Նրանք պառկեցին, փակեցին աչքերն ու խորը քուն մտան։
==Տասնիններորդ գլուխ==
<b>դարձյալ տանը</b>
Առաջինն արթնացավ մորեղբայր Թիկ֊Թակը։ Եվ գետափին տեսավ Ամաչիրին, որը նստած, ոտքերն էր չփչացնում ջրի մեջ։
Նա մեկ֊մեկ նայում էր ետ ու հռհռում։ Նկատելով, որ մորեղբայր Թիկ֊Թակն արթնացել է, նա աղմուկով ու ջրի ցայտեր բարձրացնելով, լողաց դեպի նավակը։ Մորեղբայր Թիկ֊Թակը ամուր գրկեց նրան։
— Իսկ որտե՞ղ է քո Գետաձին,— հարցրեց նա։
Հեռու֊հեռվում նրանք տեսան սեւ թիկնոցով երկու վազող կերպարանքների, որոնց հետապնդում էր գետաձին։
— Նրանք այլեւս քեզ չեն նեղացնի,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Միացիր մեզ, Ամաչիր։ Նստիր նավակ։
— Իսկ Գետաձիուն էլ կարելի՞ է,— հարցրեց Ամաչիրը։
— Թերեւս նավակի մեջ չտեղավորվի,— փոքր֊ինչ մտածելով պատասխանեց մորեղբայր Թիկ֊Թակը։— Դու նրանից չես ուզում բաժանվել, հա՞…
— Իհարկե, չեմ ուզում,— պատասխանեց Ամաչիրը։— Բայց ես գիտեմ, թե դու որտեղ ես ապրում։ Եվ անպայման հյուր կգանք։ Դուք ե՞րբ եք տուն վերադառնալու։
— Նախ պետք է ծիածանի վերջը գտնենք,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։
Ամաչիրը զարմացավ։
— Մի՞թե չգիտես, որ ծիածանն այնտեղ է, որտեղ է ամպիկը։ Երբ Պստիկ֊Ամպիկը անձրեւ է տեղում պայծառ արեւի ժամանակ, բոլորը տեսնում են ծիածանին։ Պստիկ֊Ամպիկն է ծիածանով շողում։
— Վա՜յ, ինչ անխելքն եմ ես,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Մենք ծիածան ենք որոնքում, իսկ նա միշտ եղել է մեր կողքին։ Եվ մտքներովս նույնիսկ չի անցել, որ կողքներիս է։ Հիշո՞ւմ եք, Տխուր թագավորն ու Հաստլիկ արքան ասացին․ «Տեսե՛ք, ծիածանը»։ Նրանք ծիածանը տեսան հենց այն ժամանակ, երբ Պստիկ֊Ամպիկը անձրեւ էր տեղում։— Եվ մորեղբայր Թիկ֊Թակը ծիծաղեց։
Ամաչիրն էլ ծիծաղեց նրա հետ։
— Սիրելի Պստիկ֊Ամպիկ,— գոչեց մորեղբայր Թիկ֊Թակը։— Հիմա մենք կնավարկենք դեպի տուն։ Իսկ դու մինչեւ երեկո մնա այստեղ, ու երբ արեւը մայր մտնելիս լինի, անձրեւ տեղա, որպեսզի
<poem>
<i>
Այդ անձրեւի կաթիլներում
Ադամանդի պես զուլալ,
Տեսնենք կամար՝ լուրթ երկնքում
Ծիածանի վերջը վառ։
</i>
</poem>
Ես Ռռռռին ու բոլոր մյուսներին կպատմեմ քո մասին, ու երբ վերադառնաս, կջրես նաեւ մեր այգին, որպեսզի իմանանք, որ այդ դու ես վերադարձել։ Ցʼնոր տեսություն․ Պստիկ֊Ամպիկ։ Ցտեսություն, Ամաչիր։
Պստիկ֊Ամպիկը շատ գոհ էր։ Նա գիտեր, թե որտեղ է ծիածանի վերջը եւ շատ էր ուզում, որ մյուսներն էլ կռահեն։
Մորեղբայր Թիկ֊Թակը ձեռքն առավ թիերն ու սկսեց թիավարել գետի հոսանքն ի վեր, սակայն առանց շտապելու եւ առանց աղմկելու, որպեսզի ընկերներին չարթնացնի։
Գետափին, նրա մոտով դարձյալ սահեցին֊անցան Սուլթանի այգին, Հաստլիկ արքայի եւ թագավորական պալատները։
Թագուհին զբոսնում էր այգում, եւ մորեղբայր Թիկ֊Թակը գլխարկը հանեց ու օդային համբույր ուղարկեց նրան։
Նավակն անցավ այն վայրով, որտեղ նրանք հանդիպեցին չարամիտներին։ Հետո անցավ Բառերի Գետի, Թվաբանության Աշխարհի եւ այն փոքրիկ տան մոտով, ուր բուխարիկի մոտ տաքանում էին Այբուբենի տառերը։ Հետո անցավ խոշր ու գորշ լեռան մոտով, որը ծանր հեւում էր։
«Երեւի Բրոնտին քնած է»,— մտածեց մորեղբայր Թիկ֊Թակը։
Վերջապես, նրանք տուն հասան։ Նավակը դիպավ գետափնյա տախտակամածին եւ բոլորը ցնցումից արթնացան։
— Ոտքի ելե՛ք,— գոչեց մորեղբայր Թիկ֊Թակը։— Տուն ենք հասել։ Գնանք կերակուր պատրաստելու։ Ռռռռ, վերցրու Ճենապակե Շնիկին։ Իսկ ես կվերցնեմ Չալտիկ֊Հավիկին ու ժամացույցը։