Բայց հյուսիսը խուլ հյուսիս է, և մայրությունն էլ մայրություն է, դա կանգ չի առնում ոչ մի բանի առաջ թե՛ հյուսիսային ամայության մեջ, թե՛ դրանից դուրս, և անխուսափելիորեն պետք է գար այն օրը, երբ ի սեր իր գորշ ձագի մայր գայլը սիրտ աներ գնալ ձախ վտակն ի վեր՝ դեպի ժայռի մեջ եղած բույնը, կատաղի լուսանին ընդառաջ։
== Գլուխ IV։ Աշխարհի պատը ==
Այն օրերին, երբ մայրն սկսեց դուրս գալ որջից ու գնալ որսի, գորշուկն արդեն հասու եղավ այն օրենքին, ըստ որի արգելվում էր մոտենալ անձավի դռանը։ Այդ օրենքը շատ անգամ ներշնչել էր նրան մայրը՝ հրելով մերթ քթով, մերթ թաթով, և հենց նրա մեջ էլ սկսում էր զարգանալ վախի բնազդը։ Իր ամբողջ կարճատև կյանքում նա անձավում ոչ մի անգամ չէր պատահել այնպիսի բանի, որը կարողանար վախեցնել նրան. և այնուամենայնիվ նա գիտեր, թե ինչ բան է վախը։ Վախը գորշուկին էր անցել հեռավոր նախնիներից՝ հազար հազարավոր կյանքերի միջոցով։ Դա մի ժառանգություն էր, որ անմիջականորեն ստացել էր նա Միակնանուց ու իր մորից, բայց սրանց ևս իր հերթին անցել էր դա մինչ այդ եղած գայլերի ամբողջ սերնդի միջոցով։ Վախը հյուսիսի ժառանգությունն է, և ոչ մի գազանի վիճակված չէ ազատվել դրանից կամ փոխել դա ոսպնապուրի հետ։
Այպիսով գորշուկը ճանաչում էր վախը, թեև չէր հասկանում դրա էությունը։ Նա հավանորեն հաշտվել էր դրա հետ, որպես կյանքի հարուցած պատնեշներից մեկի։ Իսկ որ այդպիսի պատնեշներ գոյություն ունեն, նա արդեն առիթ էր ունեցել համոզվելու. նա քաղց էր զգացել և հնարավորություն չունենալով հագեցնել այն՝ դեմ էր առել իր ցանկությունների արգելակին։ Անձավի պինդ պատերը, մոր քթի ուժգին հրումները, նրա թաթի խորտակիչ հարվածը և չհագեցած քաղցը մշակել էին նրա մեջ այն հավատը, թե աշխարհում թույլ է տրված ոչ ամեն ինչ, թե կյանքում կան բազմաթիվ սահմանափակումներ ու արգելքներ։ Եվ այդ սահմանափակումներն ու արգելքները օրենք էին։ Ենթարկվել դրանց, նշանակում էր խուսափել ցավից ու կենսական ամեն տեսակ բարդություններից։
Այդ ամենի մասին գորշուկն այնպես չէր մտմտում, ինչպես մարդիկ են մտմտում։ Նա պարզապես շրջապատը բաժանել էր երկու մասի՝ այն, որ ցավ է պատճառում, և այն, որ ցավ չի պատճառում, և բաժանելուց հետո աշխատում էր խուսափել ցավ պատճառող ամեն ինչից՝ այսինքն արգելքներից ու պատնեշներից, և օգտվել միայն կյանքի տված պարգևներից և ուրախություններից։
Ահա թե ինչու ենթարկվելով մոր ներշնչած օրենքին, ենթարկվելով վախի անծանոթ օրենքին՝ գորշուկը հեռու էր մնում անձավի դռնից։ Այդ դուռը նրան դեռևս թվում էր մի սպիտակ, լուսավոր պատ։ Երբ մայրը տանը չէր լինում, գորշուկը մեծ մասամբ քնում էր, իսկ երբ արթնանում էր, պառկում էր հանգիստ ու զսպում աղերսալի վնգստոցը, որը քերում էր նրա կոկորդը և ուզում էր դուրս պոռթկալ։
Մի անգամ էլ զարթնելով՝ նա սպիտակ պատի մոտ անսովոր հնչյուններ լսեց։ Նա չէր իմանում, որ դա շատակերիկն էր և անձավի մուտքի մոտ կանգնած՝ դողում էր սեփական հանդգնությունից և զգույշ շնչում էր այդտեղից եկած հոտերը։ Գորշուկը հասկանում էր միայն մի բան՝ հնչյուններն անսովոր էին, տարօրինակ, ուրեմն անծանոթ ու սարսափելի․ չէ՞ որ անծանոթը մեկն էր այն տարրերից, որոնցից կազմվում է վախը։
Գորշուկի մազերը փշաքաղվեցին, բայց նա ձայն չհանեց։ Ինչի՞ց նա կռահեց, որ ի պատասխան այդ հնչյունների՝ պետք է փշաքաղվել։ Անցյալից նա այդպիսի փորձ չուներ, և այնուամենայնիվ այդպես դրսևորվեց նրա վախը, որի բացատրությունը կարելի չէր գտնել ապրված կյանքում։ Սակայն վախին ուղեկցեց մի բնազդական ցանկություն ևս՝ թաքնվելու, սուս կենալու ցանկությունը։ Սոսկումը համակեց գորշուկին, բայց նա մնաց պառկած՝ անշշուկ, առանց շարժվելու, քարացած, ասես մեռել։ Մայրը վերադառնալով տուն և շատակերիկի հետքերի հոտն առնելով մռնչաց, ներխուժեց անձավ ու իր համար անսովոր քնքշանքով սկսեց լիզել ու փաղաքշել գորշուկին։ Եվ սա էլ հասկացավ, որ կարողացել էր խույս տալ սաստիկ ցավից։
Բայց նրա մեջ գործում էին նաև ուրիշ ուժեր, որոնցից գլխավորը աճում էր։ Բնազդն ու օրենքը պահանջում էին նրանից հնազանդվել, իսկ աճումը անհնազանդություն էր պահանջում։ Մայրն ու վախը ստիպում էին հեռու մնալ սպիտակ պատից, բայց աճը կյանք է, իսկ կյանքին կանխորոշված է մշտնջենապես ձգտել դեպի լույսը, և ոչ մի պատնեշով կարելի չէր կասեցնել ալիքները կյանքի, որ բարձրանում էր նրա մեջ, բարձրանում էր ամեն մի կերված մսակտորի հետ, ամեն անդամ օդ շնչելու հետ։ Եվ վերջապես վախն ու հնազանդությունը նետվեցին մի կողմ կյանքի ճնշման տակ, և մի գեղեցիկ օր էլ գորշուկը անվստահ ու անհամարձակ քայլերով ուղղվեց դեպի անձավի դուռը։
Ի հակադրություն այլ պատերի, որոնց բախվելու առիթ ունեցել էր նա, թվում էր, թե այդ պատը նահանջում է ու նահանջում, որքան որ նա մոտենում է դրան։ Փոքրիկ, քնքուշ քիթը հետախուզաբար առաջ պարզած՝ նա սպասում էր, թե կբախվի պինդ մակերեսի. բայց պարզվեց, որ այդ պատը նույնքան թափանցիկ ու անցանելի է, որքան լույսը։ Գորշուկը մտավ այն բանի մեջ, որը պատ էր թվում նրան, և սուզվեց այդ պատը կազմող նյութի մեջ։
Դա շփոթության մատնեց նրան. չէ՞ որ նա սողում էր պինդ բանի միջով։ Մինչդեռ լույսը դառնում էր ավելի ու ավելի վառ։ Սարսափը գորշուկին ետ էր մղում, բայց ամրապնդվող կյանքը ստիպում էր նրան առաջ ընթանալ։ Ահա և անձավի ելքը։ Այն պատը, որի մեջ, ինչպես թվում էր նրան, թե գտնվում է ինքը, անսպասելիորեն քաշվեց անչափ հեռու։ Վառ լույսը սկսեց ցավացնել նրա աչքերը, ապա և շլացնել։ Հանկարձակի բացված տարածությունը պտտեց նրա գլուխը։ Աչքերն աստիճանաբար վարժվում էին վառ լույսին և ընտելանում իրերի միջև եղած ավելացող տարածությանը։ Նախ պատը այնքան շատ ետ մղվեց, որ տեսողությունից կորավ։ Հիմա նա դարձյալ զննեց, բայց դա նահանջում էր հեռու և արդեն բոլորովին այլ կերպ էր երևում։ Պատը դարձավ խայտաբղետ․ այդտեղ մտնում էին գետակը եզերող ծառերը, ծառերի հետևից բարձրացող սարը, սարից ավելի բարձր երկինքը։
Գորշուկին սարսափ տիրեց։ Ավելի շատացան անծանոթ ու ահեղ բաները։ Նա կծկվեց անձավի մուտքի մոտ և սկսեց նայել իր առաջ բացվող աշխարհին։ Ի՜նչ սարսափելի է։ Այն ամենը, ինչ անհայտ էր, թվում էր նրան թշնամական։ Նրա մեջքի մազերը ցցվեցին, նա բացեց ատամները՝ աշխատելով արձակել զայրալի, սարսափեցնող մռնչյուն։ Վախեցած պստլիկ գազանը մարտակոչ էր նետում և սպառնում ամբողջ աշխարհին։
Սակայն ամեն ինչ բարեհաջող անցավ։ Գայլի ձագը շարունակում էր նայել և հետաքրքրասիրությունից նույնիսկ մոռացավ, որ պետք է մռնչալ, մոռացավ անգամ իր վախը։ Նրա մեջ ամրացող կյանքը մի առժամ հաղթեց վախին, և վախը տեղը զիջեց հետաքրքրասիրությանը։ Գորշուկն սկսեց տարբերել այն, ինչ նրա աչքի առաջ էր՝ գետակի բաց մասը, որ շողշողում էր արևից, զառիթափի մոտ գտնվող չորացած սոճին և հենց այդ զառիթափը, որ բարձրանում էր ուղիղ դեպի անձավը, որի մուտքի մոտ նստել էր նա։
Մինչև հիմա գորշուկն ապրում էր հարթ տարածության վրա, դեռ առիթ չէր ունեցել ճմլվածքներ զգալ ընկնելուց, ասենք չէր էլ իմանում՝ ինչ բան է անկումը, ուստի և համարձակ քայլեց ուղիղ դեպի օդը։ Հետևի ոտքերը մնացին այրի մուտքի ցցվածքի վրա, այնպես որ նա գլխիվայր ընկավ։ Գետինը ցավ պատճառելով՝ դիպավ նրա քթին, նա աղերսալի կաղկանձեց և անմիջապես էլ գլխկոնծի գլորվեց զառիթափն ի վար։ Խուճապային սարսափ տիրեց նրան։ Վերջապես անհայտը տիրեց նրան, պահեց իր իշխանության տակ և պատրաստվում էր անտանելի ցավ պատճառել նրան։ Գորշուկի մեջ ամրացող կյանքը նորից տեղը զիջեց վախին, և նա ծղրտաց, ինչպես կծղրտար ամեն մի վախեցած լակոտ։
Անհայտը սպառնում էր նրան․ նա դեռ չէր կարող հասկանալ, թե ինչով, ուստի և անընդհատ ծղրտում էր ու վնգստում։ Դա շատ ավելի վատ էր, քան պառկել սարսափից անշարժացած, երբ անհայտը միայն մի պահ անցավ նրա մոտով։ Հիմա դա ամբողջովին համակեց նրան։ Լռությունը ոչ մի օգուտ չի տա։ Բացի դրանից, նա այժմ տանջվում էր ոչ թե վախից, այլ սարսափից։
Սակայն զառիթափը հետզհետե ավելի էր մեղմանում, իսկ գորշուկի ոտքի տակ խոտ էր աճել։ Անկման արագությունը նվազեց։ Վերջապես կանգ առնելով՝ գորշուկը հուսակտուր ոռնաց, ապա երկար ու թախանձագին կաղկանձեց, հետո էլ, ինչպես եթե ոչինչ պատահած չլիներ, ասես մի հազար անգամ հարկ էր եղել զբաղվել իր վրագլուխը շտկելով, սկսեց լիզելով մաքրել կողերին կպած չոր կավը։
Այդ գործը վերջացնելուց հետո նա նստեց ու սկսեց զննել շրջապատը, ճիշտ այնպես, ինչպես կաներ Երկրից Մարս ընկած առաջին մարդը։ Գորշուկն անցել էր աշխարհի պատի միջով, անհայտը բաց էր թողել նրան իր գրկից, և նա մնացել էր անվնաս։ Սակայն առաջին մարդը Մարսի վրա իր համար շատ ավելի քիչ արտասովոր բան կտեսներ, քան գորշուկն այստեղ երկրի վրա։ Առանց որևէ նախնական գիտելիքի, առանց որևէ նախապատրաստման նա ընկավ իրեն բոլորովին անծանոթ մի աշխարհ որպես հետազոտող։
Հիմա, երբ սոսկալի անհայտությունը ազատ արձակեց գայլի ձագին, նա մոռացավ նրա բոլոր սարսափները. հետաքրքրութուն էր միայն զգում այն ամենի նկատմամբ, ինչ շրջապատում էր իրեն։ Նա դիտեց իր տակի խոտը, քիչ հեռվի հապալասի թուփը, չորացած սոճու բունը, որ ցցված էր ծառերով շրջապատված բացատի եզրին։ Սոճու հետևից մի սկյուռ վազեց ուղիղ դեպի գորշուկն ու սարսափեցրեց նրան։ Գայլի ձագը տափեց գետնին ու մռնչաց։ Բայց սկյուռը ավելի սարսափեց, արագ մագլցեց ծառը և հասնելով անվտանգ տեղ՝ բարկացած սկսեց ծվծվալ։
Դա քաջություն տվեց գորշուկին, և փայտփորիկը, որին հանդիպեց դրանից անմիջապես հետո, սարսուռ պատճառեց նրան, այնուամենայնիվ նա վստահ շարունակեց իր ուղին։ Այդ վստահությունն աճեց այն աստիճան, որ երբ մի հանդուդն թռչուն ցատկեց գորշուկի մոտ, սա խաղ անելով՝ թաթիկը պարզեց դեպի նա։ Ի պատասխան դրան, թռչունը ցավագին կտցահարեց նրա քիթը․ սա խիստ կծկվեց ու ճչաց։ Թռչունը վախեցավ նրա ձայնից և անմիջապես օդ բարձրացավ։
Գորշուկը ուսանում էր։ Նրա փոքրիկ, թույլ ուղեղը թեև անգիտակցաբար, բայց և եզրակացություն արեց։ Լինում են իրերը կենդանի ու անկենդան։ Եվ կենդանի իրերից պետք է զգուշանալ։ Անկենդանները միշտ մնում են տեղում, իսկ կենդանի իրերը շարժվում են, և առաջուց երբեք չի կարելի իմանալ, թե ինչ կարող են անել։ Նրանցից պետք է սպասել ամեն տեսակ անակնկալ, նրանց նկատմամբ պետք է աչալուրջ լինել, զգույշ։
Անճոռնի էր քայլում գորշուկը, ստեպ-ստեպ դիպչում էր որևէ բանի։ Ճյուղը, որն այնքան հեռու էր թվում, կպչում էր նրա քթին կամ զարնվում կողերին․ գետինը հավասար չէր։ Նա գայթում էր, քերծում քիթը, թաթերը։ Մանր քարերը սահում էին նրա ոտքերի տակից, հենց որ նա ոտքը դնում էր դրանց վրա։ Վերջապես գորշուկը հասկացավ, որ ոչ բոլոր անկենդան իրերն են գտնվում կայուն հավասարակշռության վիճակում, ինչպես իր անձավը, որ մանր անկենդան իրերը շատ ավելի հաճախ են ընկնում ու շրջվում, քան խոշորները։ Իր կատարած ամեն մի սխալից գորշուկն ավելի ու ավելի շատ բան էր իմանում։ Որքան առաջ էր գնում նա, այնքան հաստատ էր դառնում նրա քայլքը։ Հարմարվում էր նա։ Սովորում էր հաշվել իր շարժումները, վարժվել իր ֆիզիկական հնարավորութչուններին, չափել իրերի միջև եղած տարածությունը, ինչպես նաև դրանց ու իր միջև եղած հեռավորությունը։
Հաջողությունը միշտ ուղեկցում է նորելուկներին։ Գորշուկը, որ ծնվել էր որսորդ դառնալու համար (թեև ինքը չէր իմանում դա), հենց անձավի մոտ էլ, առաջին անգամ լույս աշխարհ մտնելուն պես, պատահեց որսի։ Կաքավի հմտորեն թաքցված բույնը ընկավ նրա ճանկը հենց իր անշնորհքության հետևանքով, այսինքն գլորվեց դրա վրա։ Նա փորձեց անցնել տապալված սոճու բնով. փտած կեղևը տեղի տվեց նրա ոտքերի տակ, և նա հուսակտուր վնգստալով՝ պոկվեց կլոր բնից, ընկավ թփի վրա և գլորվելով տերևների ու ճյուղերի միջով՝ իրեն գտավ հենց բույնի մեջ, որտեղ նստել էին կաքավի յոթ ձագերը։
Թռչնիկներն սկսեցին ծվծվալ, և գորշուկն սկզբում վախեցավ. հետո տեսնելով, որ դրանք խիստ փոքր են, համարձակ դարձավ։ Թռչնիկներր շարժվում էին։ Նա թաթով մեկին ճմլեց, և սա ավելի խիստ թպրտաց։ Դա դուր եկավ գորշուկին. նա հոտոտեց թռչնիկին, ապա բերանն առավ։ Թռչնիկը մաքառում էր, խտտացնում նրա լեզուն։ Նույն պահին գորշուկը քաղց զգաց։ Նրա ծնոտները իրար եկան, թռչունի ոսկորները խրթխրթացին, և նա լեզվի վրա տաք արյուն զգաց։ Արյունը շատ համեղ էր։ Նրա ատամների տակ որս կար, այնպիսի որս, որ մայրն էր բերում, միաչն թե շատ ավելի համեղ, որովհետև կենդանի էր։ Գորշուկը կերավ թռչնիկին, և դադարեց միայն այն ժամանակ, երբ բոլոր ճուտերին կերավ-պրծավ։ Դրանից հետո նա լպստեց շրթունքները ճիշտ այնպես, ինչպես մայրն էր անում, և սկսեց դուրս գալ թփից։
Նրան դիմավորեց մի թևավոր մրրիկ։ Սրընթաց գրոհը ու թևերի խելահեղ հարվածները շլացրին, շշմեցրին գորշուկին։ Նա գլուխն առավ թաթերի մեջ ու ճչաց։ Հարվածները տեղացին նոր ուժով։ Մայր կաքավը կատաղությունից խելքը կորցրել էր։ Այդ ժամանակ գորշուկն էլ բարկացավ։ Նա մռնչալով ոստնեց ու սկսեց թաթերով պաշտպանվել, հետո իր մանր ատամները կոխեց թռչունի թևի մեջ և սկսեց, որքան ուժը ներում էր, քաշքշել նրան այս ու այն կողմ։ Կաքավը մյուս թևով խփելով՝ աշխատում էր պոկվել։ Դա գորշուկի առաջին գոտեմարտն էր։ Եվ նա ցնծում էր. մոռացել էր անհայտից զգացած աբողջ վախը և էլ ո՛չ մի բանից չէր վախենում։ Նա ճանկում ու խփում էր կենդանի արարածին, որը հարվածներ էր հասցնում իրեն։ Գորշուկը համակվեց արյան ծարավով. հենց նոր էր ոչնչացրել յոթ փոքրիկ կենդանի արարած, իսկ հիմա կոչնչացնի խոշոր կենդանի արարածին։ Այնքան էր կլանված կռվով և այնքան երջանիկ էր, որ չէր զգում իր բախտավորությունը։ Նա ամբողջ մարմնով դողում էր բորբոքումից, որն զգալու առիթը մինչև հիմա երբեք չէր ունեցել։
Գայլի ձագը բաց չէր թողնում այդ թևը և մռնչում էր սեղմած ատամների արանքից։ Կաքավը թփից դուրս հանեց նրան, իսկ երբ փորձեց գորշուկին նորից տանել այդտեղ, սա թոչունին քաշեց բաց տեղ։ Թռչունը ճչում էր ու ազատ թևով խփում նրան, իսկ փետուրները ցրիվ էին գալիս օդում ձյան փաթիլների պես։ Գորշուկը մոլագարությունից արդեն խելքը թռցրել էր, նախնիների ռազմատենչ արյունը բարձրացել ու փոթորկվել նրա մեջ։ Առանց զգալու, գայլի ձագն այդ րոպեներին ապրում էր լրիվ կյանք։ Նա կատարում էր իրեն կանխորոշված դերը, անում այն գործը, որի համար ծնվել էր՝ սպանում էր որսին ու կռվում նրան սպանելուց առաջ։ Նա արդարացնում էր իր գոյությունը, կատարում կյանքի վերին նշանակումը, որովհետև կյանքը հասնում է իր գագաթնակետին այն պահերին, երբ դրա բոլոր ուժերը ձգտում են իր առաջ դրված նպատակներն իրագործելուն։
