[[Պատկեր:Tol brandir2.jpg|300px|thumb|right]]
Արագորնը աջ վտակով տարավ նրանց: Տեսնող սարի և վտակի միջև մարգագետին էր ընկած: Հեռավոր հողերը սուզված էին խավարի մեջ: Արագորնը շրջվեց ու թիավարեց ափ:
— Ես երբեք չեմ լսել,— ասաց նա ուղեկիցներին,— որ Տեսնող սարի մոտակայքում օրքեր երևացած լինեն: Սակայն միևնույնն է, մեզ ժամապահ պետք է:
Պահապանները մակույկները ափ հանեցին, փաթաթվեցին վերմակների մեջ և անմիջապես քնեցին: Գիշերը տագնապալի ոչինչ տեղի չունեցավ: Յուրաքանչյուր ժամապահ մեկ ժամ էր հերթապահում: Գոլլումը կամ օրքերը մինչև լուսաբաց չերևացին: Եթե Գոլլումը շարունակում էր հետևել Ջոկատին, ապա երևի մի տեղ սուսուփուս թաքնված էր: Բայց Արագորնի քունն անհանգիստ էր ու տագնապալի: Լուսադեմին նա վեր կացավ ու գնաց Ֆրոդոյի մոտ, որը հենց նոր փոխարինել էր Սեմին:
— Մինչև հերթապահության դեռ շատ կա,— նրան ասաց հոբիթը,— ինչու՞ չես քնում:
— Ինքս էլ չգիտեմ,— պատասխանեց Արագորնը: — Ինչ-որ զգացում քունս խանգարում է: Ե՛կ մի նայենք քո Խայթին:
— Ինչու՞,— զարմացած հարցրեց նրան Ֆրոդոն: — Դու կարծում ես օրքերը գալի՞ս են:
— Ե՛կ նայենք,— կրկնեց Արագորնը:
Ֆրոդոն թուրը հանեց պատյանից: Շեղբի ծայրերը հազիվ նկատելի լույս էին տալիս:
— Օրքերը... — անհանգիստ քրթմնջաց հոբիթը: — Շատ մոտիկ չեն, բայց այնուամենայնիվ մոտ են:
— Բավական մոտ են,— հաստատեց Արագորնը: — Բայց կարող է պատահել, միայն Սաուրոնի լրտեսներն են, որոնք թափառում են արևելյան ափերին: Մինչև վերջին ժամանակներս, որքան ես գիտեմ, Ամոն Հենի շրջակայքում օրքեր չեն հայտնվել: Ասենք, ինչ գոնդորցիները նահանջել են, գետամերձ հողերում շատ բան է փոխվել: Մեզ այժմ հարկավոր է մեծ զգուշությամբ շարժվել:
Լուսաբացը հեռավոր հրդեհի հրացոլք էր հիշեցնում: Սև ծխի քուլաներից արևելքում թանձր ամպեր էին կուտակվում, որոնք ներքևից լուսավորում էր աղոտ առկայծող արևը: Բայց շուտով արևը բարձրացավ ջինջ երկնակամար, ոսկեփայլ լույսով ողողելով Թոլ Բրանդիրի խիստ ուրվագծերը: Ֆրոդոն հետաքրքրությամբ դիտում էր կղզին: Զառիկող ժայռերի պատով այն բարձրանում էր փայլփլուն ծփացող վտակից: Ժայռերի կատարներն ի վեր մագլցում էին կաղնու պուրակներ, իսկ գագաթը բացարձակապես մերկ էր ու լերկ: Կղզու վրա թռչուններ էին պտտվում, բայց Ֆրոդոն ոչ մի գազան կամ գոնե ժայռերի ծերպերում օձ չնկատեց: Նախաճաշից հետո Արագորնն ասաց ուղեկիցներին.
----