― Սամարրայում ժամադրություն ունեմ<ref>Ըստ երևույթին խոսքը գնում է արևելյան առասպելի մասին, համաձայն որի մի հարուստի մոտ է գալիս նրա սիրած ծառան և աղաչում է, որ տերն իրեն ձի տա, որպեսզի ինքը կարողանա փրկվել մահից (մահը շուկայում հանդիպել էր ծառային և մատով սպառնացել նրան)։ Տերը ձի է տալիս և ծառան մեկնում է Սամարա։ <br> Հաջորդ օրը հարուստը հանդիպում է Մահին և հարցնում, թե ինչո՞ւ է մատով սպառնացել ծառային։ <br> ― Ախր, շատ զարմացա նրան այստեղ տեսնելով,― պատասխանում է Մահը,― քանի որ երեկոյան հետը ժամադրություն ունեի Սամարայում։</ref>,― ասաց քեռի Մաքսը։― Շնորհակալ եմ գինու համար, տղաս, քեզ լավ պահիր։ Ի միջի այլոց, գիտե՞ս, որ քիթդ տկտկում է։
― Այո,― պատասխանեց Մարվինը,― դա ռումբ է։
― Դե, դու գիտես,― ասաց Մաքսը։― Ցտեսությունը, Մարվին։
Եվ քեռի Մաքսը հոգնած քայլեց ճանապարհով, մեջքին գոլֆի պայուսակը, իսկ ձեռքին` համար 2 մականը, որը ծառայում էր որպես անթացուպ։ Մարվինը կրկին սկսեց սպասել։
Կես ժամ հետո մի արագ քայլող կին երևաց։
Սպասումի աճող զգացում համակեց Մարվինին, բայց ի վերջո նա հուսախաբված փլվեց աթոռին։ Այնուամենայնիվ, դա Կետին չէր։ Դա ընդամենը Մարվինի մայրն էր։
― Տնից լավ հեռացել ես, մամ,― ցածրաձայն ասաց Մարվինը։
― Գիտեմ, Մարվին,― պատասխանեց մայրը։― Բայց բանն այն է, որ ինձ գերի վերցրին սպիտակ ստրկավաճառները։
― Այ քեզ բան։ Ո՞նց եղավ, մամ։
― Սուրբ ծննդյան տոնի առթիվ զամբյուղով նվերներ էի տանում Քաթփըրս Լեյնում ապրող աղքատ մի ընտանիքի։ Հանկարծ ոստիկանական ռեյդ սկսվեց, հետո շատ ուրիշ բաներ եղան, ինչ֊որ մեկն ինձ թմրադեղ տվեց ու մեկ էլ զարթնեցի Բուենոս Այրեսում, մի շքեղ սենյակում․ կողքիս ինչ֊որ տղամարդ էր կանգնած, որը տռփանքով ինձ էր նայում ու կոտրտված անգլերենով հարցնում, թե չէի՞ ուզի մի քիչ զբաղվել։ Իսկ երբ ես ասացի ոչ, նա կռացավ ու ամբողջ ուժով հեշտասիրաբար գրկեց ինձ։
― Ա՛յ քեզ պատմություն։ Իսկ հետո ի՞նչ եղավ, մամ։
― Բարեբախտաբար ես մի փոքրիկ հնարք էի հիշում, որ ժամանակին միսիս Ջասփերըսնից եմ սովորել։ Գիտե՞ս, որ մարդուն կարելի է սպանել, եթե ուժեղ հարվածես քթից ներքև։ Պարզվում է, որ այդպես է։ Մարվին, ես չէի ուզում, բայց միակ ելքը դա էր։
Եվ այդպես հայտնվեցի Բուենոս Այրեսի փողոցներում, գլխիս հազար ու մի բան եկավ ու ահա այստեղ եմ։
― Մի քիչ գինի չե՞ս խմի,― հարցրեց Մարվինը։
― Շնորհակալ եմ հոգատարության համար,― ասաց մայրը,― բայց ես արդեն պետք է գնամ։
― Ո՞ւր։
― Հավանա,― ասաց մայրը։― Գարսիային երկտող պիտի տանեմ։ Մարվին, հո մրսած չե՞ս։
― Չէ, երևի քթիս ռումբի պատճառով եմ այդպես խոսում։
― Քեզ լավ պահիր, Մարվին,― ասաց մայրը և շարունակեց ճամփան։
Անցավ որոշ ժամանակ։ Մարվինը նախասրահում ճաշեց, վրայից մի կուժ․․․ 36 թվականի Սանգրե դե Օմբրե խմեց և թիկնեց ձյունասպիտակ պալադիումի ստվերում։ Արևն արդեն ոսկեգույն շողերըտարածել էր սարերի գագաթներին։ Մի տղամարդ շտապելով, անցնում էր պանդոկի մոտով։
― Հայեր՛կ,― գոչեց Մարվինը։
― Բարի օր, Մարվին,― ասաց հայրը, զարմանքը լավ թաքցնելով։― Պետք է ասեմ, որ հայտնվում ես շատ անսպասելի տեղերում։
― Նույնը կարող եմ քո մասին ասել,― պատասխանեց Մարվինը։
Հայրը խոժոռվեց, ուղղեց փողկապը և պորտֆելը տեղափոխեց մի ձեռքից մյուսը։
― Իմ այստեղ լինելու մեջ ոչ մի տարօրինակ բան չկա,― ասաց նա որդուն։― Սովորաբար կայարանից մայրդ է ինձ մեքենայով բերում։ Բայց այսօր նա ուշացավ, ուստի ես ոտքով գնացի։ Քանի որ քայլում էի, որոշեցի անցնել կարճ ճանապարհով՝ գոլֆի դաշտով։
― Ա՜,― ասաց Մարվինը։
― ԸՆդունում եմ,― շարունակեց հայրը,― որ այդ կարճ ճանապարհը դարձավ, կարելի է ասել, երկար ճանապարհ, քանի որ արդեն մի ժամ է, քայլում եմ, եթե ոչ ավել։
― Պապ,― ասաց Մարվինը,― չգիտեմ, թե ինչպես ասեմ, բայց փաստն այն է, որ դու այլևս Երկրում չես։
― Ասածիդ մեջ ոչ մի զվարճալի բան չեմ գտնում,― ասաց հայրը։― Անկասկած ես շեղվել եմ ճամփից, ճիշտն ասած շենքերի ճարտարապետությունն էլ այն չէ, ինչ սովորաբար լինում է Նյու Յորք նահանգում։ Բայց ես միանգամայն վստահ եմ, որ եթե մի հարյուր յարդ էլ քայլեմ, կհասնեմ Աննանդեյլ ավենյու, որն իր հերթին ինձ կտանի Մեյփլ սթրիթի և Սփրուս Լեյնի խաչմերուկը։ Այնտեղից, արդեն, իհարե, ես հեշտությամբ տան ճամփան կգտնեմ։
― Երևի իրավացի ես,― ասաց Մարվինը։ Նա վիճաբանությա մեջ երբեք չէր կարողացել հաղթել հորը։
― Ես պետք է գամ,― ասաց հայրը։― Ի դեպ, Մարվին, գիտե՞ս, որ քթիդ մեջ ինչ֊որ փակոց կա։
― Այո, սըր,― ասաց Մարվինը։― Դա ռումբ է։
Հայրը սաստիկ խոժոռվեց, հայացքով ծակեց Մարվինին, գլուխը տխուր օրորեց և շարունակեց ճանապարհը։
Հետո, Վալդեզի հետ զրուցելիս, Մարվինն ասաց․
― Չեմ հասկանում։ Ինչո՞ւ են բոլոր այդ մարդիկ գտնում ինձ։ Դա բնական չէ։
― Այո, բնական չէ,― հայտարարեց Վալդեզը։― Բայց անխուսափելի է, ինչն ավելի կարևոր է։
― Գուցե անխուսափելի է,― ասաց Մարվինը։― Բայց նաև վերին աստիճան անհավանական է։
― Ճիշտ է,― համաձայնեց Վալդեզը։― Թեև մենք գերադասում ենք «հարկադիր հավանականություն» բառը։ Հարկադիր հավանականությունը Որոնումների տեսության անորոշ ուղեկցող հանգամանքն է։
