Changes
/* ԼԵՌԱՆ ՄԻՋՈՎ ԵՎ ԼԵՌԱՆ ԸՆԴԵՐՔՈՒՄ */
Քարանձավների խարդախությունն էլ հենց այն է, որ երբեք չգիտես՝ անձավը հեռո՞ւ է տարածվում, որտե՞ղ դուրս կբերի և ձեզ համար ինչ կա ներսում թաքնված։ Ֆիլիի ու Կիլիի տեղեկությունները լրիվ գոհացուցիչ թվացին։ Քամին առաջվա պես կաղկանձում էր, ամպրոպը որոտում, և նրանցից մեծ ջանքեր էին պահանջվում պոնիների հետ միասին մինչև քարանձավ հասնելու համար։ Լավ էր, որ այն իսկապես էլ հեռու չէր․ նրանք շուտով դեմ առան մի ժայռի, որ ցցված էր արահետի վրա, և, ժայռը շրջանցելով, պատի մեջ մի ցածրիկ մուտք հայտնաբերեցին։ Պոնիները առանց թամբերի ու բեռների սեղմվելով՝ այդ անցքից ներս մտան։ Հաճելի էր լսել, թե դրսում ինչպես են մոլեգնում քամին ու անձրևը, և իրեն ապահով զգալ հսկաներից ու նրանց քարե գնդակներից։ Բայց կախարդը ոչ մի դեպքում չէր ցանկանում ռիսկի դիմել։ Նա վառեց իր ցուպը, ինչպես արել էր մի ժամանակ (շատ վաղուց) Բիլբոյի ճաշասենյակում, և նրանք լայքնով ու երկայնքով հետազոտեցին անձավը։
Քարանձավը պատկառելի չափսեր ուներ, բայց ոչ չափազանց մեծ և ոչ շատ խորհրդավոր։ Չոր հատակ, հարմարավետ անկյուններ։ Օյնն ու Գլոյնը ուզում էին շեմքին խարույկ վառել, որպեսզի իրերը չորացնեն, բայց Հենդալֆը խստորեն արգելեց։ Այն ժամանակ բոլորը թաց հագուստները փռեցին ուղիղ հատակին, հակերից հանեցին չորերը, փաթաթվեցին վերմակների մեջ, հանեցին ծխամորճերն ու սկսեցին քուլաներ բաց թողնել։ Հենդալֆը, որպեսզի բարեկամներին հաճույք պատճառի, օղակները ներկում էր գույնզգույն և ստիպում նրանց պարել կամարների տակ։ Ճանապարհորդները շատախոսեցին ու բոլորովին մոռացան ամպրոպի մասին։ Նրանք քննարկում էին, թե յուրաքանչյուրն ինչ է անելու իր բաժին ոսկին (առայժմ դա նրանց անմատչելի չէր թվում)։ Հետո մեկը մյուսի ետևից քնեցին։
Ինչպես այդ գիշերը ցույց տվեց, նրանք լավ արեցին, որ Բիլբոյին վերցրին իրենց հետ։ Երկար ժամանակ նրա քունը չէր տանում, իսկ երբ վերջապես քնեց, սարսափելի երազներ տեսավ։ Երազում տեսավ, իբր քարանձավի ետին պատի ճեղքը մեծանում է, գնալով ավելի ու ավելի լայնանում․ նա սարսափեց, բայց չէր կարող ճչալ, չէր կարող շարժվել, այլ պարզապես պառկել ու նայում էր։ Հետո նա երազում տեսավ իբր թե քարանձավի հատակը թեքվում է, և ինքն ընկնում է, գլորվում հայտնի չէ թե ուր․․․
Նա ուժգին ցնցվեց ու արթնացավ և տեղնուտեղը հասկացավ, որ տեսածները բոլորովին էլ երազ չէին։ Քարանձավի վերջում ճեղքն իսկապես լայնացավ և դարձավ մի լայն միջանքց, ճեղքում աղոտ երևաց վերջին պոնիի պոչն ու անհետացավ։ Եվ այստեղ հոբիտն այնպիսի վայնասուն բարձրացրեց, այնքան բարձր ու սուր, ինչպես կարող են գոռալ միայն հոբիտները, չնայած իրենց կարճ հասակին։ Եվ այդ ժամանակ մի ակնթարթում, որ դուք չէիք հասցնի ասել «ախ, վախ», ճեղքից դուրս թափվեցին գոբլինները, հսկա ու աժդահա, տգեղ ու այլանդակ գոբլինների անհամար ամբոխներ։ Ամեն թզուկին նրանցից վեց հոգի էր ընկնում, նույնիսկ Բիլբոյին բաժին հասավ երկուսը։ Նրանք հափռեցին մեր ճանապարհորդներին ու քաշեցին ճեղքից ներս այնքան արագ, որ դուք չէիք հասցնի շշնջալ «փորձանքն ընկանք»։ Բայց նրանք չհասցրին Հենդալֆին հափշտակել։ Եվ դրա պառճառը Բիլբոյի գոռոցն էր։ Կախարդն արթնացավ մի ակնթարթում, ասես չէր էլ քնել, և երբ գոբլինները մոտեցան նրան, քարանձավում կուրացուցիչ լույս փայլատակեց, վառոդի հոտ եկավ, և մի քանի գոբլին տեղնուտեղն ընկան սպանված։ Ճեղքը շրխկոցով փակվեց, և Բիլբոն ու թզուկները հայտնվեցին մյուս կողմում։ Ո՞ւր կորավ Հենդալֆը։ Չգիտեին ո՛չ նրանք, ո՛չ էլ գոբլինները, դե գոբլիններն իսկի դրանով չհետաքրքրվեցին էլ։ Նրանք շարունակում էին քարշ տալ Բիլբոյին ու թզուկներին։ Շուրջը մութ էր, թանձր խավար, այդպիսի մթության մեջ միայն գոբլինները կարող են տեսնել, որովհետև նրանք սովոր են լեռների խորքում ապրել։ Բոլոր կողմերով անցուղիներ էին գնում՝ իրար հատելով, իրար խառնվելով, բայց գոբլինները հարկ եղած ճանապարհն այնքան լավ գիտեին, որքան դուք մոտակա փոստի ճանապարհը գիտեք։ Կածանն իջնում ու իջնում էր և ներքևում անտանելի խեղդոց էր։ Գոբլիններն իրենց շատ կոպիտ էին պահում, անգթորեն կսմթում էին գերիներին և հռհռում սարսափելի, փյատե ծիծաղով։
Վերջապես առջևում կարմիր լույս առկայծեց, և գոբլինները երգեցին, խռպոտ ձայնով մի զզվելի երգ ձգեցին, տափակ ներբաննեորվ երգի հանգով քարերին չլմփացնելով և գերիներին թափահարելով․