Changes
115 Մի քիչ այն կողմ ժայռը իջնում է նորեն»։
</poem>
==Երգ տասնվեցերորդ==
<poem>
Լսում էի արդեն շռինդը ջրի,
Որ թափվում էր պարունակը հետևյալ,
Ինչպես բզզոց մեղուների պարսերի,
4 Երբ որ հանկարծ երեք հոգի֊ստվերներ
Միահաղույն անջատվեցին մի խմբից ,
Որ անցնում էր բոցերի տակ տանջաբեր։
7 Ուղղվելով մեզ, նրանք հեռվից գոչեցին.
«Կանգ առ մի պահ։ Քո հագուստից իմացանք,
Որ եկել ես մեր քաղաքից չարածին»։
10 Օ ի՜նչ խոցեր նրանց վրա տեսա ես,
Որոնք կիզիչ հրից էին գոյացել.
Երբ հիշում եմ, դեռ ցավում եմ դառնապես։
13 Նրանց ձայնից առաջնորդըս խորագետ
Ինձ դարձավ և ազդարարեց. «Սպասի՛ր,
Պետք է լինել քաղաքավար սրանց հետ։
16 Եթե այստեղ հուր չտեղար հարակեզ,
Ես կասեի, որ դու պետք է փութայիր
Դեպի նրանք, ոչ թե նրանք դեպի քեզ»։
19 Հենց որ կեցանք, նրանք նորից շարժվեցին .
Եվ երբ նրանք արտորանքով հասան մեզ,
Երեքով մեկ տեղում պտույտ գործեցին։
22 Եվ ինչպես մերկ ըմբիշները կորովի
Ուշիուշով հետաքննում են միմյանց,
Նախքան անցնելն իրարու դեմ գրոհի,
25 Այսպես նրանք ինձ նայեցին պշնորեն,
Պտտվելով այնպես, որ վիզը նրանց
Ու ոտները շարժվում էին տարորեն։
28 «Թեև տեղն այս, ուր ընկել ենք մենք այսպես,—
Ասաց մեկը,— և մեր դեմքերն հրախանձ
Քամահրանքի արժանի են դարձնում մեզ,
31 Սակայն հանուն մեր համբավի ու փառքի
Մեզ զիջանիր ասելու թե ո՛վ ես դու,
Որ անցնում ես անվախ միջով Դժոխքի։
34 Ահա սա, որ իմ առջևից է գնում,
Թեև մերկ է ու մարմինը խանձայրյաց,
Բարձրաստիճան մի դիրք ուներ աշխարհում։
37 Նա հենց թոռն է Գուալդրադայի բարեգով.
Նա կոչվում է Գուիդո Գուերրա, և կյանքում
Շատ գործեր է արել թրով ու խելքով։
40 Իսկ մյուսը, որ իմ ետևից է քայլում,
Ալդոբրանդի Տեգիայոն է, այր խելոք,
Որի խոսքը պետք է լսվեր աշխարհում։
43 Ես, որ այսպես չարչարվում եմ նրանց հետ,
Ռուստիկուչչի Յակոպոն եմ, և անշուշտ
Իմ կորստյան բան պատճառը կինս էր հեստ»։
46 Եթե հրից ես մնայի անվթար,
Կնետվեի ներքև՝ նրանց գրկելու,
Որ իհարկե վարպետըս ինձ թույլ կտար։
49 Բայց որ վտանգ կար այրվելու, մրրկվելու,
Իմ երկյուղը հաղթեց կամքին իմ բարի,
Որ տենչ ուներ նրանց ամուր փարվելու։
52 Ես ասացի. «Հենց որ տերս պատվական
Ասաց խոսքեր, որ կռահել ինձ տվին,
Թե դուք իրոք հոգիներ եք պատվարժան,
55 Իմ սրտի մեջ ձեր վիճակը դժնդակ
Ծնեց ոչ թե արհամարհանք, այլ մորմոք,
Որ կմնա իմ մեջ երկար ժամանակ։
58 Ես ինքըս ձեր համերկրացին եմ բնիկ.
Ես սիրով ու հարգանքով եմ միշտ հիշել
Ձեր գործերն ու անունները ազդեցիկ։
61 Դառը թողնում, քաղցըր տեղանքն եմ գնում,
Որ ինձ անսուտ առաջնորդս է խոստացել.
Բայց պետք է նախ իջնեմ երկրի կենտրոնում »։
64 «Իցիվ թե դու դեռ ապրեիր ընդերկար,—
Պատասխանեց այն ատեն ինձ նույն հոգին,—
Եվ համբավդ էլ մահից հետո շողշողար։
67 Արդ ասա մեզ, բարքերն ազնիվ ու տիպար
Մեր քաղաքում շարունակո՞ւմ են ապրել,
Թե այնտեղից անհետացել են իսպառ։
70 Քանզի Գուլյելմ Բորսիերեն , որ այստեղ
Նոր է եկել և մեր խմբում է հիմա,
Մեզ բերել է տխուր լուրեր սրտակեղ»։
73 «Նոր֊նոր մարդիկ և վաստակներ նյութական,
Օ՜ Ֆլորենցիա, քեզ դարձրել են սնապարծ
Ու սանձարձակ, որից տուժում ես այնքան»—
70 Գոչեցի ես, բարձրացնելով դեմքըս վեր.
Այդ լսելով երեքն իրար նայեցին,
Նման նրանց, որ լսում են ճիշտ բաներ։
79 «Թե ամեն ինչ այսպես շիտակ ես ասում,—
Երեքով մեկ նրանք տվին պատասխան,—
Երանի քեզ, որ դու անկեղծ ես խոսում.
82 Բայց եթե դու դուրս գաս տեղից այս մռայլ՝
Նորից չքնաղ լույս աստղերը տեսնելու,
Եվ ուզենաս հիշել աշխարհն հանդերձյալ,
85 Ասա մարդկանց, որ տեսել ես այստեղ մեզ»։
Ապա նրանք թեթևասույր սլացքով
Մեզնից փախան ու հեռացան փութապես։
88 Չի կարելի արտասանել մի «ամեն»
Ավելի շուտ, քան որ նրանք չքացան։
Եվ վարպետըս մեկնել վճռեց այն ատեն։
91 Եվ ահա մենք առաջացանք, և քիչ անց
Ջրի շառաչն այնքան մոտից հասավ մեզ,—
Որ խոսելիս չէինք լսում մենք միմյանց։
94 Ինչպես գետն այն ,— որ իր ուրույն հունով նախ
Մոնվիզոյից դեպ արևելք է հոսում,
Երբ բխում է Ապեննինի լանջից ձախ,
97 Եվ որ վերին, սկզբնական հոսանքում,
Նախքան իջնելն հարթավայրը Ֆոռլիի,
Իր անվան տեղ Ակուակետա է կոչվում —
100 Շառաչյունով թավալվում է դարն ի վար,
Սուրբ Բենեդիկտ կոչված գյուղի վերևում,
Ուր կարող է բազում սահանք գոյանար,
103 Այսպես այստեղ թավալվում էր ժայռն ի վար
Գորշ ջրվեժը այնպիսի գոռ բոմբյունով,
Որ կարող էր խլացնել մեզ իսպառ։
106 Մեջքիս կապած ես մի պարան ունեի,
Որով բռնել մտածեցի մի անգամ
Խայտաճամուկ մորթով հովազն ամեհի։
109 Առաջնորդիս հրամանի համաձայն
Ես իմ մեջքից արձակեցի պարանն այդ
Եվ կծկելով երկարեցի նրան այն։
112 Առաջնորդըս այնժամ դարձավ դեպ աջ դին
Եվ եզերքի կարկառներից քիչ հեռու
Արձակեց այն անդունդն ի վար խավարչտին։
115 «Արդ պետք է որ,— ներքուստ ասում էի ես,—
Այդ նշանին մի պատասխան հետևի,
Եթե վարպետս ուշով նայում է այդպես»։
118 Մարդիկ պարտ են զգուշավոր միշտ լինել
Այն անձանց մոտ, որոնք գիտեն ոչ միայն
Գործը տեսնել, այլև միտքը թափանցել։
121 Նա ինձ ասաց. «Կբարձրանա վեր շուտով
Այն, ինչ որ մենք սպասում ենք՝ ես ու դու.
Այդ դու հիմա կնկատես քո աչքով»։
124 Ճշմարիտն այն, որ նմանվում է սուտի,
Պետք է պահել ամուր փակած շրթներով,
Այլապես նա մեզ կենթարկի ամոթի։
127 Սակայն այստեղ ես չեմ կարող մնալ լուռ.
Երդվում եմ իմ Կատակերգով , ընթերցող,
— Երանի նա շնորհ գտներ ամենուր,—
130 Ես տեսա, որ մութ ու մռայլ վիհն ի վեր
Բարձրանում էր լողով ճիվաղ մի ահեղ,
Որ վախ կազդեր նույնիսկ սրտին անվեհեր.
133 Նավազն այսպես բարձրանում է ծովալքից,
Երբ խարիսխը պոկում է ու արձակում
Խոր խութերից կամ այլ ծածուկ արգելքից,
136 Եվ մարմինը մեկ ձգում է, մեկ կծկում։
</poem>
==Երգ տասնյոթերորդ==
<poem>
«Ահա գազանն՝ իր տտունով սուր, երկայն ,
Ահա նա, ով արգելակներ է փշրում
Եվ գարշությամբ պղծում աշխարհը համայն»։
4 Այսպես ասաց ինձ առաջնորդըս աննենգ,
Եվ գազանին հրավիրեց մոտենալ
Այն քարափին, որով անցել էինք մենք։
7 Խաբեության այդ պատկերը գարշելի
Առաջ եկավ և, պոչն հեռու պահելով,
Ափի վրա քաշեց իրանն ահռելի։
10 Նրա դեմքը արդար մարդու տեսք ուներ,
Այնքան հեզ ու բարեմույն էր արտաքուստ,
Իսկ մնացած մասը մարմնի լոկ օձ էր։
13 Ուներ երկու բռչոտ թաթեր ճապռավոր,
Մեջքը, կուրծքը և զույգ կողերը նրա
Նիշված էին խայտուցներով օղավոր։
16 Թաթարներն ու թուրքերն երբեք չեն գործել
Այնքան նախշուն ու խայտաբղետ պաստառներ,
Արաքնեն էլ նման ոստայն չի հյուսել։
19 Ինչպես մակույկը մերթ ափին է հանգչում,
Մասամբ ջրի վրա, մասամբ ցամաքի,
Ինչպես շվայտ գերմանների աշխարհում
22 Սպասում է կուղբը պայքար մղելու,
Այսպես ավազն եզրապատող քարափին
Սպասում էր այն գազանը ահարկու։
25 Նա իր պոչը խաղացնում էր շարունակ,
Գալարելով նրա ծայրը թունավոր,
Ինչպես կարիճն իր խայթոցը կենսունակ։
28 Հիմա պետք է ճանապարհից քիչ շեղվենք,—
Ասաց տերըս,— որպեսզի մենք հասնենք անդ,
Ուր փռված է այն գազանը չարանենգ»։
31 Այսպես իջանք աջակողմյան ուղղությամբ
Եվ ծայրեզրով տասը քայլ անցանք, որպեսզի
Խույս տանք հրից և ավազից հրատապ։
34 Երբ մոտեցանք այն նենգավոր գազանին,
Մի քիչ անդին տեսա մարդկանց մի զանգված,
Որ նստած էր ավազուտի երկայնքին։
37 Վարպետս ասաց. «Որպեսզի դու այս գոտին
Կարողանաս ամեն կողմից ճանաչել,
Գնա, նայիր նրանց վիճակը հետին։
40 Բայց թող այնտեղ քո զրույցը կարճ լինի.
Իսկ ես մինչ այդ կբանակցեմ սրա հետ,
Որպեսզի իր գավակը մեզ հատկացնի»։
43 Եվ յոթներորդ պարունակի եզրով ես
Մեն֊միայնակ առաջացա դեպ այնտեղ,
Ուր նստած էր այն ամբոխը տխրատես։
46 Նրանց ցավը դուրս էր պոռթկում աչքերից.
Նրանք ձեռքով ջանում էին պաշտպանվել
Մերթ բոցերից, մերթ հրաշեկ ավազից։
49 Այսպես շներն ամռան շոգին տոթալից
Պաշտպանվում են մերթ թաթերով, մերթ դնչով,
Երբ խայթվում են ճանճերից կամ լվերից։
52 Ես դիտեցի ուշով դեմքերը ոմանց,
Որոնց վրա հուր էր տեղում ահավոր,
Բայց ճանաչել չկարեցա ես նրանց։
55 Ամեն մեկի պարանոցից կախված էր
Որոշ գույնով ու նշանով մի քսակ ,
Որով նրանք ապրում էին կարծես դեռ։
58 Ես նրանց մեջ տեսա դեղին մի քսակ,
Որի վրա կար մի կապույտ ուրվագիծ,
Որ նման էր մի առյուծի պարարակ։
61 Եվ քիչ հեռու տեսա ուրիշ մի քսակ,
Արյան նման կարմիր, որի կենտրոնում
Երևում էր մի սագ կաթից սպիտակ։
64 Մեկը, որի ճերմակ պարկի վրա կար
Կապույտ գույնի մի խոզ, մատակ ու հղի,
Ինձ բարբառեց. «Այստեղ ինչո՞ւ դու եկար։
67 Շուտ հեռացի՛ր։ Եվ քանզի ողջ ես դեռ դու,
Իմացիր որ Վիտալիանոն , երկրացիս,
Այստեղ գալու և կողքիս է նստելու։
70 Ֆլորենտացոց մեջ այս ես եմ պադուացին.
Սրանք հաճախ իմ գլուխը տանում են,
Ինձ ասելով. «Թող գա ասպետն հոյածին ,
73 Հետ բերելով քսակն երեք կտցանի»։
Եվ բերանը ծռեց, լեզուն դուրս հանեց,
Ինչպես պինչը լիզող եզը կենդանի։
76 Վախենալով, որ չլինի թե երբեք
Իմ ուշացմամբ առաջնորդիս բարկացնեմ,
Հեռացա այն հոգիներից տանջաբեկ։
79 Առաջնորդըս մինչ այդ նստել էր արդեն
Լայն գավակին զարհուրելի գազանի։
Նա ինձ ասաց. «Արիացիր դու այժմեն։
82 Այսուհետև այսպես պետք է ցած իջնել ։
Նստիր առաջ, ես ետևում կնստեմ,
Որ պոչը քեզ չկարենա վնասել»։
85 Ինչպես նա, ով սարսռում է, կափկափում,
Երբ զգում է տենդի գալը, և հենց որ
Շուք է տեսնում, մարմինը դող է պատում,
88 Այսպես եղա այդ խոսքերից ահազդու.
Սակայն շուտով ինձ զգացի սրտապինդ,
Ինչպես ծառան տիրոջ առջև հուսատու։
91 Ես նստեցի նուսի վրա այլանդակ.
Ուզում էի իրոք ասել՝ «Գրկիր ինձ»,
Սակայն ձայնըս խզվեց կամքիս հակառակ։
94 Բայց վարպետըս, որ զորավիգս է եղել
Ուրիշ դժվար իմ պահերին, արդեն իսկ
Բազուկներով ինձ գրկել էր ու պահել։
97 Եվ նա ասաց. «Գերիո՛ն, հիմա ընթացիր,
Սակայն իջիր շուրջանակի ու դանդաղ.
Քո ուսերին նոր բեռ ունես, իմացիր»։
100 Ինչպես նավակն, անջատվելով կայանքից,
Նախ գնում է ետ֊ետ, այսպես նա մեկնեց.
Եվ երբ ազատ զգաց ամեն արգելքից,
103 Անմիջապես պոչը կրծքի կողմ տարավ,
Ապա ձգվեց օձաձկան ճիշտ նման
Եվ թաթերով օդ վերցնելով ցած թռավ։
106 Ֆայետոնը գուցե այնքան չերկնչեց,
Երբ բաց թողեց ձիասանձերը ձեռքից,
Որից մասամբ երկնակամարը այրվեց.
109 Կամ Իկարը , երբ նա զգաց, որ տաքից
Մոմն հալվում է, և փետուրներն են թափվում,
Մինչ գոչում էր հայրը՝ «Շեղվել ես ճամփից» —
112 Ինչքան որ ես, երբ տեսա, որ չորս կողմից
Կախվել էի պարապ օդում և ոչինչ
Չէի տեսնում, բացի ահեղ գազանից։
115 Նա ճախրելով դանդաղ իջնում էր ներքև.
Այդ զգացի լոկ նրանից, որ տակից
Ու ճակատից փչում էր հովը թեթև։
118 Մեր ներքևում լսում էի ես արդեն
Ահագնագոռ շառաչյունը ջրվեժի,
Եվ գլուխըս երկարեցի մի քիչ դեն։
121 Երբ ես բոցեր տեսա, ողբեր լսեցի,
Իմ երկյուղը կրկնապատիկ սաստկացավ.
Եվ ես դողով կուչ եկա ու սմքեցի։
124 Ստորակա պարունակին մատչելով,
Ես նոր միայն որոշակի իմացա,
Որ մենք իջնում էինք պտույտ գործելով։
127 Ինչպես բազեն, սավառնելով ընդերկար՝
Առանց թռչուն կամ խրտվիլակ տեսնելու,
Ցածրանում է պտույտներով օդապար,
130 Եվ իջնում է այնտեղ, ուրկից սրընթաց
Խոյացել էր, և հեռու իր տիրոջից
Կանգ է առնում, գժդմնած ու սրտմտած,
133 Այսպես Գերիոնն իջավ հատակն անդունդի,
Ստորոտը քարաժայռի սեպաձև.
Եվ հազիվ թե բեռնաթափեց մեզ գետին,
136 Նետի նման թռավ֊գնաց սրաթև։
</poem>
==Երգ տասնութերորդ==
<poem>
Դժոխքում կա գեշ ձորերով մի տեղանք ,
Վիմակերտ ու երկաթագույն, ճիշտ ինչպես
Նրա շուրջը պատող դարը գորշերանգ։
4 Այդ չարաշուք վայրի ուղիղ կենտրոնում
Բացվում է լայն ու խորասույզ մի ջրհոր,
Որի մասին ես կպատմեմ իր տեղում։
7 Այն տարածքը, որ նման է ջրհորի
Ու շրջակա դարի միջև, կլոր է,
Եվ հատակը բաժանված է տաս ձորի։
10 Եվ ինչպես որ խրամատներ կան ջոկ֊ջոկ
Ամրոցների պարիսպների շուրջբոլոր,
Ու ծառայում պաշտպանության համար լոկ,
13 Այսպես էին այստեղ ձորերն երևում.
Եվ ինչպես որ ամրոցների շեմերից
Դեպի հեռուն կամրջակներ են ձգվում,
16 Այսպես դարից ձգված էին պարեխներ,
Որոնք թմբերն ու ձորերը հատելով,
Հասնում էին և հավաքվում ձորն ի վեր։
19 Ահա այդտեղ իջավ Գերիոնը ճիվաղ
Եվ երկուսիս իր շալակից ցած նետեց։
Այն ժամանակ մենք ուղղվեցինք դեպի ձախ։
22 Իմ աջ կողմում տեսա նոր֊նոր պատիժներ,
Նոր տանջվողներ և տանջողներ նորանոր,
Որոնցով այն առաջին ձորը լի էր։
25 Այնտեղ կային երկու խմբեր տարընթաց .
Մոտի խումբը դեպի մեր կողմ էր գալիս,
Իսկ հեռվինը քայլում մեզ հետ համընթաց։
28 Այսպես հռոմցիք, հոբելյանի մեծ տարում ,
Բազմությանը Սուրբ Հրեշտակի կամրջով
Անցկացնելու հեշտ միջոց են հնարում,
31 Որով ոմանք գնում են դեպ մայր տաճար,
Դեմքերն իրենց ամրոցի կողմը ուղղած,
Իսկ ուրիշներ վերադառնում դեպի սար։
34 Ձորի երկու ոլորներում տեսա ես
Եղջերավոր դևեր, որոնք մտրակով
Հոգիներին ձաղկում էին սաստկապես։
37 Ինչպե՛ս սրանք հարվածից իսկ առաջին
Կրնկափոխ փախչում էին, և ոչ ոք
Չէր սպասում այլևս հաջորդ հարվածին։
40 Մինչ ես առաջ էի գնում անվարան,
Տեսա մեկին և ասացի յուրովի.
«Ուրիշ անգամ կարծես տեսել եմ սրան»։
43 Ես կանգ առա, որ նրան լավ ճանաչեմ,
Կանգնեց նաև իմ առաջնորդը բարի,
Ինձ թույլ տալով, որ նրա հետ զրուցեմ։
46 Մտրակյալը, կամենալով քողարկվել,
Դեմքը թեքեց, սակայն իզուր եղավ դա.
Ես ասացի. «Դո՛ւ, որ գլուխդ ես հակել,
49 Վենեդիկո Կաչչանեմիկն ես կարծեմ,
Դիմագծերդ եթե լավ եմ ես հիշում.
Բայց ինչո՞ւ ես այս տանջանքի մեջ դժխեմ»։
52 Եվ նա ասաց. «Այդ քեզ կասեմ ակամա.
Պարզ խոսքերըդ ինձ ստիպում են սակայն,
Որ ես հիշեմ մեր աշխարհը հնամյա։
55 Ես դրդեցի իմ Գիզոլա Բելլային ,
Կատարելու ցանկությունը Մարկիզի,
Ինչ էլ խոսվի այս լուրի շուրջ գարշային։
58 Մենակ ես չեմ բոլոնիացին մեղապարտ,
Նրանք այստեղ այնքան շատ են , որ Ռենի
Եվ Սավենի միջև ընկած հովտում արդ
61 Sipa բաոը չի կրկնվում այնքան շատ,
Որքան այստեղ. եթե կուզես ապացույց,
Հիշիր դու մեր ագահությունն ապիրատ»։
64 Եվ մինչդեռ նա ինձ բարբառում էր այսպես,
Մի դև նրան խարազանեց ու ասաց.
