Changes
/* Հանդերձյալ կյանք */
Աղթարքները ընդհանրապես ախտերի և հիվանդությունների վերաբերյալ (որոնք մեկ անունով կոչվում են <i>գան</i>) այնպես են գրում, կարծես դրանք ինքնակամ կամ չար ոգիներ լինեն, և սրանց կերպ ու կարծիք են տալիս, ինչպես տեսանք շուտիկի մասին խոսելիս, որի հետ հիշատակվում են՝ գնայուն ու սողուն, կեր, առիքեն, գետնառյուծ, աղվեսակ, ծիրանուկ, խուլիկ, խլուրդ, աչքունք, մազիկ, դիպուկ, գորտնիկ, խաղողիկ, սևբուշտ, խումրա, խոցտուկ, մարմնագույն և այլն, որոցից շատերը՝ իբրև ցավերի ու ախտերի տեսակներ, հիշատակվում են բժշկարաններում։ Բայց աղթարքների լավագույն ասածը սա է․ «Չիք ես և ի չիք դառնաս։ Դեղ Հիսուս Քրիստոս լինի․ ամէն»։
Չար և բարի ոգիների հիշատակնումները ինքնին հայտնի դարձրին մեր հեթանոս նախահայրերի՝ հանդերձյալ կյանքին հավատալը։ Եվ բովանդակ ազգերի մեջ ո՞վ չի տարակուսել կամ չի ընդունել այս, եթե խելագար չէ՝ բացի մի քանի լիրբ իմաստակներից, որոնք անաստվածությունն անգամ պարծանք են համարում։ Որքան էլ ընդհանուր է հանդերձյալ կյանքի հավատը, այնքան էլ միօրինակ չէ, մանավանդ շատ է զանազանվում հոգիների վիճակի կամ գործերի հատուցման և արքայության ու դժոխքի գաղափարը։ Եվ ըստ այսմ՝ շատ փափագելի էր իմանալ մեր ազգակիցների կարծիքը, ինչի մասին մեզ որոշակի ավանդություն չի հասել, այլ ինչ֊ինչ նշմարներ։ Դրանք առավելապես վերաբերում են երկու կյանքի կապին կամ կամրջին և նրա երկրային հիշատակարանին այսինքն՝ մահվանը, հուղարկավորությանը և գերեզմանին։