Ահա և այսպիսի մանրուքներից էր կազմված կյանքը գլխավոր ճամբարում, բայց այս մանրուքները շարունակ զբաղեցնում էին մեզ, և օրերն այնքան հագեցած էին, այնքան գեղեցիկ ու հարուստ, որ թռչում էին աննկատ։ Ուստի երբ մի շատ դուրեկան, բայց ոչ այնքան խելացի երիտասարդ, տեսնելով մեր գազանանոցը, ինձ ասաց․ «Մի՞թե դուք ոչ մի անգամ չե՞ք խփել թեկուզ մեկ կապկի գլխին։ Իմ կարծիքով, եթե այ այսպես, առավոտից մինչև գիշեր այս գազանի մոտ լինեմ, ձանձրույթից շունչս կփչեմ», ես բավական ոչ սիրալիր պատասխանեցի նրան։
==Գլուխ տասնմեկերորդ==
Չղջիկների անտառը
Երբ ես լեռներից վերադարձա Կրոս գետի ափի մեր ճամբարը, իմ գազանանոցն ուներ միայն մի էական պակաս։ Եվ այդ պակասը ինձ համար հատկապես վշտալի էր, որովհետև պակասում էր մի փոքրիկ գազանիկ, որին ցանկանում էի բռնել Կամերունում ավելի շատ, քան որևէ մեկ ուրիշին։ Այս գազանիկի անգլիական անունը՝ գաճաճ քնկոտ սկյուռիկ է, իսկ կենդանաբանները թեթևամտության ու ընտանեվարության իրենց բնավորությամբ՝ նրան անվանում են Jdiurus kivduensis: Դեռ Անգլիայում ես շարունակ նստում էի այդ գազանիկի նկարների և թանգարանային խրտվիլակների առջև, իսկ Աֆրիկա գալու հենց առաջին օրից միայն նրա մասին էի խոսում, և իմ բոլոր օգնականները վաղուց էին հասկացել, որ քնկոտ֊թռչող սկյուռիկը մի որս է, որին գնահատում եմ ամեն բանից ավելի։
Ես գիտեի, որ քնկոտ սկյուռիկը խիստ գիշերային կենդանի է, բացի այդ, նա փոքրիկ մկան չափ է, և հազիվ թե որսորդներից որևէ մեկը երբևէ տեսած լիներ նրան։ Եվ ես ճիշտ էի, ոչ մի որսորդ նրա նկարը չճանաչեց։ Այս գազանիկի մասին շատ քիչ է գրված, ինձ միայն հաջողվել էր իմանալ, որ դրանք ապրում են գաղութներով, ծառերի փչակներում, ընդ որում ընտրում են անտառի դժվարամատչելի, ամենախուլ մասերը։ Ես այս բոլորը պատմեցի որսորդներին այն աղոտ հույսով, որ դա նրանց կզգաստացնի, ու նրանք ինձ համար կորոնեն ցանկալի որսը։ Բայց ոչինչ չստացվեց․ աֆրիկացիները երբեք չեն որսա այն կենդանուն, որին բնավ չեն տեսել, և այն պարզ պատճառով, որ վստահ չեն, թե աշխարհում կա՞ արդյոք այդպիսի գազան, իսկ դա նշանակում է, որ նման որսը ժամանակի անտեղի կորուստ է։ Նույնպիսի դժվարության ես հանդիպեցի, երբ փնտրում էի մազոտ գորտին, ուստի և այժմ պարզ հասկանում էի, որ թռչնի նման ծառից֊ծառ թռչող փոքրիկ, շատ փոքրիկ մկան մասին իմ բոլոր պատմածները սկզբից ևեթ մատնված են անհաջողության․ մի բան պարզ էր․ եթե ես ցանկանում եմ ձեռք բերել քնկոտ֊թռչող սկյուռին, պետք է ինքս որսի գնամ և, ըստ որում, շատ շուտ․ չէ՞ որ ժամանակը շատ սուղ էր։ Ես որոշեցի այս գազանիկին որսալու համար իմ շտաբ֊բնակարանը դարձնել Էշոբի գյուղը, որը գտնվում էր մեր գլխավոր ճամբարից տասներկու ժամվա ճանապարհի վրա, անտառի խորքում, և ես լավ գիտեի նրա բնակիչներին, որովհետև այնտեղ եղել էի նախորդ անգամ Կամերուն գալուս ժամանակ։ Իհարկե, մկան չափ գազանիկին որսալը հարյուրավոր մղոններով ձգվող անտառի սրտում, ավելի հեշտ բան չի, քան խոտի դեզի մեջ տխրահռչակ ասեղը որոնելը, բայց հենց նման դժվարին խնդիրներն էլ գազան֊որսի մասնագիտությունը դարձնում են գրավիչ։ Հաջողության հույսը այնքան էլ մեծ չէր, թերևս՝ հազարից մի հնարավորություն, բայց ես առույգ ճանապարհ ընկա։
Էշորի տանող ճանապարհն ըստ արժանվույն կարող է գնահատել, թերևս, միայն սրբի կոչման ձգտող ոմն հավակնորդ, որը ծարավի է չարչարել իր մարմինը։ Ավելի շուտ, ճանապարհը հիշեցնում է գետի ցամաքած հուն, թեև իրեն հարգող և ոչ մի գետ չի հոսի այդ ճանապարհով։
Ճանապարհը ամենախելահեղ զիգզագներով գնում է ծառերի միջով, տեղ֊տեղ զառիթափ լանջով իջնում է հովիտը, հատում փոքրիկ գետակը և նորից բարձրանում վեր՝ հակառակ ափով։ Այն լանջերին, ուր ճանապարհն իջնում է ցած, միշտ ազատ գլորվում են վիթխարի ու մանր քարերը, և դրա համար էլ ցած ես իջնում ավելի արագ, քան կուզենայիր։ Իսկ երբ ճանապարհն սկսում է նորից վեր բարձրանալ հովտի հակառակ կողմով, պարզվում է, որ քարերն այստեղ բավական խոշոր են և դասավորված են գրեթե աստիճանների նման։ Սակայն սա խարդախ խաբկանք է․ թվում է, ինքը բնությունն է ամեն մի քարն այնպես խորամանկորեն դրել, որ ոտքը մի քարից մյուսի վրա դնելը բոլորովին անհնարին է։ Դրանք բոլորը ծածկված են թավ կանաչ մամուռի համատարած գորգով, վայրի պատատուկներով ու գալարախոտերով, այնպես որ քարից քար թռչելուց առաջ ոչ մի կերպ չես կարող գուշակել, թե ի՞նչ կհայտնվի ոտքերիդ տակ՝ հարթ տարածությո՞ւն, թե մի այնպիսի բան, որի վրա ոչ մի կերպ չես կարող կանգնել։
Այսպիսի ճանապարհը ձգվում է մոտ երեք մղոն, իսկ հետո մենք փնչալով, խոր կիրճից վեր մագլցեցինք, և պարզվեց, որ այստեղ անտառն ուղիղ է, որ մեր հարթ արահետը ոչնչով վատ չէ ավտոմեքենային խճուղուց։ Այն գալարվում ու թեքվում էր վիթխարի ծառերի միջով, և ճանապարհին տեղ֊տեղ մեր գլխավերևում տերևների արանքից թափանցում էր արևի լույսը։ Այս արևոտ բացատներում նստած էին բյուրավոր թիթեռներ, տաքանալով գիշերվա սառը ցողից հետո։ Երբ մենք մոտենում էինք, նրանք սուրում էին օդ ու թռչում մեր շուրջը, մերթ գրեթե խրվելով գետնի մեջ, մերթ ճախրելով վեր, թափահարելով թևերը, պտտվում էին՝ կարծես արևի շողերից հարբած։ Այստեղ կային բոլորովին պստլիկ թիթեռներ, սպիտակ ու փխրուն, ինչպես ձյունի փաթիլներ, բայց կային և վիթխարի, անդյուրաշարժ թիթեռներ, որոնց թևերը առկայծում էին փայլեցրած պղնձի պես սև, կային կանաչ, կարմիր ու դեղին գունավորումով զանազան թիթեռներ։ Հենց որ մենք առաջ էինք գնում, նրանք նորից տեղավորվում էին արևի տակ և ուրախ նստում այնտեղ, ժամանակ առ ժամանակ բացելով ու փակելով թևերը։ Թիթեռների այս պարը միշտ կարելի է տեսնել Էշորի տանող ճանապարհին․ բացի այդ, թիթեռները միակ կենդանի արարածներն են, որոնց կարելի է այնտեղ տեսնել, որովհետև անտառային թավուտները անպայման չէ, որ իրենց խորքերում թաքցնեն վտանգավոր գիշատիչների, թեև մի շարք գրքեր շատ են փորձում համոզել մեզ դրանում։
Մենք արահետով գնում էինք մոտ երեք ժամ, մեկ֊մեկ կանգ էինք առնում, որ քրտնած բեռնակիրները ցած դնեին իրենց բեռը և մի փոքր հանգստանային։ Վերջապես արահետն թեքվեց մի կողմ, անտառը վերջացավ, և մենք հայտնվեցինք Էշորի գյուղի միակ ու կենտրոնական փողոցում։ Շները հաչեցին, աղմուկով հեռու փախան ցիրուցան եղած հավերը, մի փոքրիկ երեխա վեր կացավ ճանապարհի փոշու միջից, ուր նա խաղում էր և վայնասունով նետվեց մոտակա խրճիթը։ Եվ հանկարծ, ասես գետնի տակից, ճանապարհի վրա հայտնվեց աղմկոտ ամբոխը․ մեզ շրջապատեցին տղամարդիկ ու պատանիներ, ամեն տարիքի կանայք․ նրանք բոլորն էլ ժպտում էին, ծափահարում և աշխատում էին խցկվել առաջ, որ սեղմեն ձեռքս։
― Բարի եկել, մասա, բարի եկել, համեցիր։
― Այդպես դու գալ, մասա։
― Բարև մասա, ողջույն քեզ։
― Ա՜, ա՜, ա՜, մասա, դու նորից գալ Էշորի։
Եվ այս սիրալիր, շատախոս ամբոխն ինձ ուղեկցեց ամբողջ ճանապարհին, ասես թե ես թագավորական ընտանիքի անդամ էի։ Ինչ֊որ մեկը մի աթոռ բերեց և ինձ հանդիսավոր նստեցրին, իսկ գյուղի բոլոր բնակիչները կանգնել էին չորս կողմս, փայլում էին ժպտալուց ու գոռում․ «Բարի եկել», մերթ ընդ մերթ զգացմունքների առատությունից ծափ զարկելով, կամ ի նշան հիացմունքի՝ մատները շրխկացնելով։
Երբ իմ բեռնակիրը և խոհարարը հայտնվեցին, ես դեռ շարունակում էի ողջունել իմ հին բարեկամներին և հարցուփորձ էի անում նրանց երեխաների ու հարազատների մասին։ Հետո երկար վեճ սկսվեց, թե որտեղ ինձ տեղավորեն, և վերջապես բոլորը որոշեցին, որ այդքան պատվավոր հյուրի համար իրենց գյուղում հարմար է մի այն մի տեղ․ վերջերս կառուցած պարասրահը։ Սա մի շատ ընդարձակ և կլոր խրճիթ էր, հատակը հարթ էր, պարկետի պես, այն հղկել էին հարյուրավոր ոտքեր, որոնք նրա վրա սահել ու տրորել էին։ Թմբուկները, սրինգներն ու շրխկանները շտապ դուրս հանեցին խրճիթից, հատակը մաքրեցին, և ես ահա տեղավորված եմ։
Երբ ես հանգստացա, նորից ինձ մոտ եկան գյուղի բոլոր բնակիչները, նրանք չէին համբերում իմանալ, թե այս անգամ ես ինչու եմ եկել։ Ես մանրամասն բացատրեցի, որ այս անգամ երկար չեմ մնալու և որ ինձ հարկավոր է բռնել ընդամենը մի գազանիկ։ Այստեղ ես սկսեցի մանրամասն նկարագրել քնկոտ սկյուռիկին․ ես նրանց ցույց տվի գազանիկի նկարը, նրանք այն ձեռքից֊ձեռք փոխանցեցին, բայց նրանցից յուրաքանչյուրը գլուխն օրորեց և ափսոսանքով խոստովանեց, որ ինքը երբեք նման բան չի տեսել։ Սիրտս նվաղեց։ Սակայն ես ընտրեցի երեք որսորդի, որոնք ինձ օգնել էին անցյալ անգամ, և պատվիրեցի անմիջապես գնալ անտառ, այնտեղ որքան կարելի է շատ գտնել փչակով ծառեր և բոլորի վրա նշան անել։ Հաջորդ օրը երեքը միասին պետք է վերադառնան գյուղ, ինձ պատմեն իրենց հաջողությունների մասին ու ինձ տանեն այն փչակների մոտ, որոնք կկարողանան գտնել։ Հետո ես հարցրի, թե ներկա գտնվողներից որևէ մեկը կարո՞ղ է արդյոք ծառ բարձրանալ։ Տասնյակ ձեռքեր բարձրացան վեր։ Բայց դրանք շատ տարօրինակ ծառ բարձրացողներ դուրս եկան, և ես տարակուսանքով նայեցի նրանց։
― Դուք կարող եք ծառ բարձրանա՞լ, ― հարցրի ես։
― Այո՛, սըր, կարող ենք, ― խմբով պատասխանեցին նրանք, ոչ մի րոպե չմտածելով։
― Իսկ այդ բարձր ծառը կարո՞ղ եք բարձրանալ, ― հարցրի ես ու ցույց տվի վիթխարի ծառը, որ վեր էր խոյանում գյուղի ծայրին։
Կամավորների շարքերը վայրկենապես պակասեցին, և վերջապես մնաց միայն մեկը, որը դեռ շարունակում էր ձեռքը չիջեցնել։
― Դու կարո՞ղ ես բարձրանալ այ այս բարձր ծառը, ― կրկնեցի ես, կարծելով, թե ինձ լավ չի լսել։
― Այո՛, սըր, ― պատասխանեց նա։
― Իսկապե՞ս։
― Այո՛, սըր։ Ես կարող եմ բարձրանալ։ Եվ ավելի մեծը կարող ես բարձրանալ։
― Լավ։ Այդ դեպքում դու վաղն ինձ հետ որսի կգնաս։ Լսո՞ւմ ես։
― Այո՛, սըր, ― քմծիծաղ տվեց կամավորը։
― Իսկ ինչպե՞ս է քո անունը։
― Պիտեր, սըր։
― Հիանալի է։ Վաղն արի առավոտ շուտ։
Որսորդներն ու գյուղի մյուս բնակիչները ցրվեցին, և ես պատրաստվեցի վաղվա արշավին։ Այդ նույն երեկոյան ամբողջ գյուղը նորից մոտեցավ իմ խրճիթին, և բոլորը լուռ, աշխատելով չխանգարել, նայում էին, թե ինչպես եմ լոգանք ընդունում։ Դա նրանց համար ամենևին էլ դժվար չէր, քանի որ պարասրահի պատերը որքան ուզեք պատուհաններ և պարզապես անթիվ֊անհամար ճեղքեր ունեին։ Ինձ դիտում էին հիսունի չափ մարդիկ, իսկ ես օճառ էի քսում ու հաճույքով մի երգ էի մռմռում, ամենևին չկասկածելով, որ ինձ որևէ մեկը նայում է։ Ի դեպ, երբ հասկացա, դա ինձ ամենևին էլ չանհանգստացրեց․ ես ավելորդ ամաչկոտությամբ չէի տառապում․ միայն թե հանդիսատեսները (դրանց կեսը կանայք էին) լռեին ու թույլ չտային անպատշաճ կատակներ, իսկ եթե ուզում են՝ թող նայեն։ Սակայն այդ պահին հայտնվեց Ջեյկոբը և մինչև հոգու խորքը ցնցվեց էշոբիցիների զայրացուցիչ հետաքրքրասիրությունից։ Նա վերցրեց փայտը, կատաղորեն նետվեց նրանց վրա, և նրանք բարձր ճիչերով և վայնասունով ծլկեցին։ Քշելով նրանց հեռու, Ջեյկոբը վերադարձավ, նա չէր կարողանում խաղաղվել, դեռ շարունակում էր ալեկոծվել ազնիվ վրդովմունքից։ Շուտով ես տեսա, որ նա չի նկատել ևս երկուսին, որոնց հետաքրքրասեր սև դեմքերը ցցվել էին պատուհաններից մեկում։
― Նայիր, Ջեյկոբ, ― ասացի ես, մեկնելով օճառոտ ձեռքս դեպի պատուհանը։ ― Նրանք ետ են եկել։
Ջեյկոբը նայեց նրանց դեմքերին․
― Ո՛չ, սըր, ― առարկեց նա միանգամայն լուրջ։ ― Դա ինձ ընկեր։
Ես նրան այսպես հասկացա․ գյուղի բնակիչները իրավունք չունեն պղծել ինձ իրենց հայացքներով, իսկ Ջեյկոբի անձնական բարեկամներին դա չի վերաբերում։ Եվ միայն հետագայում ես իմացա, որ Ջեյկոբը նաև գործարար է․ քշելով հանդիսատեսների բազմությունը, նա անմիջապես հայտարարել է, որ ով իրեն կվճարի մեկ պենի՝ կվայելի լողանալիս ինձ տեսնելու հաճույքը։ Հատկապես լավ առևտուր արեց նա գյուղի մատղաշ սերնդի հետ։ Նրանցից շատերը երբեք չէին տեսել եվրոպացու և անմիջապես սկսել էին իրար հետ գրազ գալ, թե իմ ամբողջ մարմի՞նն է արդյոք սպիտակ։
Հաջորդ օրը լուսամութին ներկայացան իմ որսորդները և նա, ով հայտարարեց, թե կբարձրանա ցանկացած ծառը։ Պարզվեց, որ որսորդները գտել ու նշան են արել մոտ երեսուն փչակավոր ծառ՝ անտառի տարբեր անկյուններում։ Ծառերն այդ, սակայն, իրարից այնքան հեռու էին, որ մեկ օրում դրանց բոլորի մոտ գնալը պարզապես անհնարին էր, և ես վճռեցի սկզբից գնալ դեպի ամենահեռու ծառերը, իսկ վերադարձի ճանապարհին աստիճանաբար ստուգել և մյուսները։
Արահետը, որով մենք ճամփա ընկանք, սովորական անտառային արահետ էր՝ լայնությունը տասնութ դյույմ, այն գալարվում ու թեքվում էր ծառերի միջով, ինչպես շունչը փչող օձ։ Սկզբում բարձրանում էր վեր, բլրի արտառոց զառիթափ լանջով, վիթխարի քարերի միջով․ յուրաքանչյուր քար, պսակված էր գալարախոտի ու մամուռի գագաթով, և կանաչի մեջ փոքրիկ վարդագույն աստղիկների պես փայլում էին գարնանածաղկի նման մի ինչ֊որ բույսի ծաղիկները։ Այս ու այնտեղ ծառերից օղակներով իջնում էին հսկայական լիանաները և փռվում էին մեր արահետի լայնությամբ տարօրինակ նախշերով, գալարվելով ու հանգուցվելով, ասես հսկայական վիշապներ լինեին։ Այս զառիկող վերելքի գագաթին ոտքներիս տակ հողը դարձավ ուղիղ ու հարթ, և արահետը մեզ հանգիստ տարավ վիթխարի ծառաբների միջով։ Անտառում զով էր և խոնավ, լույսն այստեղ ընկնում էր թաց սաղարթների ժանյակների միջով և, թվում էր, թե իջնում է ջրի մեջ, ասես գնում ես գետի հունով։ Իսկ անտառն այս ամենևին էլ անանցանելի թփուտների թավուտ չէ, ինչի մասին հաճած կարդում ես։ Այստեղ վիթխարի ծառաբները, սյուների նման, բավականաչափ հեռու են իրարից, իսկ նրանց միջև աճում են միայն նոսր թփեր, նուրբ ու դալար ծառերը և ցածրիկ բույսերը ասես թաքնվում են կիսախավարում։ Մենք շարունակ ավելի հեռու էինք գնում հազիվ նշմարելի արահետով։ Անցանք մոտ չորս մղոն, և այստեղ որսորդներից մեկը կանգ առավ ու իր երկար դանակը զրնգոցով խրեց վիթխարի ծառի բունը։
― Այ այս ծառ, նա ունի անցք ներսում, ― ասաց նա։ Ծառի հենց ստորոտում մենք տեսանք մոտ երկու ոտնաչափ լայնության մի անցք, որը մոտ երեք ոտնաչափ էլ տարածվում էր վեր․ ես կռացա և գլուխս մտցրի ներս, հետո շրջվեցի այնպես, որ նայեմ բունն ի վեր։ Բայց եթե այնտեղ նույնիսկ մի անցք էլ կար, ապա այն իմ աչքից ծածկում էր բնի մի ինչ֊որ թեքություն, որովհետև վերևից լույս չէր թափանցում։ Ես ամբողջ ուժով օդը հոտոտեցի, բայց և ոչ մի հոտ չառա, միայն փտած ծառի հոտ էր գալիս։ Փչակի խորքում մենք միայն չղջիկների արտաթորանք և զանազան միջատների չորացած կեղևներ նկատեցինք։ Ծառը, կարծես, հետաքրքիր ոչինչ չէր խոստանում։ Բայց ես մտածեցի, որ, թերևս, արժե այն ծխահարել և նայել, թե ինչ կա ներսում։
Ծխահարել մեծ ծառը, եթե դա հազվադեպ ես անում, չափազանց հուզիչ զբաղմունք է։ Քանի ես փնտրում էի քնկոտ֊թռչող սկյուռիկին, հուզմունքս փոքր֊ինչ բթացել էր, բայց դա պարզապես այն պատճառով, որ մենք ստիպված էինք մեկ օրում ծխահարել շատ ծառեր, և դրանց մեծ մասը ոչ մի հետաքրքիր բան չտվեց։ Ծառի ծխահարումը յուրատեսակ արվեստ է և պահանջվում է մեծ փորձ, մինչև սովորես, թե ինչպես պետք է այդ արվի։ Սկզբում պետք է գտնես ծառը և համոզվես, որ բունն իսկապես դատարկ է մինչև գագաթը, հետո պետք է այն ուշադիր զննես, ստուգես չկա՞ արդյոք բնից վեր մի ուրիշ անցք, որով կարող է ծլկել որսը, իսկ եթե կա, պետք է որսորդ ուղարկել վերև՝ դրանք ցանցով փակելու համար։ Դրանից հետո ցանցով փակում ես ծառաբնի ամենաստորին մասի անցքը։ Բայց այստեղ պետք է հետևել, որ ցանցը չխանգարի ծխահարմանը և միաժամանակ պահի փախստականին։ Անպայման պետք է համոզվել, որ ցանցը դրված է բավական հուսալի, թե չէ շատ ցավալի է, երբ ցանցն ընկնում է քեզ վրա հենց այն պահին, երբ փչակի միջից դուրս է սողում կամ դուրս է թռչում «որսը»։
Երբ բոլոր ցանցերն արդեն իրենց տեղերում են, մնում է մի դժվարին խնդիր ևս՝ կրակը։ Հակառակ հայտնի առածին, պետք է միայն ծուխ առաջացնել, և ոչ թե կրակ, թե չէ, բոլոր կենդանիներն ուղղակի կխորովվեն։ Սկզբում անցքի մոտ դարսում են չոր ճյուղերի մի փոքրիկ կույտ, հետո դրա վրա նավթ են լցնում ու վառում։ Հենց որ կրակը բռնկվում է, խարույկի վրա դնում են մի բուռ կանաչ տերև և աստիճանաբար ավելացնում։ Կանաչ տերևները, վառվելով, ոչ մի կրակ չեն առաջացնում, բայց դրա փոխարեն առաջանում է թանձր կծու ծուխ, որն անմիջապես ներծծվում է ծառի դատարկ փչակի մեջ։ Այժմ պետք է հոգ տանել, որ ծուխը շատ չլինի, թե չէ բոլոր կենդանի արարածները ծխից կխեղդվեն ներսում, չհասցնելով դուրս նետվել։ Ամբողջ հարցն այն է, որ «որսը» չխորովվի և չխեղդվի, և կարողանաս գտնել ոսկե միջուկը։ Երբ խարույկն արդեն վառվում է, և կրակը մլմլում է կանաչ տերևներից, երեք րոպե հետո (նայած ծառի մեծությանը) ծուխը թափանցում է փչակի յուրաքանչյուր անցքի ու ճեղքի մեջ, և ծառի մեջ եղած բոլոր կենդանի էակներն սկսում են լույս աշխարհ դուրս գալ։
Մենք ծխահարեցինք մեր առաջին ծառը, այստեղից դուրս թռան զայրացած թիթեռներ և ուրիշ ոչինչ։ Հավաքեցինք ցանցերը, հանգցրինք խարույկը և առաջ շարժվեցինք։ Հաջորդ ծառը, որի վրա նշան էին արել որսորդները, աճում էր առաջինից կես մղոն հեռավորության վրա։ Մենք մոտեցանք և ամեն ինչ կրկնեցինք նորից։ Այս անգամ ինչ֊որ բանի հասանք․ մեր ուզածը չկար փչակում, բայց ինչ֊որ կենդանի արարածներ այնուամենայնիվ գտնվեցին․ առաջինը դուրս թռավ մի փոքրիկ գեկկոն, շագանակագույն և մոխրագորշ գեղեցիկ նախշերով։ Այս փոքրիկ մողեսներով լեփ֊լեցուն է անտառի խորքը և երկու֊երեք հատ միշտ կարելի է գտնել ցանկացած ծառի փչակում։ Մողեսի հետքերով դուրս եկան ևս երեք գազանիկներ, որոնք այդ պահին, երբ շտապ դուրս սողացին ծխի քուլաների միջից, հիշեցնում էին շագանակագույն մեծ նրբերշիկներ, կողքերից շարժվող տոտիկների ցոպերով․ դրանք վիթխարի բազմոտանիներ էին՝ մեծ, հիմար և միանգամայն անվնաս արարածներ, որոնցից այս անտառում բավական շատ կան։ Փտած ծառի փչակը նրանց սիրած բնակարանն է, որովհետև սնվում են փտած֊մտած բաներով։ Պարզ է, այստեղ ուրիշ կենդանի էակ չես գտնի։ Մենք հավաքեցինք ցանցերը, հանգցրինք խարույկը և գնացինք առաջ։ Երրորդ ծառը բոլորովին դատարկ դուրս եկավ, հաջորդ երեքը՝ նույնպես։ Յոթերորդից դուրս թռավ չղջիկների մի երամ, և նրանք բոլորն էլ դուրս թռան ծառաբնի վերին անցքից հենց այն պահին, երբ Պիտերը սկսեց մագլցել ծառը։