Վերջապես թռչունը դադարեց պայքարել․ գորշուկը տակավին բռնել էր նրա թևը։ Նրանք պառկել էին գետնին ու նայում էին իրար։ Գորշուկը փորձեց կատաղի ու սպառնալից մռնչալ։ Կաքավը կտցահարեց նրա քիթը, որ առանց դրան էլ ցավում էր։ Գայլի ձագը ցնցվեց, բայց թևը բաց չթողեց։ Թռչունը կտցահարեց դարձյալ ու դարձյալ։ Գորշուկը ճչաց ու ընկրկեց՝ չհասկանալով, որ թևի հետ քաշում է նաև թռչունին։ Հարվածների տարափ տեղաց նրա բազմաչարչար քթի վրա։ Գորշուկի մարտական ավյունը մարեց։ Որսը բաց թողնելով՝ նա սկսեց անփառունակ փախուստ տալ բացատի մյուս կողմը և պառկեց այդտեղ թփի մոտ, ծանր շնչելով, լեզուն դուրս գցած և աղերսագին վնգստալով։ Եվ հանկարծ անխուսափելի աղետի նախազգացումը ճմլեց նրա սիրտը։ Անհայտը իր բոլոր սարսափներով նորից խոյացավ գայլի ձագի վրա։ Եվ նա բնազդաբար ապաստանեց թփի պաշտպանության տակ։ Քամի փչեց նրա վրա, ու մի թևավոր խոշոր մարմին չարագուշակ լռությամբ սլացավ նրա մոտով. բարձր երկնքից նրա վրա խոյացած բազեն վրիպեց։
Քանի դեռ գորշուկը պառկել էր թփի տակ ու քիչ-քիչ իրեն գտնելով սկսում էր վախվխելով դուրս նայել այդտեղից, բացատի մյուս կողմում, ավերված բնից թռավ կաքավը. կորուստի կսկիծը մոռացրեց երկնքի թևավոր կայծակին։ Բայց գորշուկը տեսնում էր ամեն ինչ, և դա էլ դարձավ նրա համար նախազգուշություն ու դաս։ Նա տեսավ, թե ինչպես բազեն քարի պես ընկավ ցած, սլացավ գետնի վրայով, թևերը համարյա խոտերին քսելով, մագիլները մխրճեց մահացու ցավից ու սարսափից ճչացող կաքավի մարմինը և սուրաց վեր՝ տանելով նրան իր հետ։
Գորշուկը երկար ժամանակ դուրս չէր գալիս իր ապաստարանից։ Նա շատ բան էր իմացել։ Կենդանի էակները միս են, հաճելի էլ համ ունեն։ Սակայն խոշոր կենդանի արարածները ցավ են պատճառում։ Պետք է ուտել փոքրերին՝ այնպիսիներին, ինչպես կաքավի ձագերն էին, իսկ խոշորների հետ, ինչպես կաքավն էր, ավելի լավ է գործ չունենալ։ Բայց և այնպես նրա ինքնասիրությունը վիրավորված էր։ Հանկարծ նա ցանկություն ունեցավ մի անգամ ևս մենամարտել խոշոր թռչունի հետ․ ափսո՜ս, որ բազեն տարավ նրան։ Իսկ եթե այլ կաքավներ էլ պատահե՞ն։ Պետք է գնալ փնտրել։
Գայլի ձագը թեք ափով իջավ դեպի գետակը։ Մինչև հիմա նա դեռ ջուր չէր տեսել։ Առաջին հայացքից դա միանգամայն հուսալի էր, հարթ։ Եվ նա համարձակ առաջ գնաց և սարսափից ծվծվալով սուզվեց հատակ, ուղիղ անհայտի գիրկը։ Մրսեց նա, շունչը կտրվեց։ Օդի փոխարեն, որ նա սովոր էր շնչել, ջուր հոսեց թոքերի մեջ։ Խեղդուքը սեղմում էր նրա կոկորդը մահվան պես։ Գորշուկի համար դա հավասար էր մահվան։ Նա չգիտեր, թե ինչ է մահը, բայց հեռավոր հյուսիսի բոլոր բնակիչների նման վախենում էր դրանից։ Դա նրա համար ամենազարհուրելի ցավի մարմնացումն էր։ Դրա մեջ էր անհայտի բուն էությունը, նրա բոլոր սարսափների հանրագումարը։ Դա վերջին, անուղղելի աղետն էր, որից նա սոսկում էր, թեև չէր կարողանում ամբողջովին պատկերացնել իրեն։
