Changes
/* Գլուխ հինգերորդ. Պատուհան դեպի արևմուտք */
Նրանք անմիջապես ճանապարհը ընկան. առջևում՝ Մաբլունգն ու Դամրոդը, իսկ նրանց հետևից՝ Ֆարամիրն ու հոբիթները: Շրջնացելով լճակը, որտեղ հոբիթները առավոտյան լվացվել էին, նրանք անցան առվի վրայով, բարձրացան կտրուկ բլրի գլուխը և, հայտնվելով կանաչ ծառերի ստվերում, սկսեցին ինջնել հարթ լանջով ներքև ու ներքև: Ֆարամիրը քայլում էր արագ՝ հարմարվելով, սակայն, հոբիթների քայլքին և ցածրաձայն շարունակում զրույցը:
— Մեր զրույցն ընդհատվեց,— ասաց ասում էր նա,— բայց ոչ միայն այն պատճառով, որ, ինչպես հիշեցրեց ինձ պարոն Սեմուայսը, ժամանակ չունենք, այլ նաև որպեսզի ավելորդ ականջներ մեզ չլսեն, քանզի բաներ կան, որոնք բացեիբաց քննարկելու կարիք չկա: Ահա թե ինչու ես սկսեցի հարցեր տալ իմ եղբոր և նրա ճակատագրի մասին՝ շրջանցելով Իսիլդուր Անեծքը: Դու շատ բաների մասին լռեցիր, Ֆրոդո:
— Ես ոչ մի բառ չեմ ստել, թեև ողջ ճշմարտությունն էլ չեմ պատմել,— արձագանքեց Ֆրոդոն: — Պատմել եմ այնքան, որքան ինձ թույատրված է:
— Ինչ մնում է ինձ,— ասաց Ֆարամիրը,— ես երազում եմ, որ կրկին ծաղկի Սպիտակ Ծառը, որ Մինաս Թիրիթ վերադառնա արծաթե թագը, և նրա հետ՝ խաղաղությունը: Կուզենայի տեսնել Մինաս Թիրիթը՝ ոչ, Մինաս Անորը այնպիսին, ինչպիսին հին ժամանակներում էր՝ լուսավոր, բարձր ու հրաշագեղ, ինչպես թագուհիների թագուհին, որի առաջ խամրում են մնացած բոլորը: Հրաշագեղ, բայց ոչ ահեղ՝ շրջապատված ստրուկներով, նույնիսկ եթե ստրուկները կամավոր են շղթայված և գոհ են իրենց տիրուհուց: Պատերազմն անխուսափելի է. մենք պետք է պաշտպանենք ապրելու մեր իրավունքը, քանզի թշնամին ձգտում է կուլ տալ ամեն ինչ և բոլորին: Սակայն իմ սրտով չեն ո՛չ սուր թրերի փայլը, ո՛չ արագընթաց նետերի սուլոցը, ոչ էլ փառքը մեծ զորավարի: Բայց այդ ամենն անհրաժեշտ է, որպեսզի պաշտպանենք այն, ինչը սիրում ենք՝ նումենորցիների հիմնած հրաշաքեղ քաղաքը: Ես սիրում եմ այդ քաղաքն իր անցյալի համար, իր հիշողության համար, իմաստության ու գեղեցկության համար: Ուզում եմ որ սիրեն իմ երկիրը, այլ ոչ թե վախենան, և հարգեն, ինչպես հարգում են ճերմակահեր իմաստունին: Այնպես որ մի վախեցիր ինձանից: Ես չեմ ստիպի քեզ պատմել այն ամենը, ինչ գիտես, նույնիսկ չեմ փորձի իմանալ՝ ճիշտ են արդյոք իմ կռահումները: Եթե միայն դու ինքդ չվստահես ինձ. այդ դեպքում կփորձեմ օգնել քեզ խորհուրդներով և, հնարավոր է նաև, գործով:
Ֆրոդոն ոչինչ չպատասխանեց: Նա հազիվ էր զսպում իրեն, որ չտրվի ցանկությանը՝ բացվել այդ խստադեմ, բայց դեռ երիտասարդ ռազմիկի առջև, որն այնքա՜ն իմաստուն ու մեծահոգի էր թվում: Որքա՛ն պետք կգային խորհուրդները, նրա օգնությունը... Բայց ինչ-որ բան նրան հետ էր պահում: Նրա սիրտը լցված էր վախով ու տագնապով, չէ՞ որ եթե իրոք ինը պահապաններից ողջ են մնացել միայն ինքն ու Սեմը, ապա ամեն ինչի համար պատասխանատու են միայն իրենք: Ավելորդ կասկածամտությունն ավելի գերադասելի է, քան կույր վստահությունը: Բորոմիրի և մատանու ազդեցության տակ նրա սարսափելի վերափոխման մասին հիշողությունները դեռ թարմ էին, հատկապես երբ Ֆրոդոն նայում էր Ֆարամիրին և լսում նրա ձայնը: Եղբայրներն այնքա՜ն տարբեր էին իրարից և , միևնույն ժամանակ , սարսափելի նման: Շարունակությունը նրանք քայլում էին լուռ, անաղմուկ, գրեթե աննկատելի հինավուրց ծառերի մոխրա-կանաչ ստվերում, որոնց սաղարթներում երգում էին թռչնակները, և փայլում էին արևի տակ Իթիլիենի մշտադալար անտառների հարթ տերևները: Սեմը չէր խառնվում խոսակցությանը, սակայն աշխատում էր ոչ մի բառ բաց չթողնել, բայց միևնույն ժամանակ նրա հոբիթական զգայուն լսողությունից չէր խուսափում շրջապատող անտառի ոչ մի շրշյուն: Գոլլումի մասին ոչ ոք այլևս չէր հիշում, և նա ուրախ էր դրա համար, թեև գիտակցում էր, որ Լպրծունից այդքան հեշտ չեն ազատվի: Շուտով նա նկատեց, որ իրենք անտառում մենակ չեն. բացի առջևում մերթ ընդ մերթ երևացող Դամրոդից ու Մաբլունգից, շուրջը նաև այլ ռազմիկներ կային, որոնք, արագ և անաղմուկ սահելով ծառերի միջով, շտապում էին դեպի նշանակված վայրը: Հանկարծ ասես ինչ-որ մեկի հայացքը ծակեց նրա թիկունքը: Սեմը շրջվեց: Ծառերից մեկի հետևին ինչ-որ փոքրիկ, մութ կերպարանք ցոլաց: Սեմն ուզում էր բացել բերանը, որ հայտնի մյուսներին, բայց մտածեց ու ձեռքը թափ տվեց: «Երևի թվաց,— ասաց նա ինքն իրեն: — Եվ կարիք էլ չկա հիշեցնել էդ անպիտանի մասին, եթե նրանք նախընտրում են չհիշել: Էհ, ես ինքս էլ շատ բան կտայի, միայն թե նրա մասին այլևս չհիշեի»: Վերջապես անտառը նոսրացավ և լանջն ավելի կտրուկ դարձավ: Նրանք թեքվեցին աջ, և քիչ անց առջևում լսվեց գետակի խոխոջյունը: Դա այն նույն առվակն էր, որը լցվում էր քարե ավազանը և թափվում մյուս կողմից: Այժմ այն վերածվել էր արագ հոսքի, որի քարե հունը ձգվում էր տոսախի և փշարմավի ճյուղերով ստվերված նեղ, խորը կիրճի հատակով: Արևմուտքում երևում էին ոսկեգույն մեգով պարուրված գետափնյա մարգագետիններն ու հովիտները, և մայր մտնող արևի ճառագայթների տակ փայլում էին Անդուինի լայնատարած ջրերը: — Իսկ այժմ, ցավոք, ես ստիպված եմ անքաղաքավարի լինել,— ասսաց Ֆարամիրը: — Հուսով եմ, դա ինձ կներվի. ես առանց այդ էլ արդեն շատ հրամաններ եմ խախտել՝ չեմ սպանել ձեզ և չեմ կապել: օրենքը մեկն է բոլորի համար. ոչ ոք, նույնիսկ ռոհանցիները՝ մեր դաշնակիցները չպետք է տեսնեն գաղտնի արահետը, որտեղով ձեզ պետք է տանեմ: Ստիպված ենք կապել ձեր աչքերը: — Արա ինչպես գիտես,— ասաց Ֆրոդոն,— էլֆերը նույնպես կապում են օտարականների աչքերը, եթե այդ է պահանջում անհրաժեշտությունը: Կապված աչքերով ենք մենք մուտք գործել հրաշագեղ Լոթլորիեն: Թզուկ Ջիմլիին դա դուր չեկավ, բայց հոբիթներն առանձնապես չառարկեցին: — Նույնպիսի հրաշագեղ վայր ես ձեզ չեմ խոստանում,— ասաց Ֆարամիրը,— սակայն ուրախ եմ, որ համաձայնեցիք. չէի ուզենա ստիպել ձեզ: Նա կամացուկ կանչեց՝ և ակնթարթորեն ծառերի հետևից հայտնվեցին Մաբլունգն ու Դամրոդը: — Կապեք մեր հյուրերի աչքերը,— կարգադրեց Ֆարամիրը: — բայց աշխատեք որ դա նրանց անհարմարություն չպատճառի: Ձեռքերը կապել պարտադիր չէ. նրանք խոստանում են, որ չեն փորձի գուղունի նայել: Ես հավատում եմ նրանց և կթողնեի, որ պարզապես գնային փակ աչքերով, բայց նրանք կարող են սայթաքել և պատահաբար բացել: Ի դեպ՝ ուշադիր եղեք, որ չսայթաքեն: Թիկնապահները կապեցին հոբիթների աչքերը կանաչ շարֆերով և գլխանոցները կիպ քաշեցին աչքերին: Նրանցից մեկը բռնեց Ֆրոդոյի ձեռքը, մյուսը՝ Սեմի: