― Հաճույքով կկատարեմ, սըր Տնօրեն, ― ասաց նա և չքացավ։
==Գլուխ XXII==
Սուրբ աղբյուրը
Ուխտավորները մարդ արարած էին։ Այլապես նրանք ուրիշ կերպ կվարվեին։ Նրանք կտրել էին երկար ու դժվարին ճանապարհ և այժմ, երբ այդ ճանապարհը արդեն համարյա ավարտվել էր, ու նրանք հանկարծ իմացել էին, որ իրենց գլխավոր նպատակը այլևս գոյություն չունի, նրանք վարվեցին ոչ այնպես, ինչպես նրանց տեղը կվարվեին ձիերը, կատուները, կամ որդերը։ Սրանք, հավանաբար, ետ կդառնային և որևէ առավել շահավետ զբաղմունք կգտնեին։ Բայց ոչ, մարդ արարածները նախկինում տենչում էին տեսնել հրաշագործ աղբյուրը, իսկ այժմ նրանք քառասուն անգամ ավելի ուժեղ էին տենչում տեսնել այն տեղը, որտեղ ժամանակին հրաշագործ աղբյուրն է խփել։ Մարդ արարածների վարքը անբացատրելի է։
Մենք շարժվում էինք արագ։ Եվ արդեն մայրամուտից մի ժամ առաջ կանգնած էինք Սրբության Հովիտը շրջափակող բարձրաբերձ բլուրների վրա և դիտում էինք հովտի բոլոր տեսարժան վայրերը։ Խոսքս վերաբերում է ամենագլխավոր առարկաներին՝ երեք զանգվածեղեն կառույցներին։ Միայնակ կանգնած այդ կառույցները անսահման տափաստանի մեջ խաղալիքի նման փխրուն էին թվում։ Այդպիսի տեսարանը միշտ էլ տխրառիթ է լինում, լռությունն ու անշարժությունը մեզ հիշեցնում են մահվան մասին։ Թեպետ լռությունը խանգարում էր հեռվից քամու թևով թռչող մի ձայն, բայց այդ ձայնից առավել ևս տխրություն էր տիրում․ դա թաղման զանգերի հեռավոր ղողանջն էր, այնքան թույլ, որ մենք չէինք կարողանում հասկանալ՝ արդյոք լսո՞ւմ էինք այն իրականում, թե մեզ միայն թվում էր։
Դեռ մութը չընկած մենք հասանք վանք։ Այստեղ տղամարդիկ օթևան գտան, իսկ կանանց ուղարկեցին ավելի հեռու, կուսանաց վանքը։ Զանգերը ղողանջում էին հիմա բոլորովին մոտ, և նրանց հանդիսավոր դժժոցը ականջ էր խցկվում, ինչպես վերջին դատաստանի պատգամը։ Հուսաբեկությունը տիրում էր վանականների սրտերին և պարզ արտացոլվում էր նրանց տառապահար դեմքերի վրա։ Նրանք թրև էին գալիս մեր շուրջը, սև փարաջաները հագներին, փափուկ հողաթափերը ոտքներին, դալուկ դեմքերով, անշշուկ և ուրվականատիպ, ինչպես ահասարսուռ պատկերները։
Ծերունի վանահայրը հանդիպեց ինձ հուզիչ ուրախությամբ։ Արցունքներ երևացին աչքերին, բայց նա զսպեց իրեն և ասաց․
― Մի հապաղիր, որդյակ իմ, սկսիր քո փրկարար գործը։ Եթե ամենաշուտափույթ կարգով չհաջողվի ետ բերել ջուրը, մենք կործանված ենք և հարյուր տարվա բարեխիղճ աշխատանքով ստեղծված ամեն ինչ կխորտակվի։ Եվ տես, որ քո կախարդությունները սրբազան լինեն, քանզի եկեղեցին չի կարող հանդուրժել սատանական հմայքները, եթե նույնիսկ դրանք իր օգտին լինեն։
― Իմ կախարդությանը, հայր, սատանան ոչ մի առնչություն չունի։ Ոչ մի սատանայական հմայքների ես չեմ դիմի։ Ես կօգտվեմ միայն այնպիսի նյութերից, որոնք ստեղծված են աստծու ձեռքով։ Բայց արդյո՞ք Մերլինը նույնքան աստվածահաճո եղանակով է գործում։
― Այո, որդյակ իմ, նա խոստացել է ինձ, և երդումով հաստատել խոստումը։
― Դե, այդ դեպքում, թող նա էլ շարունակի գործը։
― Բայց, հուսով եմ, որ դու պարապ չես նստի, դու նրան կօգնե՞ս։
― Պետք չէ իրար խառնել այդքան տարբեր մեթոդներ, հայր, և բացի այդ, դա պրոֆեսիոնալ վայելչության խախտում կլիներ։ Նույն արհեստի երկու մարդ պետք չէ իրար խոչընդոտներ հարուցեն։ Մենք կարող էինք իրարից անջատ գործել, իսկ թե մեզնից ով հաջողակ կլինի, կերևա հետագայում։ Դուք պայման ունեք Մերլինի մետ, այլևս ուրիշ ոչ մի կախարդ չի ցանկանա միջամտել նրա գործերին, մինչև որ ինքը ետ չկանգնի։
― Բայց ես ետ կառնեմ պայմանը։ Գործը վիթխարի կարևորության է և ես օրինական իրավունք ունեմ նրան վտարելու։ Իսկ եթե նույնիսկ այդպիսի իրավունք չունենամ էլ, ո՞վ կհամարձակվի եկեղեցուն օրենքներ պարտադրել։ Եկեղեցին ինքն է օրենքներ պարտադրում բոլորին։ Եկեղեցուն անհրաժեշտ ամեն ինչ պետք է իրագործվի, իսկ եթե որևէ մեկը այդ բանից նեղանա, է՜, թո՛ղ նեղանա։ Ես կվտարեմ նրան, սկսիր անհապաղ։
― Ոչ, այդպես չի կարելի, հայր։ Անկասկած, դուք իրավացի եք․ նա, ով բոլորից ուժեղ է, կարող է անել սրտի ուզածը, և ոչ ոք չի համարձակվի հակառակել, բայց մենք, թշվառ կախարդներս, յուրահատուկ կացության մեջ ենք գտնվում։ Մերլինը փոքր գործերի բավականին լավ կախարդ է և բնավ էլ վատ համբավ չունի գավառներում։ Նա ջանք է թափում անում կարելին, և ինձ համար անվայելուչ կլիներ խլել նրա գործը, մինչև ինքը չլքի այն։
Վանահոր դեմքը պայծառացավ։
― Ա՜, դա շատ հեշտ է։ Մենք միջոցներ կգտնենք ստիպելու, որ նա լքի այն։
― Ոչ, ոչ, հայր, դա հարմար ձև չէ։ Եթե նրան ստիպեն իր կամքին հակառակ, նա կկախարդի աղբյուրը, և ես շատ ժամանակ կկորցնեմ, մինչև որ գտնեմ կախարդության գաղտնիքը։ Գուցե մի ամբողջ ամիս։ Ինքս մի փոքրիկ կախարդություն ունեմ, որը ես հեռախոս եմ կոչում, և Մերլինը ստիպված կլիներ ամենաքիչը հարյուր տարի կորցնել, մինչև որ նա հասներ գաղտնիքին։ Այո, նա կարող է ձգձգել գործը ամբողջ մեկ ամսով։ Մի՞թե դուք համաձայն եք մի ամբողջ ամսով հետաձգելու գործը այսպիսի երաշտի պայմաններում։
― Մի ամբողջ ամսո՜վ։ Միայն այդ մասին միտքը ստիպում է ինձ դողդողալ։ Թող լինի, ինչպես ուզում ես, որդյակ իմ։ Բայց սիրտս ծանրապես հուսախաբ է լինում։ Գնա, թող ինձ մենակ իմ տառապանքի հետ, որը շամփրում է ինձ ահա ինն երկար օրեր, որոնց ընթացքում ես չեմ իմացել, թե ինչ բան է անդորրը, քանզի նույնիսկ այն ժամանակ, երբ իմ տարածված մարմինը կարծես անդորր է վայելում, հոգուս խորքում այն բացակա է։
Իհարկե, Մերլինը խելամիտ վարված կլիներ, եթե մի կողմ դներ վայելչությունը ու լքեր այդ գործը։ Միևնույնն է, նրան երբեք չէր հաջողվի ջուրը բերել, քանի որ նա իր ժամանակի իսկական կախարդ էր, իսկ դա նշանակում է, որ նրա անվանը լայնորեն փառք բերած բոլոր խոշոր հրաշքները նա բախտ է ունեցել միշտ կատարելու այնպիսի պահերին, երբ իրենից բացի ոչ ոք ներկա չի եղել։ Այժմ էլ նա չէր կարող ջուր բերել այս ահռելի ամբոխի ներկայությամբ։ Այդ օրերին կախարդի հրաշագործության համար ամբոխի ներկայությունը նույնքան վճռական խոչընդոտ էր, որքան իմ սեփական հարյուրամյակում ոգեհարցների հրաշագործության համար․ միշտ էլ այդ ամբոխի մեջ կգտնվի կասկածելի մեկը, որը ամենավճռական պահին լույսը կվառի ու ամեն ինչ կփչացնի։ Բայց ես բնավ էլ չէի ուզում, որպեսզի Մերլինը գործը ինձ զիջեր շատ ավելի վաղ, քան ինքս կարող կլինեի այն ընդունել։ Չէ՞ որ ես անզոր էի գործը սկսել, մինչև որ Քամելոտից չբերեին ինձ անհրաժեշտ առարկաները, իսկ դա դեռ մի երկու֊երեք օր կտևեր։