Գորշուկը ելավ ջրի երես ու ամբողջ երախով թարմ օդ կուլ տվեց։ Այս անգամ նա չիջավ հատակ։ Չորս թաթերով էլ նա սկսեց հարվածներ տալ, ասես դա նրա համար ամենասովորական գործն էր, և լող տվեց։ Մերձավոր ափը գորշուկից մի յարդաչափ էր հեռու, բայց նա ջրից դուրս եկավ մեջքը դեպի այդ ափը և տեսնելով դիմացինը՝ անմիջապես ձգտեց դեպի այն ափը։ Գետակը նեղ էր, սակայն հենց այդ տեղում ընդարձակվելով՝ լայն գետախորշ էր կազմում։
Գետակի մեջտեղը ջուրն իր մեջ առավ գորշուկին ու տարավ հոսանքն ի վար ուղիղ դեպի մանր սահանքները, որոնք սկսվում էին այնտեղ, ուր հունը նորից էր նեղանում։ Այդտեղ դժվար էր լողալ։ Հանդարտ ջուրը հանկարծ փրփրաց։ Գորշուկը մերթ ելնում էր մակերես, մերթ գլխովին թաղվում ջրի մեջ։ Հոսանքը այս ու այն կողմ էր նետում նրան, շրջում մերթ կողքի, մերթ էլ մեջքի վրա, խփում քարերին։ Յուրաքանչյուր այդպիսի հարվածի ժամանակ նա վնգստում էր, և ըստ այդ վնգստոցների էլ կարելի էր հաշվել, թե քանի ստորերկրյա քար էր պատահել նրա ճամփին։
Սահանքներից ցած, ուր ափերը կրկին լայնանում էին, գորշուկն ընկավ ջրապտույտի մեջ, որը հեշտությամբ տարավ նրան դեպի ափը և նույնպիսի հեշտությամբ էլ դրեց ծանծաղուտի վրա։ Նա մագլցելով դուրս եկավ ջրից ու պառկեց։ Շարունակվում էր նրա ծանոթությունը արտաքին աշխարհին։ Ջուրը անկենդան էր, բայց և այնպես շարժվում էր։ Բացի դրանից, առաջին հայացքից նա թվում էր պինդ, ինչպես գետինը, մինչդեռ պնդության նշույլ անգամ չուներ։ Եվ գորշուկը հանգեց այն եզրակացության, որ իրերը միշտ չէ որ այնպես են, ինչպես թվում են։ Անհայտից զգացած վախը, որ ոչ այլ ինչ էր, եթե ոչ նախնիներից ժառանգած անվստահությունը շրջապատող աշխարհի հանդեպ, իրականության հետ շփվելուց հետո սաստկացավ միայն։ Այդ օրվանից նրա ամբողջ կյանքում կարմատավորվի այդ անվստահությունը իրերի արտաքին տեսքի հանդեպ։ Եվ նրանց վստահելուց առաջ նա կաշխատի իմանալ, թե ինչպիսին են նրանք իրականում։
Այդ օրը գորշուկին վիճակված էր մի արկած ևս ունենալ։ Հանկարծ նա հիշեց, որ մայր ունի և զգաց, որ աշխարհում ամենից ավելի մայրն է պետք իրեն։ Նրա կրած բոլոր փորձություններից հոգնել էր ոչ միայն մարմինը, այլև ուղեղը։ Ամբողջ նախորդ կյանքում նրա ուղեղը առիթ չէր ունեցել աշխատելու այնպես, ինչպես այդ մեկ օրվա մեջ։ Բացի դրանից, գորշուկը ցանկացավ քնել, ուստի և գնաց որոնելու անձավն ու մորը՝ մենակության և կատարյալ անօգնականության ճնշող զգացումով։
