Տեսակցութիւններն, ի հարկէ, գիշերներն էին լինում։ Կամ Նշան Էֆ․ էր գալիս Թէոսենց տունը, որ շատ կասկածելի էր, որովհետեւ Թէոսը յայտնի փախստական գործիչ էր եւ նրա տան վրայ միշտ հսկողութիւն կար։ Կամ մենք էինք գնում իր աներանց տունը՝ Արարուց կողմը Բազար Գիւրիկենր ջոջ աղենց տունը։
Երեկոյեան դէմ ես եւ Թէոսը մի քանի զինուոր ընկերներով գնում ենք Նշան Էֆ․ մօտ, որոշուած տունը։ Նոր են ընթրիքը վերջացրել (Վանում օրական երկու անգամ են ճաշում, — առաւօտեան վաղ, երբ շուկայ են գնում, եւ մէկ էլ երեկոյեան՝ շուկայից վերադարձին)։ Նստում ենք, երկար ու բարակ «բարի եկաք» «բարի տեսանք» «վըր մեր աչաց», «վըր մեր գլխուն» եւայլն։
Նշան Էֆէնտուն առաջին անգամ եմ տեսնում․ հաճելի դէմքով մի երիտասարդ է։ Երեւում է, որ մեր ներկայութիւնը ջղայնացնում է նրան, մանաւանդ վախեցնում է, թէեւ տաճկական նուրբ քաղաքավարութեամբ աշխատում է սքօղել։ Ինքը գիտէր, թէ ով եմ ես, իսկ տնեցիք՝ ոչ…
Խօսացկութիւնը, քանի որ ընդհանուր է, կատարում ենք տնեցւոց ներկայութեամբ։ Մէկ էլ տան պառաւը, որ Թէոսին բարեկամ էր գալիս, հարցրեց Թէոսին․
— <i>Թէոս աղա, քե մեռնիմ, ճի՞շդ է, որ Պ․ Բժիշկը (Կոմս) գնացել է, խա՞…</i>
— <i>Հա, մայրիկ, գնացել է, ամա շուտով կը գայ</i>։
— <i>Աբար, մեր տունը աւրեց․ ափսոս չէր մեր բժիշկ։ Սա նոր եկածը, կʼըսեն, ծուռ է, վեր վար չի ճանչնայ, պիղծ է (խիստ իմաստով), մեր անուշ Վանը աւրել պիտի տայ…</i>
Ամէնքս ծիծաղից մեռնում ենք։ Խեղճ պառաւը չգիտէ, որ «պիղծը» եւ «ծուռը» դէմը նստած է… Ուշ գլխու ընկաւ…
— <i>Աբար… քէօռնամ ես… Ինչ ըրի․ մեղայ քեզ, Աստուած։ Աս էլ աղէկ կʼերեւայ։ Աստուած բարի յաջողութիւն տայ</i>։
Բայց կարծեմ առ ի քաղաքավարութիւն էին ասուած այս խօսքերը։ Ժամանակ չկորցնելու համար անցնում ենք միւս սենեակը մեր գործին։
Նախ քան գործերի ընդհանուր ընթացքը պատմելը, կʼուզէի տալ այն փախստական եւ ոչ֊փախստական գործիչների համառօտ կենսագրականները, որոնք Վան մտած ժամանակ գործօն մասնակցութիւն ունէին կազմակերպական աշխատանքների մէջ։
Սկսինք փախստական ընկերներից։
<i>Իշխան, Նիկոլ Միքայէլեան</i>․ — Իշխանը Շուշեցի էր․ կրթութիւնը ստացել էր Շուշուայ թեմական դպրոցում, շարունակել էր Երեւանի թեմականում, վերջին աւարտական քննութիւնը տալով դուրս էր եկել։
Պապանեկան հասակից մտել էր յեղափոխական ասպարէզ․ եղել էր գործիչ Ալեքսանտրապոլի եւ Կարսի շրջաններում։ 1903ին մտել էր Երկիր՝ Բասեն, Մենակի հետ։ Անցել էր սահմանը՝ առաջնորդելու Նեվրուզի խումբը։ 1904ին մասնակցել էր Ուզունվերանի եւ Բամենի դաշտի կռիւներին, Նեվրուզի խմբի հետ։ Խումբի մնացորդների հետ վերադարձել էր Կովկաս եւ նոյն թուին (1904), Կոմսի հետ խմբով անցել էր Վան։
Իշխանին, ինչպէս իր տեղում ասել եմ, ես ճանաչել եմ դպրոցական օրերից։ Նրան առաջին անգամ աշակերտական <i>զարգացողական</i> (որ յետոյ դարձաւ <i>յեղափոխական</i>) խմբի մէջ մտցնողը ես եմ եղել։ Նրանց խմբի հետ պարապել եմ 2֊3 տարի։ Փոքր ժամանակից ըմբոստ բնաւորութիւն ունէր․ բայց շնորհիւ ընկերական ոգիին եւ ընդունակութիւններին, բոլորի համակրութեան էր արժանացել, թէեւ իր հասակակից ընկերները նրանից ոչ միայն ակնածում էին, այլեւ վախենում։ Դեռ աշակերտական սեղանի վրայ հայրենասէր էր եւ փորձել էր փախչել Հայաստան։
Նրան ես հանդիպել էի ե՛ւ Կարս։ Սովորական միջակ եւ ճարպիկ մի երիտասարդի տպաւորութիւն էր թողել վրաս, մի քիչ յաւակնութիւններ էր ստացած։
Ուրիշ բան չէր Վանի տպաւորութիւնը։ Այդ մի տարի տարի ու կէսը կարծես բոլորովին փոխել էր նրան։ Աւելի լուրջ էր եւ հասունցած, թէեւ 22֊23 տարեկան լինէր։
Արդէն իրեն համար ստեղծել էր հասարակական դիրք յեղափոխական ասպարէզում․ կարողացել էր կարճ ժամանակում ամբողջ Լեռնապարի շրջանի գիւղերը կազմակերպել, ժողովուրդը բաւականին զինել․ ստեղծել էր հրաշալի զինուորական խմբեր․ իսկ իր թռուցիկ խումբը, Վասպուրականի ամենաընտիր եւ ամենակտրիճ խումբն էր։ Բազմաթիւ կռիւների էր մասնակցած։ Զարմանալի ղեկավարելու, թելադրելու, կազմակերպելու շնորհք ունէր։ Նոյն շրջանում կային 10֊15 տարուայ անցեալ ունեցող գործիչներ (ինչպէս Շատախցի Յովսէփը, Նորգեցի Հաջին եւայլն), որոնք բոլորը ենթարկւում էին նրան եւ մտել էին, իբրեւ հասարակ զինուորներ, նրա խմբի մէջ։ Քրդերի մէջ արդէն անուն հանել էր իր կռիւներով եւ գործունէութեամբ․ իսկ կառավարութիւնը Վասպուրականի յեղափոխական գործիչների մէջ ամենաշատը Իշխանից էր վախենում եւ նրան հետեւում։ Նարեկի երկու կռիւների առթիւ, ադէն դատի տակ էր եւ «ղիապի» (ի բացակայութեան) «հիւքըմ» (վճիռ) կայացրին մահուան կամ 101 տարուայ բանտարկութեան, իբրեւ «<i>էշկեա</i>» (աւազակ)։ Այսպէս էին կանչում թուրքերը հայ յեղափոխականներին անարգելու համար։
Նրանից պատկառում էին ե՛ւ Վանի մեր ընկերներն ու զինուորները, իսկ ժողովուրդը ոչ միայն պատկառում էր, այլեւ սիրում։ Արդէն սկսել էին երգել նրա քաջագործութիւնները՝ «<i>Իշխան եկաւ ձեռք մավիզէր</i>»…
Կարճ․ իմ Վան մտած ժամանակ Իշխանը, կարելի է ասել, ամենահեղինակաւոր զինուորական յեղափոխականն էր<ref>Իշխանի մասին կենսագրական գիծեր եւ յիշողութիւններ տես <i>«Հորիզոն», 1916, թիւ 78, Ապրիլ 7</i>։</ref>։
<i>Վարդան֊Շահպազ</i>․ — Սա Սվազի վիլայէթի Տիվրիկ գաւառիցն էր, արդէն հասակաւոր, ճերմակ մարդ էր, մեր մէջ ամենահասակաւորը։ Դրա համար էր որ «<i>Բիձա Վարդան</i>» էինք ասում․ արհեստով լաւ ատաղձագործ է եղել։ 90ական թուականներից Պոլսում մտել է Հ․ Յ․ Դաշնակցութեան մէջ․ Բանք Օթօման մտողներից մէկն էր, ապա աքսորուել էր Ամերիկա։
Ամերիկայից անցել էր Պարսկաստան կազմակերպական գործով։ Շնորհքով եւ հմուտ արհեստաւոր լինելով՝ մտել էր Թաւրիզի մեր զինագործական արհեստանոցը եւ մի երկու տարում սովորել էր զինագործութիւն։
<references/>