Իմ ներկայացումը վանականներին վերադարձրեց կորուսյալ հույսը և նրանց այնպես առույգացրեց, որ երեկոյան առաջին անգամ ինն օրերի ընթացքում նրանք լավ ընթրեցին։ Երբ ստամոքսները լցվեցին կերակուրով, նրանց ոգին սկսեց փութաջան գլուխ բարձրացնել, իսկ երբ մեղրաջրով գավաթը դրվեց շրջանառության մեջ, նրանց ոգին արդեն միանգամից վեր սուրաց։ Կատարները տաքացրած սուրբ հայրերը ցրվել չէին ուզում, և մենք սեղանի շուրջ նստեցինք ամբողջ գիշերը։ Շատ ուրախ և զվարթ ամբոխ էր։ Կասկածելի որակի բարի հին պատմություններ էին պատմում և ստիպում, որ արցունքները ցած վազեն, երախները լայն բացվեն, կլորիկ փորերը վեր ու վար անեն։ Կասկածելի որակի երգեր էին երգում, զորավոր ոռնում էին խմբովին ու խլացնում զանգերի ղողանջը։
Վերջ ի վերջո ես համարձակվեցի մի պատմություն պատմել և մեծ հաջողություն ունեցա։ Ոչ անմիջապես, իհարկե, որովհետև այդ կղզու բնիկները, որպես կանոն, շուտ չեն գլխի ընկնում որևէ ծիծաղաշարժ բանի աղը, բայց երբ ես պատմեցի հինգերորդ անգամ, նրանք սկսեցին ճաթել տեղերում, երբ ութերորդ անգամ պատմեցի, սկսեցին փշուր֊փշուր գալ, տասներկուերորդ կրկնությանս վրա՝ մաս֊մաս եղան, իսկ արդեն տասնհինգերորդից հետո՝ քայքայվեցին, ցած թափվեցին։ Եվ ես մի ցախավել վերցրեցի ու նրանց ավլեցի, դուրս թափեցի այդ ամբողջը, անշուշտ պատկերավոր ասած։ Այդ կղզեցիները սկզբում չնչին գին են տալիս քո ներդրած ջանքերի դիմաց, բայց վերջում այնպես լայն են բացում գրպանները, որ նրանց վճարածի համեմատ մյուս բոլոր ազգերինը մնում է խղճուկ ու պստիկ։
Հաջորդ առավոտյան դեռ լույսը նոր էր բացված, ես աղբյուրի մոտ էի։ Մերլինը արդեն տեղում էր և կախարդում էր կուղբի ջանասիրությամբ, բայց նույնիսկ խոնավություն դուրս չէր եկել։ Նա բնավ էլ հաճելի տրամադրության մեջ չէր և ամեն անգամ, երբ ես ակնարկում էի, թե անփորձ մարդու համար այդպիսի բեռը անչափ ծանր է, նա ազատություն էր տալիս լեզվին և հայհոյում ինչպես եպիսկոպոսը ― Խնամակալության օրերի ֆրանսիական եպիսկոպոսը<ref>1674 ―1723 թվականներին, Ֆրանսիան կառավարում էր մանկահասակ Լյուդովիկ XV֊ի խնամակալ հերցոգ Ֆիլիպ Օռլեացին։ Ազնվականությունն ու հոգևորականությունը հասել էին ծայրահեղ ցինիկության և անառակության։ Այստեղից էլ «Խնամակալության օրերի եպիսկոպոս» արտահայտությունը հոմանիշ է անբարոյականության։ </ref> նկատի ունեմ։
Գործի վիճակը մոտավորապես այնպիսին էր, ինչ ես ակնկալում էի։ Պարզվեց, որ «աղբյուրը» մի սովորական ջրհոր էր, փորված սովորական եղանակով և քարերով երեսապատված նույնպես սովորական եղանակով։ Ոչ մի հրաշքի մատ իսկ խառը չէր այդ գործի մեջ։ Նույնիսկ նրա համբավը աշխարհով մեկ տարածված ստի մեջ էլ ոչ մի հրաշք չկար․ ես ինքս էլ կարող էի առանց որևէ դժվարության նման սուտ հորինել։ Ջրհորը գտնվում էր մի խավար խորշի մեջ, անտաշ քարից սարքած մատուռի ճիշտ կենտրոնում։ Մատուռի պատերից բարեպաշտ նկարներ էին կախ տված, որոնց համեմատ նույնիսկ ապահովագրական ընկերությունների ռեկլամները կարող էին պարծենալ իրենց կատարելությամբ։ Նկարները պատկերում էին աղբյուրի ջրերով հրաշագործ բուժումները, որոնք առանց բացառության տեղի էին ունենում ճիշտ այն պահերին, երբ ոչ ոք չէր տեսնում։ Ոչ ոք ասելով, ես նկատի չունեմ հրեշտակներին, նրանք միշտ էլ տախտակամածի վրա են լինում, երբ որևէ հրաշք է սպասվում, ― երևի նկարի մեջ ընկնելու համար։ Չէ որ նրանք այդ բանը ավելի պակաս չեն սիրում, քան հրշեջները․ նայեցեք հին վարպետների նկարները և դուք անմիջապես կհամոզվեք։
Մատուռ ջրհորը աղոտ լուսավորված էր կանթեղներով։ Վանականները ջուրը դուրս էին քաշում ոլորանի և շղթայակապ դույլի օգնությամբ, լցնում ջրհորդանը, որի միջով այն հոսում էր դեպի դուրսը գտնվող քարե ավազանը (անշուշտ նկատի ունեմ այն ժամանակը, երբ դեռ ջուր կար), և վանականներից բացի ոչ ոք իրավունք չուներ մտնելու մատուռը։ Բայց ես, ստանալով իմ արհեստակից եղբոր ու ստորադրյալի սիրալիր թույլտվությունը, ներս մտա։ Նա ինքը երբեք այնտեղ չէր մտել։ Ամեն ինչ նա անում էր կախարդության միջոցով ու երբեք չէր աշխատեցնում իր ուղեղը։ Եթե նա ոտք դներ այս շեմքից ներս և խանգարված ուղեղի փոխարեն օգտագործեր աչքերը, կարող էր բուժել աղբյուրը բնական միջոցներով, իսկ հետո հրաշքի տեղ ներկայացնել, ինչպես սովորաբար անում են։ Բայց ոչ, նա պարզապես ծերուկ ապուշ էր, կախարդ, որը հավատում էր իր կախարդությանը, իսկ նման սնոտիապաշտությամբ դիվահար եղած կախարդը հաջողության հասնել չի կարող։
Ես կասկածում էի, որ ջրհորը ճեղքվածք է տվել, որ հատակի մոտ մի քանի քարեր թափվել են և անցք է գոյացել, որով գնում էր ջուրը։ Չափեցի շղթան, իննսունութ ոտք էր։ Ապա երկու վանական կանչեցի, կողպեցի դուռը, մի մոմ վերցրի, և ստիպեցի նրանց ինձ դույլի վրա ցած իջեցնել։ Երբ շղթան ձգվեց ամբողջ երկարությամբ, մոմի լույսը հաստատեց իմ կասկածը․ պատի մի զգալի մասը ցած էր թափվել ու բավականին մեծ ճեղքվածք էր գոյացրել։
Ես համարյա ափսոսում էի, որ իմ կասկածները հաստատվեցին, որովհետև մի երկու ուրիշ գաղափարներ ունեի, որոնք ավելի ձեռնտու էին հրաշքի համար։ Ես մտաբերեցի, որ Ամերիկայում, շատ դարեր հետո, երբ նավթահորը դադարում էր խփելուց, նրան նորից կյանքի էին կոչում, դինամիտով պայթեցնելով հողը։ Եթե պարզվեր, որ այս ջրհորը ցամաքել է առանց մասնավոր պատճառների, ես վեհանձնորեն կարող էի բոլորին զարմացնել, ստիպելով մի ոչ այնքան էլ արժեքավոր անձնավորության դինամիտային ռումբ նետել ջրհորից ներս։ Նույնիսկ մտածում էի այդ նպատակի համար օգտագործել Մերլինին։ Բայց այժմ ես համոզվեցի, որ ռումբ նետելու անհրաժեշտություն չկար։ Իրադրությունները ոչ միշտ են մեր ուզած ձևով դասավորվում։ Գործնական մարդը չի կարող հուսախաբությանը տրվել, նա պարտավոր է ուղեղը շարժել, թե ինչպես իր ստանալիքը ստանա։ Ես այդպես էլ վարվեցի։ Ինքս ինձ ասացի, որ շտապելու հարկ չկա, դեռ կարող եմ սպասել, հերթը ռումբին էլ կհասնի։ Եվ իր ժամանակին հասավ։
Երբ ինձ նորից վեր հանեցին, ես վռնդեցի վանականներին և ցած իջեցրեցի ձկնորսական կարթաթելը․ ջրհորի խորությունը հարյուր հիսուն ոտք էր և հատակից քառասունմեկ ոտք բարձրության վրա արդեն ջուր կար։ Մի վանական կանչեցի ու հարցրի․
― Ի՞նչ խորություն ուներ ջրհորը։
― Չգիտեմ, սըր, ինչ ոչ ոք չի ասել։
― Սովորաբար ի՞նչ մակարդակի էր լինում ջուրը։
― Վերջին բոլոր երկու հարյուր տարիների ընթացքում, ջուրը պռունկին մոտ էր կանգնում, այդպես էր վկայում ավանդությունը, որ մեզ հասել է մեր նախորդներից։
Նա ճիշտ էր ասում, գոնե վերջին ժամանակների համար ավելի վստահելի վկաները այդ էին ապացուցում․ շղթայի միայն քսան֊երեսուն ոտք երկարությունն էր օգտագործվում, մնացած մասը ժանգոտ էր։ Ինչպե՞ս է անցած անգամ ջուրը սկզբում անհայտացել ու նորից հետո երևացել։ Անկասկած, որևէ գործնական մարդ ջրհոր է իջել, նորոգել ճեղքվածը և հետո եկել վանահոր մոտ, հայտարարել, որ եթե քանդեն լոգարանը, ջուրը կվերադառնա։ Իսկ հիմա նորից ճեղքվածք է գոյացել, և այս մանկամիտ մարդիկ կաղոթեին, սրբազան թափորներ կկազմեին, զանգերը ղողանջել կտային, մինչև որ հենց իրենք էլ չչորանային ու քամին ցրիվ չտար նրանց փոշին, և ոչ մեկի մտքով չէր անցնի ջրհորի մեջ իջեցնել կարթաթելը կամ էլ ինքն իջներ ու տեսներ, թե պատճառն ինչ է։ Հաղթահարել դարերով արմատներ ձգած մտածելակերպը շատ դժվար խնդիր է։ Այդ մտածելակերպը փոխանցվում է սերնդե սերունդ ինչպես դիմագծերը և, եթե այդ դարաշրջանի մարդու գլխում որևէ նոր միտք էր հայտնվում, որը նախապես չէր եղել նրա նախորդների գլուխներում, ապա այդպիսի մարդուն ապօրինի ծնունդ էին համարում։ Ես ասացի վանականին։
― Դժվար հրաշք է ջուրը չոր ջրհորը վերադարձնելը, բայց մենք փորձ կանենք, եթե մեր եղբայր Մերլինը ձախողվի։ Եղբայր Մերլինը շատ ընդունակ կախարդ է, բայց մասնագիտացել է միայն պալատական հմայությունների գծով, և նա այստեղ հաջողություն ունենալ չի կարող, այո, ըստ երևույթին, կձախողվի։ Բայց դրանում վարկաբեկիչ ոչինչ չկա, քանի որ այսպիսի հրաշագործությունների ընդունակ մարդը կարող է հյուրանոց բացել։
― Հյուրանո՞ց։ Ես կարծեմ չեմ լսել։
― Հյուրանոցի՞ մասին։ Դա նույնն է, ինչ դուք իջևանատուն եք կոչում։ Այսպիսի հրաշագործությունների ընդունակ մարդը կարող է իջևանատուն բացել։ Ես ընդունակ եմ այդպիսի հրաշագործության, և ես կարարչագործեմ այդ հրաշքը, բայց պետք է խոստովանեմ, որ այդ հրաշքը արարչագործելու համար, ես ստիպված պետք է լինեմ մինչև վերջ պրկելու բոլոր ուժերս։
― Ոչ ոքի այդ ճշմարտությունը ավելի լավ հայտնի չէ, քան մեր վանական եղբայրությանը, քանզի ավանդությունը ասում է, որ անցյալ անգամ աղբյուրի վերականգնումը շատ դժվարին գործ է եղել և պահանջել է մի ամբողջ տարի։ Ինչևէ, թող աստված քեզ բարի հաջողություն ճամփի, իսկ այդ նպատակի համար մենք աղոթքներ կառաքենք առ Նա։
Գործնական տեսանկյունից դիտած դա բավականին հաջող գաղափար էր՝ լուր տարածել, թե իբր նման հրաշքի արարչագործումը շատ դժվար է։ Երբեմն ամենաանշան բաներն էլ վիթխարի նշանակություն են ստանում ռեկլամի շնորհիվ։ Այդ վանականը ապշել էր այն ամենի դժվարությունից, ինչ ես պետք է կատարեի, նա ուրիշների սրտում էլ կբոցավառի նույն զգացումը և երկու օրը չլրացած ես կդառնամ համընդհոնուր կարեկցության առարկա։
Կեսօրին, տուն վերադառնալիս, հանդիպեցի Սենդիին։ Նա հենց նոր եղել էր ճգնավորների մոտ։ Ես ասացի․
― Ինքս էլ եմ ուզում նրանց տեսնել։ Այսօր չորեքշաբթի է։ Նրանց մոտ ցերեկային ներկայացումներ լինո՞ւմ են։
― Ներողություն, սըր, ինչի՞ մասին ես հարցնում։
― Ցերեկային ներկայացումների։ Կեսօրից հետո նրանց մոտ բա՞ց է։
― Ո՞ւմ մոտ։
― Էլ ո՞ւմ, ճգնավորների։
― Բա՞ց։
― Այո, բաց։ Մի՞թե պարզ չէ։ Կամ գուցե նրանք փակում են կեսօրին։
― Փակո՞ւմ։
― Փակո՞ւմ, այո փակում։ Անհասկանալի ի՞նչ կա այստեղ։ Կյանքումս երբեք այսպիսի բութ գլուխ չեմ տեսել․ ինչ էլ որ ասես, ոչինչ չի հասկանա։ Հարցնում եմ քեզ ամենապարզ բառերով․ ե՞րբ են նրանք փակում խանութը, ե՞րբ են ավարտում ներկայացումը, ե՞րբ է մարում լույսը։
― Փակում, խանութը, ավարտում․․․
― Լավ, բավական է, դու ինձ ձանձրացրիր։ Ամենապարզ բաներն անգամ չես հասկանում։
― Ես ուրախ կլինեի քեզ գոհացնել, սըր, և ողբում եմ և վշտանում, որ չեմ կարողանում, բայց ես միայն հասարակ օրիորդ եմ և ինձ ոչինչ չեն սովորեցրել, մանկությունից չեն մկրտել իմացության այն խոր ջրերում, որոնք օծել են նրան, ով հաղորդակից է դարձել ամենաերևելի խորհուրդներին, նրան, ում վրա ակնածանքով հառնում են իրենց աչքերը խոնարհ մահկանացուները, որոնք գիտակցում են, որ իրենց անիմացությունը միայն սկիզբն է այլևայլ անկատարելիությունների, որոնց համար ողբալով, մարդիկ քուրջ են հագնում և կսկիծի մոխիր ցանում իրենց գլուխներին, և, երբ նման մեկի ուղեղը պարուրած խավարի մեջ թափանցում են բարձր խորհուրդներով լեցուն այնպիսի ոսկի բառեր, ինչպես այդ «փակում խանութը», «ավարտում ներկայացումը», «մարում լույսը», միայն աստծու գթասրտությունն է փրկում նրան, որպեսզի չտրաքվի նախանձից այն մարդու նկատմամբ, որի միտքը ունակ է ներփակելու, իսկ լեզուն ունակ է արտասանելու այդպիսի վեհ, բարեհնչյուն ու հրաշալի խոսքեր, և անգետի խոնարհ ուղեղի մեջ առաջացնող շփոթը, և անկարողությունը ընկալելու այդ հրաշալիքների աստվածային նշանակությունը ծագում են ոչ թե սնափառությունից, այլ անկարողությունն այդ անկեղծ է ու ճշմարիտ և դու պիտի հասկանաս, որ այն էությունն իսկ է քո առջև ակնածալից խոնարհման, որ մշտատև է ու քեզ լիովին հայտնի, եթե դու նկատել ես իմ հոգու և իմ մտքի կառուցվածքը և հասկացել, որ ես ոչ թե չեմ ուզում, այլ չեմ կարող, և քանի չեմ կարող, ուրեմն և չեմ կարող ոչինչ անել, և եթե նույնիսկ ուզենայի էլ, իմ ուժը չէր պատի ուզենալը ցանկալի կարողանալ դարձնել, ու դրա համար էլ, խնդրում եմ քեզ, տեր իմ բարի, և թանկագին իմ լորդ, ներողամիտ եղիր իմ մտքի նկատմամբ և քո բարությամբ ու գթասրտությամբ ներիր ինձ։
Ես չկարողացա այդ ամենը մանրամասնորեն ընկալել, բայց հիմնական գաղափարը, այնուամենայնիվ, հասկացա և ամոթ զգացի։ Անազնվություն էր տասնիններորդ դարի տեխնիկական արտահայտությունները թափել վեցերորդի անգետ դստեր գլխին և ապա կշտամբել նրան, որ նա չի հասկանում․ նա անկեղծորեն գործադրում էր բոլոր ջանքերը հասկանալու համար, և իր մեղքը չէ, եթե այդ նրան չէր հաջողվում, ու ես ներողություն խնդրեցի։ Մենք ոլորապտույտ կածաններով գնացինք դեպի ճգնավորների խորշերը, իրար հետ հաշտ զրուցելով և զգալով, որ առավել լավ բարեկամներ ենք դարձել, քան առաջ էինք։
