== Գլուխ IV։ Աստվածների հետևից ==
Աշնանը, երբ օրերն սկսեցին կարճանալ և օդում արդեն զգացվում էր ցրտերի մոտենալը, Սպիտակ Ժանիքին ազատություն ձեռք բերելու առիթ ներկայացավ։ Մի քանի օր էր արդեն, որ ավանում իրարանցում էր տիրում, հնդկացիները հավաքում էին ամառային վիգվամները և պատրաստվում աշնանային որսի մեկնել։ Սպիտակ Ժանիքը աչալուրջ հետևում էր այդ նախապատրաստություններին, և երբ վիգվամները հավաքեցին ու իրերն էլ տեղավորեցին նավակներում, նա ամեն ինչ հասկացավ։ Նավակներն իրար հետևից սկսեցին հեռանալ ափից, և դրանց մի մասն արդեն անհետացավ տեսողությունից։ Սպիտակ Ժանիքը որոշեց մնալ և առաջին հնարավորությունը ներկայանալուն պես ավանից ծլկեց անտառ։ Լող տալով անցավ գետակը, որն արդեն սկսում էր սառցապատվել, նա կորցրեց իր հետքերը։ Այնուհետև ավելի խորացավ թավուտը և սկսեց սպասել։ Ժամանակն անցնում էր։ Նա կարողացավ մի քանի անգամ քնել, արթնանալ ու նորից քնել։ Նա զարթնեց Գորշ Ջրշունի ձայնից։ Հետո լսվեցին ուրիշ՝ որոնումներին մասնակցող Ջրշունի կնոջ և որդու Միթ֊Սայի ձայները։ Սպիտակ Ժանիքն սկսեց վախից դողալ, երբ լսեց իր անունը, բայց դիմացավ և անտառից դուրս չեկավ, թեև մի բան դրդում էր արձագանքել տիրոջ կանչին։ Շուտով ձայները մարեցին հեռվում, և այն ժամանակ նա դուրս եկավ թփից՝ գոհ, որ փախուստը հաջողվեց։ Մթնշաղը թանձրանում էր։ Սպիտակ Ժանիքը խայտում էր ծառերի մեջ և ուրախանում ազատ լինելուց։ Եվ հանկարծ նա համակվեց մենակության զգացումով։ Նա նստեց և սկսեց տագնապահար ունկնդրել անտառի լռությանը. ոչ մի ձայն, ոչ մի շարժում․․․ Կասկածելի թվաց դա և ինչ֊որ անծանոթ վտանգ սկսեց դարանակալ հետապնդել նրան։ Նա ուշի-ուշով զննեց բարձրաբերձ ծառերի տարտամ շրջագծերը, դրանց մեջ եղած թանձր ստվերները, որտեղ կարող էր թաքնվել ամեն տեսակ թշնամի։ Հետո նա սկսեց մրսել։ Այլևս չկար վիգվամի տաքուկ պատը, որի մոտ նա միշտ տաքանում էր։ Այդպես նստած՝ նա հերթով ծալում էր տակը առջևի մերթ այս, մերթ այն թաթը, հետո էլ ծածկում իր թավամազ պոչով. հենց այդ պահին նրա առջևով անցավ մի տեսիլք։ Ոչ մի տարօրինակ բան չկար այդտեղ. ծանոթ պատկերներ հառնեցին նրա աչքի առաջ։ Նա կրկին տեսավ ավանը, վիգվամները, խարույկների բոցը. լսեց կանանց սուր ձայները, տղամարդկանց կոպիտ թավաձայնը, շների հաչոցր։ Սպիտակ Ժանիքը քաղցածացավ և հիշեց մսի կտորներն ու ձկները, որ մարդիկ էին տալիս իրեն։ Մինչդեռ հիմա նա շրջապատված էր լռությամբ, որը ոչ թե ուտելիք, այլ վտանգ էր խոստանում նրան։ Ազատազրկությունը քնքշացրել էր Սպիտակ ժանիքին։ Մարդկանցից կախված լինելը խլել էր նրա ուժի մի մասը։ Նա կորցրել էր ուտելիք ճարելու սովորությունը։ Նրա վրա իջնում էր գիշերը։ Ավանի աղմուկին ու շարժմանը, ձայների ու պատկերների անընդհատ իրար հաջորդելուն վարժված նրա տեսողությունն ու լսողությունը գործ չէին գտնում իրենց համար։ Ո՛չ անելիք ուներ, ո՛չ լսելիք. ո՛չ մի բան, որին նայեր։ Ջանում էր որսալ թեկուզ նվազագույն սոսափը կամ շարժումը։ Բնության այդ անշարժության ու լռության մեջ մի ահավոր վտանգ կար։ Եվ հանկարծ Սպիտակ ժանիքը ցնցվեց։ Մի ահագին ու անձև բան անցավ նրա աչքի առջևով։ Գետնի վրա փռվեց ամպի տակից դուրս եկած լուսնից լուսավորված ծառի ստվերը։ Միամտվելով՝ գորշուկը կամացուկ գռմռաց, բայց վերհիշելով, որ դա կարող է իր մոտ բերել մի տեղ թաքնված թշնամուն, լռեց։ Գիշերվա սառնամանիքին ենթարկված ծառը բարձրաձայն ճարճատեց նրա գլխավերևում։ Սպիտակ ժանիքը ոռնաց և սարսափից խելացնոր լեղապատառ վազեց դեպի ավանը։ Մարդկային հասարակության մեջ լինելու և նրա ընձեռած պաշտպանության անհաղթահարելի պահանջ էր զգում նա։ Նրա ռունգների մեջ մնացել էր խարույկների ծխի հոտը, ականջների մեջ հնչում էին ձայներ ու աղաղակներ։ Անտառից նա դուրս եկավ լուսնի լույսով ողողված բացատը, որտեղ ո՛չ ստվեր կար, ո՛չ խավար, բայց նրա աչքերը չտեսան ծանոթ ավանը։ Մոռացել էր, որ մարդիկ մեկնել են այդտեղից։ Սպիտակ Ժանիքը քարացած կանգ առավ։ Ուր վազեր չգիտեր. տեղ չկար։ Նա սկսեց տխուր֊տրտում թափառել ամայացած իջևանատեղում, հոտոտել աղբի ու անպետք բաների կույտերը, որ աստվածներն էին թողել։ Հիմա նրան կուրախացներ անգամ այն քարը, որ մի ժամանակ նետել էր մի որևէ բարկացած կին, նույնիսկ Գորշ Ջրշունի ծանր ձեռքը, իսկ Լիփ-Լիփին և շների ամբողջ հաչող ու վախկոտ ոհմակին ցնծությամբ կդիմավորեր։ Նա դանդաղորեն հասավ այն տեղին, ուր առաջ Գորշ Ջրշունի վիգվամն էր, նստեց մեջտեղը և դունչը ուղղեց դեպի լուսինը։ Ջղաձգությունից կոկորդը սեղմվում էր. ապա նրա երախը բացվեց, և ամեն ինչ՝ մենակություն, վախ, Կիչիի կարոտը, անցած բոլոր դառնությունները և գալիք ձախորդությունների ու տառապանքների նախազգացումը հորդեց երկարաձիգ ու տխրագին ոռնոցի մեջ։ Դա Սպիտակ ժանիքի կրծքից պոռթկած առաջին գայլային ոռնոցն էր։ Լույսը բացվելուն պես նրա վախը փարատվեց, բայց ավելի սաստկացավ մենակության զգացողությունը։ Լքված իջևանատեղի տեսքը, որտեղ դեռ վերջերս կյանքր եռում էր, տխրություն էր պատճառում նրան։ Երկար մտմտալու պետք չեղավ, նա դարձավ դեպի անտառը և վազեց գետակի երկայնքով։ Վազեց ամբողջ օրը՝ առանց ոչ մի րոպե հանգստանալու։ Թվում էր, թե կարող է վազել հավիտենապես. նրա ուժեղ մարմինը չէր իմանում ի՛նչ է հոգնությունը։ Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ հոգնությունն այնուամենայնիվ վրա հասավ, նախնիներից ժառանգած տոկունությունը շարունակում էր մղել նրան առաջ, միշտ առաջ։ Այնտեղ, ուր գետը հոսում էր դիք ափերի միջով, Սպիտակ Ժանիքը վազում էր շրջանցումով՝ բլուրների վրայով։ Մաքենզիին միախառնվող առուներն ու վտակներր նա լողում անցնում էր և կամ ծանծաղուտով կտրում։ Հաճախ էր նա ստիպված լինում վազել ափին կպած սառույցի նեղ շերտով. բարակ սառույցը ջարդվում էր, և Սպիտակ ժանիքը ընկնելով սառը ջրի մեջ՝ հաճախ մազ էր մնում խեղդվի։ Եվ այդ ամբողջ ժամանակ սպասում էր, թե ահա հիմա կգտնի աստվածների հետքը այն վայրում, ուր նրանք կմոտենան ափին և կուղղվեն դեպի երկրի խորքը։ Սպիտակ Ժանիքը խելքով գերազանցում էր իր շատ եղբայրակիցներին, և այնուամենայնիվ նրա մտքով չէր անցնում, որ Մաքենզին մի ափ ևս ունի։ Ի՞նչ կլինի, եթե աստվածների հետքը անցնի մյուս կողմը։ Ահա այս էլ նա չէր կարող կռահել։ Հավանորեն հետագայում, ավելի մեծանալուց հետո, սովորեր հետքերը փնտրել գետափերի երկայնքով և մտածեր, որ այդպիսի բան հնարավոր է։ Իսկ հիմա նա վազում էր ենթադրաբար՝ հաշվի առնելով Մաքենզիի միայն մի ափը։ Սպիտակ Ժանիքը վազեց ամբողջ գիշերը՝ խավարում բախվելով խոչընդոտների ու պատվարների, որոնք դանդաղեցնում էին նրա վազքը, բայց չէին փարատում առաջ շարժվելու ցանկությունը։ Երկրորդ օրվա կեսին, երեսուն ժամ հետո, նրա երկաթե մկաններն սկսեցին տեղի տալ, և միայն լարված կամքն էր նեցուկ հանդիսանում։ Համարյա երկու օր բան չէր կերել նա և քաղցից բոլորովին ուժասպառ էր եղել։ Նրա վրա ազդել էին նաև անընդհատ սուզումները սառը ջրի մեջ։ Նրա փառահեղ մորթին ամբողջովին ցեխոտվել էր, թաթերի լայն բարձիկներից արյուն էր ծորում։ Նա սկսեց կաղալ՝ նախ թեթև, հետո ավելի ու ավելի։ Ի լրումն ամենայնի մռայլվեց երկինքը և սկսեց ձյուն տեղալ՝ թաց, հալչող ձյուն, որ փակչում էր նրա չռված թաթերին, քոլոլում էր շուրջ բոլորը եղած ամեն ինչ և ծածկելով գետնի անհավասարությունները՝ դժվարացնում էր առանց այն էլ տանջալի ճանապարհը։ Գորշ Ջրշունը որոշեց այդ գիշեր հանգրվանել Մաքենզի գետի հեռավոր ափին, որովհետև որսավայրերի ճանապարհը այդ ուղղությամբ էր ընթանում։ Բայց մութն ընկնելուց քիչ առաջ Գորշ Ջրշունի կին Կլու֊Քուչը մի իշայծյամ նկատեց մերձակա ափի վրա, ուր նա եկել էր ջուր խմելու։ Եվ ահա, եթե իշայծյամը չմոտենար գետափին, Միթ֊Սան էլ բքի պատճառով ճիշտ ուղղությունից չշեղվեր, Կլու֊Քուչը իշայծյամին չէր տեսնի, Գորշ Ջրշունը հրացանի դիպուկ հարվածով չէր սպանի նրան, և հետագա բոլոր դեպքերը բոլորովին այլ կերպ կդասավորվեին. Գորշ Ջրշունը չէր հանգրվանի Մաքենզիի մոտակա ափին, Սպիտակ Ժանիքն էլ մոտով կվազեր կգնար և կամ կսատկեր, կամ հանդիպելով իր վայրի ցեղակիցներին՝ մինչև կյանքի վերջը գայլ կմնար։ Գիշերն իջավ։ Ձյունն ավելի սաստկացավ, և Սպիտակ Ժանիքը սայթաքելով, լնգլնգալով ու վազելիս կամացուկ վնգվնգալով՝ պատահեց թարմ ոտնահետքի։ Հետքն այնքան թարմ էր, որ Սպիտակ Ժանիքը անմիջապես ճանաչեց։ Անհամբերությունից վնգստալով՝ նա թեքվեց գետից ու նետվեց անտառ։ Նրա ականջին հասան ծանոթ հնչյուններ։ Նա տեսավ խարույկի բոցը, Կլու֊Քուչին, որ զբաղված էր ճաշ պատրաստելով, Գորշ Ջրշունին, որ պպզել ու մի կտոր հում ճարպ էր ծամում։ Մարդիկ թարմ մի՜ս ունեին։ Սպիտակ Ժանիքը սպասում էր դատաստանի և սրա մասին մտածելիս մեջքի մազերը տնկվեցին։ Հետո նա գաղաագողի առաջ շարժվեց. վախենում էր ատելի ծեծից և գիտեր, որ չի խուսափելու դրանից։ Բայց նա գիտեր նաև, որ կտաքանա կրակի մոտ, կվայելի աստվածների հովանավորությունը, կհանդիպի շների հասարակությանը, որը թեև թշնամի է իրեն, բայց և հասարակություն է՝ ընդունակ բավարարելու կենդանի արարածներին մոտիկ լինելու նրա պահանջը։ Սպիտակ Ժանիքը սողալով մոտեցավ խարույկին։ Գորշ Ջրշունը տեսավ նրան ու դադարեց ճարպ ծամել։ Սպիտակ Ժանիքը ավելի դանդաղ սողաց. նվաստանալու և հնազանդվելու զգացումը ճնշում էր նրան, ստիպում քծնել մարդու առաջ։ Նա սողում էր ուղիղ դեպի Գորշ Ջրշունը՝ առաջընթացը շարունակ դանդաղեցնելով, կարծես թե ամեն մի մատնաչափին ավելի էր դժվարանում սող տալը, և վերջապես պառկեց տիրոջ ոտքերի առաջ, որին այսօրվանից անձնատուր եղավ կամովին՝ հոգով ու մարմնով։ Սեփական ցանկությամբ նա մոտեցավ մարդու խարույկին և ընդունեց նրա իշխանությունն իր վրա։ Սպիտակ Ժանիքը դողում էր՝ սպասելով անխուսափելի պատժին։ Ձեռքը բարձրացավ նրա վրա։ Նա կծկվեց ու պատրաստվեց ընդունելու հարվածը, բայց հարված չիջավ։ Սպիտակ Ժանիքը ծածուկ նայեց վեր։ Գորշ Ջրշունը ճարպը երկու կտոր արեց։ Գորշ Ջրշունը մի կտոր ճարպ պարզեց նրան․․․ Սպիտակ Ժանիքը զգույշ ու անվստահ հոտոտեց դա, հետո էլ ձգեց դեպի իրեն։ Գորշ Ջրշունը հրամայեց միս տալ Սպիտակ Ժանիքին, և երբ սա ուտում էր, թույլ չէր տալիս մյուս շներին մոտենան նրան։ Երախտապարտ ու գոհ Սպիտակ Ժանիքը պառկեց իր տիրոջ ոտքերի մոտ՝ նայելով խարույկի տաք բոցին ու աչքերը քնատ կկոցելով։ Նա գիտեր, որ առավոտը կդիմավորի ոչ թե մռայլ անտառում, այլ հանգրվանում, աստվածների մոտ, որոնց նա նվիրեց իր ամբողջ էությունը և որոնց կամքից էլ այժմ կախված էր։
== Գլուխ V։ Պայմանադրություն ==