«Կավա՛տ, այստեղ կանայք չկան, որ խաբես»։
67 Ես միացա առաջնորդին իմ նորից.
Մի քանի քայլ անցնելով մենք հասանք անդ,
Ուր մի պարեխ էր երկարում դարափից։
70 Մենք հեշտությամբ նրա վրա բարձրացանք,
Եվ աջ կողմից դարավանդի վրայով
Մշտաչարչար այն ամբոխից հեռացանք։
73 Երբ հասանք անդ, ուր կազմում է նա կամար,
Որի տակով մտրակյալներն են անցնում,
Առաջնորդըս ասաց. «Այստեղ դու կանգ առ
76 Եվ նայիր այն երկրորդ խմբին չարածին,
Որոնց դեմքը դու տակավին չես տեսել,
Քանզի քայլում էին մեզ հետ միասին»։
79 Հին կամրջից նայում էինք նոր խմբին,
Որ մյուս ծայրից առաջանում էր դեպ մեզ,
Նույնպես ծեծված մտրակներով դիվային։
82 Բարի վարպետս ասաց՝ հարցըս կանխելով.
«Տես այն մեծը, որ գալիս է, և կարծես,
Ցավի մեջ իսկ երևում է անխռով.
85 Վեհ ու վես է տեսքով, ինչպես գահերեց։
Նա Յասոնն է, որ քաջությամբ ու խելքով
Կոլխիդայից ոսկեգեղմը ձեռք բերեց։
88 ճանապարհին Լեմնոս կղզին մտավ նա,
Որտեղ կանայք քաջահանդուգն ու անգութ
Բոլոր արանց մեռցրել էին անխնա։
91 Նա ցույցերով ու խոսքերով սիրախանձ
Այնտեղ խաբեց Հիսիպիլին դեռատի,
Որն իր հերթին նախ խաբել էր մյուս կանանց։
94 Այնտեղ խեղճին թողեց հղի վիճակում.
Դրա համար դատապարտված է այսպես։
Մեդեայի համար էլ է պատժվում։
97 Նրա հետ են խաբողները իր նման.
Այս աոաջին ձորի և անդ պատժվող
Անձանց մասին բավ է գիտնալը այսքան»։
100 Եկանք այնտեղ, որտեղ պարեխը երկար
Երկրորդ թմբի հետ հատվում է խաչաձև
Եվ կազմում է նրա վրա նոր կամար։
103 Մեզ այնտեղից հասան հաջորդ վիրապի
Ողբերն հոգվոց, որ փնչում են ու ծեծում
Կրծքերն իրենց հարվածներով կռուփի:
106 Ձորի խորքից փչող շնչից գանելի
Պատերն ամբողջ պատած էին բորբոսով,
Որ ոչ աչքին, ոչ քթին էր տանելի։
109 Հատակն այնքան խորունկ էր ու խավարին,
Որ տեսնելու համար թե ինչ կար այնտեղ,
Պետք է ծայրը մենք ելնեինք կամարի։
112 Այնտեղ ելանք. ձորում տեսա անարգել
Մարդկանց մի խումբ կղկղանքի մեջ սուզված ,
Ասես այնտեղ արտաքնոց էր դատարկել։
115 Մինչ ցած էի նայում տեսքով անհամբեր,
Տեսա մեկին, գլուխն այնքան աղտեղված,
Որ հայտնի չէ աշխարհիկ էր, թե կղեր։
118 Նա ինձ ասաց. «Այդպես ինչո՞ւ ես ձգտում
Նայելու ինձ ավելի քան մյուսներին»։
Ես ասացի. «Եթե լավ եմ ես հիշում,
121 Ուրիշ անգամ պետք է տեսած լինեմ քեզ.
Դու Ալեսսիո Ինտերմինելն ես լուկկացի.
Ահա ինչու քեզ եմ նայում հատկապես»։
124 Այնժամ ինքն իր գլխին տալով նա գոչեց.
«Այստեղ ընկա իմ քծնանքի պատճառով,
Որից լեզուս ամենևին չհոգնեց»։
127 Այնուհետև առաջնորդըս ինձ ասաց.
«Հայացքդ հիմա մի քիչ հեռու արձակիր,
Որպեսզի դու տեսնես դեմքը աղտեղված
130 Այն աղծապիղծ ու հերարձակ պոռնիկի,
Որ ճանկռտում է եղունգներով ինքն իրեն,
Եվ մեկ պպզում, և մեկ կանգնում է ոտքի։
133 Թայիսն է նա, այն բոզը, որ հոմանվույն,
Երբ նա հարցրեց՝ «Ունե՞մ քեզ մոտ մեծ շնորհ»,
Պատասխանեց. «Օ, ինչպե՛ս չէ, մեծագույն»։
136 Մեր աչքերը, թող կշտանան սրանով»։
</poem>
==Երգ տասնիններորդ==
<poem>
Ո՛վ մոգ Սիմոն , ո՛վ հետևորդքըդ նսեմ,
Դուք, որ ոսկու և արծաթի համար լոկ
Փչացնում եք սրբությունները վսեմ,
4 Որոնք պետք է տրվեն մարդկանց պատվավոր.
Արդ հարկ է որ շեփորն հնչի ձեզ համար,
Որ խրված եք երրորդ ձորում ահավոր։
7 Հասել էինք արդեն հաջորդ խանդակի
Կոր կամարի բարձրակետին, ուրկից ցած
Մենք ամեն ինչ տեսնում էինք հայտնակի։
10 Ո՛վ Գերիմաստ, ի՞նչ արվեստ ես ցուցադրում
Երկնում, երկրում և աշխարհում այս դժպիհ,
Օ՜, դու ինչքա՛ն արդարորեն ես դատում։
13 Ես հատակին ու պատերին ձոր֊խորշի
Տեսա բազում սալաքարեր գորշերանգ,
Որոնց վրա անցքեր կային բոլորշի։
16 Այդ անցքերը այնպես էին երևում,
Ինչպես ունի Սան֊Ջովաննին իմ չքնաղ ,
Ուր ծեսերն են մկրտության կատարվում։
19 Սրանցից մին, շատ տարիներ դեռ չկան,
Ես ջարդեցի մի խեղդվողի պատճառով,
Եվ սա ոչ ոք չվերագրի այլ դիտման։
22 Ամեն անցքից վերև էին կարկառված
Սրունքները մեղավորի մի ուրույն,
Իսկ իրանը անցքի մեջ էր մխրճված։
25 Այրվում էին ներբանները բոլորի,
Եվ հոդերը պրկվում այնպես ուժգնորեն,
Որ կապերն իսկ կքանդեին լարերի։
28 Ինչպես եթե յուղոտ մի բան է այրվում,
Բոցը նրա երեսին է շրջում լոկ,
Այսպես էին այստեղ ոտքերը վառվում։
31 «Վարպե՛տ, ասա,— ասացի ես,— ո՞վ է նա ,
Որ մյուսներից ավելի է գալարվում
Եվ ավելի կիզվում հրից անխնա»։
34 Եվ նա ասաց. «Արդ եթե դու կամենաս,
Քեզ կտանեմ այս դարն ի վար զառիթափ,
Եվ պատասխանն հենց նրանից կիմանաս»։
37 «Իմ կամքն այն է, ինչ որ դու ես կամենում,—
Ասացի ես,— դու ես տերըս և գիտես
Իմ բաղձանքը, թեև լուռ եմ ես մնում»։
40 Այնժամ չորրորդ թմբի վրա մենք եկանք,
Եվ, ձախ կողմից ցած իջնելով դարն ի վար,
Անցքերով լի ձորի հատակը հասանք։
43 Բարի վարպետս ինձ բաց թողեց լոկ այնժամ,
Երբ մենք եկանք֊հասանք անցքի մոտ նրա,
Ով ոտներն էր ջղաձգում հարաժամ։
46 «Ով էլ լինես, ո՛վ դու հոգի տանջակեզ,
Որ տնկվել ես ցցի նման գլխիվայր,—
Ասացի ես,— խոսի՛ր, եթե կարող ես»։
49 Կանգնած էի այնտեղ ինչպես քահանա,
Ում կանչում է մարդասպանը գետնամուխ,
Որպեսզի իր մահվան ժամը ուշանա ։
52 Նա ինձ գոչեց. «Բոնիֆակիոս, այդ դո՞ւ ես ,
Ասա, դո՞ւ ես, ոք եկել ես այսքան վաղ.
Շատ տարիներ գիրքը խաբեց ինձ այսպես։
55 Ունեցվածքից այդպես շուտով կշտացա՞ր,
Որի համար դու նենգորեն խաբեցիր
Չքնաղ կնոջ , ապա նրան տիրացար»։
58 Ես, շփոթված, նմանվեցի ճիշտ նրան,
Ով իր լսած խոսքերը չի հասկանում
Եվ չգիտե՝ ինչ պետք է տա պատասխան։
61 Եվ Վիրգիլն ինձ. «Ասա՛ նրան, շուտ արա՛.
«Այն չեմ, այն չեմ, որին ես դու սպասում»։
Կատարեցի ես պատվիրածը նրա։
64 Այնժամ հոգին ցնցեց ոտներն և ապա,
Հառաչելով, ասաց ձայնով լալագին.
«Ուրեմն ինձնից ի՞նչ ես ուզում դու հապա։
67 Եթե դու այս ձորի հատակն ես եկել
Իմանալու թե ով եմ ես, արդ գիտցիր՝
Ես պապական մեծ պատմուճանն եմ կրել։
70 ճշմարիտ է, որ ես եղա արջի ձագ .
Եվ հոգացի արջուկների մասին մյուս
Այնքան հաճախ, որ ընկա այս անցքը ծակ։
73 Ինձ նախորդած սիմոնական այլ պապեր
Քարշ են տրված այնտեղ, ներքև իմ գլխից,
Եվ ծվարած այս հողանցքում տանջաբեր։
76 Ես էլ պիտի խորասուզվեմ այս անցքով,
Երբ որ գա նա, որի հետ քեզ շփոթած՝
Քեզ դիմեցի անակընկալ իմ հարցով։
79 Բայց նա այստեղ այնքան երկար չի մնա
Ոտնատոչոր ու գլխիվայր վիճակում,
Ինչքան որ ես մնացել եմ մինչ հիմա.
82 Քանզի շուտով արևմուտքից պիտի գա
Ավելի վատ ու անօրեն մի հովիվ ,
Որ երկուսիս մոռացընել պիտի տա։
85 Նա կլինի մի նոր Հասոն Մակաբյանց .
Եվ ինչպես սա զիջող եղավ արքային,
Այսպես կլինի նա արքային ֆրանկյանց»։
88 Հիմարություն չարի՞ արդյոք, չգիտեմ,
Երբ ես նրան այսպես տվի պատասխան.
«Դեհ դու հիմա պատասխանիր ինձ տեսնեմ՝
91 Մեր Տերն ինչքա՞ն գանձ պահանջեց Պետրոսից,
Երբ որ նրան եկեղեցու պետ ընտրեց.
Ոչինչ, միայն ասաց. «Եկ իմ ետևից»։
94 Ոչ Պետրոսը, ոչ էլ մյուսները, անշուշտ,
Մատաթիայից ոսկի, արծաթ չուզեցին,
Երբ նա բռնեց տեղը հոգու ժանտաժուտ ։
97 Արդ կաց այդպես, պատիժդ արդար է քանզի,
Եվ պինդ պահիր դրամները քո շորթած,
Որ քեզ ժպիրհ դարձրին ընդդեմ Կառլոսի ։
100 Եվ եթե ես չտածեի խոր հարգանք
Այն պաշտոնի հանդեպ վեհ ու սրբազան,
Որ վարեցիր, երբ ապրեցիր ուրախ կյանք ,
103 Կասեի դեռ ծանըր խոսքեր ավելի.
Զի դուք աշխարհն ագահությամբ փչացրիք,
Բարձրացնելով անարգներին ատելի։
106 Հովհաննեսը ձեզ ունեցավ նկատի ,
Երբ տեսավ այն, որ ջրերի վրա նստած,
Պոռնկում էր արքաների հետ երկրի.
109 Այն, որ տեսավ յոթ գլխով ու տասը եղջրով,
Որոնցից նա ուժ ու սատար ստացավ,
Մինչև այրն իր հաճի ապրել լավ վարքով։
112 Ոսկին, արծաթն աստվածացրիք դուք կյանքում,
Կռապաշտներից տարբերվում եք նրանով,
Որ մեկի տեղ հարյուր կուռք եք դուք պաշտում ։
115 Օ՜ Կոնստանդին, ո՛րքան չարյաց մայր դարձավ
Ոչ քո դարձը, այլ այն պարգևը խոշոր,
Որ քեզանից հովվապետը ստացավ»։
118 Մինչ ես նրան այսպես էի բարբառում,
Նա զայրույթից և կամ խղճի խայթերից
Ուժգնորեն իր սրունքներն էր թափհարում։
121 Ես կարծում եմ իմ խոսքերը ճշմարիտ
Ուրախություն պատճաոեցին վարպետիս,
Որ լսել էր դեմքով գոհ ու լրջամիտ։
124 Ապա նա ինձ իր թևերի մեջ առած
Եվ իր կրծքին ամուր սեղմած՝ բարձրացավ
Այն դարվերով, ուրկից իջավ քիչ առաջ։
127 Ամենևին չհոգնելով իր բեռից,
Նա ինձ բերեց գագաթը այն կամարի,
Որ հինգերորդ թումբն էր տանում չորրորդից։
130 Այնտեղ բեռը գետին դրեց շատ զգույշ,
Այն տեղանքի համար վայրի ու դերբուկ,
Ուրկից այծերն իսկ կանցնեին դժվար հույժ.
133 Այստեղ պարզվեց մի այլ ձորակ չարաշուք։
</poem>
==Երգ քսաներորդ==
<poem>
Արդ հարկ է, որ նոր պատիժներ տաղերգեմ
Ներկա երգում իմ առաջին նվագի ,
Որի նյութն են դատապարտյալքը դժխեմ։
4 Պատրաստ էի ես նայելու արդեն ցած,
Դեպի խորքը երևացող նոր ձորի,
Որ թրջվում էր արցունքներով դառնամած։
7 Եվ բոլորշի ձորակի մեջ տեսա ես
Մեղապարտներ , որոնք, լուռ ու լալագին,
Քայլում էին դանդաղ թափոր մի որպես։
10 Երբ նայեցի ավելի լավ և ուշով,
Նկատեցի, որ պարանոցը նրանց
Ոլորված էր զարմանալի մի կերպով։
13 Նրանց դեմքը դեպի կռնակն էր շրջված,
Եվ զի զրկված էին առջև նայելուց,
Նրանք ետ֊ետ էին քայլում ստիպված։
16 Պատահել է գուցե նման հաշմանդամ
Պարանոցով այսպես լրիվ գալարված,
Բայց չեմ տեսել և հազիվ թե հավատամ։
19 Ո՛վ ընթերցող, Աստված տա, որ օգտվեիր
Ընթերցումից իմ պոեմի այս երկար,
Բայց ես կարո՞ղ էի չլալ, դու դատիր,
22 Երբոր տեսա պատկերը մեր մարմնույքի
Այնքան ծռված, որ արցունքները կաթող
Հոսում էին ճեղքի միջով հետույքի։
25 Լալիս էի հենված ժայռի ելուստին։
Այն ժամանակ առաջնորդըս ինձ ասաց.
«Արդյոք անմիտ բան չե՞ս անում վերստին։
28 Գթությունը այստեղ մեղք է մահացու։
Ո՞վ ավելի մեղադրելի է քան նա,
Ով հուզվում է դատաստանից Աստուծու։
31 Նայիր նրան, ով գետնի տակ կուլ գնաց
Թեբայեցուց աչքի առջև, երբ նրանք
Գոչում էին. «Անֆիա՛ր , ո՞ւր ես սուզվում ցած.
34 Ի՞նչ ես թողնում դա մարտադաշտը Մարսի»։
Ու նա այսպես անդունդն ի վար գլորվեց
Եվ ի վերջո ընկավ ճանկը Մինոսի։
37 Տես ինչպես է նա կռնակը կուրծք դարձրել
Եվ քայլում է ետ֊ետ, նայում է ետև,
Զի շատ ուզեց առաջիկայքը տեսնել։
40 Ահա Տիրեսն , ում կերպարանքը փոխվեց,
Երբ, փոխվելով իր անդամները բոլոր,
Տղամարդուց կնոջ սեռի վերածվեց։
43 Եվ հետո, երբ գանահարեց վերստին
Զույգ օձերին իրար ամուր պլլված,
Նա ստացավ իր արությունը կրկին։
46 Ահա Արոնտն , որ հետևում է նրան.
