Changes
:<references/>
[[Պատկեր:Phanjuni_pic_24.png|600px|frameless|thumb|center]]
==Բ.==
: '''ԾԱՊԼՎԱՐ, 2 հոկտեմբեր, 1908'''
: Սիրելի ընկերներ,
[[Պատկեր:Phanjuni_pic_25.png|150px|frameless|thumb|right]]
: Ուրախ տրամադրության տակ կը գրեմ այս նամակս և կը հուսամ որ հաջորդով կարող պիտի ըլլամ փաստացի իրողություններ հաղորդել ձեզ։ Առաջին քայլերն իրա՛վ դժվարին եղան, բայց ապագայի մասին շատ մեծ հույս ունիմ։
: Քոմրաշ գյուղի քրդերը լավ ընդունելություն ըրին ինձ. չորս օր մնացի իրենց մոտ և տեսա որ լավ տրամադրություններով լարված են։ '''Էքսբրոբրիացիայի'''<ref>էքսբրոբրիացիա — էքսպրոպրացիա. ունեցվածքի բռնագրավում։</ref> տեսություններս շատ ավելի դյուրավ ըմբռնեցին քան մեր ապուշ Ծապլվարցիք։ Պատրաստակամություն հայտնեցին անմիջապես գործնական հողի վրա դնելու հարուստ պուրժուա կեղեքիչ գյուղացիներու ինչքերը բռնի ուժով գրավելու հարցը: Ըսի թե չպետք է աճապարել և թե հարկ է մի քիչ սպասել։ Համենայն դեպս Քոմրաշ գյուղը մեր պրոփականտային համար մի ամուր կռվան է։
[[Պատկեր:Phanjuni_pic_26.png|150px|frameless|thumb|left]]
: Մի հիանալի դեպք ցույց կու տա թե ի՛նչ հզոր նկարագրի տեր են այդ քրդերը։ Զիս չորս օր ամենամեծ պատվով հյուրընկալելե և մեծարելե ետք՝ երբ ձիով առանձին կը վերադառնայի Ծապլվար, Քանլը Օվա կոչված ձորին մեջ, նույն այն քրդերն որոնց տանը մեջ հյուր եղած էի, հանկարծ՝ զինյալ վրաս հարձակեցան և զիս կողոպտեցին՝ գրեթե մորե մերկ ձգելով։
: — Բայց ինչո՞ւ ձեր մոտ գտնված ատենս զիս չթալլեցիք,— հարցուցի զարմացած։
: Այս պատասխանը իր մեջ կը պարունակե մի սկզբունքային խորին հարց, որ արժանի է լուրջ խորհրդածության։
: Վերադառնալով Ծապլվար, եռանդով շարունակեցի '''միսիաս'''<ref>Միսիա — առաքելություն։ Ե. Օտյանի եռագրության առաջին մասի 1911 թ. հրատարակության վերնագիրն է՝ «Առաքելություն ի Ծապլվար»։</ref>։ Այժմ ունիմ իմ մոտ մի ջերմ հավատացյալ կուսակից, որը մոտավոր ապագային կարող է լինել մի մեծ ուժ. դա ծանոթ է գյուղին մեջ Խև Ավո անունով։ Տասնըութը տարեկան մի կտրիճ երիտասարդ է Խև Ավո, որ հորենական տունեն արտաքսված է մի շարք պատճառներու համար, որոնք մեզ չեն հետաքրքրեր։ Ծապլվարցիք ընդհանրապես վատ վերաբերմունք ունին այդ երիտասարդի մասին՝ զոր կը նկատեն իբրև հիմար և անբարո։ Դա արդյունք է միջնադարյան կղերական ոգիի՝ միացած պուրժուազիական անձուկ ըմբռնումներու հետ։ Որովհետև նա տանտերներու բացակայության ժամանակ անոնց տունեն մի քանի իրեղեններ վերցուցեր է, որովհետև նա դաշտին մեջ առանձինն հանդիպելով Կրպոյենց Սեխոյի աղջկան՝ բնական պահանջքե մղված՝ անոր հետ հարաբերություն է մշակեր, որովհետև Տեր Սահակեն փող պահանջելով՝ այդ սև հոգի կղերամիտը մերժեր է տալ և Խև Ավո անոր ըմբոստությունը պատժելու համար քարկոծեր է զայն ևն. ևն., այժմ այդ խեղճ տղան կը նկատվի իբրև մի տեսակ հիմար չարագործ և անոր դեմ սարքված է հալածանք և դավադրություն։ Միշտ միևնույն պատմությունը. կա՛մ պետք է խոնարհ ստրուկ դառնալ կեղտոտ պուրժուաներու և գլուխ ծռել անոնց կեղեքիչ նախապաշարումներուն և կամ հալածվիլ այդ ոհմակներու կողմե։ Բայց վերջը խնդացողը լավ պիտի խնդա, կ'ըսե ֆրանսական առածը։
[[Պատկեր:Phanjuni_pic_27.png|400px|frameless|thumb|center]]
: Առաջին րոպեեն տեսա որ Խև Ավո մի լավ խմոր էր և կարելի էր օգուտ քաղել իրմե. անմիջապես հրավիրեցի իմ մոտ, խրատեցի, հրահանգեցի, քարոզեցի և այժմ նա դարձավ մի կատարյալ հեղափոխական ընկերվարական։ Ծապլվարի հեղափոխական գործոն շարքերուն մեջ կարևոր դեր կատարելու կոչված է Խև Ավո։
[[Պատկեր:Phanjuni_pic_28.png|250px|frameless|thumb|left]]
: Անցած օր Քոմրաշ գյուղեն երկու քուրդ փոխադարձ այցելության եկած էին ինձ մոտ։ Տանս մեջ զիրենք պատվասիրելու համար բավականաչափ ճաշ չկար. այս պարագան հայտնեցի Խև Ավոյի։
: — Դու հոգ մի՛ տանիր,— պատասխանեց և մեկնեցավ։
: Քիչ հետո երկու պատվական հավերով վերադարձավ։ Երկուքն ալ խաշեցինք ու կերանք. երբեք այդպիսի համեղ հավու միս չէի կերած։ Ես և երկու հյուրերս ստիպեցինք Ավոն որ մեզ հայտնե թե ո՞ւսկից բերած էր այդ հավերը։
: — Րես Սերգոյի պարտեզեն գողցա,— ըսավ Ավո,— ճիշդ այն միջոցին ուր իր կինն ու երկու հարսերը հոն էին։
[[Պատկեր:Phanjuni_pic_29.png|100px|frameless|thumb|right]]
: Շատ ծիծաղեցանք ամենքս ալ։ Քրդերը հիացած մնացին Ավոյի ճարպիկության վրա, իսկ ես կը մտածեի որ վերջապես դարավոր հարստահարյալն էր որ կ'ընդվզեր և գործնականապես կը ջանար տիրանալու իր իրավունքին։
[[Պատկեր:Phanjuni_pic_30.png|100px|frameless|thumb|left]]
: Ծապլվարի մեջ մեր կուսակցության հարած է նաև Ամենց Վարդանը։ Դա Րես Սերգոյի մշակներեն մին է, զոր անցած օր այդ կեղտոտ արարածը ճամբեր է, ամբաստանելով զինքը թե՛ իբրև գող և թե՛ իբրև ծույլ։ Երբ իրողությունը իմացա, անմիջապես իմ մոտ հրավիրեցի Վարդանը և ստիպեցի որ տեղի չի տա ու բռնի պահանջե որ զինքը կրկին քովը առնե։ Անկարելի եղավ համոզել։
[[Պատկեր:Phanjuni_pic_31.png|400px|frameless|thumb|center]]
: — Ո՛չ,— ըսավ,— ավելի լավ է որ ներում խնդրեմ, Տեր Սահակի միջնորդության դիմեմ, որպեսզի ինձ համար բարեխոսե, Րես Սերգո չար մարդ չէ և ինձ կը ներե։
: Տեսե՛ք թե ո՞ւր հասած է ստրկամտությունը։
[[Պատկեր:Phanjuni_pic_32.png|250px|frameless|thumb|left]]
: Ժամերով համոզեցի որ ետ կենա այդպիսի ստոր միջոցներե և վերջապես որոշեցինք որ ես ուղղակի դիմեմ Րես Սերգոյի և պահանջեմ որ պատվո ատյան մը կազմվի խնդիրը քննելու համար։ Վարդան հավանեցավ, բայց Րես Սերգո չուզեց մեր արդար պահանջքին գոհացում տալ։ Ես ալ երեկ մի սպառնական վերջնագիր ուղղեցի այդ կեղտոտ արարածին և Խև Ավոյի հետ ղրկեցի։ Տեր Սահակ պիտի գա եղեր այդ մասին ինծի հետ բանակցելու։
: Եթե բավարարություն չտրվի մեր պահանջումին՝ գործերը կը մտնեն տարբեր ուղիի մեջ։
: Խև Ավոյի համար շատ հեշտ բան է կրակի տալ Սերգոյի կալը կամ գոմը այն պարագային որ նա ավելի առաջ տանի իր բրովոքացիան...
: Մի քիչ փող ուղարկեցեք։
[[Պատկեր:Phanjuni_pic_33.png|200px|frameless|thumb|center]]
:<references/>
==Գ.==