Թփուտից անցնելով՝ գորշուկը հանկարծ սուր ու վայրագ մի ճիչ լսեց։ Նրա աչքերի առջևով արագ անցավ մի դեղին բան։ Նա տեսավ թփերի մեջ սլացող աքիս։ Փոքր էր աքիսը, և գորշուկը չվախեցավ նրանից։ Հետո էլ իր ոտքերի մոտ տեսավ մի կենդանի, խիստ փոքրիկ արարած, որը հենց աքիսի ձագն էր և գորշուկի նման փախել էր տնից ու ման էր գալիս։ Պստլիկ աքիսը ուզում էր ծլկել խոտերի մեջ։ Գորշուկը շրջեց նրան մեջքի վրա։ Աքիսը ծվաց․ նրա ձայնը ճղճղան էր։ Հենց այդ րոպեին գորշուկի աչքի առջևից կրկին սլացավ դեղին բիծը։ Նա լսեց մի վայրագ ճիչ, մի բան էլ ուժգին խփեց գլխին, և մայր աքիսի սուր ատամները մխրճվեցին նրա վզի մեջ։
Մինչ նա վնգստալով ու ոռնալով ետ-ետ էր գնում, աքիսը վազեց իր ձագի մոտ և նրա հետ էլ թաքնվեց թփերի մեջ։ Խածնելու ցավը դեռ չէր անցնում, բայց վիրավորանքից առաջացած ցավը ավելի ուժեղ էր զգացնում իրեն, ուստի և գորշուկը նստեց ու սկսեց կամացուկ նվալ։ Չէ՞ որ մայր աքիսը շատ էր փոքր, բայց որքա՜ն ցավ էր պատճառել նրա կծելը։ Գորշուկը դեռ չէր իմանում, որ փոքրիկ աքիսը ամենավայրագ, վրիժառու և սոսկալի գիշատիչներից է հեռավոր Հյուսիսում, բայց շատ չանցած իմանալու էր։
Նա դեռ նվոցը չէր դադարեցրել, երբ մայր աքիսը նորից տնկվեց նրա առաջ։ Նա անմիջապես չհարձակվեց գորշուկի վրա, որովհետև հիմա նրա ձագը անվտանգ տեղ էր, ուստի մոտեցավ զգույշ, այնպես որ գայլի ձագը կարող էր զննել նրա նուրբ, օձանման մարմինը և բարձր պահած օձանման գլուխը։ Ի պատասխան աքիսի սուր, սպառնալի ճիչի, ցցվեցին գորշուկի մեջքի մազերը, և նա մռնչաց։ Աքիսն ավելի ու ավելի էր մոտենում։ Եվ հանկարծ կատարվեց մի ոստյուն, որին գորշուկը իր անփորձ աչքերով չէր կարող հետևել։ Բարակ ու դեղին մարմինը մի վայրկյան չքվեց գայլի ձագի տեսադաշտից, և աքիսը խոր կծելով մաշկը՝ կառչեց նրա կոկորդից։
Գորշուկը մռնչում էր, պաշտպանվում, բայց շատ էր մատղաշ․ դա նրա առաջին անգամ աշխարհ մտնելն էր, ուստի և նրա մռնչոցը վերածվեց վնգստոցի։ Եվ նա արդեն ոչ թե կռվում էր, այլ ջանում էր պոկվել աքիսի ատամներից ու փախչել։ Սակայն աքիսը բաց չէր թողնում։ Շարունակելով կախվել նրա վզից՝ աքիսը հասավ այն երակին, որտեղ բաբախում է կյանքը։ Աքիսը սիրում էր արյուն և գերադասում էր ծծել ուղղակի կոկորդից՝ կյանքի կենտրոնակետից։
Գորշուկին սպասում էր անվրեպ մահ, և նրա պատմությունը կմնար թերավարտ, եթե թփերի միջից դուրս չնետվեր մայր գայլը։ Աքիսը բաց թողեց գորշուկին ու նետվեց դեպի մոր կոկորդը. բայց վրիպելով՝ կառչեց նրա ծնոտից։ Մայր գայլը թափահարեց գլուխը խարազանի նման, աքիսի ատամները պոկվեցին, և նա, բարձր նետվեց օդ։ Չթողնելով նույնիսկ, որ այդ բարակ, դեղին մարմինը իջնի գետին, գայլը բռնեց նրան օդում, և աքիսը իր մահը գտավ նրա սուր ատամների տակ։
Մայրական փաղաքշանքի նոր զեղումը հանդիսացավ գորշուկի պարգևը։ Մայրն ավելի ուրախացավ, քան որդին։ Նա քթով հեշտությամբ շրջում էր ձագին, լիզում նրա վերքերը։ Հետո էլ երկուսով արնախում աքիսին բաժանեցին իրար մեջ, կերան, վերադարձան քարայր ու պառկեցին քնելու։