:մեջ, արձակուրդի ժամանակ աշխատելով շրջակա
:դարբնոցներում։ Տես նրա ազդը։
Իհարկե, որպես սկիզբ, սա բավականին լավ լրագրություն էր, ես դա գերազանց էի հասկանում, բայց, այնուամենայնիվ, մի փոքր հիասթափված էի։ «Արքունական անցուդարձը» ինձ ավելի դուր եկավ, և իրոք, նրա պարզ, հարգանքով տոգորված ոճը թարմացրեց ինձ, բոլոր այդ անպատշաճ տպավորություններից հետո։ Բայց այն կարող էր ավելի լավը լինել։ Ես, իհարկե, գերազանց գիտեմ, որ ինչ էլ անելու լինես արքունական անցուդարձի մեջ բազմազանություն մտցնել չես կարող։ Արքունի կյանքը այնքան միապաղաղ է, որ գունավորում տալու բոլոր փորձերդ ջարդուփշուր է անում։ Լավագույն և միակ բանական եղանակն է․ նույն նյութի կրկնողությունը քողարկել ձևի բազմազանությամբ․ ամեն անգամ լրիվ մերկացրեք ձեր փաստը, ապա բառերի նոր հագուստ հագցրեք նրան։ Դա կխաբի աչքը․ փաստը ձեզ թարմ կերևա և այնպիսի պատկերացում կստեղծվի, թե կյանքը արքունիքում եռում է։ Դուք կհրապուրվեք և ախորժակով կուլ կտաք ամբողջ սյունակը, չնկատելով, որ մի ամբողջ դույլ ապուրը եփած է միակ ու եզակի լուբիայից։ Քլարենսի ոճը լավն էր, պարզ, արժանապատվությամբ լեցուն, ուղղակի և գործնական, բայց, այնուամենայնիվ, ըստ իս, դա ամենալավ եղանակը չէր․
:::::Արքունական անցուդարձ
Երկուշաբթի թագավորը ձիավարում էր զբոսայգում։
Երեքշաբթի...»................».......................»
Չորեքշաբթի․․»․․․․․․․․.......»․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․»
Հինգշաբթի...․»...............»........................»
Ուրբաթ․․․․․․․․»․․․․․․․․․․․․․․․․»......................․․»
Շաբաթ․․․․․․․․․»․․․․․․․․․․․․․․․․»․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․»
Կիրակի․․․․․․․․»․․․․․․․․․․․․․․․․»․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․»
Բայց, ընդհանուր առումով, ես շատ գոհ էի լրագրից։ Նրա մեջ պատահում էին նաև որոշ տեխնիկական թերություններ, բայց ամբողջովին վերցրած այն բավականին լավ էր նույնիսկ Արկանզասի սրբագրիչների համար, իսկ Արթուրի դարաշրջանի համար արդեն խոսք չկա։ Ճիշտ է, քերականությունը կաղում էր, մտքերի շարադրանքը նույնպես, բայց ես դրան մասնավոր նշանակություն չէի տալիս։ Ինքս էլ նույն թերություններն ունեմ, իսկ մարդը չպետք է քննադատի ուրիշներին այն հողի վրա, որտեղ ինքն էլ ուղղահայաց կանգնել չի կարողանում։
Գրականության քաղցը այնպես էր բռնել կոկորդս, որ պատրաստ էի կուլ տալու ամբողջ լրագիրը, բայց ինձ հաջողվեց միայն երկու պատառ կծել, որովհետև ինձ պաշարեցին վանականներն ու հարցեր տեղացին․ «Այս տարօրինակ բանը ի՞նչ է։ Ինչի՞ համար է։ Թաշկինա՞կ։ Թամբի ծածկո՞ց։ Շապիկի մա՞ս։ Ինչի՞ց է պատրաստված։ Ինչ էլ բարակ է, ինչ փխրուն և ինչպես էլ շրշում է։ Ամո՞ւր է, հը՞, չի՞ փչանա անձրևից։ Սրանք գրե՞ր են, թե պարզապես զարդարանքներ»։ Նրանք ենթադրում էին, որ դրանք կարող են գրեր լինել, որովհետև լատիներեն և մի քիչ էլ հունարեն կարդալ իմացողները ճանաչեցին գրերից մի քանիսը, բայց, այնուամենայնիվ, չկարողացան գլուխ հանել, թե դա ինչ բան է։ Ես բացատրեցի որքան կարող էի պարզ․
Սա հանրամատչելի լրագիր է, թե ինչ է դա նշանակում, ես կբացատրեմ մի ուրիշ անգամ։ Սա կտավից չէ պատրաստված, այլ թղթից․ մի առիթով ես ձեզ կբացատրեմ, թե ինչ բան է թուղթը։ Տողերը կարդալու համար են, դրանք ձեռքով չեն գրված, այլ տպված են․ ժամանակին ես ձեզ կբացատրեմ, թե ինչ է նշանակում տպելը։ Այսպիսի թերթեր թողարկված են հազար հատ, բոլորն էլ ճիշտ ու ճիշտ սրա նման, այնքան նման, որ մեկը մյուսից չես տարբերի։
Նրանք բոլորը միաբերան բացականչեցին զարմանքով ու հիացմունքով։
― Հազա՜ր։ Ինչ վիթխարի ջանքեր։ Բազմաթիվ մարդկանց համար մի տարվա աշխատանք։
― Ոչ, ընդամենը մեկ օրվա աշխատանք մի տարեց մարդու և մի տղայի համար։
Նրանք խաչակնքեցին և մի երկու պաշտոնական աղոթքներ մրթմրթացին։
― Օ՜ հրաշք, զարմանք։ Օ՜ կախարդության մութ աշխատանք։
Թող այդպես լինի, ես նրանց տարհամոզելու միտք չունեի։ Ցածր ձայնով, այնպես, որ լսելի լիներ նրանց համար, ովքեր ինձ էին մոտեցրել իրենց սափրված գլուխները, մի հատված կարդացի աղբյուրի վերականգնման հրաշքի նկարագրությունից, զարմանքից ապշահար և ակնածանքով լեցուն բացականչությունների ուղեկցության ներքո։
― Ա՜֊հ֊հ֊հ, ինչ ճշմարիտ է։ Զարմանալի է, զարմանալի։ Ամեն ինչ այնպես է, ինչպես պատահել է։ Շշմեցուցիչ ճշտություն։
Իսկ կարո՞ղ են նրանք ձեռք տալ այդ տարօրինակ բանին, շոշափել այն, քննել։ Իրենք շատ զգույշ կլինեն։ Կարելի է։ Նրանք վերցրին թերթը և այնպես զգույշ ու պատկառանքով, կարծես երկնքից ընկած սրբազան բան լիներ․ հոգատարությամբ շոշափում էին այն, փայփայում, հմայված աչքերով դիտում էին չտեսնված նշանները։ Այդ խոնարհված գլուխնե՜րը, հմայված դեմքե՜րը, այդ խոսուն աչքե՜րը․․․ Օ՜, որքան սքանչելի էին ինձ համար։ Քանզի, մի՞թե դա իմ մանկիկը չէր, և մի՞թե ամբողջ այդ համր զարմանքը, հետաքրքրասիրությունը, հիացմունքը պերճախոս տուրք չէին նրա արժանիքներին։ Ես հասկացա, թե ինչ է զգում մայրը․ երբ ուրիշ կանայք, միևնույնն է՝ իր ընկերուհիները, թե օտարները, վերցնում են նրա նորածին մանկիկին և խոնարհվում նրա վրա այնպիսի հիացմունքով, որ աշխարհը առժամանակ դադարում է նրանց համար գոյություն ունենալուց։ Ես այժմ գիտեի, թե դա ինչ զգացում է, ես հասկացա, որ ոչ մի ուրիշ բավարարված փառասիրություն՝ թագավորի, հաղթողի կամ բանաստեղծի, չի կարող այդպիսի երանություն, այդպիսի աստվածային երջանկություն պատճառել։
Անցած ամբողջ ժամանակի ընթացքում իմ լրագիրը ճանապարհորդում էր այդ վիթխարի սրահով մի խմբից անցնելով մյուսին և երջանիկ աչքն էլ միշտ ուղեկցում էր նրան։ Ես նստած էի անշարժ, արբեցած։ Այո, դա դրախտային երանություն էր։ Ես ճաշակեցի այն․․․ այլևս, երևի, ճաշակելու բախտ չեմ ունենա երբեք։