Changes
/* Հաշտից տեղեր */
Բագարանը, որ կառուցեց Երվանդը և Արմավիրից հայոց դիցախումբը փոխադրեց այստեղ, առաջին մայրաքաղաքը լինելով, հայտնի է դարձնում, որ հայկազունների առաջին ու մեծ կրոնատեղին կամ կրոնական իշխանությունն էլ քաղաքականին մոտ ու աթոռնակից էր, ինչպես հետո եղավ և Արտաշատ նոր մայրաքաղաքը։
Ի՞նչ պատճառով է Բագառիճը, որ նաև Բագնաց կամ Դից գյուղ էր կոչվում (Բարձր Հայքի Դերջան գավառում), եղել դիցապաշտության գլխավոր կենտրոն։ Թվում է, թե արևմուտքից Արտաշեսի ու Տիգրանի բերած հունական չաստվածներին ընդունելով՝ իբրև հայոց երկրի մոտ ու առաջին բնիկ սահման, կամ քանի որ բերողները հարմար են գտել այն կողմը, որը դրկից է ու ավելի ծանոթ այդպիսի դիքերին․ այնտեղի երեք գետնափոր մեհյանները և դրանց մերձակից լեռան վրայի մի մեհենատեղին հիշատակեցինք։
Նույն վիճակն են ունեցել Դերջանին սահմանակից Եզնկան, Անին, Թորդանը, Սատաղը։ Վերջինում գտնված Արտեմիսը կամ Անահիտը հայ դիցապաշտության ամենանշանավոր մնացորդն է և մեկը հելլենական ճարտարագործության մնացորդներից։ Եզնկայում է գտնվել նաև ներկայացվող քարեղեն քանդակը, որի առյուծները առաջին հայացքից կարծել են տալիս, որ պատկերվածը ս․ Իգանտիոս Աստվածազգյացն է։ Սակայն բազկաբաց անձի կերպարանքը հեթանոսության նշմար է հայտնի դարձնում։ Իսկ հին Թորդանի մոտ՝ Ավագ վանքում, ներկայումս պահվում է <i>դեղթափ</i> կոչված քարեղեն մի քանդակ, որ է՛լ ճշտությամբ և լուսատպությամբ հանել պատկերը, որը մենք ներկայացնում ենք խավարած մոտիտով ու թանաքով գծագրվածից։
Բագավան է կոչվել նաև Բաքվի սահմանը։ Ժամանակին այն հայոց 15 աշխարհներից մեկի՝ Փայտակարանի մի գավառն էր, որի պաշտելիքն էլ՝ ծանոթ բոափայլ և հրանյութ նավթը, գետնից էր բխում։ Այս երկրի մի մասն էլ առանձին գավառ ու անուն ուներ՝ Յոթնփորակյան բագիններ, որ ինքնին հայտնի է դարձնում ինչ ունենալն էլ․ յոթ փորված բագին՝ իբրև հրապաշտների դյուրապատրաստ ատրուշան՝ հեղուկ կրակն ընդունելու համար։ Ոչ սրանք, այլ նախորդիվ հիշատակված մեհյաններն ու մի քանի անծանոթները ևս լրացնում էին հայոց մեհյանների յոթ բագինները, ուր Տրդատի հայրը՝ Խոսրով արքան, հորդորում էր․ «Ոխտաւոր լինել պատկերաց կռոց դիցն պաշտաման․․․ զիւր ազգին Արշակունեաց զհայրենեացն պաշտամանց տեղիսն մեծարէր»։ Ըստ Ագաթանգեղոսի՝ հավանաբար սրանք Հունաստանից բերված կուռքերի դիքերն էին։ Իսկ յոթը լինելը կարող է հաստատվել նաև Ագաթանգեղոսի հիշատակածներով ու վկայությամբ և յոթ թվի՝ նաև հեթանոսների համար սրբազան համարվելով, ինչպես և հին հնդիկներն ունեին իրենց Մահալափուրամը, որ թարգմանվում է «յոթ բագիններ», պարսիկները՝ իրենց յոթ մեծ ատրուշանները, նմանապես կապադովկիացիները՝ կրակի յոթ բագիններ, և այլն՝ մի կողմ թողած հույների յոթնամյա դիքերի պաշտամունքը։
Մինչև հիմա ասածներիցս պարզ երևացին կուռքերի նյութերը ևս․ թե՛ պատվական մետաղներից էին, որոնք հույն ճարտարների ձեռքի գործն են, թե՛ փղոսկրից, թե՛ պղնձից և թե՛ հասարակ նյութից՝ քարից ու փայտից, որոնք, իհարկե, ավելի շատ էին ու շատ տեղերում։ Դրանց մասին մեր Լուսավորիչ հայրը հայերին ասում է (ըստ Ագաթանգեղոսի)․ «Որպէս և առ ձեզդ իսկ տեսանէաք զՔարապաշտ և զՓայտապաշտ մոլորութիւնսդ, որք առ տգիտութեան ի ձենջ նկարեցան․․․ անշունչ անմռունչ Քարանց պագանէիք»։
Վերջին խոսքը, ինչպես ուրիշ տեղում էլ հիշատակեցինք, կարող է նշանակել նաև զուտ քարապաշտություն, մինչդեռ առաջինով հայտնի է դարձնում ձեռագործ կուռքերը՝ տաշած ու քանդակած։ Եվ եթե ասածը, ըստ բառերի, ուզենք ճիշտ հասկանալ, «ի ձէնջ»֊ը ցույց է տալիս, որ հայերս մեր պաշտելիքը հնարել ենք մեր իսկ արհեստավորների ձեռքով, որոնց քարագործության մեջ ճարտարությունը երևում է քրիստոնեական շինվածքներում 5֊րդ դարից մինչև այսօր, և դրա ակներև վկաները Արարատի և Շիրակի եկեղեցիներն ու վանքերն են։ Մետաղներից ձուլված պատկերները՝ իբրև զուտ հայկական ձեռագործ, հույներից բերվածներից զատ, կարծեմ հիշատակված չեն, թեև անհավանական էլ չեն։ Իսկ պղնձե, նաև ոսկե դիցաբանական մանր քանդակներ՝ թե՛ ձուլված, թե՛ դարբնած, գտնվել են Հայաստանում, մանավանդ Վանտոսպի կողմերում․ դրանց վրայի պատկերները ոմանց թվում են ասորեստանյան կերպ ունեցող։ Սակայն գտնված մի քանիսի վրայի կենդանիների կամ մարդկանց պարզ կերպարանքները և զարդարձևերը չեն կարող նրանց համար հատուկ համարվել, և ավելի հավանական է, որ լինեն և հայկական։ Դա ավելի կճշտվի, եթե ավելի շատ հայտնաբերվեն այդպիսիները՝ մանավանդ հողեղեն ու կավեղեն, որ, զարմանալի է, մինչև այժմ գոնե գրողիս հայտնի չեն։
===Պաշտամունք===
Ամեն մի կրոնում պաշտամունքարանը կամ տաճարը նրա հավատացյալների ժողովարանն է, որտեղ նրանք իրենց ճանաչած Աստծուն առանձին կամ միաբան նվիրում են, նախ, իրենց խոնարությունը, որ նշանակում է ճանաչել նրա գերագույն մեծությունը, իշխանությունը և իրենց վրա ունեցած երախտիքը և այս նաև բերանով խոստովանել, ինչը աղոթքն է, երգը, գովաբանությունը և այլն։ Երկրորդ՝ որևէ կերպով նաև նյութական մի բան են նվիրում Աստծուն կամ աստվածներին․ և սա ձոնն է, պատարագը, զոհաբերությունը, ողջակեզը և այլն։ Իսկ դրանք իրենց կամ պաշտամունքավարների ձեռքով նվիրելու և կատարելու կերպը կոչվում է <i>ծես, օրենք</i>։
1. Առաջին կերպի մասին ոչինչ չեմ կարող ասել՝ չունենալով և ոչ մի տող մեր հեթանոս նախահայրերի աղոթական խոսքերից։ Բայց ոչ մի որևէ կերպով աղոթում էին ու խնդրանքով դիմում աստվածներին, հայտնի է օտարների մասին Ս․ գրքի հիշատակածներից՝ Բահաղին կամ այլ կուռքերի արած աղաչանքներից, նաև Պողոս առաքյալի գրածներից և անհավատներին ու հավատացյալներին ուղղված խոսքերից։
Մեր Արտաշես Բ կենցաղասեր թագավորի մասին պատմվում է, որ փափագելով դեռ երկարաձգել աշխարհի վայելքը կամ ուրիշների իրեն վայելելը ուզելով մի նախարարի (Աբեղոյին) ուղարկեց «յԵկեղեաց [գաւառ] յԵրիզա, ի մեհեանն Արտեմիդայ, խնդրել ի կռոցն բժշկութիւն և բազում կեանս» (ինչը նա չտվեց․ ոչինչը չէր կարող որևէ բան տալ)։ Պարզ է, որ թագավոր և ծառա, հարուստ և աղքատ, եթե կրոնասեր էին, աղոթում էին յուրաքանչյուրը իր զգացած կամ իմացած կերպով։ Մեր խնդիրը այդ քննելը չէ, այլ պարզվելը, թե կային արդյոք սահմանված կամ շարադրված կարգով աղոթքներ, մաղթանքներ, երգեր, օրհնություններ։ Կարծում եմ՝ կային, և մեհենական մատյաններ կոչված գրքերի մի մասը բովանդակում էր այսպիսի բաներ, բայց ոչ ժողովրդի բերանով ասված աղոթքները, այլ պաշտամունքավարների կողմից ասվածները, մի մասն էլ՝ ասելու կամ լսելու կերպը կամ ծեսը՝ ձևերով կամ շարժումներով հանդերձ։
Թե այդ մատյանների մեջ ինչ սնոտի ու խայտառակ բաներ կային գրված, կարող է գուշակվել ոչ միայն քրիստոնեության ծագումով դրանց ջնջվելուց, այլև մի քանի տեղ մեր հիշատակված աղթարական աղոթքներից, որոնք, թեև հետո են շարադրվել քրիստոնյաների կողմից, բայց հեթանոսական հետք ու հոտ ունեն։ Հայտնի է նաև Բարդածան աղանդավորի արածից (2֊րդ դարում) որը, հայերի այդպիսի մեհենական գրքերը կարդալով, դրանց հակառակը գրեց։ Այս գրվածքները կուռքերի պաշտամունքի և բաշխերի վերաբերյալ էին, և թվում է, թե դրանք գրված էին մի այնպիսի կարգով ու ոճով, որ արժանի եղան ընդդիմաբան հերքման, թեև հերքելի անձի կողմից։ Մեկ այլ տեղում ևս հիշատակվում են մեհենական պատմություններ՝ որոշ չափով նման մեր եկեղեցիների դիվաններին ու կոնդակներին (ժողովրդի կողմից <i>քյություկ</i> կոչված)։ Սրանից պարզ է դառնում, որ եթե մեհյաններում պահվում էին պատմական գրվածքներ, ապա որքա՜ն ավելի շատ պիտի լինեին ծիսականները։
2. <i>Ծիսական</i> անվամբ նկատի է առնվում պաշտամունքարանում պաշտամունքավարի ձեռքով որևէ կրոնական գործ կատարելը, ինչը սովորաբար կոչվում է <i>արարողություն</i>։ Բայց առաջին բառի միավանկ <i>ծես</i> արմատը ցույց է տալիս սրա հնությունը, որն արժանի է լեզվագետների քննությանը։ Մեզ անծանոթ է օտար լեզվի համահունչ բառ՝ բացի Արամազդի՝ Ծես կամ Ծաս անունից (թեև հույների մոտ <i>զ</i>֊ով հնչած՝ Զևս), որ նշանակում է «կենսատու»։ Հարկ էր, որ ծեսերի վարդապետության գիրքն էլ կոչվեր <i>ծիսարան</i>, բայց այս բառը գրքերում գործածված չէ, այլ նրա փոխարեն ասում ենք «Մաշտոց», և մեր ազգակիցներին հայտնի է այդ անվանումը։ Սա ս․ Մեսրոպի անունից չի առնված<ref>Եթե գիրքը կոչվելու էր այս մեծ, սուրբ վարդապետի անունով, կվայելեր այն կոչել «Մեսրովբ» կամ «Մեսրոպ» (այս էլ անծանոթ նշանակությամբ)։ Կարող էր լինել նաև մի Մաշտոց հատուկ անուն՝ մնացած հեթանոսությունից, մանավանդ Տարոնում, որտեղից սուրբն էր։ Սա էլ հիշենք, որ «Օրհնությունաբեր ցուցակը», որ «Մաշտոց» գրքի կանոնների կամ կարգերի ցանկն է, նրա կարգավորությունը Մովսես Խորենացու ձեռքով կամ դպրությամբ ս․ Սահակին է վերագրում, այլ ոչ Մեսրոպին։ </ref> և ոչ էլ 9֊րդ դարում այդ գիրքը նորից կարգավորող համարված նույնանուն (Մաշտոց) կաթողիկոսից, որը հավանաբար ինքն է անունը առել գրքից, որ պարզորեն կամ թարգմանաբար կոչվում է «Օրհնություններ» կամ «Օրհնությունաբեր գիրք»։ Սակայն <i>Մաշտոցը</i>֊ը (անշուշտ, <i>մաշտ</i> արմատից) «ծիսական» նշանակությամբ և սրա պես այժմ մեզ անծանոթ ծագմամբ հին և նախաքրիստոնեական բառ է, որի համար կարող է դիտվել լծորդություն <i>պաշտ</i> և <i>հաշտ</i> բառերի կրոնական իմաստների, նաև մշտիկի հետ, որով կրոնական ջրի ցողմունք է լինում, և որը, ըստ հին բառգրքի, նշանակում է «ցանիչ»։ Անտարակույս է, որ ինչպես ուրիշ և գրեթե բոլոր ազգերի, այնպես էլ մեր պաշտամունքների մեջ ջուրը ցանվում ու ցրվում էր՝ իբրև թե՛ անձերին և թե՛ նվերները սրբող<ref>Հայերենում կա նաև <i>մաշտել</i> հին բառը, որ նշանակում է «գլխի մազերը թափվել, ճաղատանալ»․ <i>մաշտոց</i>֊ը չեմ կարող հետևեցնել սրանից։</ref>։
«Մաշտոց» գրքի պարզագույն անունը հիշելիս մեր առջև հառնում է մի նոր նշանավոր բառ ևս (<i>օրհնություն</i>), որի արմատը, թեև ուղղականը գտնված չէ, <i>օրհն</i>֊ն է։ Բայց կա հոլովված հոգնակին՝ <i>օրհնից</i>, և բարդություններում՝ <i>օրհնեք</i> (ինչպես՝ <i>ջրօրհնեք</i> և այլն)։ Հիշելի է, որ ըստ հին վերծանողության՝ պետք է կարդալ ոչ թե <i>օ</i>, յալ <i>աւ․ աւրհնէք</i>։ Եվ դարձյալ մի քանի բաղաձայն տառի իրար մոտ զուգադրվելը ձայնավորի անհրաժեշտությունն է ցույց տալիս, և <i>ն</i> տառը գուցե լինի իմաստի զորացուցիչ, ինչպես՝ <i>ակն, հիմն</i> և այլն։ Եվ այսպես ենթադրելով՝ թերևս զուգորդվի նաև Ավեստայի լեզվում «աստված» նշանակող <i>ահուրա</i> բառին։ Ինչպես էլ լինի, հավանական է, որ <i>օրհնություն</i> բառն էլ հին է և հայոց հին հավատից է։
3. Թողնելով մտայինն ու հնչականը՝ քննենք պաշտելիին ընծայվող նյութականը, ինչը կոչեցինք <i>նվեր</i> ընդհանուր անվամբ։ Դիրքերին տրված նվերները եղել են և լինում են բազմատեսակ ու բազմազան նյութերից, որոնք շատ անգամ էլ մեհյանների մեջ կամ խորանների վրա պահվելիք պինդ նյութեր էին, ինչպես՝ մետաղյա զարդեր կամ պատկերներ։ Եվ գուցե այնտեղ կախվելու պատճառով դրանք պարսկերեն բառով կոչվել են <i>նյուվար</i>, որ նշանակում է «պարան, չվան»։ Վերոհիշյալի հետ ունի՞ արդյոք առնչություն նաև Ավեստայի լեզվի <i>հոնովեր</i> բառը, որը նշանակում է կրակին նվիրաբերելու կամ պաշտամունքի ընթացքում ասված աղոթքը։
4. Նվիրաբերվածի ընդհանուր և այժմ սրբազանացված անուն է <i>պատարագ</i>֊ը, և սրա՝ քրիստոնեական ծեսի մեջ ընդունվելը պարզ է դարձնում, որ հին հավատքի մեջ էլ այս էր նվիրաբերությունների ընդհանուր ու գլխավոր անունը։ Այդպես է ասվում նաև Ս․ գրքի մեջ։ Բոլոր կրոններում նվիրաբերվածների համար ասվող բառի հատուկ նշանակությունը կարող է ճշտվել բառաբարդությունների մեջ, ինչպես՝ <i>լիապատար, հուսապատար, և ածանցավոր</i> բառերում, օրինակ՝ <i>պատարուն</i>։ Բոլորն էլ նշանակում են «շատություն, լիություն», ինչպես կվայելեր նվիրել Աստծուն կամ դիքերին։ Առանձին ասված կա նաև <i>պատար սիրո</i> (Ոսկեբերան, Մեկնություն եփեսացիների)։ Այս (լիության) իմաստով ևս կարելի է գուշակել, որ պատարագի նվերները ի սկզբանե ոչ թե զոհեր էին, այլ բուսական բերք, որ առատորեն մատուցում էին։ Հետագայում իմաստը ընդարձակվեց ու տարածվեց բոլոր տեսակի ընծաների, նաև կենդանիների ու զոհելիների վրա․ ըստ այսմ՝ գուցե կարելի լինի ենթադրել առնչություն <i>պատարագ</i>֊ի և <i>պատրուճակ</i>֊ի միջև, որ սովորական զոհելին էր։
5. Ս․ գրքի վկայությամբ էլ (ըստ Աբելի ու Կայենի պատարագների պատմության) գիտենք, որ առաջին նվերները երկրի անշունչ բերքի հետ նաև շնչավորներ էին (կենդանիներ)։ Եվ որքան էլ պժգալի է բնության մի կյանք փչացնելը, լինի մորթելով, լինի արյրելով, մարդը չէր կարող այլ ձևով իրենից բոլորովին հեռացնել, իրեն զրկել այդ նվերներից, եթե ոչ ինչ֊որ կերպ դրանք ոչնչացնելով։ Մանավանդ իր կյանքը Աստծուն նվիրելու համար ավելի մերձավոր բան չկար, քան ուրիշ մի կյանք, այնպիսի կյանք, որ ապագա չունի, շատ թե քիչ պիտի ապրի, հետո պիտի ոչնչանա։ Այդ պատճառով Աստված հին օրենքի մեջ թույլ տվեց այսպիսի նվերներ, որ կոչվում են <i>զոհ</i>, իսկ այրվածը՝ <i>ողջակեզ</i>։ Սակայն ամեն բանի մեջ մոլորվող հեթանոսները անբանական կենդանիների հետ բանականին ու հոգիավորին էլ՝ իրենց նմանին՝ մարդուն էլ էին զոհում, նաև իրենք իրենց՝ անձնասպանությամբ և կամավոր ողջ֊ողջ թաղվելով իրենց սիրելի կամ տիրական մեռյալի հետ։ Զոհը, ինչպես անունն էլ հայնտի է դարձնում, հավանաբար հայերի մեջ է մտել սեմական ազգերից։ Արաբները այն կոչում են <i>զահայա</i>, եբրայեցիները՝ <i>զևախ</i>, զնադիկներն էլ՝ քիչ նման՝ <i>զասթրա</i>։
6. <i>Հաշտ</i> բառի նվիրական իմաստը և հնդկերենից ծագելը արդեն բացատրեցինք։ Այն հետագայում միացած է թվում <i>յաճատա</i> բառին, որ պարսկերեն <i>յազատ</i>֊ն է, մեզանում՝ <i>յաշտ</i>, որի արմատը <i>յազ</i>֊ն է, և մեր գրքերում կա <i>անյազ</i>, ինչպես նաև <i>յազել</i>, այսինքն՝ կենդանիներ զոհաբերել, ինչպես որ պարսիկների <i>յազնա</i> և հնդիկների <i>յաճնա</i> անվանումները։ Արվեստի լեզվի <i>մազտիյազնա</i>֊ն, որ մեզանում գրված է <i>մազդեզն</i>, նշանակում է «Որմիզդի համար զոհաբերող»։ Նույն անունից է ձևավորվել նրանց <i>իզեշկյահ</i>֊ը, որ նշանակում է «պաշտամունքարան»։
== Ծանոթագրություններ ==
<references>