Եթե նույնիսկ ենթադրենք, թե այն ձևը, որով գոյություն ունի փոխատուական կապիտալը, իսկական փողի՝ ոսկու կամ արծաթի ձևն է, այն ապրանքների ձևը, որոնց նյութն իբրև արժեքների չափանիշ է ծառայում, ապա կտեսնենք, որ ամեն անգամ այս փողային կապիտալի մի խոշոր մասն էլ անհրաժեշտորեն ֆիկտիվ է լինում, այսինքն արժեքի լոկ տիտղոս է ներկայացնում ճիշտ այնպես, ինչպես ամեն մի արժենիշ։ Որչափով որ փողը գործում է կապիտալի շրջապտույտում, նա թեև միառժամանակ կազմում է փողային կապիտալ, բայց չի փոխարկվում փոխատրելի փողային կապիտալի) այլ կա՛մ փոխանակվում է արտադրողական կապիտալի տարրերի հետ, կամ էլ եկամտի իրացման ժամանակ վճարվում է իբրև շրջանառության միջոց և ուրեմն չի կարող իր տիրոջ համար փոխատուական կապիտալ դառնալ։ Իսկ որչափով որ նա փոխատուական կապիտալի է փոխարկվում, և փողի միևնույն գումարը փոխատուական կապիտալ է ներկայացնում կրկին ու կրկին, պարզ է, որ նա միմիայն մեկ կետում է որպես մետաղյա փող գոյություն ունենում. մյուս բոլոր կետերում նա գոյություն ունի կապիտալի նկատմամբ առաջացող իրավապահաջի ձևով միայն։ Այսպիսի իրավապահանջների կուտակումը, մեր արած ենթադրության համաձայն, ծագում է իսկական կուտակումից, այսինքն ապրանքային կապիտալի և այլոց արժեքը փողի է փոխարկվում. և այնուամենայնիվ այս իրավապահանջների կամ արժեքի տիտղոսների կուտակումն իբրև այսպիսին տարբեր է թե՛ իսկական կուտակումից, որից նա ծագում է, ու թե ապագա կուտակումից (արտադրության նոր պրոցեսից), որը կատարվում է փողի փոխատվության միջոցով։
Prima facie [նախ և առաջ] փոխատուական կապիտալը գոյություն ունենում է միշտ փողի ձևով<ref>B. A. 1857. բանկիր Twells-ի ցուցմունքները. «4516. Իբրև բանկիր դուք գործարքները կապիտալո՞վ եք կատարում, թե՞ փողով։— Մենք փողով ենք գործառում։— 4517. Ավանդներն ինչպե՞ս են մուծվում ձեր բանկը։— Փողով։— 4518. Ինչպե՞ս են նրանք վճարվում։— Փողով։— Ուրեմն կարելի՞ է ասել, թե նրանք փողից տարբերվող մի բան են։— Ո՛չ։<br>Օվերստոնը (տե՛ս XXVI գլուխ) շարունակ շփոթում է «capital»-ը և «money»-[«կապիտալը» և «փողը»]։ «Value of money» [«փողի արժեքը»] նրա մոտ նշանակում է նաև տոկոսը, բայց լոկ այնչափով, որչափով որ հիշյալը որոշվում է փողի մասսայով. «value of capital»-ը [«կապիտալի արժեքը»] պետք է նշանակի տոկոս, որչափով որ սա որոշվում է արտադրողական կապիտալի նկատմամբ եղած պահանջարկով ու այն շահույթով, որ բերում է այս կապիտալը։ Նա ասում է. «4140. «Կապիտալ» բառը պետք է զգուշությամբ գործածել։ 4148. Ոսկու արտահանումն Անգլիայից՝ նշանակում է փողի նվազումն երկրում, և սա ի հարկէ ընդհանրապես պիտի ավելի բարձր պահանջարկ առաջ բերի փողային շուկայում {նրա կարծիքով ուրեմն ոչ կապիտալի շուկայում}։— «4112. Այն չափով, որով փողը դուրս է գնում երկրից, նրա քանակը երկրի ներսում նվազում է։ Երկրում մնացած փողի քանակի այս քչացումն առաջ է բերում նրա արժեքի բարձրացումն»։ {Նրա թեորիայով՝ սկզբնապես այս