— Դուք պետք է մեզ շատ բան պարզաբանեք,— ասաց Ֆարամիրը: — Մենք պետք է իմանանք, թե ինչն է ձեզ ստիպել այդքան երկար ճանապարհ կտրել և հայտնվել մի երկրում, որի գլխին կախվել է ստվերը: — Նա Գլխով արեց դեպի լեռները: — Սակայն ոչ հիմա: Մեզ այլ գործեր են սպասվում: Արդյոք գիտե՞իք, որ մահացու վտանգ էր ձեզ սպառնում: Դուք հեռու չէիք գնա՝ ո՛չ ճանապարհով, ո՛չ էլ շրջակա անտառներով: Այսօր այստեղ մեծ սպանդ է տեղի ունենալու: Արդյունքում՝ կա՛մ մահ, կա՛մ հապշտապ նահանջ դեպի Անդուին: Ես ձեզ կթողնեմ երկու ռազմիկների հսկողության տակ: Այդպես ավելի լավ կլինի և՛ ձեզ համար, և՛ ինձ համար: Իմաստունը չի վստահի առաջին պատահածին՝ հատկապես այս հողերում: Եթե ես վերադառնամ, ապա կշարունակենք մեր զրույցը:
— Հաջողությու՛ն քեզ,— ասաց Ֆրոդոն, խոնարհվելով: — Մտածիր իմ մասին, ինչ ուզում ես, բայց ես բարեկամ եմ բոլորին, ովքեր պայքարում են Ընդհանուր Թշնամու դեմ: Մենք կգայինք քեզ հետ, բայց քիչ հավանական է, որ նման հզոր և ամրակազմ ռազմիկներին անհրաժեշտ լինի կոլոտիկների օգնությունը: Թող փայլատակե՛ն ձեր սրերը:
— Ինչ ուզում ես ասա, բայց կոլոտիկները քաղաքավարի ժողովուրդ են,— քմծիծաղեց Ֆարամիրը: — Հաջողությու՛ն:
Հոբիթները կրկին նստեցին ձարխոտի վրա, միմյանց հետ չկիսվեցին իրեն մտքերն ու կասկածները: Երկու ռազմիկներ մնացին կանգնած հոբիթներից ոչ հեռու, դափնու արևի տակ խաղացեղ ստվերում: Նրանք երբեմն հանում էին դիմակները, քանի որ օրը շոգ էր, և Ֆրոդոն կարողանում էր ավելի լավ զննել նրանց: Գեղեցիկ մարդիկ էին, սպիտակամաշկ, սև մազերով, մոխրագույն աչքերով, իսկ դեմքերը հպարտ էին ու թախծոտ: Ռազմիկները ցածրաձայն զրուցում էին՝ սկզբում համընդհանուր լեզվով, օգտագործելով, սակայն, հնացած բառեր և արտահայտություններ, իսկ հետո՝ անծանոթ լեզվով: Որոշ ժամանակ լսելով, Ֆրոդոն զարմացած գիտակցեց, որ նրանք խոսում են էլֆերեն, կամ, համենայն հեպս էլֆերենին շատ նման լեզվով: Նա սկսեց ուշադիր զննել ռազմիկներին, քանզի հասկացավ, որ նրանք հարավի Դունադաններ են, Արևմտյան Ասպետների հետնորդներ:
Վերջապես Ֆրոդոն որոշեց խոսել նրանց հետ, բայց ռազմիկները պատասխանում էին դժկամությամբ և զգուշությամբ: Ներկայացան նրանք որպես Մաբլունգ և Դամրոդ, գոնդորցի ռամիկներ և իթիլիենյան հետքագետներ, քանզի նրանց նախնիներն ապրել էին Իթիլիենում, երբ այն դեռ գրավված չէր: Հենց այդպիսի մարդկանցից էր Դենեթորը հետախույզներ ընտրում, և նրանք գաղտնի անցնում էին Անդուինի մյուս ափը (ինչպես և որտեղ՝ ռազմիկները չասացին), որպեսզի հանկարծակի հարձակումներով ջարդուփշուր անեն ու սարսափի մեջ պահեն Էֆել Դուաթի և Մեծ Գետի միջև թափառող օրքերին և Սաուրոնի այլ սպասավորներին:
— Այստեղից մինչև Մեծ Գետի արևելյան ափը տասը լիգ կլինի,— ասաց Մաբլունգը: — Այսքան հեռու մենք հազվադեպ ենք գալիս: Բայց այսօր հատուկ դեպք է. ծուղակ ենք հյուսում Հարադից եկած մարդկանց համար, անիծյա՛լ լինեն նրանք:
— Անիծյալ լինեն այդ հարավցիները,— կրկնեց Դամրոդը: — Ասում են Գոնդորը մի ժամանակ լավ հարաբերությունների մեջ Հարադի թագավորությունների հետ, թեև բարեկամություն երբեք չի եղել: Այդ ժամանակներում Գոնդորի սահմանները տարածվում էին շատ հեռու, մինչև Անգուինի գետաբերանը, և Ումբարը՝ Հարավցիների մեզ ամենամոտ թագավորությունը, եղել է մեր հպատակության տակ: Շատ ջրեր են հոսել և շատ սերունդներ են փոխվել այդ ժամանակից ի վեր: Երկար ժամանակ նրանցից ոչ մի տեղեկություն չունեինք: Միայն վերջերս իմացանք, որ Սաուրոնը գայթակղել է նրանց խոստումներով, և նրանք անցել են թշնամու կողմը՝ ավելի ճիշտ կրկին անցել են թշնամում կողմը, քանզի նրանք, ինչպես և շատ արևմտյան ցեղեր, միշտ էլ մեծ պատրաստակամությամբ էին հնազանդվում նրան: Ավա՜ղ, Գոնդորի օրերը հաշված են և Մինաս Թիրիթի պարիսպները երկար կանգուն չեն մնա, քանզի թշնամու չարությունն ու զորությունը անսահման է:
— Բայց մենք ձեռքներս ծալած չենք նստում և թշնամու չարագործություններն անպատիժ չենք թողնում,— ավելացրեց Մաբլունգը: — Անիծյալ հարավցիները գնում են մեր հինավուրց ճանապարհներով և միանում Սև Ամրոցի բանակին: Մենք իմացանք, որ նրանք գնալով ավելի ու ավելի են մոռանում զգուշության մասին, վստահ լինելով, որ իրենց նոր տերն անպարտելի է և նրա լեռների ստվերներն ավելի քան բավարար են իրենց պաշպանելու համար: Բայց մենք այսօր լավ դաս կտանք նրանց: Մի քանի օր առաջ մեզ տեղեկացրին, որ նրանց զորքն արդեն շատ մոտ է և, մեր հաշվարկով, նրանց առաջապահ ջոկատն այստեղ կլինի մինչև կեսօր: