Changes

Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց

Ավելացվել է 44 090 բայտ, 17:40, 24 Սեպտեմբերի 2015
/* Գուշակություններ */
Մեր նախնի ընտիր գրիչներն ու թարգմանիչները, կամ իրենց բնատուր ճոխաբանությամբ, կամ իրենց հնագույն նախնիների պես֊պես աղանդները և մոլորությունները գիտենալով, դրանք կոչել են տեսակ֊տեսակ անուններով։ Ըստ մեր թարգմանիչների՝ Եսայի մարգարեն, իր ազգին հանդիմանությամբ խրատելով, ասել է (Ը, 19)․ «Եթէ ասիցեն ցձեզ, Խնդրեցէք զՎհուկս և զԳետնակոչս և զՋրախօսս և զՈրովայնակոչս, ոչ իբրեւ զազգ որ յԱստծոյ իւրմէ խնդրիցէ․ զի՞նչ պնդրիցեն վասն կենդանեաց՝ ի մեռելոց անտի»։ Լատիներեն ասված է միայն՝ «պյութոններ ու հարցուկներ, որոնք իրենց հմայության ժամանակ ճչում են» (Quaerite a Pythonibus et a Divinis, qui strident in incantationibus suis), մեր ունեցած հունարեն բնագրում՝ <i>որովայնախոսներ, գետնակոչներ, նանրախոսներ,</i> որոնք որովայնից գոչում են<ref>Հարցրե՛ք որովայնախոսներին և գետնի տակից ձայնողներին, դատարկաբանողներին, որ որովայնից են ձայնում։</ref>։ Մեր Գևորգ Սկևռացին՝ Եսայու, Ոսկեբերանի և այլոց հավաքաբան մեկնիչը, հարցնում է․ «Զի՞նչ է Վհուկ․ դև իմն չար, որ յորովայնէ կանանց խօսի, և նոր իրօքն ջանայ հաւատալի առնել զխաբէութիւնն․․․ և տգէտք հաւատան թէ ճշմարիտ խօսի․ յայսմանէ և Գետնակոչաց արուեստն հաւատալի թուի․ և Զրախօսացն՝ ընդ այր խօսողացն՝ որ յորովայնէն բարբառին։ Իսկ Ակիդաս (Ս․ գրքի հին թարգմիանչ ― Ղ․Ա․) զՀաւագետս ասէ փոխանակ վհկաց․ իսկ Սիմաքոս՝ զԳետս՝ որք ճճուիցեն․ և Թէոդիտոն՝ զԿանխագէտս ձագացեալս, այսինքն՝ ձագուց պէս ճռուողեալս (կամ ճըւճըւեալ ― Ղ․Ա․)․ թուի թէ և այս զՄեռելահարցուկսն նշանակէ, զի նոր բարբառովն զարմացուսցեն Դեւք իբրեւ զհաւս․ զոր Եօթանասունքն՝ Զրախօս ասացին»։
Նույն բանը իր ուսուցչի (Հովհան Որոտնեցու) գրքի մեկնության մեջ գրում է Գրիգոր Տաթևացին․ «Ոմանք ասեն՝ թէ Վհուկն Հարցողքն են, որք լինէին պաշտօնեայք կռոցն, և ի նորցանէ՝ այսինքն ի կռոցն՝ հարցանէին զլինելեացն։ Գետնակոչն այն է՝ որ ի ներքոյ կռոցն կամ ի ներքոյ ծառոցն ծածուկ լինէր գետին, և յայնմանէ խօսէր դեւն․ որպէս յորժամ եկն Աղեքսանդր թագաւոր ի մեհեանն արեգականն և լուսնին, և եհարց ի Գետնակոչէն։ Իսկ Զրախօսն՝ ընդվայրախօսն է որպէս Գարընկէցքն։ Իսկ Որովայնակոչն՝ այն է՝ յորժամ սպանանեն զարջառ կամ զոչխար, ի սիրտն և ի թոքն և յայլսն՝ դիւթեն զշարժմունս նոցա։ Դարձեալ վհուկ այն է՝ որ չար դեւք ի կանայս մտանեն և խօսին ընդ որովայնս նոցա։ Իսկ այլ թարգմանք փոխանակ վըհկացն՝ զՀաւագեէտն են գրեալ․ այսինքն, որք զձայնս ձագուցն և ագռաւուց և զայլոցն դիւթեն․․․ Եւ որովայնակոչն՝ որ դեւն մտանէ ի մեռեալն, և նովաւ ընդ վայր սուտ բարբառէր»։ Ապագան իմանալ անցկացողների փափագին նայելով, որ մեր լեզվով <i>իղձ</i> էլ է անվանվում՝ գուշակողներն էլ <i>իղձեր</i> և <i>ըղձապատումներ</i> են կոչվել, իսկ արածներն ու ասածները՝ <i>ըղձություն</i>։ Եվ բառից ենթադրվում է, որ բարի կամ հաջող բաների գուշակություններ էին։ Սակայն թե՛ Ս․ գրքի թարգմանության մեջ և թե՛ մեր վարդապետների հեղինակած գրվածքներում ամեն տեսակի հմայություների ու գուշակությունների փոխարեն էլ այդ բառն է գործածվել․ «Կոչեցին այլազգիքն զքուրմսն և զիղձսն՝ զգէտս իւրեանց» (Ա․ Թագավորաց, Զ, 2)։ Դոդոնի հարցուկի մասին Եվսեբիոսի թարգմանության մեջ ասվում է․ «Դոդովնէասաւ ըղձաւ վարէին Յոյնք»։ Մագիստրոսը Սավուդի ու Սամուելի պատմության մեջ իր սովորական ճոխաբանությամբ ասում է․ «Իղձք Կիւսոյ հմայից դիւթութեան յարուցանեն զՍամուէլ»։ Նմանապես և Նարեկացին աղոթքում (ՀԵ) եկեղեցու մասին գրում է․ «Օտարութիւն է ամենայնիւ դիցն դրօշելոց․․․ քակտումն է յայտնապէս Ուրուականց Ըղձիցն անտառաց․․․ Խորտակումն է համայն դիւապատիր Յուռթիցն արձանաց»։ Վերջին երկու խոսքերը ակնարկում են բնապաշտությունը։ Հետին դարերի գրողներից Թովմա Մեծոփեցին <i>իղձ</i>֊ը ստուգաբանում է «աղոթարան»՝ այն իմաստով, ինչպես հիշատակվեց ջուր աղոթելը։  Հեթանոսների համար ընդհանրապես շատ փափագելի գուշակությունը լինելիքը իրենց երազներում փնտրելն էր՝ սկսած ինքն իրեն աշխարհի տեր կարծող Նաբուգոդոնոսորից մինչև փարավոնի բանտարկյալ ներքինին ու մինչև հետին ռամիկը։  Տիր դիքի մասին խոսելիքս հիշատակեցինք նրա Երազմույն ու Երազացույց մեհյանն ու դրա ավերվելը։ Եթե հայոց այլ երկրներում այդպիսի մեհյաններ չկային էլ, ապա երազագետները շատ էին։ Ավեի շատ էին երազներին հավատացողները կամ խաբվողները։ Դրանց շատ լինելը իմացվում է նաև նույնիսկ բառերի պես֊պես զուգադրվելուց․ երևույթը կոչվում է <i>երազահանություն, երազադյութություն, երազամեկնություն, երազատու ձեռնածություն, երազահմա լինել</i> գուշակողը կամ հմայողը՝ <i>երազագետ, երազադատ, երազադյութ, երազահան, երազահմա, երազացույց, երազընդհան</i>․ վերջին երկու բառերը կարդացինք Ագաթանգեղոսի մոտ։ Երազագետները ոչ միայն խաբող էին, այլև երբեմն իրենք էլ էին խաբված։ Շատ անգամ այսպես է հասկացվում մի գրողի («Ոսկեփորիկ»֊ում) ասածից․ «Երազահան՝ որ ի գիշերի տեսանէ զդեւս և մարգարէութիւն պատմէ՝ զի պատրաստեսցի»։ Մի տեղ հիշեցինք մեր աշխարհակալ Տիգրանի դյուրահավատությունը, որ Նաբուգոդոնոսորի պես դիմում էր պես֊պես հմայողների։ Պատճառը մի երազ էր, որում կարծում էր, թե ընդարձակ դաշտում ոսկի է ցանում։ Երազահանները ինչպես մեկնաբանեցին՝ չգիտեմ, բայց ստույգ այն է, որ Լուկուլլոսը ու Պոմպեոսը ժողովեցին նրա ցանածները, և ինքը՝ Տիգրանը, նրանց զորավարներին ու զորքին միլիոններ պարգևեց։ Հռոմը Տիրգանի ու նրա քեռայր Միհրդատի գանձերով գուցե ավելի հարստացավ, քան այլ աշխարհների ավարներով, որովհետև նրանցից առաջ սրանք՝ Տիգրանն ու Միհրդատն էին ավերել ու ավարառել արևմտյան և հյուսիսային Ասիան, ինչպես իրենց հայրն ու աները՝ Արտաշեսը՝ Հունաստանը, որի նման երկուսն էլ՝ մեկը ինքնասպնության պահին, մյուսը հաղթվելուց և տիրած երկրները ետ տալուց հետո, կարող էին նրա պես հառաչել․ «Աւա՜ղ փառացս անցաւորի»։ Այս խրոխտ և իր կառքերին թագավորներ լծող թագավորաց թագավորը (Տիգրանը) չգիտեմ ո՛ր հին պատմիչի ավանդությամբ մի անգամ էլ իր որդու՝ բժիշկների չբուժված հիվանդության պատճառով դարձյալ դիմեց հմայողներին ու գուշակողներին։ Վերջիններս, ըստ պատգամախոսների սովորության, մութ ու երկդիմի խոսքերով ասացին․ «Բժիշկներէ յոյս չկայ․ այլ թէ լուսացուի տաք տաք առանց թրջուելու՝ կու բժըշկուի»։ Այս պատգամը հասկանալու համար էլ նոր գուշակության կարիք կար։ Տիգրանը, մտածելով, որ տաք լինի ու չթրջվի, որդուն տաք մորթիով փաթաթել և այդպես լվանալ տվեց։ Սակայն օգուտ չեղավ։ Հետո կանգնեցրեց արեգակի տաք շողերի ներքո և վրան լցնել տվեց տաքացրած ավազ․ այսպես բժշկվեց։ Գեղեցիկ գյուտ, որին նման համարելով ուրիշ շատ հին հեղինակների պատմածները և խաբեբաներից դյուրահավատների խնդրածները, հեռանալով մեր ոճից՝ հաճո համարեցինք հիշելը՝ միաժամանակ նաև որպես հավաստիք, բայց ոչ պարծելի, այլ պախարակելի հավաստիք մեր ազգակիցների՝ երազային բաների մասին զրախոսության զրալրության։ Դրա ուրիշ իրական հավաստիք են նաև ձեռագիր ու տպագիր երազահանները, որոնք համարվել են այնքան կարևոր ու պիտանի, որ տպագրվել են 16֊րդ դարի սկզբին (Վենետիկում)՝ թերևս հայերեն բոլոր գրքերից առաջ։ Իսկ ձեռագրերը ավելի ընդարձակ են, և մոտ երկու թերթ թարգմանված է արաբերենից ռամկորենի 1222 թ․ Անեցի Առաքել աբեղայի կողմից (Չեչկանց Մխիթար Շիրակվանեցու օգնությամբ)․ արաբ հեղինակները կոչվում են Խալավխան և Սուլթան, իսկ գրքի մասին ասում են․ «Թուփառմուլք է անուն գրիս, որ թարգմանի Աղէկախօս, և ճշմարիտ վիճակն և աղէկ․․․ 56 ցեղ երազ է, ու ամենուն մեկնութիւնն գրած է ի յայս գիրքս, բարի երազն ու չարն, և զարմենայն մարդու, որ ինչ գալու է»։  Մեզ հայտնի անեցի գրիքնեչից ու գրվածքներից սա վերջինն է և բացի մի քանի բառից՝ պիտանիությամբ էլ է վերջինը։ Այս գրքի՝ հաջորդ դարերի օրինակողները Առաքելի լեզուն հարմարեցրել են իրենց ժամանակին ու տեղին կամ բառերը պարզեցրել են ավելի կամ պակաս փոփոխություններով։ Կան նաև բառգրքերի կարգով բաժանված համառոտ երազահաններ՝ շատ անգամ տպագրված տոմարների հետ՝ իբրև եղանակների գուշակության մաս, դրանց հետ՝ նաև ոմն Իգնատիոսի իրենց արժանի «Մարմնախաղաց»֊ը, լուսատուների հայտնվելու, խավարման, շրջանի օրերի և այլ գուշակությունները՝ Դանիելի անվամբ, և տեսակ֊տեսակ աղթարքներ կամ ախտարքներ, ինչը պարզապես նշանակում է «աստղագիտություն» կամ «աստղերի գուշակություն», բայց նույն անունով իմացվում են նաև սնոտի բժշկական բաներ և նուսխաներ, որոնց հեղինակ է համարվում Ճալիանոսը, այսինքն՝ Գալենոս հին հույն խելամիտ բժիշկը, ըստ ոմանց էլ՝ ոմն կախարդ Կապրիանոս՝ իբր ս․ Հուստիանեի վարքի մեջ հիշատակված Կիպրիանոսը։  Այսպիսի գրվածքները կամ մեկ առանձին հիվանդության մի դարմանի մասին գրվածքները, որ շատ են, դրանց սուտ զորությանը հավատացողների՝ իրենց ծոցում կամ գրպանում կրելու պատճառով կոչվում են նաև <i>գրապանակներ, պահարաններ, պահապանակներ՝</i> իբրև հիվանդություններից և պատահարներից պահողներ, որի համար նաև՝ <i>գիր պահպանության</i> կամ <i>օգնականության</i> կամ միայն <i>գիր</i>, որը գրելն էլ կոչվում է <i>գիր հանել</i> կամ <i>գիր առնել</i>, և մեկը է՛լ ավելի լավ կոչվում է «այլախոս թուղթս»։ Մանդակունին զգուշացնում է՝ ասելով․ «Պահարանք ի Սիբնկոնք ի կռապաշտութիւն տանին»։ Երկրորդ բառը հունարեն УхвЮнз բառից է և նշանակում է «մանր նշխարի տուփիկներ», որոնց մեջ դնում էին պահպանիչ նյութերը կամ գրերը, և որոնք փոքր լինելու պատճառով, ըստ Մանդակունու խոսքի, «կապէին ի ձեռին և ի յակին և ի պարանոցի»։ Այսպիսի փոքր բաները, տուփով լինեն, թե քսակի մեջ և թե այլ կերպ, կոչվում են <i>հմայեկներ</i>, որը նշանակում է «հմայելու բան»։ Երկար գրվածքը սովորաբար գրվում է նեղ և իրար կպցրած թղթերի կամ մագաղաթի վրա՝ մինչև 10, 20, 30 և ավելի չափ (մետր) երկարությամբ։ Գրվածքները մասամբ Ս․ գրքի և օրինավոր աղոթքների խոսքեր են, մասամբ էլ՝ վերոհիշյալի նման ափեղցփեղ։ Շատերի վրա մեջընդմեջ նկարված են տերունական և ծանոթագույն սրբերի պատկերներ (Լուսավորիչ, ս․ Սարգիս, ս․ Գևորգ և այլն) ընդդեմ պես֊պես հիվանդությունների, պատահարների և վտանգների կամ վնասակար կենդանիների։ Օրինակ․ «Երդմնեցուցանեմ զ666 ազգ Օձիցն, զգազանաց, զսողնոց, զեռնոց, որ զեռան ի վերայ երկրի, որք հարկանեն և տկարացուցանեն զմարդիկ․ և երդմնեցուցանեմ զ304 ազգ Կորն (կարիճ)․ երդմնեցուցանեմ զԿորն և զՄուրն և զՓոյլախն և զԿարիճն, և զԿուրն, որ ունի թիւնից սատանայի։ Երդմնեցուցանեմ զհայր օձիցն և զամենայն գազանաց, զԻժն և զՔարբն» և այլն։ Եվ առանց ձանձրանալու՝ հիշատակում է հայերեն և օտար անուններով 30 կամ 40 տեսակ օձ։ Գուցե մի մասին էլ գրողն է ստեղծել, ինչպես մանր ճիճուներ, միջատներ, սողուններ էլ։ Ընդդեմ պատահարների կամ ի պահպտանություն դրանցից․ «Փրկեա զծառայս քո, և ամրածածուկ աջովդ քո պահեա զսա յամենայն որոգայթից երեւելի և աներեւոյթ թշնամւոյն, ի սրոյ և ի հրոյ և ի յօդոյ և ի ջրոյ, և ի հեղեղատէ, ի յընկղմանէ ծովու, ի յորդահոսան գետոց և յաղբիւրէ, և ի բքախեղդ ձիւնէ, ի լեռնատարափ թնդմանէ, ի վիմագլոր և ի թաւալագնաց քարէ․ ի յորոտմանէ ամպոց, ի շառափնաթափ կարկըտէ, ի յանկարծակի փայլատակէ և ի հրաբորբոք կրակէ, ի շարժմանէ, ի ցասմանէ և ի պատերազմէ, փրկեա և պահեա» և այլն։ Հայտնի է, որ մեր սուրբ կրոնն էլ բարեպաշտներին ներում է կրելու համար թե՛ որևէ սրբազան բան, ինչպես՝ ավետարանի մի մաս կամ մի քանի խոսք կամ այլ հոգևոր գրվածք, և թե՛ սրբազան նյութեր, ինչպես՝ սուրբերի նշխարներ, ոսկորներ լինեն, թե հանդերձ և այլն, բայց միայն այսպիսիները՝ անխառն սնոտի հմայական բաներին, և ոչ բնավ՝ օտար նյութ, նկար կամ ինքնահնար գրեր, ձևեր, բառեր, անծանոթ ու անէակ անձեր և անուններ, առավել ևս աղտեղի քուրջեր կամ նյութեր՝ լավագույն նյութերի մեջ փաթաթած, որի պատճառով կոչվում են <i>փաթեթայք, հեթեթանք, հանգուցակք</i> և այլն, ինչպես Անձևացյաց կողմերի վերոհիշյալ քարապաշտները և կրակապաշտները (նաև հետագայում) տալիս ու առնում էին թարախաշոր ծրարներ ու փաթեթաններ, և «դեղս ախտականս, առ ի կատարեալ զպղծութիւնս ախտից․․․ մարդիկ աշխարհին սովորեալք անդ առ քարին դեգերէին, առնուլ ի չաստուածոցն ծրարս թարախածորս՝ ի պատճառս ախտիցն, որպէս զծրարսն Կիպրիանոսի՝ առ ի պատիր Յուստիանեայ կուսին»։  Սրանց ջնջեցին նախ ս․ Բարդուղեմիոսը, ապա Հռիփսիմյանները ու Լուսավորիչը։ Բայց ցավալի և ամոթալի է, որ դեռ հետո էլ մնացած լինեն այդպիսի դեղատուներ, ինչպես դրանք կոչվում էին (թեև այս անունով իմացվում են մահացու դեղ տվողները)։ Ալավկի որդին իր ժամանակի սնահավատներին էլ է հիշատակվում, որոնք հմայեկների վրա խառը գրում էին դևերի, հրեշտակների ու սրբերի անուններ «և այլ բազում ոգեկորոյս և օտարացուցիչ յԱստուծոյ բանս յօդեն և գրեն ի մագաղաթի, խառն ընդ անուանսն և բանաքաղ լինին յաւետարանէն Քրիստոսի, և ի ներքս խառնեն գրովք, զի կենաց բանիւն՝ զմահացու բանն յօժարութեամբ առնուցուն․ և զայսոսիկ գրեալ լի մագաղաթիւ ծածկեալ, կնքեն տէրունական խաչիւն․․․ և առեալ դնեն ի դըրճի<ref>Մեկ օրինակում գրված է «ի թապուտի»․ մեկ այլ օրինակում՝ «ի Քաւութեան․ և զայն չնչմանս՝ զոր ուսոյց սատանայ՝ դնեն անդ ի ներքս ի ծրարս թաւութի և կապեն ի բազուկս» և այլն։</ref>․ այլ և կապեն ի բազուկս և ի պարանոցս մանկանց իւրեանց, անասնոց, ձիոց և եզանց և ոչխարաց․ և Պահապանս կոչեն զայս»<ref>«Եւ յայս զանազան հմայութիւնս՝ խառնեն որդն անկեալ ի վէրք, որպէս ցեցդ է․ թովչութեամբ ասեն արտաքս բերեալ»։</ref>։ Իսկ Մանդակունին դա կոչում է «Ժաժմուկս մտացածին բանից․․․ և զանուան, որ ոչ լսի ի պատուիրանս՝ գրածս առնեն, և զանուն Քրիստոսի ընդ նոսին արկանեն, զի գրածն՝ աստուածական համարեսցի»։ Անցյալ դդարի կեսին Իգնատիոսի վարդապետ Ջաղատյան Ջուղայեցին իր վարքի պատմության մեջ գրել է մի գլուխ՝ «Վասն սովորութեան կանանցն արեւելեան, մնացեալ ի հնոց ժամանակաց յօյէնս աշխարհական, բանք առասպելք և ծիծաղելիք», որոնց 44 տեսակ է համարում կարճ բացատրություններով և ավելացնում է, թե կան «այլ ինչ բանս ծիծաղելիք՝ որ ոչ կամեցաք գրել վասն առասպելութեան»։ Մենք էլ, նրան հետևելով, թողնենք և՛ նրա գրածները, և՛ ուրիշ շատերը, որոնցից ավելի գիտեն, գուցե և հնարում են արևելյան կանայք, որովհետև Կիրիանոսը աղթարքներում եղած կամ հաշվվաշ է համարում «6672 աղանդս կանաց և կախարդաց»։ Նմանապես թողնենք այլ ավելի անվնաս, բայց և անօգուտ գրվածքները («Յոթնագրյանք» և «Վեցհազարյակ» կոչվածները) հիշելն ու քննելը․ դրանք առանց հասկանալու պահվել ու պատվի են արժանացվել գիտունների ու անգետների կողմից, առավել ևս՝ սնոտի և խտրական «Ուրբաթագիրք»֊ը, որ երդվեցնող, առավել ևս՝ սնոտի և խտրական «Ուրբաթագիրքը»֊ը, որ երդվեցնող ու պահպանական աղոթքներ և աղճատանք են և որևէ բախտ ճանաչելու կամ գտնելու կախարդական խոսք ու չնչմանք, և որին հետևողները կոչվում են <i>ուրբաթատեսներ</i> և <i>ուրբաթալեզներ</i>։ Աղթարքները ընդհանրապես ախտերի և հիվանդությունների վերաբերյալ (որոնք մեկ անունով կոչվում են <i>գան</i>) այնպես են գրում, կարծես դրանք ինքնակամ կամ չար ոգիներ լինեն, և սրանց կերպ ու կարծիք են տալիս, ինչպես տեսանք շուտիկի մասին խոսելիս, որի հետ հիշատակվում են՝ գնայուն ու սողուն, կեր, առիքեն, գետնառյուծ, աղվեսակ, ծիրանուկ, խուլիկ, խլուրդ, աչքունք, մազիկ, դիպուկ, գորտնիկ, խաղողիկ, սևբուշտ, խումրա, խոցտուկ, մարմնագույն և այլն, որոցից շատերը՝ իբրև ցավերի ու ախտերի տեսակներ, հիշատակվում են բժշկարաններում։ Բայց աղթարքների լավագույն ասածը սա է․ «Չիք ես և ի չիք դառնաս։ Դեղ Հիսուս Քրիստոս լինի․ ամէն»։ ==Հանդերձյալ կյանք== Չար և բարի ոգիների հիշատակնումները ինքնին հայտնի դարձրին մեր հեթանոս նախահայրերի՝ հանդերձյալ կյանքին հավատալը։ Եվ բովանդակ ազգերի մեջ ո՞վ չի տարակուսել կամ չի ընդունել այս, եթե խելագար չէ՝ բացի մի քանի լիրբ իմաստակներից, որոնք անաստվածությունն անգամ պարծանք են համարում։ Որքան էլ ընդհանուր է հանդերձյալ կյանքի հավատը, այնքան էլ միօրինակ չէ, մանավանդ շատ է զանազանվում հոգիների վիճակի կամ գործերի հատուցման և արքայության ու դժոխքի գաղափարը։ Եվ ըստ այսմ՝ շատ փափագելի էր իմանալ մեր ազգակիցների կարծիքը, ինչի մասին մեզ որոշակի ավանդություն չի հասել, այլ ինչ֊ինչ նշմարներ։ Դրանք առավելապես վերաբերում են երկու կյանքի կապին կամ կամրջին և նրա երկրային հիշատակարանին այսինքն՝ մահվանը, հուղարկավորությանը և գերեզմանին։  Գրողը և առնակը հայտնի դարձրին, որ ըստ ճակատակագրի սահմանած ժամանակի՝ հոգեպահանջ ու հոգեկոչ հրեշտակը կամ դևը գալիս է մարդկանցից յուրաքանչյուրի մոտ՝ մարմնից հոգին հանելու համար։ Կվայելեր, որ հերշտակի՝ արդարներին ուղղված կանչը մեղմ լիներ և կոչվեր <i>հրավեր</i>։ Այս բացատրությունը մինչև հիմա՝ նաև քրիստոնեության ժամանակներում, գործածվում է մեր լեզվում և գուցե ավելի, քան օտարների մոտ։ Իսկ բոլորի համար ճակատագրի վճիռը հրաման էր, ինչպես գուշակվում է Եզնիկի վարդապետությունից․ դրանով «հրամանացն եւս հարցուածք․․․ լուծանին։ ― Զի՞նչ Հրամանքն իցեն, և ուստի՞ բան Հրամանացն ընդ աշխարհ տարածեալ իցէ։ ― Հրաման վասն մահուան՝ յաստուածատուր գիրս ոչ ուրեք գտանեմք։ ― Ո՞ւր իցէ այն զոր ասեն, եթե որ ինչ ի ճակատագրին գրեալ է Հրամանացն՝ այնմ չէ հնար վրիպել․․․ և ուր Հրամանքն իցեն և յումէ Հրամանքն՝ ըստ այնմ և մեռանին, և վրիպել չէ հնար ի սահմանելոյ Հրամանէն»։ Նույնպես և Հովհաննես կաթողիկոս Մանդակունին է գրում․ «Մի՛ մոլորեսցուք իբրեւ զհեթանոսսն՝ ի Բախտ և Ճակատագիր և ի Հրամանս, զի զինչ և Հրամանքդ տարածին ըդն ամենայն երկիր և բնադագուշեալ խօսին սուտ, եթէ մարդ ընդ Հրամանս վարի և գործէ» և այլն։ Բայց ինչպես <i>հրավեր</i>֊ի համար ասացինք, <i>հրաման</i> բառը ևս գործածված է քրիստոնեական գրվածքներում, ինչպես Բասենի կողմերում Արտավազդ Կամսարականի նորագյուտ տապանաքարի վրա․ «Աստուծոյ Հրամանաւք աստուածակոչ հրաժարմամբ՝ աստ է հանգուցեալ»։ Առաջիններին (<i>հրավեր</i> և <i>հրաման</i>) լծորդ <i>հրարում</i>֊ն էլ օտար չի թվում նաև հեթանոս հայերին, գուցե և Ֆերուհերի իմաստին։ Մեռյալներին պատանելու և հուղարկավորության ծեսերի կարգին էլ շատ ծանոթ չենք, բայց շատ տարբեր չենք կարծում համակրոն և մերձավոր ազգերի ծեսերից, մանավանդ եթե գիտենք հիշատակված մի քանի նշմարներ։ Այդպիսին են լալկան կանայք, որ կոչվում են նաև <i>եղարամայրեր</i> (ողբացող մայրեր) , և արտասվաշարժ ձայնարկու և երգեցիկ գուսանները՝ չափազանց և հեթանոսներին հատուկ սուգի ու ցավի ձևացյալ նշաններով, մազերը պոկոտելով, մինչև արյուն կաթեցնելը երեսն ու թևերը կծոտելով․ սովորույթներ, որոնք սպրդել են նաև անզգաստ քրիստոնյաների մեջ, և որոնց դեմ շատ անգամ են գրել մեր հայրերն ու դատապարտել են կանոններով<ref>Քննելի է Հովհաննես Գառնեցու խրատը․ «Մի՛ տայցես թոյլ՝ առնել ի վերայ մեռնելին Կոծ և Կապոյտ, և Կտուրս հերաց և Աւճիրս»։</ref>։ Ավելի պժգալի չափազանցություն էր թագավորների և մեծամեծերի սիրելիների, կանանց, հարճերի, ծառաների կամավոր և ոչ կամավոր մահն ու սպանությունը (էլ չենք ասում՝ նրանց հեծած ձիերի և շների սպանությունը), ինչպես հիշատակվում է Արտաշես Բ֊ի համար․ թերևս նրանց խղճալի և իրական ողբերը չլսելու համար զորացնում էին երաժշտության ձայնը։ Այդ վերջին անիրավ և անօգուտ սովորությունից զատ՝ ողբասացներն ու գուսանները և ծիսական երգերը պահպանվել էին նաև քրիստոնեույթան ժամանակ՝ թագավորների և մեծամեծերի համար, ինչպես հատուկ գրված է մեծն Տրդատի մասին (թվում է՝ Խորենացու կողմից) և Արծրունի մեծ իշխանների մասին Թովմա Արծրունու կողմից։  Սգո նշանների մեջ սևը ընդհանուր է գրեթե բոլոր ազգերի՝ համար, մինչդեռ սպիտակը նշանավոր է մեր ազգի մեջ, թեև ոչ բոլորի, այլ թագավորների կամ մեծամեծերի և քահանաների համար, որոնց հատուկ էր և սպիտակ հանգելը․ մասնավորապես աշխարհակալ Տիգրան Արշակունու մասին, իբրև աչքի զարնող մի բան, այդ հիշատակում են մերձաժամանակ օտար հեղինակները։ Արքունի և կրոնական հանդիսությունների ժամանակ էլ սպիտակ պիտի լինեին մինչև իսկ կառքի ձիերը և զոհաբերվող կենդանիները, ինչպես պատմում է Ագաթանգեղոսը Խոսրովի և Տրդատի մասին խոսելիս։ Թվում է, թե սգո սևը նրանց արքունական և սրբազան աստիճանից զրկել էր համարվում։ Այդ իսկ պատճառով դագաղները, հուղարկավորության սպասքը և սպասավորների զգեստները պիտի լինեին սպիտակ։ Հայոց արքունիքում այս սովորույթը պահպանվել էր նաև մինչև իսկ վերջին (Ռուբինյան) հարստության մեջ, և մինչև իսկ վերջին թագավորն էլ (Լևոն Ե֊ն, որ հայ կարող է կոչվել միայն մոր կողմից) սպիտակ զգեստով ու սպիտակազգեստ հուղարկավորներով տարվեց թաղվելու (Փարիզում)։ Մեր «Մաշտոց»֊ը ևս պատվիրում է վախճանված քահանային սպիտակ զգեստ հագցնել ու գերեզման դնել սպիտակով։  Իրենց մեռյալների մարմինների առումով մարդկանց շատ տարբեր սովորույթներ են եղել՝ պահելու կամ փչացնելու կամ բնությանը հանձնելու, որ ինքը պահի կամ քայքայի իրենց ձևացածին։ Ըստ առաջինի՝ ոմանք (եգիպտացիները) ջանում էին դեղերով և զմռսելով անփուտ պահել մարմինները, գոնե մեծ համարված մարդակնցը․ մումիաները ամենքին են հայտնի։ Ոմանք էլ (ինչպես պարսիկները, հռոմեացիները և այլն) այրում էին և պահում միայն ոսկորները կամ մոխիրը։ Ուստի մեր կրոկանակն գրքերում էլ սովորություն է դարձել «աճյունացյալ մարմիններ» ասելը։ Բայց մեր հեթանոս նախնիների մեջ դիակներ այրելը չի հիշատակվում, այլ, ըստ ընդհանրական և բնականագույն օրենքի, հողում թաղելը կամ կես պահպանությամբ, զմռսելով շիրիմներին, քարեղեն գերեզմաններին հանձնելը, ինչպես անում էին նաև քրիստոնեության ժամանակներում թագավորներին, իշխաններին, բարձրաստիճան եկեղեցականներին։ Մինչև հիմա էլ այդպես են անում նաև օտար ազգերը։  Հնագույնները իրենց իշխանազուններին կամ վեհազուններին մարդկանց մեջ բարձր դասելը հայտնի դարձնելու համար նարցն թաղում կամ դնում էին բարձր տեղերում։ Հայկի մասին էլ է ասվում, որ Բելի դիակը դեղապատելով՝ թաղել տվեց բարձրավանդակ տեղում՝ «ի տեսիլ կանանց և որդւոց»։ Եթե նունիսկ նա կամ ավանդող պատմիչը այլ մտքով է սա արել, մինչև հիմա էլ թե՛ մեր, թե՛ օտար երկրներում, գերեզմաններում են գտնում լեռների ու բլուրների վրա։ Եվ ոչ միայն երկրի անշեն բարձունքների, այլև շինվածքների, մանավանդ լայն պարիսպների վրա էին գերեզմաններ կանգնեցնում, որտեղից սովորություն է դարձել մեր գրքերում նույն պարիսպների բրգաձև և այլ ձևերի բարձր մասերն էլ <i>մահարձան</i> անվանելը։ Այսօրինակ բարձրադիր գերեզմանների պատճառները կարող են շատ լինել․ գուցե մեկն էլ առլեզների իջնելու դյուրության համար լինի։ Հների սովորությունն էր նաև հողաբլուր գերեզմաններ շինելը, այսինքն՝ կա՛մ գետնի մեջ թաղելով, վրան հող ու քար կիտելով՝ բլրակ ձևացնելը, որ կոչվում է նաև <i>թիլ</i>, կա՛մ բնական բլրակների մեջ փորելը և դագաղը կամ դիակը այնտեղ դնելը։ Սակայն այս կերպը մեր ազգակիցների մեջ շատ հաճախ չի հանդիպում։ Նույնիսկ թագավորները և իշխանազունները պատրաստում էին իրենց սեփական գերեզմանատունը, ուր թաղվում էին կա՛մ առանձին փորված քանդակազարդ գերեզմաններում, կա՛մ հողի մեջ՝ մի քարի կամ վեմի տակ, որը, իհարկե, կարելի է կոչել <i>տապանաքար</i>։ Ըստ որում մարմինը ամփոփող խորշը կամ որևէ ընդունարանը կոչվում է <i>տապան</i>, իբրև թե մի սնդուկ, ինչպես և նշանակում է <i>տապանակ</i>֊ը։ Բայց գուցե <i>տապան</i>֊ն ի սկզբանե ունեցել է նաև <i>տապ</i> բառի իմաստը՝ նման հույների фЬцпт, фЬцз բառին, որ նշանակում էր «դիակներն այրելու վայր»։ Եվ եթե սա չէ, առավել հավանական է թվում նրանց фЮмвпт անունից (որից և՝ լատիներեն Tumba, ֆրանսերեն Tombe) առնված <i>դամբան</i>֊ը, որը այնքան տարածված է մեր լեզվում, որ մինչև իսկ մեռյալների վրա ասված ողբը կամ խոսքը կոչվել ենք <i>դամբանական</i> և <i>գերեզմանական</i>։ Հիշատակեցինք նաև պարսից աղանդի մեջ նրանց մեռելատեղին՝ <i>դուխման</i>։ Այս անունը մասամբ հիշեցնում է մեր կմախք բառը, որ նշանակում է «մեռյալների՝ մսից զատված մասը, ոսկորները կամ չորացած մարմինը»։ Այս անվամբ նաև թագավորների գերեզմանատեղիին մերձակա շենքը կամ գյուղը Կամախ է կոչվել և կոչվում է մինչև այսօր։  Մարդիկ (ասում են մեր ազգակիցների մասին), քանի դեռ ապրում են, գուցե բնակարաններին այնքան զանազան անուններ չեն տվել, որքան իրենց մեռյալների պահատեղիին։ Դրանցից ամենահասարակը, գուցե և ամենանշանավորը շատ անգամ գրածներս է՝ <i>գերեզմանը</i>, որը, թեև բավական երկար ու եռավանկ բառ է, բայց դեռ ստուգապես բացահայտված չէ (բաց թողնենք բառի ծաղրելի մեկնությունները՝ <i>գերե զամենն, գերու աման</i>)։ Այսպես է ասել նաև Վանական վարդապետը, բայց ավելացնելով․ «Դիր միոյ կամ գերոյ աման, պարսիկ բառ է․ Ներքոյ հողոյ կամ երկրի ասի Գերեզման»։ Սա մի հին հեթանոսական գաղտնիք պահող է թվում։ Գուցե զուգադիպություն է, բայց այս իմաստից հեռու չէ հունարեն Кзс կամ У՝зсет անունը, որ նշանակում է «մահվան ոգիներ» կամ «քաջարի»։ Նման հնչումով, բայց հակառակ իմաստով՝ հին հռոմեացիները արարիչ Աստծուն կոչվում էին Կերուս֊Մանուս (Cerus Manus)։ Այս հնչմանը մերձավոր և իմաստով նրանից ոչ հեռու է Ավեստայի լեզվի <i>կորոտման</i>֊ը, որը հիշատակել ենք նախորդիվ, և որը հավանելի է եղել արևելագետներից ոմանց։ Ըստ հնչման և իմաստի՝ մեր մեղմահուշիկ <i>քնարան</i> անունն էլ մերձավոր է հույների <i>քենի՛րիոն</i>֊ին, КенЮсйпн, որը, <i>տա՛փոս</i> բառի հետ բարդվելով, դառնում է КенпфЬцпт, այսինքն՝ <i>քնատապան</i>։ Սովորաբար հույները այսպիսի գերեզման կանգնեցնում էին ծովում մեռածների կամ նրանց համար, որոնց մարմինները կորսված էին, և հարմար էր, որ գոնե քնի մեջ լիենին։ Քրիստոնեությունը սրբագործել և ազնվացել է այս անունը, մանավանդ մեր եկեղեցու լեզվով, որը իր հավատացյալ մեռյալներին կոչվում է ննջեցյալներ և հանգուցյալներ։ Մի անծանոթ ծագմամբ բառ էլ մեր <i>շիրիմ</i>֊ն է, որ նշանակում է «մեծագործ գերեզման», ինչը, ըստ Փիլոնի մեկնիչի, կոչվում է <i>հիշատականոց</i> և ճիշտ Monumentum, Monument ասվածն է։ Բայց նույն հեղինակը ասում է նաև․ «Շիրիմ կոչէին նախնիքն՝ զգերեզման մերկացեալ»։ Իսկ Մխիթար Գոշը («Մեկնություն Երեմիայի») գրում է․ «Շիրիմ՝ զայն ասէ՝ ուր զբազում մեռեալս դնէին»։ Վերջին բառը կամ բայը մեզ հիշեցնում է նաև <i>դիրք</i> անվանումը, որով հավանորեն նաև հին Հայաստանում կոչվում էին այն վայրերը, որտեղ դրվում էին մեռյալների մարմինները, և քրիստոնեությունը ավելացնում է <i>դիրք հանգստյան</i> անվանումը։ Ռամկական, բայց ավելի պարզ ու զգայուն է գերեզմանատեղերի <i>հողվերք</i> կամ <i>հողվայրք</i> անվանումը, որ հարմար է թե՛ առանց քարի թաղվող և վրան հողակույտով ծածկվող հասարակ մարդկանց և թե՛ հողեղեն մարդու՝ հող դառնալուն։ Հնությունը և թշնամությունը ջնջել կամ ծածկել են մեր հեթանոս հայրերի գերեզմանները (երանի՜ թե ոչ նաև հին քրիստոնյա ավագ մարդկանցը), ինչի պատճառով ստույգ չգիտենք՝ ինչ ձև, ինչ նշաններ ունեին, և մարմինների հետ ինչ էր այնտեղ դրվում։ Իսկ մյուս քրիստոնյաների գերեզմանների մեջ հեթանոսությունից մնացած են թվում խոյակերպ և ձիակերպ գերեզմանաքարերը հետին դարերում, քանզի հին թվականով (նախքան 16֊րդ դարը) արձանագրություններ չեն կարդացվել։ Գառը՝ Քրիստոսի հեզույան նշանակը, որը նախ Մկրտիչի կողմից Աստծու գառ կոչվեց, հայոց քրիստոնյա հայրերի և իշխանների մի սիրելի նշանակն էր և է։ Սակայն այդ իմաստը չէ, որ ունեն խոյակերպ գերեզմանաքարերը։ Ոմանք կարծում են, թե նշանակում են մեռյալի հովվական հարստությունը, ինչպես ձին էլ նշանակում է հեծյալ լինելը։ Սակայն կան շատ խոյաձև գերեզմանաքարեր, որոնց ներքո հանգչողները ո՛չ հովիվ են եղել, ո՛չ էլ խոյերի ու ոչխարների տեր, բայց գուցե և ուզվի նահապետական դարերի ավանդություն համարել այս ձևը, նարնից էլ՝ մեծագործ շինվածքների կամ ճարտարապետության <i>հոյակապ</i> ձևը, որ և <i>խ</i> տառով գրվում է <i>խոյակապ</i>։ Առանց պատճառի չէ, որ հույն ճարտարագործները իրենց սյուների համար ընտրել են խոյի գլուխը, որից էլ մեր <i>խոյակ</i> բառն է։ Հիշենք նաև անկերպարանք սյուների (ինչպես հոնիական ոճում) վերին երկու եղջյուրակերպ գալարները և այլն։ Այն մասին, թե ինչ օրենքով ինչ պաշտամունք, ինչ արարողություն էր կատարվում մեռյալների և գերեզմանների վրա, մեզանում այնպիսի գրվածքներ չկան, ինչպիսիներն ունեն եգիպտացիները և որոշ հին ազգեր։ Հավանական է միայն, որ ինչ֊որ աղոթքներ և զոհաբերություններ կամ մատաղներ էին կատարվում, ըդն որում ոչ միայն հուղարկավորության ժամանակ, այլև մեռյալների համար սահմանված հիշատակի կամ տոնական օրերին։ Տիգրան Բ Արշակունի թագավորը իր սպանված եղբոր՝ Մաժան քրմապետի համար «բագին ի վրայ գերեզմանին շինեալ, զի ի զոհիցն՝ ամենայն անցաւորք վայելեսցեն», և սա, թվում է, ոչ միայն հատուկ հանդիսավոր, այլև սովորական օրերի համար էր, որպեսզի ամեն անցորդ վայելի իբրև ձրի ճաշարան կամ հյուրանոց։ Երևի գրեզմանների մոտ դնում էին նաև կրակ ու ջուր, ինչպես մեզանում ոմանք նաև այժմ գերեզմանի քարի վրա խորշեր են փորել տալիս՝ որպես թռչունների ըմպանակ։ Վարդան վարդապետը Աբելի զոհաբերության մասին ասում է․ «Օրինակ է, Հուրն՝ որ ի վերայ գերեզմանի մեռելոյն արկանեն՝ խնկով»։ Մագիստրոսն էլ իր սովորական խրթնաբանությամբ գրում է․ «Ըստ․․․ յուղարկաւորութեան և արբանեկութեան՝ զկնի հուր ի ձեռին, և զդամբանականն քաջահնչող ձայնիւ»։ Քրիստոնեական է այս հուրը, բայց Քրիստոսի վառածից առաջ հեթանոսական մի կայծ էլ է փայլփլում։
=== Ծանոթագրություններ ===
<references>