Նա լեռների մեջ Լունիի, որոնց տակ
Կարրարացին հող է հերկում հարաջան,
49 Բնակվում էր մի քարայրում մարմարյա,
Եվ այդտեղից դիտարկում էր անարգել
Ծովը անհուն և աստղերը հեռակա։
52 Իսկ նա, որի վարսերն առատ ու խռիվ
Արձակվել են կրծքի վրա, ծածկելով
Ստինքները և ամոթույքը լրիվ,
55 Դյութ Մանտովն է, որ շատ տեղեր ման եկավ,
Հուսկ կանգ առավ այնտեղ, ուր ես եմ ծնվել .
Արդ այս մասին լսիր ինձ պահ մի սակավ։
58 Երբ Մանտովի հայրը կյանքից հեռացավ,
Եվ Բաքոսի քաղաքն ստրուկ հռչակվեց,
Շատ տարիներ թափառական նա դարձավ։
61 Բենակ կոչված մի լիճ ունի Իտալիան,
Ստորոտը այն լեռների բարձրաբերձ,
Որ փակում են Տիրալլի մոտ Լամանիան։
64 Կամոնիկի և Գարդայի միջև կան
Շատ աղբյուրներ, որ թափվում են այդ լճում,
Ողողելուց հետո լանջերը Ալպյան։
67 Անդ կղզյակ կա, որը օրհնել կարող են
Վերոնայի, Բրեշիայիի և Տրենտոյի
Հովիվները, եթե այնտեղ այցելեն ։
70 Անդ, ուր ափը ցածրադիր է առավել,
Կառուցված է Պեսկիերա բերդն ամուր,
Որ կարող է թշնամու դեմ դիմադրել։
73 Այն ջուրը, որ չի պարփակվում լճի մեջ,
Դուրս է հորդում բերդի մոտից իբրև գետ
Եվ հոսում է արոտներով թարմ ու գեջ։
76 Բայց հենց որ ջուրն այդտեղից դուրս է հոսում,
Անվանվում է Մինչո մինչև Գովեռնո,
Որի մոտ էլ նա թափվում է Պադոսում ։
79 Մի քիչ ներքև հասնելով մի հարթավայր,
Նա տարածվում ու կազմում է մի ճահիճ,
Ուր ամռանը օդը շնչվում է դժվար։
82 Վայրի կույսը, երբ այդտեղով էր անցնում,
Ճահճի մեջտեղ ինչ֊որ ցամաք նկատեց,
Որ անմշակ ու անբնակ էր թվում։
85 Մարդախույսը ահա այստեղ կանգ առավ
Եվ նվիրվեց գուշակության արվեստին.
Այստեղ ապրեց և այստեղ էլ նա մեռավ։
88 Ապա մարդիկ շրջաբնակ վայրերից
Հավաքվեցին այս ցամաքում անմատույց,
Որ ճահճով էր շրջապատված չորս կողմից։
91 Նրա թաղված տեղում քաղաք հիմնեցին,
Եվ, անունով առաջնական գտնողի,
Առանց վեճի այն Մանտովա կոչեցին։
94 Նա նախապես բնակչությամբ շատ էր խիտ,
Երթ դեռ անմիտ Կազալոդին չէր խաբվել
Պինամոնտե Բոնակոլսից նենգամիտ։
97 Եվ եթե դու երբևէ այլ կերպ լսես
Ծագումը իմ հայրենական քաղաքի,
Ճշմարիտն ու սուտը իրար չխառնես»։
100 Եվ ես. «Վարպե՛տ, քո պատմությունը հայտնի
Այնքան ստույգ հավաստիք է ինձ համար,
Որ ուրիշը ես բանի տեղ չեմ դնի։
103 Բայց ինձ ասա՝ այս թափորի մեջ արդյոք
Կա՞ն ուրիշներ ուշադրության արժանի.
Զի ես հիմա այդ մասին եմ խորհում լոկ»։
106 Ասաց. «Ահա նա, ում մորուքը անարդ
Տարածվել է մեջքի վրա թխորակ,
Գուշակ էր, երբ Հունաստանում տղամարդ
109 Կարելի էր օրորոցում լոկ գտնել.
Այդ նա էր, որ Կալկանտի հետ Ավլիդում
Ազդանշեց նավաթոկերն արձակել։
112 Նրա անունն Եվրիպիլ է, այր մի վես,
Որի մասին վսեմ Ողբերգս հիշում է.
Դու այդ գիտես, զի երկիս լավ ծանոթ ես։
115 Իսկ այն մյուսը, որ նիհար է չափազանց,
Սկովտիացի Միքելեն է, որ գիտեր
Նենգ խաղերը ամեն տեսակ մոգությանց։
118 Ահա նաև Բոնատտին և Աստենդեն .
Այս վերջինը թելն ու կաշին զուր թողեց,
Սակայն հիմա զղջալը ուշ է արդեն։
121 Ահա կանայք, որոնք մեկդի թողնելով
Ճախարակը, իլն ու ասեղը իրենց,
Կախարդություն արին խոտով, պատկերով։
124 Բայց էլ գնանք, Կայենը իր փշերով
Հասել է զույգ կիսագնդոց սահմանին
Եվ Սևիլիոտ մոտ իջնում է ընդհուպ ծով ։
127 Երեկ գիշեր լիալուսին էր արդեն,
Կհիշես այդ. զի նա մթին անտառում
Լուսավորեց քո ճանապարհն այն ատեն»։
130 Նա, գնալիս, այսպես էր ինձ բարբառում։
</poem>