Առանձին անհատների սեփական աշխատանքի վրա հիմնված և մանրատված մասնավոր սեփականության փոխարկումը կապիտալիստական մասնավոր սեփականության, իհարկե, մի անհամեմատ ավելի երկարատև, դժվարին ու ծանր պրոցես է, քան փաստորեն արդեն արտադրության հասարակական պրոցեսի վրա հիմնված կապիտալիստական մասնավոր սեփականության փոխարկումը հասարակական սեփականության։ Այնտեղ բանը վերաբերում է ժողովրդական մասսայի սեփականազրկմանը սակավաթիվ հափշտակիչների ձեռքով, այստեղ ժողովրդական մասսան պետք է սեփականազրկի սակավաթիվ հափշտակիչներին<ref>«Արդյունաբերության պրոգրեսը, որի ակամա կրողը հանդիսանում է բուրժուազիան, որն անզոր է նրան դիմադրելու, բանվորների կոնկուրենցիայից առաջացած բաժանվածության տեղը դնում է նրանց ռևոլյուցիոն միավորումն ասոցիացիայի միջոցով։ Այսպիսով, խոշոր արդյունաբերության զարգացման հետ բուրժուազիայի ոտքի տակից խլվում է հենց այն հիմքը, որի վրա նա արտադրում է և յուրացնում արդյունքները։ Նա արտադրում է ամենից առաջ իր սեփական գերեզմանափորներին։ Նրա կործանումն ու պրոլետարիատի հաղթանակը հավասարապես անխուսափելի են... Այժմ բուրժուազիայի դեմ կանգնած բոլոր դասակարգերից միայն պրոլետարիատն է իսկապես ռևոլյուցիոն դասակարգ ներկայացնում։ Մյուս բոլոր դասակարգերը խոշոր արդյունաբերության զարգացմամբ հասնում են անկման և ոչնչանում են, իսկ պրոլետարիատը այդ զարգացման սեփական արդյունքն է։ Միջին դասերը՝ մանր արդյունաբերողը, մանր առևտրականը, արհեստավորն ու գյուղացին, դրանք բոլորն էլ բուրժուազիայի դեմ կռվում են նրա համար, որպեսզի կործանումից փրկեն իրենց գոյությունը որպես միջին դասերի։ Նրանք, հետևաբար, ոչ թե ռևոլյուցիոն են, այլ կոնսերվատիվ։ Դեռ ավելին. նրանք ռեակցիոն են, նրանք ձգտում են ետ դարձնել պատմության անիվը»։ (K. Marx und F. Engels: «Manifest der Kommunistischen Partei». London 1848, էջ 11, 9)։ [Հմմտ. Կ. Մարքս և Ֆ. Էնգելս. «[[Կոմունիստական պարտիայի մանիֆեստը]]»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. V, էջ 494—495, 493։]</ref>։
===ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՔԼՈՒԽ։ ԳԱՂՈՒԹԱՑՄԱՆ ԱՐԴԻ ԹԵՈՐԻԱՆ<ref>Այստեղ խոսքը վերաբերում է իսկական գաղութներին, այն կուսական հողին, որը գաղութացվում է ազատ ներգաղթողների ձեռքով։ Միացլալ նահանգները տնտեսագիտական իմ աստով դեռևս Եվրոպայի գաղութն են։ Ասենք՝ նրանց թվին են պատկանում նաև այնպիսի հին գաղթավայրերը, որտեղ ստրկության ոչնչացումը հիմքից հեղաշրջել է բոլոր հարաբերությունները։</ref>===
Քաղաքատնտեսությունն սկզբունքորեն շփոթում է մասնավոր սեփականության երկու շատ տարբեր տեսակներ, որոնցից մեկը հիմնվում է արտադրողի սեփական աշխատանքի վրա, մյուսը՝ ուրիշի աշխատանքի շահագործման վրա։ Նա մոռանում է, որ վերջինս ոչ միայն առաջնի ուղղակի հակադրությունն է կազմում, այլև աճում է միայն նրա գերեզմանի վրա։
Եվրոպայի արևմուտքում, քաղաքատնտեսության հայրենիքում, նախասկզբնական կուտակման պրոցեսն ավարտվել է ավելի կամ պակաս չափով։ Կապիտալիստական ռեժիմն այստեղ կա՛մ ուղղակի իրեն է ենթարկել ազգային ամբողջ արտադրությունը, կա՛մ, որտեղ հարաբերություններն ավելի քիչ են զարգացած, նա առնվազն անուղղակի կերպով իր վերահսկողության է ենթարկում իր կողքին դեռ իրենց գոյությունը պահպանող և քայքայվող հասարակական այն խավերին, որոնք պատկանում են արտադրության հնացած եղանակին։ Կապիտալի այդ պատրաստի աշխարհի նկատմամբ տնտեսագետը այնքան ավելի երկչոտ եռանդով ու այնքան ավելի մեծ խանդաղատանքով է կիրառում մինչկապիտալիստական աշխարհին վերաբերող իրավական ու սեփականատիրական պատկերացումները, որքան ավելի բարձր են աղաղակում փաստերը նրա իդեոլոգիայի դեմ։