նշանակում էր փողի արժեքի բարձրացում շրջանառության սեղմվելու հետևանքով, փողի արժեքի, որպես փողի ապրանքների արժեքի համեմատությամբ, ընդ որում հետևաբար փողի արժեքի այս բարձրացումը հավասար է լինելու ապրանքների արժեքի ընկնելուն։ Բայց որովհետև ժամանակի ընթացքում նույնիսկ Օվերստոնի համար անառարկելիորեն ապացուցվեց, որ շրջանառու փողի մասսան չի որոշում գները, ուստի հիմա փողի որպես շրջանառության միջոցի նվազումը նրա համար պիտի լինի այն պատճառը, որը բարձրացնում է փողի որպես տոկոսաբեր կապիտալի արժեքն ու սրա հետ էլ՝ տոկոսադրույքը}։ Եվ դեռ մնացած փողի արժեքի այս բարձրացումն էլ կանգնեցնում է նրա հետագա տարհոսումը և շարունակում է հարատևել, մինչև որ այնքան փող է ետ բերվում, որքան հարկավոր է հավասարակշռությունը վերականգնելու համար»։— Օվերստոնի հակասությունների շարունակությունը կտեսնենք ներքևում։</ref>, հետո էլ փողի նկատմամբ առաջացող իրավապահանջի ձևով, ընդ որում այն փողը, որի ձևով սկզբնապես գոյություն ունի փոխատուական կապիտալը, իսկական փողաձևով հիմա գտնվում է փոխատուի ձեռին։ Վարկատուի համար փոխատուական կապիտալը փոխ0արկվել փոխարկվել է փողի նկատմամբ եղող իրավապահանջի, գույքատիտղոսի։ Հետևաբար, իսկական փողի միևնույն մասսան կարող է փողային կապիտալի շատ տարբեր մասսաներ ներկայացնել։ Սոսկական փողը, սա իրացված կապիտալ ներկայացնելիս լինի, թե իրացված եկամուտ, միևնույն է,— հենց միայն փոխատվության ակտի շնորհիվ, ավանդի փոխարկվելու շնորհիվ դառնում է փոխատուական կապիտալ, որքան որ մենք քննարկում ենք նրա ընդհանրական ձևը զարգացած վարկային սիստեմի ժամանակ։ Ավանդը փողային կապիտալ է ավանդատուի համար։ Բայց նա բանկիրի ձեռին կարող է լինել միմիայն պոտենցիալ փողային կապիտալ, որը պարապ ընկած է սրա գանձարկղում՝ փոխանակ իր տիրոջ գանձարկղում լինելու<ref>Այստեղ ահա երևան է գալիս հասկացողությունների այն շփոթումը, թե սրանք երկուսն էլ «փող» են — թե՛ ավանդն իբրև իրավապահանջ՝ բանկիրի կողմից լինելիք վճարման նկատմամբ ու թե՛ ավանդադրված փողը բանկիրի ձեռին։ Բանկիր Twells-ը 1857 թվի բանկային հանձնաժողովի առջև ցուցմունքներ տալու ժամանակ հետևյալ օրինակն է վերցնում. «Ես իմ գործն սկսում եմ 10 000 £-ով։ 5 000 £-ով ես ապրանքներ եմ գնում և դարսում եմ իմ պահեստանոցում։ Մյուս 5 000 £-ն ավանդադրում եմ մի բանկիրի մոտ՝ կարիքի համեմատ նրանից օգտվելու համար։ Բայց ես միշտ էլ ամբողջն իմ կապիտալն եմ համարում, չնայած որ նրանից 5 000 £-ը գտնվում է ավանդի կամ փողի ձևում» (4528)։ Այստեղից ահա ծայր է առնում հետևյալ սիրուն վիճաբանությունը «4531. Ուրեմն դուք ձեր 5 000 £-ը բանկնոտների ձևով ավել եք մի ուրիշի՞ն։— Այո՛։— 4532 Այս դեպքում այդ մյուս անձը 5 000 £ ավա՞նդ ունի։— Այո՛, իհարկե։— 4533. Բայց դուք է՞լ ունեք 5 000 £ ավանդ։— Շատ ճիշտ է։—4534. Նա ունի 5 000 £՝ փողով, և դուք է՞լ ունեք փողով 5 000 £։— Այո՛, իհարկե։— 4535. Բայց չէ՞ որ սա ուրիշ բան չէ վերջիվերջո, բայց եթե փող։— Ո՛չ։»— Շփոթումը մասամբ ահա ինչից է առաջ գալիս. A-ն, որն ավանդադրել է 5 000 £-ը, կարող է վերցնել այդ գումարից, տնօրինել այդ գումարը ճիշտ այն պես, ինչպես այն դեպքում, եթե դեռ իր ձեռին լիներ այն։ Այս իմաստով ավանդադրած փողը գործում է նրա համար իբրև պոտենցիալ փող։ Բայց այն բոլոր դեպքերում, երբ նա վերցնում է ավանդից, pro tanto [նույն չափով էլ] ոչնչացնում է իր ավանդը։ Եթե նա բանկից իսկական փող է վերցնում, ըստ որում իր փողն արդեն ուրիշներին է փոխատրված, ապա նրան վճարում են ոչ թե իր սեփական փողը, այլ մի ուրիշի ավանդադրած փողը։ Եթե նա պարտք է վճարում B-ին իր բանկիրի վրա տված չեկով, և B-ն այս չեկն ավանդադրում է իր բանկիրի մոտ, իսկ A-ի բանկիրն էլ նույնպես մի չեկ ունի՝ B-ի բանկիրի վրա տրված, այնպես որ երկու բանկիրները լոկ փոխանակում են չեկերը, ապա A-ի ավանդադրած փողը երկու անգամ է փողի ֆունկցիա կատարած լինում. առաջին՝ նրա ձեռին, ով ստացել է A-ի ավանդադրած փողը, երկրորդ՝ հենց իրեն A-ի ձեռին։ Երկրորդ ֆունկցիան պարտապահանջման փոխմարումն է առանց փողի միջամտության (A-ի պարտապահանջումն իր բանկիրից ու վերջինիս պարտապահանջումը B-ի բանկիրից)։ Այստեղ ավանդը երկու անգամ է որպես փող գործում, այն է՝ մեկ անգամ իբրև իսկական փող ու հետո էլ՝ որպես փողի իրավապահանջ։ Փողի սոսկական իրավապահանջները կարող են փողի տեղ հանդես գալ պարտապահանջումները փոխմարելու շնորհիվ միայն։</ref>։
Իրեղեն հարստության աճման հետ աճում է փողային կապիտալիստների դասակարգը. մի կողմից՝ աճում է գործերից ետ քաշվող կապիտալիստների, այն է՝ ռենտատերերի թիվն ու հարստությունը, իսկ մյուս կողմից՝ զարկ է ստանում վարկային ճիստեմի զարգացումը, և սրա շնորհիվ բազմանում է բանկիրների, փոխատուների, ֆինանսիստների և այլոց թիվը։ Ազատ փողային կապիտալի զարգացման հետ ավելանում է տոկոսաբեր թղթերի, պետական թղթերի, ակցիաների և այլոց մասսան, ինչպես շարադրել ենք վերևում։ Բայց սրա հետ միաժամանակ աճում է ազատ փողային կապիտալի նկատմամբ եղած պահանջարկն էլ, ընդ որում բորսային ''գայլերը'' [''Jobbers''], որոնք այս թղթերով սպեկուլացիա են կատարում, գլխավոր դերն են սկսում խաղալ փողային շուկայում։ Եթե այս թղթերի բոլոր առուծախերը միմիայն կապիտալի իսկական ներդրման արտահայտություն լինեինք ապա մենք իրավունք կունենայինք ասելու, թե նրանք չեն կարող ներգործել փոխատուական կապիտալի նկատմամբ եղած պահանջարկի վրա, որովհետև երբ A-ն ծախում է իր թղթերը, նա հենց ճիշտ այնքան փող է դուրս հանում, որքան որ B-ն ներդրում է թղթերի մեջ։ Մինչդեռ նույնիսկ այն դեպքում, երբ թուղթը գոյություն ունի, բայց ոչ այն կապիտալը (գոնե ոչ իբրև փողային կապիտալ), որի ներկայացուցիչն էր նա սկզբնապես, ապա հիշյալ թուղթը pro tanto [համապատասխան չափով] միշտ այսպիսի փողային կապիտալի նոր պահանջարկ է առաջ բերում։ Բայց համենայն դեպս այստեղ գործ ունենք փողային մի կապիտալի հետ, որն առաջ B-ի տնօրինության տակ էր, իսկ հիմա A-ի։