Վերջին թարմացում 18 Մարտի 2015, 21:17

Մարտին Իդեն, Գլուխ XIV

21:17, 18 Մարտի 2015 տարբերակ, Մանվել (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Մարտին Իդեն
◀ Մարտին Իդեն, Գլուխ XIII Մարտին Իդեն, Գլուխ XV ▶


Չնայած Ռութի նկատմամբ իր սիրույն, Մարտինը չսկսեց լատիներեն սովորել. Օլնեյի խորհուրդներն այս հարցում դեր չխաղացին։ Նրա համար ժամանակը դրամ էր, իսկ շատ գիտություններ, լատիներենից շատ ավելի կարևոր, հրամայողաբար պահանջում էին նրա ուշադրությունը։ Բացի այդ, նա պետք է գրեր, պետք է դրամ վաստակեր։ Բայց, ավա՜ղ, նրա գրածները ոչ մի տեղ չէին տպում։ Նրա ձեռագրերը անվերջ դեգերում էին մի հանդեսից մյուսի խմբագրությունները։ Ինչո՞ւ ուրիշ գրողների երկերը տպում են։ Նա երկար ժամեր անց էր կացնում ընթերցարանում կարդալով ուրիշների երկերը, ուշադիր և քննադատաբար ուսումնասիրելով դրանք, բաղդատելով իր սեփական գրվածքների հետ և իզուր աշխատելով գտնել գաղտնիքը, որ օգնում էր այդ գրողներին վաճառել իրենց երկերը։

Նա զարմանում էր, որ մամուլի էջերում երևացած գրվածքների ահագին մեծամասնությունը անկենդան է։ Այդ պատմվածքներում չկան ո՛չ լույս, ո՛չ էլ գույներ։ Դրանց մեջ չկա կյանքի շունչը, իսկ դրանց համար վճարում են ամեն մի բառին երկու սենթ, հազար բառի համար քսան դոլլար, այդպես էր ասված թերթի հայտարարության մեջ։ Նա կրկին ու կրկին տարակուսանքով կարդում էր անհամար պատմվածքներ, որոնք գրված էին (նա չէր կարող չխոստովանել) թեթև և սրամիտ, բայց առանց իրական կյանքի ճշմարտության։ Չէ՞ որ կյանքը ըստինքյան այնքան զարմանալի, այնքան հրաշալի է, նրանում այնքան շատ են չվճռված խնդիրները, չիրականացած երազները, հերոսական ճիգերը, իսկ այդ պատմվածքները միշտ էլ արտացոլում են միայն առօրյա կյանքը։ Մարտինը զգում էր կյանքի ուժն ու մեծությունը, նրա տենդը, տրոփյունը և ըմբոստ ոգին․ ահա թե ինչի մասին արժեր գրել։ Նա ցանկանում էր գովերգել վտանգների դեմ գնացող քաջասիրտներին, սիրատանջ պատանիներին, սարսափի և տառապանքի պայմաններում պայքարող հսկաներին, որոնք ճարճատեցնում են կյանքը իրենց հզոր ճիգերի ճնշման տակ։ Իսկ այդ տպված պատմվածքներում գովաբանվում են ամեն տեսակի միստր բեթլերներ, դոլլարի խղճուկ սիրահարներ, նկարագրվում են չնչին մարդկանց սիրային մանր հույզերը։ «Պատճառը թերևս այն է, որ իրենք՝ խմբագիրները մանր, չնչին մարդուկներ են,— ասում էր նա ինքն իրեն։— Եվ կամ բոլոր այդ խմբագիրները, գրողներն ու ընթերցողները պարզապես վախենում են կյանքից»։

Ամենից շատ նրան շփոթեցնում էր այն, որ նա ծանոթ չէր ոչ խմբագիրների, ոչ էլ գրողների հետ։ Նա ոչ միայն չգիտեր ոչ մի գրողի, այլև չգիտեր որևէ մեկին, որը երբևէ փորձած լիներ գրել։ Չկար մեկը, որ խոսեր նրա հետ, ուղղություն և լավ խորհուրդ տար նրան։ Նա մինչև անգամ սկսեց տարակուսել, որ խմբագիրները կենդանի մարդիկ են։ Նրանք սկսեցին պատկերանալ նրա աչքին որպես մեքենայի անիվներ․ այո՛, այո՛, ճիշտ այդպես։ Պատմվածքներում, ակնարկներում և բանաստեղծություններում նա զեղում էր իր հոգին, և այդ զեղումները նա հանձնում էր մեքենայի դատաստանին։ Նա իր գրվածքը ուղարկում էր կնքված մեծ ծրարով, որի մեջ դնում էր պատասխանի համար նամականիշ և ծրարը գցում փոստարկղը։ Գրվածքը, որոշ օրեր ցամաքում թափառելուց հետո, վերադառնում էր նրա մոտ, արդեն ուրիշ ծրարի մեջ, իսկ ուղարկված նամականիշը կպցված էր լինում ծրարի վրա։ Ամենայն հավանականությամբ, ոչ մի խմբագիր գոյություն չունի․ գոյություն ունի միայն խորամանկորեն սարքված մի մեխանիզմ, որը դրվածքը դնում է մի ծրարից մյուսի մեջ և փակցնում նամականիշը։ Դա որոշ չափով նման է այն ավտոմատներին, որոնց մեջ գցում են դրամը, և անմիջապես դուրս է գալիս մի կտոր ծամոն և կամ շոկոլադի մի սալիկ։ Նույնն է և խմբագրի մեքենան։ Մի անցքից դուրս են գալիս հոնորարի չեքեր, իսկ մյուս անցքից՝ մերժողական նամակներ։ Մինչ այժմ նա միշտ էլ ընկել է երկրորդ անցքը։