Շատ դժվար աշխատանք է ցանցեր փռելը, ծառ ծխահարելը, ցանցեր հավաքելն ու դեպի հաջորդ ծառը գնալը․ մենք ստիպված էինք այդ օրը կրկնել տասնհինգ անգամ, ուստի երեկոյան դեմ բոլորս հալից ընկել էինք, ցավում էին անհամար չանգռվածքներն ու քերծվածքները, կոկորդներս քերվում էր կուլ տված ծխից, տրամադրություններս չափազանց մռայլ էր․ ա՜յ քեզ անհաջողություն․ բավական չէ, որ չէինք բռնել ոչ մի քնկոտ֊թռչող սկյուռիկ, չէինք բռնել խելքը գլխին և ոչ մի բան։ Երբ մենք մոտեցանք այդ օրվա վերջին ծառին, այլևս չէինք հասցնի ծխահարել մինչև մութն ընկնելը, ու ես արդեն այնքան էի հոգնել, որ ինձ համար ճիշտն ասած, միևնույն էր․ կլինի՞ այնտեղ թռչող սկյուռ, թե՞ չէ։ Ես պպզեցի, սկսեցի ծխել սիգարեթս ու նայել, թե ինչպես են որսորդները պատրաստվում ծխահարել։ Մենք այս ծառն էլ ծխահարեցինք, և փչակից ընդհանրապես ոչ մի բան դուրս չեկավ։ Որսորդները նայեցին ինձ։
Ջեյկոբը գործիմացորեն սկսեց հավաքել ցանցը, որ փաթաթված էր ծառաբնի շուրջը, բայց հանկարծ քարացավ և նայեց փչակից ներս֊այնտեղ ինչ֊որ բան կար։ Նա կռացավ, վերցրեց կենդանուն և մոտեցավ ինձ։
― Մասա, հարկավոր այս որս, ― անվստահ հարցրեց նա։
Ես նայեցի, և սիրտս թպրտաց, Ջեյկոբը բռնել էր երկար, փափկամազ գազանիկի պոչից, նրա աչքերը փակ էին, կողերը ծանր֊ծանր վեր էին բարձրանում։ Ջեյկոբը նրան դրեց ափիս մեջ (նա մկան չափ էր), և ես ուշադիր զննեցի․ գազանիկը ուշակորույս էր, երևում է, ուղղակի խեղդվել է ծխից։
― Շո՛ւտ, շո՛ւտ, Ջեյկոբ, ― սարսափած բղավեցի ես։
― Բեր փոքրիկ արկղը։ Ո՛չ, ո՛չ, դա չէ, ավելի ամուրը․․․ այժմ այնտեղ դիր մի տերև․․․ մեծ չլինի, այ հիմար, ոչ թե մի ամբողջ թուփ․․․ Այ հիմա ճիշտ է։
Ես հանդիսավոր դրեցի արկղի մեջ թռչող սկյուռիկին և մեկ անգամ էլ նայեցի։ Խեղճը պառկել էր նվաղած, և երևում էր, դեռևս ուշքի չէր եկել, շնչում էր ծանր, դժվարությամբ, փոքրիկ վարդագույն թաթերը դողում էին։ Թվում էր, թե նա փչում է շունչը․ ես վերցրի տերևների մի հսկայական փունջ և սկսեցի հուսակտուր թափահարել նրա գլխավերևում։ Մոտ քառորդ ժամ այս ինքնատիպ ձևով նրան արհեստական շնչառություն տվի, և, ի հիացումն իմ, գազանիկն սկսեց քիչ֊քիչ ուշքի գալ։ Բացեց մշուշապատ աչքերը, շրջվեց փորին և այդպես էլ մնաց պառկած՝ խղճուկ ու դժբախտ։ Ես էլի մի քիչ թափահարեցի տերևները նրա գլխավերևում, հետո զգուշությամբ փակեցի արկղի բերանը։
Մինչ ես ջանում էի կյանքի կոչել իմ թռչող սկյուռին, որսորդները հավաքվել էին շուրջս, նրանք բոլորն էլ կարեկցաբար լռում էին, այժմ, երբ տեսան, որ գազանիկը կենդանացավ, բոլորը ուրախ ու լայն ժպտացին։ Մենք շտապ տակնուվրա արինք ամբողջ փչակը, իմանալու համար, թե էլ չկան այնտեղ ծխից կիսախեղդ եղած գազանիկներ, բայց ոչինչ չգտանք․ այս բանն ինձ շատ մտահոգեց․ չէ՞ որ ենթադրվում է, որ թռչող սկյուռիկներն ապրում են մեծ գաղութներով, ուստի և միայն մի հատի գտնելը առնվազն տարօրինակ էր։ Ես ամբողջ հոգով ուզում էի հավատալ, որ դասագրքերը չեն խաբում․ ամբողջ գաղութից մի քանի հատ որսալը ավելի ճիշտ է, քան նրանց մեկ֊մեկ հետապնդելն ու որսալը։ Մի խոսքով, հիմա ժամանակ չկար այդ մասին մտածելու, ամենից առաջ հարկավոր էր իմ գանձը տեղափոխել գյուղ և ճամփորդական փոքրիկ արկղից փոխադրել ավելի հարմար տեղ։ Մենք ցանցերը հավաքեցինք և բռնեցինք ետդարձի ճամփան մթնշաղային անտառով այնպիսի արագությամբ, ինչպես կարող էինք։ Ես գազանիկով արկղը բռնել էի այնպիսի քնքշությամբ, ասես տանում էի մի թանկագին սկուտեղ, և ժամանակ առ ժամանակ արկղի մետաղալարի կափարիչի արանքներով թափահարում էի տերևների փունջը։
Երբ բարեհաջող հասանք իմ պարասրահը, ես իմ աննման գազանիկի համար պատրաստեցի ավելի մեծ վանդակ և նրան տեղափոխեցի այնտեղ։ Դա այնքան էլ հեշտ չէր, նա արդեն լիովին ուշքի էր եկել և վազում էր շատ արագ։ Վերջապես ես հաջողացրի նրան նոր վանդակի մեջ նստեցնել այնպես, որ նա ոչ միայն չփախավ, այլև ոչ մի անգամ չկծեց ձեռքս։ Այնժամ ես վանդակին մոտեցրի ամենապայծառ լամպը և վճռեցի ինչպես հարկն է զննել գերուն։
Նա սովորական տնային մկան չափ էր և ընդհանրապես շատ էր նմանվում նրան իր մարմնի կառուցվածքով։ Ամենից առաջ աչքի է զարնում պոչը․ այն շատ երկար է (մարմնից երկու անգամ մեծ), և նրա երկու կողմերից ձգվում է երկար ալիքավոր մազերի ծոպքը, այնպես որ պոչը թրջված փետուր է հիշեցնում։ Գազանիկի գլուխը մեծ է, կլորավուն, ականջները՝ փոքր, սրածայր, ինչպես էլֆինը։ Աչքերը սև են, ձյութի պես, փոքրիկ ու բավական ուռուցիկ։ Ատամները տիպիկ կրծողի ատամներ են, մի զույգ վառ֊նարնջագույն կտրիչները կիսաշրջանաձև դուրս էին ցցվել բերանից, այնպես որ կողքից նայողին թվում էր, թե նա խիստ ամբարտավան տեսք ունի։ Թերևս, այս գազանիկի մոտ ամենահետաքրքրականը «թռչողական թաղանթն է, որը ձգվում է նրա մարմնի երկու կողմերից։ Սա նուրբ կաշվի երկար շերտ է, որը մի ծայրով սկիզբ է առնում ետին ոտքի կոճղից, իսկ մյուսով կպած էր երկար, փոքր֊ինչ ծռված կրճիկանման կոթունին, որը առջևի ոտքից անմիջապես հարում է արմնկահոդին։ Երբ գազանիկը չի թռչում, թաղանթը ծալված ու սեղմված է կողին, այնպես, ինչպես դեպի պատերը հավաքված վարագույրը թատրոնում, իսկ երբ գազանիկը օդ է բարձրանում՝ ոտքերը ձգվում էն, այնպես որ թաղանթը ամուր ձգվում է և գործում է սահասավառնակի թևերի նման։ Հետագայում ես համոզվեցի, թե ինչպես է քնկոտ թռչող սկյուռիկը մանևրում օդում այսպիսի պարզունակ սահքաապարատով։
Այդ երեկո, երբ ես պառկեցի քնելու և հանգցրեցի լամպը, ամբողջ ժամանակ խշխշոց էի լսում․ դա իմ նոր բնակիչն էր վազվզում վանդակով մեկ, և ես մտովի պատկերացնում էի, թե ինչպես է նա այնտեղ քեֆ անում․ չէ՞ որ ես նրա համար բազմատեսակ ուտելիքներ էի դրել։ Բայց երբ լույսը բացվեց, և ես, դեռևս քնաթաթախ, անկողնուցս վեր կացա նայելու նրան, տեսա, որ նա ոչինչ չէր կերել․ դա ինձ շատ չզարմացրեց, ես գիտեի, որ նոր որսած որոշ կենդանիներ երկար ժամանակ ուտելուց հրաժարվում են, մինչև որ մի քիչ վարժվում են անազատությանը։ Եվ երբեք չի կարելի նախատեսել, թե որքան կտևի այդ «ծոմը»։ Սա կախված է ոչ միայն այն բանից, թե որ տեսակին է պատկանում կենդանին, այլև նրա սեփական վարքուբարքից։ Ես համոզված էի, որ օրվա ընթացքում քնկոտ֊թռչող սկյուռը ցած կիջնի վանդակի առաստաղից, որից նա կախված էր, և կուշտ կուտի։
Երբ որսորդները եկան, մենք ճանապարհ ընկանք դեպի մշուշից սպիտակած անտառի մնացած փչակավոր ծառերը։ Գիշերային հանգիստը և երեկվա հաջողությունը կայտառացրել էին մեզ, և դժվարին ու տանջալից աշխատանքը այժմ ավելի ուրախ և աշխույժ էր անցնում։ Սակայն կեսօրին ծխահարել և զննել էինք արդեն մի տասնյակ ծառ և ոչինչ չէինք գտել։ Այդ ընթացքում մենք մտել էինք անտառի խորքը․ ծառերն այստեղ այնպիսի հսկաներ էին, որպիսիք հաճախ չես հանդիպի նույնիսկ արևմտաաֆրիկյան անտառներում։ Դրանք իրարից բավական հեռու էին գտնվում, բայց, միևնույն է, նրանց ծանր ճյուղերը միահյուսված էին մեր գլխավերևում։ Այս բոլոր հսկաների բներն առնվազն ունեին տասնհինգ ոտնաչափ տրամագիծ, նրանց հզոր արմատները տաճարի կողմնահենարաններ էին հիշեցնում, արմատները դուրս էին եկել հողի տակից, այնպես որ ծառի հիմքի մոտ, դրանց արանքում ամբողջովին կտեղավորվեր ընդարձակ մի սենյակ, և միայն ավելի քան տասը ոտնաչափ բարձրության վրա վերջնականապես ձուլվում էին ծառի բնին։ Մենք շրջանցեցինք այս հսկաներին և շուտով հայտնվեցինք պարկետի նման հարթ տարածության վրա ընկած փոսի մոտ։ Այստեղ, մի ոչ մեծ ձորակում, մեկուսի կանգնած էր մի այդպիսի հսկա։ Ձորակի եզրին որսորդները կանգ առան։
― Այ, այն մեծ ծառ կա շատ մեծ անցք, սըր, ― ասացին նրանք։
Մենք մոտ գնացինք, և ես բնի մեջ, երկու մեծ արմատաելուստների արանքում, մի խոշոր անցք նկատեցի, որն ասես կլորացած վերնամասով կամար լիներ։ Իր չափերով եւ ձևով անցքը փոքրիկ եկեղեցու մուտք էր հիշեցնում։ Ես կանգնեցի փչակի մոտ և նայեցի վեր․ իմ գլխավերևում դեպ երկինք էր խոյանում ծառի բունը՝ հարթ ու լերկ, մոտավորապես երկու հարյուր ոտնաչափ բարձրությամբ։ Ոչ մի շյուղիկ, ոչ մի ճյուղ չէր խախտում այս փայտե սյան հարթ մակերեսը։ Երանի թե ներսում ոչինչ չլինի, մտածեցի ես, թեկուզ սպանեն՝ հնարավոր չէր պատկերացնել, թե որևէ մեկը կարող էր բարձրանալ ծառի գագաթը և ցանցերով ծածկել անցքերը, եթե այնտեղ կային դրանք։ Ես մտա փչակը, ինչպես կմտնեի սենյակ, այնտեղ շատ ընդարձակ էր։ Արևի լույսը մեղմորեն թափանցում էր ներս, և աստիճանաբար աչքերս վարժվում էին կիսախավարին։ Ես գլուխս ետ թեքեցի, բայց չկարողացա շատ հեռուն տեսնել, փչակի պատերը մի քիչ թեքվում էին ու խանգարում էին նայել, թե ինչ կա վերևում։ Ներսից պատերը շոշափեցի, պարզվեց, որ փտած են, բունը փափուկ էր ու լխկած։ Ես ոտքերով փորձեցի, համոզվեցի, որ հենարան կգտնվի, և այդ ոչ այնքան հուսալի աստիճաններով դժվարությամբ մագլցեցի վեր։ Վերջապես հասա ելուստին, որը ծածկում էր փչակի վերին մասը․ կարգին վիզս ծռեցի ու նայեցի, թե ինչ կա դրանից այն կողմ։ Բունը գործարանային ծխնելույզի պես բարձր էր և նույնպես էլ ընդարձակ։ Ամենավերևում, մի մեծ ճեղքի միջով ներխուժում էր արևի ճառագայթների փունջը։ Եվ հանկարծ ուրախությունից շնչահեղձ եղա ու քիչ էր մնում ցած ընկնեի իմ անհուսալի հենարանից․ փչակի ամբողջ վերին մասը տառացիորեն ծածկված էր քնկոտ֊թռչող սկյուռիկների գորգով։ Նրանք ստվերների պես արագ սահում էին փտած ծառի վրայով, իսկ երբ քարանում էին տեղում, նրանց հնարավոր չէր նկատել, այնքան որ ձուլվում էին կիսախավարին։ Ես սահեցի գետին և փչակից դուրս եկա։ Որսորդները հարցական նայեցին ինձ։
― Որս կա՞ ներս, մասա, ― հարցրին նրանք։
― Այո՛, այնտեղ որքան ասեք որս կա։ Գնացե՛ք, տեսե՛ք։
Աշխուժորեն խոսելով ու իրար հրմշտելով, նրանք սկսեցին մտնել փչակի մեջ։ Կարելի է թեկուզ և մասամբ պատկերացնել փչակի չափերը, եթե այնտեղ հեշտությամբ տեղավորվում էին երեք որսորդ, Պիտերը (նա, որ մագլցում էր ծառերը) և Ջեյկոբը։ Ես լսեցի նրանց զարմացած բացականչությունները, երբ նրանք տեսան թռչող սկյուռիկներին․ հետո փոխադարձ հայհոյանք․ ինչ֊որ մեկը, երևի Ջեյկոբը, իրարանցման մեջ տրորել էր մեկի մռութը։ Ես դանդաղ պտտվեցի ծառի շուրջը, գուցե, այնուամենայնիվ, ոտք դնելու տեղ կգտնվի, որևէ բանից բռնվելու տեղ կլինի, որ Պիտերը կարողանա վեր մագլցել։ Բայց բունը հարթ էր, ինչպես բիլիարդի գնդակը։ Որքան ես հասկանում էի, այս ծառը բարձրանալն անհնարին էր, և այդպես էլ ասացի որսորդներին, երբ նրանք փչակից դուրս եկան, և ինչ֊որ չափով սառեցրի նրանց ոգևորությունը։ Հետո մենք նստեցինք գետնին, ծխեցինք և սկսեցինք քննարկել, թե ինչ պետք է անենք․ իսկ Ջեյկոբն այդ ընթացքում շրջում էր ձորակում և մոլեգին նայում ծառին։ Վերջապես նա վերադարձավ մեզ մոտ և հայտնեց, որ, կարծես, գտել է, թե ինչպես պետք է Պիտերը մագլցի ծառի կատարը։ Մենք նրա հետ գնացինք ձորակի եզրը, և այդտեղ նա մեզ ցույց տվեց մի մատղաշ, բարձր ծառ, որի գագաթը հասնում էր մեր ծառի վիթխարի ճյուղերից մեկին։ Ջեյկոբն առաջարկեց․ թող Պիտերը բարձրանա ծառը, այնտեղից անցնի մեծ ծառի ճյուղին, հետո սողա դեպի վեր, մինչև որ հասնի սնամեջ բնի կատարը։ Պիտերը կասկածանքով նայեց մատղաշ ծառին և ասաց, որ կփորձի։ Թքեց ափերի մեջ, գրկեց ծառն ու սկսեց մագլցել վեր, կեղևից կառչելով նաև ոտքերի մատներով, որոնք ճկուն էին՝ ինչպես կապկինը։ Սակայն, երբ նա հասավ մինչև մեջտեղը, գետնից յոթանասուն ոտնաչափ բարձրության վրա, ծառը աղեղի նման ճկվեց նրա ծանրությունից, և բունն սկսեց չարագուշակ ճռճռալ։ Պարզ դարձավ, որ այդ ծառը չէր պահի իմ պատկառելի մագլցողին, և նա ստիպված եղավ ցած իջնել։ Ջեյկոբը, աշխուժացած ու քմծիծաղ տալով, հանդիսավոր մոտեցավ ինձ․
― Մասա, ես կարող բարձրանալ այդ ծառ, ― ասաց նա, ― ես ճարպոտ չեմ, Պիտերի պես չեմ։
― Ճարպո՜տ, ― զայրացավ Պիտերը, ― ո՞վ ճարպոտ, հը։ Ես չեմ ճարպոտ, պարզապես այս ծառ թույլ, չի դիմանա մարդուն։
― Ո՛չ, դու ճարպոտ, ― արհամարհանքով պատասխանեց Ջեյկոբը։ ― Դու միշտ փորդ լիքը լցնես, իսկ հիմա մասան ասել բարձրացիր ծառը, այ և ծառը չի պահել։
― Լավ, լավ, ― շտապ միջամտեցի ես։ ― Փորձիր դու, Ջեյկոբ։ Տես միայն, չընկնես։ Լսո՞ւմ ես։
― Այո, սըր, ― ասաց Ջեյկոբը, վազեց դեպի ծառը, բռնեց բարակ բնից և մագլցեց վեր, գալարվելով թրթուրի պես։
Իհարկե, Ջեյկոբը քաշով Պիտերից երկու անգամ թեթև էր, և շատ շուտով նա արդեն կախված էր ամենաբարձր ճյուղից, իսկ ճյուղը ամենևին էլ չէր կորացել, թեև ամբողջ ժամանակ օրորվում էր շրջանաձև շարժումներով։ Ամեն անգամ, երբ ծառի կատարը թեքվում էր մեծ ծառի ճյուղերի վրա, Ջյեկոբն աշխատում էր բռնել ճյուղից, բայց դա նրան չէր հաջողվում։ Հետո նա նայեց ցած։
― Մասա, ես չեմ կարող բռնել, ― բղավեց նա։
― Լավ, իջի՛ր, ― ի պատասխան բղավեցի ես։
Ջեյկոբն արագ ցած իջավ, և ես նրան տվի երկար, ամուր պարանի ծայրը։
― Փաթաթիր քո ծառին այս պարանը, հասկացա՞ր։ Իսկ հետո մենք կթեքենք մեծ ծառի վրա։ Դե, հասկացա՞ր։
― Այո՛, սըր, ― ցնծագին բացականչեց Ջեյկոբը և նորից մագլցեց դալար ծառն ի վեր։
Հասավ կատարը, այնտեղ կապեց պարանը և բղավեց, որ ամեն ինչ պատրաստ է։ Մենք բռնեցինք պարանի մյուս ծայրից և ամբողջ ուժով ձգեցինք։ Հետո սկսեցինք դանդաղ ետ գնալ բացատով, ոտքերով խրվելով փափուկ, փտած տերևների շերտի մեջ, աշխատելով հենարան գտնել։ Դալար ծառն աստիճանաբար խոնարհվում էր, և, վերջապես, նրա կատարը դիպավ մեծ ծառի վիթխարի ճյուղին։ Ջեյկոբն սկյուռի ճարպկությամբ ձեռքերը պարզեց, բռնեց ճյուղը և բարձրացավ նրա վրա։ Մենք դեռ շարունակում էինք դալար ծառը պահել թեքված վիճակում, իսկ Ջեյկոբը ազդրակապից հանեց պարանի մի կտոր և դալար ծառի գագաթը կապեց ճյուղից, որի վրա ինքը կանգնել էր։ Միայն այժմ մենք զգուշորեն բաց թողեցինք մեր պարանը։ Ջեյկոբն արդեն ամբողջ հասակով կանգնել էր վիթխարի ու հզոր ճյուղի վրա, և, բռնելով իրեն շրջապատող մանր ճյուղերից, լուռ, դանդաղ և շոշափելով շարժվում էր դեպի բունը։ Գնում էր նա շատ դանդաղ, որովհետև ճյուղը, որ կամրջի դեր էր կատարում, ամբողջովին պատված էր խոլորձներով, գալարախոտերով և անտառային պատատուկներով․ հենց այսպիսի տեղերում են լինում անտառային օձերը։ Վերջապես նա հասավ այն տեղին, ուր ճյուղը միանում էր բնին, հեծնեց նրան և ցած կախեց երկար թոկը, որից մենք կապեցինք ցանցերը, և մի քանի արկղ էլ այն որսի համար, որ նրան կհաջողվի բռնել փչակի վերին մասում։ Ջեյկոբը այդ բոլորը ամուր կապեց գոտուց և բնի չորս բոլորով շարժվեց դեպի փչակը, որ երևում էր երկու վիթխարի ճյուղերի արանքում։ Դրանցից մեկի վրա կռանալով, Ջեյկոբը անցքը փակեց ցանցով, արկղները դրեց այնպես, որ լինեն ձեռքի տակ և ցած նայեց մեզ չարաճճի ժպիտով։
― Դե, այ, մասա, քո որսորդ, նա պատրաստ, ― բղավեց նա։
― Որսորդ, ― դժգոհ մռմըթաց Պիտերը, ― այս խոհարար, նա իրեն «որսորդ» անվանել։ Է՜խ։
Մենք ահագին չոր ճյուղեր և կանաչ տերևներ հավաքեցինք և խարույկ սաքեցինք վիթխարի բուխարու նման անցքի մոտ։ Հետո անցքը փակեցինք ցանցով, խարույկը վառեցինք և վրան կանաչ տերևներ դարսեցինք։ Մի քանի րոպե կրակը միայն ծուլորեն ծխում էր, հետո ծխի բարակ շիթը ամրացավ, և շուտով փտած ծառի մեջ խուժեց թանձր գորշ ծուխը։ Այն շարունակ բարձրանում էր փչակով վեր, և այստեղ ես նկատեցի էլի մի քանի անցքեր, որոնք առաջ չէինք նկատել․ գետնից մոտ երեսուն ոտնաչափ վեր, զանազան տեղերում երևացին ծխի շիթեր ու, օղակներ կազմած, հալվեցին օդում։
Ջեյկոբը շատ անհուսալի էր նստել ճյուղին (ամեն րոպե կարող էր ցած ընկնել) ու նայում էր ցած, փչակի մեջ, երբ հանկարծ վեր բարձրացավ ծխի մի թանձր սյուն և պարուրեց նրան։ Ջեյկոբը խեղդվում էր, հազում և սկսեց զգույշ շարժվել ճյուղի վրայով, ջանալով ավելի ապահով տեղ գտնել։ Ես անհամբեր սպասում էի, և ինձ թվում էր, թե թռչող սկյուռիկները չափազանց երկար են դիմանում այդ ծխին։ Ես արդեն սկսեցի մտածել, գուցե նրանք այնտեղ բոլորն էլ այրվել են, սատկել ծխից, չհասցնելով նույնիսկ փախչել, և հենց այդ պահին հայտնվեց առաջին թռչող սկյուռիկը։ Նա փչակից դուրս թռավ ներքևի անցքից և ուզեց թռչել, բայց անմիջապես խճճվեց ցանցերի մեջ։ Որսորդներից մեկը նետվեց նրա կողմը, բայց ես չհասցրի նրան օգնության գալ, քանի որ հենց այդ րոպեին ամբողջ գաղութը միանգամից որոշեց լքել փչակը։ Մեծ անցքում երևացին մոտ քսան թռչող սկյուռիկներ, և նրանք բոլորն էլ ուղիղ թռան ցանցերի մեջ։ Ծառի կատարից, որն արդեն մեր աչքից ծածկում էին ծխի քուլաները, լսվում էին Ջեյկոբի հիացական աղաղակները, իսկ մի երկու անգամ նա ցավից մռնչաց, երևի, կծել էր սկյուռը։ Այստեղ ես, վշտացած, նկատեցի, որ գետնից երեսուն ոտնաչափ բարձր մենք էլի մի քանի անցք չենք տեսել և որ հենց այդ փոքրիկ անցքերից դուրս էին գալիս սկյուռիկները։ Նրանք իրար անցած վազվզում էին բնով մեկ, և, թվում էր, թե չէին նկատում ոչ արևի վառ լույսը, և ոչ էլ մեզ․ մի քանիսն իջնում էին բունն ի վար, շատ ցած, այնպես որ մինչև գետին մնացել էր մի վեց ոտնաչափ․ գազանիկները վազում էին կեղևի վրա անսովոր արագությամբ, ասես չէին վազում, այլ սահում էին։ Հետո վեր բարձրացավ առանձնապես թանձր ու հեղձուցիչ ծխի մի քուլա և ամբողջովին ծածկեց նրանց, ու այստեղ նրանք որոշեցին թռչել։
Քի՜չ զարմանալի բան չեմ տեսել ես իմ կյանքում, բայց սկյուռիկների թռիչքը չեմ մոռանա մինչև մահ։ Վիթխարի ծառը պարուրել էին սև ծխի թանձր, շարժուն սյուները, իսկ այնտեղ, ուր դրանց ծակում էին արևի ճառագայթների սուր նիզակները, ծուխը դառնում էր թափանցիկ ու տեսլային, նուրբ երկնագույն։ Եվ այս նրբին երկնագույնի մեջ թռչում էին սկյուռիկները։ Նրանք բնից հեռանում էին անսովոր թեթևությամբ, չէին նախապատրաստվում թռիչքի, չէին թափում նկատելի որևէ ջանք․ ահա հենց նոր գազանիկը նստած էր ծառի կեղևին, ահա բացեց թևերը, ևս մի պահ, ու նա արդեն թռչում էր օդում։ Փոքրիկ թաթիկները չռած, թաղանթները կողերից ձգած։ Նրանք ուղղվում էին ներքև և սավառնում օդում, թափանցում ծխի քուլաների մեջ, վստահ ու ճարպիկ, ինչպես ծիծեռնակները մժղուկ որսալիս, աներևակայելի վարպետությամբ շրջվում ու պտտվում էին, ընդ որում նրանց մարմինը գրեթե բոլորովին չէր շարժվում։ Նրանք ուղղակի սավառնում էին օդում և իսկական հրաշքներ էին գործում։ Մի սկյուռ ծառից պոկվեց գետնից մոտ երեսուն ոտնաչափ բարձրության վրա։ Նա սահում էր օդում ուղիղ ու համաչափ թռիչքով, հետո նստեց մի ծառի վրա՝ հարյուր հիսուն ոտնաչափ հեռու այն տեղից, որտեղից թռել էր, և թվում էր, թե այդ ընթացքում չէր կորցրել ոչ մի դյույմ բարձրություն։ Մյուսները թռչում էին ծխով պարուրված ծառի բնից, սավառնում նրա շուրջը անընդհատ նեղացող պարույրով և վերջապես, նստում էին նույն բնին՝ գետնին մոտիկ։ Ոմանք պտտվում էին ծառի շուրջը «օձանման» թռիչքով, նորից ու նորից, ճիշտ ու չափազանց սահուն օդում գրելով «S» տառը։ Նրանց զարմանալի «թռիչքային հատկանիշները» ցնցում էին ինձ։ Ինձ թվում էր, որ այսպիսի բարձրագույն պիլոտաժի համար նրանց անհրաժեշտ են օդային հոսանքներ, բայց անտառը խաղաղ էր, ո՛չ մի հովիկ։
Ես նկատեցի, որ թռչող սկյուռների մի մասը թռչում է անտառ, բայց մեծ մասը մնացել էին իրենց բնի վրա, նրանք միայն կարճ ժամանակով էին դուրս թռչում ու պտտվում ծառի շուրջը, երբ ծուխը դառնում էր չափազանց թանձր։ Դա ինձ հանգեցրեց մի մտքի․ ես հանգցրի խարույկը, և , երբ ծուխն աստիճանաբար ցրվեց, բոլոր թռչող սկյուռիկները, որոնք նստել էին ծառին, նորից հապճեպորեն մտան փչակները։ Մենք սպասեցինք մի քանի րոպե, թող հանգստանան ու նստեն այնտեղ, իսկ ես այդ ընթացքում զննեցի նրանց, որոնք բռնել էինք։ Ներքևի ցանցերում ութ արու և չորս էգ կային։ Ջեյկոբը ծխահարված բարձունքից ներքև իջեցրեց իր հաղթավարը՝ ևս երկու էգ և մեկ արու։ Բացի դրանից, նա բռնել էր երկու չղջիկ։ Ես դրանց նմանը կյանքում չէի տեսել։ Նրանց մեջքը՝ դեղնա֊շագանակագույն էր, կուրծքը՝ բաց դեղնավուն, դնչիկը՝ խոզի նման, իսկ երկար, խոզային ականջները կախվել էին ցած, ծածկելով քիթը։
Երբ բոլոր թռչող սկյուռիկները վերադարձան փչակ, մենք նորից խարույկ վառեցինք, և նորից նրանք դուրս թռան, սակայն այս անգամ նրանք խելոքացան․ գրեթե ոչ մեկը չմոտեցավ ցանցին, որ ձգված էր փչակի մուտքի առաջ։ Ծառի գագաթին Ջեյկոբի բախտն ավելի շատ էր բերում, նա շուտով ցած գցեց պարկը, որի մեջ խլրտում էին մոտ երկու տասնյակ սկյուռիկներ, և ես որոշեցի, որ դա ինձ կբավականացնի։ Մենք խարույկը հանգցրինք, հանեցինք ցանցերը, Ջեյկոբին հարկադրեցինք ցած իջնել իր ձեղնահարկից (դա այնքան էլ հեշտ բան չէր, նա ցանկանում էր որսալ ամբողջ գաղութը) և բռնեցինք վերադարձի ճամփան։ Պետք է գնայինք անտառով ավելի քան չորս մղոն ճանապարհ, մինչև գյուղ։ Ես զգուշությամբ ձեռքերիս մեջ տանում էի թանկարժեք պարկը, որի մեջ ծվծվում ու թպրտում էին գազանիկները, բայց ժամանակ առ ժամանակ կանգ էի առնում, բացում պարանը և հով անում նրանց տերևներով, որ չխեղդվեն։ Չէ՞ որ պարկը կարված էր հաստ կտավից, և օդը նրանց, երևի, չէր բավականացնում։
Արդեն բավական մթնել էր, երբ, հոգնած ու կեղտոտ, հասանք գյուղ։ Ես ամենամեծ վանդակի մեջ տեղավորեցի իմ սկյուռիկներին, բայց այս վանդակն էլ ակնհայտորեն փոքր էր այսքան շատ կենդանիների համար։ Շատ հիմար բան ստացվեց, իհարկե, բայց ես կարծում էի, որ եթե հաջողվի էլ թռչող սկյուռիկ որսալ, ապա կբռնենք ընդամենը երկու֊երեք սկյուռիկ, ոչ ավելին, և ընդարձակ վանդակ հետս չէի վերցրել։ Այսպիսի նեղվածքի մեջ ամբողջ գիշեր նրանց պահելը սարսափելի էր, մինչև առավոտ շատերը, հավանաբար, կսատկեին, մնում էր միայն մի ելք․ որքան կարելի է շուտ տեղափոխել թանկարժեք որսը գլխավոր ճամբար։ Ես մի կարճ գրություն գրեցի Սմթին․ հայտնեցի, որ որսը շատ հաջող էր, որ ես տեղ կհասնեմ կեսգիշերին և խնդրեցի թռչող սկյուռիկների համար մեծ վանդակ պատրաստել։ Իսկույն ևեթ գրությունը ուղարկեցի, հետո լոգանք ընդունեցի ու ընթրեցի։ Ես հույս ունեի, որ իմ գրությունը տեղ կհասնի ինձնից մոտ մեկ ժամ շուտ, և նա ժամանակ կունենա իմ խնդիրը կատարելու համար։
Մոտավորապես ժամը տասին մեր փոքրիկ քարավանը ճանապարհ ընկավ։ Առջևից գնում էր Ջեյկոբը՝ լապտերիկը ձեռքին, նրա հետևից քայլում էր բեռնակիրը․ նրա գանգրահեր գլխին օրորվում էր սկյուռիկներով լի արկղը․ նրանց հետևից գնում էի ես, իսկ իմ հետևից ևս մի բեռնակիր․ սա իր գլխին տանում էր իմ անկողնային իրերը։ Էշոբիից դուրս եկող ճանապարհը ցերեկվա լույսի տակ էլ ոչ մի բանի պետք չէ, իսկ մթության մեջ՝ դժվար չէ այստեղ գլուխը կոտրել։ Լույսի միակ աղբյուրը մեր լապտերիկն էր, որ տանում էր Ջեյկոբը, բայց դրա օգուտը ավելին չէր, քան լուսատիտիկի լույսը։ Նա ճառագում էր ճիշտ այնքան լույս, որպեսզի աղավաղեր ամբողջ ուրվագծերը, իսկ ժայռերը պարուրող մութը այդ երերուն լույսից դառնում էր ավելի անթափանց․ և մենք ակամա ստիպված էինք գնալ կրիայի քայլերով։ Սովորական պայմաններում ճանապարհը կտևեր մոտ երկու ժամ, իսկ այդ երեկո մենք կորցրինք հինգ ժամ։ Գրեթե ամբողջ ճանապարհին ես հիստերիայի եզրին էի, սկյուռներով լի արկղը տանող բեռնակիրը ցատկում ու թռչում էր ժայռերի միջով, ինչպես քարայծ, և ես ամեն րոպե վախով սպասում էի, որ ահա ուր որ է կսայթաքի, և իմ թանկարժեք արկղը կգլորվի ցած, անդունդը։ Ճանապարհը քանի գնում, ավելի էր վատանում, իսկ բեռնակիրը՝ ավելի էր խիզախանում, և ես հասկացա, որ նրա անկումը ընդամենը միայն ժամանակի հարց է։
― Բարեկամս, ձայն տվի ես։ ― Եթե դու որսը ցած գցես, մենք միասին Մամֆե չենք հասնի։ Ես քեզ այստեղ կթաղեմ։
Բեռնակիրը հասկացավ իմ ակնարկը և չափավորեց իր քայլերը։ Ոչ մեծ գետակի միջով անցնելիս իմ ստվերը վախեցրեց ետևիցս եկող բեռնակրին, նա սայթաքեց, և իմ անկողինը բարձր չլմփոցով շրմփաց ջրի մեջ։ Եվ որքան էլ ես նրան համոզեցի, որ դրա մեղքը իմն է, բեռնակիրը չմխիթարվեց։ Այսպես էլ մենք առաջ գնացինք․ բեռնակիրը գլխի վրա տանում էր բեռը, որից կաթկթում էր ջուրը, և ժամանակ առ ժամանակ բարձր ու վշտալի արտասանում էր․ «Ո՜ւխ, սըր, ներիր, սըր»։
Մեզ շրջապատող անտառը լի էր մեղմ ձայներով ու շրշյուններով․ չոր տերևների թեթև խրթխրթոց ոտքերի տակ, վախեցած թռչնի կռինչ, ծառերի բների վրա ծղրիդների անլռելի ճռռոց և երբեմն էլ անտառային գորտի կռկռոց։ Մենք անցնում էինք վճիտ, սառցի պես սառը գետակները, ջուրը մեղմ ծփում էր, ինչ֊որ բան խորհրդավոր շշնջալով խոշոր քարերի ականջին։ Մի անգամ Ջեյկոբը բարձր բղավեց, պտտվեց, թռչկոտեց տեղում, անճոռնի թափահարելով ձեռքերը, և լապտերի լույսի ստվերները թպրտացին ծառերի արանքում։
― Դու այդ ինչ ես անել, ― բղավեցին բեռնակիրները։
― Մրջյուն, ― պատասխանեց Ջեյկոբը, շարունակելով պտտվել հոլի նման, ― չափազանց շատ անիծյալ մրջյուն։
― Ջեյկոբը չէր նայում ոտքի տակ և ուղղակի տրորել էր թափառող մրջյունների շղթան, որ կտրում էր մեր ճանապարհը։ Երկու դյույմ լայնությամբ սև հոսանքը դուրս էր գալիս թփի տակից և հոսում արահետի մյուս կողմը, նմանվելով ձյութի գետակի։ Երբ Ջեյկոբը ոտքը դրել էր դրանց վրա, այդ ամբողջ գետակը ասես ալեկոծվել էր անձայն, և արդեն մի վայրկյան չանցած մրջյունները սողացել էին տարբեր կողմեր, հեռանալով հարձակման տեղից ավելի ու ավելի հեռու, նմանվելով կանաչ տերևների վրա թափված սև թանաքի։ Ես և բեռնակիրները կամա թե ակամա ստիպված եղանք դուրս գալ արահետից և անտառի միջով շրջանցել այդ տեղը, ապա թե ոչ կատաղած միջատները կհարձակվեին մեզ վրա էլ։
Հազիվ էինք անտառի հովանու տակից դուրս եկել լուսնի լույսով ողողված հովիտը, երբ անձրև սկսվեց։ Սկզբում դա թեթև մաղող անձրև էր, որ ավելի շատ նման էր մշուշի․ հետո, առանց որևէ նախազգուշացման սկսեց թափվել ինչպես դույլից, երկքնի ու երկրի միջև կանգնեց համատարած ջրե մի պատ։ Խոտը միանգամից թեքվեց, իսկ մեր արահետը վերածվեց կարմիր կավի դավադիր սահադաշտի։ Ես վախեցա, որ հանկարծ իմ թանկարժեք որսը չթրջվի և չոչնչանա՞։ Հանեցի բաճկոնս և դրանով փաթաթեցի արկղը, որ դրված էր բեռնակրի գլխին․ իհարկե, դա այնքան էլ հուսալի պաշտպանություն չէր, բայց այնուամենայնիվ, մի քիչ օգնեց։ Մենք դժվարությամբ առաջ էինք գնում, խրվելով ցեխի մեջ, և վերջապես հասանք գետակին, որը պետք է անցնեինք ոտքով։ Անցումն այս տևեց, երևի, երեք րոպե, բայց ինձ թվաց չափազանց երկար, որովհետև գետի հունը քարքարոտ էր, և գլխին թռչող սկյուռիկներ տանող բեռնակիրը երերում էր ու սայթաքում, իսկ հոսանքն ամեն կողմից նրան ձգում ու քաշում էր, և թվում էր, թե սպասում էր մի առիթի, որ վերջնականապես նրան տապալի։ Այնուամենայնիվ, մենք բարեհաջող հասանք մյուս ափը, և շուտով ծառերի միջից առկայծեցին ճամբարի կրակները։ Չհասցրինք մտնել վրանի ծածկի տակ, երբ անձրևը դադարեց։
Վանդակը, որ Սմիթը պատրաստել էր իմ թռչող սկյուռիկների համար, այնքան էլ ընդարձակ չէր, բայց հիմա ես հարմարության մասին չէ, որ մտածում էի․ պետք է շուտ հանեինք նրանց արկղից, չէ՞ որ ջուրը նրանից կաթում էր, ինչպես հենց նոր սուզված սուզանավից։ Մենք զգուշորրեն բացեցինք դռնակը և, շունչներս պահած՝ նայեցինք, թե ինչպես են փոքրիկ գազանները սրընթաց վազում իրենց նոր բնակարանը։ Ես թեթևացած համոզվեցի, որ և ոչ մի սկյուռ չի թրջվել, թեև երկու֊երեքը մեր ճամփորդությունից հետո թվում էին փոքր֊ինչ ճմրթված։
Մի հինգ րոպե մենք հիանում էինք նրանցով, հետո Սմիթը հետաքրքրվեց․
― Իսկ ի՞նչ են ուտում դրանք։
― Գաղափար չունեմ։ Այն, որին ես երեկ բռնեցի, ընդհանրապես ոչինչ չի կերել, թեև աստված է վկա, որ ես նրան շատ հարուստ ընտրություն եմ առաջարկել։
― Հըմ, երևի նրանք կսկսեն ուտել, երբ մի քիչ ընտելանան։
― Այո, հույս ունեմ, ― ասացի ես, աշխուժորեն։ Եվ ես իսկապես դրան հավատում էի։
Մենք վանդակը լցրինք ամեն տեսակ ուտելիքներով ու ըմպելիքներով, ինչ֊որ գտանք ճամբարում, այնպես որ վանդակը ի վերջո նմանվեց տեղական շուկայի։ Հետո ծածկեցինք պարկով և թողեցինք, որ քնկոտ թռչող սկյուռիկները ուտեն որքան ուզենան։ Այն բանից հետո, երբ իմ անկողինը թրջվել էր անձրևի տակ և գետի մեջ ու սպունգի նման ջուր էր ծծել, ես ստիպված եղա չափազանց անհարմար գիշեր անցկացնել պարտեզի բազկաթոռի մեջ։ Ես քնում էի ընդհատումներով, և երբ լուսացավ, վեր կացա, վազեցի սկյուռիկների վանդակի մոտ, ետ քաշեցի պարկը և նայեցի ներս։
Հատակին, բոլորովին ձեռք չտված ուտելիքների ու ըմպելիքների մեջ, ընկած էր մեռած թռչող սկյուռիկը։ Մնացածները կախված էին առաստաղից, ինչպես չղջիկների երամ, և հուզված ծվծվում էին, կասկածամտորեն նայելով ինձ։ Ես հանեցի մեռած գազանիկին, տարա նրան սեղանի մոտ, հերձեցի և շատ մանրամասն հետազոտեցի։ Ի մեծ զարմանս իմ, սկյուռի ստամոքսը լիքն էր կիսամարսված ձիթարմավենու ընկույզներով, ապա դրանք, հանուն այս ուտելիքի, հավանաբար ստիպված էին եղել չորս մղոն թռչել մինչև մոտակա ագարակը և դեռ իջնել շատ ցածր, գետնից մի քանի ոտնաչափ բարձր։ Այս բոլորն ինձ կարգին անհանգստացրին, բայց հիմա գոնե գիտեի ինչ անելս, և հետևյալ օրվա երեկոյան սկյուռիկների վանդակը, ուրիշ ուտելիքներից բացի, զարդարված էր կարմիր ընկույզի ողկույզներով՝ ինչպես նոր տարվա տոնածառ։ Մենք Սմիթի հետ գազանիկներին ուտելիք տվինք մթնշաղին և հետո երեք երկար ու ձիգ ժամ անվերջանալի զրուցում էինք ամեն ինչի մասին, բայց ոչ սկյուռիկների, և ձևացնում էինք, թե ականջ չենք դնում ոչ ծվծվոցին, ոչ էլ խշխշոցին, որ լսվում էին վանդակներից։ Սակայն ընթրիքից հետո այլևս չկարողացանք մեզ զսպել, գաղտագողի մոտեցանք վանդակին ու զգուշությամբ բարձրացրինք կտավե ծածկոցը։
Թռչող սկյուռիկների ամբողջ գաղութը նստել էր հատակին, և բոլորը եռանդով խժռում էին ընկյուզները։ Նրանք նստել էին ետևի թաթերի վրա, իսկ ընկույզը բռնել էին առջևի փոքրիկ վարդագույն թաթիկներով՝ ինչպես իսկական սկյուռներ․ ճարպկորեն շրջելով ընկույզը, գազանիկներն ատամներով հանում էին նրա կարմիր կեղևը։ Երբ մենք բարձրացրինք ծածկոցը, նրանք դադարեցին ուտել և սկսեցին նայել մեզ․ երկու֊երեք ամենավախկոտները ցած գցեցին ընկույզները և փախան վերև, վանդակի տանիքի տակ, իսկ մնացածները, հավանաբար, որոշեցին, որ մեզնից երկյուղելու բան չունեն և շարունակեցին ուտել։ Մենք ծածկեցինք վանդակը և մի կատաղի պար բռնեցինք վրանի շուրջը, արձակելով բարձր, հիացական աղաղակներ։ Մեր աղմուկով արթնացրինք կապիկներին, դրանք անմիջապես ճտճտացին և աղմկելով բողոքեցին, մի անտանելի ժխոր բարձրացավ, և խոհանոցից հեվիհև վազեցին իմ օգնականները, նայելու, թե ինչ է պատահել մեզ հետ։ Լսելով բարի լուրը, որ նոր որսը, վերջապես, սկսել է ուտել, նրանք ժպտացին և մատները շրխկացրին․ չէ՞ որ նրանք մեր ուրախություններն ու դառնություններն իրենց սրտին շատ մոտ էին ընդունում։ Ամբողջ օրը ճամբարում մռայլություն էր տիրում, որովհետև նոր որսը չէր ցանկանում ուտել և կարող էր քաղցից մեռնել․ բայց հիմա ամեն ինչ կարգի ընկավ, և իմ օգնականները, ուրախ շատախոսելով ու ծիծաղելով վերադարձան խոհանոց։
Բայց մեր ուրախությունը երկար չտևեց․ երբ առավոտյան մենք մոտեցանք վանդակին, երկու թռչող սկյուռիկ անկենդան ընկած էին։ Եվ այդ ժամից մեր փոքրիկ գաղութը նվազում էր օրեցօր։ Գազանիկները ուտում էին միայն ձիթարմավենու ընկույզներ և, հավանաբար, դա քիչ էր նրանց համար։ Էլ ի՜նչ կեր ասես, որ նրանց չէինք առաջարկում, բայց ամեն ինչից հրաժարվում էին, և դա շատ տարօրինակ էր։ Չէ՞ որ ամենաքմահաճ կենդանիների համար վերջ ի վերջո մեզ միշտ հաջողվում էր գտնել ինչ֊որ հարմար կեր, և հասկանալու համար, թե ինչ են նրանք սիրում, պետք էր միայն նրանց լայն ընտրություն առաջարկել։ Իսկ այժմ պարզվեց, որ թռչող սկյուռիկների Անգլիա հասցնելը շատ ու շատ դժվար կլինի։