==Դիք․ չաստվածների պաշտամունք==
Որքան էլ ողջամիտներին անհնարին է թվում, թե մարդ կարող է մեկ և միայն գերագույն էակից զատ ուրիշ էակի էլ Աստված անվանել, հարկ է լինում զիջել թե՛ հեթանոսների գրավոր վկայությունների, թե՛ առաժմ մնացած հեթանոսների ասածի ու արածի պատճառով, որոնք մոլությամբ կամ սովորությամբ ընդունել ու անվանել են այլևայլ աստվածների ու աստվածուհիների՝ ըստ մեզ՝ մեծ ու փոքր չաստվածների, որոնք մեր լեզվում սովորաբար կոչվում են հոգնակի ձևով՝ <i>դիք</i>, իգականները՝ <i>դիցուհիներ</i>, գուցե և<i>աղիճ</i><ref>Ոչ շատ հին մի խրատական գրվածք ասում է, թե տասնաբանյա պատվիրաններից առաջինը արգելում է հավատացյալին, «որ Կռոց և Աղեճոյ բարեւ ոչ տայ»։ Ընդհանրապես <i>աղիճ</i> նշանակում է «լկտի աղջիկ»։</ref>, նրանց պաշտամունքը՝ <i>դիցապաշտություն</i>, նրանց պատկերներն էլ քարից, կավից, պղնձից կամ որևէ այլ նյութից լինելու, պատրաստվելու կերպի կամ արվեստի առումով կոչվում են <i>դրոշյալ</i> և <i>կուռք</i>, որից էլ՝ <i>կռապաշտություն</i> անվանումը։ Ս․ գրքում հիշատակված <i>թերափ</i> կամ <i>թերափիմ</i> եղբայրական բառերը նշանակում են տնական կամ պահապան չաստվածներ։ Այս անկարծելի և դժբախտաբար ստույգ և շատ ընդհանուր եղած մարդկային ամենաանարգ մոլորության ծագումը իսկապես զարմանքով հարցնելի է, ինչպես արեց իր հարց ու պատասխանում մեր Վանական վարդապետը։ Ս․ հայրերից շատերը և բարոյագրքերը ևս դրա մասին պես֊պես խոսել են։ Հին մոլորությունների դեմ գրող մեր հեղինակը՝ Եզնիկը, իրենից հներին հետևելով, այսպես է ասում․ «Հեթանոսութեան սկիզբն ի Սերուքայ ժամանակաց անտի եղեւ․ զի՝ որ լաւ ոք եկեալ յաշխարհի՝ մեռանէր, վասն յիշատակի քաջուեանն՝ զպատկերն երանգօք նկարու հանէին․ և անտի ուսեալ տխմարաց՝ տակաւ ի պաշտօն առնոյին․ և Կռոց և Դրօշելոց հանգամանք՝ առ Թարայիւ հարբ Աբրահամու․․․ և կարգեալ հասանէր յԵգիպտացիս և ի Բաբելոնացիս և ի Փռիւգացիս և ի Փիւնիկեցիս՝ գործ դրօշագործութեան և խորհուրդք նորին․ ապա ի Հելլէնսդ՝ որ են Յոյնք՝ առ Կեկրոպաւ, և եւս յետոյ առաւել սաստիկ առ Կռոնաւն և Թէաւ և Դիաւ և Ապոլոնիւ, և առ այլովք բազմօք, զորս մի ըստ միոջէ աստուածս անուանէին»։