Այլ է իրերի դրությունը գաղութներում։ Կապիտալիստական ռեժիմն այնտեղ ամեն քայլափոխում արգելքների է հանդիպում արտադրողի կողմից, որը ինքը լինելով իր աշխատանքի պայմանների տեր, իր աշխատանքով հենց իրեն է հարստացնում և ոչ թե կապիտալիստին։ Այս երկու տրամագծորեն հակադիր տնտեսական սիստեմների հակասությունն այստեղ գործնականորեն երևան է գալիս նրանց պայքարի մեջ։ Եթե կապիտալիստի թիկունքում նրա մայր-երկրի ուժերն են կանգնած, նա աշխատում է սեփական աշխատանքի վրա հիմնվող արտադրության ու յուրացման եղանակը բռնի կերպով վերացնել։ Նույն այն շահերը, որոնք տնտեսագետին, կապիտալի սիկոֆանտին, ստիպում են մետրոպոլիայում թեորիապես հիմնավորելու արտադրության կապիտալիստական եղանակի նույնությունը նրա սեփական հակադրության հետ,— գաղութներում այդ նույն շահերը նրան դրդում են «to make a clean breast of it» [«իր խիղճը մաքրելու այդ տեսակետից»] և բարձրաձայն հռչակելու արտադրության այդ երկու եղանակների հակադրությունը։ Այդ նպատակով նա ցույց է տալիս, որ աշխատանքի հասարակական արտադրողական ուժի զարգացումը — կոոպերացիան, աշխատանքի բաժանումը, մեքենաների կիրառումը խոշոր մասշտաբով և այլն — անհնարին է առանց բանվորների սեփականազրկման և արտադրության միջոցների համապատասխան փոխարկման կապիտալի։ Այսպես կոչված՝ ազգային հարստության շահերի տեսակետից նա արհեստական միջոցներ է որոնում ժողովրդական աղքատություն ստեղծելու համար։ Նրա ջատագովական զրահն այստեղ փշուր-փշուր է լինում, ինչպես փափուկ աբեթը։
Է. Գ. Ուեկֆիլդի մեծ ծառայությունը ո՛չ թե այն է, որ նա որևէ նոր բան է ասել գաղութների մասին<ref>Բուն գաղութների էության վրա Ուեկֆիլդի սփռած լույսի սակավաթիվ ճառագայթները լիովին կռահել են Միրաբո-հայրը, ֆիզիոկրատները և դեռ շատ ավելի առաջ՝ անգլիական տնտեսագետները։</ref>, այլ այն, որ նա գաղութներում հայտնագործել է ճշմարտությունը մայր-երկրում տիրող կապիտալիստական հարաբերությունների մասին։ Ինչպես որ հովանավորման սիստեմը իր սկզբնավորման ժամանակ<ref>Ավելի ուշ հովանավորական սիստեմը դառնում է ժամանակավոր անհրաժեշտութլուն միջազգային մրցապայքարի մեջ։ Բայց ինչ էլ որ լինեն նրա դրդապատճառները, նրա հետևանքները նույնն են մնում։</ref> ձգտում է մայր-երկրում կապիտալիստներ արտադրելու, այնպես էլ Ուեկֆիլդի գաղութացման թեորիան, որ Անգլիան մի որոշ ժամանակ աշխատում էր օրենսդրական ճանապարհով կենսագործել, ձգտում է գաղութներում վարձու բանվորներ արտադրելու։ Նա այդ անվանում է «Systematic colonizatiom (սիստեմատիկ գաղութացում)։
Ամենից առաջ Ուեկֆիլդը հայտնագործեց գաղութներում, որ փողի, կենսամիջոցների, մեքենաների ու արտադրության այլ միջոցների տեր լինելը դեռ մարդուն չի դարձնում կապիտալիստ, եթե բացակայում է դրամի այնպիսի լրացումը, որպիսին է վարձու բանվորը, այն մյուս մարդը, որն ստիպված է կամովին հենց իրեն վաճառելու Նա հայտնագործեց, որ կապիտալր ո՛չ թե իր է, այլ մարդկանց միջև, առաջացող հասարակական հարաբերություն, որը միջնորդավորված է իրերով<ref>Նեգրը նեգր է։ Միայն որոշ հարաբերությունների մեջ է նա դառնում ստրուկ։ Բամբակաման մեքենան բամբակ մանելու մեքենա է։ Միայն որոշ հարաբերությունների մեջ է նա դաոնում կապիտալ։ Այդ հարաբերություններից անջատված՝ նա նույնպես կապիտալ չէ, ինչպես ոսկին ինքնըստինքյան փող չէ կամ շաքարը՝ շաքարի գին... Կապիտալը հասարակական-արտադրական հարաբերություն է։ Նա պատմական արտադրական հարաբերություն է» (Karl Marx: «Lohnarbeit und Kapital» «Neue Rheinische Zeitung»-ում № 226, 7 ապրիլի 1849 թ.)։ [Հմմտ. Կ. Մարքս. «Վարձու աշխատանք և կապիտալն»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. V, էջ 429, 430։]</ref>։ Պարոն Պիլը,— գանգատվում է նա,— Անգլիայից իր հետ 50 000 ֆ. ստ. ընդհանուր գումարի կենսամիջոցներ ու արտադրության միջոցներ տարավ Նոր Հոլանդիայի Կարապի Ափը։ Պարոն Պիլն այնքան շրջահայաց էր, որ, բացի վերոհիշյալից, իր հետ տարավ 3 000 հոգի բանվոր դասակարգից՝ տղամարդ, կին ու երեխա։ Բայց նշանակված տեղը հասնելուց հետո «պարոն Պիլի մոտ մի ծառա էլ չմնաց, որ կարողանար նրա անկողինը պատրաստել կամ նրա համար գետից ջուր քաշել»<ref>E. G. Wakefie1d: «England and America». London 1833, հ. II, էջ 33։</ref>։ Դժբախտ պարոն Պիլ։ Նա ամեն բան նախատեսել էր, բայց մոռացե՜լ էր Կարապի Ափը փոխադրել անգլիական արտադրական հարաբերությունները։
