Բայց էլֆը ոչինչ չպատասխանելով, անհետացավ:
Ոտնաձայնը հեռացավ դեպի հյուսիս-արևելք: Անտառի վրա սև լռություն իջավ: Հիմա արդեն քամին էլ տերևները չէր խշխշացնում, նույնիսկ ջրվեժի ձայնը չէր լսվում: Ֆրոդոն նստեց ու փաթաթվեց վերմակով: Լավ է, որ օրքերը գետնի վրա չհասան իրենց... Բայց միթե հացենին հուսալի պաշպանություն է: Օրքերը հռչակված էին իրենց սուր հոտառությամբ, և նրանք կարողանում էին ծառ բարձրանալ: Ֆրոդոն պատյանից դուրս քաշեց Ջարդողը՝ շեղբը բռնկվեց, բայց շուտով հանգեց: Եվ այնուամենայնիվ Ֆրոդոյի տագնապն անընդհատ աճում էր: Նա վեր կացավ և, թաքուն մոտենալով սանդուղքի համար թողնված անցքին, զգուշությամբ նայեց ներքև: Ոչինչ տեսնել չհաջողվեց, բայց խշշացող շրշյուն լսվեց, որը նման չէր խոտերի մեջ քամու խշխշոցին: Էլֆերի քայլերին էլ նման չէր, որովհետև էլֆերն անաղմուկ են քայլում: Ֆրոդոն շունչը պահած ականջ դրեց: Այո, ինչ-որ մեկը մագլցում էր վերև: Ֆրոդոն սևեռուն նայում էր մթության մեջ... Եվ շուտով տեսավ փայլուն աչքերը: Նա, ով մագլցում էր դեպի դելոնը, քարացավ, ներքևում կասկածելի ձայները կտրվեցին: Աչքերն առանց թարթելու նայում էին Ֆրոդոյին: Ֆրոդոն սարսռաց: Աչքերը թարթեցին, արծաթամոխրագույն բնի շուրջը արագորեն անորոշ ստվեր սահեց, և բնից այն կողմ լսվեց մարող խշխշոց... Իսկ մթության միջից հանկարծ դուրս լողաց Լորիենցի Հալդիրը: Համարյա ճյուղերին դիպչելով, նա մագլցեց վերև և զարմացած ասաց. — Այստեղ ձեզ մի տարօրինակ եկվոր այցելեց: Ես նրան դեռ գետնից նկատեցի: Եվ ըստ երևույթին նա էլ ինձ տեսավ, որովհետև փախավ: Բայց դա օրք չէր: Սկզբում, երբ ես նայեցի նրան, մտածեցի, թե ձեզանից, կոլոտիկներից մեկն է իջել դելոնից՝ եկվորը փոքրամարմին էր: Բայց ախր դուք ինձնից ինչու՞ պետք է փախչեիք, և ինձ համար պարզ դարձավ, որ դա թշնամի է: Բայց ես որոշեցի նրա վրա չկրակել, քանի որ նա կարող էր մահվանից առաջ ճչալ, իսկ օրքերը դեռ չէին հասցրել շատ հեռու գնալ: Նրանք հայտնվեցին Մորիայի կողմից. գարշելի չարագործներն անցել են գետը և երկար վարգել հարավային ափով՝ երևի հոտն առել են, թե ուր եք թեքվել դուք: Նրանք այստեղ հարյուր, հարյուր հիսուն հոգի կլինեին, ոչ պակաս: Մենք չէինք կարողանա կանգնեցնել նրանց, դրա համար էլ ես մնացի պահակակետում, Ռամիլը ձեր ձայները նմանակելով հորդան տարավ իր հետևից Գաղտնի Թավուտները, իսկ Օրոֆիլն ուղևորվեց մերոնց մոտ՝ օգնություն կանչելու: Ոչ մի օրք անտառից չի ազատվի: Իսկ վաղվանից արևմտյան սահմանները կհսկեն սահմանապահ ջոկատները: Քնիր: Լուսաբացին մենք կուևորվենք հարավ: Ձմեռային թույլ արևը հսկայական հացենիների տերևներում ոսկեզօծվելով, լուսադեմին արթնացած հոբիթներին հիշեցնում էր իրենց հեռավոր Հոբիթստանի ամառային արևածագը: Դելոնից դեպի արևմուտք ծառերի ճյուղերի միջից երևում էր Սպիտակբաշի նեղ հոբիթը՝ բազմաթիվ ջրվեժների փրփրադեզ սանդուղքով: Հյուսիս-արևմուտքում փայլում էր Արծաթաջուրը: Ոսկե Կախարդուհուն ծառերը ծածկում էին: Պահապաններն արագ պատրաստվեցին ճանապարհ ընկնելու: — Մնաս բարո՜վ, հիասքանչ Նիմրոդել,— բացականչեց Լեգոլասը: — Մնաս բարո՜վ,— կրկնեց այդ բառերը Ֆրոդոն՝ մտածելով, որ հաղիվ թե ինքը երբևէ տեսնի այդպիսի զարմանալիորեն պայծառ, հանգստացնող ձայնով ու կենարար գետ: Հալդիրը նրանց տարավ Կախարդուհու ափով: Շուտով նրանց միացավ և Ռամիլը: