Պահապաններն առանց դադարի քայլում էին Հալդիրի հետևից, մինչև որ պաղ քամին լուր բերեց իջնող երեկոյի մասին: Նրանք ընթրեցին և, վերմակների մեջ փաթաթվելով, հանգիստ քնեցին փափուկ մարգագետնում, որը հյուսիսային քամիներից պաշտպանված էր թփուտներով: Հալդիրը նրանց թույլ չտվեց աչքի կապերը հանել, այնպես որ նրանք ծառը բարձրանալ չէին կարող: Առավոտյան նորից ճանապարհ ընկան և հանգստանալու նստեցին միայն կեսօրից հետո: Ուտելուց հետո արդեն պատրաստվում էին շարժվել, երբ էլֆերի ձայներ լսեցին:
Դեպի Անտառի հյուսիս-արևմտյան սահմաններն էր շարժվում մի ուժեղ ջոկատ, որ հետ մղի օրքերի հարձակումը, եթե նրանք նորից քիթները Լորիեն մտցնեն: Ռազմիկների բերած լուրերի որոշ մասը Հալդիրը համառոտ պատմեց Պահապաններին: Նրանց հասնել փորձող օրքերին ոչնչացրել էին Գաղտնի Թավուտներում: Էլֆերը մի տարօրինակ արարած էին տեսել, որը կարծես թե երկոտանի էր, բայց գազանի էր նման. էլֆերը եկվորին բռնել չէին կարողացել, իսկ հեռվից նրան նետահարել չէին կամեցել՝ հանկարծ ու դա մի անմեղ կենդանի է: Եվ եկվորը գետի երկարությամբ փախել է դեպի արևելք: Պահապաններին զարմացրեց էլֆերի անհոգությունը, բայց Հալդիրը նրանց բացատրեց, որ իրական չարարկուները Լորիեն ներխուժելու փորձ անում են միայն հորդաներով, ուրեմն եկվորն իիսկապես իսկապես փոքրիկ գազան էր: — Բայց դեռ ամենագլխավորը չգիտեք,— ասաց Հալդիրը: — Լորիենի տիրակալը թույլ է տվել բոլորիդ, նույնիսկ թզուկին, ճանապարհը շարունակել աչքերը բաց: Երևում է, նրանք լավ գիտեն ձեզանից յուրաքանչյուրին: Կարող է պատահել, իմ բացակայության ժամանակ Էլրոնդի կողմից նոր սուրհանդակ է եկել Լորիեն... — Նա առաջինը Ջիմլիի աչքակապը հանեց և, խոնարհվելով, բացականչեց. — Մի՛ զայրացիր, բարեկամ... Սև տարիներն սկսվելուց հետո ոչ մի թզուկ Լորիենում չի եղել: Քեզ մեծ պատվի են արժանացրել... Շուտով Ֆրոդոյի աչքակապն էլ հանեցին: Նա աչքերը բացեց և հուզմունքով շուրջը նայեց: Պահապանները կանգնած էին մի ընդարձակ մարգագետնում: Նրանցից ձախ բարձրանում էր զմրուխտ կանաչով պատված մի բլուր: Բլուրը պսակված էր երկնաձիգ ու հինավուրց ծառերի երկշարք թագով, իսկ կենտրոնում աճել էր նույնիսկ այդ հսկաների մեջ վիթխարի երևացող ևս մեկ ծառ: Դա մելորն էր՝ ոսկեգույն սաղարթի մեջ սպիտակ դելոնով մի հսկայական հացենի: Ծառաշար թագի ներքին օղակը նույնպես հսկայական հացենիներ էին, իսկ արտաքինը՝ հոբիթներին անծանոթ ծառեր էին, արտակարգ սլացիկ սպիտակ բներով և գնդաձև խիտ կատարներով, բայց առանց տերևների: Բոլորաձև բլրի զմրուխտ լանջերը վառվում էին ձմեռային աստղերի նման սպիտակ և փոքրիկ լճակների նման կապույտ ծաղիկներով, իսկ բլրի վրա, երկնքի անհուն կապույտում, փայլում էր միջօրեի պայծառ արևը: — Ձեր առջև Վշտալի Դամբանաբլուրն է՝ Քարին Ամրոթը,— թախծոտ հպարտությամբ խոսեց Հալդիրը,— որի տակ, ինչպես ասվում է մեր ավանդույթներում, թաղված է Լորիենի կամ ինչպես դուք եք ասում՝ Օրհնյալ Երկրի առաջին տերը՝ Ամրոթը: Մի ժամանակ սա էլֆերի հնագույն տերության սիրտն էր և այստեղ էր գտնվում նրա տունը: Այստեղ նույնիսկ ամենադաժան ձմռանը չեն թառամում կապույտ էլանորն ու ճերմակ նիֆրոդելը, ձմեռային մշտադալար ծաղիկները, և անցյալի մասին շրշում է մշտականաչ խոտը: Հանգստացեք, մեզ մեկ անցում է մնում, իսկ երեկոյան արդեն կլինենք Գալադրիմների քաղաքում: Հոգնած Պահապանները պառկեցին խոտին, իսկ Ֆրոդոն շփոթահար շուրջն էր նայում՝ ուժ չունենալով պառկել կամ նույնիսկ շարժվել: Նա նայում էր անցյալի գիրկն ընկղմված աշխարհին, որը լուսավորված էր հավիտյանս կորուսյալ լույսով, և այդ շշմեցուցիչ հին աշխարհը, նրա զարմացած աչքերի առջև բացվելով, կարծես թե հենց նրա աչքերի առջև էլ ծնվում էր: Իրերի ուրվագծերն այնքան հստակ էին ու պարզ, ասես դրանցից յուրաքանչյուրը մտածել և ստեղծել էին հենց նոր, աչքի առաջ, և միևնույն ժամանակ յուրաքանչյուր ցողուն թվում էր անչափ հինավուրց: Գույները ծանոթ էին՝ ոսկեգույն, սպիտակ, կապույտ, կանաչ, բայց դրանք այնքան թարմ ու վառ էին, որ Ֆրոդոյին թվում էր, թե ինքը առաջին անգամ է դրանք տեսնում և դրանց համար անուններ հնարում: Այստեղ չէր կարելի ամառը ափսոսալ գարնան համար կամ ձմռանը ամառվա մասին երազել՝ Օրհնյալ Երկրի անփոփոխ կյանքում անցյալն ու ներկան միաձուլվում էին: Ֆրոդոն հանկարծ նկատեց Սամին՝ նա ապշահար աչքերն էր տրորում, ասես տեսածին չէր հավատում: — Առաջ ես մտածում էի,— քրթմնջաց Սամը,— որ եթե էլֆեր են, ուրեմն գիշեր... ուրեմն մութ անտառ, և՛ լուսին, և՛ աստղեր... Իսկ այստեղ մի տես է՝ սպիտակ օր... Էն էլ պայծառից պայծա՜ռ, լուսավորից լուսավո՜ր... Եվ էդ նրանց շատ է սազ գալիս... Ոնց որ թե դու ոչ թե ինքդ ես, այլ երգի մեջ ես... Եթե հասկանում եք մտքինս: Հալդիրը նայեց նրանց ու ժպտաց, ասես ոչ միայն նրա բառերն էր լսել, ոչ միայն հասկացել էր Սամի մտքինը, այլև թափանցել էր նրա մտքերի նվիրական խորքերը: — Դուք զգացիք Գալադրիմների տիրուհու զորությունը,— հոբիթների համար ոչ այնքան հասկանալի բացատրեց նա: — Ուզու՞մ եք բարձրանալ Քարին Ամրոթ: Թեթև քայլերով նա շարժվեց դեպի բլուրը: Ֆրոդոն ու Սեմը գնաացին նրա հետևից: Ֆրոդոն քայլում էր անշտապ, խորը շնչելով՝ դեմքին զգալով զեփյուռը, որն օրօրում էր ծաղիկներին, և հոբիթին թվում էր, թե ինքն ընկել է հավետ անփոփոխ մի աշխարհ, որտեղ չկա ժամանակ, որտեղ ոչինչ չի ծերանում, չի ոչնչանում և մոռացության չի մատնվում: Եվ երբ ինքը, հեռավոր հոբիթստանցի ճամփորդը, ստիպված կլինի հեռանալ այստեղից ու գնալ իր ճանապարհով, միևնույնն է հավիտյանս կմնա այստեղ, այս կյանքում, այս կախարդական երկրում, հավերժական ծաղիկների մեջ և հավերժ կբարձրանա հավերժական բլրի գագաթը: Նրանք մոտեցան կենտրոնական մելորնին: Հենց այդ պահին քամին փչեց հարավից, և ոսկեգույն հացենու շրշյունի մեջ Ֆրոդոն լսեց, թե ինչպես կապուտակ ալիքները անցած-գնացած հեռվից բախվում են վաղուց անհատակ խորքերում կորած ափին, իսկ անծայրածիր լազուրի վերևում դայլայլում են թռչուններ, որպիսիք այլևս չկան Միջերկրում: Հալդիրն արդեն կորավ վերևում: Ֆրոդոն բռնեց պարանե սանուղքը և արդեն ուզում էր բաարձրանալ, բայց պատահաբար դիպավ ծառի բնին՝ և զարմանքից քարացավ. դեռ երբեք այսքան պարզ նա չէր զգացել ծառի մեջ տրոփող կենդանի կյանքը: Նա զգում էր թավիշ մաշկ-կեղևը և հզոր, բայց անպաշտպան փայտե մարմինը ոչ թե ատաղձագործի ու հյուսնի նման, այլ այնպես, ասես դարձել էր հացենու եղբայրը: Դելոնի վրա Հալդիրը բռնեց նրա ձեռքը և, շրջվելով դեպի արևելք, լրջորեն ասաց. — Ամենից առաջ նայիր այնտեղ...