Ուեկֆիլդի հետևյալ հայտնագործությունները հասկանալու, համար՝ երկու նախնական դիտողություն։ Մենք գիտենք, որ եթե արտադրության միջոցներն ու կենսամիջոցները անմիջական արտադրողի՝ բանվորի իրեն սեփականությունն են, նրանք կապիտալ չեն կազմում։ Նրանք կապիտալ են դառնում այն պայմաններում միայն, երբ միաժամանակ ծառայում են որպես բանվորին շահագործելու ու նրա վրա իշխելու միջոցներ։ Բայց տնտեսագետի գլխում նրանց այդ կապիտալիստական հոգին այնպես սերտ ամուսնական կապերով է միացած նրանց նյութական սուբստանցի հետ, որ նա ամեն պարագայում էլ այդ միջոցները կապիտալ է անվանում նույնիսկ այն պայմաններում, երբ նրանք կապիտալի ուղիղ հակադրությունն են։ Նույնը Ուեկֆիլդի մոտ։ Այնուհետև, ինքնուրույն տնտեսություն վարող, միմյանցից անկախ բազմաթիվ բանվորների անհատական սեփականությունը կազմող արտադրության միջոցների փոշիացումը նա անվանում է կապիտալի հավասար բաշխում։ Տնտեսագետի հետ էլ նույնն է պատահում, ինչ որ ֆեոդալական իրավաբանի հետ։ Վերջինը նույնիսկ զուտ փողային հարաբերությունների վրա իր ֆեոդալական իրավաբանական պիտակներն էր կպցնում։
«Եթե,— ասում է Ուեկֆիլդը,— կապիտալը հավասար բաժիններով բաշխված լիներ հասարակության բոլոր անդամների միջև, ապա ոչ մի մարդ շահագրգռված չէր լինի ավելի կապիտալ կուտակելու, քան նա կարող է գործի մեջ կիրառել սեփական ձեռքերի օգնությամբ։ Որոշ չափով այդ էլ հենց նկատվում է ամերիկյան նոր գաղութներում, որտեղ հողասեփականության մոլուցքը արգելք է լինում վարձու բանվորների դասակարգի գոյությանը»<ref>Նույն տեղում, հ. I, էջ 17։</ref>։ Հետևաբար, քանի դեռ բանվորը կարող է կուտակել հենց իրեն համար,— իսկ նա այդ կարող է անել, քանի դեռ արտադրության իր միջոցների, սեփականատերն է մնում,— այնքան ժամանակ կապիտալիստական կուտակումն ու արտադրության կապիտալիստական եղանակը հնարավոր չեն։ Բացակայում է դրա համար անհրաժեշտ վարձու բանվորների դասակարգը։ Բայց այդ դեպքում հապա հին Եվրոպայում ինչպե՞ս կատարվեց բանվորի սեփականազրկումը նրա աշխատանքի պայմաններից, ինչպե՞ս ստեղծվեցին կապիտալն ու վարձու աշխատանքը։ Մի շատ յուրատեսակ contrat social [հասարակական դաշինքի] միջոցով։ «Մարդկությունը... յուրացրել է կապիտալի կուտակմանն օժանդակելու մի հասարակ մեթոդ», որը, իհարկե, Ադամի ժամանակվանից նրան թվացել է որպես գոյության վերջին ու միակ նպատակը. «մարդկությունը բաժանվել է կապիտալի սեփականատերերի ու աշխատանքի սեփականատերերի... այդ բաժանումը կամավոր համաձայնության ու դաշինքի հետևանք էր»<ref>E. G. Wakefield: «England and America». London 1833, հ. I, էջ 18։</ref>։ Կարճ ասած՝ մարդկության մասսան ինքն իրեն սեփականազրկել է ի փառս «կապիտալի կուտակման»։ Բայց այդ դեպքում պետք էր ենթադրել, որ այդ մոլեռանդ ինքնահրաժարման բնազդը պետք է իր ամբողջ ուժով արտահայտվեր հատկապես գաղութներում, որտեղ միայն գոյություն ունեն այնպիսի մարդիկ ու այնպիսի պարագաներ, որոնք կարող էին այդ contrat social-ը երազանքների թագավորությունից փոխադրել իրականության թագավորությունը։ Սակայն այդ դեպքում ընդհանրապես ի՞նչ իմաստ ունի «սիստեմատիկ գաղութացումը», որը հակադրվում է բնական գաղութացմանը։ Բայց, դեհ — «կասկածելի է, ամերիկյան միության հյուսիսային նահանգներում արդյոք բնակչության թեկուզ մի տասներորդը պատկանո՞ւմ է վարձու բանվորների կատեգորիային... Անգլիայում... ժողովուրդն իր մեծամասնությամբ բաղկացած է վարձու բանվորներից»<ref>Նույն տեղում, էջ 42, 43, 44։</ref>։ Դեռ ավելին, իրեն ի փառս կապիտալի սեփականազրկելու ձգտումը, որ գոյություն ունի աշխատավոր մարդկության մեջ, այնքան չնչին է, որ նույնիսկ Ուեկֆիլդի ասելով՝ ստրկությունը գաղութային հարստության միակ բնական հիմքն է։ Նրա սիստեմատիկ գաղութացումը մի pis aller [անխուսափելի չարիք] է պարզապես, որը պայմանավորված է նրանով, որ նա պետք է գործ ունենա ազատ մարդկանց հետ, և ոչ ստրուկների հետ։ «Սան-Դոմինգոյի առաջին իսպանական գաղթականները ոչ մի բանվոր չունեին Իսպանիայից։ Բայց առանց բանվորների (այսինքն՝ առանց ստրկության) կապիտալը կոչնչանար կամ, առնվազն, կնվազեր մինչև այնպիսի մանր չափեր, որ ամեն մի անհատ կարող էր այն կիրառել իր սեփական ձեռքերի օգնությամբ։ Իրապես հենց այդպես էլ պատահեց անգլիացիների հիմնած վերջին գաղութում, որտեղ սերմացուից, անասուններից ու գործիքներից կազմված մի մեծ կապիտալ ոչնչացավ վարձու բանվորների պակասության պատճառով, և որտեղ ոչ մի գաղթական չունի ավելի կապիտալ, քան նա կարող է գործադրել իր անձնական աշխատանքով»<ref>Նույն տեղում, հ. II, էջ 5։</ref>։
Մենք տեսանք, որ ժողովրդական մասսաներին հողից սեփականազրկելը արտադրության կապիտալիստական եղանակի հիմք է ծառայում։ Ազատ գաղութի էությունը, ընդհակառակը, այն է, որ հողի մասսան դեռ մնում է որպես ժողովրդի սեփականություն, ուստի և ամեն մի գաղթական նրա մի մասը կարող է իր մասնավոր սեփականություն ու իր անհատական արտադրության միջոցը դարձնել, առանց դրանով խանգարելու, որ ավելի ուշ եկած գաղթականը նույնն անի<ref>«Գաղութացման տարր դառնալու համար հողը ո՛չ միայն պետք է անմշակ լինի, այլև պետք է, բացի դրանից, հանրային այնպիսի սեփականություն լինի,որը կարող է մասնավոր սեփականության փոխարկվել» (նույն տեղում, հ. II, էջ 125)։</ref>։ Այս է ինչպես գաղութների ծաղկման, այնպես էլ նրանց ուտող խոցի, կապիտալի հաստատվելուն նրանց ցույց տված դիմադրության գաղտնիքը։ «Որտեղ հողը շատ էժան է և բոլոր մարդիկ ազատ են, որտեղ ամեն մեկն ըստ իր ցանկության կարող է հողամաս ձեռք բերել իրեն համար, այնտեղ աշխատանքը ո՛չ միայն շատ թանկ է, եթե նկատի ունենք այն բաժինը, որ բանվորն ստանում է իր արդյունքից, այլև այնտեղ ընդհանրապես դժվար է կոմբինացված աշխատանք ստանալ որևէ գնով»<ref>E. G. Wakefield: «England and America». London 1833, հ. I, էջ 247։</ref>։
Որովհետև գաղութներում բանվորը դեռ անջատված չէ աշխատանքի պայմաններից ու նրանց հիմքից — հողից, կամ այդպիսի անջատումը հանդիպում է միայն եզակի բացառությունների ձևով կամ չափազանց սահմանափակ տարածության վրա, ուստի գաղութներում հողագործությունը ևս դեռ առանձնացած չէ արդյունաբերությունից, դեռ գյուղական տնային արդյունաբերությունը չի ոչնչացված։ Իսկ որտեղի՞ց պետք է ներքին շուկա ստեղծվի կապիտալի համար։ «Ամերիկայում բնակչության ոչ մի մասը բացառապես հողագործությամբ չի զբաղվում, բացի ստրուկներից ու նրանց տերերից, որոնք կոմբինացնում են կապիտալն ու աշխատանքը խոշոր ձեռնարկություններում։ Ազատ ամերիկացիները, որոնք իրենք են հողը մշակում, շատ ուրիշ գործերով էլ են զբաղվում միաժամանակ։ Նրանք իրենց համար անհրաժեշտ կահույքի ու գործիքների մի մասը սովորաբար իրենք են պատրաստում։ Հաճախ նրանք իրենք են շինում իրենց տները և իրենց սեփական արդյունաբերության արդյունքները տանում են ամենահեռավոր շուկաները։ Նրանք միաժամանակ մտնողներ են ու ջուլհակներ, նրանք իրենք են սապոն ու մոմ, ոտնաման ու հագուստ պատրաստում իրենց սեփական գործածության համար։ Ամերիկայում հողագործությունը հաճախ կազմում է դարբնի, ջրաղացպանի կամ կրպակատիրոջ օժանդակ զբաղմունքր»<ref>Նույն տեղում, էջ 21, 22։</ref>։ Այդպիսի տարօրինակ մարդկանց մեջ այլևս ի՞նչ տեղ է մնում կապիտալիստի «ինքնահրաժարման» համար։
Կապիտալիստական արտադրության մեծ սքանչելիքն այն է, որ նա ո՛չ միայն շարունակ վարձու բանվորներ է վերարտադրում որպես վարձու բանվորներ, այլև կապիտալի կուտակմանը համապատասխանորեն միշտ արտադրում է վարձու բանվորների հարաբերական գերբնակչություն։ Դրա շնորհիվ աշխատանքի պահանջարկի ու առաջարկի օրենքը պահվում է պատշաճ հունի մեջ, աշխատավարձի տատանումները դրվում են կապիտալիստական շահագործման համար ցանկալի շրջանակների մեջ, և, վերջապես, ապահովվում է բանվորի սոցիալական կախումը կապիտալիստից,— այն բացարձակ կախումը, որն այնքան անհրաժեշտ է կապիտալի համար, և որը տնտեսագետը կարող է տանը, մետրոպոլիայում, այնպես նախշել ու կոծկել, թե իբր այդ մի ազատ պայմանագրական հարաբերություն է գնորդի ու վաճառորդի միջև, երկու հավասարապես անկախ ապրանքատերերի՝ կապիտալ ներկայացնող ապրանքի տիրոջ և աշխատանք ներկայացնող ապրանքի տիրոջ միջև։ Բայց գաղութներում այդ գեղեցիկ պատրանքը խորտակվում է։ Բնակչության բացարձակ աճումն այստեղ շատ ավելի արագ է կատարվում, քան մայր-երկրում, որովհետև այստեղ բազմաթիվ բանվորներ արդեն չափահաս են լույս աշխարհ գալիս, և սակայն աշխատանքի շուկան այստեղ միշտ բավականաչափ չի մատակարարվում։ Աշխատանքի պահանջարկի ու առաջարկի օրենքը տապալվում է։ Մի կողմից՝ Հին աշխարհը շահագործման տենչացող, ինքնահրաժարման կարոտ կապիտալ է նետում այնտեղ. մյուս կողմից՝ վարձու բանվորների՝ որպես վարձու բանվորների կանոնավոր վերարտադրությունը բախվում է ամենաանախորժ ու մասամբ անհաղթահարելի արգելքների։ Էլ ի՜նչ խոսք կարող է լինել այստեղ կապիտալի կուտակմանը համապատասխանորեն ավելորդ վարձու բանվորներ արտադրելու մասին։ Այսօրվա վարձու բանվորը վաղը դառնում է ինքնուրույն տնտեսություն վարող անկախ գյուղացի կամ արհեստավոր։ Նա աշխատանքի շուկայից չքանում է, բայց միայն աշխատատուն չի գնում։ Վարձու բանվորների այդ մշտական փոխարկումն անկախ արտադրողների, որոնք ո՛չ թե կապիտալի, այլ հենց իրենց համար են աշխատում, և ո՛չ թե պարոն կապիտալիստին, այլ հենց իրենց են հարստացնում, իր հերթին, չափազանց վնասակար ներգործություն է անում աշխատանքի շուկայի վիճակի վրա։ Բանը մենակ այն չէ, որ վարձու բանվորին շահագործելու աստիճանն անվայել չափով ցած է մնում։ Բանվորը, բացի դրանից, ինքնահրաժարման անձնատուր եղող կապիտալիստից իր կախումը կորցնելու հետ կորցնում է նաև կախվածության զգացումը նրա նկատմամբ։ Դրանից էլ առաջ են գալիս այն բոլոր ցավալի երևույթները, որ այնպես բացեիբաց, այնպես պերճախոս ու այնպես հուզիչ կերպով նկարագրում է մեր Է. Գ. Ուեկֆիլդը։
Վարձու աշխատանքի առաջարկը,— գանգատվում է նա,— կայուն չէ, անկանոն է, անբավարար է։ Այդ առաջարկը «ո՛չ միայն շարունակ անչափ քիչ է, այլև ապահովված չէ»<ref>E. G. Wakefield: «England and America». London 1833, հ.I, էջ 116։</ref>։ «Թեև այն արդյունքը, որ պետք է բաժանվի բանվորի ու կապիտալիստի միջև, մեծ է, Բայց բանվորն իրեն այնքան մեծ բաժին է վերցնում, որ արագորեն կապիտալիստ է դառնում... Ընդհակառակը, միայն քչերը կարող են հարստության խոշոր մասսաներ կուտակել, եթե նույնիսկ արտասովոր երկար են ապրումն»<ref>Նույն տեղում, էջ 131։</ref>։ Բանվորները ոչ մի կերպ թույլ լեն տա կապիտալիստին, որ նա իրենց աշխատանքի ամենամեծ մասը վճարելուց ինքնահրաժարվի։ Նրան ամենևին չի օգնի, եթե նա այնքան շրջահայաց է, որ իր կապիտալի հետ իր սեփական վարձու, բանվորներն էլ է ներմուծում Եվրոպայից։ «Նրանք շուտով դադարում են վարձու բանվորներ լինելուց, նրանք շուտով անկախ գյուղացիներ կամ նույնիսկ իրենց առաջվա գործատերերի մրցորդներն են դառնում հենց վարձու աշխատանքի շուկայում»<ref>Նույն տեղում, էջ 5։</ref>։ Պատկերացրե՜ք այդպիսի դրության սարսափելիությունը։ Կորովի կապիտալիստն իր արյուն-֊քրտինքով դատած փողով Եվրոպայից սեփական մրցորդներ է ներմուծել։ Այդ արդեն նշանակում է՝ ամե՜ն ինչ կորած է։ Զարմանալի չէ, որ Ուեկֆիլդը գանգատվում է, թե գաղութներում բանվորների մեջ պակասում է կախումն ու կախման զգացումը։ «Բարձր աշխատավարձի պատճառով,— ասում է նրա աշակերտ Մերիվեյլը,— գաղութներում գոյություն ունի ավելի էժան ու ավելի հնազանդ աշխատանքի բուռն ցանկություն, մի այնպիսի դասակարգի պահանջ, որին կապիտալիստը կարողանար իր պայմանները թելադրել, փոխանակ այն բանի, որ բանվորը թելադրեր պայմանները հենց իրեն՝ կապիտալիստին... Հին քաղաքակրթության երկրներում բանվորը թեև ազատ է, բայց բնական օրենքների զորությամբ կախում ունի կապիտալիստից. գաղութներում այդ կախումը պետք է արհեստական միջոցներով ստեղծվի»<ref>Merivale: «Lectures on Colonization and Colonies». London 1841 և 1842, հ. II, էջ 235—314, տարբեր տեղերում։ Մինչև անգամ ազատ առևտրի կողմնակից, վուլգար տնտեսագետ հեզաբարո Մոլինարին ասում է, «Այն գաղութներում, որտեղ ստրկությունը ոչնչացվում էր առանց հարկադիր աշխատանքը ազատ աշխատանքի համապատասխան քանակով փոխարինելու, մենք ինչ֊որ հակառակն էինք տեսնում, քան հիմա տեսնում ենք ամեն օր։ Մենք տեսնում էինք, թե ինչպես հասարակ բանվորները, իրենց կողմից, շահագործում էին արդյունաբերական ձեռնարկատերերին և այնպիսի աշխատավարձ էին պահանջում, որը զգալիորեն բարձր էր արդյունքի՝ նրանց հասնող օրինական բաժնից [part légitime]։ Պլանտատորները, որոնք զրկված էին իրենց շաքարի համար այնպիսի գին ստանալու հնարավորությունից, որը ծածկեր աշխատավարձի ավելացումը, հարկադրված էին իրենց վնասը ծածկել սկզբում իրենց շահույթի հաշվին, իսկ հետո նաև իրենց կապիտալի հաշվին։ Շատ պլանտատորներ այդպիսով քայքայվեցին, ուրիշներն ստիպված եղան դադարեցնել իրենց ձեռնարկությունները, որպեսզի անխուսափելի քայքայումը կանխեն... Անկասկած, ավելի լավ է, որ կուտակված կապիտալները կորչեն, քան մարդկանց ամբողջ սերունդներ ոչնչանան (ինչպիսի՜ մեծահոգություն պարոն Մոլինարիի կողմից). բայց ավելի լավ չէ՞ր լինի, որ ո՛չ առաջինները կորչեին, ո՛չ էլ վերջինները» (Mօ1iոari: «Etudes Economiques». Paris 1846, էջ 51, 52)։ Պարո՜ն Մոլինարի, պարո՜ն Մոլինարի։ էլ ի՞նչ կմնա տասը պատվիրաններից, Մովսեսից ու մարգարեներից, պահանջարկի ու առաջարկի օրենքից, եթե Եվրոպայում «entrepreneur»ը [«ձեռնարկատերը»] կարող է կտրել բանվորի part légitime-ը [օրինական բաժինը], իսկ Արևմտյան Հնդկաստանում բանվորը՝ ձեռնարկատիրոջ part légitime-ը։ Եվ ասացեք, խնդրեմ, թե այդ ի՜նչ «part légitime» է, որ Եվրոպայում կապիտալիստը, ձեր խոստովանությամբ, թերավճարում է ամեն օր։ Պարոն Մոլինարին բռնված է սաստիկ եռուքորով. այնտեղ, գաղութներում, որտեղ բանվորներն այնպես «simples» [«անտաշ»] են, որ «շահագործում են» կապիտալիստներին, այնտեղ պետք է ոստիկանական միջոցներով պատշաճ ուժ հաղորդել պահանջարկի ու առաջարկի օրենքին, որն ուրիշ դեպքերում ավտոմատիկ կերպով է գործում։</ref>։
Հապա որո՞նք են, ըստ Ուեկֆիլդի, այդ ցավալի դրության հետևանքները գաղութներում։ — Արտադրողների և ազգային գույքի «փոշիացման բարբարոսական սիստեմը»<ref>Wakefield: «England and America». London 1833, հ. II, էջ 52։</ref>։ Արտադրության միջոցների փոշիացումը ինքնուրույն տնտեսություն վարող բազմաթիվ սեփականատերերի միջև ոչնչացնում է կապիտալի կենտրոնացման հետ նաև կոմբինացված աշխատանքի բոլոր հիմ֊քերը։ Ամեն մի ձեռնարկություն, որը հիմնվում է շատ տարիներ ընդգրկող երկար ժամանակ և խոշոր հիմնական կապիտալի ծախսում է պահանջում, իր իրագործման ժամանակ խոչընդոտների է բախվում։ Եվրոպայում կապիտալը ոչ մի րոպե պասսիվ չի մնում, որովհետև այնտեղ բանվոր դասակարգը կազմում է նրա կենդանի կցորդը, միշտ գոյություն ունի առատ չափերով, միշտ պատրաստ է նրան ծառայելու։ Իսկ գաղութային երկրներում... Ուեկֆիլդը մի վերին աստիճանի տխուր անեկդոտ է պատմում։ Նա զրուցել է մի քանի կապիտալիստների հետ Կանադայից և Նյու-Յորքի նահանգից, որտեղ — այս պետք է նշել — ներգաղթի ալիքները հաճախ կանգ են առնում և «ավելորդացած» բանվորների նստվածք են թողնում։ «Մեր կապիտալր,— հառաչում է մելոդրամայի գործող անձերից մեկը,— մեր կապիտալը պատրաստ կանգնած էր շատ այնպիսի գործառնությունների համար, որոնք իրենց կատարման համար երկարատև ժամանակաշրջան են պահանջում, բայց մենք կարո՞ղ էինք արդյոք այդպիսի գործառնություններ սկսել այնպիսի բանվորներով, որոնք — մենք այդ գիտեինք շուտով թիկունքները կդարձնեին մեզ։ Եթե մենք վստահ լինեինք, թե կարող էինք այդ գաղթականների աշխատանքը պահել, մենք ուրախությամբ իսկույն կվարձեինք նրանց և այն էլ բարձր գնով։ Դեռ ավելին. նույնիսկ միանգամայն վստահ, որ մենք նրանց կկորցնենք, մենք, չնայած դրան, կվարձեինք նրանց, եթե հավատացած լինեինք, որ նոր գաղթականների՝ մեր պահանջմունքներին համապատասխանող մի նոր ներհոսում կլինի»<ref>Wakefield: «England and America», London 183S, հ. II, էջ 191, 192։</ref>։
Այն բանից հետո, երբ Ուեկֆիլդը հիանալի կերպով ներկայացրել է անգլիական կապիտալիստական հողագործության ու նրան հատուկ «կոմբինացված» աշխատանքի և ամերիկյան գյուղացիական մանրատված տնտեսության հակապատկերը, նրա շրթունքներից դուրս է պրծնում մեդալի նաև մյուս երեսի ճանաչումը։ Ամերիկյան ժողովրդական մասսան, նրա պատկերումով, բարեկեցիկ է, անկախ, ձեռներեց ու համեմատաբար կրթված, այնինչ «անգլիական հողագործական բանվորը մի թշվառ բոսյակ է (a miserable wretch) մի պաուպեր... Բացի Հյուսիսային Ամերիկայից ու մի քանի նոր գաղութներից, ուրիշ ո՞ր երկրում է հողագործության մեջ կիրառվող ազատ աշխատանքի վարձատրությունը քիչ թե շատ զգալիորեն գերազանցում բանվորի ամենաանհրաժեշտ գոյամիջոցները... Կասկած չկա, որ Անգլիայում լծկան ձիերը, որովհետև նրանք ավելի թանկարժեք սեփականություն են, շատ ավելի լավ են կերակրվում, քան անգլիական հողագործը»<ref>Նույն տեղում, հ. I, էջ 47, 246։</ref>։ Բայց never mind [ինչ մի դժբախտություն է], ազգային հարստությունը հիմա չէ որ ըստ էության նույնանում է ժողովրդական աղքատության հետ։
Սակայն ինչպե՞ս բուժել գաղութների հակակապիտալիստական խոցը։ Եթե ամբողջ հողը միանգամից ժողովրդական սեփականությունից դարձնեն մասնավոր սեփականություն, ապա այդ թեև արմատախիլ կաներ չարիքը, բայց դրա հետ կոչնչացներ նաև գաղութները։ Վարպետությունն այն է, որ մի գնդակով երկու նապաստակ սպանես։ Անհրաժեշտ է, որ կառավարությունը կուսական հողին, պահանջարկի ու առաջարկի օրենքից անկախ, արհեստական գին դնի. վերջինը գաղթականին կստիպի համեմատաբար ավելի երկար ժամանակ աշխատելու որպես վարձու բանվոր, մինչև որ նա այնքան փող վաստակի, որը նրան հնարավորություն տա հողամաս գնելու<ref>«Դուք ասում եք, թե այն մարդը, որը ոչինչ չունի, բացի սեփական ձեռքերից, հողն ու կապիտալները ոմանց ձեռքում կենտրոնանալու հետևանքով աշխատանք է գտնում և եկամուտ է ստեղծում իրեն համար... Ընդհակառակը, միայն հողի անհատական յուրացման շնորհիվ կան մարդիկ, որոնք ոչինչ չունեն բացի իրենց ձեռքերից... Մարդուն տեղավորելով անօդ տարածության մեջ՝ դուք նրանից խլում եք շնչառության համար անհրաժեշտ օդը։ Ճիշտ նույն կերպ եք վարվում դուք՝ տիրանալով հողին... Այդ միևնույն է, թե նրան դնեք հարստությունից դուրս, որպեսզի նրա կյանքը ձեր կամայականությանը ենթարկեք» (Collins: «L’Économlie Politique, Source des Révolutions et des Utopies prétendues socialistes». Paris 1857, հ. III, էջ 267—271, տարբեր տեղերում)։</ref> և անկախ գյուղացի դառնալու։ Այն ֆոնդը, որ գոյանում է հողերը վարձու բանվորի համար արգելիչ գնով ծախելու հետևանքով, այսինքն՝ փողի այն ֆոնդը, որը քամվում է աշխատավարձից, պահանջարկի ու առաջարկի սրբազան օրենքը խախտելով, կառավարությունը պետք է, իր հերթին, այն լափով, որչափով աճում է այդ ֆոնդը, գործադրի չքավորներին Եվրոպայից գաղութները ներմուծելու վրա և այդպիսով վարձու աշխատանքի շուկան լիքը վիճակում պահի պարոն կապիտալիստների համար։ Այդ պայմաններում «tout sera pour le mieux dans le meilleur des mondes possibles» [«ամեն ինչ դեպի լավը կգնա աշխարհներից այս լավագույնում»]։ Այս է «սիստեմատիկ գաղութացման» մեծ գաղտնիքը։ «Այս պլանի համաձայն,— հաղթականորեն բացագանչում է Ուեկֆիլդը,— աշխատանքի առաջարկը հաստատուն ու կանոնավոր կլինի. այն պատճառով, որ, առաջին, բոլոր գաղթող բանվորները,— քանի որ նրանցից ոչ մեկը ի վիճակի չէ իրեն համար հող դնելու, մինչև որ որոշ ժամանակ փողով չաշխատի,— միատեղ վարձով կաշխատեին և այդպիսով իրենց ձեռնարկատիրոջ համար կապիտալ կարտադրեին՝ է՛լ ավելի շատ աշխատանք կիրառելու համար. երկրորդ այն պատճառով, որ ամեն ոք, ով թողնում է վարձու աշխատանքը և հողի սեփականատեր է դառնում, հենց հողը գնելով էլ մի որոշ ֆոնդ է ապահովում գաղութներր թարմ աշխատանք բերելու համար»<ref>Wakefield: «England and America». London 1833, հ. II, էջ 192։</ref>։ Պետության նշանակած հողագինը պետք է, իհարկե, «բավարար» գին (sufficient price) լինի) այսինքն՝ այնքան բարձր, «որ բանվորներին արգելի անկախ գյուղացիներ դառնալ, մինչև որ հրապարակ գան ուրիշները, որոնք պատրաստ լինեն վարձու աշխատանքի շուկայում նրանց տեղը բռնելու»<ref>Նույն տեղում, էջ 45։</ref>։ Այդ «բավարար հողագինը» ոչ այլ ինչ է, եթե ոչ ա՛յն փրկագնի մեղմացրած անունը, որ բանվորը վճարում է կապիտալիստին՝ վարձու աշխատանքի շուկայից իր հողամասը հեռանալու թույլտվության համար։ Բանվորը նախ պետք է պարոն կապիտալիստի համար «կապիտալ» ստեղծի՝ ավելի մեծ թվով բանվորներ շահագործելու համար, իսկ հետո պետք է աշխատանքի շուկա տանի իր «տեղակալին», որին կառավարությունը նրա հաշվին ծովի այն կողմից փոխադրում է նրա նախկին տիրոջ՝ կապիտալիստի համար։
Վերին աստիճանի բնորոշ է, որ անգլիական կառավարությունը տարիներ շարունակ իրագործել է «նախասկզբնական կուտակման» այդ մեթոդը, որ պարոն Ուեկֆիլդը հանձնարարում է հատկապես գաղութներում գործադրելու համար։ Անհաջողությունը, իհարկե, նույնքան խայտառակ էր, որքան Պիլի բանկային ակտի ձախողումը։ Հետևանքը միայն այն եղավ, որ արտագաղթի հորձանքը շուռ եկավ անգլիական գաղութներից դեպի Միացյալ Նահանգները։ Մինչդեռ Եվրոպայում տեղի ունեցող կապիտալիստական արտադրության պրոգրեսը, որին ուղեկից էր կառավարության ուժեղացող ճնշումը, Ուեկֆիլդի դեղատոմսն ավելորդ դարձրեց։ Մի կողմից՝ մարդկանց վիթխարի ու անընդհատ՝ տարեցտարի Ամերիկա դիմող հոսանքը Միացյալ Նահանգների արևելքում լճացող նստվածք է թողնում, որովհետև Եվրոպայից եկող արտագաղթի ալիքն ավելի ,արագ է մարդկանց նետում Միացյալ Նահանգների արևելքի աշխատանքի շուկան, քան մի ուրիշ ալիք կարողանում է դեպի արևմուտք տանել նրանց։ Մյուս կողմից՝ ամերիկյան քաղաքացիական պատերազմը իր հետ բերեց մի հսկայական ազգային պարտք և միաժամանակ էլ հարկերի ճնշում, ֆինանսական ամենաստոր արիստոկրատիայի առաջացում, հասարակական հողերի ահագին մասի բաժանում սպեկուլյանտների ընկերություններին, որոնք հիմնվում էին երկաթուղիները, հանքերը և այլ օբյեկտներ շահագործելու համար — կարճ ասած՝ բերեց կապիտալի ամենաարագ կենտրոնացում։ Այդպիսով, մեծ ռեսպուբլիկան դադարեց արտագաղթող բանվորների համար ավետյաց երկիր լինելուց։ Կապիտալիստական արտադրությունն այնտեղ հսկայական քայլերով է զարգանում, թեև աշխատավարձի իջեցումն ու վարձու բանվորի կախումը դեռ չեն հասել եվրոպական նորմալ մակարդակին։ Անգլիական կառավարության կողմից արիստոկրատներին ու կապիտալիստներին բաժանվող գաղութային անմշակ հողերի անպատկառ վատնումը,— որ նույնիսկ Ուեկֆիլդն է բարձրաձայն պախարակում,—՚ միացած այն մարդկանց հոսանքի հետ, որոնց գրավում են ոսկեհանքերը, և այն կոնկուրենցիայի հետ, որ անգլիական ապրանքների ներմուծումն ստեղծում է նույնիսկ ամենամանր արհեստավորի դեմ,— այդ բոլորը հատկապես Ավստրալիայում<ref>Հենց որ Ավստրալիան իր սեփական օրենսդիրը դարձավ, նա, իհարկե, սկսեց հրատարակել գաղթականների համար նպաստավոր օրենքներ, բայց հողերի այն վատնումը, որ արդեն կատարված էր անգլիացիների կողմից, կանգնած է ճանապարհի մեջտեղը։ «Աոաջին ու գլխավոր նպատակը, որին ձգտում Է 1862 թվականի հողային նոր օրենքը, այն է, որ ժողովրդի համար հեշտացնի տարաբնակությունը» («The Land Law of Victoria» by the Hon. G. Duffy» Minister of Public Lands. London 1862 [էջ 3])։</ref>, ծնեց բավականաչափ «բանվորական հարաբերական գերբնակչություն», այնպես որ համարյա ամեն մի փոստ տխուր լուրեր է բերում ավստրալիական աշխատանքի շուկայի գերլցման մասին — «glut of the Australian labour-market»,— և այնտեղ պոռնկությունը տեղ-տեղ այնպես ճոխ է փթթում, ինչպես Լոնդոնի Հայմարկտում։
Սակայն այստեղ մեզ զբաղեցնողը գաղութների վիճակը չէ։ Մեզ այստեղ հետաքրքրում է միայն այն գաղտնիքը, որ Հին աշխարհի քաղաքատնտեսությունը Նոր աշխարհում հայտնագործեց ու բարձրաձայն ազդարարեց, այն է՝ արտադրության ու կուտակման կապիտալիստական եղանակը, հետևապես, նաև կապիտալիստական մասնավոր սեփականությունը ենթադրում են սեփական աշխատանքի վրա հիմնված մասնավոր սեփականության ոչնչացում, այսինքն՝ ենթադրում են բանվորի սեփականազրկում։
<TABLE border=0 align=right>
<TR>
<TD align=middle>'''Տպագրվում է ըստ'''</TD>
</TR>
<TR>
<TD align=middle>'''Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկերի տեքստի,'''</TD>
</TR>
<TR>
<TD align=middle>'''հ. XVII, հրատ. 1937 թ.։'''</TD>
</TR>
</TABLE>
<references>