Changes
/* Գլուխ հինգերորդ. Պատուհան դեպի արևմուտք */
Հոբիթներին տարան անձավի անկյունը, որտեղ ցածր մահիճ էր դրված: Մարդիկ արագ, առանց իրարանցումի և վեճերի պատրաստվում էին ընթրիքի: Պատերի տակից բերեցին սեղաներեսները, դրեցին սրահի մեջտեղում դրված իշոտնուկների վրա և արագորեն շարեցին սպասքը՝ մեծամասամբ հասարակ, բայց որակյալ ու գեղեցիկ. ափսեներ, բաժակներ, սկուտեղներ՝ մի մասը պատրաստված կավից և ջնարակված, իսկ մյուս մասը՝ տոսախափայտից, ողորկ, փայլուն: Այստեղ և այնտեղ փայլում էին բրոնզե գավաթները, իսկ կենտրոնական սեղանի վրա, որտեղ պետք է նստեր Ֆարամիրը, արծաթե գավաթ դրեցին: Ֆարամիրը քայլում էր սրահում և ցածրաձայն հարցուփորձ անում նորեկներին: Ոմանք ուղարկված էին հետապնդելու հարավցիների ջախջախված ջոկատը, իսկ մյուսները՝ ամենավերջում եկածները, մնացել էին ճանապարհը հսկելու և տեսնելու, թե ինչ է կատարվում: Հարավցիներից ոչ ոք չէր փրկվել, բացի հսկայական մումակից՝ նրան չէին հետևել: Ճանապարհներին լռություն էր տիրում, նույնիսկ օրք-լրտեսներն չկային:
— Դու է՞լ նու՞յնպես ոչինչ չես տեսել և չես լսել, Անբորն,— հարցրեց Ֆարամիրը վերջին ներս մտնողին:
— Թերևս, ոչ, առաջնորդ,— պատասխանեց վերջինս: — Օրքերն ինչ-որ տեղ թաքնվել են: Սակայն, եթե ինձ չի թվացել, ես ինչ-որ արտասովոր արարածի հանդիպեցի: Արդեն մթնշաղ էր, իսկ մթության մեջ ամեն ինչ ավելի մեծ է թվում, քան կա իրականում: Երևի, դա ուղղակի սկյուռ էր:
— Ոչ, սովորաբար մենք դա անում են նախաճաշից առաջ,— պատասխանեց Սեմը: — Բայց եթե երկար ժամանակ չես քնել, սառը ջուր ցանիր գլխիդ՝ և կթարմանաս, ինչպես տերևները անձրևից: Ֆ-ֆու-ու՛: Այ հիմա երևի ուժերս կբավականացնեն, որ ընթրիքի ժամանակ չքնեմ:
Հոբիթներին տարան և նստեցրին Ֆարամիրի կողքին, կաշվապատ տակառիկների վրա՝ ավելի բարձր, քան նստարանները, որոնց վրա նստած էին ռազմիկները: Հանկարծ բոլորը ոտքի կանգնեցին, դեմքով շրջվեցին դեպի դեպի արևմուտք, և մեկ րոպե լռություն տիրեց: Ֆարամիրը հոբիթներին նշան արեց նույն կերպ վարվել:
— Ճաշկերույթից առաջ,— նստելով, ասաց Ֆարամիրը,— մենք ուղղում ենք մեր հայացքները դեպի անհետացած Նումենորը, դեպի Օրհնյալ Երկիրը՝ էլֆերի ծննդավայրը, և ավելի հեռու, դեպի Նախասկզբնական աշխարհը, որ հավերժական է: Դուք այդպիսի սովորույթ չունե՞ք:
— Ոչ, գլուխն օրորեց Ֆրոդոն՝ իրեն անկիրթ ու տգետ զգալով: — Բայց մեզ մոտ ճաշից առաջ հյուրերը խոնարհվում ու գլուխ են տալիս տան տիրոջը, իսկ ճաշից հետո շնորհակալություն հայտնում:
— Դա մեզ մոտ էլ է ընդունված,— ասաց Ֆարամիրը:
Երկարատև թափառական կյանքից հետո, սոված ու սառած աստղերի տակ գիշերելուց հետո գոնդորցիների ընթրիքը իսկական խնջույք թվաց հոբիթներին. սառը, անուշահոտ ոսկեգույն գինի, հաց ու կարագ, տավարի միս, չորացրած մրգեր ու թարմ պանիր, և որպես հավելում՝ մաքուր ձեռքեր, ափսեներ ու դանակներ: Ֆրոդոն ու Սեմը չհրաժարվեցին ոչ մի բանից. աշխուժորեն կերան այն ամենը, ինչ առաջարկեցին և չհրաժարվեցին ո՛չ երկրորդ մասնաբաժնից, ո՛չ երրորդ: Գինին տաքացրեց նրանց հոգնած մարմինները. հոբիթները զվաարթացան, թեթևացան, և նրանց հոգում հանգստություն տիրեց՝ առաջին անգամ Լոթլորիենը լքելուց հետո: Երբ ընթրիքն ավարտվեց, Ֆարամիրը նրանց տարավ դեպի անցավի խորքում գտնվող վարագույրով կիսածածկված խորշը: Այնտեղ բազկաթոռ և երկու փոքրիկ աթոռ բերեցին: Խորշում փոքրիկ կավե ճրագ էր վառվում:
— Շուտով դուք երևի քնել կուզենաք,— ասաց Ֆարամիրը,— հատկապես պատվարժան Սեմուայսը. նա մինչև ընթրիքի սկսվելը ոչ մի րոպե աչք չփակեց: Կամ վախենում էր, որ քնելուց հետո ախորժակը կբթանա, կամ տիրոջն էր պահպանում ինձանից: Սակայն առատ ընթրիքից հետո անմիջապես քնելը վնասակար է, հատկապես եթե մինչ այդ երկար ժամանակ վատ ես սնվել: Եկեք այժմ զրուցենք: