Changes
/* Գլուխ հինգերորդ. Պատուհան դեպի արևմուտք */
— Կապեք մեր հյուրերի աչքերը,— կարգադրեց Ֆարամիրը: — բայց աշխատեք որ դա նրանց անհարմարություն չպատճառի: Ձեռքերը կապել պարտադիր չէ. նրանք խոստանում են, որ չեն փորձի գուղունի նայել: Ես հավատում եմ նրանց և կթողնեի, որ պարզապես գնային փակ աչքերով, բայց նրանք կարող են սայթաքել և պատահաբար բացել: Ի դեպ՝ ուշադիր եղեք, որ չսայթաքեն:
Թիկնապահները կապեցին հոբիթների աչքերը կանաչ շարֆերով և գլխանոցները կիպ քաշեցին նրանց աչքերին: Նրանցից մեկը բռնեց Ֆրոդոյի ձեռքը, մյուսը՝ Սեմի:Զբոսանքն արևոտ Իթիլիենով Ֆրոդոյի և Սեմի համար վերջացավ ճամփորդությամբ խավարի մեջ, և թե ուր էին նրանք գնում, մնում էր միայն կռահել: Շուտով արահետը կտրուկ իջավ ներքև, մտավ ինչ-որ անցում և այնքան նեղացավ, որ ստիպված էին գնալ իծաշարուկով՝ քսվելով քարե պատերին: Թիկնապահները քայլում էին հոբիթների հետևից՝ ձեռքները դրած նրանց ուսերին, և ուղորդում էին նրանց, երբ ճանապարհը թեքվում էր այլ կողմ: Տեղ-տեղ փակ աչքերով գնալը անհնար էր դառնում. այդ ժամանակ հոբիթներին գրկում էին, տանում որոշ ժամանակ, ապա նորից իջեցնում գետնին: Աջ կողմից լսվում էր աստիճանաբար ուժեղացող ջրի ձայնը: Որոշ ժամանակ անց երթը դադարեցվեց: Մաբլունգն ու Դամրոդը մի քանի անգամ պտտեցին հոբիթներին, և վերջիններս վերջնականապես դադարեցին հասկանալ, թե որտեղ է հյուսիսը, և որտեղ հարավը: Սկսվեց վերին, կարճ վերելքը: Ցրտեց, ջրի աղմուկը հեռացավ: Հոբիթներին կրկին գրկեցին և տարան ներքև երկար, երկար աստիճաններով, որոնք շուտով թեքվեցին դեպի ժայռի անկյունը: Հանկարծ նրանց խլացրեց ջրի աղմուկը: Թվում էր, ջուրն այժմ շրջապատում է նրանց բոլոր կողմերից. այն թափվում էր ներքև, ցայտում քարերի վրա և ողողում նրանց այտերն ու ձեռքերը հազարավոր մանր կաթիլներով: Հոբիթներին նորից դրեցին գետնին, և որոշ ժամանակ նրանք կանգնած էին լուռ, աչքերը փակ, շփոթված և վախեցած: Հետևից լսվեց Ֆարամիրի ձայնը.
— Արձակեք աչքակապերը:
Գլխանոցները հետ գցվեցին, շարֆերն արձակվեցին, և հոբիթներն անակնկալի եկած, թարթեցին աչքերը:
Նրանք կանգնած էին հարթ, թաց ու լպրծուն քարերի վրա: Հետևում սևին էր տալիս ժայռի մեջ փորված կոպիտ կամարը, իսկ առջևում, հենց նրանց դիմաց, կայծկլտում էր բարակ ջրե վարագույրը: