:<references/>
[[Պատկեր:Phanjuni_pic_50.png|800px|frameless|thumb|center]]
==Դ.==
: '''ԾԱՊԼՎԱՐ, 3 նոյեմբեր, 1908'''
: Սիրելի ընկերներ,
[[Պատկեր:Phanjuni_pic_51.png|120px|frameless|thumb|left]]
: Դիրքերը հետզհետե կը ճշդվին իրենց բնորոշ հանգամանքներով, և դասակարգային պայքարը իր բնական էվոլյուցիան կը կատարե Ծապլվարի մեջ։ Գիտակից տարրերը կամաց-կամաց կը բոլորվին մեր հեղափոխական դրոշի շուրջը։ Հողային բանվորականությունը (Սմենց Վարդան) և երիտասարդ մտավորականությունը (Խև Ավո) արդեն մեզ հետ են։ Մեզ հետ կ'ըլլա նաև դպրոցականությունը։ Համենայն դեպս անհրաժեշտ է մեր շարքերը սեղմել և պատրաստվիլ վերջնական կռվին, որովհետև հետադիմական ուժերը անգործ չեն մնար, իրենց խոզ պայքարը կը մղեն մեզի դեմ։
: Այսպես, օրինակ, երբ նախորդ նամակով ծանուցված բողոքի հսկա միթինկը կիրակի օր տեղի կ'ունենա Մկրենց կալը, ի ներկայության հողային բանվորականության, երիտասարդ մտավորականության և հեղափոխական տարրերուն, անդին, Րես Սերգոյի տանը մեջ, գյուղին մենծ–աղայականությունը գումարված կղերականության և ռեաքցիայի մութ ուժերուն հետ, սատանայական մի խորհուրդ կը հղանար, այն է, դիմել միացյալ ընկերության և խնդրել որ Ծապլվարի մեջ դպրոց մը բանա, պայմանով որ ծախսերու կեսը գյուղացիք հայթայթեն։
[[Պատկեր:Phanjuni_pic_52.png|200px|frameless|thumb|left]]
: Այս միջոցով այդ կեղտոտ պուրժուաները կ'ուզեին իրենց ճանկին մեջ առնել Ծապլվարի դպրոցականությունը, ապականել այդ մատղաշ էակները, ստրկության խմորով շաղվել անոնց անարատ հոգիները և փճացնել ամբողջ ապագա սերունդը։ Վտանգը ահագին էր և պետք էր անմիջական դարման։
: Իսկույն Խև Ավոն ղրկեցի մի այրի կնոջ Սառայի մոտ՝ և բերել տվի անոր որդին Կարոն, որ ինը տարեկան մի ուշիմ և եռանդոտ լաճ է, և ըսի իրեն որ հետևյալ օր հրավիրե իր ընկերները մեր տան պարտեզը, ուր կը կայանա '''մանկական պարահանդես'''։
: Հրավերը առաջ բերավ մեծ խանդավառություն. և երկուշաբթի օր 10-12 լաճեր խռնված էին պարտեզը։ Կատարվեցան մի քանի մանկական խաղեր։ Հետո շուրջս հավաքեցի տղերքը և բացատրեցի թե ի՜նչ սարսափելի դավ մը կը պատրաստվեր իրենց դեմ և թե ի՞նչ որոշ դիրք հարկ էր բռնել։
[[Պատկեր:Phanjuni_pic_53.png|200px|frameless|thumb|right]]
: Մի առ մի ցույց տվի իրենց իրավունքները: Ըսի թե ի՛նչ պարագաներու մեջ իրենց բացարձակ իրավունքն էր դասադուլ ընել, թե ե՞րբ պետք էր որ ըմբոստանային ուսուցիչներու դեմ, թե ե՞րբ հարկ էր պատժել ուսուցիչները և թե ի՞նչ պատիժներ կարելի էր տնօրինել ուսուցիչներուն դեմ։
: Խոսքերս աոաջ բերին խորին տպավորություն, և տղաք արդեն իսկ պատրաստակամություն հայտնեցին դասադուլ ընելու։
: Ինչպես կը տեսնեք, տակավին դպրոցը չբացված մենք ունինք դպրոցական միությունը, ամրապես կազմակերպված և պատրաստ կռիվ մղելու։ Այժմ հանդարտ սրտով կը սպասենք։ Ծապլվարի դպրոցին ուսուցիչ կրնա գալ երբ որ կամի։ Իրեն կը պատրաստվի մի փառավոր ընդունելություն որ կարծեմ՝ հավիտյան չպիտի մոռանա։ Խև Ավո շինած է արդեն գավազաններ որպեսզի կրիտիկական րոպեին տղերքը անզեն չմնան։
: Մեր քաղած տեղեկություններուն համեմատ՝ Արաբկիրի միացյալ ընկերության ներկայացուցչին հետ բանակցությունները հաջող ելք ունեցեր են, և այժմ կը սպասվի ուսուցչի գալստյան։ Ո՞վ է այդ պարոնը, ի՞նչ սկզբունքի կամ ի՞նչ գաղափարներու կը ծառայե, դա բոլորովին անծանոթ է ինձ։ Համենայն դեպս պետք է կատաղի կռիվ մղել անոր դեմ։ Այս բացահայտ պայման է։
[[Պատկեր:Phanjuni_pic_54.png|300px|frameless|thumb|center]]
: Սմենց Վարդան և Խև Ավո Ծապլվարի կիներուն մեջ բուռն պրոփականտ կը մղեն միացյալ ընկերության Ծապլվարի դպրոցին բացման դեմ և կ'ըսեն թե այդ դպրոցին պատճառավ իրենց տղաքը անաստված պիտի ըլլան, Ս. Լուսավորիչը պիտի ուրանան, Բրոտ պիտի դառնան13<ref>Բրոտ պիտի դառնան — բողոքական պիտի դառնան։ Գրոտ — պրոտեստանտ (բողոքական)։</ref> ևն.։ Այդ պրոփականտը առաջ կը բերե մեծ հուզում, այն աստիճան որ երեկ Տեր Սահակ քահանան եկավ ինձ մոտ և խնդրեց որ խրատեմ մեր ընկերները որպեսզի այդ տեսակ խոսքերով միտքերը չպղտորեն և գյուղին մեջ հուզում առաջ չբերեն։
[[Պատկեր:Phanjuni_pic_55.png|200px|frameless|thumb|right]]
: Իբրև ջախջախիչ փաստ կարդացի իրեն մեր ծրագիրը և '''պլատֆորմ'''ը, ցույց տալու համար թե մեր կուսակցությունը կրոնական խնդիրներու մեջ ի՛նչ աշխարհահայացք ունի և թե ի՜նչքան հակասություն էր մեզ իբրև մոլեռանդ ներկայացնելը։
[[Պատկեր:Phanjuni_pic_42.png|120px|frameless|thumb|left]][[Պատկեր:Phanjuni_pic_29.png|80px|frameless|thumb|right]]
: — Եվ սակայն այդպիսի խոսքեր կը տարածեն կոր,— պնդեց Տեր Սահակ։
: Այն ատեն իրեն բացատրեցի կուսակցությանս գործելակերպը, թե ինչպե՛ս իբրև կուսակցական մենք պարտավոր ենք ազատամիտ և անհավատ ըլլալ, սակայն անհատապես ազատ ենք հավատացյալ և նույն իսկ մոլեռանդ ըլլալու, հետևաբար Սմենց Վարդան և Խև Ավո իբրև կուսակցական չէ որ կը գործեն այս պարագայիս, այլ սոսկ անհատապես, և մենք ոչ մի կերպով իրավունք չունինք բռնանալու մեր կուսակիցներու անհատական համոզումներուն վրա։
[[Պատկեր:Phanjuni_pic_56.png|300px|frameless|thumb|center]]
: Տեր Սահակ մեկնեցավ անխոսուկ, թեև հայտնի կ'երևար որ տված բացատրություններս լավ չէր կրցած մարսել։ Որքա՜ն դժվար է ստրկամիտներու համար ըմբռնել մի ոևէ ազատական միտք։
: Վերջին անգամ փողի մասին պահանջմունքս մնաց անպատասխան, խնդրեմ ուշադրություն դարձուցեք այդ մասին, դա էական հարց է՝ ինձ համար։
[[Պատկեր:Phanjuni_pic_57.png|150px|frameless|thumb|center]]
:<references/>
==Ե.==