Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 3418 բայտ, 20:53, 17 Մարտի 2015
/* Գլուխ վեցերորդ. Թագավորը Ոսկեզօծ դահլիճում */
Երիտասարդ կինը դանդաղ վարադարձավ դահլիճ: Դռների մոտ նա կանգ առավ և շրջվեց: Նրա հայացքը խիստ էր, մտածկոտ, և լցված Թեոդենի հանդեպ տածած խղճահարությամբ ու տխրությամբ: Նա գեղեցիկ էր, բարեկազմ և բարձրահասակ, սպիտակ զգեստով, արծաթե գոտիով: Փխրուն էր թվում առաջին հայացքից, բայց միևնույն ժամանակ պողպատից էլ ամուր և ուժեղ կամքով, ինչպես վայել է հնագույն ռազմիկների արքայական տոհմի ժառանգին:
Այդպիսին տեսավ առաջին անգամ Արագորնը Ռոհիրիմների արքայադուստր Էովինին, չքնաղ, բայց դեռ ոչ կանացի հասուն գեղեցկությամբ, սառը՝ ինչպես գարնանային առավոտը, որ դեռ չի հասցրել լցվել պայծառ գույներով: Իսկ նա նայեց Արագորնին՝ բարձրահասակ, մոխրագույն զգեստով վսեմ թափառականին, և տեսավ նրա մեջ հզոր ռազմիկի և դյուցազունի, իմաստնացած բազմաթիվ ծանր տարիների դաժան փորձություններից: Մի ակնթարթ Էովինը քարացավ, աչքը չկտրելով Արագորնից, ապա շրջվեց և արագ հեռացավ:
–Իսկ հիմա, տիրակալ,– ասաց Գենդալֆը,– շուրջդ նայիր: Նայիր քո երկրին և շնչիր նրա թարմ օդը:
Սև ձեռնափայտն ընկավ թագավորի ձեռքից և գլորվեց քարերի վրա: Թեոդենը դանդաղ ուղղեց փայտացած, ասես ինչ որ բեռի տակ կռացած մեջքը, հայացքն ուղղեց դեպի երկինք, և նրա աչքերը փայլեցին երկնային կապույտով:
–Մութ էին իմ երազները,– ասաց նա,– բայց այժմ ես արթուն արթնացել եմ: Ափսոս, որ ավելի շուտ չես եկել, Գե՛նդալֆ: Վախենում եմ հիմա արդեն ուշ է: Իմ տոհմը վերջին օրերն է ապրում, և այս ապարանքը, որ Բրեգոն է կառուցել Էորլի որդի, երկար կանգուն չի մնա: Ռոհանի թագավորների գահը կոչնչանա հրդեհի կրակում: Ի՞նչ անեմ ես հիմա: –Դու դեռ շատ բան կարող ես անել,– ասաց Գենդալֆը,– բայց սկզբում ուղարկիր ինչ որ մեկին Էոմերի հետևից: Դու նրան կալանքի տակ ես պահում Գրիմայի խորհրդով, որին բոլորը, բացի քեզանից, Օձի Լեզու են անվանում: Այդպե՞ս է: –Այդպես է,– պատասխանեց Թեոդենը,– բայց Էոմերը ըմբոստացավ իմ հրամանների դեմ և իմ գահի մոտ Գրիմային սպառնաց մահով: –Կարելի է սիրել քեզ և միևնույն ժամանակ չսիրել Օձի լեզվին, առավել ևս նրա խորհուրդները,– առարկեց Գենդալֆը: –Միգուցե... Բարի՛, ես կկատարեմ քո խնդրանքը: Կանչիր Գայմային, որպես թիկնապահ նա իրեն լավ արդարացրեց: Տեսնենք որպես հանձնակատար ինպե՞ս իրեն կդրսևորի: Թող մի մեղավորը բերի մյուսին: Այդ ամենը նա ասաց խստորեն, բայց, նայելով Գենդալֆին, ժպտաց, և նրա դեմքի տագնապից ու կեղծ խնամքից առաջացած կնճիռները հարթվեցին և այլևս չհայտնվեցին: Գայման հեռացավ կատարելու հրամանը, իսկ Գենդալֆն ուղեկցեց թագավորին նստարանի մոտ և ինքն էլ նստեց վերին աստիճանին՝ նրա ոտքերի մոտ: Արագորնը և մյուսները կանգնեցին նրանց կողքին: –Ես ժամանակ չունեմ պատմելու քեզ այն ամենը, ինչը դու պետք է իմանաս,– սկսեց Գենդալֆը,– բայց եթե իմ հույսերը փարատվեն, շուտով ես կկարողանամ պատմել քեզ ողջ ճշմարտությունը սկզբից մինչև վերջ: Իմացած եղիր, օ թագավոր, քո երկրին մեծ վտանգ է ապառնում, այնքան մեծ, որքան դու նույնիսկ քո մթին երազներում չես տեսել, որոնք քեզ Օձի Լեզուն էր ներշնչում: Բայց դու քնած չես այլևս: Դու ո՛ղջ ես, օ թագավոր: Գոնդորը և Ռոհանը միայնակ չեն: Թշնամին ավելի ուժեղ է, քան մենք կարող ենք պատկերացնել, բայց մենք ունենք հույս, որի մասին նա պատկերացում անգամ չունի: Գենդալֆը ցածրաձայն և արագ ինչ որ բան ասաց, բայց նրա խոսքերը բացի թագավորից ոչ ոք չլսեց: Թագավորի աչքերը փայլատակեցին. նա վեր կացավ, ձգվեց ամբողջ հասակով և շրջվեց դեպի արևելք: Գենդալֆը նույնպես ոտքի ելավ, կանգնեց արքայի կողքին, և նրանք միասին բլրի բարձունքից նայեցին հեռուն:
Վստահելի
1342
edits