― Լավ չհասկացա,― ասաց Մարվինը։
― Չհասկանալու բան չկա։ Որոնումների տեսւոյթւոնը մաքուր տեսություն է․ այսինքն թղթի վրա գործում է միշտ և հերքում չունի։ Բայց երբ վերցնում ենք մաքուրն ու իդեալականը և փորձում գործնական կիրառություն տալ, հանդիպում ենք դժվարությունների, որոնցից ամենամեծն անորոշությունն է։
Պարզ ասած, տեղի է ունենում հետևյալը․ Տեսության գոյությունը խանգարում է Տեսության աշխատանքին։ Չէ՞ որ Տեսությունը չի կարող հաշվի առնել իր գոյության ազդեցությունն իր իսկ վրա։ Բացարձակ իմաստով Որոնումների տեսությունը գոյություն ունի մի աշխարհում, որտեղ չկա Որոնումների տեսություն։ Բայց գործնականում, ինչպես մեր դեպքում, Որոնումների տեսությունը գոյություն ունի այն աշխարհում, որտեղ կա Որոնումների տեսություն, ինչն առաջացնում է այսպես ասած «հայելիային», կամ «կրկնօրինակման» էֆեկտ ինքն իր վրա։ Համաձայն որոշ մտածողների, գոյություն ունի «անորոշ կրկնօրինակման» ռեալ վտանգ, որի դեպքում տեսությունն անվերջ փոփոխվում է ինքնիրեն Տեսության հենց Տեսության կողմից փոփոխվելու պայմաններում, ի վերջո էնտրոպիայի վիճակի հասնելով, որի դեպքում բոլոր հավանականությունները հավասար արժեք ունեն։ Այս արգումենտը հայտնի է որպես ֆոն Գրյումանի խաբկանք, որտեղ պատճառը և հետևանքը չունեն տրամաբանական հերթականություն։ Պա՞րզ է։
― Կարծում եմ, այո։ Միակ բանը, որ չեմ հասկանում, այն է, թե ի՞նչ կոնկրետ ազդեցություն է ունենում Տեսությունը Տեսության վրա։
― Կարծում էի, թե բացատրեցի,― ասաց Վալդեզը։― Որոնումների տեսության առաջնային, կամ բնական ազդեցությունը Որոնումների տեսության վրա, իհարկե, լամբադա֊չիի արժեքի բարձրացնումն է։
― Հըմմ,― ասաց Մարվինը։
― Լամբադա֊չին բոլոր հնարավոր որոնումների հակարդարձ հարաբերության սիմվոլիկ արտահայտությունն է բոլոր հնարավոր գտնվածների հանդեպ։ Երբ լամբադա֊չին աճում է մյուս գործոնների անորոշության շնորհիվ, անհաջող որոնումների հանարավորությունը արագ նվազում է համարյա մինչև զրո, մինչդեռ հաջող որոնումների հնարարվորությունն արագ աճում է դեպի մեկ։ Դա հայտնի է որպես Հաստատուն աճի գործոն։
― Արդյոք ասածդ նշանակո՞ւմ է,― հարցրեց Մարվինը,― թե Որոնումների տեսության ազդեցության հետևանքով հենց Որոնումների տեսության վրա (ինչի արդյունքը լինում է Հաստատուն աճի գործոնը), բոլոր որոնումները հաջողությամբ կպսակվեն։
― Միանգամայն ճիշտ է,― պատասխանեց Վալդեզը։― Դու գեղեցիկ ձևակերպեցիր, թեպետ ոչ այնքան ճշգրիտ։ Բոլոր հնարավոր որոնումները հաջողությամբ կպսակվեն Հաստատուն աճի գործոնի առկայության ընթացքում։
― Այժմ հասկանում եմ,― ասաց Մարվինը։― Համաձայն տեսության, ես պետք է գտնեմ Կետիին։
― Այո,― ասաց Վալդեզը։― Դու պետք է գտնես Կետիին, ավելին, դու պետք է գտնես բոլորին։ Միակ սահմանափակումը Հաստատուն աճի գործոնն է, կամ ՀԱ֊ն։
― Մի՞թե,― հարցրեց Մարվինը։
― Իհարկե, բնականաբար, բոլոր որոնումները կարող են հաջողությամբ պսակվել ՀԱ֊ի առկայության ընթացքում։ Բայց ՀԱ֊ի տևողությունը տատանվում է ոչ պակաս, քան 6.3 միկրովայրկյանից մինչև ոչ ավել, 100534543 տարի։
― Ինչքա՞ն կտևի ՀԱ֊ն իմ դեպքում,― հարցրեց Մարվինը։
― Շատերը կուզեին իմանալ այդ հարցի պատասխանը,― ասաց Վալդեզը, բարեհոգի քմծիծաղով։
― Ուզում ես ասել, թե ի՞նքդ չգիտես։
― Ուզում եմ ասել, շատ գիտնականներ իրենց ողջ կյանքը նվիրել են Հա֊ի գոյությունն ապացուցելու խնդրին։ Կարծում եմ, հնարավոր կլիներ բոլոր հավանական դեպքերի համար որոշակի թվական լուծումգտնել, եթե ՀԱ֊ն պարզապես փոփոխական լիներ։ Բայց բանն այն է, որ ՀԱ֊ն պատահական փոփոխական է, իսկ դա լրիվ այլ բան է։ Պատահականությունների հաշվարկը մաթեմատիկայի բավական նոր ճյուղ է, և ոչ ոք չի կարող պարծենալ, թե հաղթահարել է այդ ճյուղը։
― Ես հենց դրանից էի վախենում,― ասաց Մարվինը։
― Գիտությունը անողոք պետ է,― համաձայնեց Վալդեզը։ Հետո նա զվարթ աչքով արեց ու ասաց,― բայց, իհարկե, ամենադաժան պետին էլ կարելի է խորամանկությամբ գերազանցել։
― Ուզում ես ասել, որ լուծում կա՞,― գոչեց Մարվինը։
― Ցավոք, ոչ օրինականա,― ասաց Վալդեզը։― Որոնումների տեսաբաններն այդ անվանում են «մաքսանենգային լուծում»։ Դա այն բանաձևի գործնական կիրառությունն է, որն, ըստ վիճակագրության, փոխադարձ մեծ կապի մեջ է պահանջվող լուծման հետ։ Բայց մենք ոչ մի հիմք չունենք այն որպես տեսություն հիմնավորված համարելու։
― Այնուամենայնիվ,― ասաց Մարվինը,― եթե գործում է, եկեք փորձենք։
― Ավելի լավ է չփորձենք,― ասաց Վալդեզը։― Իռացիոնալ բանաձևերը, անկախ արդյունավետության աստիճանից, միշտ էլ տհաճ են եղել ինձ համար, քանի որ ցավալի ակնարկ են այն մասին, որ մաթեմատիկայի գերագույն տրամաբանությունն ամբողջովին հիմնված է աբսուրդի վրա։
― Ես պնդում եմ,― ասաց Մարվինը։― Ի վերջո, ես եմ որոնողը։
― Մաթեմատիկական լեզվով ասած, դա ոչ մի կապ չունի,― պատասխանեց Վալդեզը։― Բայց, միևնույն է, գիտեմ, որ ինձ հանգիստ չես թողնի, մինչև չզիջեմ։
<references/>