== Գլուխ տասնվեցերորդ։ «Զվարթ կրիկետիստները» պանդոկում ==
Իրիկնամուտին բժիշկ Քեմփը նստել էր բլրի վրա կանգնած տան փոքրիկ աշտարակում գտնվող աշխատասենյակում, որն իշխում էր ամբողջ Բարդոքին։ Այս հաճելի սենյակն ուներ երեք պատուհան, որոնք նայում էին դեպի հյուսիս, արևմուտք ու հարավ․ այնտեղ կային գրքերով ու գիտական հրատարակություններով խճողված դարակներ, մի լայն գրասեղան, և հյուսիսային պատուհանի տակ դրված սեղանիկի վրա՝ մի մանրադիտակ, ապակու շերտեր, փոքրիկ գործիքներ, բացիլների մշակույթներ և ռեակտիվներ պարունակող շշեր։ Բժիշկ Քեմփի ճրագը վառ էր, թեև երկնակամարում դեռ փայլում էր մայր մտնող արևի լույսը, իսկ վարագույրները բարձրացված էին, քանի որ անցորդների ներս նայելու վտանգ չկար։ Բժիշդ Քեմփը բարձրահասակ ու նիհար երիտասարդ էր, վուշե մազերով և սպիտակին տվող բեղերով։ Հուսով էր՝ Արքայական գիտընկերության անդամության իրավունքը կվաստակի իր ձեռնարկած աշխատանքով, որը շատ բարձր էր գնահատում։
Երբ քիչ հետո աչքերը բարձրացրեց աշխատանքից, պատուհանի դիմացի բլրի ետևը տեսավ բոցավառվող մայրամուտը։ Գուցե մի ամբողջ րոպե գրիչը բերանում նստեց, հիանալով բլրագագաթին թափված ոսկեգույնով, ապա ուշադրությունը գրավեց ածխասև մի մարդուկի կերպարանք, որ բլրալանջով վեր՝ դեպի իր կողմն էր վազում կարճլիկ մի մարդուկ, գլխին խողովակաձև գլխարկ. նա այնքան արագ էր վազում, որ սրունքները իսկապես առկայծում էին օդում։
— Էլի մի հիմար,— գոչեց բժիշկ Քեմփը։— Նման այն ավանակին, որ անկյունը շրջվելիս ինձ զարնվեց ու գոռաց՝ «Անտեսանելի Մարդն է գալիս, սըր»։ Չեմ հասկանում՝ մարդկանց խելքին ինչ է փչում։ Կարծես տասներեքերորդ դարումն ենք ապրում։
Նա վեր կացավ, մոտեցավ պատուհանին և սևեռուն դիտեց մթնշաղում թաղված բլրալանջը ու ցած խուժող փոքրիկ կերպարանքր։
― Դա ինչ դժոխային աճապարանք է,— բացականչեց բժիշկ Քեմփը,— բայց ոնց որ տեղից չի էլ շարժվում։ Թեկուզ գրպանները կապար լցրած լիներ, դժվար թե ավելի դանդաղ վազեր։ Թափ վերցրեք, սը՛ր, թափ վերցրեք։
Մի րոպե անց Բարդոքի կողմից բլուրն ի վեր մագլցող վիլլաներից ամենաբարձրը թաքցրել էր վազող կերպարանքը։ Ապա դարձյալ երևաց նա։ Նույնը կրկնվեց նորից ու նորից։ Եվ մարդը այսպես երեք անգամ չքացավ ու հայտնվեց իրարից հեռու կանգնած տների պատերի տակով վազելիս, որից հետո դարատափը թաքցրեց նրան։
― Ավանակնե՜ր,― գոչեց բժիշկ Քեմփը և կրնկի վրա շուռ գալով՝ գրասեղանին մոտեցավ։
Բայց նրանք, ովքեր ճանապարհին լինելով, մոտից էին տեսնում փախստականին ու նկատում էին քրտնած դեմքին դրոշմրված ծայրահեղ սարսափը, չէին բաժանում բժշկի արհամարհանքը։ Վազելիս մարդը զրնգում էր լավ լցված քսակի պես, որ շպրտվում է դես ու դեն։ Ոչ աջ էր նայում, ոչ ձախ․ լռված աչքերը սևեռել էր ուղիղ բլրալանջով ցած, որտեղ լապտերներ էին վառվում և փողոցում մարդիկ էին խռնվել։ Վազողի անճոռնի բերանը կիսաբաց էր ու լորձունքը փրփրել էր շրթներին․ նա խռպոտ ու աղմկալից էր շնչում։ Բոլոր հանդիպողները կանգ էին առնում, ակնապիշ նայում էին ճանապարհով վեր ու վար, իրար հարցուփորձում էին և անհանգիստ կասկածով համակվում նրա աճապարանքի պատճառի մասին։
Քիչ անց բլրագագաթի մոտ՝ ճանապարհին վազվզող մի շուն կաղկանձեց ու դիմացի դարպասի տակ վազեց․ մինչ անցորդները վարանած կանգնել էին, ինչ֊որ քամի, դոփյուն, հևասպառ շնչառության պես մի ձայն խուժեց անցավ նրանց կողքով։
Մարդիկ ճչացին, մայթերից դեն նետվեցին։ Խուճապը փոխանցվում էր աղաղակներով ու բնազդաբար բլուրով ցած էր իջնում։ Փողոցում գոռում֊գոչում էին նրանք, մինչ Մարվըլը հազիվ բլրալանջի կեսն էր հասել, ամենքը տներից ներս էին նետվում, իրենg ետևից շրխկացնում էին դռները և տալիս էին լուրը։ Մարվըլը լսում էր այդ բոլորը, ուստի մի վերջին ճիգ արեց։ Սարսափը սրընթաց եկավ, նրանից առաջ անցավ և մի ակնթարթում տիրեց ամբողջ ավանը։
― Անտեսանելի Մարդն է գալիս, Անտեսանելի Մարդը...
## Գլուխ տասնվեցերորդ։ «Զվարթ կրիկետիստները» պանդոկում
«Զվարթ կրիկետիստներ» պանդոկը գտնվում է բլրան ստորոտում, որտեղ սկսվում է ձիաքարշի գիծը։ Պանդոկապետը գիրուկ ու կարմիր բազուկները հենել էր վաճառասեղանին և սակավարյուն կառապանի հետ ձիերից էր խոսում։ Իսկ գորշ հագուստով սևամորուս մի մարդ պանրով պաքսիմատ էր խժռում, «բարթըն» էր խմում և ամերկերեն զրուցում հերթապահությունը հենց նոր վերջացրած ոստիկանի հետ։