Ոչ մի տեղ, սակայն, խաղաղություն չկար: Մշուշապատն ասես մրջնանոց լիներ. հազարավոր քարայրներից ու ճեղքերից դուրս էին սողում օրքերը: Արևելյան Չարքանտառի ծառերի ստվերում էլֆերն ու մարդիկ կռվում էին պիղծ գազանների դեմ: Լորիենի սահմանները ծխով էին պատված, Մորիայի վրա սև ամպեր էին կուտակվել, Բեորնի հողերում հրդեհի բոցեր էին բարձրանում: Զինված հեծյալները ձիերին մտրակելով սուրում էին Ռոհանի լայնարձակ հարթավայրերում: Իզենգարդը պահպանում էին վարգերի ոհմակները: Հարադի նավահանգիստներից ռազմական նավեր էին դուրս գալիս. անհամար ջոկատներով դեպի արևմուտք էին շարժվում արևելքի մարդիկ՝ նետաձիգներ, թրակիրներ, հեծյալ նիզակակիրներ, նրանց հետ՝ առաջնորդները թեթև երկանիվ մարտակառքերով, պաշարներով բեռնված սայլեր և դատարկ սայլեր թալանված բարիքների համար... Սև Տիրակալի ողջ զորքը շարժման մեջ էր:
Ֆրոդոն նորից նայեց հարավ, որտեղ հպարտորեն վեր էր խոյանում սպիտակ քարից անմատչելի պարսպով հզոր ամրոցը՝ Մինաս Թիրիթը, գոնդորցիների ապավենը: Բերդի ամրությունները փայլատակում էին պողպատով, սրաձողերի վրա ծածանվում էին վառ դրոշները: Եվ հոբիթի սրտում հույս ծագեց: Սակայն Անդուինից արևելք, Մինաս Թիրիթին դեմ հանդիման, նախալեռնային սև սարահարթի վրա վեր էր խոյանում մեկ ուրիշ ամրոց՝ վիթխարի, գիշատիչ ու ահասարսուռ: Ֆրոդոն ակամա նայեց այնտեղ՝ արևելք: Նրա հայացքը սահեց ավերված Օսգիլիաթի և Մինաս Մորգուլի վրայով, թռավ-անցավ Մթամած Լեռները և կանգ առավ Գորգորոթի բարձրավանդակի վրա, որտեղ գտնվում էր սարսափի երկիրն էր՝ երկիրը՝ Մորդորը: Արևը չէր կարողանում ցրել այդ երկրի վրա իջած ստվերը: Մշուշե Մութ ծածկոցի տակից հուր էր արտաշնչում Ճակատագրի Լեռան բոսոր ծխի քուլաներով պարուրված մենավոր զանգվածը: Հոբիթի հայացքը սահեց քիչ հեռուն ու հանկարծ քարացավ՝ անկարող լինելով շրջվել: Երկաթյա ժայռի վրա, անթիվ պատերից ներս, սանղակ առ սանդղակ վեր բարձրացող դիտաշտարակներով շրջապատված, սառել էր Բարադ-Դուրը՝ Խավարի ամրոցը, Սաուրոնի որջը: Եղած հույսը լքեց հոբիթին: Իսկ հետո նա զգաց Աչքը՝ այնտեղ, ներսում: Սև Ամրոցը քնած չէր: Աչքն ինչ-որ կերպ զգաց, որ իրեն հետևում են. ամրոցի մեջ պարփակված չար, կատաղի կամքը դուրս ժայթքեց, և սկսեց լարված փնտրել Պահապանին: Ֆրոդոն հստակ զգում էր այդ՝ ասես ուրվականային ձեռքի կառչուն մատը խուզարկում էր Միջերկիրը: Ահա այն արդեն շրջակա տարծքներն է է շոշափում: Ահա սահում է Ժայռոտի վրայով... Հիմա կհասնի իրեն ու տեղում կմեխի... Ֆրոդոն թռավ հսկիչ-բազկաթոռից, ընկավ գետնին, կծկվեց ու աչքերը ծածկեց մոխրագույն գլխանոցով... Նա անձայն շշնջում էր. «Չեմ տա... Չեմ հանձնվի», իսկ լսում էր. «Կտամ... Կհանձնվեմ...»: Հանկարծ հոբիթի մեջ մի նոր, անծանոթ կամք թափանցեց, և նրա գլխում հնչեց. հանի՛ր այն, ա՛յ հիմար, Մատանին հանիր, շու՛տ արա... Երկու հզոր ուժերը հանդիպեցին: Փոքրիկ Պահապանի մեջ հակամարտություն սկսվեց: Մի ակնթարթ դրանք հավասարակշռվեցին, և նա, չդիմանալով տանջանքներին, ցնցումների մեջ ընկավ ու գիտակցությունը կորցրեց: Իսկ երբ ուշքի եկավ, զգաց, որ ինքը նորից ազատ կամքի տեր է՝ ո՛չ Աչքը կա, ո՛չ՝ ձայնը: Հարկավոր էր ակնթարթն օգտագործել ու արագ ընտրել: Եվ նա Մատանին հանեց մատից: Հոբիթի գլխավերևով մութ ստվեր անցավ: Ասես ուրվականային ձեռքը, չդիպչելով Ամոն Հենին, ձգվեց դեպի արևմուտք ու անհետացավ: Գերեզմանային սառնություն փչեց, և նորից արևը փայլեց: Երկնքում իրար ձայնեցին թռչունները: Ֆրոդոն ոտքի կանգնեց: Նա արսափելի թույլ էր իրեն զգում, ինչպես հիվանդությունից հետո, բայց կամքն արագորեն ամրանում էր, հոգին թեթևացել էր: — Ես պետք է մենակ գնամ,— ասաց նա: — Մատանու մութ ուժն արդեն գործում է մեր ջոկատում: Այո, ինձ հարկավոր է մենակ գնալ. Մատանին պետք է լքի ջոկատը, քանի դեռ ուշ չէ: Ոմանց ես այլևս չեմ կարող վստահել, իսկ նրանց, ում վստահում եմ՝ բարի Սեմը, Մերին ու Փինը, չափազանց թանկ են ինձ համար, որպեսզի քարշ տամ Մորդոր: Եվ Պանդուխտը: Նա մեծ ձգտում ունի գոնդորցիներին օգնելու, ու հիմա նրանց կրկնակի է հարկավոր, քանի որ Բորոմիրը վարակված է չարագործությամբ: Հարկավոր է գնալ մենակ: Անհապաղ: Նա ներքև վազեց՝ այն մարգագետինը, որտեղ նրան գտավ Բորոմիրը: Ներքևից տագնապալի ճիչեր էին հասնում նրան: — Ինձ են փնտրում,— բարձրաձայն ասաց նա: — Հետաքրքիր է, որքան ժամանակ է անցել... Երևի մի քանի ժամից ոչ պակաս: — Նրան թվաց, թե ճիչերը մոտենում են: — Ի՞նչ անել,— քրթմնջաց նա ցածրաձայն՝ և ինքն իրեն պատասխանեց. — Մեկնել, իսկույն: Այլապես երբեք չեմ գնա: Եվ հրաժեշտ տալ էլ չի կարելի: Նրանք ինձ, միևնույնն է, չեն թողնի... Ուրեմն հարկավոր է հեռանալ առանց հրաժեշտ տալու: Եվ Ֆրոդոն նորից Մատանին հագավ: Այնտեղ, որտեղ հենց նոր կանգնած էր հոբիթը, դանդաղ բարձրանում էր տրորված խոտը: Իսկ լանջն ի վար լսվում էր գարնանային քամու սոսափի պես թեթև շրշյուն: Մնացած Պահապանները խմբված նստել էին ափին: Սկզբում բոլորը լուռ էին, միայն երբեմն ինչ-որ մեկը վեր էր կենում ու անհանգիստ քայլում ափի երկայնքով: Հետո սկսեցին զրուցել: Փորձում էին խոսել կողմնակի բաների մասին՝ անցած ճանապարհի մասին, վերապրած արկածների մասին. Արագորնին հարցուփորձ էին անում Գոնդորի մասին, նրա հինավուրց պատմության մասին և այն մասին, թե հին վարպետների մեծագույն աշխատանքներից ինչ է պահպանվել Էմին Մուիլի բարձրավանդակի սահմանային այս վայրում՝ Քարե Հսկաները, Ամոն Հենը, Ամոն Լաուն: Հարցնում էին Ռաուրոսի կողքով իջնող աստիճանների մասին: Սակայն, թեև նրանցից յուրաքանչյուրն իրեն խոսք էր տվել հանգիստ սպասել, խոսակցությունը մշտապես վերադառնում էր Ֆրոդոյի վճռին: Ի՞նչ ընտրություն կկատարի Պահապանը: Ինչու՞ է նա դանդաղում:
----