— Այ, տեսնում եք։ Պետք չէ գաղտնիք սարքել, եթե որեւէ մեկը ուղղակի մի քանի գավաթ գինի է խմել։ Դա ձեր ինչի՞ն է պետք։ Ես ձեզնից այդ չէի սպասում։
— Չգիտեմ։— Ես ուզում էի փոխել զրույցի թեման։ Եվ հանկարծ հիշեցի։— Նրանք ձեզ կոպիտ բաներ ասացին ձեր փողկապի՞ պատճառով։
— Նրանք ինչո՞ւ պետք է ինձ կոպիտ բաներ ասեին իմ փողկապի պատճառով։ Ես սովորական գործվածքի սեւ փողկապով էի եւ սպորտային սպիտակ շապիկով։
Ես հանձնվեցի, եւ նա հարցրեց, թե ինչո՞ւ է ինձ դուր գալիս այս սրճարանը։ Ես նրան պատմեցի, թե անցած ժամանակներում այն ինչպիսին էր, եւ նա սկսեց իրեն ներշնչել, թե «Լիլա»֊ն իրեն էլ է դուր գալիս, եւ մենք շարունակեցինք նստել։ Ես՝ որովհետեւ այս սրճարանը ինձ դուր էր գալիս, նա՝ որովհետեւ այդ բանը իրեն ներշնչել էր։ Նա հարցեր էր տալիս եւ ինձ պատմում գրողների ու հրատարակիչների, գրական գործակալների ու քննադատների մասին, եւ Ջորջ Հորացիո Լուրիմերի, եւ ամեն տեսակի ասեկոսների մասին եւ նա, հայտնի գրողի կյանքի նյութական կողմի մասին պատմելով, ցինիկ էր, սրամիտ, բարեհոգի, թովիչ ու սիրալիր, այնպես որ ինձ չօգնեց նույնիսկ համակրանքի նոր առարկաներին դիմադրելու իմ սովորությունը։ Նա որոշ արհամարհանքով, բայց առանց դառնության էր խոսում իր բոլոր գրածների մասին, եւ ես հասկացա, որ նրա նոր գիրքը պետք է որ շատ լավը լինի, քանի որ նա առանց դառնության է խոսում նախորդ գրքերի թերությունների մասին։ Նա ցանկություն հայտնեց, որ ես կարդամ իր «Մեծ Գետսբի» նոր գիրքը եւ խոստացավ ինձ տալ, հենց որ վերադարձնեն իր վերջին եւ միակ օրինակը, որ նա կարդալու էր տվել ինչ֊որ մեկին։ Լսելով նրան, անհնարին էր նույնիսկ կասկածել, թե որքան լավն է այդ գիրքը․ դա ցույց էր տալիս ինչ֊որ շատ լավ բան ստեղծած բոլոր ոչ֊ինքնասիրահար գրողներին հատուկ շփոթմունքը, եւ ես ցանկացա, որ նրան շուտ վերադարձնեն գիրքը, որպեսզի ես կարողանամ որքան կարելի է շուտ կարդալ։
Մաքսուել Պերկինսը, ասաց նա, գրում է, թե գիրքը վատ է վաճառվում, բայց մամուլը շատ բարձր կարծիք է հայտնել նրա մասին։ Չեմ հիշում՝ այդ օրը, թե ավելի ուշ նա ինձ ցույց տվեց Գիլբերտ Սելդեսի ծայր աստիճան լավ գրախոսականը։ Այն կարող էր ավելի լավ լինել, եթե միայն ինքը՝ Գիլբերտ Սելդեսը ավելի լավ լիներ։ Սկոտը մտահոգված ու վրդովված էր, որ գիրքը վատ է վաճառվում, բայց, ինչպես ասացի, նրա խոսքերում չկար դառնություն, նա միայն ուրախանում ու շփոթվում էր, որ գիրքը այդպես հաջողվել է իրեն։
Այն օրը, երբ մենք «Լիլա»֊յի բաց պատշգամբում նստած դիտում էինք, թե ինչպես էր թանձրանում աղջամուղջը, ինչպես են մայթով անցնում մարդիկ, ինչպես է փոխվում երեկոյան գորշ լուսավորությունը, մեր խմած սոդայաջրով երկու վիսկին Սկոտի մոտ ոչ մի փոփոխություն չառաջացրեց։ Ես զգուշորեն սպասում էի, բայց ոչինչ չպատահեց, եւ Սկոտը անպատկառ հարցեր չտվեց, ոչ ոքի անհարմար դրության մեջ չդրեց, ճառ չարտասանեց եւ իրեն պահում էր որպես նորմալ, խելոք ու առինքնող մարդ։
Նա պատմեց, որ ինքն ու Զելդան՝ իր կինը, վատ եղանակի պատճառով հարկադրված են եղել իրենց փոքրիկ «Ռենո»֊ն թողնել Լիոնում, եւ հարցրեց, թե չէի՞ ցանկանա իր հետ գնացքով մեկնել Լիոն, մեքենան վերցնել եւ նրանով վերադառնալ Փարիզ։ Ֆիցջերալդները կահավորված բնակարան էին վարձել Տիլզիտի փողոցի № 14 տանը, որ Աստղի հրապարակի մոտ է գտնվում։ Գարնան վերջն էր, եւ ես մտածեցի, որ դա Ֆրանսիայում տարվա ամենալավ ժամանակն է, ուղեւորությունը կարող է հրաշալի լինել։ Սկոտը այնքան սիրալիր ու խելոք էր թվում, իմ աչքի առաջ նա երկու բաժակ մաքուր վիսկի խմեց ու նրա հետ ոչինչ չպատահեց, եւ նա այնքան թովիչ էր ու իրեն այնքան խելոք էր պահում, որ «Դինգո»֊յում անցկացրած երեկոն ինձ տհաճ երազ թվաց։ Ուստի ես ասացի, թե նրա հետ հաճույքով կմեկնեմ Լիոն։
Մենք պայմանավորվեցինք հանդիպել հաջորդ օրը եւ Լիոն գնալ ճեպընթացով, որը առավոտյան է մեկնում։ Այդ գնացքը շատ հարմար ժամանակ է մեկնում եւ շատ արագ է գնում։ Նա միայն մի տեղ է կանգ առնում, որքանով հիշում եմ՝ Դիժոնում։ Մենք մտադրվել էինք Լիոն գնալ, ստուգել ու սարքի բերել մեքենան, մի լավ ընթրել եւ վաղ առավոտյան վերադառնալ Փարիզ։
Առաջիկա ուղեվորության միտքը ինձ հիացմունք էր պատճառում։ Ես կընկերակցեմ ավագ, հայտնի մի գրողի եւ մեքենայում տեղի ունենալիք զրույցից, անշուշտ, օգտակար շատ բան կիմանամ։ Տարօրինակ է վերհիշել, որ ես Սկոտի մասին մտածում էի որպես ավագ սերնդի գրողի, բայց այն ժամանակ ես դեռեւս չէի կարդացել նրա «Մեծ Գետսբին» վեպը եւ նա ինձ անհամեմատ ավագ էր թվում։ Ես գիտեի, որ նա «Սետերդեյ իվնինգ պոստ»֊ի համար գրում է պատմվածքներ, որոնք երեք տարի առաջ լայնորեն ընթերցվում էին, բայց երբեք նրան լուրջ գրող չէի համարել։ «Կլոզերի դե Լիլա»֊յում նա ինձ պատմեց, թե ինչպես է այնպիսի պատմվածքներ գրում, որոնք «Սետերդեյ իվնինգ պոստ»֊ի համար լավ պատմվածքներ է համարում,— եւ որոնք իրոք լավն են,— իսկ հետո, նախքան խմբագրություն ուղարկելը, փոփոխության է ենթարկում, քաջ իմանալով, թե ինչ միջոցներով կարելի է դրանք վերածել լավ վաճառվող ամսագրային պատմվածքների։ Դա ինձ վրդովմունք պատճառեց, եւ ես ասացի, որ իմ կարծիքով, դա պոռնկացում է։ Նա համաձայնեց, որ դա պոռնկացում է, բայց ասաց, թե հարկադրված է այդպես անել, որովհետեւ ամսագրերը իրեն փող են վճարում, որն անհրաժեշտ է իսկական գրքեր գրելու համար։ Ես ասացի, որ իմ կարծիքով մարդ սպանում է իր տաղանդը, եթե գրում է ավելի վատ, քան կարող է գրել։ Սկոտն ասաց, որ սկզբում նա իսկական պատմվածք է գրում, իսկ այն, որ հետո փոփոխում է ու փչացնում, իրեն չի կարող վնասել։ Ես դրան չէի հավատում եւ ուզում էի համոզել նրան, բայց իմ դիրքը ամրապնդելու համար անհրաժեշտ էր, որ ունենայի գոնե մեկ սեփական վեպ, իսկ ես դեռեւս ոչ մի վեպ չէի գրել։ Այն պահից, երբ ես փոխել էի գրելու իմ ոճը, սկսել էի խուսափել հարդարելուց եւ նկարագրելու փոխարեն փորձում էի ստեղծել, գրելը բերկրանք էր դարձել։ Բայց դա չափազանց դժվար էր, եւ ես չգիտեի, թե կարո՞ղ եմ արդյոք գրել մի այնպիսի մեծ բան, ինչպիսին է վեպը։ Հաճախ մի պարբերություն գրելու համար ամբողջ առավոտը աշխատում էի։
Հեդլին՝ կինս, իմանալով մեր ուղեվորության մասին, շատ ուրախացավ, թեեւ լուրջ չէր վերաբերվում Սկոտի այն ստեղծագործություններին, որոնք կարդացել էր։ Լավ գրողի նրա իդեալը Հենրի Ջեյմսն էր։ Բայց նա գտնում էր, որ ինձ չէր խանգարի, եթե աշխատանքից մի քիչ հանգստանամ ու մեկնեմ, թեեւ մենք իսկույն եւեթ ափսոսացինք, որ չենք կարող ավտոմեքենա գնել ու մեկնել երկուսով։ Այն ժամանակ ես չէի պատկերացնում, թե դա երբեւէ հնարավոր կլինի։ Ես երկու հարյուր դոլլար կանխավճար էի ստացել «Բոնի եւ Լիվրայտ»֊ից պատմվածքներիս առաջին գրքի համար, որը պետք է աշնանը լույս տեսներ Ամերիկայում, պատմվածքներ էի վաճառում ե՛ւ «Ֆրանկֆուրտեր Ցայտունգին», ե՛ւ բեռլինյան «Կվերշնիտ» հանդեսին, ե՛ւ փարիզյան «Կաուրտեր» ու «Տրանսատլանտիկ Ռեվյու»֊ին, մենք շատ խնայողաբար էինք ապրում, մեզ թույլ էինք տալիս միայն ամենաանհրաժեշտ ծախսերը, որպեսզի փող կուտակենք ու հուլիսին մեկնենք Պոմպլոնուի feria<ref>Տոնավաճառ (իսպաներեն)։</ref>, իսկ հետո Մադրիդ եւ Վալենսիայի feria։
Այն առավոտ, երբ մենք պայմանավորվել էինք հանդիպել Լիոնյան կայարանում, ես ժամանակին եկա այնտեղ եւ կառամատույցի մոտ սպասեցի Սկոտին։ Նա պետք է բերեր տոմսերը։ Գնացքի մեկնման ժամը հասավ, իսկ նա դեռ չկար։ Ես կառամատույցի տոմս գնեցի եւ սկսեցի քայլել գնացքի երկայնքով, հուսալով տեսնել նրան։ Նա չէր երեւում, իսկ ճեպընթացը ահա֊ահա պետք է շարժվեր, եւ ես նետվեցի վագոն, անցա ամբողջ գնացքով, հուսալով, որ նա այսուամենայնիվ այնտեղ է։ Կառաշարը երկար էր, բայց ես Սկոտին չգտա։ Ես կոնդուկտորին բացատրեցի գործի էությունը, վճարեցի երկրորդ կարգի տոմսի համար,— երրորդ կարգի տոմս չկար,— եւ նրանից տեղեկացա, թե Լիոնում ո՞ր հյուրանոցն է համարվում լավագույնը։ Ես այլ ընտրություն չունեի եւ Դիժոնից հեռագրեցի Սկոտին, հաղորդելով Լիոնյան հյուրանոցի հասցեն, որտեղ նրան սպասելու եմ։ Ես հասկանում էի, որ նա չի հասցնելու մինչեւ մեկնելը ստանալ հեռագիրը, բայց մտածում էի, որ նրա կինը այն ետ կուղարկի նրան։ Նախքան այդ դեպքը ես երբեք չէի լսել, որ հասուն մարդը ուշանա գնացքից, բայց այդ ուղեւորության ընթացքում ես շատ նոր բաներ իմացա։
Այն տարիներին բնավորությունս շատ վատ էր եւ դյուրագրգիռ էի, բայց մինչեւ Մոնտերոն կանցնեինք, ես որոշ չափով խաղաղվեցի ու զայրույթս արդեն չէր խանգարում հիանալու վագոնի պատուհանից բացվող տեսարաններով, իսկ կեսօրին վագոն֊ռեստորանում լավ ճաշեցի, մի շիշ «սենտէմիլիոն» խմեցի եւ որոշեցի, որ եթե նույնիսկ հիմարություն եմ արել ընդունելով հրավերը մի ուղեւորության, որի համար պիտի վճարի մեկ ուրիշը, եւ դրա հետեւանքով ծախսում եմ Իսպանիայում ճանապարհորդելու համար մեզ անհրաժեշտ փողերը, դա ինձ լավ դաս կլինի։ Ես մինչ այդ երբեք չեմ ճանապարհորդել ուրիշի հաշվին, միշտ ինքս եմ ինձ համար վճարել, եւ ես այս անգամ նույնպես պնդել էի, որ հյուրանոցի ու ճաշի փողը հավասար վճարենք երկուսով։ Իսկ այժմ ահա նույնիսկ չգիտեի, թե Ֆիցջերալդը ընդհանրապես գալո՞ւ է։ Զայրույթից ես նրան Սկոտից պաշտոնանկ էի արել, հասցրել Ֆիցջերալդի մակարդակին։ Ավելի ուշ ես շատ գոհ էի, որ ամբողջ զայրույթս թափել եմ սկզբից։ Այդ ուղեւորությունը այնպիսի մարդու համար չէր, որին հեշտ է ջղայնացնել։
Լիոնում ես իմացա, որ Սկոտը Փարիզից մեկնել է Լիոն, բայց չի զգուշացրել, թե որտեղ է իջեւանելու։ Ես կրկնեցի իմ Լիոնյան հասցեն եւ սպասուհին ասաց, որ նրան կհաղորդի, եթե նա զանգի։ Տիկինը վատ է զգում եւ դեռեւս քնած է։ Ես զանգահարեցի բոլոր մեծ հյուրանոցները եւ հայտնեցի իմ հասցեն, բայց Սկոտին չփնտրեցի եւ գնացի սրճարան ապերիտիվ խմելու ու թերթ կարդալու։ Սրճարանում ես ծանոթացա մի մարդու հետ, որն իր ապրուստը հայթայթում էր նրանով, որ կրակ էր կուլ տալիս, ինչպես եւ ցուցամատով ու մեծ մատով ծռում էր մետաղյա դրամներ, դրանք սեղմելով անատամ լնդերի արանքում։ Նա ինձ ցույց տվեց իր լնդերը, որոնք բորբոքված էին, բայց ամուր էին թվում, եւ նա ասաց, թե դա վատ metier<ref>Արհեստ (ֆրանս․)։</ref> չէ։ Ես նրան հրավիրեցի ինձ հետ խմելու, եւ նա սիրով կրակ ։ Նա նուրբ, թուխ դեմք ուներ, որ լուսավորվում ու փայլում էր, երբ նա կրակ էր կուլ տալիս։ Նա ասաց, որ կրակ կուլ տալու եւ մատների ու լնդերի օգնությամբ ուժի հրաշքներ ցուցադրելու կարողությունը Լիոնում մեծ եկամուտ չի տալիս։ Կեղծ կրակ կուլ տվողները կործանել են նրա metier֊ը եւ այսուհետեւ էլ կշարունակեն կործանել ամենուրեք, որտեղ նրանց թույլատրվի հանդես գալ։ Նա ամբողջ երեկոյի ընթացքում կրակ է կուլ տվել, ասաց նա, եւ այսուամենայնիվ փող չունի նույնիսկ մի կաթիլ որեւէ էական բան խմելու։ Ես նրան առաջարկեցի մի բաժակ եւս խմել, կրակ կուլ տալուց կոկորդում մնացած բենզինի հոտը մաքրելու համար, եւ ասացի, թե մենք կարող ենք միասին ընթրել, եթե նա որեւէ լավ ու բավականին էժան տեղ գիտե։ Նա ասաց, որ գիտե մի հիանալի տեղ։