Changes
/* Գլուխ առաջին. Բորոմիրի վերջին ուղևորությունը */
— Նշանակում է ճիշտ ճանապարհի վրա եմ,— ասաց նա բարձրաձայն,— Ֆրոդոն ուղևորվել է դեպի գագաթը: Կուզենայի իմանալ, նա այնտեղ ի՞նչ է տեսել: Չնայած, ինչ էլ որ տեսած լինի, մեկ է, նույն ճանապարհով պիտի վերադառնար:
Հետքագետը կանգ առավ և վարանեց: Չբարձրանա՞ արդյոք Ամոն Հենի գագաթը, միգուցե այնտեղ` քարե նստարանի մոտ, նրա աչքերի առջև կբացվի ինչ-որ կարևոր բան, և կասկածները կցրվե՞ն: Ժամանակ չկար, բայց նա որոշեց և վազելով առաջ՝ մի քանի ցատկով հաղթահարեց քարե աստիճանները: Նստելով նստարանին` նա սկսեց ուշադիր զննել, բայց արևն արդեն հասցրել էր մայր մտնել, և աշխարհը թվում էր մռայլ ու հեռու: Արագորնը ծայրից ծայր զննեց Միջերկիրը, բայց ոչինչ չտեսավ, բացի հորիզոնում երևացող բլուրներից, իսկ երկնքում` այն նույն թռչունին, որ արծվի էր նման: Թռչունը դանդաղորեն, լայն շրջաններ գծելով, իջնում էր դեպի տափաստանը:Եվ այդ Այդ պահին հետքագետի սուր լսողությանը հասավ ինչ-որ տարօրինակ աղմուկ, որը գալիս էր ներքևից՝ գետի արևմտյան կողմում փռված անտառից: Արագորնը քարացավ: Ներքևում լսվում էին ինչ-որ ճչոցներ, և ի սարսափ իրեն նա զանազանեց նաև օրքերի ձայներ:Եվ հանկարծ տարածվեց ցածր, բայց հզոր եղջերափողի ձայնը. բախվելով սարերի լանջերին և արձագանքելով ձորերում` այն նույնիսկ խլացրեց ջրվեժի աղմուկը:
— Բորոմիրի եղջերափո՛ղը, նա օգնությո՛ւն է կանչում,— բացականչեց Արագորնը և սլացավ աստճաններով ներքև: — Վա՜յ ինձ,— կրկնում էր նա ընթացքում,— դաժան ճակատագիրը հետապնդում է ինձ: Այսօր ինչ էլ որ անեմ վերածվում է չարիքի... Իսկ Սեմն ո՞ւր կորավ: