Changes

Աստվածային կատակերգություն

Ավելացվել է 7427 բայտ, 14:03, 12 Սեպտեմբերի 2015
142 Եվ ես ընկա, ինչպես դիակն է ընկնում։
</poem>
 
 
==Երգ վեցերորդ==
 
<poem>
Հենց որ արդեն վերադարձավ ուշքը իմ,
Որ այլայլվել, մթագնել էր հուզումից,
Ի լուր ողբին սիրող զույգի մտերիմ,
 
4 Ես ամենուր տեսա շուրջը իմ բոլոր,
Ուր որ դարձա և կամ ուր որ նայեցի,
Տանջանքներ և տանջակիրներ նորանոր։
 
7 Ահա արդեն պարունակումն եմ երրորդ,
Ուր տեղում է անդադար ու միալար
Մի ցուրտ անձրև անիծյալ ու գարշահոտ։
 
10 Մեծ֊մեծ կարկուտ, և ձյուն, և ջուր աղտեղի
Թափվում են ցած օդի միջով մթամած,
Հոտեցնելով տղմուտ տարածքը տեղի։
 
13 Կերբերոսը , գազանն անգութ, արտառոց,
Երեք գլխով կաղկանձում է շան նման
Այնտեղ խրված հոգիների վրա հոծ։
 
16 Նրա աչքերն հուր են, մորուքը մթար,
Փորը խոշոր և թաթերը ճապռավոր,
Հոգիներին ճանկռում, ցրցում է նա հար։
 
19 Անձրևի տակ սրանք ոռնում են շան պես,
Եվ ջանալով ծածկել մեկ կողը մյուսով՝
Շրջշրջվում են, շուռ֊մուռ գալիս մշտապես։
 
22 Երբ մեզ տեսավ Կերբերոսը ահագին,
Բացեց ռեխերն ու ժանիքներ ցույց տվեց.
Նա դողում էր բարկությունից մոլեգին։
 
25 Առաջնորդըս պարզեց ձեռքերն իր անփակ
Եվ գետնից հող վերցնելով լիաբուռ՝
Նետեց նրա երախների մեջ անհագ։
 
28 Ինչպես շունը, որ ոռնում է քաղցից սուր,
Հանդարտվում է, հենց որ ոսկորն է կրծում,
Եվ զբաղվում հոշոտելով լոկ այն լուռ,
 
31 Այսպես սսկվեց դև Կերբերոսն հողակուլ,
Որի ոռնոցն հոգվոց այնպես էր լլկում,
Որ կուզեին նրանք լինել հավետ խուլ։
 
34 Անցնում էինք ժանտ անձրևից կռացած
Հոգիների վրայով և կոխկրտում
Ուրուները նրանց՝ մարմին թվացած։
 
37 Բոլոր նրանք պառկած էին գետնամած,
Բացի մեկից, որ վեր կացավ ու նստեց,
Երբ տեսավ, որ իրեն էինք մոտեցած։
 
40 «Օ՜ դու, որ այս Դժոխքի մեջ ես բերվել,—
Ասաց նա ինձ,— իմացիր, թե ով եմ ես.
Իմ մեռնելուց առաջ էիր դու ծնվել»։
 
43 Եվ ես նրան. «Տանջանքները քո կրած
Դիմագծերդ այլակերպել են այնքան,
Որ թվում է, թե քեզ երբեք չեմ տեսած։
 
46 Բայց ասա ինձ՝ ո՞վ ես, որ այս չարատանջ
Վայրն ես եկել և կրում ես մի պատիժ,
Որ մյուսներից թեթև է, բայց շատ տհաճ»։
 
49 Եվ նա ասաց. «Քաղաքըդ , որ չարությամբ
Այնքան լի է, որ չափն անցել է արդեն,
Եղավ օրրանն իմ կենցաղի անտաղտապ։
 
52 Քաղաքացիքդ անվանեցիք ինձ Չակկո ։
Եվ որկորի իմ մոլության համար վատ
Լլկվում եմ այս անձրևի տակ հարագո։
 
55 Եվ ես՝ թշվառս, այստեղ մենակ չեմ հարկավ.
Սրանք էլ նույն մեղքի համար են կրում
Նույն պատիժը»։ Եվ նա մի պահ կանգ առավ։
 
58 Ես ասացի. «Չարչարանքներըդ, Չակկո,
Ինձ հուզում են արտասվելու աստիճան,
Բայց ասա ինձ՝ ո՞ւր կհանգեն ի վերջո
 
61 Երկպառակված քաղաքացիք քաղաքի.
Մի՞թե արդար մեկը չկա նրանց մեջ.
Ի՞նչ է պատճառն այդ գժտությանց անհարկի»։
 
64 Եվ նա ասաց . «Երկար վեճից հետո տաք
Կռվի կանցնեն. գեղջուկները կհաղթեն,
Իսկ մյուսները կհալածվեն բովանդակ։
 
67 Ապա նրանք երրորդ տարվա ընթացքում
Կտապալվեն և մյուսները կհաղթեն
Ուժով մեկի, որ նենգությամբ է գործում։
 
70 Սրանք նրանց երկար ատեն կնեղեն
Ու կենթարկեն ստորացման վիսաբար,
Թեկուզ նրանք արտասվեն կամ կատաղեն։
 
73 Արդարներ կան, սակայն չունեն ունկնդրող։
Գոռոզություն, ագահություն ու նախանձ —
Երեք կայծեր եղան սրտեր բռնկող»։
 
76 Նա վերջ տվեց իր խոսքերին ցավալի։
Եվ ես նրան. «Տեղեկության տուր խնդրեմ,
Շնորհելով ինձ երկու խոսք ավելի։
 
79 Արժանավոր Ֆարինատան և Մոսկան,
Ռուստիկուչչին, Տեգիայոն և Արիգոն,
Եվ այլք, որոնք եղան անձեր պատվական,
 
82 Ո՞ւր են, ասա, որ ես նրանց գեթ տեսնեմ.
Մեծ իղձ անեմ իմանալու, թե նրանք
Երկնքո՞ւմ են, թե՞ Դժոխքում են դժխեմ»։
 
85 Եվ նա ասաց. «Դժոխքում են, բայց ցածում,
Եթե իջնես, նրանց կարող ես տեսնել.
Նրանց վրա այլ մեղքեր են ծանրանում ։
 
88 Բայց երբ դու քաղցր աշխարհ ընկնես վերստին,
Խնդրում եմ քեզ հիշատակըս պահել տաս.
Այս է իմ խոսքն ու պատասխանը վերջին»։
 
91 Եվ նայելով աչքերով խեթ ու մռայլ,
Իր գլուխը վայրահակեց ու ընկավ
Տղմաթաթախ հոգիների միջև այլ։
 
94 Վարպետս ասաց․ «Էլ չի ելնի այլոց պես
Մինչև հնչելն հրեշտակային փողերի
Եվ գալուստը դատավորի խորատես,
 
97 Երբ կգտնեն նրանք շիրիմն իրենց լուռ,
Կառնեն մարմինն ու տեսքն իրենց սեփական
Եվ կլսեն դատավճիռն ահալուր »։
 
100 Այսպես ահա մենք անցկացանք համրաքայլ
Գարշ խառնուրդով ստվերների ու ցեխի,
Զրուցելով կյանքի մասին հանդերձյալ։
 
103 Եվ ես. «Վարպե՛տ, այս տանջանքները դաժան
Ահեղ վճռից հետո կաճե՞ն ավելի,
Թե՞ կպակսեն և կամ նույնը կմնան»։
 
106 Եվ նա. «Դիմիր քո գիտությանն , ըստ որի
Էակն ինչքան ավելի է կատարյալ,
Այնքան ուժեղ կզգա չարը և բարին։
 
109 Թեպետ և այս հոգիները հուսաթափ
Չեն դառնալու ճշմարտապես կատարյալ,
Բայց հույս ունեն հուսկ դառնալու որոշ չափ։
 
112 Խոսակցելով այլ բաների մասին դեռ,
Շուրջանակի պտտվեցինք միասին
Եվ եկանք անդ, ուր վայրէջքն էր բացվում մեր.
 
115 Այստեղ գտանք մեծ թշնամի Պլուտոսին ։
</poem>
Վստահելի
381
edits