞ղ ճաշել, թե հարմարավետության համար՝ Սարումանի նախկին պահակատանը, ա՜յ այնտեղ, կամարի տակ: Մենք ստիպված եղանք այստեղ ճաշել, որովհետև այլ ընտրություն չունեիք՝ պետք է դիմավորեինք ձեզ: Դե մենք էլ աչքներս չորս արած սպասում էինք, որ հանկարծ բաց չթողնենք... –Հմ, ոչ թե աչքներդ չորս արած, այլ կես, քնկոտնե՛ր,– ուղղեց Ջիմլին: –Ինչ մնում է այդ օրքերի որջին, ես այնտեղ գնալ չեմ ցանկանում: Եվ նրանց ուտելիքի մնացորդներին էլ ձեռք չեմ տա: –Քեզ ոչ ոք չի խնդրում ձեռք տալ օրքերի ուտելիքին,– ծիծաղեց Մերին: Օրքերի ուտելիքից՝ շնորհակակալությու՛ն, մենք էլ ենք կուշտ, և մինչև կյանքներիս վերջը էլ չենք ցանկանա: Բայց Իզենգարդում, բացի օրքերից, այլ ժողովուրդներ էլ են բնակվել: Հասկանում ես, Սարումանի խելքը հերիքել է չվստահել օրքերին: Դարպասի հսկողությունը նա միայն մարդկանց էր վստահում, և ըստ երևույթին ամենահավատարիմ մարդկանց: Համենայն դեպս Սարումանը բարեհաճ էր նրանց հանդեպ և նրանց լավ կերակրում էր: –Եվ ծխելու խո՞տ էլ էր տալիս, հա՞,– հարցրեց Ջիմլին: –Չէ, էդ մեկը դժվար թե,– ծիծաղեց Մերին: Բայց դա ուրիշ պատմություն է: Այդ մասին՝ ուտելուց հետո: –Դեh, համոզեցիք, գնացինք ճաշելու,– տեղից վեր կացավ թզուկը: Երեքն էլ հոբիթների հետևից անցան կամարի տակով , թեքվեցին ձախ և, բարձրանալով անվնաս մնացած աստիճաններով, մտան պահակատուն: Դռների մյուս կողմում լայն, հարմարավետ սենյակ հայտնաբերվեց, որի հակառակ պատին ևս երկու՝ ավելի փոքր, դռներ կային, իսկ կողքի պատին՝ բուխարի: Ժայռափոր սենյակի լուսամուտները բացվում էին դեպի թունել, և ըստ երևույթին մի ժամանակ այստեղ մթություն էր տիրում, բայց հիմա փլուզված տանիքից պայծառ լույս էր ներս թափանցում: Բուխարու մեջ կրակ էր բոցկլտում: –Ես եմ վառել,– ասաց Փինը: –Որոշեցի որ կրակը չէր խանգարի, մանավանդ որ դրսում մառախուղ է: Միայն թե մեր գտած վառելիքն այնքան էլ շատ չի, և փայտն էլ թաց է: Ինքներդ եք հասկանում, չոր ոչինչ չես գտնի այստեղ: Շնորհակալություն՝ ծխնելույզը լավ է քաշում, խողովակը բարձր է, ըստ երևույթին դուրս է գալիս ինչ որ տեղ սարերում: Մի խոսքով, կրակը՝ ինչպես տեսնում եք, վառվում է: Հիմա ձեզ համար կարմրահաց կպատրաստեմ: Հացը, ցավոք սրտի, երեք-չորս օրվա է և արդեն չորացել է: Արագորնը, Լեգոլասը և Ջիմլին տեղավորվեցին երկար սեղանի մոտ, իսկ հոբիթները չքացան ներսի դռներից մեկի հետևում: –Այնտեղ նրանց մթերանոցն էր,– բացատրեց Փինը, երբ նրանք վերադարձան, բեռնված ամաններով, գավաթներով, դանակներով և սննդի այլ պարագաներով: –Բարեբախտաբար ջուրն այնտեղ չի հասել: –Կարող ես քիթդ չցցել, պարոն Ջիմլի,– Մերին ուրախ թփթփացրեց թզուկի ուսին: –Սա քեզ համար օրքի լափ չէ, այլ ամենաիսկական մարդա–սնունդ, ինչպես կասեր Ծառմորուսը: Ի՞նչ կխմեք՝ գինի՞, թե՞ գարեջուր: Այստեղ գարեջրի տակառիկ կա՝ և պետք է ասեմ վատ գարեջուր չի: Իսկ սա բարձր որակի աղ դրած խոզի միս է: Տապակած բեկոն կցանկանաի՞ք համտեսել: Ափսոս միայն, համեմունքներ չունենք, վերջին օրերին սննդի առաքումը գրեթե ընդհատվել է: Բացի մսեղենից կարող եմ առաջարկել միայն հաց, կարագ և մեղր: Գո՞հ եք: –Այ թե հոբիթներ եմ ասել,– ծիծաղեց Ջիմլին,– համարեք, որ ձեր պարտքը կտրականապես նվազեց: Շուտով երեքն էլ զբաղված էին ուտելով: Հոբիթները, որքան էլ տարօրինակ թվա, նստեցին նրանց կողքին և հետևեցին նրանց օրինակին: –Ուզես, թե չուզես, պետք է ընկերակցել հյուրերին,– հոգոց հանեցին նրանք: –Ա՜Խ, այս ինչ հյուրընկալ տանտերեր են,– ծիծաղեց Լեգոլասը: –Սակայն ես կասկածում եմ, որ եթե մենք չլինեինք, դուք ինքներդ ձեզ էլ վատ չէիք ընկերակցի, հետո ինչ, որ նոր եք ճաշել: –Հա, իսկ ինչի՞ չէ որ,– համեստորեն պատասխանեց Փինը: –Օրքերը քիչ էր մնում մեզ սովից սպանեին, դե, մինչ էդ էլ, պետք է ասեմ, առատ չէինք սնվում: Վաղուցվանից ուզածերիս պես չենք սնվել: –Սովածացել են խեղճերը... Բայց ձեր վրայից չի երևում, որ սոված եք մնացել,– նկատեց Արագորնը: –Տեսքից ծաղկում եք: