Նա փակեց աչքերը և մթությունը ավելի խտացավ։ Գլխի տակ դնելով ծալված սվիտերը նա փորձեց քնել։ Քնի մեջ նա զգաց, որ ինչ֊որ մեկը համբուրեց նրան ու շշնջաց․ «նայիր քարի անցքի մեջ»։
==VIII==
Մյուս մայրիկը շատ ավելի լավ տեսք ուներ․ նրա այտերր կարմրել էին, մազերը հավաքված էին օղակաձև ու նման էին արևի տակ տաքացող օձերի։ Կոճակ աչքերը փայլում էին այնպես, կարծես հենց նոր էին հղկվել։
Նա հեշտությամբ անցավ հայելու միջով ու մտավ խուցը։ Հետո փոքրիկ արծաթե բանալիով բացեց դուռը և կիսաքուն աղջկան այնպես վերցրեց ձեռքերի վրա, ինչպես իր իսկական մայրիկն էր վերցնում, երբ Քորալայնը դեռ շատ փոքրիկ էր։ Մյուս մայրիկը տարավ Քորալայնին խոհանոց ու զգուշությամբ դրեց սեղանին։
Քորալայնը աշխատում էր արթնանալ։ Մի պահ նրան թվաց, որ իրեն գրկում են իսկական մայրիկի ձեռքերը, բայց նա շատ արագ հիշեց որտեղ է և ով է իր հետ։
― Իմ քաղցրիկ Քորալայն, ― ասաց մյուս մայրիկը, ― ես եկա ու վերցրի քեզ այնտեղից։ Հարկավոր էր քեզ մի լավ դաս տալ։ Մենք խիստ ենք, բայց միաժամանակ մարդասեր ենք։ Մենք սիրում ենք մեղավորներին, բայց ատում ենք մեղքը։ Եթե քեզ պահես մայրիկին սիրող օրինակելի աղջկա նման, լինես քաղաքավարի ու լսող, մենք լեզու կգտնենք ու կսիրենք միմյանց։
― Այնտեղ ուրիշ երեխաներ էլ կան, ― ասաց Քորալայնը։ ― Նրանք շատ վաղուց են այնտեղ։
― Այնտեղ որտե՞ղ, ― հարցրեց մյուս մայրիկը։
Նա վազվզում էր սառնարանի ու տապակի միջև, հանելով ձու, պանիր, կարագ ու խոզապուխտ։
― Այնտեղ, ― պատասխանեց Քորալայնը։ ― Դու ի՞նձ էլ ես դարձնելու մեռած, դատարկ խեցի։
Մյուս մայրիկը քնքշորեն ժպտաց․ մի ձեռով նա ձուն էր ջարդում, մյուսով հարում։ Հետո նա գցեց տապակի մեջ մի կտոր կարագ, որը միանգամից հալվեց։ Նա բարակ կտրատեց պանիրը, տաք կարագը լցրեց հարած ձվի վրա, ավելացրեց պանիրը ու մի լավ խառնեց։
― Ինչ հիմարիկն ես, ― ասաց մյուս մայրիկը։ ― Ես քեզ միշտ կսիրեմ։ Մի հավատա ուրվականներին, ուրվականները ստախոս են։ Տես, թե ինչ հիանալի նախաճաշ եմ պատրաստում քեզ համար։ ― Նա լցրեց դեղին խառնուրդը տապակի մեջ։ ― Քո սիրած պանրով ձվածեղ է։
Քորալայնը շատ սոված էր։
― Քանի որ դու սիրում ես խաղալ, ― ասաց Քորալայնը, ― ահա թե ինչ եմ ուզում առաջարկել։
Մյուս մայրիկի սև աչքերը փայլեցին։
― Իսկ ո՞վ չի սիրում խաղալ։
― Իսկապես, ― պատասխանեց Քորալայնը, իջավ սեղանից ու նստեց աթոռին։
Տապակի միջի խոզապուխտը, հիանալի բուրմունք ուներ։
― Եթե դու հաղթես, ավելի երջանի՞կ կլինես, ― հարցրեց Քորալայնը։
― Հնարավոր է, ― ասաց մյուս մայրիկը։ Նրա դեմքը անտարբեր էր, բայց մատները նյարդայնորեն թխկթխկացնում էին սեղանին։ Նա լպստեց շրթունքները ալ֊կարմիր լեզվով։ ― Իսկ ի՞նչ ես առաջարկում։
― Առաջարկում եմ ինձ, ― ասաց Քորալայնը, դողացող ծնկները սեղանի տակ թաքցնելով։ ― Եթե տարվեմ՝ ընդմիշտ կմնամ այստեղ ու թույլ կտամ ինձ սիրել։ Ես կաշխատեմ ամենաօրինակելի աղջիկը լինել, կուտեմ քո պատրաստած կերակուրը ու «Երջանիկ ընտանիք» կխաղամ քեզ հետ։ Թույլ կտամ, որ իմ աչքերը կոճակներով փոխարինես։
Մյուս մայրիկը նայեց նրան։ Նրա աչքերը ոչինչ չէին արտահայտում։
― Գայթակղիչ է, ― ասաց նա։
― Իսկ եթե դու հաղթե՞ս։
― Այդ դեպքում դու կազատես ինձ։ Բաց կթողներս ծնողներիս ու այն մեռած երեխաներին, որոնց խաբեությամբ այստեղ ես պահել։
Մյուս մայրիկը մի կտոր խոզապուխտ դրեց ափսեի մեջ։ Հետո թեքեց տապակը և իդեալական ձև ունեցող ձվածեղը տեղավորվեց խոզապուխտի կողքին։
Նա ափսեն դրեց Քորալայնի առջև նարնջի հյութի ու ախորժելի փրփուր ունեցող տաք շոկոլադի բաժակի հետ։
― Ինձ դուր է գալիս քո առաջարկը, ― ասաց նա։ ― Ի՞նչ խաղ ենք խաղալու։ Հանելուկնե՞ր ենք լուծելու, թե՞ կմրցենք պարզելու համար, ով է ավելի ճարպիկ ու հնարամիտ։
― Թող դա լինի որոնողական խաղ, ― առաջարկեց Քորալայնը, ― սառն է, տաք է, խաղի նման մի բան։
― Իսկ ի՞նչ ենք փնտրելու, Քորալայն Ջոնս։
Քորալայնը մտածեց ու ասաց․
― Ծնողներիս ու հայելու ետևի երեխաների հոգիները։
Ի պատասխան մյուս մայրիկը գոհունակությամբ ժպտաց։ Քորալայնին մնում էր միայն հուսալ որ չի սխալվել, որովհետև արդեն ոչինչ հնարավոր չէր փոխել։
― Պայմանավորվեցինք, ― ասաց մյուս մայրիկը։ ― Իսկ հիմա, թանկագինս, դու պետք է նախաճաշես։ Կարող ես չանհանգստանալ, կերակուրը քեզ չի վնասի։
Քորալայնը ատում էր իրեն, բայց աչքը չէր կտրում նախաճաշից։ Նա շատ սոված էր։
― Կարո՞ղ եմ համոզված լինել, որ դու ինձ չես խաբի, ― հարցրեց Քորալայնը։
― Երդվում եմ, ― պատասխանեց մյուս մայրիկը։ ― Երդվում եմ մայրիկիս գերեզմանով։
― Նա գերեզմանո՞ւմ է, ― հարցրեց Քորալայնը։
― Այո, ― ասաց մյուս մայրիկը։ ― Ես ինքս եմ նրան այնտեղ դրել։ Երբ նա փորձեց դուրս գալ, ես նրան նորից այնտեղ խցկեցի։
― Մի ուրիշ բանով երդվիր։ Ես պետք է համոզված լինեմ, որ կկատարես քո խոստումը։
― Երդվում եմ իմ աջ ձեռքով, ― ասաց մյուս մայրիկը ու բարձրացնելով ձեռքը դանդաղ շարժեց մագիլների նմանվող երկար եղունգներ ունեցող մատները։ ― Այս ձեռքով, տեսնո՞ւմ ես։
Քորալայնը թոթվեց ուսերը։
― Լավ, ― համաձայնեց նա, ― պայմանավորվեցինք։
Նա սկսեց ուտել ու հասկացավ, որ շատ ավելի սոված է, քան կարծում էր։ Քիչ էր մնում բոլորը միանգամից կուլ տար։ Բայց նարնջի հյութից հետո նա զգաց, որ տաք շոկոլադի համար էլ տեղ չկա։
― Որտե՞ղ սկսեմ որոնումներս, ― հարցրեց աղջիկը։
― Որտեղ ուզում ես, ― անտարբեր ձևանալով պատասխանեց մյուս մայրիկը։
Քորալայնը սկսեց մտածել։ Փնտրել բակում կամ այգում միտք չուներ, քանի որ նրանք իսկական չէին, իրականում գոյություն չունեին։ Այն աշխարհում, որը ստեղծել է մյուս մայրիկը չկան ոչ լքված թենիսի խաղահրապարակը, ոչ էլ ջրհորը։ Իսկական էր միայն տունը։
Նա ուշադիր զննեց խոհանոցը։ Նայեց ջեռոցի ու սառնարանի մեջ։ Մյուս մայրիկը հետևում էր Քորալայնին։ Նրա շրթունքների անկյունները ինքնագոհ ժպտում էին։
― Իսկ ի՞նչ չափսի են այդ հոգիները, ― հարցրեց Քորալայնը։
Մյուս մայրիկը լուռ նստեց սեղանի մոտ ու հենվեց պատին։ Նա զգուշորեն թխկթխկացրեց մատներով իր սև ու հղկված աչքերին։
― Հիանալի է, ― ասաց Քորալայնը, ― կարող ես ոչինչ չասել։ Առանց քո օգնության կգտնեմ։ Ամեն մի հիմար էլ գիտի, որ հոգիները գնդակի չափ են։
Նա հույս ուներ, որ մյուս մայրիկը կասի․ «Հիմարություն, նրանք սոխի կամ ճամպրուկի չափ են, կամ՝ պապիկի ժամացույցի», բայց մյուս մայրիկը միայն ժպտում էր։ Նրա մատների համաչափ թխկթխկոցը հիշեցնում էր անսարք ծորակից լվացարանին կաթող ջրի կաթիլների ձայնը։ Բայց շրջվելով Քորալայնը հայտնաբերեց, որ ջուրը իսկապես կաթում է ու խոհանոցում նա մենակ է։ Բայց եթե մյուս մայրիկը այստեղ չէր, նա կարող էր որտեղ ասես լինել։ Իսկ ամենասարսափելին այն է, ինչը չես կարող տեսնել։
Ավելի վստահ զգալու համար Քորալայնը ձեռքերը գրպանները դրեց և նրանցից մեկում շոշափեց քարը։
Ամուր բռնելով քարը նա ձեռքը հանեց գրպանից և այնպես մեկնեց, կարծես ձեռքին ատրճանակ էր ու դուրս եկավ միջանցք։
Մշուշապատ հայելում երևացին գունաթափ, անորոշ դեմքեր։ Հետո դեմքերն անհետացան ու երևաց մի փոքրիկ աղջիկ։ Նրա ձեռքին վառվում էր ածուխի նման մի բան։
Քորալայնը նայեց իր ձեռքին, որում բացի ամենասովորական քարից ոչինչ չկար։ Նա նորից նայեց հայելուն։ Քարը փայլում էր զմրուխտի նման։ Հայելում արտացոլվող ճառագայթը ուղղված էր դեպի Քորալայնի ննջասենյակը։
― Հըմ, ― ասաց Քորալայնը և ուղղվեց այնտեղ։ Խաղալիքները սկսեցին հուզված թռչել սենյակով մեկ, կարծես ուրախանալով, որ նա եկավ։
Քորալայնը ուշադիր զննեց սենյակը, նայեց պահարանի մեջ, ստուգեց դարակները։ Թափեց արկղի խաղալիքները հատակին։ Մոխրագույն ապակյա գունդը գլորվեց ու դիպավ պատին։ «Այս խաղալիքները նման չեն հոգու», ― մտածեց Քորալայնը։ Նա ուշադիր զննեց կենդանիների նմանվող զարդարանքներով գեղեցիկ արծաթյա ապարանջանը։ Հետո նորից նայեց անցքով քարին, բայց քարը «լռում» էր։ Խաղալիքների մեծ մասը թաքնվել էր մահճակալի տակ։ Հատակին մնացել էին միայն կանաչ զինվորիկը, մոխրագույն գունդը, վարդագույն «Յո֊յոն» ու էլի մի քանի խաղալիքներ։ Այդպիսի խաղալիքներ՝ մոռացված, չսիրված, հաճախ են լինում արկղերի մեջու տանը։
Նա արդեն ուզում էր դուրս գալ սենյակից, երբ հիշեց, թե ինչ շշնջաց կամացուկ ձայնը, երբ նա խցում էր։ Նա մոտեցրեց քարը իր աջ աչքին, ձեռքով փակեց մյուս աչքը, ու նայեց սենյակին անցքի միջով։ Նրան շրջապատում էր մոխրագույն, կարծես մատիտով նկարված մի աշխարհ։ Ամեն ինչ մոխրագույն էր, բայց ինչ֊որ բան հատակին ցոլում էր, ինչպես վառվող ածուխը բուխարիկում, ինչպես կարմրա֊նարնջագույն կակաչ։ Քորալայնը վախենում էր կորցնել այդ կրակը, և փորձեց ձեռքով գտնել այն։ Նա վերցրեց մի ինչ֊որ սառը ու հարթ բան։ Հեռացնելով քարը աչքից, իր վարդագույն ափում տեսավ մոխրագույն գունդը։ Բայց անցքի միջով նայելիս, նա նորից վերածվեց կարմիր կրակի։ Այդ ժամանակ նա լսեց մի շշուկ․
― Ինձ թվում է, լեդի, որ ես իսկապես տղա էի, հիմա ես ավելի քան երբևիցե համոզված եմ դրանում։ Բայց շտապիր։ Դու պետք է գտնես նաև մնացած երկուսին։ Կախարդը զայրացել է, որ ինձ գտար։
Քորալայնը որոշեց, որ կշարունակի որոնումները իր հագուստով։ Նա հագավ իր խալաթն ու տնային կոշիկները, մոխրագույն սվիտերն ու ջինսերը խնամքով դրեց մահճակալին, նարնջագույն երկարաճիթ կոշիկները հատակին՝ խաղալիքներով արկղի մոտ։ Հետո ապակյա գունդը գրպանը դրեց ու դուրս եկավ նախասենյակ։
Կարծես քամուց բարձրացած անտեսանելի ավազի հատիկները այրեցին նրա դեմքն ու ձեռքերը։ Նա փակեց աչքերն ու շարունակեց առաջ շարժվել։ Ավազի հատիկները ավելի ուժեղ էին հարվածում նրան, առաջ շարժվելը ավելի ու ավելի դժվար էր դառնում։
Քորալայնը ետ֊ետ գնաց։
― Կախարդը շատ է զայրացել, բայց կանգ չառնես, ― շշնջաց մի ձայն։ ― Նա քայլեց ընդդեմ իր վրա ավազ նետող քամու։ Ավազը ծակծկում էր նրա մաշկը, ինչպես սուր ասեղներր կամ կոտրված ապակու կտորները։
― Ազնիվ խաղա, ― բղավեց Քորալայնը։
Պատասխան չկար, բայց քամին մի վերջին անգամ հարձակվեց նրա վրա, հետո թուլացավ ու դադարեց։ Լռության մեջ Քորալայնը նորից լսեց ջրի կաթիլների ձայնը, իսկ միգուցե մյուս մայրիկի երկար եղունգների թխթխկոցը սեղանի վրա։
Նա հազիվ զսպեց իրեն, որպեսզի չնայի, թե ինչն է առաջացնում այդ ձայնը։ Արագ քայլերով նա դուրս եկավ տանից։ Իջնելով ներքև նա պտտվեց տան շուրջը ու կանգ առավ միսս Սփինքի ու միսս Ֆորսիբլի դռան մոտ։ Լամպերը շարունակում էին թարթել, բայց այնքան անկանոն, որ Քորալայնը չկարողացավ ոչ մի բառ կարդալ։ Դուռը փակ էր։ Նա ամբողջ ուժով հրեց այն։ Դուռը չէր բացվում, հետո անսպասելի բացվեց և Քորալայնը ուղղակի ներս թռավ մութ նախասենյակ։
Ամուր բռնած անցքով քարը, Քորալայնը խորացավ մթության մեջ։ Նա կարծում էր, որ նորից կհայտնվի վարագուրված միջանցքում, բայց առջևում միայն մութ սենյակն էր։
Նա շարունակեց ճանապարհը։ Ինչ֊որ բան գլորվեց նրա ոտքերի մոտ։ Դա լապտերիկ էր։ Նա կռացավ, վերցրեց հատակից լապտերիկը, միացրեց ու տարբեր կողմեր ուղղելով զննեց սենյակը։
Թատրոնը լքված էր ու դատարկ։ Ջարդված աթոռները թափված էին հատակին, սարդոստայնը կախվել էր առաստաղից, ծածկել պատերն ու մաշված թավշյա վարագույրը։
Վերևում ինչ֊որ ձայն լսվեց։ Քորալայնը լույսը այնտեղ ուղղեց ու առաստաղի տակ տեսավ ինչ֊որ տձև էակներ։ Գուցե մի ժամանակ նրանք դեմք են ունեցել կամ էլ շուն են եղել։ Բայց շները թևեր չունեն, և նրանք չեն կարող սարդի կամ չղջիկի նման գլուխիվայր կախվել։
Նա շարունակում էր լուսավորել նրանց լապտերիկով, երբ հանկարծ նրանցից մեկը թափահարելով թևերը ու փոշի բարձրացնելով թռավ։ Էակը այնքան ցածր էր թռչում, որ Քորալայնը ստիպված էր կռանալ։ Նա նստեց դիմացի պատին ու գլուխիվայր բարձրացավ այնտեղ, ուր միմյանց կպած կախված էին մյուս թռչող չղջիկ֊շները։
Քորալայնը նորից նայեց սենյակին անցքի միջով։ Նա փնտրում էր լույս արձակող կամ փայլուն մի բան, որը կվկայեր այստեղ թաքցրած հոգու մասին։ Նա նորից ու նորից լուսավորում էր սենյակի անկյունները։
Բեմի ետևի սև պատի վրա ինչ֊որ բան կար։ Քորալայնից մի երկու անգամ մեծ, պատին կպած լորձոտ մոխրա֊սպիտակ մի բան։
Նա խորը շունչ քաշեց ու ասաց ինքն իրեն․ «Ես չեմ վախենում, ես վախկոտ չեմ»։ Այդպես էլ վերջնականապես չհամոզելով իրեն, նա սկսեց բարձրանալ հին բեմի վրա, մատներով բռնելով փտած աստիճանները։
Երբ Քորալայնը մոտեցավ, տեսավ պարկ կամ բոժոժ հիշեցնող մի բան, որը ջղաձգորեն ցնցվում էր։ Պարկի մեջ երևում էր մի տարօրինակ էակ, որը կարծես անավարտ էր։ Կարծես երկու պլաստիլինե մարդուկի ինչ֊որ մեկը ճզմել ու կպցրել էր իրար։
Քորալայնը կանգ առավ։ Նա չէր ուզում մոտենալ պարկին։ Թռչող շուն֊չղջիկները սկսեցին թռչել ու պտտվել սենյակում։ Նրանք մոտենում էին, բայց նրան չէին դիպչում։ «Երևի այստեղ չկան առևանգված հոգիներ, ― մտածեց Քորալայնը։ ― Գուցե մի ուրիշ տե՞ղ փնտրեմ։
Նա մի անգամ էլ նայեց անցքի միջով։ Լքված թատրոնը մոխրագույն էր։ Հանկարծ նա մի լույս նկատեց։ Այդ լույսը արձակում էր պատից կախված էակի ձեռքի միջի գնդիկը։
Որպեսզի չարթնացնի էակին, Քորալայնը շատ զգույշ անցավ բեմը։
Չնայած սարսափելի էր, բայց Քորալայնը մոտեցավ պարկին, խցկեց ձեռքը այդ լպրծուն ու մածուցիկ նյութի մեջ, դիպավ գունդը պինդ պահած սառը ձեռքին ու փորձեց վերցնել այն։
Դա միանգամից չհաջողվեց, բայց կամաց֊կամաց էակի մատները թուլացան ու բաց թողեցին գնդիկը, որը ընկավ Քորալայնի ափի մեջ։ Համոզվելով, որ էակի աչքերը փակ են, նա արագ դուրս քաշեց ձեռքը և լույսը ուղղեց նրա վրա։ Պարզվեց որ նրանք երկուսն էին ու նման էին ներկայացում տվող միսս Սփինքին ու միսս Ֆորսիբլին։ Հիմա նրանց մարմինները այլանդակ էին, աղավաղված, ու նման էին իրար կպած հալված մոմերի։
Հանկարծ չորս կոճակ աչքերը բացվեցին ու նայեցին Քորալայնին, իսկ չորս ձեռքերից մեկը փորձեց նրան բռնել։ Երկու ձայն միասին գոչեցին․
― Գող, վերադարձրու, կանգնիր։
Քորալայնը սկսեց փախչել։ Նա հասկացավ, որ պարկի մեջ միսս Սփինքն ու Ֆորսիբլն էին։ Չղջիկ շները նրանց գցել էին սարդոստայնի մեջ ու բոժոժ դարձրել։ Նա բոլորովին չէր ուզում այդ նույն վիճակի մեջ հայտնվել։
Շուն֊չղջիկները թռչում էին նրա շուրջը։
Քորալայնը իջավ բեմից և սկսեց փնտրել ելքը։
― Արագ, ― շշնջաց նրա ականջին մի աղջկա ձայն։ ― Արագ վազեք։ Ձեզ հաջողվեց գտնել մեզանից երկուսի հոգիները։ Պետք է այստեղից փախչել։
Քորալայնը դրեց գնդիկը այն գրպանը, որտեղ առաջին հոգին էր։ Նա գտավ դուռը ու ամբողջ ուժով հրեց այն։ Դուռը բացվեց։