Ներսս աստիճանաբար խորհրդավոր և քաղցր դողով լեցուն հարգանք էր ծագում այդ աղջկա նկատմամբ։ Ամեն անգամ, երբ նա շարժվում էր կայարանից ու գործի գցում իր միջմայրցամաքային, անեզր ու անհորիզոն նախադասության շոգեկառքը, ինձ թվում էր, թե կանգնած եմ գերմանական լեզուների նախամոր սարսափելի կերպարանքի առջև։ Դա այնպես էր ազդում ինձ վրա, որ երբեմն, երբ նա սկսում էր դատարկել իր այդ նախադասություններից մեկը, ակամա ակնածանքից հանում էի սաղավարտս և մնում գլխաբաց։ Եթե նրա բառերը ջուր լինեին, ես, վստահաբար, կխեղդվեի։ Նա վարվում էր ճիշտ ինչպես գերմանացիները․ երբ ուզում էր որևէ բան ասել, միևնույն է թե ինչ՝ հարցի պատասխանել, քարոզ խոսել, շարադրել հանրագիտարանը կամ պատերազմների պատմությունը, նա անպատճառ պետք է ամբողջը մի եզակի նախադասության մեջ ներփակեր կամ մեռներ։ Նույն կերպ է վարվում նաև գերմանացի գրողը, եթե պատահի, որ նա սուզվի մի նախադասության մեջ, այլևս նրան չեք տեսնի, մինչև որ դուրս չլողա իր Ատլանտյանի մյուս կողմում՝ բայը բերանին։
Մինչև երեկո մենք քարշ էինք գալիս մի ճգնավորից մյուսը։ Դա մի վերին աստիճանի տարօրինակ անասնարան էր։ Ճգնավորները, կարծես, իրար հետ մրցում էին մի հիմնական բանում, թե նրանցից ով ավելի անմաքուր կլինի և իր շուրջն ավելի շատ միջատներ կբազմացնի։ Նրանց բոլոր արարմունքները վկայում էին արտակարգ ինքնագոհության մասին։ Մի ճգնավորի հպարտությունը, օրինակ, այն էր, որ նա մերկ պառկած էր ցեխի մեջ և թույլ էր տալիս միջատներին կծել իր մարմինը և այտուցներ առաջացնել․ երկրորդինը այն, որ ամբողջ օրը կանգնում էր ժայռի մոտ, հիացած ուխտավորների առջև և աղոթում․ երրորդինը այն, որ մերկանում էր ու չոչ անում․ չորրորդինը այն, որ շատ տարիներ անընդմեջ իր մեջքին ութսուն ֆունտ երկաթ էր կրում․ հինգերորդինը այն, որ երբեք բոլոր մարդկանց նման չէր պառկում քնելու համար, այլ քնում էր կանգնած՝ փշատերև թփերի մոտ և խռմփացնում էր, երբ ուխտավորները հավաքվում էին շուրջը ու աչքերը տնկում նրա վրա։ Մի կին, որ ծածկում էր իր մերկությունը միայն ճերմակ մազերով, ամբողջովին սևացել էր, շնորհիվ ջրից քառասունյոթամյա բարեպաշտ հրաժարումի։ Այդ տարօրինակ մարդկանցից յուրաքանչյուրի շուրջ կանգնած էին ուխտավորները, ակնածալից զարմանքով նայում էին նրանց և նախանձում այն երանությանը, որ նրանք իրենց համար ձեռք էին բերել երկնքում, աստվածասեր սխրանքների շնորհիվ։
Կամաց֊կամաց մենք հասանք ճգնավորներից ամենանշանավորին։ Նրա փառքը տարածված էր ամբողջ քրիստոնյա աշխարհում, անվանի և ազնվածին մարդիկ գալիս էին հողագնդի տարբեր ծայրերից նրան երկրպագելու։ Նա իր համար տեղ էր ընտրել հովտի ամենաընդարձակ մասում, և նրա շուրջ ամբողջ տարածությունը միշտ լեցուն էր ամբոխով։
Նա կանգնած էր վաթսուն ոտք բարձրություն ունեցող մի սյան կատարին ամրացված լայն հարթակի վրա։ Այդ պահին էլ նա զբաղված էր նույն գործով, ինչ անում էր ամեն օր ահա արդեն քսան տարի շարունակ․ մերթ սրընթաց կռանում էր մինչև ոտքերը, մերթ ուղղվում։ Այդ նրա աղոթելու ձևն էր։ Ժամացույցը ձեռքիս ես հաշվեցի․ քսանչորս րոպե քառասունվեց վայրկյանում նա հազար երկու հարյուր անգամ կռացավ և ուղղվեց։ Ափսոս էր, որ այդպիսի զորությունը իզուր էր կորչում։ Նրա շարժումները իսկական գանձ էին մեխանիկայի համար, համարյա նույնը, ինչ ոտնակի վրա սեղմելը։ Ես նշում արեցի իմ ծոցատետրում, նկատի ունենալով ապագայում նրան հարմարեցնել առաձգական պարանների մի սիստեմ և ստիպել, որպեսզի աշխատեցնի կարի մեքենան։ Հետագայում ես իրագործեցի այդ ծրագիրը և հինգ տարի շարունակ գերազանց արդյունք ստացա․ այդ ժամանակի ընթացքում նա տնայնագործ քաթանից կարեց տասնութ հազար առաջնակարգ շապիկներ, օրական տասը հատ։ Ես նրան ստիպում էի աշխատել նաև կիրակի օրերը, քանի որ նա կիրակի օրերին էլ նույն գործով էր պարապում և բնավ իմաստ չուներ իզուր վատնել այդքան զորությունը։ Այդ շապիկները ինձ վրա ոչինչ չէին նստում, եթե չհաշվենք հումքի ձեռք բերման հետ կապված աննշան ծախսերը, որոնք ես ինքս էի վճարում, քանի որ անարդարացի կլիներ այդ ծախսը ճգնավորի վրա դնելը։ Շապիկները վաճառում էին ուխտավորներին հատը մեկուկես դոլարով, իսկ Արթուրի թագավորության մեջ մեկուկես դոլարով կարելի էր հիսուն կով գնել կամ մի ազնվացեղ նժույգ։ Այդ շապիկները համարվում էին լավագույն պաշտպանիչ միջոցը բոլոր մեքերի դեմ, իսկ իմ ասպետները այն ջանադրաբար էին ռեկլամում դրանք ներկատուփերի ու նկարակաղապարների միջոցով, որ շուտով ամբողջ Անգլիայում այլևս չկար ոչ մի ժայռ, ոչ մի քար, ոչ մի պատ, որի վրա մի մղոն հեռավորությունից չերևար այս մակագրությունը։
:::::<b>Գնեցեք միայն սուրբ Ճգնավորի շապիկները։</b>
::::::<b>Հովանավորյալ ավագանու կողմից։</b>
:::::::<b>Արտոնագիրը հայցված է։</b>
Այս ձեռնարկությունը այնքան դրամ բերեց, որ ես չգիտեի, թե ինչ անեմ։ Երբ գործը ծավալվեց, մենք սկսեցինք շապիկներ պատրաստել թագավորների համար, շքեղ զգեստներ՝ հերցոգուհիների և ուրիշ ազնվատոհմիկ տիկնանց համար՝ բոլորածալքերով՝ ցռուկի մասում, փոթերով՝ խելի վրա, ձեռագործով՝ փրկարար գոտիների մոտ, ժանյակներով՝ առագաստներից կախ։ Չէ, սքանչելի բաներ էին։
Բայց հենց այդ ժամանակ ես նկատեցի, որ իմ շարժիչը սովորություն է դարձրել կանգնել մեկ ոտքի վրա, մյուսին ըստ երևույթին, ինչ֊որ բան էր պատահել։ Ես կրճատեցի արտադրությունը և դուրս եկա գործից, որը գնեց սըր Բորս դը Գանիսը իր բարեկամների հետ համատեղ։ Իսկ ևս մի տարի հետո ստիպված եղան բոլորովին փակել այդ ձեռնարկությունը, քանի որ բարի սուրբը հանգստյան էր քաշվել։ Նա վաստակել էր իր հանգիստը։ Կարող եմ այդ հաստատել լրիվ պատասխանատվությամբ։
Բայց, երբ նրան տեսա առաջին անգամ, իրեն այնպես էր պահում, որ նրա վարքը այստեղ նկարագրել հնարավոր չէ։ Եթե ցանկություն ունեք, խնդրեմ, կարդացեք այդ մասին «Վարք սրբոց»<ref>Ճգնավորներին վերաբերող մանրամասնությունները, որ բերվել են գլխի մեջ, փոխառնված են Լեքքի գրքից, բայց մեծապես մեղմացված են։ Այդ գիրքը պատմագրական աշխատություն չէ, այլ սոսկ միայն ասք, և պատմիչի շարադրած բացահայտ մանրամասնությունները շատ ուժեղ են, որպեսզի հնարավոր լիներ դրանք սույն գրքի մեջ վերարտադրել։ (Ծան․ հեղինակի)։</ref>֊ի մեջ։