Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 3552 բայտ, 18:38, 29 Մայիսի 2015
/* Գլուխ չորորդ. Ճագար՝ եփված և համեմված */
— Բայց մենք ձեռքներս ծալած չենք նստում և թշնամու չարագործություններն անպատիժ չենք թողնում,— ավելացրեց Մաբլունգը: — Անիծյալ հարավցիները գնում են մեր հինավուրց ճանապարհներով և միանում Սև Ամրոցի բանակին: Մենք իմացանք, որ նրանք գնալով ավելի ու ավելի են մոռանում զգուշության մասին, վստահ լինելով, որ իրենց նոր տերն անպարտելի է և նրա լեռների ստվերներն ավելի քան բավարար են իրենց պաշպանելու համար: Բայց մենք այսօր լավ դաս կտանք նրանց: Մի քանի օր առաջ մեզ տեղեկացրին, որ նրանց զորքն արդեն շատ մոտ է և, մեր հաշվարկով, նրանց առաջապահ ջոկատն այստեղ կլինի մինչև կեսօր: Այստեղ, վերևում, որտեղ ճանապարհն անցնում է ճեղքվածքի վրայով: Ճանապարհը, հա անցնում է, բայց նրանք չեն անցնի: Ֆարամիրը նրանց չի թողնի. այժմ նա մեր մշտական առաջնորդն է և, նույնիսկ ամենամահաբեր մարտերում նա միշտ էլ առաջին շարքերում է: Բայց առայժմ մահը նրան շրջանցում է. ճակատագիրը, երևի, խնայում է նրան այլ նպատակների համար:
Խոսակցությունը դադարեց՝ իր տեղը զիջելով լարված լռությանը: Բոլորը քարացած լսում էին: Սեմը դուրս նայեց իր ձարխոտե թաքստոցից և հոբիթային սրատես աչքերով տեսավ, որ ծառերի արանքում ռազմիկներ են երևում՝ շատ ռազմիկներ: Մեկ առ մեկ, մեկը մյուսի հետևից, բարձրանոմ էին նրանք լանջն ի վեր՝ թաքնվելով ծառերի և թփուտների ստվերում, երբեմն սողալով, երբեմն վազելով, բայց գրեթե աննկատելի՝ շնորհիվ իրենց կանաչա-դարչնագույն հանդերձների: Նրանք բոլորը գլխանոցներով, դիմակներով ու ձեռնոցներով էին և զինված էին ճիշտ այնպես, ինչպես ֆարամիրն ու նրա ուղեկիցները: Անցան ու անհետացան բլրի հետևում: Արևն ավելի բարձրացավ, ստվերները կրճատվեցին: «Եվ ու՞ր կորավ այդ անիծյալ Գոլլումը,— մտածեց Սեմը, ավելի խորը թաքնվելով ձարխոտի մեջ: — Եթե օրքի տեղ դնեն՝ նրանից թաց տեղ էլ չի մնա: Եվ Դեղին Դեմքն էլ, կարծես թե, որոշել է թշվառին այրել... Լավ, նրա հախից էդքան հեշտ չես գա, կարծում եմ ինքն իր մասին հոգ կտանի»:  Սեմը պառկեց Ֆրոդոյի կողքին, ննջեց՝ և արթնացավ եղջերափողերի հեռավոր ձայներից: Արթնացավ, նստեց ու շուրջը նայեց: Արևն անխնա այրում էր: Պահապան ռազմիկները կանգնած էին ծառերի ստվրում և լարված լսում էին: Հանկարծ եղջերափողերը ավելի բարձր հնչեցին: Կասկած չկար՝ ձայները գալիս էին վերևից: Մարտակոչ և վայրի աղաղակներ հասան Սեմի ականջներին, բայց խուլ, ասես ձայները գալիս էին ինչ-որ քարանձավի միջից: Հանկարծ մարտի ձայները որոտացին ուղիղ նրանց գլխավերևում: Ճռնչաց պողպատը, սրերը զրնգոցով խրվեցին երկաթյա սաղավարտների մեջ, նիզակները հարվածեցին վահաններին, ճչոցները խառնվեցին հուսահատ ոռնոցներին, և հնչեց բարձր կոչը. Գո՛նդոր, Գո՛նդոր: — Ասես հարյուր դարբիններ մուրճերով հարվածելուց լինեն զնդաններին,— ասաց Սեմը Ֆրոդոյին: — Լավ կլիներ նրանց ասել, որ էլ չմոտենան, ես այսպես էլ եմ լավ լսում, շնորհակալությու՛ն: Բայց աղմուկը մոտենում էր:  — Գալի՛ս են,— բղավեց Դամրոդը,— Տեսե՛ք: Ոմանց հաջողվել է անցնել: Նրանք վազու՛մ են, տեսե՛ք: Մերոնք կրկնկակոխ հետևու՛մ են, և ամենաառջևում Ֆարամի՛րն է:  Սեմը, հետաքրքրասիրությունից այրվելով, միացավ հսկողներին: Նա բարձրացավ դափնու ամենաստորին ճյուղին և տեսավ լանջով ներքև վազող թխամաշկ, կարմիր հանդերձներով մարդկանց. Կանաչ հանդերձներով ռազմիկները հասնում էին նրանց հետևից և հենց ընթացքից հարվածում սրերով: Նետերը սուլոցով ճեղքում էին օդը: Հանկարծ թաքստոցի վերևից, փոքրիկ բլրակի վրայից, ճյուղերը կոտրելով, նրանց գլխին փլվեց մի մարդ և քիչ մնաց տրորեր Ֆրոդոյին՝ բերանքսիվայր փռվելով նրանից մի քանի ֆուտ այն կողմ: Ոսկե վզնոցի տակից երևում էին պարանոցին ցցված կանաչափետուր նետերը, կարմիր թիկնոցը պատառոտված էր, պղնձե օղազրահը տեղ-տեղ խրվել էր մարմնի մեջ, տեղ-տեղ պատռվել, իսկ ոսկեզօծ թելերով հյուսված մորուքը ներծծված էր արյունով:
Վստահելի
1342
edits