Այդ տխրահռչակ նամակները լրացնում էին մեքենային նմանեցնելը։ Դրանք տպված ստանդարտ բլանկներ էին, որոնց վրա գրվում էին միայն անուններ ու վերնագրեր։ Մարտինն արդեն ստացել է հարյուրավոր այդպիսի բլանկներ, առնվազն մի դյուժին ամեն մի գրվածքի համար։ Եթե նա ստանար ձեռքով գրած գեթ մի կենդանի տող, որը ուղղված լիներ անձամբ իրեն, երջանիկ կլիներ։ Սակայն ոչ մի խմբագիր կյանքի այդպիսի նշան չի ցույց տվել։ Եվ Մարտինը վերջ ի վերջո եկավ այն եզրակացության, որ աշխարհում ոչ մի կենդանի խմբագիր չի լինում, այլ լինում են միայն լավ յուղված և փարթամորեն սարքված ավտոմատներ։ Մարտինը հաստատամիտ և տոկուն էր, կարող էր երկար տարիների ընթացքում համառորեն սնունդ տալ այդ անհոգի մեքենաներին։ Սակայն նա արյունաքամ էր լինում, և ոչ թե տարիները, այլ շաբաթները պետք է վճռեին հարցը։ Ապրուստի համար շաբաթական վճարը մոտեցնում էր նրա սնանկության րոպեն, իսկ փոստի ծախսերը ավելի ևս նպաստում էին դրան։ Նա արդեն չէր կարող գնել գրքեր և վճռեց դրամ խնայել մանր ծախսերից, որպեսզի հետաձգի ճակատագրական վախճանը։ Բայց խնայել չէր կարողանում և մի ամբողջ շաբաթով փութացրեց լուծումը՝ քրոջը՝ Մերիենին հագուստի համար հինգ դոլլար նվիրելով։

Մարտինը պայքարում էր խավարում, առանց խորհրդի, առանց խրախուսանքի, կարծես նրա շուրջը բոլորը խոսքը մեկ են արել՝ ջլատելու նրա արիությունը։ Մինչև անգամ Գերտրուդան սկսել էր ծուռ նայել նրան․ որպես բարի քույր՝ նա սկզբում մատների արանքով էր նայում այն բանին, որը նրան թվում էր երեխայական խենթություն, իսկ հետո, դարձյալ որպես բարի քույր, սկսեց անհանգստանալ։ Նրան թվում էր, թե երեխայությունն արդեն խելագարություն է դառնում։ Մարտինը նկատում էր նրա անհանգիստ հայացքները և դրանցից ավելի էր տառապում, քան միստր Գիգգինբոթամի բացահայտ և կոպիտ ծաղրանքից։ Նա հավատում էր իրեն, բայց իր այդ հավատի մեջ միայնակ էր, մինչև անգամ Ռութը չէր բաժանում այդ։ Ռութը ցանկանում էր, որ նա զբաղվեր միայն ինքնակրթությամբ, և թեպետ աղջիկը երբեք բացեիբաց չէր դատապարտում նրան գրականությամբ տարվելու համար, բայց և չէր էլ խրախուսում։

Մարտինը ոչ մի անգամ ցույց չէր տվել նրան իր գրվածքները։ Ինչ-որ առանձին փափկանկատություն կասեցնում էր նրան, բացի այդ, գիտենալով, թե աղջիկն ինչքան է զբաղված համալսարանում, քաշվում էր նրա ժամանակը խլելուց։ Բայց քննությունները տալուց և աստիճան ստանալուց հետո՝ Ռութը ինքը խնդրեց ցույց տալ գրվածքներից որևէ բան։ Մարտինը և՛ ուրախացավ, և՛ վարանեց։ Ռութը իսկական դատավոր է. նա գեղեցիկ արվեստների բակալավր է, նա ուսումնասիրել է գրականությունը պրոֆեսորների ղեկավարությամբ։ Թերևս խմբագիրներն էլ փորձառու դատավորներ են։ Բայց Ռութը այլ կերպ կվերաբերվի նրա գրվածքներին․ նա Մարտինին չի տա մերժումի տպագրված բլանկ, չի ասի, թե, չնայած բոլոր արժանիքներին, նրա պատմվածքները դժբախտաբար հարմար չեն տվյալ հրատարակության մեջ տպվելու։ Ռութը նրան կվերաբերվի որպես զգայուն հոգի ունեցող կենդանի էակի և, ամենակարևորը, նա վերջապես կճանաչի իսկական Մարտին Իդենին։ Իր երկերի մեջ նա ներդրել է հոգին ու սիրտը, և Ռութը թեկուզ մի քիչ, թեկուզ ամենաչնչին չափով կհասկանա, թե ինչ է երազում Մարտինը, կզգա նրա մեջ թաքնված ուժը։

Մարտինն ընտրեց մի քանի պատմվածքներ, և մի փոքր վարանելուց հետո դրանց վրա ավելացրեց նաև «Ծովի երգը»։ Հունիսի շոգ օրերից մեկում նա և Ռութը հեծանիվներով քաղաքից դուրս եկան ու գնացին դեպի իրենց սիրելի բլուրները։ Դա նրանց երկրորդ պտույտն էր երկուսով, և երբ նրանք սլանում էին՝ ցերեկվա տոթը բարեխառնող ծովածին մեղմ քամու տակ, որը գգվում էր նրանց, Մարտինը իր ամբողջ էությամբ խորապես զգում էր, որ աշխարհը հիանալի է, և որ լավ է ապրել ու սիրել։ Նրանք հեծանիվները թողեցին ճամփեզրին, իսկ իրենք բարձրացան բլրի գորշ գագաթը, ուր արևակեզ կանաչից թարմ խոտի չոր ու բարկ հոտ էր բուրում։

— Այս խոտն իր գործն արել է,— ասաց Մարտինը, երբ նրանք նստեցին բլրին՝ Ռութը նրա բաճկոնի վրա, իսկ ինքը՝ ուղղակի տաք գետնին։

Շնչելով անուշ, զգլխիչ բույրը, նա սովորականի պես իսկույն սկսեց խորհրդածել՝ մասնավորից անցնելով դեպի ընդհանուրն ու հիմնականը։

— Սա կատարել է կյանքում իր դերը,— շարունակեց նա, քնքշորեն շոյելով չոր խոտը.— սնվել է ձմեռային տեղատարափ անձրևներով, պայքարել է գարնանային առաջին փոթորիկների դեմ, ծաղկել է և կերակրել միջատներին ու մեղուներին, իր սերմերը ցրել է դեսուդեն, իսկ հիմա, աշխարհի հանդեպ իր պարտքը կատարելով․․․

— Ինչո՞ւ դուք նայում եք ամեն բանի վրա այդքան զզվելի գործնական տեսակետից,― ընդմիջեց նրան Ռութը։

— Հավանաբար այն պատճառով, որ ես էվոլյուցիայի տեսությունն եմ ուսումնասիրում։ Ի միջի այլոց, ճիշտն ասած, ես միայն վերջերս եմ սկսել տեսնել ամեն ինչ իր իսկական լույսով։

— Բայց ինձ թվում է, թե դուք դադարում եք հասկանալ գեղեցկությունը ձեր այդ գործնական մոտեցման պատճառով։ Դուք քանդում եք գեղեցկությունը, ինչպես փոքրիկ տղան ոչնչացնում է թիթեռնիկներին՝ նրանց գեղեցիկ թևիկներից սրբելով ծաղկափոշին։

Մարտինը բացասաբար շարժեց գլուխը։

— Գեղեցկությունն իր նշանակությունն ունի, բայց ես մինչև այժմ չէի զգում այդ նշանակությունը։ Գեղեցիկը դուր էր գալիս ինձ պարզապես նրա համար, որ գեղեցիկ էր, ուրիշ ոչինչ։ Ես չէի հասկանում գեղեցկության էությունը։ Այս խոտն ինձ համար ավելի սքանչելի է այժմ, երբ ես գիտեմ, թե այն ինչու է այդպես, գիտեմ արևի, անձրևների և հողի այն քիմիական ազդեցությունը, որը հարկավոր էր, որպեսզի այս բլրի վրա խոտ բուսնի։ Ամեն մի խոտիկի պատմության մեջ շատ ռոմանտիկ բան կա. նա քիչ արկածներ չի ապրել։ Հենց այդ միտքն էլ ոգեշնչում է ինձ։ Երբ ես մտածում եմ ուժերի և նյութի խաղի, կյանքի վիթխարի պայքարի մասին, զգում եմ, որ կարող եմ այդ խոտի մասին գրել մի ամբողջ պոեմ, և ո՛չ միայն մի պոեմ։

— Ինչ լա՜վ եք խոսում,— ասաց Ռութը մտացրիվ։ Եվ Մարտինը հանկարծ որսաց իր վրա հառած տարօրինակ, քննախույզ հայացքը։

Մարտինը մի պահ շփոթվեց, և նրա այտերը շիկնեցին։

— Ուրախ եմ, որ վերջապես սովորեցի խոսել,— ասաց նա,— ես այնքա՜ն բան եմ ուզում ասել, բայց այդ ամենն այնքան մեծ է, որ չեմ կարողանում հարմար բառեր գտնել։ Երբեմն ինձ թվում է, թե ամբողջ աշխարհը, ամբողջ կյանքը, ամեն մի խոտ կոչ են անում ինձ և պահանջում, որ ես խոսեմ նրանց փոխարեն։ Ես զգում եմ այդ, բայց ինչպե՞ս նկարագրեմ։ Ես զգում եմ ամեն բանի վեհությունը. բայց երբ սկսում եմ խոսել, ստացվում է մանկական թոթովանք։ Բարդ խնդիր է մտքերն ու զգացումները բառերով մարմնավորել կարողանալը, բերանացի կամ գրավոր, և այնպես, որ ունկնդիրը կամ ընթերցողը հասկանա դրանք, որպեսզի դրանք վերստին մարմնավորվեն նրա մեջ նույն մտքերի ու զգացումների ձևով։ Դա անհամեմատելի մի խնդիր է։ Ահա տեսեք, ես դեմքով թաղվում եմ խոտի մեջ, և այս բույրը, որը շնչում եմ, իմ մեջ առաջացնում է հազարավոր մտքեր ու պատկերներ։ Չէ՞ որ ես շնչեցի տիեզերքի բույրը։ Ես լսում եմ երգեր ու ծիծաղ, տեսնում եմ երջանկություն և վիշտ, պայքար, մահ։ Ուղեղումս անհամար տեսիլներ են առաջանում, և ես կուզենայի դրանք հաղորդել ձեզ, ամբողջ աշխարհին։ Բայց ինչպե՞ս անել այդ. իմ լեզուն կաշկանդված է։ Ես կուզենայի բառերով հաղորդել ձեզ այն ամենը, ինչ ես զգում էի, երբ քիչ առաջ շնչում էի խոտի բույրը, բայց ոչինչ դուրս չեկավ։ Ստացվեցին միայն աղոտ, անճոռնի ակնարկություններ, բառերի ինչ-որ անկապ կուտակում... մինչդեռ ես այնպես եմ ուզում խոսել։ Օ՜...— նա հուսահատ սեսեց կոտրատել մատները,— դա անհնար է․ անհնար է պատմել, անհնար է հաղորդել։

— Բայց դուք շատ լավ եք խոսում,— հավաստում էր Ռութը,— պարզապես զարմանալի է, որ դուք այս կարճ ժամանակում սովորեցիք խոսել։ Միստր Բեթլերը հանրածանոթ հռետոր է։ Նահանգի կոմիտեն միշտ նրան է հրավիրում ճառ արտասանելու նախընտրական պայքարի Ժամանակ։ Իսկ այն օրը, ճաշին, դուք նրանից վատ չէիք խոսում, բայց նա ավելի զուսպ է։ Դուք շատ եք տաքանում. բայց դա աստիճանաբար կանցնի։ Ձեզանից հրաշալի հռետոր դուրս կգա։ Դուք շատ առաջ կգնաք․․․ եթե ուզենաք։ Ձեր մեջ ուժ կա։ Դուք ընդունակ եք մարդկանց տանել ձեր հետևից, ես վստահ եմ դրան։ Դուք կարող եք հաղթահարել ձեր ճանապարհին ամեն մի դժվարություն ճիշտ այնպես, ինչպես հաղթահարեցիք քերականությունը։ Դուք կարող եք հայտնի փաստաբան դառնալ կամ քաղաքական գործիչ։ Ոչինչ չի խանգարում ձեզ ձեռք բերել նույնպիսի հաջողություն, որպիսին ձեռք է բերել միստր Բեթլերը։ Ընդսմին առանց կատակի, — ավելացրեց նա ժպտալով։

Նրանք շարունակեցին զրույցը։ Ռութը, սովորականի պես սիրալիր, բայց հաստատակամ խոսում էր, որ անհրաժեշտ է սովորել, նշում էր, որ լատիներենը անպայման հիմքն է ամեն տեսակ կարիերայի։ Աղջիկը նկարագրեց իր իդեալը, թե ինչպես է պատկերացնում մարդուն և տղամարդուն, իսկ և իսկ նկարագրելով իր հորը և լրացնելով նրա բնութագիրը բացահայտորեն միստր Բեթլերից փոխ առած մի քանի գծիկներով։ Մարտինը լսում էր նրան՝ մեջքի վրա պառկած և հրճվելով նրա շրթների ամեն մի շարժումից, բայց Ռութի խոսքերն արձագանք չէին գտնում նրա սրտում։ Աղջկա նշած հեռանկարները չէին հրապուրում նրան, և նա զգում էր հիասթափության մի խուլ դառնություն՝ միախառնված սիրո սաստիկ տանջանքին։ Աղջիկը ոչ մի բառ չասաց նրա գրական աշխատանքի մասին, և նրա բերած գրվածքները թափված էին գետնին, առանց որևէ ուշադրություն գրավելու։

Վերջապես, խոսակցության մի դադարի Ժամանակ Մարտինը նայեց արևին, չափեց նրա բարձրությունը հորիզոնից և սկսեց հավաքել իր գրվածքները՝ հիշեցնելով դրանց մասին։

— Ա՜խ, ես մոռացել էի,— աշխույժ ասաց Ռութը.— ես շա՜տ եմ ուզում, որ դուք կարդաք դրանք։

Մարտինը նրա համար կարդաց այն պատմվածքը, որ իրեն թվում էր ամենալավը։ Նրա վերնագիրն էր «Կյանքի գինին» և այն գինին, որ հարբեցրել էր Մարտինին այդ պատմվածքը գրելիս, նորից խփեց նրա գլխին այժմ՝ կարդալիս։ Պատմվածքի ինքնատիպ հղացման մեջ յուրահատուկ մի թովչանք կար, և նա աշխատում էր ուժեղացնել դա հուզիչ բառերով ու դարձվածքներով։ Գրելու ժամանակ նրա մեջ վառված ոգեշնչման հուրը դարձյալ համակեց նրան, և նա կարդում էր ահագին հափշտակությամբ, առանց ոչ մի թերություն նկատելու։ Այդպես չէր Ռութի տպավորությունը։ Նրա նուրբ լսելիքը միանգամից նկատեց գրվածքի բոլոր թույլ կողմերը, բոլոր չափազանցությունները, սկսնակ գրողի ծայրահեղ պաթոսը, նախադասության ռիթմիկ կառուցվածքի հաճախակի խախտումները։ Աղջիկն առհասարակ ռիթմ չէր գտնում նրա պատմվածքում, բացի այն տեղերից, որոնք հնչում էին բռնազբոսիկ կերպով չափված-ձևված, և դա անախորժ տպավորություն էր թողնում նրա վրա, որպես վատ դիլետանտիզմ։ «Դիլետանտիզմ». այս էր աղջկա վերջնական վճիռը, բայց նա չարտասանեց այդ բառը. ընդհակառակը, նա միայն մի քանի աննշան դիտողություններ արեց և ասաց, որ ընդհանրապես պատմվածքը շատ է հավանում։

Իսկ Մարտինը հիասթափված էր։ Ռութի քննադատությունն իրավացի էր. նա չէր կարող չխոստովանել այդ, բայց չէ որ ինքը կարդաց իր գրվածքը ոչ թե նրա համար, որ նա ուղղումներ անի, ինչպես դպրոցում անում են աշակերտների շարադրություններում։ Բանը մանրամասնությունները չեն, այդ բոլորը կարելի է ուղղել։ Իհարկե, վաղ թե ուշ նա ինքը կվարժվի նկատել մանր մեղանչումները և կամ բոլորովին խուսափել դրանցից։ Բայց չէ՞ որ այդ պատմվածքում նա աշխատել է զետեղել մեծ, կենդանի կյանքի մի կտոր։ Նա հենց կյանքի այդ կտորն էր ուզում ցույց տալ Ռութին, և ոչ թե կետերով ու ստորակետներով բաժանված մի շարք նախադասություններ։ Մարտինը ուզում էր, որ նա զգար այն մեծ ու կարևոր բանը, որ ինքը տեսել է սեփական աչքերով, ըմբռնել է իր բանականությամբ, շոշափել ձեռքերով և զետեղել է այդ կարճ տողերի մեջ։ Ակներև է, որ դա չի հաջողվել, մտածեց նա։ Թերևս խմբագիրները, վերջ ի վերջո, իրավացի են։ Նա տեսնում էր մեծն ու կարևորր, բայց չէր կարողանում խոսքերով արտահայտել այդ։ Եվ, թաքցնելով իր հիասթափությունը, Մարտինը հեշտությամբ համաձայնեց Ռութի քննադատությանը. իսկ աղջկա մտքով էլ չանցավ, թե բողոքի ինչպիսի մեծ փոթորիկ առաջացրեց Մարտինի հոգում։

— Ահա այս փոքրիկ պատմվածքը ես վերնագրել եմ «Կաթսա»,— ասաց նա, բանալով մի այլ գրվածք։— Չորս թե հինգ ամսագիր մերժեցին այն, բայց և այնպես այդ պատմվածքը դուր է գալիս ինձ։ Իհարկե, ինձ համար դժվար է սեփական գործը դատել, բայց իմ կարծքով, նրանում ինչ֊որ բան կա։ Թերևս դա չգրավի ձեզ այնպես, ինչպես գրավել է ինձ, բայց պատմվածքը կարճ է. ընդամենը երկու հազար բառ։

— Ի՜նչ սարսափելի է,— բացականչեց աղջիկը, երբ նա վերջացրեց ընթերցումը.— դա սարսափելի է, պարզապես սոսկալի է։

Մարտինը թաքուն գոհունակությամբ նայեց նրա գունատ դեմքին, փայլփլող աչքերին ու սեղմված ձեռքերին։ Ինքը հասել էր իր նպատակին․ կարողացավ հաղորդել աղջկան այն զգացումներն ու մտքերը, որոնք գրավել էին իրեն։ Պատմվածքը դուր եկավ աղջկան, թե ոչ միևնույն է. կարևորն այն է, որ դա նրա վրա տպավորություն թողեց, ստիպեց նրան ուշադիր լսել, այնպես որ աղջիկը մինչև անգամ չնկատեց մանր թերությունները։

— Դա կյանքն է,— առարկեց նա,— իսկ կյանքը ոչ միշտ է հրաշալի։ Թերևս շատ տարօրինակ եմ կառուցված, բայց ես այստեղ էլ եմ գեղեցկություն գտնում։ Ընդհակառակը, դա ինձ համար տասն անգամ ավելի թանկ է թվում այդ․․․

— Բայց ինչո՞ւ այդ դժբախտ կինը չէր կարող...— ընդմիջեց նրան Ռութը և իսկույն դարձյալ բացականչեց վրդովված,— օ՜, դա այլանդակ է, զզվելի է, կեղտոտ է։

Մի պահ Մարտինին թվաց, որ ինքը անզգայացավ։ Կեղտո՜տ է։ Նա երբեք չէր մտածել այդ մասին, երբեք չէր ենթադրել։ Ամբողջ պատմվածքը նրա աչքի առաջ վառվում էր հրեղեն տառերով և, այդ շողքից շլացած, դրանում ոչ մի կեղտ չէր նկատում։ Ահա նրա սիրտը դարձյալ տրոփեց։ Նրա խիղճը հանգիստ էր։

— Ինչո՞ւ դուք ավելի գեղեցիկ մի սյուժե չընտրեցիք,— ասաց Ռութը։— Մենք գիտենք, որ աշխարհում շատ կեղտոտ բաներ կան, բայց դա բոլորովին չի նշանակում․․․

Ռութը շարունակեց ասել ինչոր բաներ, զայրույթից բռնկված, բայց Մարտինը նրան չէր լսում։ Նա նայում էր նրա կուսական դեմքին՝ այնքա՜ն անմեղ, այնքա՜ն սրտառուչ կերպով անմեղ, որ կարծես նրա անարատությունը թափանցում էր Մարտինի սրտի խորքը՝ մաքրելով ու լվանալով նրան եթերային, զով ու քնքուշ ցոլքով, ինչպես աստղերի փայլը։ Մենք գիտենք, որ աշխարհում շատ կեղտ կա։ Մարտինը մտածեց, թե Ռութը ինչ կարող էր «գիտենալ», և ուրախ ժպտաց ինքն իրեն, կարծես աղջիկը կատակում էր նրա հետ։ Մի ակնթարթում նրա աչքի առաջ բռնկվեց կենցաղային կեղտի անսահման օվկիանոսի տեսիլքը, որն իրեն այնքան լավ ծանոթ էր, որի մեջ ինքն այնքան լողացել է, և նա ներեց աղջկան, որ չհասկացավ իր պատմվածքը։ Ռութը մեղավոր չէր, որ չհասկացավ։ Մարտինը շնորհակալ եղավ աստծուն, որ Ռութը ծնվել ու մեծացել է այդ բոլորից հեռու։ Իսկ ի՞նքը․․․ ինքը գիտե կյանքը, գիտե նրա անարգությունը նույնքան լավ, որքան և նրա մեծությունը, գիտե, որ կյանքը հրաշալի է՝ չնայած նրան ծածկող ամբողջ կեղտոտությանը, և, գրողը տանի, նա դրա մասին իր խոսքը կասի աշխարհին։ Զարմանալի չէ, որ երկնային սրբերը մաքուր են և անարատ։ Այստեղ արժանիք չկա. իսկ սրբերը կեղտի մեջ, դա արդեն հրաշք է, և այդ հրաշքի համար արժե ապրել։ Տեսնել անիրավության կոյուղիների վերևում բարձրացող բարոյական մեծությունը, աճել և դեռևս կեղտով պատած սեփական աչքերով որսալ գեղեցկության, առաջին շողերը. տեսնել, թե ինչպես թուլությունից, արատավորությունից և ոչնչությունից ծաղկում են ուժը, ճշմարտությունն ու հոգու ազնվությունը։

Հանկարծ Մարտինի ականջին հասավ Ռութի ձայնը․

— Ամբողջ տոնը ինչ֊որ ցածր կարգի է։ Իսկ ինչքան շատ կան վեհ բաներ, հիշեցեք «In Memoriam»։

Մարտինն ուզում էր ասել նրան «Իսկ Լոքսլի Հո՞լլը», և կասեր, եթե տեսիլքները նորից չխանգարեին նրան։ Նա նայում էր Ռութին և մտածում, թե ինչպիսի բարդ ճանապարհներով, հարյուր հազարավոր տարիների ընթացքում բարձրանալով կյանքի սանդուղքով, կինն ի վերջո հասել է ամենակատարյալ կերպարին, որ մարմնավորվում է Ռութի մեջ՝ մաքուր և հրաշալի, աստվածային ուժով օժտված, և կարողացել է ներշնչել իրեն՝ Մարտինին սեր և ձգտում դեպի անարատություն, և այդ աստվածային ուժը փորձելու ցանկություն նրան՝ Մարտին Իդենին, որը նույնպես անհասանելի կերպով բարձրացավ խորքից՝ հաղթահարելով անթիվ արգելքներ ու կյանքի մեծ պրոցեսի շեղումները։ Ահա, թե որտեղ է և՛ ռոմանտիկան, և՛ գեղեցկությունը, և՛ հրաշքը։ Ահա թե ինչի մասին պետք է գրել․ միայն թե կարողանա գտնել բառեր։ Երկնքի սրբերը թող սուրբ էլ մնան, իսկ ինքը մարդ է։

— Ձեր մեջ շատ ուժ կա,― լսեց նա Ռութի ձայնը,— բայց այդ ուժը ինչ-որ անսանձ է։

— Նման է ապակեղենի խանութում գտնվող գետաձիուն,— կատակեց նա՝ պարգևատրվելով աղջկա ժպիտով։

— Չի կարելի առանց ընտրության գրել ամեն ինչի մասին։ Դուք պետք է մշակեք ձեր մեջ ճաշակ, նրբություն, ոճ։

Մարտինը մրմնջաց.

— Ըստ երևույթին ես մեծ հավակնություններ ունեմ։

Ռութը պատասխանեց նրան քաջալերիչ ժպիտով և պատրաստվեց լսել հաջորդ պատմվածքը։

— Չգիտեմ կհավանե՞ք արդյոք,— ասաց Մարտինը, կարծես արդարանալով։— Սա տարօրինակ պատմվածք է։ Կարող է պատահել, որ ես այստեղ իմ ուժերից չափազանց վեր գործ եմ բռնել, բայց պիտի ասել, որ լավ հղացում եմ ունեցել։ Աշխատեցեք մանրուքների վրա ուշադրություն չդարձնել։ Գլխավորն այն է, գլխավորն այն է, որ հիմնական միտքը ըմբռնեք։ Դա կարևոր և ճշմարիտ միտք է, միայն չգիտեմ, թե կարողացե՞լ եմ հասկանալի դարձնել։

Նա սկսեց կարդալ․ կարդալիս նայում էր Ռութին։ Վերջապես նրան թվաց, որ այդ պատմվածքը հափշտակեց աղջկան։ Ռութը նստած էր անշարժ, առանց կտրելու իր հայացքը նրանից, շունչը պահած, ինչպես երևում էր կախարդվելով Մարտինի ստեղծած պատկերներից։ Պատմվածքի վերնագիրն էր «Արկած», և դա իրոք արկածի ներբողն էր․ ոչ թե այնպիսի արկած, որը կարդում ենք գրքերում, այլ իսկական, մեծատառ Արկած՝ ահեղ տիրոջ, պատմելու և վարձատրելու մեջ հավասարապես առատաձեռն, քմահաճ և ուխտադրուժ, ստրկական հնազանդություն և գիշեր-ցերեկ անխոնջ աշխատանք պահանջող տիրոջ, որը մերթ տանում է դեպի արևի շլացուցիչ տարածությունները, մերթ դատապարտում է ծարավի, քաղցի, հոգնեցուցիչ երկար ճամփի տանջանքների, կամ դաժան մահացու ջերմախտի, և քրտնքի, արյան, թունալից միջատների խայթոցների մանր և տգեղ դիպվածների միջով տանում է դեպի փառահեղ ու հաղթական վախճան։

Այդ ամենը և դեռ էլի շատ բան էր նկարագրել Մարտինն իր պատմվածքում. նրան թվում էր, թե այդ ամենը ստիպում էր Ռութին լսել իրեն հրավառ աչքերով։ Աղջկա այտերը կարմրեցին, և ընթերցման վերջին Մարտինին թվաց, թե նա ուշաթափվելու վրա է։ Ռութն իրոք հուզված էր, բայց ոչ պատմվածքից, այլ իրենից՝ Մարտինից։ Բանը պատմվածքը չէր․ աղջիկը դարձյալ հափշտակվեց իրեն արդեն ծանոթ այն ուժով, որը բխում էր Մարտինից և սարսափեցնում էր նրան։ Սակայն տարօրինակ էր, որ այդ պատմվածքը հագեցված էր հենց այդ ուժով, և այժմ դա միակ խողովակն էր, որով այդ ուժի ալիքները հոսում էին դեպի Ռութը։ Աղջիկը զգում էր միայն այդ ուժը, գրեթե չնկատելով այն, ինչ միջնորդի դեր էր կատարում և, թեպետ նրան հափշտակել էր իբր թե նոր կարդացված պատմվածքը, իրականում նա ցնցված էր միանգամայն կողմնակի, նրա ուղեղում հանկարծ ծագած սոսկալի մի մտքից։ Ռութը հանկարծ մտածեց ամուսնության մասին, և այդ մտքի քմահաճ համառությունը վախեցրեց նրան։ Դա անհամեստ բան էր, դա մինչև այժմ այնքա՜ն օտարոտի էր Ռութի համար․․․ Նրան դեռ երբեք չէր տանջել զարթնող կանացիությունը, և նա մինչև այժմ ապրել էր Թեննիսոնի պոեզիայով ոգեշնչված երազների աշխարհում՝ խուլ մնալով մինչև անգամ այն փափկանկատ ակնարկությունների հանդեպ, որոնցով բանաստեղծը շոշափում էր ասպետների և թագուհիների փոխհարաբերությունների անպատշաճ ճշմարտությունը։ Նա մինչ այժմ քնած էր, և հանկարծ կյանքը տիրաբար բախեց նրա դուռը։ Սարսափահար՝ նա կուզենար պինդ փակել, իսկ զարթնող բնազդը պահանջում էր, որ նա լայն բանա դուռը տարօրինակ և գեղեցիկ հյուրի առաջ։

Մարտինն ինքնագոհ սպասում էր նրա վճռին։ Նա չէր կասկածում, թե ինչ կլինի այդ վճիռը, և ապշեց, երբ Ռութն ասաց․

― Գեղեցիկ է։

Մի փոքր դադարից հետո աղջիկը ջերմագին կրկնեց․

— Շա՜տ գեղեցիկ է։

Իհարկե, դա գեղեցիկ էր. բայց պատմվածքում կար ինչ-որ ավելի մեծ բան, այնպիսի մի բան, որին գեղեցկությունը ծառայում էր իբր գործիք։ Մարտինը փռված էր գետնին, և տարակուսանքի չարագուշակ թուխպը գրոհում էր նրա վրա․․․ Դարձյալ չհաջողվեց։ Նա չի տիրապետում խոսքի արվեստին։ Նա տեսնում էր աշխարհի ամենամեծ հրաշալիքները, բայց չի կարողանում նկարագրել դրանք։

— Իսկ ի՞նչ կասեք․․․— նա կանգ առավ՝ չհամարձակվելով արտասանել օտար մի բառ,— գաղափարի մասին։

— Դա մի քիչ խճճված է,— պատասխանեց նա,— դա իմ ընդհանուր տպավորությունն է։ Ես աշխատեցի հետևել հիմնական գծին, բայց դժվար է։ Դուք չափազանց երկարաբան եք, մթագնում եք գործողությանը՝ միանգամայն կողմնակի նյութ ներմուծելով։

— Իսկ հիմնական բովանդակությո՞ւնը,— արագ հարցրեց Մարտինը և բացատրեց,— տիեզերական և համաշխարհային գաղափարը։ Ես ուզում էի ամբողջ պատմվածքը հագեցնել այդ գաղափարով։ Պատմվածքը միայն թաղանթ է դրա համար։ Ես ուղիղ ճանապարհով եմ ընթացել, բայց վատ եմ կատարել առաջադրանքս։ Ակներև է, որ ես չեմ կարողացել արտահայտել ուզածս։ Թերևս ժամանակի ընթացքում սովորեմ։

Ռութը չէր կարողանում հետևել նրա մտքի ընթացքին։ Նրա մտքերն անհասկանալի էին աղջկան, թեպետ և նա գեղեցիկ արվեստների բակալավր էր։ Ռութը չէր հասկանում Մարտինի մտքերն ու իր անհասկացողությունը վերագրում էր նրա արտահայտելու անընդունակությանը։

— Դուք չափազանց երկարաբան եք,— կրկնեց նա,— բայց տեղ-տեղ հիանալի է ստացվել։

Նրա ձայնը Մարտինի ականջին հասնում էր կարծես հեռվից․ որովհետև այդ ժամանակ մտածում էր, թե արդյոք արժե՞ կարդալ «Ծովի երգը»։ Նա պառկած էր մռայլ հուսահատության մեջ, իսկ աղջիկը նայում էր նրան, և նրա գլխում շրջում էին ամուսնության վերաբերյալ միշտ նույն անկոչ ու աներես մտքերը։

— Դուք ուզում եք նշանավո՞ր դառնալ։

― Այո, մի քիչ,— խոստովանեց Մարտինը,— բայց դա չէ գլխավորը։ Ինձ զբաղեցնում է ոչ այնքան փառքը, որքան դեպի փառքը տանող ճամփան։ Բացի այդ, փառքը ինձ հարկավոր է այլ բանի համար։ Կա մի բան, որի համար ես շատ եմ ուզում նշանավոր դառնալ։

Նա ուզում էր ավելացնել՝ «ձեզ համար», և հավանորեն կավելացներ, եթե Ռութը ավելի ջերմ վերաբերվեր նրա գրվածքներին։

Բայց Ռութը այդ պահին չափազանց զբաղված էր Մարտինի ապագայի մասին մտածելով և այդ պատճառով մինչև անգամ չհարցրեց, թե ինչ է ակնարկում նա։ Ռութը հաստատ համոզված էր, որ գրական ասպարեզում նա չի կարող հաջողության հասնել։ Նա հենց նոր ապացուցեց այդ իր դիլետանտական միամիտ գրվածքներով։ Նա լավ էր խոսում, բայց բոլորովին չէր տիրապետում գրական ոճին։ Ռութը նրան բաղդատում էր Թեննիսոնի և Բրաունինգի՝ իր ամենասիրած արձակագիրների հետ, և այդ բաղդատությունը Մարտինի համար ավելի քան աննպաստ էր։ Բայդ Ռութը չասաց Մարտինին այն ամենը, ինչ մտածում էր։ Այն տարօրինակ շահագրգռությունը, որ Մարտինը առաջացնում էր նրա մեջ, ստիպում էր նրան չափազանց խստապահանջ չլինել։ Վերջ ի վերջո նրա գրելու հակումը մի փոքրիկ թուլություն է, որը, հավանական է, ժամանակի ընթացքում կանհետանա։ Այն ժամանակ նա, իհարկե, իր ուժերը կփորձի կյանքի ավելի լուրջ ասպարեզներում և հաջողություն ձեռք կբերի։ Ռութը վստահ էր այդ բանում։ Մարտինն այնքան ուժեղ է, որ անշուշտ ձեռք կբերի ամեն բան․․․ միայն թե շուտով թողնի գրելը։

— Ուզում եմ, որ ինձ ցույց տաք ձեր բոլոր գրվածքները, միստր Իդեն,— ասաց նա։

Մարտինը կարմրատակեց ուրախությունից։ Ռութը հետաքրքրվեց, դա անկասկած է։ Վերջ ի վերջո Ռութը հո չի խոտանել գրվածքները, մինչև անգամ նա գտել է, որ որոշ տեղեր հիանալի են։ Առաջին անգամը Ռութից է լսել խրախուսիչ բառեր։

— Լավ,— ասաց նա խանդավառ,— և խոստանում եմ ձեզ, միսս Մորզ, որ ես լավ գրող կդառնամ։ Գիտեմ, որ ես հեռվից եմ եկել, և դեռ երկար ճամփա ունեմ կտրելու, բայց կանցնեմ այդ ճամփան, թեկուզ դրա համար կարիք լինի, որ չորեքթաթ գնամ։

Նա երկարեց աղջկան մի կապոց գրվածքներ։

— Ահա սրանք «Ծովի երգեր» են։ Ես դրանք կտամ, որ տուն տանեք, որպեսզի կարդաք, երբ ժամանակ կունենաք։ Բայց հետո անկեղծորեն կասեք ձեր կարծիքը։ Ես շատ կարիք ունեմ քննադատության։ Խնդրում եմ, ասեք ինձ ամբողջ ճշմարտությունը։

— Ես ոչինչ չեմ թաքցնի,— խոստացավ Ռութը՝ իր հոգու խորքում զգալով, որ այս անգամ անկեղծ չի եղել նրա հետ և կասկածելով, թե կարո՞ղ է արդյոք անկեղծ լինել հետագայում։