-Դուրը չի գալիս դեղը,- քրքջում էին նրանք,- չի հասկանում հիմարը, որ դա միայն օգուտ է իրեն: Ա՛յ թե կզվարճանանք սրանց հետ հրամանը կատարելուց հետո:
Բայց Ուգլուկը զվարճանալու տրամադրություն չուներ, շտապել էր պետք, ժամանակը քիչ էր, հարկավոր էր վազել: Նա բուժում էր Մերիին առանց ձևականությունների, օրքային մեթոդով, կոպիտ՝ բայց արդյունավետ: Վառող Այրող հեղուկից բռնի ուժով նրա բերանն էլ մի քանի կում լցրեցին, հետո արձակեցին ոտքերի կապանքները: Շուտով Մերին կանգնած էր Փինի կողքին, գունատ, մռայլ, բայց կենդանի ու առույգ: Ճակատին խորը կտրվածք էր, բայց ցավն արդեն անցել էր: հետագայում վերքը լավացավ, բայց սպին ամբողջ կյանքում մնաց:
-Բարև Փի՛ն,- ասաց Մերին,- փաստորեն դու է՞լ ես մասնակցում այս ուրախ զբոսանքին: Իսկ որտե՞ղ ենք գիշերելու: Ո՞ւր է նախաճաշը:
Եվ օրքերի ոհմակը սլացավ առաջ երկար, օրքերին հատուկ ցատկերով: Ոչ մի կարգապահություն չէր նկատվում: Վազում էին իրար հրելով ու չարությամբ հայհոյելով, բայց որքան էլ տարօրինակ թվար վազում էին շատ արագ: Հոբիթներից յուրաքանչյուրին երեք հսկիչ էր նշանակված: Փինը քարշ էր էր գալիս ջոկատի վերջում: Նա նախորդ առավոտից ոչինչ չէր կերել ու մտածում էր երկար կդիմանա թե ոչ: Հսկիչներից մեկի ձեռքին մտրակ կար, բայց նրա կարիքը դեռ չէր զգացվում: Օրքային զզվելի խմիչքը այրվում էր նրա ներսում՝ թարմությամբ լցնելով ամբողջ մարմինը: Հոբիթի աչքերի առաջ անընդհատ հայտնվում էր Պանդուխտի դեմքը: Նա տեսնում էր թե ինչպես է հետքագետը կռացած ուշադիր զննում իրենց հետքերը ու վազում, վազում ու վազում... Բայց ո՞վ կարող է գտնել երկու հոբիթի փոքրիկ հետքերը հարյուրից ավելի օրքերի ծանր կոշիկներով տրորված արահետում:
Քարափից մոտավորապես մի մղոն հեռու Ճանապարհը սկսեց իջնել վար: Հողը փափկեց ու խոնավացավ: Ներքևում փռված էր մշուշը՝ աղոտ լուսավորված լուսնի վերջին շողերով: Առջևից վազող օրքերի սև ուրվագծերն աղոտացան ու կորան ուրվագծերը կամաց-կամաց լուծվեցին մշուշում: -Հե՛յ, այդտեղ առջևում մի քիչ հանգի՛ստ,- ետևից մռնչաց Ուգլուկը: Հանկարծակի Փինի գլխում միտք փայլատակեց և նա առանց ժամանակ կորցնելու գործի անցավ: Նա նետվեց դեպի աջ և շրջանցելով ձեռքերը տարածած հսկիչին, սուզվեց մշուշի մեջ, բայց սայթաքելով փռվեց խոտերի վրա: -Կանգնի՛ր,- ոռնաց Ուգլուկը: Աղմուկ ու խառնաշփոթ սկսվեց: Փինը ոտքի ցատկեց ու ամբողջ ուժով սլացավ առաջ, բայց օրքերն ավելի արագաշարժ էին: Նրանք առաջ նետվելով շրջանցեցին Փինին և մշուշի միջից բուսնելով, փակեցին հոբիթի փախուստի ճանապարհը: -Փախչել չի հաջողվի,- մտածեց Փինը,- բայց խոնավ հողին հետքերս հաստատ կմնան: Նա կապկպված ձեռքերը բարձրացնելով պարանոցից պոկեց թիկնոցի ամրակալն ու գցեց գետնին հենց այն պահին, երբ օրքերի սուր ճանկերը խրվեցին մարմնի մեջ: -Երևի մինչև աշխարհի վերջը այստեղ ընկած էլ կմնա,- մտածեց նա,- և ինչու՞ ես դա արեցի: Եթե մերոնք ողջ են, հաստատ Ֆրոդոյի հետևից են գնացել: Մտրակը սուլելով փաթաթվեց նրա ոտքերին: Փինը հազիվ զսպեց գոռոցը: -Հերի՛ք է,- գոռաց վրա հասած Ուգլուկը,- նա դեռ երկար ճանապարհ պիտի անցնի: Մտրակդ օգտագործիր միայն որպես հիշեցում: Նա շրջվեց դեպի հոբիթը. -Իսկ դու չմտածես թե դրանով պրծար: Ես ոչինչ չեմ մոռանում ու հատուցման ժամը դեռ կգա: Առա՛ջ ընկիր: Փինն ու Մերին չէին հիշում թե ինչպես էին վազել հետագա ճանապարհը: Սարսափելի մղձավանջները փոխարինվում էին մռայլ իրականությամբ և խառնվում միմյանց տանջանքների երկար թունելում, իսկ ետևում մնացած հույսի նշույլը քանի գնում ավելի աղոտ էր դառնում: Նրանք վազում էին ու վազում, աշխատելով ետ չմնալ օրքերից, իսկ ետ մնալու դեպքում մտրակը չարագուշակ սուլոցով այրում էր նրանց ոտքերը: Իսկ եթե սայթաքում էին կամ կանգ առնում, օրքերը բռնում էին նրանց ձեռքերից ու քարշ տալիս խոտի վրայով: Օրքային խմիչքի ազդեցությունը կամաց չքացավ: Փինի սիրտը նորից սկսեց խառնել ու մարմնով սարսուռ անցավ: Նա սայթաքեց ու փռվեց խոտերի վրա: Նույն ակնթարթին անգութ ու սուր ճիրանները խրվեցին նրա ուսերի մեջ: Նրան բարձրացրեցին ու պարկի պես գցեցին ուսերին: Շուրջն անթափանց մթություն էր, բայց նա չէր կարողանում հասկանալ գիշեր է, թե իր աչքերն են խավարել: Հեռվից ինչ որ աղմուկ լսվեց: Առանձին ձայներից Փինը հասկացավ, որ օրքերը հանգիստ են պահանջում: Լսվում էր Ուգլուկի խռպոտ ոռնոցը: Փինը փլվեց խոտերին ու այնքան ժամանակ անշարժ պառկած մնաց, մինչև ընկավ սև մղձավանջների գիրկը: Բայց հանգիստը երկար չտևեց և շուտով օրքի պողպատյա թաթերը ճանկեցին նրան ու գցեցին ուսերին: Նորից սկսվեց անվերջանալի ճոճքը: Վերջապես խավարը սկսեց նահանջել և Փինը ուշքի գալով հասկացավ որ արդեն լուսաբաց է: Հնչեց կանգ առնելու հրամանը և հոբիթին կոպտորեն նետեցին խոտերի վրա: Նա պառկած պայքարում էր հուսահատության դեմ, իսկ աչքերի առաջ ամեն ինչ լողում էր: Մարմնով մեկ տարածվող ջեմությունից հոբիթը հասկացավ, որ նորից այրող ըմպելիք խմեցրին: Օրքերից մեկը մի կտոր հաց ու միս շպրտեց նրա դիմաց: Հոբիթն ագահորեն կուլ տվեց բորբոսբած հացը, բայց մսին ձեռք չտվեց: Սովից մեռնում էր, բայց դեռ այն վիճակում չէր, որ օրքի ձեռքից միս ընդունի: Սարսափելի էր նույնիսկ մտածել թե ում միսը կարող էր դա լինել: Վերջացնելով ծամելը Փինը նստեց ու նայեց շուրջը: Քիչ այն կողմ պառկած էր Մերին: Օրքերը ճամբար էին խփել արագընթաց գետակի ափին: Առջևում երևացող լեռներից ամենաբարձրի գագաթը վարդագունել էր արևգակի առաջին ճառագայթներից: Օրքերը տաքացած վիճում էին: Զգացվում էր որ շուտով նոր կռիվ է սկսվելու իզենգարդցիների և հյուսիսցիների միջև: Նրանցից ոմանք ձեռքները մեկնել էին դեպի հետ՝ հարավ, մյուսները դեպի արևելք: -Լավ, բավակա՛ն է,- գոռաց Ուգլուկը,- եթե այդպես է նրանք մնում են ինձ հետ: Արդեն ասված է, որ նրանց սպանել չի կարելի: Եթե ուզում եք այսքան հեռու գնալուց հետո լքել ավարը՝ լքե՛ք: Ես ի՛նքս նրանց կհսկեմ: Մենք առանց ձեզ էլ գործը կավարտենք: Վախենու՞մ եք սպիտակամաշկերից ուրեմն վազեք: Ահա՛, այտե՛ղ է անտառը,- ասաց նա մատը տնկելով դեպի առաջ,- վազե՛ք այնտեղ, մեկ էլ տեսար հասաք: Ու արա՛գ, քանի դեռ բարի եմ: Թե՞ ինչ որ մեկի ուզում է գլխից ազատվել: Միանգամից կառույգանա՛ք: Նորից փնթփնթոց, նորից հրմշտոց: Վերջապես հարյուրից ավելի օրքեր բաժանվեցին ու ափի երկայնքով ամբողջ ուժով սլացան լեռների ուղղությամբ: Հոբիթները մնացին Իզենգարդցիների հետ: Դա յոթանասունից ավելի օրքերից բաղկացած մռայլ ու վայրի ոհմակ էր: հսկայական արարածներ էին, ծուռաչք, թուխ մաշկով, մեծ աղեղներով ու կարճ, լայնաշեղբ թրերով: Մի քանի բարձրահասակ ու համարձակ հյուսիսցիներ էլ որոշեցին մնալ Ուգլուկի հետ: -Դե՛հ այժմ զբաղվենք Գրիշնակով և վերջապես կարգ ու կանոն կտիրի,- հայտարարեց Ուգլուկը: Բայց նույնիսկ նրա ցեղակից օրքերը սկսեցին երկմտել ու անհանգիստ հայացք նետել դեպի հարավ: -Գիտեմ, գիտեմ,- մռնչաց Ուգլուկը,- անիծյա՛լ ձիապաններն առել են մեր հոտը: Եվ այդ ամենը քո պատճառով Սնա՛գա: Քո ու մյուս հետախույզների ականջները կտրե՛լ է պետք: Բայց մենք Ուրուկ խայ ենք, մարտական օրքեր: Մենք դեռ կվայելե՛նք նրանց ձիերի միսը: Հնարավոր է նաև այլ՝ ավելի համեղ միս կուտե՛նք: Փինը վերջապես հասկացավ, թե ինչու էին օրքերց մի քանիսը մատնացույց անում դեպի արևմուտք: Հեռվից խռպոտ ոռնոցներ էին լսվում: Գրիշնակն էր մոտենում՝ իր հետ բերելով երեք տասնյակ իր նման ծուռոտանի ու երկարաթաթ օրքերի: Նրանց վահանների վրա նկարված էր կարմիր աչքի զինանշանը: Ուգլուկը քայլեց նրանց ընդառաջ: -Ինչու՞ վերադարձաք,- խռխռաց նա,- չլինի՞ մտափոխվել եք: -Վերադարձա տեսնեմ ինչպես ես հրամանը կատարում,- իրեն չկորցրեց Գրիշնակը,- գերիները ո՞ղջ են: -Ահա թե ինչ,- փնչացրեց Ուգլուկը,- դե ուրեմն իզուր ժամանակ եք կորցրել: Այստեղ ես եմ գլխավորը և համոզված եղիր, որ գերիներին ձեռք տվող չի լինի, հրամանն էլ կկատարենք: Գուցե ինչ որ բա՞ն ես մոռացել: Հիշում եմ շտապում էիր, բավականին արագ չքացար: -Մի տխմարի ենք այստեղ մոռացել,- խայթեց Գրիշնակը,- բայց նրա հետ մի քանի ամրակազմ տղաներ են մնացել: Ափսո՛ս են, գնում են ուղիղ մահվանն ընդառաջ: Ես արդեն վաղուց հասկացել եմ, թե ինչով է վերջանալու այս ամենը: Եկել եմ նրանց օգնության: